Ինչպե՞ս նախագծել քաղաք հոգեկան առողջությունը բարելավելու նպատակով՝ ըստ գիտության
Փորձագետներն ասում են, որ մեր թաղամասերում փոքր փոփոխությունները, օրինակ՝ որտեղ ենք նստում, քայլում կամ հավաքվում, կարող են մեծ ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե որքան կապված ենք զգում մեզ շրջապատող մարդկանց հետ։
Էրին Փիվեյը չորս ամսական հղի էր, երբ կորցրեց մորը քաղցկեղի պատճառով։ Երբ նրա դուստրը ծնվեց 2019 թվականի հունվարին, միայնության զգացողությունը գլուխ բարձրացրեց։ Մայրն Էրինի հենարանն էր, մշտական աջակցության աղբյուրը։ Այժմ տանը մենակ, նորածնի հետ, մինչ ամուսինն ամբողջ դրույքով աշխատում էր, Փիվեյը մնում է կառչած մոր տված խորհրդից՝ կապի մեջ մնալ։
Ամեն օր Փիվեյն իր նորածնին կապում էր կրծքին և զբոսնում Դալասում՝ Տեխասի իրենց թաղամասում։ Նա ժամանակ էր անցկացնում սրճարաններում, փոքր զրույցների բնռվում մթերային խանութում՝ ձեռք բերելով այսպես կոչված «երրորդ վայրեր» այցելելու սովորություն․ սա քաղաքական սոցիոլոգների կողմից օգտագործվող տերմին է, որը նշանակում է տնից և աշխատանքից բացի այլուր տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպման վայր, որ կարող է խթանել համայնքային կապը։ Փիվեյը, լինելով ճարտարապետ, ասում է, թե իրեն անհրաժեշտ չէր խորը հաղորդակցում ուրիշների հետ, պարզապես փողոցում գտնվելիս նա ընդհանուր կապ էր զգում իր ու մարդկանց միջև։
«Դա կարծես հակաթույն լիներ միայնության, մորս կորստից հետո իմ մեջ սկսած հոգեբանական պայքարի և միաժամանակ առաջին անգամ մայրանալու դեմ, — ասում է նա, —, ես պարզապես ապշած էի այս նվերից, որն իմ շրջապատի կառուցված միջավայրն ինձ հարմար էր… այն օգնում էր հաղթահարել»։
Շատ փորձագետներ այսօր միայնությունը համարում են հանրային առողջապահության համաճարակ, իսկ ԱՄՆ նախկին գլխավոր վիրաբույժը նախազգուշացնում է, որ միայնությունը ազդում է ամերիկացի մեծահասակների մոտավորապես կեսի վրա և վաղաժամ մահվան ռիսկը բարձրացնում է այնպիսի մակարդակի, որքան օրական 15 ծխախոտ ծխելն է։ Բայց երբ հոգեկան առողջության մարտահրավերներ խորանում են, փորձագետներն, ինչպիսին Փիվեյն է, հարց են տալիս․ իսկ ի՞նչ կլիներ, եթե մեզ շրջապատող տարածքները կարողանային մեզ օգնել այդքան միայնակ չզգալ։
«Կառուցված միջավայրը` ամեն ինչ՝ սկսած մեր փողոցներից մինչև բնակարաններն ու տրանսպորտային համակարգերը, չափազանց կարևոր մաս է այն բանի, թե ինչպես ենք շփվում միմյանց հետ, —, ասում է Ջուլիա Դեյը՝ Gehl քաղաքային ռազմավարության միջազգային ֆիրմայի գործընկերը, — թեև համաճարակին արձագանքելը պահանջում է բազմաթիվ գործիքներ, սակայն տարածքի նախագծման ու ծրագրավորման փոփոխությունները հիմնական բաղադրիչներից են»։ 2024 թվականին Սոցիալական կապի հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցը ընդգծում է այդ միտքը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է կառուցված միջավայրը խոչընդոտել կամ խթանել իմաստալից սոցիալական շփումներին՝ լինի դա կարճատև, թե խիստ անձնական։
Այս գաղափարները նոր չեն, բայց ավելի մեծ հայտնիություն են ձեռք բերում։ Փիվեյը նշում է՝ դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ պանդեմիան օգնեց վերացնել միայնության շուրջ ձևավորված կաշկանդվածությունը և մարդկանց ստիպեց ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց ֆիզիկական միջավայրին , երբ տանը փակված էին։ «Վերջին հինգ և ավելի տարիների ընթացքում մենք սկսեցինք գիտակցել՝ գոյություն ունեն կառուցվածքային գործոններ, որոնք մեծ ազդեցություն են ունենում մեր առողջության, բարեկեցության, տնտեսական արդյունքների վրա և ոչ միայն, — ասում է նա, — իսկ այդ գործոններից մեկը մեր կառուցված և ֆիզիկական միջավայրն է»։
Կապի նպատակով նախագծում
Սոցիալական կապի նպատակով նախագծելու հարցը միասնական և համընդհանուր լուծում չունի։ Սակայն, ճարտարապետները, քաղաքային պլանավորողները, քաղաքականություն մշակողները և այլ մասնագետներ մշակել են տարբեր ռազմավարություններ, որոնք մեծացնում են պատահական կամ նշանակալից շփումների հնարավորությունները թե՛ մասնավոր բնակարաններում, թե՛ հանրային տարածքներում։
Փիվին ունի սոցիալական առողջության համար ապացույցների վրա հիմնված նախագծման ուղեցույցներ, որոնք նա անվանել է PANACHe։ Նա ասում է, թե այդ տարրերը ներառող վայրերից մեկը իտալական պիացաներն* են։ Դրանք հասանելի են մարդկանց (մատչելիություն), ունեն ռեստորանների և խանութների կենտրոններ (ակտիվություն), իսկ շենքերը կառուցված են բնական կավե աղյուսներից ու քարերից՝ հաճախ ծածկված բաղեղներով (բնություն)։ «Երբ տարածքները օգնում են մեզ զգալ արմատավորված և ավելի հանգիստ, ինչը բնության տվածի մեծ մասն է կազմում, դա կարող է օգնել մարդկանց ավելի ազատ զգալ», —ասում է նա։
Այս գաղափարները արտացոլվում են նաև Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանի ուսանողական հանրակացարանային համալիրում, որը համատեղ նախագծվել է Safdie Rabines Architects-ի և HKS Architects-ի կողմից, որտեղ Փիվեյն առողջության և բարեկեցության ոլորտում դիզայնի առաջատար է: Այն ներառում է համատեղ տարածքներ խոհարարության և շփման համար, միմյանց հետ կապվող աստիճաններ և մեծ պատուհաններ, որոնք նայում են ընդհանուր տարածքների՝ խթանելու սոցիալական և ակադեմիական փոխազդեցությունները։ Կառուցումն ավարտելուց հետո ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ուսանողների կողմից ինքնահայտարարված դեպրեսիայի մակարդակը նվազել է 8.2 տոկոսով, իսկ բնակելի տարածքներից գոհունակությունը՝ աճել մոտ 28 տոկոսով։
Մյուս կողմից՝ Կանադայում գործող «Happy Cities» խորհրդատվական ընկերությունը փորձում է նման գաղափարները կիրառել քաղաքային բնակարանային կառուցապատման մեջ։ Ամբողջ աշխարհում խորացող բնակարանային ճգնաժամի պայմաններում քաղաքային պլանավորող և հաղորդակցման բաժնի ղեկավար Էմմա Էյվերին նշում է, որ բազմաբնակարան շենքերի և քաղաքային տների նման բնակարանային լուծումների հանդեպ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։
«Մենք ունենք բնակարանների անհասանելիություն և կլիմայական ճգնաժամ։ Ունենք սոցիալական մեկուսացման և միայնության ճգնաժամ, և մենք իսկապես պետք է միասին աշխատենք այս բոլոր խնդիրները միաժամանակ լուծելու համար, — ասում է Էյվերին, — եթե կառուցում ենք հազարավոր նոր բնակարաններ այս բարձրահարկ աշտարակներում, որքանո՞վ ենք վստահ, որ դրանով չենք խորացնում սոցիալական մեկուսացումը»:
Դրան հասնելու համար «Happy Cities» և «Hey Neighbour Collective» կազմակերպությունները համատեղ մշակել են գործիքակազմ՝ հիմնված ավելի քան տասնամյա հետազոտության վրա։ Հիմնական առաջարկությունները ներառում են շենքերը շրջակա թաղամասների հետ միավորելը, հասարակական և մասնավոր տարածքների միջև աստիճանական անցումներ ստեղծելը և օգտագործվող հարմարությունների համատեղումը։
Այս կոնցեպտները հիմք հանդիսացան Վանկուվերում «Our Urban Village» նախագծի զարգացմանը։ Սա 12-բնակարանանոց շենքերի կառուցման նախագիծ է, որտեղ բնակիչները ապրում են համատեղությամբ։ Հետևելով «հրավերի» իրենց սկզբունքին՝ կան, օրինակ, լայն բացօթյա միջանցքներ, ընդհանուր բակ և սոցիալական անկյուններ երկար ժամանակ անցկացնելու և հաղորդակցվելու համար։ Մի ուսումնասիրություն ցույց է տվել՝ տեղափոխվելուց վեց ամիս անց բնակիչների 100 տոկոսը նշել է, որ իրենք երբեք կամ հազվադեպ են միայնակ զգացել, իսկ 88 տոկոսը երկու կամ ավելի հարևանների հետ ընկերացել է:
«Մենակությունը միշտ չէ, որ կապված է սոցիալական հարաբերությունների պակասի հետ, այն կախված է նրանից, թե որքան բավարարված եք այդ հարաբերություններով, — ասում է Էյվերին, — դա է պատճառը, որ մենք կենտրոնացած ենք ստեղծելու այդպիսի «կանչող» տարածքներ, որտեղ մարդիկ կարող են կանգ առնել, ավելի բաց լինել կապի համար և դա անել սեփական տեմպով»։
Հանրային վայրերը ևս ավելի մեծ հետաքրքրություն են գտել, հատկապես պանդեմիայից սկսած։ Չնայած նրանց գործիքակազմը կենտրոնանում է բնակարանաշինության վրա՝ Էյվերին ասում է, որ որոշ կոնցեպտներ կարող են կիրառվել նաև հանրային տարածքների համար: Դրանցից մեկն ակտիվացումն է, որտեղ տարածքն ակտիվանում է կանխամտածված զբաղմունքներով՝ տեսնելու և անելու, կլինի դա նստարան, խաղահրապարակ, թե հանրային զբոսայգի։
Gehl-ի և Տորոնտոյի համալսարանի հանրային առողջապահության հետազոտողների կողմից վերջերս իրականացված մի հետազոտություն ընդգծում է հանրային տարածքները ակտիվացնելու կարևորությունը։ Նրանք ուսումնասիրել են The Bentway-ը՝ Տորոնտոյի գլխավոր ավտոճանապարհներից մեկի տակ գտնվող, ժամանակին անտեսված մի տարածք, որը ձևավորման և նախագծման միջոցով վերափոխվել է։ Այցելուների մեծ մասը նշել է, որ այդ տարածքում իրենց ավելի առողջ և սոցիալապես կապված են զգացել՝ մասնավորապես լանդշաֆտային տարրերի, հանրային նստարանների և արվեստի հետ կապված միջոցառումների ընդգրկման շնորհիվ։
Դեյն ասում է, որ մինչ քաղաքային պլանավորողները գնալով գիտակցում են նման տարրերի արժեքը, հանրային առողջապահության մասնագետներին հաճախ անհրաժեշտ են ավելի կոնկրետ տվյալներ դրանց ներառմանը աջակցելու օգուտների մասին։
«Նմանատիպ ավելի շատ ուսումնասիրություններ կատարելը, ինչպիսին The Bentway նախագիծն է, շատ օգտակար է հանրային առողջապահության, քաղաքային պլանավորողների և կառուցապատողների միջև ավելի նշանակալից համագործակցություններ ձևավորելու համար։ Այդպիսով նրանք իսկապես կարող են միասին աշխատել ըստ անհրաժեշտության և համոզվել, որ սոցիալական մեկուսացմանը անդրադառնալը նախագծման առաջադրանքի հիմնական մաս է կազմում», — ասում է նա։
Մարտահրավերները և հնարավորություները
Այս նախագծային գաղափարներն իրականություն դարձնելը միանշանակ պարզ և հեշտ չէ։ Կառուցված միջավայրերը խիստ կանոնակարգված են և համաձայնեցված բազմաթիվ շահառուների՝ կառուցապատողների, տեղական և պետական իշխանությունների, ինչպես նաև համայնքի անդամների կողմից, որ հաճախ ունեն մրցակցային շահեր։ Բացի այդ, առաջնահերթություններն ու քաղաքականությունները կարող են փոփոխվել կառավարությունների փոփոխության հետ մեկտեղ։
Ավելի շատ միջոլորտային համագործակցություններ և հետազոտություններ են անհրաժեշտ։ Քենդիս Ջին՝ քաղաքաշինական պլանավորող և նախագծող «Gehl» ընկերությունում, նշում է, որ երբ նոր էին սկսում զբաղվել այս խնդրով, համակարգված տվյալներ գրեթե գոյություն չունեին։ «Մենք շարունակում ենք ձևավորել գործնական քայլերի համար ապացույցների բազա՝ մեր կողմից անցկացվող տարբեր հետազոտությունների միջոցով», — ասում է նա։
Նյու Յորքի համալսարանի՝ սոցիոլոգիայի պրոֆեսոր Էրիկ Կլինենբերգը՝ «Palaces for the people» գրքի հեղինակը, ասում է, որ վերջին տասնամյակում սոցիալական ենթակառուցվածքներին կարևորություն տալը ավելի լայն տարածում է ստացել, սակայն դա միշտ չէ, որ հանգեցրել է ռեսուրսների աճի։ «Հասարակական տարածքներին և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված ներդրումները շարունակում են մնալ սակավ ու անհավասարաչափ, — նշում է նա, — այգիների, դպրոցների, գրադարանների և հանրային տարածքների համար նախատեսված ծախսերի կրճատումները կառավարության կողմից սպառնում են խորացնել մենակության և մեկուսացման վտանգը հենց այն պահին, երբ մարդիկ ավելի ամուր կապերի կարիք ունեն»։
Այնուամենայնիվ, որոշ քաղաքներ կիրառում են այս գաղափարները։ Օրինակ, Նյու Յորքի «Ակտիվ նախագծման ուղեցույցները», թեև կենտրոնացած են ֆիզիկական առողջության վրա, միևնույն է, խրախուսում են սոցիալական փոխազդեցությանը նպաստող տարրերը։ Բարսելոնայի 10-ամյա ծրագիրը՝ ուղղված միայնության նվազեցմանը, ներառում է քաղաքի վերակառուցումը համայնքային տարածքների, ինչպես նաև բնակարանային համատեղ օգտագործման նոր ձևերի խթանումը։ Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում «Seoul Without Loneliness» նախագիծը ցուցաբերում է բազմակողմանի մոտեցում՝ ներառելով հանրախանութների՝ որպես «երրորդ վայրերի» օգտագործումը, որտեղ մարդիկ կարող են հավաքվել մեկ ափսե ռամենի շուրջ, ինչպես նաև բավարար բաց տարածքների առկայության ապահովումը։
«Երբ սկսենք կառուցել այնպիսի վայրեր, որոնք նպաստում են վստահության ձևավորմանը, պատկանելիության զգացողությանը և մենակության դեմ պայքարին, — ասում է Փիվեյը, — դա մեր կյանքում դրական ազդեցության ալիք կստեղծի»։
*(թարգմանչի կողմից) Հանրային հրապարակ կամ շուկա, հատկապես իտալական քաղաքում։Ծանոթագրություն
Թարգմանիչ՝ Անահիտ Մարտիրոսյան (Anahit Martirosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:








