ՀՀ ԱԺ 2017 թվականի ընտրությունները չեն լուծելու իշխանության հարցը

Photo: http://armlur.am
Photo: http://armlur.am

Ավարտվում է 2017 թ. ապրիլի 2-ին նշանակված Ազգային ժողովի 6-րդ ընտրությունների քարոզարշավը։ Ընտրական գործընթացին մասնակցություն ունեցան 5 կուսակցություններ՝ Հայաստանի հանրապետական, Հայ յեղափոխական դաշնակցություն, Հայկական վերածնունդ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև 4 դաշինքներ՝ «Կոնգրես-ՀԺԿ», «Ելք», «Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»։ Այս 9 քաղաքական ուժերը, ըստ էության, բոլորն էլ անկախությունից ի վեր ներկա են եղել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին։ Եթե ոչ անմիջականորեն քաղաքական ուժերի, ապա դրանցում ընդգրկված առանձին անհատների պարագայում այս ընտրությունները հաստատապես առաջինը չեն. նրանք մասնակցել են Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի ձևավորմանը՝ աշխատելով պետակառավարման համակարգի բազմաթիվ պաշտոններումi։

Թեպետ խորհրդարանական ընտրությունների և դրանց հաջորդող զարգացումների մասին լավագույնս պատկերացում կազմելու համար հարկ է զուգահեռներ անցկացնել նախորդ 5 ընտրությունների հետ, սակայն, հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներ, նպատակահարմար է գերազանցապես կենտրոնանալ 1999 թ. ԱԺ ընտրությունների հետ համեմատության վրա։ Եթե 1999 թ. ԱԺ ընտրությունները բացառիկորեն հավակնում էին որոշել հարցը, թե ում էր փաստացիորեն (de facto) պատկանելու իշխանությունը (մինչ 2015 թ. Սահմանադրական փոփոխությունները այդ հարցի պատասխանը տրվում էր նախագահական ընտրությունների ժամանակ), ապա այսօր արդեն խորհրդարանական ընտրությունները իրավաբանորեն (de jure) են որոշում իշխանության կրողին՝ պայմանավորված կառավարման համակարգի փոփոխությամբ և օրենսդիր մարմնի ձեռք բերած նոր կարգավիճակով։ Արդ, իշխանության պատկանելիության հարցի կարևորությամբ պայմանավորված, ԱԺ այս ընտրությունների ընթացքը ստիպում է համեմատություն անցկացնել գերազանցապես 1999 թ. ընտրությունների հետ՝ չխորշելով նաև անդրադառնալ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության առանձին դրվագներին։

Իշխանական ճակատ

2017 թ. խորհրդարանական ընտրություններին իշխանության ճամբարը ներկայանում է երկու կուսակցությամբ՝ հանձինս ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի։ Այս երկու կուսակցությունները միմյանց հետ գործակցել են 1991-94 թթ., սակայն 1994 թ. կեսերին ՀՀԿ-ն միացավ ՀՀՇ-ի ղեկավարած բլոկին և նույնիսկ հրապարակավ սատարեց 1994 թ. դեկտեմբերին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից ՀՅԴ ժամանակավոր կասեցումը։ 1995 թ. ի վեր ՀՀԿ-ն իշխանության մեջ է՝ նախ համագործակցելով ՀՀՇ-ի, իսկ 1999 թ.՝ ՀԺԿ-ի հետ։ 2003 թ. ՀՀԿ-ն ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմեց, 2007 թ.՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ֆորմատով, 2008 թ.՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, 2012 թ.՝ ՀՀԿ-ՕԵԿ, 2015 թ.՝ ՀՀԿ-ՀՅԴii։

Այսօր ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին համարը ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, որը, սակայն, կուսակցական, ըստ տարբեր վերլուծությունների, առավելապես համարվում է Սերժ Սարգսյանի տեղապահը։ 1999 թ. ՀՀ Պնախարար Վազգեն Սարգսյանը «Միասնություն» դաշինքի փաստացի առաջնորդն էր, թեև համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զիջել էր ՀԺԿ ղեկավար Կարեն Դեմիրճյանին։ 1999 թ. «Միասնություն» դաշինքը ընտրություններին գնում էր «Կառուցենք և պաշտպանենք» կարգախոսով, իսկ ՀՀԿ-ի այսօրվա նշանաբանն է՝ «Անվտանգություն և առաջընթաց»։ Բառիմաստային, նույնիսկ մակերեսային ընկալումներն են հուշում երկու լոզունգների նմանությունն ու հիմնական թիրախները։ Այս ընտրությունների ժամանակ մամուլը ողողված է վերլուծություններով, որ Պնախարարը (Վիգեն Սարգսյան), եթե ոչ 2017 թ., ապա 2018 թ. վարչապետ է դառնալու, ինչը ներկայացվում է որպես Սերժ Սարգսյանի ցանկություն։ 1999 թ. խորհրդարանական ընտրությունների շրջանում էլ նման պնդումներ էին տարածվում Պնախարար Վազգեն Սարգսյանի մասին։ Այնժամ խիստ հավանական էր, որ «Միասնություն» դաշինքը մեծամասնություն է վերցնելու խորհրդարանում և վարչապետ պիտի լիներ հենց այդ միավորի թեկնածուն։ Վազգեն Սարգսյանը դեռ 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ էր ցանկանում, որ Կարեն Դեմիրճյանը նշանակվեր ՀՀ վարչապետ, ինչին, ի դեպ, դեմ էր այդժամ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը։ Նույն տրամադրությունների գերակշռման պատճառով էլ վարչապետ դարձավ Պնախարար Վազգեն Սարգսյանը։ 1999 թ. վարչապետ Արմեն Դարբինյանը նկատելիորեն զրկված էր լուրջ հենարանից, որի կուսակցությունը՝ «Արժանապատիվ ապագան», հավաքել էր 3 տոկոս ձայն։ Այսօր էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է զրկված լրջագույն հենարանից։ Եթե 1999 թ. Ռ. Քոչարյանը ամեն կերպ ձգտում էր Ա. Դարբինյանին պահել վարչապետի պաշտոնում (կոնյուկտուրային, կարճաժամկետ իմաստով), ապա այսօր Սերժ Սարգսյանին էլ Կ. Կարապետյանի վարչապետությունը հեռանկարում կարծես այնքան նպատակահարմար չի թվում՝ հատկապես 2018 թ. անցումային շրջանում իշխանությունը փոխանցելու դժկամությամբ պայմանավորված։ Այսուհանդերձ, ՀՀԿ-ի ու «Միասնություն» դաշինքի միջև առկա նմանությունը արհեստական է՝ սահմանափակված սոսկ ցուցադրական կապկումով։ Ակնհայտորեն ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում վարչապետի փոփոխություն առժամանակ չի լինելու՝ նախ և առաջ հաշվի առնելով ռուսական ազդեցության պարագան։

Իշխանության երկրորդ թևում ՀՅԴ-ն է, որը 1999 թ. ընտրություններին մասնակցում էր առաջին անգամ՝ այդ հնարավորությունից զրկված լինելով 1995 թ.։ Հատկանշական է, որ ՀՅԴ-ն հանդես էր գալիս Ռ. Քոչարյանի պաշտպանությամբ՝ միաժամանակ իրեն ներկայացնելով որպես ընդդիմություն։ Հաշվի առնելով ՀՅԴ-ի հետ առճակատման գնացած ՀՀՇ-ի դիրքերի անկումն ու թուլացումը՝ ինքնաբերաբար պիտի աճեր ՀՅԴ-ի հեղինակությունը։ Նման կեցվածքով այնժամ ՀՅԴ-ն ստացել էր 7.84% ձայն։ 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո արդեն ՀՅԴ-ն ավելի ևս հակվեց իշխանության կողմը՝ այդուհետ մշտապես մաս կազմելով կոալիցիաներին։ Միակ անհաղթահարելի կնճիռը ծագեց 2009 թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատճառով, երբ ՀՅԴ-ն, մեծ մասամբ արտասահմանյան կառույցների ճնշման հետևանքով, դուրս եկավ իշխանական կոալիցիայից՝ այնտեղ վերադառնալով 2015 թ.։

Փաստ է, որ ՀՅԴ-ն 1998 թ. սկսած իշխանության բարձունքում գտնվող գործիչների հետ սկզբունքային կամ հիմնադրութային տարակարծություններ, որպես այդպիսին, չի ունեցել։ Եզակի այդպիսի խնդիրն առնչվել է արտաքին քաղաքականության կոնկրետ իրավիճակին, մինչդեռ ներքին քաղաքականության բնագավառում տիրապետող է եղել ներդաշնակ գործակցությունը, ինչը զգալիորեն ազդել է ՀՅԴ-ի վարկանիշի վրա։ Այս առումով ՀՅԴ-ն լիովին կիսում է 1999-2009 և 2015-2017 թթ. ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության պատասխանատվությունը։ Պնդելի է, որ այսօր ՀՅԴ-ի հեղինակությունը նկատելիորեն սասանված է, և 1890 թ. ցայսօր այն թերևս ամենացածր վարկանիշն ունի։ Ուստի և զարմանալի չէ ՀՅԴ-ական պաշտոնյաների (նախարարներ, մարզպետներ և այլն) ակտիվ մասնակցությունը կուսակցության քարոզարշավին, որը միտված է 5 տոկոսի շեմը հաղթահարելուն։

Ոչ իշխանական ուժեր

Հայաստանի ընդդիմադիր դաշտը ավելի բազմազան է ու տարողունակ, սակայն այդ առավելությամբ հանդերձ՝ այստեղ թագավորում են պառակտվածությունն ու թշնամությունը։ Մի դիպուկ ձևակերպմամբ՝ իշխանությունը պատրաստ է մի փոքր զիջել իր ունեցածից, մինչդեռ ընդդիմությունն անկարող է զիջել ապագայում իր ստանալիքից։ Ինչևէ, ոչ իշխանական ուժերի դաշտը հարկ է բաժանել երեք խմբի, որոնցից առաջինում տեղավորվում են «Կոնգրես-ՀԺԿ» ու «Ելք» դաշինքները և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։ Այս 3 ուժերի անդամները 2008-2012 թթ. միասնաբար նախաձեռնել էին 2008 թ. շարժումը, ապա հիմնադրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքն ու մասնակցել 2012թ. խորհրդարանական ընտրություններին։ Դեռևս 1988-91 թթ. Արցախյան շարժման շրջանից է գալիս նրանցից շատերի համագործակցությունը, որը խաթարվեց ՀՀՇ-ի ղեկավարման վերջին շրջանում, և արդեն 1999 թ. Հայոց համազգային մեծ շարժման ժառանգների դերում էին հանդես գալիս ՀՀՇ կուսակցությունը, «Հայրենիք›› դաշինքը և «Ազատություն» կուսակցությունը։ Ըստ էության, այս կուսակցություններն ամենամոտն էին միմյանց թե՛ քաղաքական անցյալի, թե՛ գաղափարական սկզբունքների դիտանկյունից։ 2017 թ. լիբերալների դեպքում իրավիճակը նույնն է. նրանք դավանում են միևնույն ազատական գաղափարախոսությունը, պահանջում են Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության արմատական վերանայում, սակայն շարունակում են տրոհված մնալ՝ անկարող ազատվելու անձնական սիմպատիաներից և ամբիցիաներից։ 1999 թ. նախընտրելով առանձին մասնակցությունը՝ ՀՀՇ-ն ստացավ 1.17%, «Հայրենիքը»՝ 1.23%, «Ազատությունը»՝ 1.07%: Հուսանք, սակայն, որ այս անգամ պատկերը չի կրկնվի ՀԱԿ-ի, ԵԼՔ-ի ու ԱԴ-ի համար, քանզի առանց ազատականության ԱԺ-ն զրկված կլինի ներքին հակակշիռներից, ինչը մեծագույնս կթուլացնի պետական այդ հիմնական ինստիտուտի հիմնասյուները։

Ոչ իշխանական ճամբարի երկրորդ խումբն են կազմում Կոմկուսն ու ՕԵԿ-ը (Հայկական վերածնունդ), որոնք 1999 թ. հաղթահարել էին 5 տոկոսի շեմն ու հայտնվել խորհրդարանում։ Այժմ, սակայն, Կոմկուսը զրկված է Սերգեյ Բադալյանի նման մի խարիզմատիկ առաջնորդից։ Այդ բացը կարելի էր լրացնել դասական ձախական գաղափարաբանությամբ հանդես գալու, խորհրդային կարոտախտի փոխարեն սոցիալիզմի հասուն ու ժամանակակից առաջարկներ հնչեցնելու մարտավարությամբ։ ՀՎԿ-ի համար նույնպես բավականին բարդ է լինելու քաղաքական ազնիվ մեթոդներով 5 տոկոսի հաղթահարումը։

Եթե 1999 թ. ՕԵԿ-ը ներկայանում էր մի խումբ կրթված երիտասարդների տեսքով, որոնք խոստանում էին ԱԺ բերել թարմ գաղափարներ, ապա ներկայիս ՀՎԿ-ի անցյալը շաղկապված է 2008 թ. մեկ օրում արմատական ընդդիմությունից երդվյալ իշխանական դառնալու ինքնանպատակ քայլի, Մարտի 1-ի պատասխանատվության, ինչպես նաև 2008-2014 թթ. իշխանական կուսակցության դրոշմի հետ։

Երրորդ պայմանական խմբում են «Ծառուկյան» ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքները, որոնց առաջնորդներ Գագիկ Ծառուկյանին ու Սեյրան Օհանյանին այդպես էլ չհաջողվեց միաբանվել և իրականություն դարձնել 1999 թ. «Միասնություն» դաշինքի կրկնօրինակումը։ Ի դեպ, ընտրություններից առաջ հայտնի կենտրոններից քարոզվում էր հենց այդ միավորման գաղափարը՝ ակնարկելով Ծառուկյանի ու Օհանյանի նմանությունը Կ. Դեմիրճյանին ու Վ․ Սարգսյանին, որտեղ առաջինը հանդես էր գալիս կառուցողի ու շինարարի կերպարով, երկրորդը՝ ռազմական հմուտ գործչի։ Այս միավորման և «Միասնություն» դաշինքի արտաքին նմանակումը, սակայն, էութենապես կաղալու էր, քանզի 1999 թ. միավորումը ուղղված էր Քոչարյանի դեմ, մինչդեռ 2017 թ. դաշինքը անխուսափելիորեն ուղղորդվելու էր նրա կողմից։ Երկու դաշինքներն էլ զերծ են գաղափարաբանական հենքից, ձևավորված են բացառապես անհատների շուրջ, ինչն ինքնին բավական է, որ եթե Օհանյանը կամ Ծառուկյանը ոչ ստանդարտ քայլի դիմեն, ապա դաշինքների ներքին տրանսֆորմացիան և արտաքին կերպափոխումը կուղեկցվեն խարխլման տձև արարներով։ Այդպիսի զարգացումների հայելային արտապատկերումը բարձրանում է 2015 թ. փետրվարյան ցուգցվանգում։ Ինչևէ, «Ծառուկյան» դաշինքի պարագայում շատ հավանական է, որ կրկնվելու է 2007 թ. սցենարը, երբ ԲՀԿ-ն նախընտրեց կոալիցիոն կառավարությունը։ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական այս մարաթոնը շատ ավելի նման է 2007 թ., քան 2012 թ. քարոզարշավին։

Որպես նախարարների ակումբ ներկայացող «ՕՐՕ» դաշինքի շանսերը բավականին երերուն են։ Թիկունքում հառնում է ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ձերբակալված Սամվել Բաբայանի կերպարը, որը առաջին անգամ չէ, որ խառնվում է ՀՀ քաղաքական կյանքին։ 1999 թ. ԼՂՀ Պնախարարի կարգավիճակով Ս. Բաբայանը չէր էլ թաքցնում, որ պաշտպանում է այսօր արդեն ՀՀԿ-ի ցուցակում հանգրվանած Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» ու Հայկ Բաբուխանյանի «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Իրավունք և միաբանություն» դաշինքին։ 1999 թ. Բաբայանը համոզում էր, որ հենց այդ միավորման հաղթանակի պարագայում էին լուծվելու Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ հիմնահարցեր։ Այդ միավորումը 1999 թ. հավաքել էր 7.9%։ Սակայն այդ փոփոխություններ բերողներն առաջին իսկ պատեհ առիթի դեպքում մոռացան Սամվել Բաբայանին և շտապեցին պատսպարվել Սերժ Սարգսյանի հովանոցի ներքո։ Բանտից ազատվելուց հետո արդեն 2007թ. Բաբայանը ուղղակիորեն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին իր՝ «Դաշինք» կուսակցությամբ և հավաքեց մոտ 3 տոկոս ձայն։ Այսօր «ՕՐՕ» դաշինքը նույնպես խորհրդարանում հայտնվելու անթաքույց հավանականություն ունի։ Հաշվի առնելով այս միավորի ամորֆ կերպը, քաղաքական հստակ մեսիջի բացակայությունն ու ապագաղափարականությունը՝ նման առաջադրանքը բարդ կլինի լուծել։

Վերջաբան

Նոր Սահմանադրության, ընդունված ընտրական օրենսգրքի, վարչական հսկայածավալ ռեսուրսի առկայությունը Սերժ Սարգսյանի ու նրա ՀՀԿ-ի համար մեծագույն ֆորա են ստեղծել։ Սարգսյանը պատեհություն ունի առանց բռնության հաղթանակ տանելու՝ ընտրատեղամասերից դուրս արդեն իսկ լուծած լինելով անհրաժեշտ քվեների հարցը։ Խնդիրն այն է, որ իշխանական կուսակցության ռեյտինգային թեկնածուները տիրապետում են ահռելի ֆինանսական ռեսուրսների և ի վիճակի են մինչև քվեարկությունը երաշխավորել իրենց ձայները։ Իսկ այդ ձայները ինքնըստինքյան բաժին են հասնելու ՀՀԿ-ին՝ լուծելով 2007 և 2012 թթ. ընտրությունների հիմնական բարդությունը, երբ ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուներն ավելի շատ ձայն էին հավաքում, քան կուսակցությունը։ Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ի մեծամասնականներն ավելի փութաջանությամբ աշխատում էին իրենց համար՝ կուսակցությանը բաժին հանելով լոկ երկրորդի կարգավիճակը։ Այսօր կուսակցությունն ու թեկնածուն միավորված են մեկ քվեաթերթիկում՝ դյուրացնելով ՀՀԿ-ի խնդիրը։

Այս իրավիճակում Սարգսյանի համար մեծագույն նվեր է նաև քայքայված ազատական դաշտը, որը 1999 թ. այդպես էլ դաս չի քաղում և անկարող է մի կողմ դնել տարաձայնություններն ու, անձնական հավակնություններից հրաժարվելով, մեկ ուժեղ կուսակցություն դառնալ։ Ինչպես համաշխարհային պրակտիկայում, Հայաստանում նույնպես ազատականությունը չի կարողանում վերագրավել իր կորցրած դիրքերը, և 1999 թ. ընտրությունները ցույց են տվել, որ այդ գաղափարաբանության գերագույն խնդիրը միավորվելու անընդունակությունն է։ Այժմ գրեթե նույն պատկերն է՝ որոշակի նոր և ժամանակային առանձնահատկության բերումով այլ ելևէջներով։ Այս թևը այլընտրանք առաջարկելու և միավորմամբ իրենց ձայների փոշիացումը կանխելու իրական պոտենցիալ ուներ։ Թվում էր՝ 2016 թ. վերջին կայացած ՏԻՄ ընտրությունները պիտի հստակ ազդանշան հանդիսանային այս ուժերի համար, սակայն յուրաքանչյուրը նախընտրում է կյանքի կոչել սեփական պայմանավորվածությունը՝ մտածելով, որ իշխանությունը ձեռնունայն է թողելու հատկապես ոչ իրենց։ Մինչդեռ 1999 թ. նախադեպ է առ այն, որ լիբերալ թևը կարող է և դուրս մնալ խորհրդարանից։ Անշուշտ, ոչ միայն հայկական լիբերալիզմին է հատուկ պատմությունից դասեր չքաղելու արվեստը։

Ինչևէ, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադրությունը հուշում է, որ ապրիլի առաջին կիրակի օրը սպասվող քվեարկությունը չի կարողանալու տալ մոտակա մարտահրավերների պատասխանը՝ իշխանության համար պայքարը փոխանցելով 2018 թվականին։ Թեպետ խորհրդարանական ընտրություններն են այսուհետ լինելու իշխանության ձևավորման միակ ճանապարհը, անցումային իրավիճակով պայմանավորված՝ դրանց վիճակված չէ կրելու իշխանության փոխանցման պատասխանատվությունը։ Որևէ կուսակցություն այսօր իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելու գերխնդիր իր առջև, որպես այդպիսին, չի դրել, թեպետ խոսքային մակարդակում ընտրարշավի միջնամասում իրավիճակը փոխվեց հատկապես «ՕՐՕ», «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների պարագայում: Այդուամենայնիվ, սա սահմանափակվում է սոսկ ամբոխահաճության շրջանակներում: Եթե ՀՀԿ-ն ձգտում է բացարձակ մեծամասնության, իսկ «Ծառուկյան» դաշինքը առավելագույնս խորհրդարանի կեսին, ապա մնացած ուժերի միակ խնդիրը անցումային շեմի հաղթահարումն է։ Այս առումով կրկին հառնում է 1999 թ. օրինակը, երբ «Միասնություն» դաշինքի և իշխանական լծակների միջև անջրպետ հանդիսանալու ոչ կամք, ոչ էլ բնազդային նկրտում իսկ ունեցող ուժ չկար։ Նման իրավիճակում քննել իշխանության տիրապետման հիմնահարցը պարզապես անկարելի է։ Իշխանության իրական տերը որոշվելու է 2018 թ., բայց գործընթացից հեռու են լինելու և՛ կուսակցությունները, և՛ հասարակությունը։ Եթե իշխանության ժառանգման (կերպափոխման) հարցը ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով չի լուծվում, գերակայություն է ձեռք բերում կուլիսային ինտրիգը։ Իշխանությունը կլծվի տրանսֆորմացիոն փուլի կազմակերպման գործին, իսկ ընդդիմությունը ապրիլի 3-ին կրկին կհիշի 1999 թ. ընտրություններից հետո նույն ազատականների գնահատականը՝ «իշխանությունն ընտրեց իշխանություն»։



Գրականություն

  1. Adelman P., The Decline of the Liberal Party 1910-1931, Routledge, 2014.
  2. Bobbio N., Left and Right, the Significance of a Political Distinction, 1996.
  3. Weltman M., Crisis of Liberalism: The Postmodern Revolution, Strategic Book Publishing and Rights Co., 2013.
  4. Բագրատյան Հ., Հայաստանում առկա քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի մասին, Ե., 2000։
  5. Լիպարիտյան Ժ., Պետականության մարտահրավերները. հայ քաղաքական միտքը անկախությունից ի վեր, Ե., 1999։
  6. ‹‹Հայաստանի Հանրապետություն›› օրաթերթ, 5 հունիսի 1999։
  7. Մարդկային զարգացման զեկույց, Հայաստան – 1998. պետության դերը, Ե., 1998:
  8. Տեր-Պետրոսյան Լ., Ընտրանի (Ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ), Ե., 2006:


i Օրինակ՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ի ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակի երկրորդ համարը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է, «Ելք» դաշինքի երկրորդ հորիզոնականը նույնպես զբաղեցնում է մեկ այլ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ ՀՀԿ-ի ցուցակի գրեթե բոլոր ներկայացուցիչները այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Նույնը վերաբերում է ՀՅԴ-ին՝ հանձինս ցուցակի առաջին երեք համարների՝ Արմեն Ռուստամյան (ԱԺ պատգամավոր 1999թ. ի վեր), երկրորդ համար՝ Աղվան Վարդանյան (1999-2007, 2012-17 թթ. ԱԺ պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար), երրորդ համար՝ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյան (նախկինում՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՀ քաղաքաշինության և ՀՀ գյուղատնտեսության նախարար), «Ծառուկյան» դաշինքը ղեկավարում է գործարար, ԱԱԽ նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ «ՕՐՕ» դաշինքի ղեկավարները նախկին նախարարներն են՝ Պնախարար Սեյրան Օհանյան, ԱԳ նախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը։ ՀՎԿ-ի ղեկավարը ԱԺ նախկին նախագահ, նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն է։ Կոմկուսի ներկայացուցիչները նույնպես բացառություն չեն, թեև նրանք իշխանության աղբյուրին մոտ են եղել անկախությունից առաջ՝ խորհրդային ‹‹փթթուն›› ժամանակներում։

ii ՀՀԿ-ն 2012 թվականից ի վեր խորհրդարանում մեծամասնություն ուներ, սակայն նախընտրել է իշխանության համար պատասխանատվությունը կիսել մյուս կուսակցությունների հետ:

iii Ուշագրավ տեղեկատվություն է, որն ուղղակիորեն առնչվում է նաև ընտրական գործընթացի կազմակերպմանն ու ընթացիկ աշխատանքներին և անխուսափելիորեն` արդյունքին: Տե’ս` https://news.am/arm/news/379458.html:


Հեղինակ՝ Նժդեհ Հովսեփյան (Nzhdeh Hovsepyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: