Հեղափոխություն երևույթը պատմության հղացքում. մաս 2-րդ

Նախ ընթերցի′ր առաջին մասը:

Ապստամբություն և հեղափոխություն

Թերևս կարելի է համաձայնվել այն մտքի հետ, որ ապստամբությունը դասվում է պատմական այն երևույթների շարքին, որոնք բազմիցս են հանդիպում պատմության ծիրում՝ անկախ ժամանակային և տարածական գործոններից: Օրինակներ կարող ենք բերել ինչպես համաշխարհային, այնպես էլ մեր պատմության էջերից՝ Սպարտակի ապստամբությունը, Վարդանանց ապստամբությունը և այլն: Իսկ ի՞՚նչ է իրենից ենթադրում ապստամբություն ասվածը, և որո՞նք են նրա բնորոշիչները: Միանգամից պատասխանենք, որ առաջին հերթին այն ենթադրում է զինված պայքար: Սակայն թե ու՞մ դեմ է ուղղված և ի՞նչ նպատակ է հետապնդում այդ պայքարը, միանշանակ չէ: Երբեմն ապստամբությունը ուղղված է լինում օտարերկրյա լծի դեմ՝ սեփական պետականություն կերտելու, ապստամբների կյանքի պայմանները դույզն-ինչ բարելավելու և նմանատիպ ենթատեքստ ունեցող այլ միտումներով: Երբեմն ապստամբությունը ուղղված է լինում սեփական ղեկավարության դեմ: Այս պարագայում գլխավոր նպատակը հիմնականում կամ իշխանության զավթումն է կամ ներկա իշխանություններին պարտադրելը ապստամբների շահերից բխող ինչ-ինչ զիջումներ կատարել: Որպես կանոն՝ Ապստամբությունները ունենում են անհաջող ավարտ, որից հետո էլ մասնակիցները գործող իշխանությունների կողմից որակվում են իբրև անհնազանդներ, օրինախախտներ և, վերջապես, ապստամբներ: Այստեղ կցանկանայինք ընթերցողի ուշադրությունը սևեռել հեղինակի կարծիքով շատ կարևոր հանգամանքի վրա. եթե պատմությանը հայտնի որոշ ապստամբություններ ունենային հաջող ավարտ, ապա այսօր պատմագիտական մտքի կողմից կորակվեին իբրև հեղափոխություններ: Ասվածը ավելի պարզ դարձնելու համար քննարկենք կոնկրետ օրինակներ` ջարդելով այն կարծրատիպը, թե իբր պատմությունը չի սիրում «եթե»-ներ՝ մի պահ պատկերացնենք, որ 14-րդ դարում ՈՒոթ Թայլերի գլխավորած գյուղացիական ապստամբությունը սպառնում էր Անգլիայում վերացնել ֆեոդալական իրավունքը: Ավելորդ է ասել, թե հաղթանակի դեպքում ինչպիսի հետևանքներ կունենար վերոհիշյալ ապստամբությունը: 14-րդ դարի եվրոպական իրականության համար ֆեոդալական իրավունքի վերացումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հեղափոխություն: Պատմության մեջ նմանատիպ երևույթները, որոնք սպառնում են վերացնել գույություն ունեցող հասարակարգի որևէ հիմնարար դրույթ, որոնք, սակայն, պարտվում են և անվանվում ապստամբություն, սակավաթիվ չեն: Վերոշարադրյալը բավարար է հիմնավորելու այն տեսակետը, որ որոշ քաղաքական եղելույթներ անվանվել են ապստամբություն և ոչ հեղափոխություն միայն այն պատճառով, որ ունեցել են անփառունակ վախճան: Ավելին, այս տեսակետը առավել զարգացնելով կարելի է պնդել, որ որոշ հեղափոխություններ անհաջող ավարտի դեպքում այսօր կորակվեին իբրև ապստամբություն: Փաստորեն կարելի է արձանագրել, որ յուրաքանչյուր հեղափոխություն նախ և առաջ ապստամբություն է: Վերջում նշենք, որ ասվածը չի վերաբերում բոլոր ապստամբություններին, քանի որ բոլորը չէ, որ հաղթական ավարտի դեպքում ենթադրում էին արմատական փոփոխություններ՝ որևէ նորի ստեղծում: Հավելենք նաև, որ ապստամբությունների անհաջողությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ պատմական կոնկրետ ժամանակաշրջանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ այն քաղաքական, սոցիալ-տնտեսական նախադրյալները, որոնք առկա են հեղափոխական գործընթացների պարագայում:

Բարենորոգումներ և հեղափոխություն

Առաջին հայացքից դժվար է որևէ ընդհանրություն գտնել հեղափոխության և իշխող վերնախավի կողմից իրականացվող ռեֆորմների միջև: Այսօրվա քաղաքագիտական մտքի ընկալմամբ հեղափոխության առաջին կարևոր բնորոշիչներից մեկը գործող իշխանության փոփոխությունն է, որը իսկապես որևէ կապ չունի բարենորոգում երևույթի հետ: Սակայն մենք գիտենք, որ հեղափոխության ամենակարևոր հատկորոշիչը նորի արարումն է`ամենևին էլ չհերքելով այն փաստը, որ գործող վարչակարգերը վերոնշյալ նորի ստեղծման արդյունքում գրեթե միշտ անցել են պատմության գիրկը` չկարողանալով համակերպվել ստեղծված իրադրության հետ: Բայց և այնպես պատմության մեջ հանդիպում է առնվազն մեկ նախադեպ, երբ իշխող վերնախավը, ճիշտ գնահատելով պահի հրամայականը և դրսևորելով աննախադեպ ճկուն դիվանագիտություն, կարողանում է համակերպվել նորի գաղափարի հետ և աստիճանաբար տրանսֆորմացվել: Խոսքը վերաբերում է Մեծ Բրիտանիային (Անգլիային): Անգլո-սաքսոնական վերնախավը, մեկ անգամ անցնելով հեղափոխական գործընթացների բովով, դրսևորում է իրեն բնորոշ յուրահատուկ ճկունություն. հասկանալով, որ պատմական անխուսափելիության փաստը անտեսելը հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների, ուստի (ևդիմում է աստիճանական բարենորոգումների, որոնք դարերի կտրվածքով Անգլիայի համար ունենում են հեղափոխական նշանակություն: Իրականություն է սակայն, որ այն չի ուղեկցվում բռնության կիրառումով, փողոցային մասսաների գործուն մասնակցությամբ և մնացած այլ հատկանիշներով, որոնք բնորոշ են դասական հեղափոխությանը:

Մնացած բոլոր դեպքերում վերևից իրականացվող բարեփոխումները նպատակ չեն ունեցել լուծելու տվյալ պետության հետագա զարգացման համար առաջացած կենսական նշանակություն ունեցող խնդիրներ: Ի տարբերություն անգլո-սաքսոնական վերնախավի՝ մյուսները իրենց էթնոսների առջև ծառացած քաղաքակրթական մարտահրավերները լուծելու փոխարեն դիմել են սոսկ կոսմետիկ բնույթ ունեցող ռեֆորմների՝ հույս ունենալով այդ ճանապարհով պահպանել իրենց գերիշխող դիրքերը: Այստեղ հարցը ամենևին էլ այն չէ, որ անգլո-սաքսոնները ավելի հայրենասեր էին կամ առավել շատ էին սիրում իրենց ժողովրդին, քան մյուսները. բնավ, երբեմն նույնիսկ հակառակը: Խնդիրն այն է, որ նրանք հասկանում են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ներհանրութային կյանքի յուրաքանչյուր ոլորտում, այլևս անժխտելի իրողություն են, որոնց դեմ պայքարելը հղի է ողբերգական հետևանքներով ինչպես իրենց, այնպես էլ հանրույթի համար: Միով բանիվ՝ գաղտնիքը գործող իշխանությունների ինտելեկտուալ ներուժի և, ինչու ոչ, իրական ցանկությունների մեջ է: Ամենևին էլ չցանկանալով նսեմացնել մյուս ազգերի ինտելեկտուալ ներուժը՝ գտնում ենք, որ, մեղմ ասած, ոչ միշտ են նրանք գտնվել իշխանության ղեկին, թեպետ չենք ժխտում պատմական ինչ-որ ժամանակաշրջանում իշխանությունների վրա նրանց գաղափարների ունեցած ազդեցությունը (հանձին Ֆրանսիայի):

Փաստորեն, եթե հաշվի չառնենք անգլո-սաքսոննների նախադեպը, վերևից իրականացվող բարեփոխումները իսկապես որևէ կապ չունեն հեղափոխության հետ, քանի որ միտված չեն արմատական փոփոխությունների, բացի այդ էլ զուրկ են հեղափոխությանը բնորոշ բոլոր հատկորոշիչներից: Միայն անգլո-սաքսոնների նախադեպն է պատճառ հանդիսացել խնդրո առարկան քննության նյութ դարձնել վերլուծության շրջանակներում:

Հեղաշրջում և հեղափոխություն

Վերլուծության շրջանակներում քննարկվող պատմական երևույթներից ամենից շատ ընդհանրություններ թերևս կարելի է գտնել այս երկուսի միջև: Պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դրանցից մեկը ներկայացվել է մյուսի շղարշի ներքո: Եվ իսկապես, այն սահմանաբաժան գիծը, որը գտնվում է հեղափոխություն և հեղաշրջում երևույթների միջև, շատ հեղհեղուկ է: Ընդունված տեսակետի համաձայն.

  1. հեղաշրջումը մի խումբ անձանց կողմից իշխանության բռնի զավթումն է,

  2. պարտադիր չէ, որ դրանում իրենց մասնակցությունը ցուցաբերեն ժողովրդական հոծ զանգվածներ,

  3. հեղաշրջումը ուղեկցվում է բռնության գործադրումով,

  4. հասարակական որոշ խմբերի սոցիալական ստատուսի փոփոխությամբ,

  5. հասարակության ներսում բաժանարար նոր գծերի ձևավորմամբ,

  6. կիրառվում են այնպիսի միջոցներ, որոնք գործող իշխանությունների կողմից համարվում են անօրինական:

Ինչպես տեսնում ենք, բացի 2-րդ կետից՝ մնացած բոլորը հատուկ են նաև հեղափոխությանը: Սակայն մեր խորին համոզմամբ հեղաշրջումը ևս կարող է ուղեկցվել ժողովրդական մասսաների գործուն մասնակցությամբ: Իբրև ասվածի ապացույց՝ կվկայակոչենք 1917 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում տեղի ունեցող անցուդարձերը: Անժխտելի է այն փաստը, որ վերոհիշյալ դեպքերին իրենց ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել ռուս ժողովրդի մի զգալի հատվածը: Սակայն կարելի՞ է արդյոք տեղի ունեցածը որակել իբրև հեղափուխություն: Կարծում ենք՝ ոչ: Եվ հիմնավորում ենք դա այն պարզ ճշմարտությամբ, որ հոկտեմբերյան իրադարձությունները որակապես ոչ մի նոր բանի սկիզբ չհանդիսացան`ի հեճուկս կոմունիստների ամպագորգոռ հայտարարությունների, որ իրենք ստեղծելու են որակապես մի նոր հանրույթ` հիմնված սոցիալիզմի դրույթների վրա: Շատերը կհամաձայնեն այն մտքին, որ Եվրոպան շատ ավելի մոտ էր և մոտ է կանգնած սոցիալիզմին, քան Խորհրդային Միությունը և մասնավորապես նրա իրավահաջորդ Ռուսաստանը այսօր: Հայդմ`1917 թվականի հոկտեմբերին տեղի ունեցածը ավելի շատ հեղաշրջում էր, քան հեղափոխություն, որի միակ գլխավոր արդյունքը իշխող ցարական ընտանիքի փոխարինումն էր Կոմկուսով: Բնավ չենք թերագնահատում վերոնշյալ դեպքերի դերը Ռուսաստանի և ԽՍՀՄ մյուս ժողովուրդների պատմության մեջ` չուրանալով այն փաստը, որ ԽՍՀՄ գոյության յոթ տասնամյակները անդամ երկրների համար ունեցել են մի շարք դրական կողմեր:

Այս դեպքում ո՚ՙրն է տարբերությունը հեղաշրջման և հեղափոխության միջև: Կարծում ենք՝ մեխը որակապես նորի ստեղծումն է և ոչ թե իշխանության կրողների փոխարինումը նորերով: Այս միտքը թույլ է տալիս մեզ եզրահանգել, որ յուրաքանչյուր հեղաշրջում տեսականորեն ունի հետագա հեղափոխական գործընթացների ազդակ դառնալու ներուժը:

Փաստորեն այս դեպքում ամեն ինչ կախված է հեղաշրջման արդյունքում իշխանության գլուխ եկած նոր ուժերի հնարավորություններից, իրական ցանկություններից և քաղաքական կամքից` ի տարբերություն հեղափոխության, որի դեպքում արմատական փոփոխությունները կախված չեն ոչ մի ուժից, քանի որ այն հանդիսանում է պատմական անխուսափելիության արգասիքը:

Միով բանիվ հեղափոխությունը հասունանում է տասնամյակների ընթացքում` ունենալով իր տնտեսական, քաղաքական, սոցիալական նախադրյալները, իսկ հեղաշրջումը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի խումբ անձանց կողմից իշխանության զավթում, ընդ որում երբեմն ժողովրդական դժգոհ մասսաների մասնակցությամբ, երբեմն էլ դրսի ուժերի հովանավորությամբ:

Հայաստանյան իրականություն

Ինչպես բազմիցս նշել ենք՝ հեղափոխության համար անհրաժեշտ են պատմականորեն հասունացած նախադրյալներ: Չժխտելով այն փաստը, որ երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ և բավականին կոռումպացված է, գտնում ենք, որ դեռևս անհրաժեշտ նախադրյալներ չկան: Ասվածը ավելի համոզիչ դարձնելու համար բավական է համեմատել հեղափոխություն ապրած երկրների նախահեղափոխական իրավիճակը այժմյան հայաստանյան իրականության հետ: Վերոշարադրյալը բնականաբար չի վերաբերում այսպես կոչված «դրսից ներմուծված հեղափոխություններին»-, որոնք իրականում ոչ մի կապ չունեն իրական հեղափոխության երևույթի հետ: Հատկապես վերջինը մեր պարագայում վտանգավոր է, եթե հաշվի առնենք, թե որքան շատ ուժեր են շահագրգիռ Հայաստանում ներքին իրավիճակը ապակայունացնելու, և, ինչու ոչ, մեր երկրում իրենց հլու-հնազանդ իշխանությունը տեսնելու հարցում:

Եթե մի պահ ընդունենք, որ Հայաստանում իսկապես արդեն հասունացել է նախահեղափոխական իրադրություն, ապա պետք է գիտակցել պահի հրամայականը: Չցանկանալով ջուր լցնել գործող իշխանությունների ջրաղացին`այնուամենայնիվ եկեք պատկերացնենք, թե ինչ հետևանքներ կունենան հեղափոխական գործընթացները, որոնք, ի դեպ, կարող են տևել տարիներ (թշնամիներով շրջապատված) մի այնպիսի երկրում, ինչպիսին մերն է: Կասկածից վեր է, որ Ադրբեջանը ժամ առաջ շտապելու է օգտվել ստեղծված իրավիճակից, որին իր անվերապահ աջակցությունն է ցուցաբերելու Թուրքիան: Մեր մյուս հարևանների վերաբերմունքը թերևս անկանխատեսելի է: Ինչ վերաբերում է ներքին իրավիճակին, ապա, ինչպես ասում էր Ռոբեսպիերը, հեղափոխությունը լափելու է իր իսկ զավակներին, և պարզ չէ, թե ինչ ուժեր են փորձելու պղտոր ջրում ձուկ որսալ: Ստեղծված իրավիճակում լուրջ ասելիք պետք է ունենա ազգային էլիտան, որը պետք է փորձի երկիրը ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս բերել: Ի դեպ, էլիտա ասելով նկատի ունենք ազգի այն պոտենցիալը, որը ոչ միայն ինտելեկտուալ է կամ ասենք մեծահարուստ, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց պատասխանատու են զգում մնացյալ քաղաքացիների նկատմամբ և իրենց հնարավորությունները ի սպաս են դնում ոչ թե նեղ, կաստայական, այլ համազգային, ընդհանուր շահերին:

Ինչպես համոզվեցինք, հեղափոխությունը այնքան էլ լավ հեռանկար չէ մեր հանրույթի համար:

Ինչ վերաբերում է վերևից իրականացվող բարեփոխումներին, ապա միանգամից առաջ անցնելով նշենք, որ մեր պարագայում դա իրատեսական չէ: Վերևում նշվել է, որ բարենորոգումները միայն մեկ դեպքում կարող են տալ սպասված արդյունքը` երբ իշխանության գլուխ կանգնած են ազգային էլիտայի ներկայացուցիչները, որոնք հասկանալով պահի հրամայականը, դիմում են բարենորոգումների` իսկապես նպատակ ունենալով երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից: Մնացած բոլոր դեպքերում բարենորոգումները կեղծ են, կոսմետիկ բնույթի, որոնց նպատակը քաղաքացիների աչքին թոզ փչելն է և սեփական իշխանության պահպանումը: Եվ քանի որ մեր գործող իշխանությունները, մեղմ ասած, բավականին հեռու են ազգային էլիտա լինելուց, պարզ է «բարենորոգումների» իրական պատճառը: Վերջիններիս խորհուրդ է տրվում ուսումնասիրել և չարհամարհել պատմության դասերը: Բոլոր նրանք, ովքեր հույս են փայփայել նման բարենորոգումներով պահպանել իշխանությունը, առավելագույնը ժամանակ են շահել`վերջում արժանանալով անփառունակ վախճանի:

Հեղաշրջման պարագայում ևս պետք է նշել, որ դա չափազանց վտանգավոր է և ինչ-որ չափով նույնիսկ արկածախնդրություն մեր պետականության համար, քանի որ պարզ չէ, թե ով կգա իշխանության գլուխ, ինչ նպատակներ կունենա և ինչ ուժային կենտրոնների շահերին կծառայի: Նույն պատմության դասերը ցույց են տալիս, որ հեղաշրջումների մեծ մասը ընդհուպ մեր օրերը իրականացվել և իրականացվում են հիմնականում արտաքին ուժերի աջակցությամբ և հովանավորությամբ: Հայսմ գտնում ենք, որ հեղաշրջում թույլատրելի է միայն այն դեպքում, երբ իշխանության կգա ազգային էլիտան` իրականացնելով միայն և միայն պետականակենտրոն ազգային քաղաքականություն:

Ինչպես տեսնում ենք, երեք երևույթների դեպքում էլ մեծապես արժևորվում և կարևորվում է ազգային էլիտայի դերն ու նշանակությունը: Ինչպես ասում էր Առնոլդ Թոյնբին՝ «Հանրույթների առջև ծառացած քաղաքակրթական մարտահրավերները ի վիճակի է լուծելու ոչ թե հավաքական ամբոխը, այլ միայն և միայն ազգային էլիտան»: Ուստի և անկախ այն բանից, թե ինչ հնարավոր զարգացումներ կունենա ներհայաստանյան քաղաքական (ինչու ոչ նաև տնտեսական) կյանքը, ամեն բան կախված է լինելու էլիտայից: Այն դեպքում, եթե վերջինիս ներկայացուցիչները ըմբռնեն ողջ պատասխանատվությունը, համախմբվեն և ամեն ջանք գործադրեն երկիրը ծանրագույն իրավիճակից դուրս բերելու համար, համոզված ենք` անկասկած հաջողելու են, հակառակ դեպքում հետևանքները լինելու են ողբերգական…


Օգտագործած գրականության ցանկ

  1. Hannah Arendt. On revolution, 1963. https://archive.org/stream/OnRevolution/ArendtOn-revolution_djvu.txt

  1. Аптекер Г., История американского народа. Т. 2. Американская революция 1763 ” 1783. 

  2. Манфред А.З. Великая французская революция, М., 1983.

  3. Токвиль А. Старый порядок и революция. СПб.: Алетейя, 2008.

  4. Токвиль А. Демократия  в Америке, М.: Прогресс, 1992.


Հեղինակ՝ Հայկ Փայտյան (Hayk Paytyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: