Պատմության հակիրճ պատմությունը և դրա դասերը
Այսօր ամենատարածված տեսակետի համաձայն պատմությունը գիտություն է մարդկային ցեղի և նրա ընկերային համակեցական կյանքի անցյալի մասին: Առաջին հայացքից կարծես թե իրապես նշվածը արտահայտում է պատմություն գիտության էությունը: Սակայն հարցը ունի շատ ավելի խորքային բովանդակություն, քան թվում է: Ընդհանրապես կարող ենք վստահորեն արձանագրել, որ պատմություն կոչվող եղելույթը ի հայտ է եկել մարդկության առաջացման գործընթացին զուգահեռ և հընթացս վերջինի ծավալած գործունեության անցել է զարգացման դժվարին, աստիճանական էվոլյուցիայի ճանապարհ: Իր սաղմնային փուլում արդեն պարզ էր այս գիտության հիմնական կոչումը և ստանձնած առաքելությունը անընդհատության հատկորոշիչով օժտված և Ժամանակ անունը կրող եղելույթի ծիրում: Այն է` պահել, պահպանել և ապագա սերունդներին փոխանցել նախորդ սերունդների կուտակած ամենամեծ հարստությունը` փորձը, և այդպիսով նպաստել մարդկային ցեղի շարունակական զարգացման գործընթացին: Ի սկզբանե պատմությունն ունեցել է նարատիվ բնույթ, այն է` հանդես է եկել ասքերի, առասպելների, պատմվածքների միջոցով, այլ խոսքով` եղել է բանավոր: Հընթացս ժամանակի մարդկությունը սկսում է զարգացում ապրել համակեցական կյանքի բոլոր ասպարեզներում` արտադրական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն: Եվ զարգացման ինչ-որ մի շրջանում, կենցաղային կամ այսպես կոչված տնտեսական դրդապատճառներից ելնելով, մարդը ստեղծում է առաջին գրային համակարգերը: Սակայն դրանք դեռևս չունեին որևէ այլ նշանակություն և կիրառվում էին միայն տնտեսական կամ առևտրական գործերում` նշելու համար ստացված բերքի, ունեցած եկամուտի կամ, ասենք, կորուստի չափերը: Միայն որոշ ժամանակ անց է, որ գիրը սկսում է կիրարկվել մշակութային տեքստերի գրանցման նպատակով: Փաստորեն իր զարգացման երկրորդ փուլում արդեն պատմությունը դառնում է գրավոր, այն է` ի հայտ են գալիս առաջին գրավոր տեքստերը՝ իբրև մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում կատարվածի նկարագրություն` ամրագրված որևէ իրի (պայմանականորեն ընդունենք թղթի) վրա: Այս փուլում, որը, ի դեպ, կարող ենք ասել, որ շարունակվում է ընդհուպ մինչև մեր օրերը (թեպետ պետք է խոստովանել, որ վերջին շրջանում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների աննախընթաց առաջընթացի պայմաններում, ի հայտ են եկել պատմության փոխանցման այլ մեխանիզմներ, ի դեմս կինոֆիլմերի, համակարգչային չիպերի և այլ նմանատիպ եղանակների), պատմության գրավոր փոխանցմանը զուգահեռ իր գոյությունն է պահպանում նաև նրա նարատիվ տարբերակը: Մարդկային բանավոր հիշողության հնարավորությունների սղությունից ելնելով՝ գրավոր տեքստերի միջոցով ընտրվում են ժամանակի հասարակական մտքի տեսանկյունից առավել կարևորագույն դեպքերը, դեմքերը, իրադարձությունները, որոնց մասին առկա տեղեկույթն էլ փոխանցվում է թղթին: Զուգահեռ կենցաղային-ժողովրդական միտքը բանավոր կերպով սերունդներին է հասցնում իր դիտանկյունից արժանահիշատակ երևույթներն ու եղելույթները: Պետք է խոստովանել, որ հաճախ այս երկուսի` հասարակական-քաղաքական, գիտական և ժողովրդական ընկալումների միջև լինում են տարբերություններ, եթե չասենք նույնիսկ հակոտնյա դրսևորումներ:
Այսպիսով՝ առաջին և ամենակարևոր պատճառը, որ մենք զբաղվում ենք պատմության ուսումնասիրությամբ, նախորդած սերունդների փորձի յուրացումն է բառի բուն իմաստով, և երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, ապագա սերունդներին մեր ժառանգածի փոխանցումը և վերջինիս հարստացումն է մեր գործունեությամբ: Սակայն մեկ կարևոր նկատառում. ելնելով ընկերային համակեցական հարացույցների և ընդհանրապես մարդուն բնորոշ այլության հատկորոշիչից` տարբեր հասարակական միջավայրերում պատմությունը անցնում է զարգացման տարբեր ճանապարհներ: Այսպես օրինակ. հին արևելյան ժողովուրդների մոտ պատմությունը այդպես էլ մնաց սոսկ իբրև եղածի, կատարվածի տեղեկույթ: Հարդյունս սրա՝ Հին Արևելքում այդպես էլ չձևավորվեց պատմագիտություն դիսցիպլինը: Ավելի մանրամասնելու նպատակով ասենք, որ Հին Արևելքում պատմություն շարադրողները իրենց առջև դրել էին հետևյալ հարցադրումները՝ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ: Այսինքն` նրանք իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելիս բավարարվում էին միայն տեղի, մասնակից անձանց և ժամանակագրության մասին համապատասխան նյութ փոխանցելով: Սակայն նրանք այդպես էլ չփորձեցին այդ ավանդական դարձած հարցադրումների կողքին ավելացնել նորերը՝ ի դեմս ինչու՞, եթե, ապա ձևերի: Արտաքնապես այս պարզունակ հարցերին անդրադառնալը պատմության կոնտեքստի շրջանակներում էական փոփոխություններ է ներմուծում վերջինիս ընկալման հասարակական և գիտական մակարդակներում:
Ի տարբերություն հին արևելյան իրականության` այս հարցադրումները իրենց ուրույն տեղն են գտնում հին հունական միջավայրում` իրենց կնիքը թողնելով հույների կողմից համակեցական նոր հարացույցի ձևավորման գործընթացի վրա: Ինչպես գիտենք՝ արխայիկ դարաշրջանում հունական միջավայրը ենթարկվում է էական կերպափոխումների, որի արդյունքը լինում է հունական զարգացած քաղաքակրթության ստեղծումը: Վերջինիս գլխավոր հակորոշիչներից մեկն էլ նորարարությունների հանդեպ նրա ունեցած յուրահատուկ վերաբերմունքն էր: Հույները բավական դյուրազգաց էին ցանկացած նորարարության հանդեպ: Ավելին` նրանք խթանում էին յուրաքանչյուր քայլ՝ ուղղված որևէ նոր բան ստեղծելուն` ի հակադրություն կրկին Հին Արևելքի, որտեղ միակ արարիչը Աստված էր: Եվ հենց Հին Հունաստանում է, որ պատմության ընկալման, նշանակության և շարադրանքի ոճի մեջ կատարվում են էական փոփոխություններ: Հույները արդեն սկսում են պատմությունը դիտարկել ոչ թե իբրև ասքերի, առասպելների, հերոսապատումների տեսքով զուտ նկարագրություն, թեկուզ և գրավոր, այլ իբրև միմյանց հետ պատճառահետևանքային կապերով շաղկապված եղելույթների հավերժական շղթա: Եվ ելնելով այս տրամաբանությունից` հույները փորձում են բացատրել կատարվածը` հիմք ընդունելով ոչ թե աստվածային կամքը, այլ մարդկային ռացիոնալ գործունեությունը: Սա արդեն խոշոր նորամուծություն էր ժամանակի հասարակական-քաղաքական մտքի համար:
Միջնադարյան քրիստոնեական աշխարհը եկավ հետին պլան մղելու պատմության նման ընկալումը, և այն կրկին սկսվեց դիտարկվել աստվածային նախախնամության շրջանակներում: Միայն Վերածննդի դարաշրջանում է, որ պատմության ընկալման ռացիոնալ տարբերակը կրկին գլուխ է բարձրացնում և շարունակում է վեր խոյանալ ընդհուպ մինչև մեր օրերը: Ֆրանսիացի մտածող Սեն-Սիմոնը և նրա հետևորդները նշում էին, որ պատմությունը գիտություն չէ անցյալի մասին, ընդհակառակը` այն գիտություն է ապագայի վերաբերյալ: Նրանք դա բացատրում էին նրանով, որ պատմության մեջ ամեն ինչ ունի պատճառահետևանքային կապ, ուստի պատմությունը հանդիսանում է անընդհատ կրկնվող իրադարձությունների ցիկլ: Եթե մարդիկ կարողանան անհրաժեշտ դասեր քաղել նրա էջերից, հնարավոր կլինի ընդհանուր ուրվագծերով տեսնել ապագան, իսկ ցանկության և բավարար կամքի դրսևորման պարագայում` նաև փոխել նրա ընթացքը:
Ինչ–ինչ վերապահումներով հանդերձ համաձայն ենք վերոնշյալ կարծիքի հետ` դրանով իսկ արդեն կանխավ ի դերև հանելով այն մոտիվացիան, որը մեզ դրդել է զբաղվել պատմության, այն է` մարդկային գործունեության վիթխարի փորձի ուսումնասիրությամբ:
Ոչ թե ի՞նչ, այլ ի՞նչու
Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել «պատմություն» և «պատմագիտություն» եզրույթների տարբերության վրա: Պատմությունը տեղի ունեցածի, կատարվածի սոսկ նկարագրությունն է՝ հիմնված ականատեսների վկայությունների վրա: Պատմություն շարադրողները մեծամասամբ թղթին են հանձնում այն, ինչի մասին տեղեկացել են այլ աղբյուրներից, կամ լավագույն դեպքում եղել են ականատեսը` չփորձելով, սակայն, ուրիշներից ստացված տեղեկույթը ենթարկել վերլուծության, համեմատության, չցանկանալով գտնել կապը պատմական եղելույթների միջև: Բոլորովին այլ է պատմագիտության պարագայում. Պատմագետը, երբ զբաղվում է պատմության ուսումնասիրությամբ, այն չի դիտարկում իբրև սոսկ անցած-գնացած իրադարձությունների նկարագրություն, այլ փորձում է գտնել պատճառահետևանքային կապը, դեպքերի զարգանալու ընդհանուր տրամաբանությունը, պատճառները, հետևանքները …. Ահա թե ինչու չենք կիսում այն կարծիքը, թե իբր պատմությունը գիտություն է միայն անցյալի մասին և չունի արդիական նշանակություն: Ճիշտ հակառակը. պատմությունը գիտություն է անցյալի ուսումնասիրությամբ ապագան ճիշտ կառուցելու մասին: Նրանք, ովքեր առավել դասեր կքաղեն պատմության մատուցած անգին դասերից, հնարավորություն կունենան ստեղծելու ապահով ապագա, միով բանիվ` ապագան այսօր էլ կա և մեզ ներկայանում է մի քանի «դռների» միջոցով: Թե որ «դուռը» կբացենք, ընտրողը մենք ենք…. Եվ հենց այստեղ է թաքնված պատմության հիմնական առաքելությունը` իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնելու կայացնել ճիշտ ընտրություն:
Երկրորդ կարևոր նկատառումն այն է, որ պատմության ընկալման տարասեռությունն առաջ է բերում մեկ այլ լուրջ խնդիր, որի հետ մասնագետները բախվում են նաև մեր օրերում: Հեծանիվ հայտնաբերած չենք լինի, եթե ասենք, որ ինչպես պատմիչներն, այնպես էլ պատմաբանները սովորական մահկանացուներ են, ուստի և զուրկ չեն սուբյեկտիվի հատկորոշիչից: Այլ խոսքով` պատմական եղելույթներն արձանագրելիս և դրանք գնահատելիս վերջիններս անպայմանորեն ուղղորդվում են իրենց զգացմունքներով, նախապատվություններով, լավի և վատի սուբյեկտիվ ընկալումներով: Այստեղից էլ առաջանում է այն մտավախությունը, որ այն, ինչ հանձնվել է թղթին, գուցե և ոչ մի ընդհանուր կապ չունի իրականում կատարվածի հետ, այլ ընդամենը արդյունքն է հեղինակի կողմից վերջինիս ընկալման: Բացառված չէ նաև, որ աշխատանքը գրված լինի մեկի պատվերով, ուստի և ի սկզբանե դատապարտված լինի կողմնակալության: Ի դեպ, նման գործեր քիչ չեն պատմության ընթացքում: Ահա և մասնագետի խնդիրն է ոչ թե կուրորեն հավատալ շարադրանքին, այլ նրան մոտենալ սկեպտիցիզմով` փորձելով հնարավորինի սահմաններում կարդալ տողատակերը, ենթատեքստը:
Պետական շահեր
Այժմ եկեք հարցը դիտարկենք ազգային-պետական քաղաքականության դիտանկյունից: Եթե չասենք դոմինանտ, ապա տարածված տեսակետ է, որ պատմությունը հանդիսանում է քաղաքականությանը սպասարկող գիտակարգ: Իհարկե, գուցե և ձևակերպումը բավական խիստ է, սակայն ճշմարտության որոշ հատկանիշներ այնուամենայնիվ առկա են: Ասվածը պետք է հասկանալ հետևյալ իմաստով. պատմությանը վիճակված է վիթխարի առաքելություն կատարել ազգային–պետական շահերից բխող քաղաքականություն իրականացնելու ճանապարհին: Այլ խոսքով` երբեմն պետական շահը պահանջում է, որ պատմական դեպքերը և իրադարձությունները ներկայացվեն այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Արդարացի են այն պնդումները, թե այս դեպքում տուժողը «պատմագիտություն» դիսցիպլինն է, որը ակամայից վերածվում է գործիքի մարդկանց ձեռքում: Սակայն վերևում արդեն նշվել էր, որ պատմության ընկալման և ներկայացման մեջ սուբյեկտիվի գործոնը վիթխարի դերակատարություն ունի այնքանով, ինչքանով որ այն մարդածին եղելույթ է: Այսինքն՝ այսպես թե այնպես պատմությունը, ինչպես և ցանկացած մարդածին երևույթ, չի կարող ամբողջովին օբյեկտիվ լինել: Այդ դեպքում ինչու այդ սուբյեկտիվի հիմքում չդնել պետական շահը՝ բնականաբար թույլատրելի սահմաններում և ժամանակի հասարակական ու գիտական շրջանակների տրամադրություններին համապատասխան: Մյուս կողմից էլ պետք է ընդունել այն փաստը, որ այն պատմությունը, որ մեզ հրամցվում է, ինքնաստեղծ չէ. այն ստեղծվել և գրի է առնվել մեր իսկ կողմից, ուստի և այնքանով, ինչքանով պատմությունն է ծառայում տվյալ ժամանակի քաղաքական շահերին, այնքանով էլ դրանք ծառայում են իբրև հիմնական մոտիվացիա այդ նույն պատմությունը «ստեղծելու» համար։
Միով բանիվ՝ կարող ենք արձանագրել, որ, ելնելով մեր առջև դրված նպատակներից և հարցադրումներից՝ պատմության մեկնաբանությունը ներկայանում է տարբեր ձևաչափերով: Ընդունելով այս իրականությունը՝ պետք չէ, սակայն, գնալ ծայրահեղությունների և անհեթեթության չափերի հասնող կեղծարարությունների, ինչը դարձել է մեր հարևան երկրի սիրելի զբաղմունքներից մեկը: Պատմությունը կարող է և երբեմն նույնիսկ անհրաժեշտ է, որ սպասարկի տվյալ պետության պետական շահերը: Սակայն սա այնքան էլ հեշտ և դյուրամարս գործ չէ: Որպեսզի այն չտապալվի և նույնիսկ հակառակ արդյունք չունենա, անհրաժեշտ է ամենայն լրջությամբ մոտենալ խնդրո առարկային: Այս դեպքում արդյունքը կարող է նույնիսկ գերազանցել սպասելիքները և լուծել հետապնդվող քաղաքական նպատակը: Մեր պես հարուստ պատմություն ունեցող պետության պարագայում, կարծում ենք, խնդիրը առավել հեշտ լուծելի է անհրաժեշտ կամքի առկայության դեպքում:
Հեղինակ՝ Հայկ Փայտյան (Hayk Paytyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: