5 փաստ ուսուցման մասին

Զգայունություն նորության, մետաճանաչողության և մեծահասակների ու երեխաների ուսուցման տարբերությունների նկատմամբ:

Շատերի համար նորությունը միաժանակ և՛ վախեր է առաջացնում, և գրավում: Վտանգը կարող է լինել իրական կամ անհիմն անհանգստություն․ դա կախված է նրանից, թե որքանով են սահմանափակված եղել մարդու ինքնուրույնությունն ու հետաքրքրությունների արտահայտումը մանկությունում: Միևնույն ժամանակ, ուսուցման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե որքանով է մարդը կարող բավարարել իր հետաքրքրասիրությունը։

Կրթական նյարդագիտությունը ուսումնասիրում է երեխաների ուսուցումը դպրոցներում:

Կրթական նյարագիտությունը (educational neuroscience) փորձ է պարզելու, թե ինչպես կարող են կիրառվել ուսուցման նյարդային մեխանիզմների մասին նոր գիտելիքները դպրոցներում՝ բարելավելու երեխաների արդյունքները: Դպրոցական կրթության դեպքում այն անհրաժեշտ է, մասնավորապես, երեխաների վարքագիծը դասարանում կսնխատեսել կարողանալու և հասկանալու համար, թե ինչպես սովորեցնել նրանց և փոխանցել անհրաժեշտ գիտելիքները:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։ 

Նորույթների նկատմամբ զգայունությունը առկա է միայն փոքր թվով երեխաների մոտ:

Երեխաների մեծ մասը ցուցաբերում է սոցիալական զգայունություն՝ հետաքրքրվածություն մեկ այլ երեխայի հետաքրքրասիրության նկատմամբ: Սա օգնում է պահպանել հետաքրքրվածությունը նոր առարկաների կամ երևույթների նկատմամբ, երբ երեխաները գտնվում են խմբային փոխազդեցության մեջ: Սոցիալական զգայունության շնորհիվ տարբեր ճանաչողական ռազմավարություններ ունեցող երեխաները կարող են փոխադարձաբար հարստացնել և աջակցել միմյանց ճանաչողական անկախության զարգացմանն ու կայունությանը: Շատ կարևոր է ստեղծել այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում երեխաները կարող են աշխատել խմբով և բախվել նոր խնդիրների, որտեղ ի սկզբանե հայտնի լուծում չկա:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։ 

Մեծահասակին անհնար է որևէ բան սովորեցնել, բայց նա կարող է սովորել գրեթե ամեն ինչ։

Տարիքի հետ ամեն ինչ տեսողականորեն հիշելու կարողությունը կորչում է, բայց հիշողությունը դառնում է իմաստով ավելի միջնորդավորված: Մենք կառուցում ենք հարաբերությունների, հիերարխիայի և դասակարգումների բարդ համակարգեր: Այս մտածողության ունակությունները մեզ հիշողության ավելի բարդ մեխանիզմ են տալիս:

«Մեծահասակների հիշողությունն այլևս այնքան էլ զգայուն չէ զարգացմանն ուղղված ներգործությունների նկատմամբ, թեև այս հմտությունը շարունակ վարժեցվում է: Ժամանակակից մարդիկ որևէ բան հիշելու շատ պատճառներ չունեն։ Նախ, պարզ չէ, թե որքան ժամանակ այդ տեղեկատվությունն արդիական կլինի: Երկրորդ, չափից շատ գիտելիքներ պարզապես անհնար է հիշել: Մեծահասակին անհնար է որևէ բան սովորեցնել, բայց միևնույն ժամանակ նա կարող է սովորել գրեթե ամեն ինչ», ” ասում է Ալեքսեյ Օբուխովը՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական ​​համալսարանի Կրթության ինստիտուտի ժամանակակից մանկության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատողը։ 

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։  

Ի՞նչ է խորը ուսուցումը:

Խորը ուսուցումը հեղափոխել է օրինաչափությունների ճանաչման և մեքենայական ուսուցման ոլորտները: Այն բաղկացած է հարմարվողական համակարգում վստահության գործակիցների նշանակումից՝ նեյրոնային ցանցի գործողությունների և նման գործողությունների արդյունքների միջև հնարավոր պատճառահետևանքային կապերի երկար շղթաներով:

Խորը ուսուցումը կապված է արհեստական ​​նեյրոնային ցանցերի աշխատանքի հետ, որոնք ներշնչված են մարդու ուղեղ կառուցվածքից: Մարդու ուղեղը պարունակում է մոտավորապես 100 միլիարդ փոքր պրոցեսորներ (նեյրոններ), որոնցից յուրաքանչյուրը միջին հաշվով կապված է մոտավորապես 10 հազար այլ նեյրոնների հետ։ Դրանցից մի քանիսը մուտքային նեյրոններ են, որոնք բոլոր մյուս նեյրոններին տվյալներ են մատակարարում: Կան նաև ելքային նեյրոններ, որոնք վերահսկում են մատների կամ ձայնային ապարատի մկանների շարժումները:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։  

Մետաճանաչումը՝  որպես ուսուցման հիմնական տարր:

Մետաճանաչումը մարդու իմացությունն է սեփական ճանաչողության մասին և այդ գիտելիքների հիման վրա նորերը ձեռք բերելու ընթացքում սեփական ճանաչողական գործընթացները կառավարելու կարողությունը։ Ժամանակակից աշխարհում մետաճանաչողական հմտությունները դառնում են առանցքային մարդկային ուսուցման մեջ: Դարեր շարունակ դպրոցը ձգտել է գիտելիքներ տալ մարդկանց, իսկ այժմ մենք հեշտությամբ ստանում ենք այն համացանցում։ Եվ հաճախ է պատահում, որ ուսանողներն ավելի շատ գիտեն որոշակի թեմայի մասին, քան ուսուցիչը: Ուստի այն գլխավոր հմտությունը, որ արժե զարգացնել, սեփական ճանաչողությունը կառավարելու ունակությունն է՝ հիմնվելով դրա մասին գիտելիքների վրա։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։ 

Բնօրինակի հեղինակ՝ ПостНаука, Марика Кутидзе

Թարգմանիչ՝ Շուշան Խաչատրյան (Shushan Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Նյութը պատրաստվել և հրապարակվել է  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցության ծիրում՝  Ուսուցչական առաջնորդության ամառային փորձնակության ծրագրի շրջանակում: