Ինչո՞ւ է կանաչ էներգիային անցնելը հաճախ ավելի թանկ արժենում, քան ակնկալում են քաղաքականություն մշակողները։
Կարևոր է, թե երբ է արտադրվում էլեկտրաէներգիան։ Նավթի բարելը մնում է նավթի բարել՝ անկախ նրանից՝ կեսօրին, թե՞ կեսգիշերին է մղվել, սակայն էլեկտրաէներգիայի մեկ մեգավատտ/ժամը շատ ավելի էժան է քնած ժամանակ, քան օրվա կեսին կամ, իհարկե, երբ բոլորը որոշում են թեյնիկը դնել եռալու: Էլեկտրաէներգիայի պահպանման բարդությունը արտասովոր է դարձնում դրա տնտեսությունը: Խոսքը ոչ միայն «որքան»-ի, այլև «երբ»-ի մասին է։
Միևնույն ժամանակ, եթե կա մի բան, որ բոլորը գիտեն վերականգնվող էներգիայի մասին, դա այն է, որ այն էժանանում է։ Ամեն տարի, ասում են, հողմային և արևային էներգիայի ծախսերը նվազում են, քանի որ աշխարհը բարելավում է բնական ռեսուրսները օգտագործելու իր կարողությունը: Համաձայն ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության՝ պաշտոնական գործակալության, 2014 թվականին օֆշորային հողմային էներգիայի նորմավորված արժեքը (էլեկտրաէներգիայի արտադրության տարբեր մեթոդների համեմատության չափանիշ) կազմել է մոտ 200 դոլար/ժամ, մինչև 2023 թվականը այն նվազել է մինչև 127 ԱՄՆ դոլար՝ առանց սուբսիդիաների: Այնուամենայնիվ, արդյունաբերությունը դժվարություններից դեռ չի ազատվել: Վեց նահանգների նահանգապետեր վերջերս խնդրել են Ջո Բայդենին միջամտել արտադրողներին ոտքի վրա պահելու համար, հայտնում է Bloomberg լրատվական ծառայությունը: Մեծ Բրիտանիայում վերջին ամենամյա օֆշորային հողմային աճուրդն ընդհանրապես ոչ մի հայտ չի ներգրավել:
Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ավելի մանրամասն դիտարկեք էներգիայի նորմավորված արժեքը: Մոռացեք արևի և քամու էներգիան, և վերադարձեք մի աշխարհ, որտեղ ընտրությունը գազի, ածուխի կամ միջուկային էներգիայի միջև է: Նրանք տարբերվում են ինչպես հաստատուն, այնպես էլ փոփոխական ծախսերով: Ատոմակայանի ծախսերը հիմնականում ֆիքսված են. այն կառուցելուց հետո էժան կլինի ևս մեկ միավոր էլեկտրաէներգիա արտադրելը: Գազի կայանքներում իրավիճակը հակառակն է․ ծախսերի մեծ մասը վառելիքն է, հետևաբար՝ փոփոխական։
Նորմավորված ծախսը նշանակում է, որ հաստատուն և փոփոխական այս ծախսերը կայանի գոյության ողջ ընթացքում չափվում են արտադրվող վատտ/ժամի կանխատեսելի քանակով: Սա համադրելի չափանիշ է տալիս: Համաձայն ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության՝ ատոմային էներգիայի հավասարեցված արժեքը ժամում 91 դոլար է: Բնական գազը հասնում է 43 դոլարի։ Համեմատեք դա էլեկտրաէներգիայի գնի ակնկալիքների հետ և լավ կպատկերացնեք՝ արժե՞ արդյոք նոր կայան տեղադրել, թե՞ ոչ:
Այնուամենայնիվ, այս ծախսերը տատանվում են՝ կախված նրանից, թե որքան հաճախ է աղբյուրը էներգիա արտադրում: Ատոմակայանը ամենաէժանն է լինելու, եթե այն անընդհատ աշխատի, քանի որ նախնական բարձր ծախսերը ավելի մեծ արդյունք կտան: Գազը՝ հաստատուն ցածր և փոփոխական բարձր ծախսերով, ունի մասշտաբի ավելի ցածր տնտեսում: Ածուխը գտնվում է այս երկուսի միջև: Միայն ֆինանսական արժանիքները հաշվի առնելով, էներգիայի օպտիմալ խառնուրդը պետք է լինի այնպիսին, որ ատոմային էներգիան բավարարի «բազային բեռնվածության» կամ պահանջարկի նվազագույն մակարդակի համար, ապա ածուխը՝ «միջին բեռնվածության», և վերջապես բնական գազը՝ «ծայրագույն բեռնվածության» համար, երբ պահանջարկն ամենաբարձրն է: Ածխածնի գինն ավելացրեք, և ածուխը կփոխարինվի բնական գազով, որն ավելի քիչ կեղտոտ է, ինչպես տեղի է ունեցել Եվրոպայում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:
Ցավոք, այս դինամիկան խախտում են վերականգնվող աղբյուրները, որոնք էլեկտրաէներգիա են տրամադրում եղանակին համապատասխան և հաճախ ունեն էներգետիկ համակարգի մյուս մասերով փոխարինման անհրաժեշտություն: Գազը, իր հաստատուն ցածր, բայց փոփոխական բարձր ծախսերով, կարող է դա անել հեշտությամբ: Միջուկային էներգիան՝ հաստատուն բարձր և փոփոխական ցածր ծախսերով, շատ ավելի թանկ է դառնում։ Ատոմակայան կառուցելը ծախսատար է միայն անքամի եղանակին հավելյալ էներգիա ստանալու համար։
Որպես այդպիսին, արևային մարտկոցները և հողմային տուրբիններն ավելի պակաս օգտակար են, քան կարող են թվալ: Եթե նրանք չեն կարող հուսալիորեն արտադրել էլեկտրաէներգիա, երբ դրա կարիքը կա, ապա նրանց արտադրական հզորությունը այնքան արժեքավոր չէ, որքան սովորական էլեկտրակայանինը: Այս երկուսն իսկապես համեմատելու համար անհրաժեշտ է չափել ոչ միայն յուրաքանչյուր մեգավատտ ժամի արտադրության արժեքը, այլ տվյալ ժամի արժեքը:
Իդեալականացված շուկայում, որտեղ գները թարմացվում են ակնթարթորեն և աշխարհագրական բոլոր կետերով, ցանկացած էներգիայի աղբյուրի հարաբերական օգուտը հեշտ կլինի հաշվարկել. այն կախված կլինի «կլանման ցուցանիշիցից»: Սա աղբյուրի ստացած շուկայական գնի և որոշակի ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի միջին գնի միջև առկա տարբերությունն է: Գները պետք է ավելի բարձր լինեն, երբ մարդիկ ամենաշատն են ցանկանում էլեկտրաէներգիա՝ բարձրացնելով այդ ժամանակ գործող աղբյուրների գրավման արագությունը: Հուրախություն վերականգնվող աղբյուրների, դա սովորաբար տեղի է ունենում ցերեկային ժամերին, արևայինը օգտակար դարձնելով, կամ ցուրտ, քամոտ ամիսներին: Բայց, քանի որ ավելի շատ վերականգնվող աղբյուրներ են միանում ցանցին, կլանման ցուցանիշը կնվազի, քանի որ արևային մարտկոցների առատությունը նշանակում է, որ երբ արև է, էլեկտրաէներգիայի գները շատ ցածր են կամ նույնիսկ բացասական:
Հաշվի առեք այս ծախսերը, չափված ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության կողմից, և վերականգնվող աղբյուրներից շատերը նվազ մրցունակ տեսք կունենան. արևայինի արժեքը ՄՎտ/ժամում 23 դոլարից իջնում է կլանման ցուցանիշի համար միջինում 20 դոլարի: Սա դեռ բավական լավ է՝ գերազանցելու մնացած աղբյուրներին, բացի ցամաքային քամուց, երկրաջերմային էներգիայից և ցանցին պահեստավորման ավելի շատ մարտկոցներ ավելացնելուց: Օֆշորային քամին, ընդհակառակը, միանգամայն անմրցունակ է թվում։ Նրա էլեկտրաէներգիայի կլանման ցուցանիշը կազմում է մոտ 30 դոլար՝ համեմատած 100 դոլար/ժամ արժեքի հետ. միայն միջուկայինն ու ածուխն ունեն ավելի ցածր գործակիցներ: Ավելացրեք ծախսերի աճը՝ պայմանավորված բարձր տոկոսադրույքներով և մատակարարման շղթաների խաթարմամբ, և զարմանալի չի լինի, որ շատ օֆշորային քամու մատակարարները բախվել խոչընդոտների:
Շոտլանդական էլեկտրաէներգիա
Էլեկտրաէներգիայի շուկաների մեծ մասը իդեալական չեն: Գները չեն արտացոլում ժամանակի և տեղի իրական արժեքը, ինչը նշանակում է, որ դրանք լիովին չեն արտացոլում, թե հասարակությունը որքան ունի յուրաքանչյուր ՄՎտ/ժամ էլեկտրաէներգիայի կարիքը: Նայեք Բրիտանիային: Էլեկտրաէներգիայի մեծածախ գները հաշվարկված են կեսժամանոց բլոկների համար, ինչը նշանակում է, որ գնագոյացումը լավ պիտի պատկերացում տար, թե արդյոք վերականգնվող էներգիան արտադրվում է օրվա սխալ ժամերին: Բայց ամբողջ երկրի համար սահմանված է նույն գինը: Ցամաքային հողմակայանների մեծ մասը գտնվում է Շոտլանդիայում, քանի որ Անգլիան մինչև վերջերս դե ֆակտո արգելում էր նման հողմակայաններ կառուցելը, թեև էլեկտրաէներգիայի մեծ մասի պահանջարկը գալիս էր Անգլիայի հարավից: Ցանցում էլեկտրաէներգիան դեպի հարավ տեղափոխելու հնարավորության բացակայությունը նշանակում է, որ ցանցի կառավարիչը վճարում է Շոտլանդիայի հողմային տուրբիններն անջատելու համար, մինչ Անգլիայի գազային էլեկտրակայանները միացված են:
Վերջ ի վերջո, ցանցի՝ էլեկտրաէներգիան տեղափոխելու և պահելու կարողությունների մեծացումը, կլուծի նման խնդիրները: Սակայն այս պահին ծախսերի համեմատությունը կլանման ցուցանիշի հետ ճշգրիտ պատկերացում չի տա ավելի շատ Շոտլանդիայում հողմակայանների կառուցման հարաբերական առավելությունների մասին: Վերականգնվող էներգիայի իրական ծախսերն ավելի մեծ են, քան թվում են:
Թարգմանիչ՝ Հասմիկ Խաչատրյան (Hasmik Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: