Հայոց պատմության բոլոր շրջափուլերում իշխանների, տերերի, ինչպես նաև ժողովրդի անմիաբանության պատճառով օդում առկախ է եղել երկրի ամբողջականության ու լինելիության խնդիրը, և մինչ օրս էլ այդ հարցն արդիական է: Սակայն քսաներորդ դարում Եղիշե Չարենցն իր ստեղծագործությամբ բանաձևեց դարերի բովով անցած ու նոր սերունդներին հասած բոլոր ժամանակների համար հենակետային հարցը. ո՞րն է մեր ազգային դժբախտության պատճառը:
Այս վերլուծության նպատակն է բացահայտել Եղ. Չարենց գրողի ու ազգային բախտի ճանապարհին կանգնած մտածողի որոնումներն ու մտահանգումները:
ՀԱՅՈՑ «ԴԱՆԹԵԱԿԱՆԸ»
Մարդկային ապրումների անսահման աշխարհում` սիրո, կարոտի, երազանքների ու կյանքի իմաստի որոնման բարդ հանգույցներում Չարենցը սկզբիցևեթ հաստատեց իր անմնացորդ նվիրումը հայրենիքին: Ազգային ցավի ողբերգությունն ու վերածնության հույսը դարձան նրա ապրումների առանցքը, նրա ինքնաարտահայտման ու ինքնաճանաչման հիմքը: Կամավորական զորքերի հետ հայրենիքի փրկության հույսով հասնելով մինչև Վան` բանաստեղծը տեսնում է իրական հայրենիքի վիճակը և տեսածի ու զգացածի անմիջական տպավորությամբ 1915-1916 թթ. գրում է «Դանթեական առասպել» պոեմը: Երկում բանաստեղծը վերարտադրում է համազգային դժբախտությունը: Այդ մեծ ողբերգության պատճառները նա չի քննում պոեմում, սակայն հիմնաքար է դնում այն դատողության կառուցման համար, որ պիտի գրեր 1933 թ.: Պոեմում տեսնում ենք կործանված հայրենիքի պատկերը, Հայաստանի փլատակները, որոնք վերջին ավերումն են կրում, և Չարենցի ստեղծագործության մեջ առաջանում են ազգային հավաքականության խնդրի սաղմերը, որոնք հետագայում պետք է վերածվեին «Վահագն» (1916թ.) և «Ազգային երազ» (1917թ.) պոեմների:
Մեր ուսումնասիրությունը կենտրոնացված է ոչ թե մեկ ստեղծագործության շուրջ, այլ փորձել ենք պարզել չարենցյան պատգամախոսության («Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է») ակունքները, թե որտեղի՞ց է այն սկսվել, ի՞նչ ուղի է անցել և ու՞ր է հասել:
Այսպիսով` «Դանթեական առասպելին» գաղափարական տեսակետից լրացնում է «Վահագնը»: Այս փոքրածավալ, բայց բարձրարժեք բովանդակությամբ ստեղծագործության մեջ ուրվագծված է ազգային կյանքի պատկերը: Հեղինակը ներքին զայրույթով ընդվզում է բոլոր այն սին խոստումների ու թերացումների դեմ, որոնք նախկինում տրվել էին տարբեր գործիչների կողմից (դաշնակցականների)` ազգային գաղափարախոսության ու հայրենիքի միասնականության վերականգնման վերաբերյալ: (Այստեղ հարկ է հիշել ժողովուրդի ունեցած հույսերը` կապված Առաջին հանրապետության և դրա ղեկավարության հետ):
«…Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս` հզոր, մարմնացում Ո՛ւժի-
Իսկ նրանք եկան` արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…»:
Ահա այդ փոշի դարձած հայրենիքն էր ապրում Եղ. Չարենցի ներսում ու այդ հայրենիքի ներկա ցավալի դրությունն ու ապագայի անորոշությունն են ստիպում նրան ավելի ու ավելի դառնացնել իր խոսքերն ու հանդիմանական շեշտով դիմել նրանց, ովքեր ազգի ու հայրենի երկրի կործանման պատճառն էին դարձել:
«…Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր-
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…»:
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԸ
Հեղափոխությունն իր հետ բերում է նոր հույսեր, որոնք Եղիշե Չարենցը պատկերում է 1917 թ.-ին գրված «Ազգային երազ» պոեմում: Երկը սկսում է երազով և ավարտվում` արթնացումով: Գործողությունները զարգանում են երազի մեջ։ Մեծ եղեռնի ֆոնի վրա ներկայացվում է ժամանակի հայ «ազգային գործիչների» արկածախնդիր գործելակերպը, կեղծ հայրենասիրական պոռոտախոսությունը և այն վնասները, որոնք նրանք պատճառում են կործանվող ժողովրդին: Դանթեական առասպելը վերածվում է միֆական Վահագնի ու վերածնվում որպես «ազգային երազ», որը Չարենցն իր հերոսներով փորձեց «միֆից, ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից» տեղափոխել իրական հարթակ` իրականության մեջ դնելով հիմնաքարեր: Նա «Երկիր Նաիրի» վեպով գծագրեց անմիաբանության, ներքին խռովությունների ու պառակտությունների, ինչպես նաև անհեռատեսության պատճառով երկրի ու ազգային հավաքականության փլուզումը: Կարսի անկումը միայն Կարս քաղաքի անկումը չէր, դա ամբողջ հայ ժողովրդի պարտությունն ու կործանում էր: Հայրենիքի փրկության, գալիքի, ապագայի նկատմամբ ունեցած հույսերի արծարծումներն ուղեկցել են Չարենցին ողջ ստեղծագործական ճանապարհի ընթացքում:
1920 թ. աշնանը Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընկնում են Օլթին, Սարիղամիշը, Իգդիրը և բանաստեղծի հայրենի քաղաք Կարսը: Նոյեմբերի սկզբին թշնամին մտնում է Գյումրի: Թվում է` եկել էր Հայաստանի գոյության վերջին օրը:
Ահա քաղաքական ծանրագույն այս կացությունն է արտահայտված «Մահվան տեսիլում», որը կորցրած հայրենիքի ողբերգության ու բոլոր կործանված հույսերի խտացումն է: Երկրի լարվածությունն ու տագնապները փոխանցվում են նաև երիտասարդ բանաստեղծին, և ինքնազոհման պատրաստ Չարենցը ոչ միայն կոչ է անում միասնական լինել, այլև ցանկանում է այդ ամբողջ քաոսի ու արյունահեղությունների մեջ լինել վերջին զոհն ու նահատակը: Այստեղ լավագույնս դրսևորվում է հեղինակի տագնապը հայրենիքի բախտի նկատմամբ ու որպես Նաիրի երկրի վերջին երգիչ` նա պատրաստ է դառնալ վերջին զոհն ու նոր կյանքի առաջին հիմնաքարը:
«Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մո՛տ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…»:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ
Նրա վերջին գիրքը` «Գիրք ճանապարհին», դառնում է գրողի ներքին մտորումների, բախումների, հիասթափությունների ու ակնկալիքների վերջին հենակետը: Գրականագետ Հր. Թամրազյանը իրավացիորեն նկատում է.
««Գիրք ճանապարհին» տառապած կյանքի, շիկացած մտքի և արյան գիրք է»:
Իր ակունքներում ունենալով Խորենացուն, Աբովյանին, Սիամանթոյին, Կոմիտասին ու Թումանյանին` ժողովածուում Չարենցը զրուցում է գալիքի մարդու հետ ազգային ճակատագրի ողբերգականության շուրջ:
«Մի ներքին կապ է ստեղծում «Մեր առաջին իշխանների անիմաստասեր բարքի մասին» գլխի, հռչակավոր «Ողբի» և «Պատմության քառուղիներով» պոեմի միջև: Սիամանթոյի ոգին որոշ կողմերով հարություն է առնում «Մահվան տեսիլի» մեջ: Բարձրանում է Աբովյանի դրամատիկ կերպարը («Դեպի լյառը Մասիս»), ընդգծվում է պատմական Վարդանի ու նորագույն հեղափոխական հերոսի զուգահեռը, հակադրվում են առասպելն ու իրողությունը, բոլորովին անսպասելի Չարենցը մոտենում է նաև հայ ժողովրդի ծագման ու հերոսության էպոսին»,- նշում է Հր. Թամրազյանը:
Բոլոր դեպքերում խորաթափանց գրողը վերահաս աղետի զգացողությամբ փորձում է քննել պատմության ներքին խորհուրդներն ու փորձը` թանձրացնելով ժողովրդի պատմական բախտի փիլիսոփայությունը: Այս ամենով, քնարական-վերլուծական նրբին անցումներով Չարենցը հյուսում է հայոց բախտի երգը: Նրա քնարերգությունը լի է անուղղակի հարցադրումներով. ինչո՞ւ ենք մենք եղել խեղճ, ինչի՞ց են գալիս անկումները, ինչո՞ւ հզոր, ուժեղ ու հաստատաքայլ չենք անցել մեր պատմության դարավոր ճանապարհները: Այս հարցերի հոգեբանական հիմքերը հասկանալի են: Ոչ վաղ անցյալում տեղի էր ունեցել ջարդ, կոտորած, հայ ազգի կյանքը կանգ էր առել մահվան ու կյանքի սահմանագծում, ամենուր ավեր էր, դիակներ ու կիսամեռ մարդիկ, իսկ ներկան` ոչնչով հույս չէր ներշնչում: Չարենցի գլխավոր մտահոգություններից էր նաև այդ ծանր ճանապարհին մեր ժողովրդի տված ֆիզիկական ու բարոյական կորուստները:
«Գիրք ճանապարհի» ժողովածուում ժխտելով միջնադարի «հանճարեղ», բայց «ժանտաբարո դպիրների» վաստակը («Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության»)՝ նա մի տողով բացում է իր ցավի բուն պատճառը: Այդ դպիրներն իրենց մութ խուցերում կոփել են «ստրուկ մի ժողովուրդ»: Այս նույն գաղափարը Չարենցն արտահայտում է «Պատմության քառուղիներով» պոեմում: Պոեմը սկսվում է հետևյալ կերպ.
«Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար`
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհուրատում է մեր դեմ գալիքնափայլ»:
Եղ. Չարենցը հերթով անցնում է մեր պատմության քառուղիներով, քննում է ամեն մի կածան ու շավիղ, ցույց է տալիս, որ ունեցել ենք փառահեղ անցյալ, սակայն վերջիվերջո նետվել ենք կյանքի արվարձանները և մեր հողն ու երկիրը դարձրել անդաստան:
Ազգի խեղճության ու ստրկության հիմքը նա տեսնում է հոգևորականության տված սխալ դաստիարակության ու բարոյախոսության մեջ, նրանք հոգացել են միայն բարեկեցության ու գոյատևման մասին ու իրենց խուցերում չեն պահել երկաթ կամ գոնե մի այլ զենք, որ օրհասական պահին իրենց «պոռթկուն երգերին խառնեն այդ զենքերի ուժն» ու ժողովրդին որբության չմատնեն:
«Փոքրիկ, ողորմելի, խեղճ-
Իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած,
Եվ ո՛չ մի, ո՛չ մի մեխ,-
Ո՛չ մի կտոր երկաթ, կամ անագե շաղախ,
Կամ մարմարյա մի սյուն, կամ թեկուզ կիր,
Որ փորձության պահին անձրևներից մխար
Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին…»:
Այստեղից էլ պարզ երևում է, որ Չարենցը կարևորում է ազգային արժանապատվությունը և պատգամում է ուժի, հզորության ու ինքնագնահատման գիտակցություն:
Անշուշտ գրողը չի հերքում ժամանակ առ ժամանակ վերագտած հաղթանակները, բայց նաև ի ցույց է դնում, որ այդ ամբողջը ազգային միաբանության շնորհիվ էր: Մենք դարեր շարունակ ազատություն ու արդարություն ենք մուրացել օտար երկրներից, սակայն արդյունքում ունեցածն էլ կորցրել ենք: Հետո հասել են Իսրայել Օրու ժամանակները, բայց այդ խեղճ հայորդին ինչ կարող էր անել, եթե ժողովուրդը, ազգը անմիաբան էր ու ստրկացած: Թեև այդ նույն ժողովուրդը մեղավոր չէր, քանզի նրա գենետիկայի մեջ արդեն իսկ կատարվել էին մուտացիաներ ու նա հեռացել էր իր ակունքներից, այն հեթանոս հզորությունից, որ նրա մեջ էր նստած պապենական ժառանգորդությամբ: Արդյունքում` օրերից մի օր ջնջվել է այդ ջիղը, նրան փակել են մութ խցերում ու ստիպել աղոթել, սուր չվերցնել, այլ փրկություն խնդրել, չնվաճել սեփական տեղը արևի տակ, այլ մուրալ, որ գոնե ողջ թողնեն` թեկուզ և ստրուկ: Եվ հայոց բզկտված գայլը հասել էր քսաներորդ դար ու այդպես պիտի գնա, եթե վերջին ասպետները ոտքի չկանգնեն:
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ`
Մերկության պես տկլոր ու անանցյալ…
Այդ մե՛նք ենք երևի այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ ”
Պիտի մտնենք` անգամ ասեղի նուրբ ծակով`
Ապագայի դրախտը անարատ…
Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ ”
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ…
Ցավալի անդեմ ու անանցյալ մի ժողովուրդ, որ սին փառքերով է սնվել, կանգնել է իր դարի առջև ու նրա փոխարեն իր զավակներն են ամաչում և ամեն կերպ փորձում կոծկել այդ ազգային մերկությունը։
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»
Ազգի ու ժողովրդի ցավին առնչված գրողը չէր կարող անտարբեր մնալ այդ ցավերի նկատմամբ, սակայն քաղաքական դժվարին պայմաններում նա ստիպված էր այլափոխել ու կոդավորել իր ասելիքը: Դրա վառ ապացույցներից է «Պատգամ» բանաստեղծությունը: Ժողովրդի հանդեպ ունեցած անհուն սիրուց ու դառնությունից ծնվում է «Գիրք ճանապարհին», և նամանավանդ «Պատգամը»:
Երկը գրվել է 1933թ-ին և ներկայանում է Չարենցի ազգային գրական-ստեղծագործական կյանքի ամփոփումը:
Կյանքի վերջին տարիներին Եղ. Չարենցին պարբերաբար կանչում են հարցաքննությունների ու ցուցմունքներ տալու: Նրա նկատմամբ խորհրդային իշխանությունը սահմանել էր հատուկ հսկողություն, քանի որ, ըստ նրանց, Չարենցը մի շարք ընկերների հետ (Ա. Բակունց, Գ. Մահարի, Ս. Տեր-Գաբրիելյան և այլք) հակահեղափոխական, նացիոնալիստական ընկերության անդամ էր և ցանկանում էր Հայաստանը բաժանել Խորհրդային Միությունից: Արդյունքում` Չարենցը հայտարարվեց «ժողովուրդների թշնամի»: «Պատգամ» բանաստեղծությունը դառնում է այն վերջնական կաթիլը, որ գրողին դատապարտում է անխուսափելի մահվան:
1936թ.-ին` հերթական հարցաքննություններից մեկի ժամանակ, քննիչն անցում է կատարում դեպի «Պատգամ» բանաստեղծության մեջ գաղտնի կերպով կոդավորված արտահայտությանը` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Չարենցը պատասխանում է.
«Այդ բանաստեղծությունը գրված է 1933 թվականին, երբ, ինչպես հայտնի է Հայաստանի լեռնային շրջանների դրությունը աղետալի էր, դա օբյեկտիվ նախադրյալ է հանդիսացել իմ որոշ չափով հոռետեսական տրամադրության համար, ինչը և արտահայտվել է իմ գրքի մի քանի էջերում, հատկապես այդ լոզունգի մեջ:
Հարց. Ումի՞ց եք Դուք ուզում փրկել հայ ժողովրդին:
Պատասխան. Այն ղեկավարներից, ովքեր մեղավոր են Հայաստանի վերը նշված վիճակի համար»:
Այս գաղափարախոսության հենակետը երկիր Նաիրին է իր ամբողջականությամբ ու անտրոհելիությամբ: Հայրենիքի երազի հետքերով գրողը թափառում է ու վերջիվերջո հասկանում, որ փրկությունը կգա միայն ամբոխի վերամիավորման դեպքում, երբ մեծ ու փոքր Հայաստանները` Խորհրդային Հայաստանն ու սփյուռքը ամբողջանան ու պայքարեն հանուն մեկ նպատակի, հանուն այն ազատության վերականգնման, որ կորսվել էր դարեր առաջ: Սակայն գրողի նպատակը չպետք է հասկանալ միայն քաղաքական ենթատեքստով. մեծ էր մշակութային նահանջը, որը պետք է տաներ կործանման: Ազգը կանգուն ու միասնական է նաև լեզվի, հավատի, մշակույթի ընդհանրականությամբ, իսկ երկիրն այդ ժամանակ ենթարկվում էր ներքին ուծացման:
Սակայն Եղիշե Չարենցը «Homo Sapiens» և «Գանգրահեր տղան» չափածո նովելները գրեց հաստատելու համար, որ դեռ հավատում է գալիքին։ Չնայած ազգի պատառոտված, կեղտոտ ու անհույս վիճակին՝ միևնույն է գալու է ապագայի գագրահեր տղան, և լինելու է երազած ու պատկերացրած հայրենիքը: Եվ դարձյալ հանգում ենք ազգային հավաքականության պատգամախոսությանը` Չարենցի ստեղծագործության գլուխգործոց-այցեքարտին` «Պատգամ» հանճարեղ բանաստեղծությանը:
Այսպիսով` ուսումնասիրելով Եղիշե Չարենցի ստեղծագործական ուղին ու նրանում տեղ գտած հայրենիքի, ազգի և ազգային թեմաներով երկերը` եզրահանգում ենք, որ հեղինակը ամբողջ կյանքում ձգտել է հայրենի երկրի հոգևոր և ֆիզիկական ազատագրմանը: Նա շերտ առ շերտ քննել է բարոյական ու նյութական բոլոր կորուստները, որոնք մենք ունեցել ենք դարեր շարունակ, խորքից ուսումնասիրել է այդ պարտությունների պատճառահետևանքային կապերն ու երևան հանել դրանք: Նա ընթերցողի առջև է դրել ազգային գաղափարախոսության հիմնաքարերը ու ներկայացրել, թե որոնք են այդ սյուները կանգուն պահող ու ավերող հանգամանքները: Եղ. Չարենցն իր կյանքն ու ստեղծագործությունը նվիրեց հայրենիքի անցյալի քննությանը, զննեց իր օրերը, ներկան ու այդ իրականության մեջ տեղ գտած հիմնահարցերը, ապա փորձեց նայել դեպի ապագա` հույսով, որ այնտեղ կլինեն գանգրահեր մանուկներ` սպիտակ ու մաքուր շապիկներով: Եվ այդուհանդերձ` հանճարեղ գրողը բանաձևեց դարերի մաղով անցած ու ամրացած այն միտքը, որ ազգի փրկությունը իր միասնականության ու հավաքականության մեջ է, ուստի` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Գրականություն
- Չարենց Եղ., Երկեր, Երևան 1985, «Լույս» հրատ., 487 էջ:
- Գրիգորյան Ս., Չարենցի բնագիրը, Երևան 2013, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 320 էջ:
- Թամրազյան Հր., Բանաստեղծության հազարամյա խորհուրդը, Երևան 1986, «Սովետական գրող», 528 էջ:
- Թամրազյան Հր., Երկեր հ. Դ, Երևան 2013, Նաիրի հրատ.,1008 էջ:
- Թամրազյան Հր., Սովետահայ գրականության պատմություն, Երևան 1984, «Լույս» հրատ., 608 էջ:
- Մուրադյան Ս., Գրական հանգրվաններ հ. Ա, Երևան 2003, Երևանի համալս. հրատ., 486 էջ:
- http://hetq.am/arm/news/20974/kardaceq-charenc-patmutyan-qaruxinerov.html
Հեղինակ` Առլինա Սարգսյան (Arlina Sargsyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: