«Թարգմանության ուղի «Ինլայթ»-ում | Կարիերայի հնարավորություններ կրթության ոլորտում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ» միջոցառման ամփոփում
Օրեր առաջ՝ մարտի 30-ին, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի գրասենյակում կայացավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի և Երևանի ու Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանների կողմից կազմակերպված համալսարանական արտադրական պրակտիկայի ամփոփիչ հանդիպումը։
Միջոցառմանը ներկա էին ուսանող-պրակտիկանտներ, համալսարանական ներկայացուցիչներ, կազմակերպության անդամներ և այլ հյուրեր։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին պրակտիկայի ընթացքն ու վերջնարդյունքները․ հիշեցնենք, որ համալսարանական պրակտիկան անցկացվել է հեռավար ձևաչափով և տևել է վեց շաբաթ, որի ընթացքում ուսանողները կատարել են թարգմանական, խմբագրական և վերլուծական աշխատանքներ՝ բարելավելով իրենց մասնագիտական հմտություններն ու անձնային որակները։ Ի հավելումն՝ կազմակերպության կողմից նաև նախաձեռվել է թվով երեք բանախոսություն՝ նվիրված պրակտիկանտների նախնական գիտելիքների հարստացմանն ու միտված իրականացվելիք հանձնարարականների ուղղորդմանը։ Այսպիսով, արդյունքում ունենք 38 նոր թարգմանություն, 15 խմբագրություն, 24 վերլուծություն։
Բացի այդ՝ հյուրընկալ կազմակերպության կողմից ներկայացվեցին «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի գործունեության կարևոր կետերը և վերջինիս միանալու հնարավությունները, որոնց կարող եք ծանոթանալ այս հղումով։
Որպես վերջաբան՝ ներկաներն իրենց գիտելիքները ստուգեցին թարգմանչական թիմային խաղի միջոցով՝ վեհիշելով ոլորտի հետ առնչություն ունեցող հետաքրքիր փաստեր և բացահայտելով նորերը։
Ուսանողների խոսքերով՝ պրակտիկան «արդյունավետ և բազմաբովանդակ» է եղել ու «մեծապես նպաստել է իրենց մասնագիտական աճին»։ Բարձր գնահատելով և՛ ուսանողների, և՛ կազմակերպիչների ունեցած ներդրումներն ու ներգրավվածությունը՝ կազմակերպությունը նրանց շնորհեց հատուկ հավաստագրեր և խորհրդանշական ընծաներ։
Ջերմորեն շնորհակալություն ենք հայտնում հանդիպման բոլոր մասնակիցներին՝ վստահ լինելով, որ այլ ձևաչափերով համագործակցության առիթները սպասեցնել չեն տա։
👉«Ինլայթ»-ի կարիերայի հնարավորություններին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ:
👉«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կրթական ծրագրերին և հնարավորություններին ծանոթանալու համար անցեք այս հղմամբ: