Նախ ընթերցիր առաջին մասը:
Նախորդ վերլուծության մեջ՝ խորհրդային անցյալի և հաջորդած ազատականացման փոխկապակցության համատեքստում, ներկայացրել էինք հետխորհրդային հասարակությունների կերպափոխման գործընթացների այն հիմնական առանձնահատկությունները, որոնք խոչընդոտում են քաղաքական ավտորիտար համակարգից լիարժեք ժողովրդավարական համակարգի անցումը: Ողջ հետխորհրդային տարածաշրջանում քաղաքական արդիականացումն իրականացվում էր միաժամանակ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ընդ որում՝ դրանց համար բավարար նախադրյալների բացակայության պայմաններում: Հաշվի առնելով հետխորհրդային տարածաշրջանի երկրների ժողովրդավարացման օրինաչափությունները՝ փորձենք ներկայացնել Հայաստանում դրա իրականացման հետևանքներն ու առաջացած հիմնախնդիրները:
Ըստ էության, ցանկացած համակարգային փոփոխություն հաջողելու համար պետք է ունենա գաղափարական ու արժեքային հիմք: Խորհրդային ղեկավարության որդեգրած «վերակառուցման» քաղաքականությունը և դրա շրջանակում քաղաքական ու տնտեսական ոլորտներում ներմուծված որոշակի ազատությունները նախաձեռնվեցին զանգվածային դժգոհությունները լռեցնելու, համակարգի համար վտանգ ներկայացնող լարվածությունը ճնշելու և իշխանությունը պահպանելու համար, հետևաբար այստեղ չկային փոփոխությունների արժեքային մղումներ: Եվ, բնականաբար, «վերևից» կամայականորեն իջեցվող բարեփոխումները չէին կարող դրական արդյունքների հանգեցնել: Խորհրդային հանրապետություններում անհետևողական ազատականացումը պոռթկման հանգեցրեց տարիներ շարունակ քնեցված ու կուտակված բազմապիսի խնդիրների, որոնք շղթայական ռեակցիայի նման դրսևորվեցին հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ հանգեցնելով հատկապես գոյություն ունեցող էթնիկ հակասությունների ու հակամարտությունների թեժացմանը: Մեր պարագայում դա դրսևորվեց ԼՂԻՄ-ում սկիզբ առած զանգվածային էթնիկ զտումների ու շրջանը հայաթափելու տեսքով, ինչը սկիզբ դրեց Ադրբեջանից անջատվելու և հայկական ԽՍՀ-ին միանալու շարժմանը: Արդյունքում, Արցախյան շարժումը և Արցախյան հիմնահարցն առանցքային դեր ունեցան ՀՀ անկախացմանը նախորդող ու հաջորդող տարբեր գործընթացների համար:
Ժողովրդավարացման գործընթացի մեկնարկը. բազմակուսակցական համակարգի հիմնումը
Ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ բազմակուսակցական համակարգի ձևավորման նախադրյալներ Հայաստանում կային արդեն 1990թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների դրությամբ, քանի որ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), որը ձևավորվել էր Արցախյան շարժումը համակարգող «Ղարաբաղ» կոմիտեի հիմքի վրա և դարձել անկախացումն առաջնորդող քաղաքական ուժ, հնարավորություն էր ստացել մասնակցելու Գերագույն խորհրդի ընտրություններին, և համընդհանուր պայքար էր ընթանում ավտորիտար խորհրդային իշխանության տապալման համար: Կայացած ընտրությունների արդյունքներով ՀՀՇ-ին հաջողվեց Գերագույն խորհրդում մի քանի մանդատի տարբերությամբ մեծամասնություն կազմել, իսկ արդեն մեկ տարի անց կայացած նախագահական առաջին ընտրություններում շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ:
1991թ. անկախացումից հետո չնայած կուսակցական դաշտի ամբողջական ազատականացմանը՝ երկրում փաստացի մենիշխանություն ուներ ՀՀՇ-ը, ինչը հիմնականում պայմանավորված էր.
Առաջին. Հայաստանի անկախացման ու ԽՍՀՄ-ից անջատման գլխավոր շարժիչ ուժն Արցախյան շարժումն էր, որի ողջ կազմակերպման ու ուղղորդման ֆունկցիաներն իրականացնում էր «Ղարաբաղ» կոմիտեն, ապա ՀՀՇ-ը: Այսինքն՝ երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրն անկախացումն ու Արցախյան շարժումը հաղթանակով պսակելն էր, և ընթացող ողջ հասարակական-քաղաքական գործընթացների գաղափարական հիմքն ընդհանուր ու միասնական էր: Արդյունքում, անկախությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտում գլխավոր թելադրող ուժ դարձավ ՀՀՇ-ը՝ որպես այդ գործընթացներն առաջնորդած հեղինակավոր ուժ:
Երկրորդ. տասնամյակներ շարունակ երկրում տիրապետող են եղել խորհրդային ավտորիտար կարգերը, ինչի պայմաններում իսպառ բացակայում էին ժողովրդավարական ինստիտուտներն ու ավանդույթները։ Հետևաբար մարդկանց կենսակերպում, սոցիալական հիշողության մեջ մեկ քաղաքական ուժի կողմից դոմինանտ կառավարումը և այլոց օտարումն արտասովոր չէին:
Երրորդ. դե ֆակտո միակուսակցական համակարգի առկայությունը հասարակության մեջ ընդվզում չէր առաջացնում, քանի որ իշխող ՀՀՇ-ը լիովին վայելում էր ժողովրդի սերն ու վստահությունը և ուներ լեգիտիմության բարձր մակարդակ:
Այսպիսով՝ հեղափոխական ուժերը հասել էին խորհրդային իշխանության տապալմանն ու նոր էլիտայի ձևավորմանը: Այլևս անհրաժեշտ էր ուժերի կենտրոնացում, երկրի զարգացման կուրսի մշակում և դրա իրագործում, սակայն իրերի ընթացքը քիչ այլ կերպ ընթացավ: Այս առնչությամբ տեղին է մեջբերել Ս. Սանիստեբանի խոսքերը՝ ներէլիտային ճեղքվածքի ու ֆրագմենտացիայի վերաբերյալ. «Այն բանից հետո, երբ ապստամբները զավթում են պետական ապարատի կառավարման լծակները, հեղափոխական ղեկավարների միջև հաճախ տարաձայնություններ են ծագում հետագա կուրսի նկատմամբ: Այդ տարաձայնությունները կարող են վերածվել ներքին պայքարի … և այդ պայքարում պարտված ղեկավարների ճակատագրերը կարող են տարբեր լինել․ նրանք կարող են գնալ դեպի անհայտության, աքսորվել, հրաժեշտ տալ կյանքին կամ շարունակել պայքարը նոր վարչակարգի դեմ: Այդ իսկ պատճառով էլ ասում են, որ «հեղափոխությունը խժռում է սեփական որդիներին»:
Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել ՀՀՇ-ի իշխանությանը հաջորդող տարիներին ղեկավարության շրջանում առկա տարակարծությունները (խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի հակասությունների մասին է), որոնք կուսակցության ներքին կոնյուկտուրայում պառակտում առաջացրեցին: Այս նախադեպն առանցքային դարձավ երկրի քաղաքական համակարգի հետագա կայացման գործընթացում և այժմ էլ դրսևորումներ է ունենում դաշտում առկա տարբեր քաղաքական ուժերի շրջանում: Իսկ 1995թ. խորհրդարանական և հատկապես 1996թ. նախագահական ընտրությունները՝ ուղեկցված զանգվածային ընտրախախտումներով և հաջորդած հետընտրական բախումներով՝ իշխանության և ընդդիմության միջև, զգալի բացասական ազդեցություն ունեցան ժողովրդավարացման գործընթացի և բազմակուսակցական համակարգի կայացման վրա: Հետզհետե ծավալվող ներքաղաքական ճգնաժամը հասավ իր կուլմինացիային, երբ իշխանության տարբեր թևերի միջև սուր հակասությունները՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիների հետ, ի վերջո ավարտվեցին նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականով (հրաժարականի փաստը, այնուամենայնիվ, դեմոկրատիայի որոշակի էլեմենտների մասին է վկայում):
Փաստորեն, անկախության առաջին իսկ տարիներին ծավալված քաղաքական գործընթացները փակուղային իրավիճակ էին ստեղծել հասարակության ժողովրդավարացման համար. խորհրդային ավտորիտար վարչակարգի դեմ պայքարած և իշխանության եկած էլիտան ներքաղաքական կյանքում աստիճանաբար սահմանափակում էր քաղաքական ազատություններն ու ուժերի ազատ մրցակցության հնարավորությունները, ժողովրդավարական ինստիտուտների հաստատման ու կայացման փոխարեն իշխանության պահպանման ու դրա վերարտադրության խնդիրն է դրվում: Անկախ Հայաստանի իշխող էլիտան ներքաղաքական այնպիսի խնդիրներ էր ստեղծել, որոնց դեմ ինքն էր պայքարում տարիներ առաջ:
Անկատար ժողովրդավարություն
Իսկ որո՞նք են ժողովրդավարացման գործընթացի այդպիսի հետընթացի պատճառները: Պատճառները պետք է փնտրել հասարակական կյանքի երեք հիմնական ոլորտների՝ քաղաքականություն, տնտեսություն և իրավունք համակարգային փոխկապակցվածության մեջ:
Խորհրդային համակարգի տնտեսական հարաբերությունների ձևաչափը փոխանցվեց նոր վարչակարգին՝ դրսևորվելով արդեն կառավարող էլիտայի ձեռքում տնտեսական ազդեցության հզոր լծակների կենտրոնացմամբ, ինչն էլ հանգեցրեց մոնոպոլիաների ձևավորմանը: Քաղաքական իշխանության ու տնտեսական ոլորտի միաձուլումը պետք է ամրապնդեր վարչակարգի իշխանությունը և հիմք հանդիսանար դրա հետագա վերարտադրման համար. տեղի էր ունեցել քաղաքական և տնտեսական կապիտալի միաձուլում:
Արդյունքում, մերձիշխանական տնտեսվարող սուբյեկտները, արտոնյալ պայմաններից օգտվելով, չարաշահում են մրցակցային տնտեսական հարաբերությունների սկզբունքները, թերակատարում իրենց հարկային պարտավորությունները, իսկ պետբյուջեի պակասուրդը կա՛մ լրացվում է շարքային քաղաքացիների հարկային պարտավորությունների ընդլայնման հաշվին, կա՛մ հանգեցնում բնակչության կենսամակարդակի վատթարացմանը՝ դրանից բխող տարաբնույթ խնդիրներով: Իսկ իշխանական լծակների տիրապետումը հնարավոր է դարձնում իրավական կարգավորումների ու պատասխանատվության ապարատը սեփական հայեցողությանը հարմարեցնելը:
Քաղաքական համակարգի ժողովրդավարացման արդյունավետության գլխավոր խոչընդոտներից մեկն էլ կոռուպցիայի առկայությունն է: Հետխորհրդային շրջանում կոռուպցիայի արմատավորումը խորհրդային անցյալի ուղղակի ածանցյալներից է: Խորհրդային համակարգում հաստատված հասարակական կարգերը՝ ի դեմս մասնավոր սեփականության բացակայության ու երկրի ողջ ռեսուրսների պետականացվածության, ինքնըստինքյան ձևավորում էին թալանի հոգեբանություն: Այս հոգեբանությունը փոխանցվեց նաև հետխորհրդային հայ հասարակությանը, որում կառավարչական լծակների տիրապետելն օգտագործվում է անձնական շահերի ու պահանջմունքների բավարարման համար, պաշտոնեական դիրք զբաղեցնելն ընկալվում է ոչ թե որպես պատասխանատվություն, այլ սեփական նյութական ապահովվածության բարելավման միջոց, իսկ սա հնարավոր է դառնում մեզանում հաշվետվության և պատասխանատվության մեխանիզմի բացակայության պայմաններում։ Արդյունքում՝ ՀՀ-ում հաստատված քաղաքական ընտրանին ընկղմվում է կոռուպցիայի մեջ:
Քանի որ սոցիալ-տնտեսական ու քաղաքական արդիականացումը սխալ ճանապարհով է ընթանում, ու հռչակված ազատական հասարակական հարաբերությունները չեն նպաստում բնակչության կենսամակարդակի աճին, ժողովրդավարական ռեֆորմները հայտնվում են ստատիկ տեղապտույտի մեջ, իշխող էլիտան, ըստ էության, կտրվում է լայն զանգվածներից՝ խզվածք առաջացնելով իշխանություն-հասարակություն երկխոսության մեջ, հասարակական լայն շերտերը խորը հիասթափություն են ապրում և սկսում օտարված զգալ իշխանության ձևավորմանը ծառայող ընտրական գործընթացներից, քանի որ սահմանափակված են քաղաքական լայն ազատություններն ու ընթացող գործընթացներին գործուն միջամտելու հնարավորությունը:
Բազմակուսակցական համակարգի կայացման խութերը
Բազմակուսակցական համակարգի կայացմանը խոչընդոտող գործոնները կարելի է պայմանավորել պետական կառավարման նախագահական ու կիսանախագահական մոդելներով: Ըստ էության, ավտորիտարիզմից ժողովրդավարություն կերպափոխվող հասարակության մեջ ուժեղ նախագահական կառավարման մոդելի ի հայտ գալը բնականոն է, քանի որ քաղաքական ու գաղափարական արժեքների աստիճանական էվոլյուցիան պետք է հանգեցնի պետական կառավարման կատարելագործման: Արմատացած միակուսակցական կառավարման մշակույթը հանգեցնում է ընդգծված և ուժեղ քաղաքական լիդերների առաջացմանը, ինչից էլ բխում է նախագահի ուժեղ ինստիտուտի առկայությունը: Երկրի քաղաքական դաշտը ձեռք է բերում ֆրագմենտացվածություն, ձևավորված միջավայրն արգելակում է ռեալ բազմակուսակցական համակարգի հաստատումն ու կայացումը: Բացի այդ՝ բազմակուսակցական համակարգի կայացումն անիրատեսական է մի երկրում, որտեղ դրա արմատավորման համար բավարար նախադրյալներ չեն ստեղծվում: Մեր պարագայում՝ պառլամենտարիզմի մշակույթի բացակայությունը պայմանավորված է պատմական անցյալով՝ պետության դարավոր անգոյությամբ: Առաջին հանրապետությունում, ըստ էության, պառլամենտարիզմի մշակույթ չձևավորվեց․ երկամյա անկախության ընթացքում մենատիրական իշխանության էր հասել ՀՅԴ-ը, իսկ խորհրդային տարիներին ձևավորվել պարզապես չէր կարող, և ահա երրորդ հանրապետության շրջանում բազմակուսակցականության ու ժողովրդավարական այլ խնդիրների առկայությունը զարմանալի չէ:
Անկախ Հայաստանի պատմության մեջ գրեթե միշտ իշխանության հարցը լուծվել է ՀՀ նախագահի ընտրություններով։ 1995թ․ ընդունված Սահմանադրությամբ և 2005թ․ Սահմանադրության փոփոխություններով, իշխանության գլուխ համարվում էր երկրի նախագահը, և սա դոմինանտ դեր էր ամբողջ կառավարման համակարգում։
Կիսանախագահական կառավարման ժամանակ իշխանության ձևավորումը հիմնվում է համաժողովրդական երկու ընտրությունների անցկացման վրա, երբ հանրապետության նախագահին իր իշխանությունն իրականացնելու համար անհրաժեշտ է կայուն մեծամասնություն ունենալ օրենսդիր մարմնում, ինչն էլ ապահովում է նախագահի ու նրա կողմից ձևավորված կառավարության գործունեությունը: Հետևաբար, եթե խորհրդարանում մեծամասնություն ձեռք բերեր մի ուժ, իսկ նախագահ ընտրվեր այդ ուժը չներկայացնող կամ դրա քաղաքական աջակցությունը չունեցող թեկնածու, ապա գործընթացը կհանգեր ներիշխանական ճգնաժամի՝ որոշումների կայացման անհնարինությամբ: Սակայն հաշվի առնելով քաղաքական կյանքի անհատականացման բարձր աստիճանը՝ դաշտում առկա կուսակցությունների մրցապայքարը հանրության շրջանում ընկալվում է որպես դրանց լիդերների մրցակցություն: Արդյունքում, խորհրդարանական ընտրություններն անուղղակիորեն վճռում են նախագահական ընտրությունների ելքը:
Բնականոն քաղաքական հարաբերությունների ժամանակ թե՛ ընտրական և թե՛ հետընտրական գործընթացներում իշխանության և ընդդիմության կառուցողական պայքարն է հենց քաղաքական համակարգի առողջ կենսագործունեության երաշխիքներից մեկը: Ժողովրդավարական քաղաքական համակարգում ազատ մրցակցությունը քաղաքական պայքարի առանցքներից մեկն է, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերն առանց սահմանափակումների և արտաքին սպառնալիքների կարողանում են ներգրավվել քաղաքական պայքարի մեջ, որտեղ բոլորը կարող են առավելագույնս օգտագործել իրենց ռեսուրսները հաջողության հասնելու համար: Եվ այս պայքարում հասարակության մեծամասնության կատարած ընտրությունը մնում է բացարձակ արժեք բոլոր կողմերի համար: Ուստի, եթե քաղաքական դաշտում ապահովվեն ազատ մրցակցային պայմաններ, ապա դաշտում առկա ընդդիմադիր ուժերը լուրջ սպառնալիք կարող են դառնալ գործող իշխանության համար: Սակայն, քանի որ «վազող արդիականացման» ճանապարհը բռնած հասարակություններում ավտորիտար կառավարման մշակույթի որոշակի տարրեր շարունակում են առաջնային մնալ՝ թեկուզև լատենտ դրսևորվելով դեմոկրատական կարգերի քողի ներքո, և կառավարող ընտրանին ամեն կերպ փորձում է վերարտադրվել, վերացվում է առողջ քաղաքական մրցակցությունը, վերահսկելի են դառնում հանրային կյանքի բոլոր ոլորտները:
Եթե փորձենք նշված գործընթացներն ընդհանրացնել Ռ. Դալի առաջ քաշած քաղաքական վարչակարգի երկու կարևորագույն խնդրահարույց չափումների՝ «մրցակցության» և «մասնակցության» տեսանկյունից, կարող ենք նշել, որ ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացը հանգում է հետևյալ հիմնական սահմանափակումներին.
Մրցակցության սահմանափակում քաղաքական ընտրանու շրջանակներում. երբ կուսակցությունը ֆրագմենտացիայի է ենթարկվում, և սահմանափակվում է մրցակցությունը ներկուսակցական շրջանակներում՝ առաջ բերելով հետնապահ ու մեկուսացված գործիչների, ինչի նպատակը լիդերի դոմինանտության ամրապնդումն է:
Որոշումների ընդունման գործընթացից առանձին դերակատարների մեկուսացում. երբ լիդերի դիրքերի ամրապնդման ու որդեգրած կուրսի անշեղ իրականացման նպատակով մեկուսացվում են այլ դիրքորոշում ունեցող տարրերը, ինչը, աստիճանաբար հանգեցնելով քաղաքական մարգինալների ազդեցության աճին, իշխող վարչակարգին հարկադրում է գնալ ոչ միայն այլ ուժերի, այլև լայն զանգվածների քաղաքական մասնակցության զսպմանը:
Քաղաքական որոշումների ընդունման ժամանակ ոչ ֆորմալ ինստիտուտների գերիշխանություն. երբ կարևորագույն քաղաքական որոշումների կայացման վրա էական ազդեցություն են գործում առկա ոչ ֆորմալ ընթացակարգերը:
Քաղաքական համակարգում նմանատիպ դրսևորումները բնորոշ են ավտորիտարիզմին, սակայն դրանց զուգահեռ առկա որոշակի ինքնավարությունը, քաղաքացիական իրավունքների և ազատությունների ուղղակի սահմանափակումների բացակայությունն ավելի շատ վկայում են այն մասին, որ «էլիտային հանրույթի» ձևավորումը հանգեցրեց ՀՀ-ում հիբրիդային վարչակարգի կամ «դելեգատիվ ժողովրդավարության» ձևավորմանը, որը ժողովրդավարական ինստիտուտների ու ընթացակարգերի քողի ներքո ավտորիտար մենատիրական իշխանության իրականացումն է:
Ժողովրդավարությունը որպես հասարակարգ անկարող է կայանալ և ամրապնդվել սոսկ համապատասխան ինստիտուտների հաստատմամբ ու իրենց ժողովրդավարական արժեքների ջատագով հռչակող լիդերների իշխանության գալով, եթե անհրաժեշտ արժեհամակարգային հիմքերը բացակայում են:
Խ. Լինցի և Ա. Ստեփանի հայեցակարգի համաձայն՝ ժողովրդավարական համախմբումը ենթադրում է հիմնարար վերափոխումների անցկացում առնվազն երեք մակարդակներում` վարքաբանական, արժեքային և սահմանադրական: Եվ դրան հասնել հնարավոր է միայն այն դեպքում, երբ՝
- Քաղաքական դաշտում չեն մնացել այնպիսի ազդեցիկ քաղաքական խմբեր, որոնք ձգտում են խարխլել ժողովրդավարական վարչակարգը կամ հետնահանջ իրականացնել,
- Ժողովրդավարական ընթացակարգերն ու ինստիտուտները հասարակության կողմից ընդունվում են որպես սոցիալական կյանքի կարգավորման առավել ընդունելի մեխանիզմներ,
- Քաղաքական դերակատարներն «ընտելանում» են նրան, որ բոլոր հասարակական բախումները կարգավորվում են նոր ժողովրդավարական գործընթացի վավերացրած օրենքներին, ընթացակարգերին ու ինստիտուտներին համապատասխան:
Կարոզերսի բնորոշմամբ՝ դելեգատիվ ժողովրդավարություններն ունեն քաղաքական կյանքի ժողովրդավարացման որոշ հատկանիշներ առնվազն՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և անկախ քաղաքացիական հասարակության համար սահմանափակ քաղաքական տարածության առկայություն, կանոնավոր ընտրություններ ու ժողովրդավարական սահմանադրություններ: Բայց դրա հետ մեկտեղ նրանց բնորոշ են քաղաքացիների շահերի թույլ ներկայացուցչությունը, քվեարկության սահմաններից չանցնող քաղաքական մասնակցության ցածր մակարդակը, պետության պաշտոնատար անձանց կողմից օրենքների հաճախակի խախտումները, ընտրությունների լեգիտիմության նկատմամբ կասկածը, պետական ինստիտուտների հանդեպ հասարակության վստահության գրեթե լիովին բացակայությունը և պետության կայուն ցածր ինստիտուցիոնալ արդյունավետությունը:
Նման պայմաններում իշխանության եկող ցանկացած ոք ձգտում է ամեն կերպ ամրապնդել ու պահպանել իշխանությունը, և սպառնալիքների առկայության դեպքում՝ հնարավորինս սահմանափակել մրցակցային հնարավորությունները՝ հասարակական ու քաղաքական դաշտն առավել քան վերահսկելի դարձնելով:
Գրականություն
-
Մարգարյան Մարիամ Մամիկոնի: Քաղաքական արդիականացման և զարգացման հիմնահարցեր: Պատասխանատու խմբագիր Գ.Հ.Սաֆարյան, Երևան, «Պետական ծառայություն», 2004:
-
McFall M., The Forth Wave of Democracy and Dictatorship. Noncooperative Transitions in the Postcommunist World, World Politics, 2002, January.
-
Карозерс Т., Конец парадигмы транзита, Политическая наука, 2003, №2.
Հեղինակ՝ Հայկ Սահակյան (Hayk Sahakyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: