Աղանդների ազդեցությունը հայ հասարակության վրա

Սովետական շրջանում տասնամյակներ տևած աթեիզմից հետո այսօր մեծ հետաքրքրություն է արթնացել հոգևոր կյանքի նկատմամբ: Հավատը, հոգևորությունը, կրոնը չափազանց սպեցիֆիկ հասկացություններ են, որպեսզի դրանց մասին խոսվի առանց համապատասխան խորը գիտելիքների: Այսօր տարածված կարծիք կա, որ աթեիզմը բացասական երևույթ է, հետևաբար յուրաքանչյուր հավատքի դրսևորում դրական ընկալում ունի և կարևոր է հավատալ որևէ պայծառ ու վսեմ երևույթի, և չկա էական տարբերություն կրոնների միջև: Այս ամենից օգտվում են աղանդավորական շարժումների հիմնադիրները՝ իրականում հետապնդելով ոչ միայն կրոնական և հոգևոր զարգացման նպատակներ, այլև ձգտելով աշխարհում տարածել սեփական իշխանությունը: Ըստ էության, կրոններն էքստրեմալ գաղափարներ չեն քարոզում. Վտանգը բխում է աշխարհում ճանաչված կրոններից առաջացած աղանդներից: Այսպիսով՝ կրոնական աղանդներն այսօր կարող են համարվել աշխարհի հեղաշրջման հզոր գործիք: Վերջին տարիներին ահաբեկչությունների մեծաքանակ դեպքերը դրա վառ ապացույցն են. Օրինակ՝ «Իսլամական պետություն»i ահաբեկչական խմբավորումը, ծայրահեղ կրոնական գաղափարների շուրջ հավաքագրելով մուսուլման երիտասարդների, նրանց միջոցով իրականացնում է ահաբեկչություններ՝ հիմնականում որպես թիրախ ունենալով եվրոպական երկրները: Նրանց կողմից իրականացված ահաբեկչական գործողություններից են 2016 թ. մարտի ահաբեկչությունը Բրյուսելում (34 զոհ, 230 վիրավոր), 2016 թ. հունիսի ահաբեկչությունը Օրլանդոյում (50 զոհ, 50 վիրավոր), 2017 թ. ապրիլյան ահաբեկչությունը Սանկտ Պետերբուրգի մետրոյում (14 զոհ, 20-ից ավելի վիրավոր):

Այսօր ոչ մի պետություն չի կարող զերծ մնալ նմանատիպ ծայրահեղ գաղափարախոսական և առհասարակ յուրաքանչյուր տեսակի աղանդավորական շարժումներից: Սույն վերլուծության նպատակն է ուսումնասիրել ՀՀ- ում գործող աղանդները, դրանց ուսմունքն ու իրական նպատակները, ազդեցությունը հայ հասարակության վրա, դրանցից բխող վտանգները:

Ըստ 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ իրենց Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են համարել 2 797 187 մարդ, կաթոլիկ` 13 996, ուղղափառ` 7587, նեստորական` 1733, ավետարանական` 29 880, Եհովայի վկա` 8695, բողոքական` 773, մորմոն` 2874, Շար-Ֆադինական` 23 374, հեթանոս`5416, մուսուլման` 812 մարդ: Իրենց որևէ կրոնի հետևորդ չեն համարել 34 373, հրաժարվել են պատասխանել` 10 941 մարդ:

ՀՀ-ում գործող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքըii որևէ հստակ տարանջատում չի տալիս կրոնական կազմակերպությունների և աղանդների միջև, չի սահմանափակում վերջիններիս գործունեությունն ու տարածումը:
Այսպիսով՝ ի՞նչ է իրականում աղանդը և որո՞նք են դրա տեսակներն ու ուղղությունները ՀՀ-ում:
Աղանդը համաշխարհային այս կամ այն կրոնում (քրիստոնեություն, բուդդայականություն, իսլամ և այլն) ընդդիմադիր հոսանք, ուսմունք, դավանանք կամ վարդապետություն է, որ խոտորվում է հիմնական կամ պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան: Քրիստոնեության ներսում աղանդ է անվանվում մարդկանց (հավատացյալների) խումբը, որն անջատվել է հիմնական կրոնական ուսմունքից կամ համայնքից, համեմատաբար փոքրաթիվ է և ինքն իր մեջ պարփակված: Աղանդի հետևորդներն ապրում և քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը:

Աղանդավորների համոզմունքները հիմնվում են իրենց առաջնորդի կարծեցյալ հեղինակության, նրա աստվածացման վրա, ինչը հանգեցնում է քրիստոնեական իրական արժեքների ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման:

Գոյություն ունի նաև «քայքայիչ աղանդ» տերմինը: Իրավաբանորեն այն բացատրվում է այսպես. խումբ, որը ստեղծվում է այն առաջնորդողի խոստումների, սպառնալիքների, հնարքների, իշխանության չարաշահումների ներքո, օգտագործելով հոգեբանական ճնշում՝ իր հետևորդներին դարձնում է թույլ, անպաշտպան և կախյալ էակներ: Որպես հետևանք, հետևորդները կորցնում են քննադատական վերաբերմունքը աղանդի յուրաքանչյուր գործունեության, դրա մեթոդների և սկզբունքների նկատմամբ:

Կարևոր է կարողանալ տարբերակել «աղանդ» և «տոտալիտար աղանդ» հասկացությունները: Տոտալիտար աղանդը խումբ է, որը շահագործում է իր անդամներին և մանիպուլյացիայի ենթարկում նրանց: Այն կարող է առաջացնել նրանց մոտ հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական վնաս: Տոտալիտար աղանդը հիմնականում վերահսկում է անդամների վարքագիծը, մտքերն ու զգացմունքները: Աղանդների քայքայիչ և տոտալիտար բնույթը որոշվում է ոչ թե նրանց հավատալիքով, այլ նրանց գործունեության մեթոդներով:

Տոտալիտար աղանդները բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի՝

  • նեոքրիստոնեական աղանդներ
  • «Նոր հայտնության» աղանդներ
  • արևելամետ աղանդներ
  • «Նոր դարաշրջանի» աղանդներ
  • սատանայական պաշտամունքներ
  • նեոհեթանոսական աղանդներ
  • առևտրային պաշտամունքներ
  • բողոքական աղանդներ

Հայաստանի Հանրապետությունում գործող տոտալիտար աղանդների առավել տարածված ճյուղեր են՝ «Կյանքի խոսք», «Կրիշնա գիտակցության ընկերությունը», «Միավորման եկեղեցին», «Սայենթոլոգիայի եկեղեցին», «Եհովայի վկաները», «Բահայի համայնքը», «Տեղական եկեղեցին» (Վոչման Նի), «Նոր առաքելոց եկեղեցին», «Խարիզմատները կամ Կյանքի խոսք եկեղեցին», «Ընտանիքը կամ` Աստծո զավակները», «Քրիստոսի եկեղեցին» (Բոստոնյան շարժումը) և այլն: Պաշտոնապես ՀՀ-ում գրանցված է 65 կրոնական կազմակերպությունiii :

2017 թ. «Կյանքի խոսքը» (կամ ավետարանչական եկեղեցին), իրենց իսկ տվյալներով, ՀՀ-ում ամենաշատ թվով հետևորդներ ունեցող աղանդավորական կառույցն է (մոտ 26 հազար մարդ): Այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պաշտոնապես հայտարարված է որպես աղանդ. քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը: Տարբերությունները Հայ առաքելական եկեղեցու հետ հետևյալն է՝ մերժում են մյուռոնը, եկեղեցին, նվիրապետական կարգը, սրբերի բարեխոսությունը և սրբազան ավանդույթը:

Աղանդների ազդեցությունը մարդկանց վրա

Աղանդներն ազդում են մարդկանց հոգեբանության և հոգեկան աշխարհի վրա, դրանցից բխող վնասները կարող են լինել՝

Նյարդային բնույթի վնասներ: Անհատականության խանգարումներ և վախեր: Աղանդի ազդեցությամբ մարդիկ ձեռք են բերում նյարդային խանգարումներ, որոնք դեռևս չեն հասնում հոգեկան խանգարումների: Նրանք դառնում են նյարդային, մեկուսանում հասարակությունից, ընկերներից և ընտանիքից, կրոնական և այլ թեմաներով կոնֆլիկտներ ունենում շրջապատի հետ: Ազատ ժամանակ տրամադրում են միայն տվյալ աղանդին և դրա մասին գրականությանը:

Հոգեկան խանգարումներ: Նմանատիպ դրսևորումները աղանդների քարոզիչների կողմից մեկնաբանվում են որպես «Աստծո նվեր», «տիեզերական էներգիաների ազդեցություն» և այլն. որոշ աղանդավորներ ձեռք են բերում հոգեկան հիվանդություններ ոչ միայն տվյալ աղանդին անդամակցելու, այլ նաև դրա շրջանակներում ստացած պատիժների պատճառով:

Sոտալիտար աղանդները իրենցից վտանգ են ներկայացնում 4 մակարդակում՝

Անհատի մակարդակով: Զրկում են մարդուն ազատությունից ու շահագործում նրան: Քայքայում են մարդկանց կյանքերն ու կործանում ճակատագրերը, հասցնում ֆիզիկական, հոգեբանական և հոգեկան վնաս:

Ընտանիքի մակարդակով: Յուրաքանչյուր քայքայիչ աղանդ իրենից ներկայացնում է յուրահատուկ «ընտանիք» և ձգտում փոխարինել մարդու իրական ընտանիքին, քայքայել անհատի ընտանեկան կապերը: Ընտանիքի բաժանումը քայքայիչ աղանդի անբաժան մասն է:

Հասարակության մակարդակով: Քայքայիչ աղանդները ձգտում են պառակտել հասարակությունը, քայքայել մարդկային և ֆինանսական ռեսուրսները:

Նման աղանդներն ինքնին ոչինչ չեն ստեղծում և ձգտում են ազատվել մարդկանցից, որոնք արդեն ամեն ինչ տվել են տվյալ աղանդին:

Պետության մակարդակով: Յուրաքանչյուր աղանդ նաև մի նոր «պետություն» է պետության ներսում, որն ապրում է սեփական կանոններով և օրենքներով, ավանդույթներով և հավատալիքներով, ուստի ձգտում է քայքայել այն ամենն, ինչ հակասում է իր ներքին կանոններին:

Հոգեորսությանը հեշտությամբ տրվող և աղանդավորական խմբերի ազդեցության տակ ընկնող մարդիկ ունեն հոգեբանական որոշակի բարդույթներ, ինչպիսիք են՝ ցածր ինքնագնահատականը, սոցիալական անարդարության զգացումը, հասարակությունից մեկուսացված և օտարացած լինելու զգացումը, ուժգին (որպես կանոն` չբավարարված) ցանկությունը՝ միանալու կամ պատկանելու ինչ-որ խմբի: Աղանդավորական շարժման մաս հեշտությամբ դառնում են կրթության ցածր մակարդակ ունեցող և սոցիալական ծանր պայմաններում ապրող անձինք:

Աղանդին անդամակցությունը 2 միմյանց փոխազդող ուժերի ազդեցություն է. մարտավարություն, որով մարդիկ հավաքագրվում են ու կառավարվում, և անհատի անձնական խոցելիությունը: Աղանդավոր մարդկանց հավաքագրմամբ զբաղվող մարդիկ հմուտ են իրենց գործում և միշտ կարողանում են օգտվել կյանքի բարդ իրավիճակից կամ հոգեբանական և/կամ սոցիալական խոցելիությունից: Աղանդավորներ հիմնականում դառնում են ուսանողները, ծերերը, անցումային փուլ ապրող դեռահասները, սթրես ապրող յուրաքանչյուր մարդ, փախստականները, գործազուրկները և այլն:

Աղանդների ուսումնասիրության ընթացքում նրանց ծեսերում մասնագետների կողմից ի հայտ են բերվում տրանսի, էքստազի և այլ հոգեբանական հնարքների տարրեր, որոնք մի կողմից բացատրվում են նախընտրած պաշտամունքի նկատմամբ նվիրվածությամբ, բայց մյուս կողմից նպաստում են ֆանատիզմի և ծայրահեղ վարքի դրսևորումների, որոնք այս կամ այն կերպ սպառնում են ընտանիքին և հասարակությանը (նկատենք, որ ավանդական կրոններում նման դրսևորումները դիտվում են որպես մեղք և պարսավանքի առարկա դառնում):

Փորձենք շարադրել այն վնասները, որոնք աղանդները կարող են պատճառել ընտանիքին, դրանցից են՝ ընտանիքների քայքայումը, սոցիալական որբերի ի հայտ գալը (աղանդավոր ծնողների կողմից լքված երեխաներ), աղանդին հարած երեխաների կողմից իրենց տարեց ծնողներին անխնամ թողնելը, ընտանիքի աղանդավոր անդամի կողմից իր մերձավորներին աղանդի մեջ ներգրավումը, ֆիզիկական և հոգեբանական բռնությունը, որը, կրոնական դրդապատճառներից ելնելով, աղանդավորն իրականացնում է իր ընտանիքում` մանավանդ երեխաների նկատմամբ:

Աղանդավորական շարժումները մեծ թափ են հավաքում երկրում առկա օրենսդրական բացերի, կրթական և սոցիալական խնդիրների պատճառով: Հետևաբար աղանդներից ազատվելու համար, նախ և առաջ, պետք է լուծվեն վերոնշյալ խնդիրները.

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում պետք է տրվի աղանդների հստակ բնորոշում, արգելվի քարոզչությունը՝ մասնավորապես հոգեկան և հոգեբանական ներազդմամբ, ելնելով հանգամանքից, որ «խղճի և կրոնի ազատությունը» բացարձակ իրավունք չէ, այսինքն, որոշակի դեպքերում դրանց նկատմամբ կարող են կիրառվել սահմանափակումներ, տրվեն հստակ ձևակերպումներ այդ սահմանափակումների վերաբերյալ: Պետք է նաև ուշադրություն դարձնել հոգևոր կրթության և իրազեկվածության վրա: Որպես օրինակ՝ դպրոցներում դասավանդվող «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային զուգահեռ անցկացվեն նաև կրոնին և աղանդներին նվիրված այլ դասեր: Նույնն արվի նաև վարժարաններում, համալսարաններում և մանկատներում, քանի որ պատանիները համարվում են ամենից խոցելի խումբ: Պետք է բարձրացվի հասարակության իրազեկվածության աստիճանը, ինչին առաջին հերթին պետք է նպաստի Հայ Առաքելական եկեղեցին՝ իրականացնելով տարաբնույթ իրազեկող միջոցառումներ՝ աղանդներից բխող վտանգների մասին, ինչպես նաև միջոցառումներ` ուղղված հասարակության ներգրավմանը առաքելական եկեղեցու կյանքին:


i «Իսլամական պետություն», «ԻԼԻՊ» կամ «ISIS», Իրաքի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում գործող ծայրահեղ իսլամիստական խմբավորում՝ ձևավորված մահմեդական էքստրեմիստական գաղափարախոսության շուրջ։



Գրականություն

  1. Информационно-консультационный центр при Соборе Святого Александра Невского. Краткий справочник «Религии и секты современной России», Новосибирск, 1997 год.
  2. Информационно-консультационный центр при Соборе Святого Александра Невского. Краткий справочник «Религии и секты современной России», Новосибирск, 1997 год.
  3. Куликов И. «Новые организации России деструктивного, оккультного и неоязыческого характера», Москва, 1999 год.
  4. Миссионерский Отдел Московского Патриархата Русской Православной Церкви. Справочник «Новые религиозные организации России деструктивного и оккультного характера», Белгород, 2000 год
  5. Материалы международной конференции. «Тоталитарные секты и демократическое государство», Новосибирск., 2005 год.
  6. Զգո´ւյշ`, աղանդ է հոգեորսություն. ազգայինի քայքայում և քաղաքական բիզնես, http://www.avangard.am/?page=news&cal_date=25_3_2011&news_id=623#.WOVUvNLyjIU:
  7. Ինչո՞վ են զբաղվում Կյանքի խոսք, Մորմոնները և մնացյալ աղանդները մեր երկրում, http://axandneridem.do.am/news/incho_v_en_zbaghvowm_kyanqi_xosq_mormonnery’_mnacyal_aghandnery’_mer_erkrowm/2012-05-13-34:
  8. Աղանդ, http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_aghand:
  9. Տոտալիտար աղանդներ, http://holytrinity.am/posts/view/381:


Հեղինակ՝ Նարինե Խաչատրյան (Narine Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: