Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 1-ին

Photo՝ www.skffcarrickonshannon.wordpress.com
Photo՝ www.skffcarrickonshannon.wordpress.com

Քրդերը և քրդական հիմնահարցը

Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր առաջնակարգ խնդիրները այսպես թե այնպես շաղկապվում են քրդական հիմնահարցի հետ: Լինի դա Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում, թե Իրանում՝ ամեն տեղ մենք բախվում ենք այս խնդրին։ «Քրդական հիմնահարց» է կոչվում քուրդ էթնոսի տիտղոսազրկության և ազգային զարթոնքի հետևանքով առաջ եկած պայքարը պետականության ստեղծման համար։ Քրդերը կամ առնվազն նրանց մի մասը ձգտում են անկախ պետականություն ձևավորելուն։ Բայց նախքան արդի գործընթացներին անդրադառնալը՝ փորձենք ներկայացնել, թե ովքեր են նրանք և ինչ պատմական ճանապարհ են անցել։ 

Քրդերը իրանալեզու ցեղերի ու ցեղային միությունների ամբողջություն են, որոնք բնակվում են մեծամասամբ Զագրոսի լեռների հյուսիսային և կենտրոնական հատվածներում, Հայկական լեռնաշխարհում և Հյուսիսային Միջագետքում։ Քրդերի մեծ մասը սուննի մահմեդականներ են, սակայն կան նաև շիաներ, ալևիտներ, եզդիականներ ու քրիստոնյաներ։ Քրդերը տարածաշրջանում եկվոր չեն․ նրանք տեղաբնիկ են և ծագել են Մարաստանի կուրթիական ցեղերից։ Պատմության ընթացքում այս ցեղերը բնակվել են Իրանական սարահարթում, Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայում և Միջագետքում։ Քուրդ անվանումը մինչև միջնադարի ավարտ չի խորհրդանշել էթնիկական խումբ. քուրդ նշանակում էր անասնապահ, քոչվոր կյանք վարող մարդկանց սոցիալական խումբ, ընդ որում՝ բազմաթիվ պատմիչների մոտ այս անվանումը համանիշ է ավազակ բառին։ Մինչև 17-րդ դարը քուրդ անվանման մեջ էին մտցնում Իրանական սարահարթի արևմտյան հատվածի, Հայկական լեռնաշխարհի և այլ շրջանների բոլոր իրանալեզու քոչվոր անասնապահական ցեղերին։ Քրդերը չունեն միասնական լեզու. տարածված են բազմաթիվ բարբառներ, որոնք հաճախ միմյանց նման էլ չեն՝ կուրմանջի, զազակի, սորանի, լեկի, կելխուրի, հորանի, ավրոմանի, ֆեյլի և այլն։ Տարածաշրջանի տարբեր հատվածներում բնակվող քրդական ցեղերը խոսում են այս բարբառներից որևէ մեկով, դրանք բոլորը հավաքականորեն առավել նման են Իրանի արևմտյան հատվածի լեզուներին։ Արաբական նվաճումներից հետո քուրդ անվանում էին իրանական, սեմական և հայկական բնակչության շփումներից առաջացած լեռնաբնակ անասնապահ ցեղերին։ Այսպիսով, քրդերը իրենցից ներկայացնում են բազմաթիվ խառնիճաղանջ ցեղերի ամբողջություն։ Անգամ այսօր յուրաքանչյուր քրդի համար առաջնային է իր ցեղային պատկանելությունը (որոնք սովորաբար կապված են էպոնիմների հետ)։ Դեռևս 16-րդ դարի պատմիչ Շարաֆխան Բիդլիսին քրդերին բաժանել է մասերի: Որոշակի փոփոխություններով այդ բաժանումը կիրառելի է մինչ օրս։

Կուրմանջի – Քրդերի՝ վերցեղային ինքնագիտակցություն ունեցող հիմանական խումբը, որը բավականին մոտ է նաև քուրդ բառի դասական՝ սոցիալական իմաստին: Հիմնականում բնակվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում։ Քրդական խմբերից ամենամեծն է և Հայկական լեռնաշխարհի ու Արևելյան Անատոլիայի էքսպանսիայի արդյունքում նաև ամենամեծ բնակության արեալ ունեցող խումբն է։

Սորանի ” Իրանական սարահարթի և ներկային Իրանի տարածքում բնակվող քրդերի վերցեղային միավոր։

Կելխուրի ” Ներկայիս Իրաքի տարածքում բնակվող քրդերի մի մասի վերցեղային միավոր։

Զազաց” Քրդեր, որ այժմ հիմնականում բնակվում են ժամանակակից Սիրիայի տարածքում (Արևմտյան Քրդստանում)։ Բազմաթիվ հետազոտողներ համարում են, որ տվյալ վերցեղային միավորի բնակչության մոտավորապես 25 տոկոսը կազմում են թաքնված հայեր, որոնք ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են։ Այդ է նաև պաճառը, որ զազա ցեղախմբի բարբառը առավել մոտ է հայերենին։

Արդի գիտական շրջանակներում բոլոր քրդերի լեզուն բնորութագրելու համար օգտագործվում է քրդերեն ընդհանրական եզրույթը, որն իր մեջ ներառում է բավականին տարբեր ու հաճախ միմյանց հետ չկապված ցեղային բարբառներ, այլ ոչ մեկ միասնական լեզվական համակարգ։ Քրդերը գենետիկորեն առավել կապված են հայերի, վրացիների, հրեաների և ներկայիս Ադրբեջանի տարածքի բնակչության հետ։

Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտ 30-38 մլն․ քուրդ, որոնց մեծ մասը բնակվում է այսպես կոչված «Մեծ Քրդստանի» տարածքում. Թուրքիայում՝ 13-18 մլն, Իրաքում՝ 6,5 մլն, Իրանում՝ 3․35 մլն, Սիրիայում՝ 1,7 մլն, Հայաստանում՝  37,470 և այլն։

Մեծ Քրդստան

Մեծ Քրդստանը աշխարհագրական տարածք է, որի աահմաններում քրդերը կազմում են բնակչության մեծամասնությունը։ Տերմինը առաջին անգամ օգտագործվում է Օսմանյան սուլթան Սելիմ 1-ի կողմից, ով Քրդստան սկսեց անվանել Տիգրանակերտի (Դիարբեքիրի) շրջանը։ Ընդ որում՝ այդ ժամանակահատվածում տեղանքը բնակեցված էր մեծամասամբ հայերով, իսկ այս նորամուծությունը ուներ զուտ քաղաքական բնույթ՝ ջլատել, սեպ խրել հայաբնակ շրջանների միջև։ Ուշագրավ է, որ Հայոց մեծ ցեղասպանությունից հետո՝ Աթաթուրքի կառավարման տարիներին, այս սահմանումը իսպառ վերացվում է շրջանառությունից։ Ժամանակակից սահմանմամբ Մեծ Քրդստան կոչվածը իրենից ներկայացնում է մոտավորապես 450 հազ․ կմ2 տարածք, որն ընգրկում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրայի և Հայսատանի տարածքների մի մասը՝ ընդհանուր մոտ 40-43 մլն բնակչությամբ (բուն քրդերից բացի՝ այստեղ ապրում են նաև արաբներ, հայեր, պարսիկներ, թուրքեր, ասորիներ և այլք)։ Այս հինգ երկրներից երեքի համար կոմպակտ բնակվող քրդական համայնքի ինքակառավարմանն ուղղված պայքարը ամենասուր ներքաղաքական խնդիրն է։ Ընդ որում՝ եթե այս տարածքներում ապրող հրեական ու ասորական բնակչությունը հիմնականում ուղղակի լուծվել է քրդական զանգվածների հետ, ապա մինչև 19-րդ դարավերջը այստեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայկական բնակչությունը մեծամասամբ ոչնչացվել է։ Ներկայումս, սակայն, լրիվ ձևավորված քրդական ինքնավարություն կա միայն իրաքյան Քրդստանի տարածքում։ Ուշագրավ է, որ 1920-ականներին Թուրքիայի տարածքում գոյություն է ունեցել քրդերի ինքնահռչակ Արարատյան հանրապետությունը, որը մինչ օրս քրդերի կողմից ձեռք բերված առավել բարձր ինքնավարությամբ միավորն էր։ Քրդական հանրույթի շրջանակներում չափազանց ակտուալ է Մեծ Քրդստանի ստեղծման գաղափարը, որը պետք է ներառի քրդաբնակ բոլոր տարածքները։ Որպես այդ գաղափարի կատարման առաջնաքայլ՝ դիտարկվում է իրաքյան Քրդստանի անկախացումը ու կայացումը, որի շուրջ հետագայում պետք է միավորվեն այլ քրդաբնակ տարածքները։ Անկախությունը կամ առավել լայն ինքնավարությունը քրդերի գերնպատակն է արդեն մոտ մեկ դար, սակայն այդ նպատակը դեռևս չի իրականացել։ Ինչպես արդեն նշվել է, Մեծ Քրդստանը բաղկացած է չորս հիմնական մասերից՝ թուրքական Քրդստան (հյուսիսային), իրաքյան (հարավային), սիրիական (արևմտյան) և իրանական (արևելյան) Քրդստաններ։ Հակիրճ նկարագրենք դրանցից յուրաքանչյուրում տիրող իրավիճակը։

 Թուրքական Քրդստան

Քրդական բնակչության ամենաստվար ու տարածքային առումով ամենամեծ մասն ընգրկող հատվածն է։ Զբաղեցնում է Թուրքիայի արևելյան շրջանները և հատկապես Վանա լճի ավազանն ու Դիարբեքիրի շրջակայքը, որտեղ քրդերը կազմում են բնակչության բացարձակ մեծամասնությունը։ Որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ Թուրքիայի բնակչության մոտ 20 տոկոսը տարբեր ցեղային պատկանելություն ունեցող քրդեր են։ Քրդերը Թուրքիայում առավել անգրագետ, հետամնաց ու խնդրահարույց էթնիկական խումբն են։ Հատկանշական է, որ թուրքերն ու քրդերը պատկանում են տարբեր լեզվաընտանիքների և անգամ ռասաների։ 1880-ականներին Թուրքիայում բնակվում էր մոտ 1,5 միլիոն քուրդ, ինչը մոտ երկու անգամ ավելի քիչ էր, քան նույն շրջանի հայկական բնակչության թիվը։ Թուրքաբնակ քրդերին հատուկ է տոհմացեղային հարաբերությունների քայքայումն ու կապիտալիստականին անցումը, բայց այդ գործընթացը դեռևս չի ավարտվել։ 1978 թվականին ստեղծված Քրդստանի աշխատանքային կուսակցությունը 1984-ին պատերազմ է հայտարարել Թուրքիայի իշխանություններին, որն ընթանում է մինչ օրս: ՔԱԿ-ի պահանջները բավականին փոփոխական են և ժամանակ առ ժամանակ անգամ հակասական. մեկ դա Թուրքիայի կազմում ինքնավարությունն է, իսկ որոշ ժամանակ անց՝ լիակատար անկախ, միասնական Քրդստանի պահանջը։ Սա վկայում է շարժման գաղափարական չկայացվածության և շարժումը կրող էթնիկական խմբի խառնիճաղանջության մասին։ Քրդական բնակչության հետևողական բռնաճնշումը դարձել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը։ Դրա շրջանակներում արգելվել էր քրդերենը, դասագրքերից վերացվել էր «քուրդ» բառը, որը փոխարինվել էր «լեռնային թուրք» անվանումով, այրվում էին քրդալեզու գրքերն ու գրականությունը: Այս քաղաքականության արդյունքում մոտ կես միլիոն քուրդ լքել է Քրդստանը։ Այս ամենը արժանացել է միջազգային քննադատության. ԵՄ-ն Թուրքիայի հետագա ինտեգրացիան առաջնահերթ կապում է հենց քրդական հարցում թուրքական կողմի դիրքորոշման փոփոխության հետ։ Թուրքական հասարակության մեջ լայն տարածում ունի այն տեսակետը, համաձայն որի՝ քրդական շարժումը հովանավորվում ու աջակցվում է արևմուտքի կողմից, և թե հիմնահարցը շինծու է։ 2011 թվականին «Դեմոկրտական հասարակության կոնգրես» քրդական ՀԿ-ների միությունը հայտարարեց Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման մասին, սակայն այս քայլը չարժանացավ ո՛չ միջագային հանրության և ո՛չ էլ Թուրքիայի լուրջ արձագանքին։ Անգամ մեր օրերում քրդերի հանդեպ բռնաճնշումները Թուրքիայի տարածքում չեն դադարել, դրանք պարզապես անցել են որակապես այլ՝ ավելի քաղաքակիրթ և քողարկված փուլ։

 Սիրիական Քրդստան

Սիրիայում քրդերը բնակվում են կոմպակտ, երկրի հյուսիսային շրջաններում։ Կազմում են Սիրիայի բնակչության մոտ 15 տոկոսը և երկրի երկրորդ ամենամեծ էթնիկական խումբն են։ Սիրիաբնակ քրդերի մեծամասնությունը ձգտում է քաղաքական ինքնավարության՝ ի նմանություն իրաքյան Քրդստանի։ Կան նաև շրջանակներ, որոնք պահանջում են լիակատար անկախություն։ Սիրիական իշխանությունները նրանց համարում են եկվորներ և հրաժարվում են ճանաչել նրանց քաղաքացիական կամ սեփականության իրավունքները։ 1957 թվականին հիմնվել է Սիրիական Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը, որի նպատակն էր պաշտպանել քրդերի ազգային իրավունքները: Կուսակցությունը, սակայն, այդպես էլ չընդունվեց իշխանությունների կողմից և մնաց օրենքից դուրս, դեռ ավելին՝ 1960 թվականին դրա առաջնորդները ձերբակալվում են և բանտ նետվում։ Սիրիայում արաբա-քրդական հարաբերությունների լարվածության մասին են վկայում Արաբական կարդոնը, 1986 թվականի ցույցերն ու դրանց ցրումը, 2004 թվականի անկարգությունները և վերջապես ԱՄՆ ու ԵՄ աջակցությամբ ստեղծված Սիրիական Քրդստանի ազգային ասամբլեան։ Արաբական գարնան շրջանակներում Սիրիայում սկսվող ցույցերին հենց սկզբից ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերել քրդական շրջանակները։ Դրան ի պատասխան՝ սիրիական կառավարությունը կազմակերպել է քրդական քաղաքական առաջնորդների սպանություններ ու ցույցերի գնդակահարություններ։ Միջազգային հեղինակավոր մարդասիրական կազմակերպությունները, օրինակ ՝ «Amnesty International»-ը և «Human Rights Watch»-ը, բազմիցս են հայտարարել, որ Սիրիայում խախտվում են քրդական բնակչության հիմնարար և քաղաքացիական տարրական իրավունքները։ 2011 թվականին Ասադը փորձ արեց անցկացնել բարեփոխումների ծրագիր, որն ունեցավ լոկ ձևական նշանակություն։ Որպես արդյունք՝ քրդերը Սիրիայում ոչ միայն դարձել են հակաասադյան շարժիչ ուժերից մեկը, այլև 2012 թվականի հունիսից ղեկավարում են այն (Սիրիայում գործող հիմնական ընդդիմադիր ուժը՝ Սիրիական ազգային խորհուրդը, իր ղեկավար է ընտրել ազգությամբ քուրդ Աբդելյա Սեիդին)։ Սիրիական քաղաքացիական պատերազմի արդյունքում սիրիական կառավարական զորքերը լքել են քրդաբնակ շրջանները, ինչը նպաստել է տեղում ինքնավարական տրամադրությունների շեշտակի աճին։ 2012 թվականի հուլիսի 12-ին քրդական ընդդիմության երկու ղեկավար ուժերը՝ Դեմոկրատական դաշինքը և Քրդական ազգային խորհուրդը, համաձայնագիր են ստորագրել Քրդական բարձրագույն կոմիտեի ստեղծման մասին, որը կատարում է սիրիական Քրդստանի ժամանակավոր կառավարության ֆունկցիաները։ Սա տեղի է ունեցել իրաքյան Քրդստանի ղեկավարության ակտիվ աջակցությամբ, կարճ ժամանակահատվածում սիրիական Քրդստանի ինքնապաշտպանության ուժերը վերահսկողություն են սահամանել սիրիական քրդաբնակ գրեթե բոլոր շրջաններում։ Սիրիայում այսօր փաստացի ձևավորվել է քրդական լայն ինքնավարության երկրորդ օջախը (առաջինը՝ Իրաքում)։ Ուշագրավ փաստ է, որ սիրիական չափավոր ընդդիմության ֆինանսավորումը և հատկապես քրդական շարժման ֆինանսավորումը ստացվում է Միացյալ Նահանգների կառավարությունից։

 Իրանական Քրդստան

Իրանական կամ արևելյան Քրդստանն ընդգրկում է Իրանի հյուսիսարևմտյան քրդաբնակ շրջանները, որոնք սահմանակից են Իրաքին և Թուրքիային։ Սա թերևս միակ ստվար քրդաբնակ հատվածն է, որտեղ չի նկատվում քաղաքական կամ առավել ևս ռազմական լարվածություն, քրդերի ինքնագիտակցությունը և հասարակական գիտակցությունը այստեղ առավել թույլ է զարգացած։ Իրանական Քրդստանը ամենափոքրն է թե՛ իր տարածքով և թե՛ բնակչությամբ։ Որևէ լուրջ ազատագրական շարժում կամ պայքար չի նկատվում։

 Իրաքյան Քրդստան

Իրաքում քրդերը բնակվում են երկրի հյուսիսային և հյուսիարևելյան շրջաններում։ Քրդաբնակ շրջանների մեծ մասը ընդգրկված է իրաքյան Քրդստանի ինքնավարությունում՝ Էրբիլ մայրաքաղաքով։ Քրդստանը, համաձայն իրաքյան սահմանադրության, ունի լայն ինքնավարություն, սակայն անկախ պետություն չէ։ Իրաքյան ինքնավարությունը ստեղծվել է 1970 թվականին Իրաքի կառավարության և քրդական ընդդիմության պայմանավորվածությամբ, որը արդյունք էր բազմամյա արյունալի կոնֆլիկտների։ Սակայն այս պայմանավորվածությունը նույնպես ի կատար չի ածվում, և սկսվում են նոր կոնֆլիկտներ, որոնք ուղեկցվում են քրդերի էթնիկական զտումներով իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում (մարտական գործողությունների ընթացքում իրաքյան բանակը ակտիվորեն օգտագործում էր արգելված քիմիական զենք հատկապես քրդական բնակչության դեմ) և դրան հաջորդած հայտնի «Անֆալ» գործողությամբ։ «Անֆալ» գործողությունը նախապես պլանավորված և Իրաքի իշխանական մարմինների կողմից անցկացված էթնիկական զտումների համալիր էր, որի ընթացքում մոտ 200․000 քուրդ սպանվել է և մոտ 700․000-ը՝ աքսորվել, 5000 քրդական բնակելի տեղամասերից 4500-ը ոչնչացվել է, իսկ տեղանքը պայթեցումների և այլ տեխնիկական լուծումների միջոցով արհեստականորեն դարձվել է բնակության համար անպիտան։ Իրանի հետ պատերազմից անմիջապես հետո Սադամ Հուսեյնը լայնածավալ գործողություններ է սկսել քրդական ռազմականացված միավորումների՝ փեշմերգայի ուղղությամբ, դրա արդյունքում 1988 թ. փեշմերգան ամբողջովին դուրս է շպրտվել Իրաքի տարածքից։ Սակայն ընդամենը երեք տարի անց Սադամի դեմ մի մեծ ապստամբություն է սկսվում Իրաքի հարավում բնակվող շիաների շրջաններում, ապստամբությանը միանում են նաև քրդերը, նույն թվին տեղի է ունենում Պարսից ծոցի պատերազմը, որում Իրաքը ջախջախիչ պարտություն է կրում։ Օգտվելով առիթից՝ փեշմերգայի ջոկատները ոչ միայն վերադառնում են Իրաք, այլև Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ հետ են մղում կառավարական զորքերը երկրի հյուսիսից։ Իրաքը այլևս ի վիճակի չի լինում շարունակելու ռազմական գործողությունները, քրդերը հյուսիսում ձեռք են բերում փաստացի ինքնավարություն։ Հսկայական է ԱՄՆ-ի դերակատարությունը քրդական ինքնավարության կայացման գործում՝ կրթական, ռազմական, ինֆրաստրուկտուրաների, տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների առյուծի բաժինը պատկանում է հենց Միացյալ Նահանգներին։ 2003 թվականին ամերիկյան ներխուժման և Սադամի ռեժիմի տապալման արդյունքում փոխվում է քաղաքական և ուժային հարաբերակցությունը երկրում։ 2005 թվականին ընդունված սահմանադրությունը վավերացնում է դեռևս 90-ականներից գոյություն ունեցող քրդական ինքնավարությունը։ Արաբերենի հետ զուգահեռ Իրաքի պետական լեզու է ճանաչվում նաև քրդերենը։ Չնայած տեղ գտած հաջողություններին՝ կան դեռևս բազմաթիվ խնդիրներ, որոնցից թերևս առաջնահերթ կարելի է նշել տարածքային վեճերի խնդիրը։ 2003 թվականից սկսած՝ քրդերը վերահսկողություն են սահմանել քրդական ինքնավարությունից հարավ գտնվող գլխավորապես քրդաբնակ, նավթով հարուստ շրջանների նկատմամբ, առաջին հերթին՝ Քիրքուքի։ 2014 թվականի հունիսին ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավում են քաղաքը ու դրան հարող շրջանները, սակայն մի քանի օր անց փեշմերգան հետ է գրավում քաղաքը և միացնում այն իրաքյան Քրդստանին։

Իրաքյան Քրդստանի պատմությունը ուշագրավ է նաև նրանով, որ այն քրդական էթնիկության կամ առնվազն դրա մի մասի ձևավորման բնօրրանն է։ Այս տարածքում է տեղի ունեցել քրդական ցեղերի տարանջատումը իրանական և մարական մյուս ցեղերից։ Իրաքյան Սուլեյմանիում է գտնվել առաջին հայտնի գրավոր արձանագրությունը քրդերեն լեզվով։ Այս տարածքները պատմության ընթացքում մշտապես ձեռքից ձեռք են անցել՝ պարսիկներ, արաբներ, օսմաններ, բրիտանացիներ, նորից արաբներ. այս բոլոր տիրապետությունները ուղեկցվել են քրդական բնակչության բռնաճնշումներով, սակայն հարկավոր է նշել, որ քրդերը այստեղ գրեթե միշտ պահպանել են որոշակի ինքնավարություն։

Գրականության ցանկ

  1. Mackey, The Reckoning: Iraq and the Legacy of Saddam, 2002.
  2. Romano, The Kurdish Nationalist Movement, 2006.
  3. Barth,Principles of Social Organization in Southern Kurdistan, 1953.
  4. McKiernan, The Kurds, a People in Search of Their Homeland, 2006.
  5. Human Rights Watch, 2005 Vol. 17, No. 2(D)
  6. http://www.turkishweekly.net/
  7. nytimes.com
  8. https://www.opendemocracy.net
  9. http://www.iranicaonline.org
  10. http://www.itnet.org/
  11. http://www.theguardian.com
  12. http://www.britannica.com
  13. https://www.cia.gov
  14. http://www.institutkurde.org/en/
  15. http://www.kurdistanica.com/
  16. http://www.pen-kurd.org
  17. http://theotheriraq.com/
  18. https://www.ictj.org/
  19. https://www.amnesty.org/en/
  20. http://www.aljazeera.com/

Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են


Ընթերցեք նաև
  1. Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 2֊րդ
  2. Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 3֊րդ