Մրցակցային գաղափարների համեմատական վերլուծություն

Մրցակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում ազատ շուկայական տնտեսության համակարգում: Այն փաստացի շուկայի զարգացման հիմքն է: Առաջին անգամ տնտեսական համակարգում մրցակցության մասին հիշատակել է Ադամ Սմիթը 1776 թվականին՝ իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ» աշխատության մեջ: Սմիթը ներկայացրել է ապակենտրոնացված, պետության կողմից չկարգավորվող մրցակցային դաշտ` բազմաթիվ մանր մասնակիցներով, որտեղ ամեն մասնակից չէ, որ ունի բավարար ներուժ՝ ազդեցություն գործելու շուկայի ընդհանրական ցուցանիշների վրա:

Իր աշխատության երկրորդ գլխում («Աշխատանքի բաժանման պատճառների մասին») Սմիթը ներկայացնում է իրավիճակ, որտեղ մրցակցային դաշտի յուրաքանչյուր մասնակից ձևավորում է իր վարքագիծը` հաշվի առնելով սեփական կարիքները. «Նա (մարդը) ավելի շուտ կհասնի իր նպատակին, եթե հաշվի առնի նրանց (այլ մարդկանց) եսասիրությունը և կարողանա ապացուցել, որ հենց իրենց շահերից է բխում գործել այնպես, ինչպես որ ինքն է պահանջում: Ցանկացած ոք, մյուսին առաջարկելով որևէ տիպի գործարք, գործում է հենց այս տրամաբանությամբ. տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ, և կստանաս այն, ինչ ուզում ես դու…»i:

Փաստացի Սմիթի մրցակցային տեսության գաղափարը հանգում է նրան, որ յուրաքանչյուր սուբյեկտ ձգտում է առավելագույնի հասցնել սեփական օգուտը, և արդյունքում շահում է ոչ միայն շուկայի մասնակիցը, այլև հասարակությունն ընդհանրապես: Այս համակարգում ազատ մրցակցությունը նպաստում է արտադրության ծախսերի կրճատմանը, օպտիմալացնում է ռեսուրսների բաշխումը յուրաքանչյուր ճյուղի ներսում և ընդհանուր տնտեսության մեջ:

Տեսականորեն Սմիթի առաջարկած վարքագծի դրսևորումը կարող էր բերել ընդհանուր հասարակական արդյունքի ավելացման, եթե գործեր այն համակարգը, որտեղ բազմաթիվ մանր մասնակիցներ հնարավորություն չէին ունենա ազդելու շուկայական համակարգի վրա: Գործնականում, սակայն, տարբեր են առանձին սուբյեկտների մրցակցային հնարավորությունները, և տնտեսության ենթակառուցվածքների զարգացման հետ մեկտեղ օբյեկտիվորեն ստեղծվում է մի իրավիճակ, որում արդեն առանձին մասնակիցներ իրենց մրցակցային առավելությունների շնորհիվ գերիշխող դիրք են ստանում շուկայում և կարող են ազդել ինչպես վերջինիս կառուցվածքի, այնպես էլ ընդհանուր հասարակական զարգացման վրա:

Սմիթի` մրցակցության վերաբերյալ առաջ քաշած գաղափարներն իրենց դրսևորումն են ստացել նաև միջազգային առևտրի տեսություններում: Այդ գաղափարների խտացումն ստացավ «բացարձակ առավելությունների տեսություն» անվանումը, որի հիմքում ընկած է «անտեսանելի ձեռքի» (Laissez-faire) գաղափարը, ըստ որի` միջազգային առևտուրը կարգավորվում է համաձայն գնային գործոնի, և համապատասխան ապրանքները կարտադրվեն այն երկրներում, որտեղ դրանց արտադրությունն առավել ձեռնտու ու շահավետ է: Շարունակելով Սմիթի գաղափարը` Դավիթ Ռիկարդոն ձևավորեց «համեմատական առավելությունների» տեսությունը, որի հիմքում արդեն միայն գնային գործոնն ու դրա միջոցով կարգավորումը չեն: Հաշվի են առնվում նաև մրցակցության կողմերի (այս պարագայում` երկրների) առավելությունները` համեմատած այլ երկրների հետ: Սա հնարավորություն է տալիս երկրներին փնտրել այլընտրանքներ առևտրային գործունեության իրականացման համար և հաշվի առնել կուտակած փորձը, մասնագիտացումը և այլ գործոններ, որոնք մրցակցության մեջ կտան համեմատական առավելություն:

Ռիկարդոն իր տեսության մեջ ներկայացրած սկզբունքներով մոտենում է «խաղերի տեսության» առաջարկած մրցակցային վարքագծի մոդելին և գաղափարներին: Առաջին անգամ խաղերի տեսության սկզբունքները սահմանվել են հանրահայտ Մերիլ Ֆլոդի, Մելվին Դրեշերի և Ալբերտ Թաքերի կողմից: Հետագայում այս գաղափարներին գործնական ձևակերպում է տվել ամերիկացի մաթեմատիկոս Ջոն Նեշը: Նա ներկայացրել է մրցակցության ձևավորման գաղափարը` հաշվի առնելով ոչ թե առանձին սուբյեկտների ռազմավարությունը և գործելու տրամաբանությունը, այլ շուկայի մասնակիցների վարքագիծը ընդհանուր համակարգում: Այս տեսության հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը․ «Յուրաքանչյուր մասնակից գործում է` հաշվի առնելով մյուս մասնակիցների հնարավոր ռազմավարությունները»: Նեշի տեսության ցայտուն օրինակ է «բանտարկյալի դիլեման», որի դեպքում մասնակիցներից յուրաքանչյուրն ընտրում է օպտիմալ տարբերակը` հաշվի առնելով նաև մյուս մասնակցի գործելու տրամաբանությունը և հնարավոր քայլերը:

Դիցուք` ներկայացնենք այն մրցակցային իրավիճակը, որի դեպքում գործում են երկու ընկերություն, և դրանցից յուրաքանչյուրն ունի գնային շեմի սահմանման երկու հնարավորություն` «բարձր» և «ցածր» գներ: Այս դեպքում հնարավոր են վարքագծի հետևյալ դրսևորումները. կա՛մ երկու ընկերություններն էլ սահմանում են «բարձր» գներ, կա՛մ երկու ընկերություններն էլ սահմանում են «ցածր» գներ: Կան երկու այլ տարբերակ ևս․ ընկերություններից մեկը սահմանում է «բարձր», իսկ մյուսը` «ցածր» գներ և հակառակը:

Երկրորդ ընկերությունը «բարձր» գներ

Երկրորդ ընկերությունը «ցածր» գներ

Առաջին ընկերությունը «բարձր» գներ

Յուրաքանչյուրի շահույթը՝ 8ii մլն

Առաջին ընկերության շահույթը՝ 10 մլն, երկրորդինը` 1 մլն

Առաջին ընկերությունը «ցածր» գներ

Առաջին ընկերության շահույթը՝ 1մլն, երկրորդինը` 10 մլն

Յուրաքանչյուրի շահույթը՝ 5 մլն

Եթե երկու ընկերություններն էլ գործեն ռացիոնալ տրամաբանությամբ և հաշվի առնեն երկրորդի վարքագիծը, ապա կստացվի հետևյալ պատկերը. եթե առաջին ընկերությունը սահմանի բարձր գներ, ապա մյուս ընկերությանը ևս ձեռնտու է բարձր գների սահմանումը, իսկ եթե առաջին ընկերությունը սահմանի ցածր գներ, ապա այս պարագայում ևս երկրորդ ընկերության համար բարձր գների սահմանումը շահավետ կլինի: Արդյունքում՝ մրցակցային այս իրավիճակում ռացիոնալ վարքագծի դրսևորման դեպքում երկու ընկերություններն էլ պետք է սահմանեն բարձր գնային շեմ` առավելագույն շահույթ ստանալու համար:

Եթե Ա. Սմիթի առաջարկած տրամաբանության դեպքում յուրաքանչյուր սուբյեկտ գործում է իր շահերից ելնելով, և այդ տարբերակը նրա համար օպտիմալ է, ապա Նեշի կարծիքով` որոշումների կայացումը կախված է ոչ միայն սեփական շահերից, այլև մյուս մասնակիցների որոշակի վարքագծի դրսևորումից, ինչն էլ արտահայտվում է նրա առաջարկած մոդելում:

Այսպիսով` մրցակցության տեսությունը և մրցակցային որոշումների կայացման տրամաբանությունը Ա. Սմիթի մոտ կրում է բացարձակ «էգոիստական» բնույթ, մինչդեռ Դ. Ռիկարդոյի մոտեցումն առավել ընդգրկուն է․ հաշվի են առնվում և՛ երկարաժամկետ մրցակցության զարգացումը, և՛ մասնակիցների վարքագիծը, և՛ մրցակցության ոչ գնային գործոնները: Նեշի պարագայում մրցակցային պայքարը պայմանավորված չէ միայն ստեղծված պայմաններով: Հաշվի են առնվում ոչ միայն առանձին սուբյեկտների որոշումները, այլև նրանց որոշումների ազդեցությունը միմյանց վրա:

Հղումներ

i Ադամ Սմիթ, «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ», Գլուխ 2, «Աշխատանքի բաժանման մասին»: 

ii Տվյալ իրավիճակում երկու ընկերությունների կողմից բարձր գների սահմանումը կարող է հանգեցնել պահանջարկի կրճատման և, հետևապես, շահույթի նվազման:

Գրականություն

  1. Адам Смит “Исследование о природе и причинах богатства народов”

  2. 7 Модель Портера

  3. “Равновесие по Нэшу. Теория игр для экономистов” (Джон Нэш)․

  4. Մարտիրոսյան Ա. Ռ., «Ռիկարդոյի «համեմատական առավելությունների տեսությունը» տնտեսագիտական մտքի էվոլյուցիոն առաջնահերթությունների սահմանմամբ», Այլընտրանք, գիտական հանդես, # 2, Ապրիլ – Հունիս, 2014 թ.:


Հեղինակ` Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: