5 փաստ երկլեզվության մասին

Երկլեզվակիրների ստեղծագործական առավելությունները, բառապաշարը և նրանց տարբերությունը պոլիգլոտներից

Սահմանել, թե ինչ է երկլեզվությունը (բիլինգվիզմը), այնքան էլ հեշտ չէ: Ի տարբերություն այն ամենի, ինչ ուսումնասիրում է հոգեբանությունը, երկլեզվությունը հստակ բաժանում չէ․ ոչ ոք միալեզվակիր կամ երկլեզվակիր չէ: Յուրաքանչյուր ոք ունի որոշակի փորձ տարբեր լեզուների հետ: Որոշ ուսումնասիրություններ երկլեզվակիրներին սահմանում են որպես «մարդիկ, որ իրենց կյանքի մեծ մասը կանոնավոր կերպով վարժ խոսում են երկու լեզուներով»: Այն մարդիկ, որ ավելի վատ են խոսում երկրորդ լեզվով, սահմանվում են որպես միալեզվակիր: Մեկ այլ մոտեցում էլ ասում է, որ կարիք չկա մարդկանց խմբերի բաժանելու, պետք է պարզապես որոշել երկլեզվության շրջանակը։ 

Երկլեզվակիրների բառապաշարը միջինում ավելի նեղ է, քան յուրաքանչյուր լեզվի միալեզվակրինը

Երբ երեխան մեծանում է մի տանը, որտեղ խոսում են երկու կամ ավելի լեզուներով, նա շատ նորմալ ձևով սովորում է երկու լեզուները և սահուն խոսում։ Սակայն հայտնի է, որ երկլեզվակիրների բառապաշարը միջինում ավելի նեղ է, քան յուրաքանչյուր լեզվի միալեզվակիրների բառապաշարը։ Բայց միևնույն ժամանակ, երկլեզվակիրը խոսում է միանգամից երկու լեզվով, ուստի դա դժվար է թերություն համարել: Այսպիսով, այն փաստը, որ երեխաները տանը շրջապատված են միանգամից երկու լեզուներով, ոչ մի խնդիր չի առաջացնում. նրանք երկուսն էլ կսովորեն։ Երեխաների շուրջ անցկացված նեյրոպատկերային մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ նրանց արդյունքները համեմատելի են մեծահասակների արդյունքների հետ:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Երկլեզվությունը դրական է ազդում ստեղծագործականության վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ երկլեզվությունը և բազմալեզվությունը դրական են ազդում ստեղծագործական ունակությունների վրա: Ես այս տեսակի հետազոտություններ եմ կատարել իմ լաբորատորիայում վերջին 15 տարիների ընթացքում և պարզել եմ, որ ընտրողական ուշադրությունը, մի կատեգորիայից մյուսը տեղափոխվելու ասոցիատիվ կարողությունը, քանզի տարբեր կատեգորիաները տարբեր լեզուներով տարբեր կերպ են ասոցեացվում՝ այս ճանաչողական գործառույթները, որոնք ավելի ուժեղ են երկլեզվակիրների մոտ, դրական են ազդում դիվերգենտ և կոնվերգենտ մտածողության վրա:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը 5 անգամ ավելի քիչ է երկլեզու միջավայրում մեծացած մարդկանց համար 

Կան շատ նոր հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ երկլեզվությունը մարդկանց տալիս է զգալի ճանաչողական առավելություններ։ Օրինակներից մեկը վերաբերում է վերջերս Ֆլորիդայում անցկացված ուսումնասիրությանը: Ֆլորիդան այնպիսի վայր է, որտեղ մարդիկ տեղափոխվում են, երբ դառնում են 70 տարեկան, այսպիսով այնտեղ շատ են տարեցները: Այդ մարդկանցից շատերն ապրում են ծերանոցներում: Դրանցից մեկում ուսումնասիրություն է իրակնացվել, որտեղ մարդկանց հարցնում էին՝ արդյոք նրանք երկլեզու միջավայրում են մեծացել, թե ոչ։ Պարզվել է, որ այպիսի միջավայրում մեծացած մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը 5 անգամ ցածր է։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Երկլեզվակիրների և պոլիգլոտների միջև կա մեծ տարբերություն

«Եթե մարդը 15-16 տարեկանում՝ այսպես կոչված, հետսեռահասունացման շրջանում, տիրապետում է առնվազն հինգ լեզվի, ապա նրան անվանում են պոլիգլոտ։ Բայց սա բոլորովին այլ ունակություն է։ Պոլիգլոտները հաճախ այնքան սոցիալական չեն, որքան մյուս մարդիկ, և չնայած նրանք կարող են շփվել մեծ թվով լեզուներով, հաճախ չգիտեն, թե ինչպես օգտագործել դրանք, նույնիսկ կարիք չունեն այդքան լեզուներ իմանալու: Մյուս կողմից նրանք զրուցակիցներ են փնտրում, որպեսզի ստուգեն, թե որքանով ճիշտ են ձևակերպում արտահայտությունները տարբեր լեզուներով։ Եվ դա այն չէ, ինչ մենք անվանում ենք սովորական մարդկային շփում», – ասում է լեզվաբան Եկատերինա Պրոտասովան։

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Առաջ մարդիկ կարծում էին, որ երկլեզվությունը վատ է

«Գիտական ​​հետազոտությունները և երկլեզվակիրների համեմատությունները միալեզվակիրների հետ սկսվել են 100 տարի առաջ Ամերիկայում, երբ Եվրոպայից միգրանտների մեծ հոսք սկսեց։ Նրանք Էլլիս կղզի էին ժամանումՆյու Յորք, և տեղացի գիտնականները նրանց անմիջապես ներգրավում էին իրենց աշխատանքում՝ լեզվական և ճանաչողական կարողությունների թեստեր անցկացնելով: Պատկերացրեք մի միգրանտի, որ երկու շաբաթ նավարկել է ծովով, մինչ այդ փախել է վատ կյանքից, և այդ վիճակում պետք է փորձարկումներ անցնի։ Նա ամեն ինչ ձախողում է, և բացի այդ, միգրանտները չէին խոսում անգլերեն, քանի որ գիտեն միայն իրենց լեզուն։ 

Այս ուսումնասիրությունների հիման վրա նրանք եզրակացրեցին, որ երկլեզվությունը վատ է, քանի որ մի քանի լեզուներով խոսող մարդիկ վատ արդյունքներ են ցուցաբերում ճանաչողական կարողությունների, IQ թեստերի և լեզվական կարողությունների թեստերում», – ասում է հոգեբան Անատոլի Խարխուրինը:

Ավելին կարող եք կարդալ հղմամբ։

Բնօրինակի հեղինակ՝ Марика Кутидзе, ПостНаука


Թարգմանիչ՝ Ռեբեկա Ղազարյան (Rebecca Ghazaryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: