Ինչպիսի՞ն է լինելու ապագայի հասարակությունը

Ինչպիսի՞ն է լինելու ապագայի հասարակությունը

Եվ ի՞նչ տեղ կզբաղեցնեն նրանում ռոբոտները, անօդաչու մեքենաներն ու կենսատեխնոլոգիաները:

Ինչպե՞ս դա կանդրադառնա անհատի և ամբողջ հասարակության վրա: Ինչի՞ց պետք է հրաժարվենք և ինչի՞ն պետք է պատրաստվենք։ Ապագայագետ Կոնստանտին Ֆրումկինը քննարկում է ժամանակակից միտումներն ու փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ տեսանելի ապագայում:

Ապագայի կանխատեսման մասին

Ապագայագիտությունը կամ ֆուտուրոլոգիան ապագայի մասին գիտություն է, որը նկարագրում է քաղաքակրթության զարգացման հավանական սցենարները և տարբեր գործընթացների փոխհարաբերությունները։ Ուստի անհնար է ճշգրիտ կանխատեսել, թե ինչպիսին կլինի աշխարհը տասնյակ տարիներ հետո։ Բայց մեզ հայտնի են միտումները, որոնք էլ կսահմանեն ապագան: Այլ բան է, թե որքանով կարելի է այս միտումներն արտարկել՝ տարածել այդ սցենարի վրա:

2000 թվականը՝ Ալբեր Ռոբերի պատկերացմամբ, 1902 թ․։ Նկարը՝ Library Congress

Դիտարկենք սխալ արտարկման դասական օրինակ. 19-րդ դարում համարվում էր, որ 20-րդ դարի սկզբին Լոնդոնը կթաղվի գոմաղբի մեջ՝ ձիերի քանակի ավելացման պատճառով: Իհարկե, սա անհեթեթ է հնչում, բայց այս վարկածը հիմնված էր փաստերի վրա․ ինչ-որ պահի քաղաքում իսկապես չափազանց շատ ձիեր կային, ու համապատասխանաբար՝ շատ գոմաղբ, և նման կանխատեսումը լիովին արդարացված էր թվում։ Բայց հայտնագործվեց մեքենան, և խնդիրն ինքնին լուծվեց։ Միևնույն ժամանակ, հեռավոր ապագայի համար կանխատեսումն ամեն դեպքում ճիշտ էր, թեև ընդհանրացված տեսքով։ 20-րդ դարի վերջում Անգլիայի մայրաքաղաքը շնչահեղձ էր լինում փոխադրամիջոցների առատությունից, միայն թե ձիերի փոխարեն մեքենաներ էին, և մարդիկ տուժում էին արտանետումներից, ոչ թե գոմաղբից։ Այս անգամ լուծումը էկոլոգիական տրանսպորտն էր։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ցանկացած արտարկում ունի իր սահմանները։

Գիտաֆանտաստ գրողներն այսօր շատ են մտածում «սև կարապի» տեսության մասին․ վերջերս հայտնի դարձած այս տերմինով Նասիմ Թալեբը նկարագրել է հազվագյուտ անսպասելի իրադարձությունները՝ նշանակալի հետևանքներով: Հաճախ օգտագործվում է նաև «հետապոկալիպսիս», իմ կարծիքով, անպատշաճ տերմինը, քանի որ ապոկալիպսիսն արդեն իսկ ամեն ինչի վերջն է։

Հավանաբար, աշխարհի վերջը իսկապես կարող է գալ, օրինակ, եթե մենք խոսում ենք սարսափելի համաճարակի մասին, որ մարդկությունը չի կարողանա հաղթահարել, կամ միջուկային պատերազմի։ Չնայած այժմ համընդհանուր միջուկային պատերազմի հավանականությունը շատ ավելի քիչ է, քան ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի առճակատման դարաշրջանում։ Բայց լոկալ հակամարտությունները չեն չեղարկվել, և այս առումով շատ դժվար է որևէ բան կանխատեսել։

«Ապոկալիպսիս», Ալբերտ Գուդվին, 1903 թ․

Գրականությունն ու կինոն աշխարհի համընդհանուր վերջի թեման շահարկում են, ինչպես ինձ է թվում, հիմնականում որպես հարաբերությունների պարզեցման պատրվակ՝ արկածների համար ինչ-որ տեղ թողնելու համար։ Այդպես ավելի հետաքրքիր է սյուժետի կառուցման առումով։ Իսկ ապագայագետները փորձում են խնդրին համալիր մոտեցում ցուցաբերել՝ այդ իրադարձության հավանականությունը գնահատելով բազմաթիվ գործոնների տեսանկյունից։

Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջական հսկողության մասին

Տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և նեյրոնային ցանցերը զարգանում են անհավանական արագությամբ և, ի տարբերություն գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացի այլ ոլորտների, տեսանելի ապագայում տեմպերի դանդաղում չի սպասվում։ 20-րդ դարի 60-ական թվականներին գիտնականները ջերմամիջուկային կառավարվող սինթեզ ստանալու փորձեր կատարեցին, և բոլորն էներգիայի նոր աղբյուրների մոտալուտ հայտագործում էին ակնկալում, բայց մինչ այժմ դա ոչ մի բանի չի հանգեցրել, և ֆիզիկան դադարել է լինել ապագայի հիմնական գիտությունը: Այժմ բոլորը կենտրոնացած են արհեստական ​​բանականության համակարգերի վրա՝ սրա ամենալայն իմաստով։

Արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե տեխնոլոգիան ինչպես կփոխի մեր կյանքը, և առաջինը, որ արժե նշել, համընդհանուր թափանցիկությունն է։ Մարդիկ գրեթե ոչ մի գաղտնիք չեն ունենա միմյանցից։ Գրեթե ցանկացած իրադարձություն այսօր սմարթֆոնների շնորհիվ ակնթարթորեն դառնում է հանրային սեփականություն, և ապագայում տեղեկատվության բացությունը կարող է հանգեցնել ամոթի՝ մեր իմացած իմաստով, անհետացման:

Տեղեկատվական տեխնոլոգիաները միանշանակ կօգտագործվեն մարդկանց կարգապահության ենթարկելու համար։ Քաղաքակրթության ողջ պատմությունը, որ կողմից էլ նայենք, մարդկային վարքագծի վերահսկողության պատմություն է։ Եթե ​​բացեք Հին Կտակարանը, բազում կարգադրողական կանոններ կտեսնեք:

Տեխնոլոգիաների զարգացումը կշարունակի այս ավանդույթը, ինչը կարող է հանգեցնել սոցիալական վարկանիշների լայն տարածմանը. մարդիկ կտարբերվեն իրենց տնտեսական արդյունավետությամբ։ Արդեն այսօր ապահովագրական ընկերությունները մեքենաների վրա մոնիտորինգի սարքավորումներ են տեղադրում՝ հետևելու, թե ինչպես է մարդը վարում, իսկ զգույշ վարորդների համար ապահովագրության սակագները նվազեցնում են: Նույն սկզբունքն է գործում առողջության ապահովագրության մեջ. նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին՝ չեն ծխում, չեն խմում և հաճախում են մարզասրահ, ամենայն հավանակնությամբ բժշկական զննում ացնելու ու համապատասխան փաստաթուղթ ստանալու արդյունքում  սակագնային զեղչեր կստանան:

Այս համատեքստում չի կարելի չհիշատակել Չինաստանը, որտեղ արդեն մի քանի տարի փորձարկվում է սոցիալական վարկանշի համակարգը՝ նպատակ ունենալով քաղաքացիների մոտ ձևավորելու վարքագծի որոշակի օրինաչափություններ և ինքնավերասկում։ Բայց Չինաստանի իշխանությունները դա անում են քաղաքական դրդապատճառներով։ Իսկ Արևմուտքում տոտալ վերահսկողությունը կիրականացվի ոչ թե քաղաքական, այլ տնտեսական համատեքստում, քանի որ ապահովագրական համակարգն ու վարկերը արևմտյան տնտեսության հիմքն են։ Ես կանխատեսում եմ, որ նման վարկանիշները հեռավոր ապագայում նույնիսկ կկարողանան փոխարինել մեր դրամական միջոցները։

Ռուսաստանում նույնպես ի հայտ են գալիս կարգապահության ենթարկելու առանձին տարրեր։ Օրինակ՝ «Պլատոնի» համակարգը, որը ենթադրում է, որ մարդիկ ճանապարհի համար պետք է վճարեն դրա օգտագործման համեմատ։ Ոմանք ուղղակի քայլում են և գործնականում չեն վնասում ճանապարհի մակերեսը, իսկ մյուսներն ամեն օր 12-տոննայանոց բեռնատար են վարում, և սա մեծ տարբերություն է։ Նախկինում բոլորը նույն չափով էին վճարում ջրի համար, բայց հիմա այն ջրաչափով է աշխատում է, և դա ոչ մեկին չի զարմացնում: Այսպես, հասարակությունը նվազեցնում է իր ծախսերը, և ի վերջո շահում են բոլորը։

Այս միտումը միայն կուժեղանա, և դա չի նշանակում, որ վերահսկողական գործառույթները ստանձնելու է բացառապես պետությունը։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտները, մասնավոր բիզնեսը, շահույթ չհետապնդող հատվածը կամ մեծ ազդեցություն ունեցող հանրային համակարգերը, ինչպիսիք են սոցիալական ցանցերը, ևս կարող են ներգրավվել: Մասնավոր անձինք նույնպես մեծ քանակությամբ տեղեկատվության կտիրապետեն: Հեռախոսները, նոութբուքները, խելացի ակնոցները, ժամացույցները, աչքի ոսպնյակները, չիպերը կամ որևէ այլ բան, որ հետո կհորինվի, կկազմեն տվյալների միասնական, համընդհանուր բազա:

Տնտեսական արդյունավետության տեսանկյունից համընդհանուր վերահսկողությունն արդարացված է, բայց հոգեբանորեն դա դժվար փորձություն կլինի անհատի համար։ Ամեն անգամ պետք է ընտրություն կատարել՝ գնալ մեքենայով, նստել տրամվայ կամ քայլել՝ իմանալով, որ քեզ հսկում են։ Դժվար է հիմա ասել, թե արդյոք մարդը երջանիկ կլինի սոցիալական տոտալ վերահսկողության նման հասարակության մեջ։

Հանցագործության բնույթի մասին

Ավանդական իմաստով հանցագործությունը կքչանա․ խոսքը գողությունների, կողոպուտների, սպանությունների մասին է։ Մի քանի գործոններ կազդեն այս գործընթացի վրա.

  • աղքատության կրճատում՝ տնտեսական առաջընթացի շնորհիվ,
  • հասարակության անվտանգացում = բոլոր տեսակի անվտանգության համակարգերի համատարած օգտագործում,
  • զվարճանքի, մասնավորապես՝ սոցիոպաթիկ հակումներ ունեցող մարդկանց համար խաղերի աճ։

Միևնույն ժամանակ, վիճակագրորեն հանցագործության մակարդակն ավելի բարձր կլինի, բայց այն կտեղափոխվի տեղեկատվական և տնտեսական դաշտ։ Օրինակ, Մոսկվան այսօր շատ ավելի ապահով է, քան 20 տարի առաջ. ավանդական փողոցային խուլիգանությունը գրեթե վերացել է։ Սակայն յուրաքանչյուր երկրորդ մարդ ամեն օր իր բջջային հեռախոսին զանգեր է ստանում խաբեբաներից, որոնք փորձում են ստանալ նրա բանկային քարտի տվյալները:

Ժողովրդավարության ապագայի մասին

Ես չեմ պատրաստվում կանխատեսել ամենահետաքրքիրը, այն է՝ մարդկության քաղաքական էվոլյուցիան։ Բայց կան հետաքրքիր միտումներ, որոնք արժե նշել:

Այսպիսով, շատ արևմտյան քաղաքագետներ, այդ թվում՝ հանրահայտ Չարլզ Թիլլին, հաշվարկել են, որ վերջին 200 տարվա ընթացքում աշխարհում ժողովրդավարական երկրների թիվն աճել է, բայց թվում է, թե 21-րդ դարում այդ միտումը դանդաղել է։ Ինչո՞ւ։

Մի կողմից տիրում է միջազգային անվտանգություն (համաշխարհային պատերազմների վտանգ չկա), մյուս կողմից՝ զարգանում են բնակչության վերահսկման տեխնիկական միջոցները։ Օրինակ, Կուբան կամ Հյուսիսային Կորեան կարող են տնտեսապես ավելի թույլ լինել, քան իրենց աշխարհաքաղաքական մրցակիցները, բայց նրանք ռազմական սպառնալիքներ չեն տեսնում իրենց ռեժիմի հանդեպ: Բացի այդ, այդ պետությունները ընդդիմությանը ճնշելու տեխնիկատնտեսական մեծ միջոցներ ունեն։

Ցավալի է, որ նույնիսկ այն երկրները, որոնք մինչև վերջերս տեղավորվում էին ժողովրդավարացման աճի գծապատկերում, հետ են գլորվում՝ առաջին հերթին Թուրքիան և Լեհաստանը: Չնայած Լատինական Ամերիկայում, որը միշտ եղել է դասական բռնապետերի տարածաշրջան, սկսվել է բոլորովին այլ դարաշրջան, բայց, ասենք, Վենեսուելային դա չի վերաբերում։

Շատ բան կախված է նրանից, թե ինչպես են երկրները օգտագործելու տեղեկատվական տեխնոլոգիաները: Ցանկացած հզոր տեխնիկա կամ տեխնոլոգիա չարաշահման վտանգ է ստեղծում, ուստի այն պետք է ենթարկվի ժողովրդավարական վերահսկողության՝ ներառյալ հանրային բանավեճերը, դատավարությունները, խորհրդարանական քննարկումները՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

Այսօր էլ Արևմուտքում ակտիվորեն քննարկվում է հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով անձի մասին ձեռք բերված տեղեկատվության օգտագործման օրինականությունը։ Սա կարևոր կետ է հասարակության զարգացման համար, սակայն վերջնական արդյունքը կախված է ոչ այնքան տեխնոլոգիական հզորությունից, որքան կոնկրետ երկրի քաղաքական համակարգից։ Իսկ դա շատ ավելի դժվար է կանխատեսել։

Ուտոպիաների և հակաուտոպիաների մասին

Ուտոպիայի և հակաուտոպիայի բաժանումը զուտ գրական երևույթ է։ Դա պայմանավորված է նրանով, որ զգացմունքները կարող են միանշանակ ձևով կոդավորվել գրական տեքստում: Կյանքում այդպես չի լինում:

Հետաքրքիրն այն է, որ եթե այսօր դիմենք հին ուտոպիստական ​​տեքստերի, կտեսնենք, որ դրանք շատ նման են ժամանակակից հակաուտոպիաներին։ Օրինակ՝ «Արևի քաղաքը» նման է «1984»-ին, պարզապես հեղինակները տարբեր կերպ են սահմանել չարի գաղափարը, որին պետք էր ինչ-որ բան հակադրել։ Ջորջ Օրուելի հորինած ռեժիմը մի շարք խնդիրներ է լուծում, որ ծանոթ էին Թոմազո Կամպանելլային, սակայն 20-րդ դարում արդեն կորցրել էիր իրենց արդիականությունը։

«Ուտոպիա» քարտեզը, Աբրահամ Օրտելիուս, 1595 թ․

Իվան Եֆրեմովի  «Անդրոմեդայի միգամածություն» ուտոպիան էլ ավելի սահմռկեցուցիչ է թվում, թեև այնտեղ նույնիսկ պետություն չկա: Բայց կա համընդհանուր խիստ կարգապահություն, որը հիմնված է սեփական ցանկությունները սոցիալական կարիքների հետ հաշտեցնելու ունակության վրա:

Հիշեցնեմ, որ կարգապահությունը քաղաքակրթության ամենակարևոր մասն է։ Ուստի ճիշտ չէ ասել, որ կարգապահության ամրապնդումը կապված է ավտորիտար ռեժիմի զարգացման հետ։ Տոտալիտարիզմը ամրապնդում է կարգապահությունը միայն այն տեղերում, երբ խոսքը վերաբերում է քաղաքական և գաղափարական հավատարմությանը: Օրինակ, ԽՍՀՄ-ում ուշադիր հետևում էին «ճիշտ» արժեքների, բայց բավարար ուշադրություն չէին դարձնում փողոցային ծաղկող հանցագործությանը. պետությունը դրա դեմ պայքարելու մոտիվացիա չուներ:

Արհեստական ​​բանականության մասին

Արդեն այսօր մենք տեսնում ենք, որ արհեստական բանականությունն ունակ է մարդկանց ազատելու մեխանիկական և մտավոր աշխատանքից։ Ճանապարհներին առանց վարորդի մեքենաներ են երթևեկում, իսկ մարտերում զինվորականների փոխարեն օգտագործվում են անօդաչու սարքավորումներ։ Դեռ չի կարելի միանշանակ ասել, որ սա լավ է։

Սակայն տեխնոլոգիաների շնորհիվ միջազգային հակամարտությունների հետևանքով մարդկային կորուստները զգալիորեն նվազել են։ Պատերազմը դառնում է ավելի ճշգրիտ, ավելի անվտանգ, և սա միանշանակ ավելի լավ է, քան հարթակային ռմբակոծությունը: Պատերազմը սկզբունքորեն անմարդկային է, բայց երկու չարիքից պետք է ընտրել փոքրագույնը։

Արհեստական բանականությունն արդեն փորձում են պետական ​​գործավարության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մեջ և ընդհանրապես այնտեղ, որտեղ կաղապար կա: Բայց գուցե ապագայում լինի նաև նեյրոնային ցանց, որ կդառնա ընկերության նախագահ կամ նախարար։ Միևնույն ժամանակ, մարդ-նախարարը, իհարկե, դեռ պետք կգա․ նա կստանձնի քաղաքական պատասխանատվություն և պարտավոր կլինի հաստատել նեյրոնային ցանցի որոշումները։

Ռոբոտ-առաքիչ։ Նկարը՝ Bill Nino

Արհեստական բանականության զարգացման հետ մեկտեղ մարդիկ անխուսափելիորեն կբախվեն ինքնաիրացման խնդրին։ Նախ, դուք ստիպված չեք լինի սովորական աշխատանք կատարել, ինչը նշանակում է, որ պետք է ավելի ստեղծագործ լինեք: Եվ երկրորդ՝ կվերանան պատվավոր պաշտոններն ու մասնագիտությունները՝ բառի ներկայիս իմաստով։ Բոլորը կհասկանան, որ խոշոր մենեջերի, պետական ​​գործչի, ռեժիսորի կամ գրողի աշխատանքի 90%-ը կատարվում է ավտոմատացված համակարգերով։ Հետևաբար, նման պաշտոնների հասարակական գնահատականը ինչ-որ կերպ ևս կփոխվի։

Կենսատեխնոլոգիայի և մարդու վերահսկողության մասին

Կենսատեխնոլոգիայի և գենետիկայի զարգացումը մեր ժամանակի կարևորագույն միտումն է։

Բժշկությունն արդեն թույլ է տվել մեզ դուրս գալ բնական ընտրության սահմաններից. մենք փրկում ենք վաղաժամ ծնված երեխաներին և ծանր հիվանդ մարդկանց: Բայց վնասակար մուտացիաները դեռ կուտակվում են և հանգեցնում հիվանդությունների, և այս խնդիրը լուծելու երկու տարբերակ կա. 

  • վերադարձնել բնական ընտրությունը ինչ-որ ձևով, ինչպես քննարկվել է եվգենիկայի՝ մարդկանց սելեկցիայի ուսմունքն ընդունած ուտոպիստների կողմից, 
  • սկսել սեփական ձեռքով միջամտել գենոմի աշխատանքին, շտկել մուտացիաները և բարելավել մարդուն:

Կենսատեխնոլոգիան այսօր մեծ ուշադրության է արժանանում, և դա հիշեցնում է ֆիզիկայի նկատմամբ վերաբերմունքը, որը կար 1960-ականներին. թվում է, որ մենք արդեն գիտենք և կարող ենք այնքան բան անել, որ շատ շուտով կսովորենք, թե ինչպես վերահսկել մարդու մարմնականությունն ու գենետիկան: Բայց ես վստահ չեմ, որ մենք իսկապես կարող ենք:

Եթե ​​երևակայության գիրկն ընկնենք, ապա ապագայում մարդիկ գուցե կլինեն ավելի առողջ, խելացի, ավելի գեղեցիկ։ Եվ հետո նրանց մարմինները կսկսեն փոփոխվել որոշակի նպատակներով, օրինակ՝ տիեզերական թռիչքի համար, որտեղ ճառագայթման հանդեպ դիմադրողականությունը կարևոր է։ Կամ մարդկանց կկատարելագործեն՝ Մարսի վրա կամ օվկիանոսի հատակում ապրեցնելու համար:

Ինկուբատոր՝ վաղաժամ ծնված երեխաների համար: Նկարը՝ Presidencia de la República Mexicana

Գիտաֆանտաստ գրողներն արդեն նկարագրել են երկկենցաղ և տիեզերաչու մարդկանց: Թերևս կլինեն փանկ երիտասարդներ, որ կցանկանան փորձարկումներ անել իրենց մարմնի հետ: Մի վեպում կարդացել եմ այն մարդկանց մասին, որ սիրում են վիրահատության միջոցով իրենց ոտքերը անիվներով փոխարինել:

Ավելի իրատեսական հեռանկար է անհատի կենսաբանական լայնածավալ վերահսկողությունը: Մարդկությանը սրան մղեց, մասնավորապես, համաճարակը։ Այժմ բոլորը թեստավորվում են, տրամադրում գենետիկ տեղեկատվություն և ստանում QR կոդեր։

Եվ որքան բարդ լինի տեխնոլոգիան, այնքան ավելի շատ տվյալներ հնարավոր կլինի հավաքել։ Բացի այդ, միկրոմակարդակում կենսաբանական գործընթացներն այնքան բարդ են, որ դրանք այլևս հնարավոր չէ հասկանալ առանց սուպերհամակարգիչների օգնության: Հարյուր տարի առաջ փայլուն գիտնականը չէր կարողանա նկարագրել բջջի կենսաքիմիան, բայց ժամանակակից համակարգիչը կարող է մոդելավորել այդ բջիջները:

Նույնը վերաբերում է նաև դեղագործության զարգացմանը։ Օրինակ, կան զայրույթի կառավարման դասընթացներ, բայց պատկերացրեք, որ շատ շուտով կկարողանաք շտկել ձեր ագրեսիան պարզապես հաբերի կուրսի օգնությամբ։

Արհեստական և ​​վիրտուալ տարածքների մասին

Մետատիեզերքը` անընդհատ գործող վիրտուալ տարածք, որտեղ մարդիկ փոխազդում են միմյանց և թվային օբյեկտների հետ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով, մեծ հեռանկարներ է բացում մեզ համար: Մասնավորապես, այստեղ խոսքը համակարգչային խաղերի, հեռավար ուսուցման և անցանց հանդիպումների մոդելավորման մասին է։ Փաստորեն, մեզ առաջարկում են ընդհանրապես տանից դուրս չգալ։

Սակայն ես դա կկապեի մեկ այլ միտման հետ, այն է՝ այլընտրանքային իրավասությունների առաջացումը: Այժմ շատ ակտիվիստներ մտածում են այլընտրանքային պետություններ ստեղծելու մասին, որոշ երկրների կառավարությունները կազմակերպում են տնտեսապես ազատ գոտիներ՝ իրենց օրենքներով, դատարաններով, հարկերով, որպեսզի ներդրողների ներգրավեն, այդպիսին է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը Ղազախստանի մայրաքաղաքում, որտեղ անգլիական իրավունքն է գործում։ Այժմ պատկերացրեք, որ վիրտուալ տարածքում կհայտնվի հատուկ իրավասություն ունեցող նման այլընտրանքային պետություն։ Սա հատկապես կարևոր է, քանի որ մարդկությունը, այսպես թե այնպես, ընթանում է միջազգային վերպետական ​​ինստիտուտների միավորման և զարգացման ճանապարհով, որի վառ օրինակն է Եվրամիությունը։ Կարելի է ենթադրել, որ 200 տարի հետո կգա մեկ համաշխարհային պետության հերթը։

Սա մի կողմից լավ է, քանի որ պատերազմներ չեն լինի։ Մյուս կողմից, դա կհանգեցնի ամբողջական միավորման, և ժողովուրդները, ի վերջո, կկանգնեն իրենց ավանդույթների, մշակույթի և լեզվի կորստի վտանգի առաջ: Չնայած միաժամանակյա ավտոմատ թարգմանության համակարգը կարող է դադարեցնել այս գործընթացը: Ի վերջո, եթե բոլորն ունենան պատշաճ Google թարգմանիչ, ոչ ոք անգլերեն սովորելու կարիք չի ունենա:

Բոլոր դեպքում քաղաքական և իրավական որոշումներ կպահանջվեն, որոնք նույնիսկ համաշխարհային պետության պայմաններում բազմազանության հնարավորություն կտան։ Եվ այդ լուծումներից է հատուկ իրավասությամբ արտատարածության ստեղծումը։ Սրանք կարող են լինել տիեզերքներ, որոնք տեխնիկապես ձևավորված են տեսախաղի նման, բայց ֆիզիկական ներկայության էֆեկտով: Ահա թե որտեղ ենք ապրելու, գնալու աշխատանքի, զբաղվելու բիզնեսով և շփվելու ընկերների հետ։

Բնօրինակի հեղինակ՝ Константин Фрумкин, ПостНаука

Թարգմանիչ՝ Շուշան Խաչատրյան (Shushan Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Նյութը պատրաստվել և հրապարակվել է  «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցության ծիրում՝  Ուսուցչական առաջնորդության ամառային փորձնակության ծրագրի շրջանակում: