Մտածեք որպես ինտրովերտ, էքստրավերտի պես գործեք 

Ինչպես լինել գլխավոր դիզայներ, բայց և մնալ, ինչպիսին կաք

Պատկերացրեք՝ դուք մասնակցում եք որևէ նախագծի մեկնարկային հանդիպումներից մեկին, երբ բոլորին խնդրում են ներկայանալ, բայց անմիջական ձևով, ասենք, ձեր մասին զվարճալի փաստ ասելով: Թեթև, հետաքրքիր անեկդոտ պատմելը պետք է որ բավականին հեշտ լիներ, բայց այնպիսի միջավայրում, որտեղ մարդամոտ գործընկերները հեշտությամբ են ներկայացնում իրենց, դուք սկսում եք փոքր-ինչ անհանգստանալ: Եվ հարցը, որ նպատակ ուներ բացահայտելու աշխատողների ընդհանրությունները, կարող է արժանիության չափանիշ թվալ: Արդյո՞ք դուք ճիշտ սենյակում եք:

Ես Atlassian ընկերությունում ինտրովերտ UX դիզայներ եմ, և ինչպես ինտրովերտների մեծ մասը, էներգիաս վերականգնում եմ միայնակ ժամանակ անցկացնելով: Մինչդեռ էքստրավերտները էներգիա են ստանում մարդկանց հետ շփվելով։ Ես նույն թիմում աշխատում եմ դիզայներների, ինժեներների, արտադրանքի մենեջերների և շատ ուրիշների հետ, ովքեր նախագծում, կառուցում և պահպանում են մեր ծրագրերի համագործակցության գործիքները: Երբեմն թվում է, թե իմ շրջապատում բոլորն էքստրավերտ են: Այնուամենայնիվ, երբ խոստովանում եմ գործընկերներիս, որ ինտրովերտ եմ և ապրում եմ, կարծես թե,  էքստրավերտներին պատկանող աշխարհում, շատերը պատասխանում են գլխի դրական շարժումներով և «ես էլ» արտահայտությամբ:

Սոցիալիզացիային տրամադրվող ժամանակը

UX դիզայնի աշխատանքային հիմնական պարտականություններից շատերը համարվում են էքստրավերտներին համապատասխան: UX-ով զբաղվելիս դուք նախ պետք է մի քանի բաժնետերերից աջակցություն ստանաք ձեր գաղափարներն իրագործելու համար: Օգտատերերի ուսումնասիրությունների ժամանակ պետք է ժամերով խոսել անծանոթ մարդկանց հետ, ովքեր, հավանաբար, կդժվարանան ընկալել ձեր աշխատանքի էությունը: Թղթի վրա թվում է, թե ոչ մի ինտրովերտ երբեք չի ցանկանա այսպիսի աշխատանք: Բայց ինչպե՞ս է ստացվել, որ այդքան UX դիզայներներ և առաջնորդներ իրենց ինտրովերտ են համարում:

Ինչպե՞ս կարող է ինտրովերտը դիզայնի ոլորտում դառնալ հմուտ առաջնորդ

Ի՞նչ է իրականում նշանակում «ինտրովերտ» լինել

Եկեք մի քիչ հետ գնանք: Ինտրովերտ և էքստրավերտ (երբեմն գրվում է «էքստրովերտ») տերմինները տարածում են գտել Կարլ Յունգի շնորհիվ 20-րդ դարի սկզբին՝ բացատրելու, թե որտեղից ենք ստանում մեր էներգիան: Ցավոք սրտի, դրանց սկզբնական իմաստները փոփոխության են ենթարկվել, և մենք սկսել ենք մտածել, որ բոլորը պատկանում են այս կամ այն խմբին:

Ամբողջովին ինտրովերտ կամ էքստրավերտ գոյություն չունի: Այդպիսի մարդը կհայտնվեր հոգեբուժարանում։

Կարլ Յունգ

Եվ իսկապես, եթե փորձենք հասկանալ, թե մեզնից շատերը որ խմբին են պատկանում, մենք այդ սանդղակի ոչ մի ծայրին չենք հայտնվի: Կախված համատեքստից՝ մենք անհատականության այս տեսակների խառնուրդ ենք:

Անհատականության կոնտինուումի սանդղակ

Մի քանի տեսություններ կան ինտրովերտների և էքստրավերտների միջև տարբերությունների մասին, և վերջերս կատարված որոշ հետազոտություններ նույնիսկ ցույց են տվել, որ մեր գենետիկական կառուցվածքը մեծապես ազդում է այն բանի վրա, թե յուրաքանչյուրիս մեջ որ միտումներն են առավել ուժեղ:

Անհատականության տեսակների մասին տարածված սխալ պատկերացումներից մեկն այն է, որ ինտրովերտությունը նույնն է, ինչ ամաչկոտ լինելը:

Ամաչկոտությունը հասարակության քննադատությանը ենթարկվելու վախն է: Ինտրովերսիայի և էքստրավերսիայի միջև տարբերակումը դրվում է այն բանի հիման վրա, թե  անձն ինչպես է արձագանքում տարբեր ազդակներինի, այդ թվում՝  սոցիալական։

Էքստրավերտները ձգտում են հնարավորինս շատ ազդակներ ստանալ, մինչդեռ ինտրովերտներն իրենց «ակտիվ» և առավել ընդունակ են զգում, երբ գտնվում են ավելի հանգիստ, քիչ աղմկոտ միջավայրում: Կրկին նշենք, որ սրանք  բացարձակ բնույթ չունեն, բայց օգտակար են ընդհանուր պատկերացում կազմելու համար:

Բազմազանությունը կարևոր  է

Ուորթոնի դպրոցից Ադամ Գրանտի մի հետաքրքիր հետազոտություն ցույց է տվել, որ ինտրովերտ առաջնորդները հաճախ ավելի լավ արդյունքներ են գրանցում, քան էքստրավերտները, քանի որ պրոակտիվ աշխատողների հետ համագործակցելիս ավելի հաճախ են մարդկանց թույլ տալիս առաջնորդվել իրենց գաղափարներով: Մինչդեռ էքստրավերտ մենեջերը կարող է, բոլորովին ակամա, այնքան ոգևորվել ամեն ինչի վրա իր սեփական դրոշմը դնելուց, որ այլոց գաղափարներն այդքան տեսանելի չեն դառնում:

Սթիվ Վոզնյակն առաջին Apple համակարգիչը ստեղծել է Hewlett-Packard ընկերության իր աշխատախցիկում՝ միայնության մեջ ժամեր անցկացնելով: Նա ասում է, որ երբեք նման մասնագետ չէր դառնա, եթե մանկուց չափազանց ինտրովերտ չլիներ՝ տնից դուրս գալու համար։ 

Դե, իհարկե, դա չի նշանակում, որ բոլորս պետք է դադարեցնենք համագործակցել մարդկանց հետ, ինչի վառ օրինակն է այն, որ Սթիվ Վոզնյակն ի վերջո միավորվեց Սթիվ Ջոբսի հետ՝ Apple Computer-ը ստեղծելով, սակայն դա  նշանակում է, որ մենակ լինելն իսկապես կարևոր է, և որոշ մարդկանց համար դա օդի նման կենսական է։

Atlassian-ը, կարծես, լի է հաղորդասեր էքստրավերտներով: Եվ, թեև ես ոգեշնչվում եմ նման ակտիվ, տաղանդավոր անհատներով, դա երբեմն կարող է ստիպել ինտրովերտին իրեն առաջին կարգի ինքնակոչ զգալ: Բայց պարզվում է՝ UX դիզայնի ոլորտում մենք ավելի շատ ենք, քան կարծում էի:

Մարտավարություններ, որ օգտագործում են ինտրովերտ դիզայներները 

Հասկանալու այն մարտահրավերները, որոնց ինտրովերտները բախվում են աշխատավայրում, Ռենատո Գալինդոն և ես խոսել ենք տարբեր ծագման և փորձի տեր դիզայներների** հետ: Նրանց պատմություններից կարելի է առանձնացել մարտավարություններ, որոնք կարող են օգտակար լինել կարիերայում դեռևս իրենց տեղը փնտրող ինտրովերտ դիզայներների համար։

#1. Դիմեք տեսողական մտածողությանը

Դիզայներներն օժտված են մարդկանց գաղափարները պատկերելու մեծ ուժով: Երբեմն այս պատկերները կարող են խառնաշփոթ թվալ, բայց մեր ասած բառերը հաճախ ավելի խառնաշփոթ են։

Հաճախ հանդիպումների ժամանակ պատկերներ եմ նկարում, և արդյունքում հանդիպման ավարտին վիզուալ կա: Դա մի հնարք է, որը բազմիցս օգտագործել եմ. սա այնքան էլ դժվար չէ և մարդկանց հնարավորություն է տալիս նայելու և մտածելու: Մեր ունեցած մեծ առավելություններից  է նաև այն, թե ինչպես ենք նաև գծապատկերը որպես լեզու ներկայացնում։

#2: Կանխամտածված կերպով պատմեք ձեր աշխատանքի մասին

Դիզայնի բարդությունները բացատրելը հաճախ դժվար և հիասթափեցնող է թվում, բայց դա հմտություն է, որը կարելի է զարգացնել պրակտիկայի միջոցով:

Իմ աշխատանքը ուրիշները տեսնում են միայն այն չափով, որով ես եմ ցույց տալիս: Ոչ ոք ժամանակ չունի հասկանալու և մշակելու իմ ամբողջ աշխատանքն ինչ-որ տեղ գոյություն ունեցող ֆայլերում: Իմ պարտականությունն է համոզվել, որ աշխատանքիս արդյունքները հասկանալի են ուրիշներին: Տարիների ընթացքում ես մտածված կերպով սկսեցի փոխել աշխատանքիս և այն ներկայացնելու վրա ծախսված ժամանակի բալանսը. 90%-10% փոխհարաբերությունը դարձրի 50%-50%: Անկեղծ ասած, սկզբում անհարմար էր։ Բայց հետո հասկացա, որ իմ ստեղծած յուրաքանչյուր բան, որ չի հանգեցնում որոշակի որոշման կամ լուծման, և որն ինքս չեմ կիսում մարդկանց հետ, ըստ էության, անօգուտ է ուրիշների համար:

#3. Գործեք այն էքստրավերտի նման, որով հիանում եք

Սա կարող է տարօրինակ և անազնիվ թվալ, բայց փորձված և ճիշտ մարտավարություն է վախը հաղթահարելու համար: Մտածեք կոնկրետ անձանց մասին. դուք մտնում եք այդ կերպարի մեջ և ավելի շատ կարեկցանք զգում ձեր հանդեպ:

Ես կրկնօրինակում եմ այն մարդու հագուկապն ու պահվածքը, որ, իմ կարծիքով, կբարձրանար և մեծ վստահությամբ կխոսեր հանրության առջև: Բայց բերանս չորանում է։ Սկսում եմ մի փոքր դողալ, թեև հետո մարդիկ ասում են, որ դա չի նկատվել, և ես իմ ուզած տպավորությունն եմ թողել:

#4. Ձեր ուղեղին դոֆամինի ճիշտ քանակություն ապահովեք 

Ունեցեք փոքրիկ սովորույթներ, որոնք կարող են ներշնչանք հաղորդել ձեր ստեղծագործ մտքին։

Բեմ դուրս գալուց առաջ ես միշտ այն տեսանյութն եմ դիտում, որտեղ որդիս նայում է օձին, ու  լիաթոք ծիծաղում՝ ստանալով էնդորֆինի մեծ պաշար՝ անհրաժեշտ նյարդերս հանգստացնելու համար:

#5. Կարգավորեք հաղորդակցման ոճերը

Սա առաջին հերթին նրանց համար է, ովքեր մենեջմենթի և ղեկավար պաշտոններ ունեն: Խնդրեք ձեր թիմին անհատականության թեստեր անցնել և մտածել իրենց հաղորդակցման ոճերի շուրջ:

Հրաշալի կլիներ, եթե աշխատատեղերն ունենային «սա այն է, ինչ դուք պետք է իմանաք իմ աշխատաոճի մասին» ձեռնարկ: Այդ կերպ մարդիկ, ում նկատմամբ վերջինս կիրառվում է, չեն զգա, որ ուշադրության կենտրոնում են: Դա ինտրովերտների ևս մեկ հատկանիշ է, չէ՞: Նրանք չեն ցանկանում, որ ամբողջ ուշադրությունն իրենց վրա լինի, և եթե բոլորը դա չանեն, ապա ուշադրությունը նրանց վրա կլինի:

Ակնհայտ է, որ այն պնդումը, թե էքստրավերտներն ի ծնե առաջնորդներ են, իսկ ինտրովերտները՝ հանգիստ հետևորդներներ, ճիշտ չէ: Թիմը ղեկավարելու կամ դրան աջակցելու բազմաթիվ եղանակներ կան։ Հարցն այն  է, թե որն է ձեզ համար աշխատող տարբերակ։

Ծանոթագրություն

** Շնորհակալություն, Ռոբերտ Դիտց, Մայքլ Թինգլին, Ջոել Ունգեր, Քսենիա, Կաստուրի և Էրիկա՝ ձեր պատմություններով կիսվելու համար:

Բնօրինակի հեղինակ՝ Medium, Shaziya Tambawala

Թարգմանիչ՝ Իռեն Նավոյան (Iren Navoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։