Ինչո՞ւ են ֆիլմերն անհասկանալիորեն երկարել 

Այսօր հայտնի ֆիլմերը գրեթե 50%-ով ավելի երկար են, քան 1930-ականներին։

Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե որ ֆիլմն է շուտով հայտնվելու մոտակա կինոթատրոնի էկրանին: Հավանաբար ոչ մեկուկեսժամանոց ֆիլմ, ինչպես հին ժամանակներում: Այս տարի հանդիսատեսը հազիվ դիմացավ «Ինդիանա Ջոնս», «Ջոն Ուիք» և «Առաքելությունն անհնարին է» ֆրենչայզների դեռևս ամենաերկար հատվածների ցուցադրմանը: «Օփենհայմերը»՝ Քրիստոֆեր Նոլանի երեքժամանոց բլոկբաստերը, IMAX ֆորմատով ցուցադրելու համար պահանջվել էր 11 մղոն (18 կմ) երկարությամբ ժապավեն:

Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին թողարկվել է «Ծաղկային լուսնի մարդասպանները» (պատկերված լուսանկարում) ֆիլմը՝ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սարսափազդու վեսթերնը: Մոտ երեքուկես ժամ տևողությամբ այս ֆիլմի երկարությունը գրեթե կրկնակի ավելի է նախորդ տարվա միջին վիճակագրականից: Նույնիսկ կինոսիրահարների համար է դժվար այդքան երկար կենտրոնանալը: Մայիսի Կաննի կինոփառատոնի պրեմիերայի ժամանակ հանդիսատեսի մի մասը քնել էր։ Այնուհետև զուգարանների համար խելագար մրցավազք (և երկար հերթ) էր սկսվել: Ե՞րբ ֆիլմ դիտելն այդքան դժվար դարձավ:

The Economist-ը, օգտագործելով IMDb ֆիլմերի տվյալների օնլայն բազան, վերլուծել է ավելի քան 100,000 գեղարվեստական ֆիլմեր, որոնք լույս են տեսել 1930-ականներից՝ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի սկզբից ի վեր աշխարհի տարբեր կետերում: Արտադրության միջին տևողությունը աճել է մոտ 32%-ով*, 1930-ականների մեկ ժամ քսանմեկ րոպեից 2022-ին հասնելով մեկ ժամ քառասունյոթ րոպեի (տես գծապատկերը): Բլոկբաստերներն ամենամեծ օրինախախտն են: Ամենահայտնի տասը վերնագրերի դեպքում (չափվում է նրանով, թե քանի գրախոս է գնահատել այդ ֆիլմերը IMDb-ում) միջին տևողությունը 2022 թվականին հասել է մոտ երկուսուկես ժամի՝ գրեթե 50%-ով ավելի, քան 1930-ականներին:

Կինոռեժիսորները մեքենայաբար սկսեցին երկար ձգվող ֆիլմեր ստեղծել 1960-ականների սկզբից: Կինոն ծաղկում էր, և ռեժիսորները ցանկանում էին իրենց արվեստը տարանջատել հեռուստատեսությունից: Կինոէկրանը զարդարեցին էպոսները, այդ թվում՝ «Լոուրենս Արաբացի»-ն (1962), որը գերազանցեց երեքուկես ժամ տևողությունը, և «Կլեոպատրա»-ն (1963), որն ի սկզբանե չորս ժամից ավելի էր, բայց հետագայում կրճատվեց: Այն ժամանակ հանդիսատեսը վայելում էր անտրակտը, մինչ կինոմեխանիկը պատրաստում էր ժապավենները հաջորդ գործողության համար: Հետագա տասնամյակների ընթացքում հանրաճանաչ ֆիլմերի տևողությունը մե՛կ երկարում, մե՛կ կարճանում էր (որոշ երկրներում էլ շարունակ ավելանում, օրինակ՝ Հնդկաստանում, որը հայտնի է իր բոլիվուդյան սագաներով): Բայց 2018 թ.-ից ի վեր այն կտրուկ աճում է:

Ֆրանչայզները այս միտման շարժիչ ուժերից մեկն են: Կինոստուդիաները ցանկանում են առավելագույնը քամել իրենց թանկարժեք մտավոր սեփականությունից, սակայն նրանք հանդիսատեսի ուշադրության համար պիտի մրցակցեն սթրիմինգային հարթակների հետ: Հույս կա, որ տպավորիչ, ձգձգված «իրադարձությամբ» ֆիլմը հանդիսատեսին փոքր էկրանից կգայթակղի դեպի կինոթատրոններ: Այս մոտեցումը հաճախ տվել է իր արդյունքը. «Վրիժառուները. վերջնախաղ»-ը՝ (2019), Marvel-ի երեք ժամ տևողությամբ սուպերհերոսային ուշագրավ ֆիլմը, 2019-ի ամենաեկամտաբեր ֆիլմն էր կինովարձույթում:

Այն ամենը, ինչը մարդկանց պոկում է իրենց բազմոցներից մեծ էկրաններին ֆիլմ դիտելու համար, լավ է կինոթատրոնների համար: Սակայն երկար տևողությունըը նաև «զգալի խնդիր» է ստեղծում, ինչպես բողոքով նշում է Քլեր Բինսը՝ Picturehouse-ի (բրիտանական կինոխումբ և դիստրիբյուտոր) գործադիր տնօրենը: Երկար ֆիլմերը կարող են նշանակել մեկ գիշերվա ընթացքում երկուսի փոխարեն մեկ ֆիլմի ցուցադրություն, ինչը վատ ազդեցություն է ունենում տոմսերի վաճառքի և շահույթի վրա:

Երկար ֆիլմերի մեկ այլ բացատրություն կապված է ռեժիսորների աճող ազդեցության հետ: Ո՞վ կհամարձակվի ասել պարոն Նոլանի նմաններին կրճատել իրենց գլուխգործոցները: Հեռարձակողները, որոնք այնքան էլ չպետք է անհանգստանան հակիրճ լինելու համար, քանի որ հեռուստադիտողները կարող են դադար տալ, երբ ցանկանան, կարող են մեծ անունների գրավել` խորը գրպաններով և ստեղծագործական ազատության խոստումներով: «Ծաղկային լուսնի մարդասպանները»-ը իր կինոթատրոնային թողարկումից հետո կցուցադրվի Appletv+ սթրիմինգային հարթակով: Netflix-ը ֆինանսավորել և թողարկել է պարոն Սկորսեզեի նույնքան երկար «Իռլանդացին» ֆիլմը 2019 թվականին, մի ֆիլմ, որը կշահեր հաստատակամ մոնտաժողներից, լիներ դա իռլանդացի կամ այլ մեկը:

Ծանոթագրություններ

*Ուղղում (նոյեմբերի 7, 2023). Այս հոդվածի ավելի վաղ տարբերակում ասվում էր, որ 1930-ականներից ի վեր ֆիլմերի միջին տևողությունը աճել է մոտ 24%-ով: Այն փաստացի աճել է շուրջ 32%-ով։ Ներողություն սխալի համար:

Բնօրինակի հեղինակ՝ The Economist

Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան  (Hasmik Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: