«Մի՛ քաղաքականացրեք». Քաղաքականությունը որպես միջոց և նպատակ

Գերմանացի սահմանադրագետ, իրավաբան և քաղաքական գործիչ Կարլ Շմիթը, խոսելով պետության մասին, այն նկարագրում է որպես «ժողովրդի քաղաքական կարգավիճակ»: Այս չափազանց լակոնիկ, բայց և համընդգրկուն նկարագրությունը թե՛ հեղինակի ապրած շրջանում, թե՛ նրանից հետո, եվրոպական քաղաքական և իրավական մտքի գոհարներից է և հիմա էլ զուրկ չէ արդիականությունից և կարևորությունից։ Այս դիրքից որոշակի առնչություններ են նկատվում ներհայաստանյան ներկայիս իրավիճակի հետ, որոնք կարիք ունեն մեկնաբանման և վերաիմաստավորման։

Նախևառաջ, եթե պետությունը ժողովրդի քաղաքական կարգավիճակն է, հետևաբար, ինչպես և ցանկացած կարգավիճակ, այն ձեռքբերովի է, տվյալ պարագայում՝ միասնական ուղղորդված աշխատանքի արդյունք, որը ձեռք է բերվում քաղաքականության միջոցով։ Այս վերջինը բացառիկ կարևոր դրույթ է, քանզի հենց այստեղ է երևում այն էսսեցիալիստական սկզբունքը, որի միջոցով հնարավոր է տարբերակել քաղաքականությունը (die Politik), քաղաքականն (das Politische) և նրա ֆունկցիոնալ ու բնութենական տարբերությունը պետությունից ինքնին։ Հատկանշական է, որ Շմիթը քաղաքականը գործածում է ոչ թե որպես ածական, այլ որպես գոյական և ածականը գոյականի վերածելով՝ հատուկ պահպանում է չեզոք սեռը։

Այստեղ է, որ հստակ սահմանազատվում են պետությունը և քաղաքականությունը, այստեղ է, որ այս երկուսը ձեռք են բերում առանձին կարգավիճակ և բնույթ։ Շմիթը մեզ հնարավորություն է տալիս լիովին այլ պրիզմայով նայել իրավիճակին, քանզի խոսելով ժողովրդի քաղաքական կարգավիճակի մասին՝ այն մեկնաբանում է որպես ամենակարևոր (Maßgebend), որից էլ այն մտքին ենք հանգում, որ անհատական, խմբային կամ կոլեկտիվ կարգավիճակների հիերարխիայում Շմիթը դրան բարձրագույն արժեքով և դիրքով է օժտում՝ այսպիսով հստակ տարանջատելով առաջնայինը և երկրորդայինը հասարակության ու պետության համար։ Բայց այս կարգավիճակն իմաստ և արժեք է ստանում միայն ու միայն քաղաքականի՝ քաղաքականության գործառնության և գործադրման միջոցով։ Այսինքն՝ վերջինս այն առանցքային չափանիշն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել պետությունը, պետության գաղափարն ինքնին։ Այո, հենց քաղաքականն է չափանիշը և հիմքը պետության, պետականի, և ըստ այդմ՝ քաղաքացիական բոլոր հաստատութենական կառույցների և քաղաքացիական հարաբերությունների։

Եթե 1919թ. իր ելույթում («Քաղաքականը որպես մասնագիտություն և կոչում») Մաքս Վեբերը նշում էր՝ պետությունն այն համակարգն է, որը որոշակի տարածքում բռնության գործադրման մենաշնորհի հնարավորություն ունի, ապա Շմիթը, վերասահմանելով վերջինս, նշում է՝ պետությունն այն քաղաքական համակարգն է, որը «քաղաքականի մենաշնորհ ունի»: Այս սահմանումով է հենց, որ պետությունը տարբերվում է այլ քաղաքական միավորներից և ոչ պետական կազմավորումներից։ Հստակ է, որ չի կարելի, նույնիսկ հնարավոր և խելամիտ չէ համահավասարեցնել պետությունը և քաղաքականը։

Պետությունն ինքնին քաղաքականի արդյունք է, բայց նրանում ամեն ինչ չէ, որ քաղաքական է։ Այստեղ է, որ մեր ժամանակաշրջանի առավել կարևոր «հիվանդություններից» մեկն է առաջ գալիս, այն է՝ պետականի համանմանեցումը քաղաքականին։ Այս միտումը դառնում է աղետալի, քանզի արդիության դարաշրջանից սկսած, երբ պետությունը և հասարակությունը քայլ առ քայլ ներառվում և ներթափանցում են, ստեղծվում է մի վիճակ, երբ պետական, հանրային կյանքի ցանկացած ոլորտ, խնդիր, գործունեություն, դառնում է պետական և ըստ վերը շարադրված տրամաբանության՝ դառնում քաղաքական, և վիճակ է ստեղծվում, երբ պետության կողմից առօրեականության «գրավման» հետ ամեն ինչ դառնում է քաղաքական։

Միշել Ֆուկոն և իրենից առաջ՝ Հոբսը, Գրամշին և այլ մտածողներ կանխագուշակել և ախտորոշել էին այս «արատը», որն իրենց ժամանակներում արդեն հասարակական խնդիր էր համարվում։ Այստեղից էլ ոլորտները՝ կրոնը, մշակույթը, կրթությունը, տնտեսությունը, որոնք նախկինում չեզոք էին, դադարում են այդպիսին լինել և ներառվում են քաղաքականի դաշտ, դառնում «քաղաքականացված»՝ կորցնելով իրենց սեփական տրամաբանությունը։

Այսպիսով, քանի պետության ամենակուլ հաստատութենական համակարգերն աշխատում են, այն ձեռք է բերում ամբողջատիրական բնույթ (գործառութային իմաստով). պետությունը, որը մինչ այդ իր գործունեության ուրույն դաշտերն ուներ, այժմ նվաճում է կյանքի բոլոր ոլորտները, առօրյան և հասարակական դաշտը՝ ամբողջատիրական քաղաքականացման ենթարկելով։ Ահա այստեղ առողջ և զարգացման միտվող հասարակության համար սկսվում է իսկական աղետը, քանզի, եթե ամեն ինչ քաղաքական է, դադարում է քաղաքականի էությունն ինքնին՝ որպես ուրույն, ինքնաբավ, և կորչում է քաղաքականի բնորոշիչը։

Ահա այս թնջուկը լուծելու համար Շմիթն առաջարկում է մի առանցքային բնորոշիչ, որի միջոցով հնարավոր է դառնում տարբերակել քաղաքականը ոչ քաղաքականից։ Այդ չափորոշիչը ընկեր-թշնամի հակադրական կառույցն է։ Համաձայն այս սկզբունքի՝ քաղաքականը կարող է լինել այնտեղ, որտեղ առկա է առնվազն երկու կողմ, որոնց միջև հակադրությունն այն աստիճանի է, որ չկա համադրման, փոխգործակցության դաշտ, և միակ ելքը կողմերից մեկի հաղթանակը և իր կամքի պարտադրումն է մյուսին։ Այս չափորոշիչը զուրկ է բարոյական, տնտեսական, կրոնական, մշակութային կամ այլ երանգավորումներից, այն ուրույն ինքնաբավություն ունի և հենց դրանում է նրա առավելությունը։ Բնավ հարկավոր չէ, որ թշնամիդ լինի բարոյազուրկ կամ տմարդի, լինի հակառակ հավատքի կամ ուրիշ մշակույթի կրող, կարող է պատահել, որ նույնիսկ ձեռնտու լինի թշնամուդ հետ տնտեսական հարաբերություններ հաստատելը։ Բայց, կրկնեմ, առաջնայինը հակադրման այն ինտենսիվության չափանիշն է, ըստ որում՝ չկա համագործակցության դաշտ, իրավիճակից միակ ելքը մի կողմի կամքի ու սկզբունքի պարտադրումն է մյուսին՝ լինի դա բռնի ֆիզիկական հակադրման, թե սիմվոլիկ բռնության միջոցով։

Այսպիսով, Շմիթը հարցը և խնդիրը բերում է էքզիստենցիալիզմի դաշտ՝ անհատի և հասարակության բնույթը մղելով առաջին պլան։ Արդ, քաղաքականը, լինելով որոշակի չափորոշիչից կախված, ձեռք է բերում վարակի բնույթ։ Այն կարող է լինել կյանքի ցանկացած ոլորտ, եթե գտնվեն առնվազն 2 հակադրվող կողմեր, որոնց հակադրման ինտեսիվությունը չի ենթադրի կոմպրոմիս։

Խոսելով ժողովրդի քաղաքական կարգավիճակի մասին՝ Շմիթը, պետությունը դասելով աստիճանակարգի վերին աստիճանին, այն միտքն էր առաջ տանում, որ չի կարող լինել այլընտրանք ժողովրդի քաղաքական կարգավիճակին՝ պետությանը, և որ այն անբեկանելի, բարձրագույն արժեք է։ Այստեղ, երբ խնդիրը հակադիր կողմերի միջև դառնում է զուտ քաղաքական, էսսենցիալիստական բնույթ է ստանում և ստեղծվում է մի իրավիճակ, երբ թշնամուն կարիք չի լինում ատել, նսեմացնել, դեմոնիզացնել, զրկել նրան մարդկային հատկանիշներից, և բնավ ասպետական թող չբնութագրվի այն վարքը, երբ հարգանքով և անհրաժեշտ ակնածանքով են վերաբերվում թշնամուն, այստեղ հարցը ոչ թե կողմերից մեկի հումանիստական թուլությունն է, այլ խնդրի հենց քաղաքականի դաշտ տեղափոխելը։ Այստեղ է, որ իմաստ են ձեռք բերում տնտեսական և կրոնական պատերազմները, այստեղ է, որ մշակութային հակադրությունն իր բնույթն է արտացոլում հասարակական կյանքում։ Քաղաքականի գաղափարը և էությունը, լինելով վարակ, անհրաժեշտաբար իր տիրույթներն է նվաճում։

Շմիթը, զարգացնելով միտքը և խոսելով չեզոքության դրույթի մասին, նշում է, որ եթե երկրագնդի վրա մնար միայն չեզոքությունը, ապա տվյալ պարագայում կխեղվեր չեզոքության գաղափարն իսկ, որովհետև, եթե չկա հակադրություն, չկա պատերազմի վտանգ, չի կարող լինել նաև չեզոքություն։ Չեզոքությունը, զուրկ լինելով սեփական սուբստանցիայից, կդադարեր գործել։ Դրա համար անհրաժեշտ է ոչ թե նույնիսկ ուղղակի պատերազմը կամ ֆիզիկական բռնությունը, այլ ամենաքիչը՝ դրա հնարավորությունը, այն ընկալումը, որ ընկեր-թշնամի հակադրությունը միշտ առկա է կյանքի բոլոր ոլորտներում, և որ այն՝ հակադրությունը, երաշխիքն է հասարակության և պետության զարգացման։

Այս քաղաքականի միջոցով է, որ անհրաժեշտ չի լինում պատերազմը դիտարկել որպես ինչ-որ վերգաղափարական, վերբարոյական մշակութային ֆենոմեն և երանգավորումներ տալ: Այս չափորոշիչի միջոցով այն դառնում է ինքնուրույն դաշտ՝ զատ բոլոր կապանքներից և ըստ այդմ՝ հնարավորինս լուծելի և ընկալելի հակամարտող կողմերի համար։

Շմիթը հետաքրքիր դիտարկում է անում՝ նշելով, որ «եթե խաղաղասերների թշնամությունը պատերազմի հանդեպ դառնար այնքան ուժեղ, որ ներքաշեր նրանց պատերազմի մեջ պատերազմի կողմնակիցների դեմ, վերածվելով յուրատեսակ պատերազմի պատերազմի դեմ, ապա կապացուցվեր, որ այն ունի բավականաչափ քաղաքական ուժ, որպեսզի խմբավորի մարդկանց ընկեր-թշնամի հակադրությամբ»։

Ընդհանրապես մարդկանց խումբը քաղաքական կատեգորիա է դառնում այն պարագայում, երբ պատրաստ է սեփական կոլեկտիվ կամքը, իր սուվերենության հիմքը պաշտպանել թշնամուց, հակառակորդից, երբ խումբն է որոշում իր սկզբունքները, նպատակները, իր «քաղաքական կարգավիճակը» և չի խորշում պատերազմական, ֆիզիկական պայքարի մեջ մտնել իր գաղափարների համար։ Իսկ եթե այս յուրատեսակ կոլեկտիվ միասնության և անձնազոհության սկզբունքը չկա, ստեղծվում է մի վիճակ, երբ անհատի, խմբի, հասարակության պաշտպանությունը ստանձնած խումբն է որոշում նրա բարեկամին և թշնամուն։ Մեր պատմության մեջ դրա վառ օրինակը Ռուսաստանի «փրկչական» հովանավորչությունն է, երբ զիջելով մեր պաշտպանությունը վերջինիս՝ հնարավորություն ենք տալիս մեր փոխարեն որոշել, թե ովքեր կլինեն մեր թշնամիները և բարեկամները։

Ի մի բերելով՝ հարկ է նշել, որ քաղաքականությունն ինքնին ինքնանպատակ դիտարկելով՝ ամենևին էլ չի նսեմացվում կամ արժեքային առումով չի նվազեցվում նրա ֆունկցիոնալ կամ էսսենցիալիստական նշանակությունը, այլ հստակ սահմանազատվում են արդի ամբողջատիրական պետության սպառնալիքները հասարակական կյանքի ոլորտների և հենց ինքն իր հանդեպ, քանզի պետությունը, նախ և առաջ լինելով քաղաքական կատեգորիա, քաղաքական արժեք և քաղաքականի արդյունք, խնդիր ունի հանրային, պետական քաղաքականության կազմակերպման և անհրաժեշտ պայմանների պաշտպանության, այլապես կվերածվի ամբողջատիրական քվազիպետական կազմավորման, երբ դադարի քաղաքականությամբ զբաղվել և սկսի զբաղվել վարչարարական, ոստիկանական կամ մշակութային խնդիրներով՝ այդպիսով զրկելով ազգին սուվերենությունից, դրանով իսկ սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից։


Գրականություն

  1. Carl Schmitt.DerBergriff des Politischen, Duncker&Humblot, Berlin, 1932
  2. Шмитт К. Понятие политического, Вопросы социологии, 1992, Н.1


Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Կարլ Շմիթ «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեի թվանշային հրատարակությունը