Օգտակա՞ր քոուչինգ

Վերջերս հաճախ կարելի է հանդիպել «Թրեյնինգ, որից հետո դուք այլևս առաջվանը չեք լինի», «Մենք կօգնենք ձեզ հասնել հաջողության», «Սովորեցրե՛ք ձեր ուղեղին մտածել այլ կերպ» և նմանատիպ այլ վերնագրերով կամ կարգախոսներով դասընթացների: Իսկ ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում, ովքե՞ր են քոուչերները, արդյոք այցելելով այդ թրեյնինգներին՝ իսկապես կարելի է փոխել սեփական կյանքը դեպի լավը, հասնել նպատակներին:

Քոուչինգի էությունը

Քոուչինգը թրեյնինգ կամ խորհրդատվություն է, որի ընթացքում քոուչը (թրեյնինգ վարողը) օգնում է անհատին բացահայտել իր պոտենցիալը, հասնել իր առջև դրված անձնական (որոշ դեպքերում նաև մասնագիտական) նպատակների, փոխել վերաբերմունքն այս կամ այն երևույթի նկատմամբ, ձեռք բերել  հմտություններ: Ի տարբերություն մենթորության, որի ընթացքում մենթորը կիսվում է հենց տեսական և պրակտիկ գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են այս կամ այն աշխատանքն իրականացնելու համար, քոուչինգն ավելի շատ ուղղված է ինքնազարգացման և ինքնուսուցման ակտիվացմանը: Քոուչինգը շատ դեպքերում ասոցացնում են թրեյնինգի հետ։ Թեև այն ունի որոշակի տարրեր թրեյնինգից, սակայն թրեյնինգն ուղղված է որոշակի խնդիրների լուծմանը նպաստող հմտությունների, մեթոդների ձեռքբերմանը և, ի տարբերություն քոուչինգի, այն չունի անհատական մոտեցում մասնակիցներից յուրաքանչյուրին:

Քոուչինգն առաջացել է նախորդ դարի 70-ական թվականներին՝ շնորհիվ սպորտային հոգեբան Թիմոթի Գոլվիի «Թենիսի ներքին խաղ» գրքի: Գրքում խոսվում է այն մասին, որ մարզիկն իր գլխում ստեղծում է որոշակի խոչընդոտներ, որոնք խանգարում են հասնել ցանկալի արդյունքի: Հեղինակը հանգում է այն եզրակացությանը, որ մարզչի գլխավոր նպատակն է օգնել մարզիկին կրճատել կամ վերացնել ներքին խոչընդոտները, ինչը թույլ կտա ինքնուրույն հասնել բաղձալի հաղթանակի: Այսինքն՝ քոուչինգն ի սկզբանե ստեղծվել է մարզիկների հետ հատուկ աշխատանքների իրականացման համար, սակայն հետագայում, շնորհիվ անգլիացի գործարար Ջոն Ուիթմորի, քոուչինգը սպորտային ասպարեզից անցում է կատարել գործարար դաշտ: Հենց նա է համարվում քոուչինգի մասին բավականին հայտնի սահմանման հեղինակը. «Քոուչինգը մարդու պոտենցիալի բացահայտումն է՝ նրա արդյունավետությունը առավելագույնս բարձրացնելու նպատակով»: Հետագայում քոուչինգն ավելի լայն իմաստ է ստացել՝ շնորհիվ Թոմաս Լեոնարդի, ով ստեղծեց հայտնի լայֆ-քոուչինգ ֆորմատը: Այն ենթադրում է մարդու հետ անհատական աշխատանք, որի շնորհիվ տվյալ անձը հասնում է իր առջև դրված նպատակներին՝ բարձրացնելով սեփական կյանքի որակը: Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ քոուչինգը հոգեբանության, մենեջմենթի, փիլիսոփայության, տրամաբանության միաձուլումն է:

21-րդ դարում քոուչինգը նոր թափ է ստանում։ Ներկայումս գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք համախմբում են տարբեր երկրների քոուչերներին, տրամադրում են սերտիֆիկատներ, սահմանում են քոուչինգով զբաղվելու ստանդարտներ և այլն։ Նմանատիպ կառույցներից են Քոուչների միջազգային միավորումը (ICU), Քոուչինգի միջազգային ֆեդերացիան (ICF), Քոուչինգի միջազգային ակադեմիան (ICA), Քոուչինգի եվրոպական ֆեդերացիան  (EuCF), Մենթորինգի և քոուչինգի եվրոպական խորհուրդը (EMCC)[i] և այլն։

Քոուչինգն անվճար չէ, այն որոշակի ծառայություն է, որի դիմաց հաճախորդը պետք է վճարի։ Քոուչինգով զբաղվելը բավականին ձեռնտու է, քանի որ վերջինիս դրական կողմերից է համարվում հեշտ վաճառելիությունը։ Սա վաճառքի համար ամենահեշտ մոդելն է, քանի որ քոուչերն առաջարկում է միանգամից արդյունքը (օր.՝ «Սովորի՛ր կառավարել ժամանակդ 8 օրում»), և որքան ավելի շուտ է մարդը ցանկանում հասնել իր բաղձալի արդյունքին, այնքան ավելի հեշտ է նրանից գումար վերցնելը։ Բացի այս ամենից, որպես կանոն, որոշ մասնագետներ գումարը վերցնում են վերջում, այսինքն երբ հաճախորդը գոհ է, հակառակ դեպքում գումարը վերադարձվում է: Սա ևս խթանում է վաճառքների աճը։ Ապրանքը կամ ծառայությունը վաճառելու համար շատ կարևոր է նաև հաճախորդների արձագանքը, դրական տպավորություններով, հասած նպատակներով կիսվելն այլոց հետ, ինչը քոուչինգի տվյալ կուրսի համար ծառայում է որպես հզոր գովազդ։ Սակայն այստեղ կան նաև մի շարք թերություններ, մասնավորապես՝․ տվյալ դեպքում արդյունքն այստեղ ունի երկակի բնույթ, քանի որ մի կողմից այն  խթանում է վաճառքը, մյուս կողմից էլ կարող է նվազեցնել այն, եթե հաճախորդը գոհ չի մնում։ Քոուչինգի կուրսի վաճառքի համար շատ կարևոր են ստացված դրական արձագանքները, քոուչերի բարի համբավը, իսկ եթե հաճախորդն իր ցանկալի արդյունքին չի հասել, ապա իր դժգոհությունն արտահայտելով՝ կարող է մեծապես ազդել վաճառքի ծավալների վրա։ Քոուչերների կողմից հաշվի է առնվում նաև այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է ընկալում իրեն մատուցած տեղեկատվությունը: Այդ պատճառով սովորաբար յուրաքանչյուր հաճախորդի հետ տարվում է անհատական աշխատանք։ Թերություններից կարելի է նշել նաև այն, որ շատ դեպքերում մի դասընթացը բաղկացած է լինում մի քանի փուլից և անցումը մի փուլից մյուսին տեղի է ունենում որոշակի գումարի վճարման դիմաց, ինչի մասին մարդուն կարող են միանգամից չտեղեկացնել։ Այսինքն եթե մարդը չունի այդ գումարը, ապա ստացվում է, որ նա իզուր է մասնակցել առհասարակ տվյալ դասընթացին։

Քոուչինգը շատ է կիրառվում նաև գործարար շրջանակներում, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններում, ուր հիմնական որոշումներ կայացնողը մեկ մարդ է, ով էլ դիմում է քոուչերի ծառայությանը: Վերջինս էլ ստանձնում է խորհրդատուի դեր, ուսումնասիրում է իր հաճախորդի վարած բիզնեսը, մշակած ռազմավարությունները, կայացրած որոշումները, դրանց արդյունավետությունը և տալիս, այսպես ասված, «առողջացման ծրագիր»։ Մեծ ընկերություններն ունեն իրենց սեփական բիզնես-թրեյներներին և քոուչերներին, ովքեր աշխատում են անձնակազմի հետ (օր.՝ բարձրացնում են աշխատակիցների մոտիվացիան)։ Ներկայումս ամեն ինչ տանում է դեպի այն, որ յուրաքանչյուր մենեջեր, լինի նա ցածր, միջին, թե բարձր օղակի, պարտավոր է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների համար լինել քոուչ։ Հասկանալու համար այս ամենի կարևորությունը, նշենք, որ որոշ ընկերություններ մենեջերի թափուր պաշտոնի մասին հայտարարություն տալիս «պահանջվող հմտություններ» բաժնում նշում են «ուրիշներին մարզելու և զարգացնելու հմտություն» կետը, որով պետք է օժտված լինի թեկնածուն[ii]։

 Վիճակագրություն քոուչինգի մասին

Քոուչինգի զարգացման տեմպերն աշխարհում բավականին արագ են։ Դրա մասին է վկայում Քոուչինգի միջազգային ֆեդերացիան՝ ICF-ը, որը 2016 թ. հրապարակել է հետազոտություն, ուր ուսումնասիրված է 2015 թ. քոուչինգի վիճակն աշխարհում, զարգացման տեմպերը։ Հետազոտությանը մասնակցել են 15.380 քոուչ՝ 137 երկրից։ Համեմատության համար ասենք, որ 2011 թ. մասնակից քոուչերների թիվը 12.000 էր՝ 117 երկրից (Հյուսիսային, Հարավային, Լատինական Ամերիկա, Արևմտյան և Արևելյան Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Նոր Զելանդիա)։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխարհում գործում է 53.300 քոուչ, որի հիմնական մասը՝ 35%-ը, գործունեություն է ծավալում Արևմտյան Եվրոպայում, իսկ 33%-ը՝ Հյուսիսային Ամերիկայում։ Մինչդեռ 2012 թ. հրապարակված հետազոտությունը փաստում էր, որ աշխարհում կա 47.500 քոուչ։ Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ քոուչինգը շատերի կողմից դիտարկվում է որպես հեռանկարային ճյուղ և մեծ գումարներ աշխատելու միջոց, այդ պատճառով շատերն են ձգտում ձեռք բերել համապատասխան հմտություններ։

Համաշխարհային մակարդակով քոուչերի տարեկան միջին հասույթը 2015 թ. կազմել է 51.000 դոլար, ինչը 2011 թ. նույն ցուցանիշի համեմատ բավականին համեստ աճ է` 6%: Այնուհետև տարածաշրջանների ցուցանիշների[iii] հիման վրա ICF-ը ստացել է քոուչինգի համաշխարհային ընդհանուր տարեկան եկամուտը, որը կազմել է 2,356 մլրդ դոլար։ 2011 թ. հետ համեմատած գրանցվել է ընդհանուր տարեկան եկամտի 19% աճ: Ըստ Համաշխարհային վիճակագրության՝ քոուչերների 59%-ի մոտ գրանցվել է հաճախորդների աճ,  ինչը խոսում է այն մասին, որ աշխարհի հանրությունը (հատկապես կանայք՝ մասնակիցների 54%-ը) բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում քոուչինգի նկատմամբ։

Քոուչինգի մասնակիցների 60%-ի տարիքը տատանվում է 25-45 տարեկանի սահմաններում։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել քոուչերի և մասնակցի միջև տարիքային տարբերությունը, քանի որ, դժվար թե 27-ամյա քոուչերն ամբողջությամբ և խորապես հասկանա 50 և ավելի տարեկան հաճախորդի խնդրի ողջ էությունը և կարողանա օգնել նրան։ Ըստ վիճակագրական տվյալների՝ մասնակիցների ավելի քան 90%-ը գոհ է դասընթացից և ստացված արդյունքներից, նույնքան մարդ էլ կցանկանար կրկնել անցած կուրսը։ Մասնակիցներից քչերը՝ մոտ 2-3%-ն են խոստովանել, որ իրենց ներդրումները չեն արդարացվել, և նրանք չեն հասել ցանկալի արդյունքի։

 Հավանական հետևանքներ

Ամեն դեպքում, որքան էլ շատերը խոսեն քոուչինգի օգտակարության մասին՝ որպես ապացույց բերելով մասնակիցների դրական արձագանքները, կա հասարակության մի ստվար զանգված, որը կասկածի տակ է դնում այն փաստը, որ քոուչինգի միջոցով մարդը կարող է փոխել ինքն իրեն, սեփական կյանքը, հասնել իր առջև դրված բոլոր նպատակներին։ Բերենք վերը նշված կարծիքի մի քանի հիմնավորում․

  1. Մեկ կամ երկու ամսվա ընթացքում շաբաթական մի քանի անգամ հաճախելով դասընթացների՝ քիչ է հավանականությունը, որ մարդը կփոխվի և կհասնի խոստացված արդյունքին։ Որպես կանոն, սկզբնական շրջանում անհատի մոտ վառ են լինում տպավորությունները և նա փորձում է անընդհատ կրկնել այն վարժությունները, որոնք սովորել է դասընթացների ժամանակ։ Սակայն որոշ ժամանակ անց միջին վիճակագրական մարդու մոտ այդ վառ տպավորությունները սկսում են կամաց-կամաց մարել և մարդը կրկին կանգնում է որոշակի խնդիրների առջև։ Այսինքն՝ քոուչինգը շատ դեպքերում կարող է ունենալ կարճաժամկետ էֆեկտ։
  2. Քոուչերը, չլինելով մասնագիտությամբ հոգեբան կամ ունենալով սուղ գիտելիքներ հոգեբանությունից, կարող է լուրջ վնաս հասցնել իր հաճախորդին։ Նշենք, որ ներկայումս բավականին շատ են այն մարդիկ, ովքեր մի քանի գիրք են կարդում հոգեբանության վերաբերյալ, ձեռք են բերում քոուչինգի վկայական (ի դեպ, կազմակերպություններն այդ վկայականներն այնքան էլ դժվար չեն տրամադրում, ինչը, բնական է, որ բխում է իրենց շահերից) կամ էլ նույնիսկ չեն էլ ձեռք բերում և այդպիսով  իրենց կոչում են քոուչեր և սկսում են կազմակերպել դասընթացներ՝ խոսելով առանց այն էլ ակնհայտ փաստերի և երևույթների մասին (օր.՝ մինչև իսկապես չկամենաս, չես հասնի ուզածիդ և այլն)։ Այստեղ հարց է առաջանում, թե արժի արդյոք գումար տալ և գնալ մի վայր, ուր խոսվելու է այն ամենից, ինչի մասին մեզ ժամանակին տեղեկացրել են մեր ընտանիքի անդամները, ընկերները, մտերիմները, ընդ որում՝ անվճար։ Պետք է հիշել, որ քոուչերը հոգեբան չէ և չի կարող լուծել խորը դեպրեսիոն խնդիրները։ ICF-ի իրականացրած հետազոտության մեջ մասնակիցների 44%-ը որպես քոուչինգի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտ տեսնում է համապատասխան կրթություն չունեցող, սակայն վստահաբար իրենց քոուչ անվանող մարդկանց։ Ուսումնասիրության մասնակիցների միայն 51%-ն էր, որ ուներ որևէ միջազգային կազմակերպության կողմից տրված վկայական և համապատասխան որակավորում։
  3. հասարակության որոշ մասի համար քոուչինգը կրում է մոդայիկ բնույթ, իսկ հմուտ կազմակերպիչները կարողանում են այդ փաստն օգտագործել հօգուտ իրենց։

Նման դասընթացի մասնակցելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել քոուչերի անցած ուղին, նրա անձնական ձեռքբերումները, հասկանալ, թե ինչ հաճախականությամբ է նա վերապատրաստվում, ինչ կարծիքներ ունեն նրա մասին իր նախկին հաճախորդները և այլն, որպեսզի հետագայում չլինի ափսոսանք անիմաստ ծախսած գումարի և, որ ամենակարևորն է, ժամանակի համար։

Ամեն դեպքում չենք կարող չփաստել, որ կան լավ մասնագետներ, ովքեր կարողանում են հասկանալ իրենց հաճախորդին, նրա խնդիրները, կարիքները և իսկապես օգնել նրան։

 Հայաստանն ու քոուչինգը

Հայաստանում թրեյնինգները նորություն չեն։ Դրանք կազմակերպվում են 90-ական թվականներից, սակայն միշտ ունեցել են սպեցիֆիկ ուղղվածություն, իրականացվել են միջազգային կազմակերպությունների կողմից կոնկրետ մասնագիտության տեր մարդկանց կամ ինչ-որ ֆիրմայի աշխատակիցների համար։ Սակայն քոուչինգը, մանավանդ լայֆ-քոուչինգ ֆորմատը, մեզանում նոր երևույթ է։ Ներկայումս մեր երկրում քոուչինգի շուկան գտնվում է ձևավորման փուլում։ Կան մոտիվացիայի վրա ազդող շատ դասընթացներ, որոնցից առավել հայտնի է Գրիգոր Առաքելյանի «Զարթուցիչ»-ը։ Այն արդեն մոտ երկու տարի է, ինչ կա շուկայում և մինչ օրս տեղի է ունեցել 15 դաս, որին մասնակցել է մոտ 1200 մարդ։

Ինչպես նշեցինք, քոուչը կարող է ազդել մարդու ներաշխարհի, հուզականության վրա և այդ պատճառով անչափ կարևոր է, որ քոուչերը լինի իր գործի գիտակը, հակառակ դեպքում նա իրենից կարող է վտանգ ներկայացնել: Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ առավել արդյունավետ կլիներ թե՛ հաճախորդների, թե՛ քոուչինգի հետագա զարգացման համար, Հայաստանում գործող քոուչերների կողմից ստեղծվեր հատուկ միավորում կամ ֆեդերացիա, որը կտրամադրեր լիցենզիաներ, որոնք թույլ կտային անձին ծավալելու քոուչի գործունեությունը ՀՀ տարածքում: Այն կլիներ երաշխիք, որ վերջինս գիտի իր գործը։

Ընդհանրացնելով վերը նշվածը՝ կարող ենք փաստել, որ աշխարհում քոուչինգը համարվում է արագ զարգացող ուղղություն։ Հայաստանում այն դեռևս շատ զարգացած չէ, սակայն այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են։ Ամեն դեպքում յուրաքանչյուր սեմինարի, թրեյնինգի գնալուց առաջ անհրաժեշտ է հստակորեն իմանալ սեփական ակնկալիքները, հասկանալ, թե ինչ կարելի է քաղել տվյալ դասընթացից, որից հետո վերլուծել ստացված և չստացված արդյունքները՝ հասկանալու համար իրականացրած ներդրումների արդյունավետությունը։



[i] 2013թ. ICF-ն ու EMCC-ն միավորվեցին և ստեղծեցին կոնսորցիում, որպեսզի համատեղ կազմակերպեն քոուչի մասնագիտության ձևավորումը։ Ներկայումս կոնսորցիումը միավորում է 44.000 քոուչի:

[ii] Իրականում, սակայն, մենեջերներն այս գործընթացի համար ծախսում են իրենց ժամանակի ոչ ավել, քան 10%-ը, եթե ոչ ավելի պակաս:

[iii] Ակտիվ քոուչերների թիվը և վերջիններիս տարեկան միջին հասույթը:


Հեղինակ՝ Աննա Մինասարյան (Anna Minasaryan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։