Որպեսզի հասկանանք, թե ինչ է իրավահավասարությունը, նախ հասկանանք, թե ինչ է, առհասարակ, հավասարությունը։ Հավասարությունը ենթադրում է արդարացի և անկողմնակալ վերաբերմունք մարդկանց նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ազգությունից, ռասայից և այլ տարբերիչ հատկանիշներից։ Օրինակ՝ սոցիալական հավասարությունը հասարակական կարգ է, որի ժամանակ հասարակության անդամները միանման կարգավիճակ ունեն որոշակի ոլորտներում։ Դրա քաղաքակական ասպեկտը հասարակական ղեկավարման կանոնների դիտարկման մեջ է՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը, առաջնորդներին որոշելու կանոնները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, օրենքի առջև նրանց հավասարությունը։ Տնտեսական հավասարության տեսանկյունից՝ այն իր մեջ ներառում է բարիքների բաշխման գործընթացը՝ աշխատանքի իրավունքը, ռեսուրսների բաշխումը, հնարավորությունների հավասարությունը և այլն։ Առհասարակ հավասարությունն իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Այս գաղափարի էությունն, օրինակ, այն է, որ աշխատանքի անցնեն դրա համար համապատասխան որակավորում ունեցող անձինք, այսինքն՝ աշխատանքային առաջընթացի հնարավորությունները ևս պետք է լինեն հավասար և ելնեն աշխատողների մասնագիտական ու աշխատանքային կարողություններից՝ բացառելով որևէ հատկանիշով խտրականություն։
Վերադառնանք իրավահավասարությանը (օրենքի առջև հավասարություն), որը իրավունքի հիմնարար սկզբունք է՝ ամրագրված ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական համակարգում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Իրավահավասարությունը ենթադրում է բոլոր քաղաքացիների իրավունքների և պարտականությունների, սոցիալական ազատության հավասար չափ, անձանց՝ օրենքի առջև պատասխանատվության հավասար աստիճան՝ բացառելով նրանց փաստական տարբերությունները, օրինակ՝ մաշկի գույնը, լեզուն և այլն։ Իրավահավասարությունը բացառում է նաև արտոնություններն ու առավելություններն իրավական վեճերի մասնակիցների միջև։
Ֆեմինիզմ
Կանանց իրավունքների պաշտպանության համար կատարված ամենահայտնի շարժումներից է ֆեմինիզմը։ Այս շարժումն ուներ մեկ ընդհանուր նպատակ՝ կանանց համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների։
Ֆեմինիզմի կողմնակիցները ձգտում են կանանց էմանսիպացիային։
Հենց այստեղից էլ առաջ է եկել այս տերմինի նշանակությունը՝ ազատագրում կախվածությունից և սահմանափակումից։ (Էմանսիպացիա նշանակում է տարբեր տեսակի հակումներից հրաժարում, սահմանափակումների դադարեցում, համապատասխան իրավունքների և պարտականությունների ձեռք բերում: Գոյություն ունի էմանսիպացիայի մի քանի տեսակ` անչափահասների, կանանց, տղամարդկանց և այլն)։ «Emancipation de la femme» արտահայտությունը, առաջ է քաշվել 1830 թվականին՝ ֆրանսիական հուլիսյան հեղափոխության ժամանակ։ Գուցե հենց այս և նման այլ շարժումների արդյունքում արդեն այսօր կինն ունի մի շարք իրավունքներ՝ ընտրելու, ընտրվելու, պաշտոնի զբաղեցման (քաղաքական պաշտոնների դեպքում՝ կոնկրետ թվաքանակով) և այլն։ Այնուամենայնիվ, ինչպես շատ օրենքներ, այնպես էլ կանանց համար սահմանվածներից շատերը մնում են ուղղակի թղթին գրված և չեն կիրառվում։ Խնդիր է առաջանում հասկանալու, թե այս շարժումները ի՞նչ տվեցին, ինչի՞ն նպաստեցին, ամրագրված օրենքներն արժանի կիրառում ստանու՞մ են, թե՞ ոչ։ Փորձենք հասկանալ։
Որքանո՞վ են կիրառվում կանանց համար սահմանված իրավունքները աշխարհում և Հայաստանում
Տարիների ընթացքում իրավահավասարության ինստիտուտը զարգացում է ապրել։ Ներկայումս աշխարհի մոտ 100 երկրում կինն ունի ընտրելու և ընտրվելու իրավունք։ Հայաստանում ևս կինն օժտված է այդ իրավունքով (ՀՀ Ընտրական օրենսգիրք՝ հոդված 3 Հավասար ընտրական իրավունք)։
Մարդու և քաղաքացու բոլոր իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են պետության հիմնական օրենքում՝ ՀՀ Սահմանադրությունում։ Ներկայումս ՀՀ Սահմանադրության 30–րդ հոդվածով սահմանվում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են։ Միևնույն ժամանակ՝ Սահմանադրության 2–րդ (Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները) գլխի բոլոր հոդվածներում սահմանվում են իրավունքներ՝ առանց կանանց և տղամարդկանց միջև խտրականության։ Կնոջ իրավունքները պաշտպանվում են նաև մի շարք միջազգային իրավական ակտերով։ (ՄԱԿ-ի կոնվենցիան «Կանանց քաղաքական իրավունքների մասին», ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությունը, ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:
Փորձենք հասկանալ, թե որքանով են կիրառելի ամրագրված օրենքները։ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության իրավունք։ Ինչու՞ կանանց մեծ մասը չունի աշխատանք, ինչու՞ է, ըստ վիճակագրական տվյալների, աշխատող տղամարդկանց թիվն ավելի շատ, քան կանանց։ Գուցե պատճառն այն է, որ կանայք հիմնականում զբաղված են տնային տնտեսությամբ, կամ տղամարդիկ, չգրված օրենքով, պետք է պարտադիր աշխատեն ու պահեն ընտանիքը: Գուցե հենց սա է պատճառը, որ գիտնականների մեծ մասը հենց տղամարդիկ են, քանի որ իրենք զբաղվում են իրենց աշխատանքով, այսինքն՝ կունենան իրենք ընտանիք, թե ոչ, միևնույն է, աշխատում են, իսկ կանանց դեպքում՝ աշխատելու համար միայն երեխան արդեն կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ։ 2015 թվականին ՀՀ-ում 15-75 տարեկան կանանց 46%-ը չի ունեցել աշխատանք և չի փնտրել, քանի որ զբաղված է եղել տնային տնտեսությամբ։ 15-29 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների գրեթե 45%-ը չի աշխատում։ Մինչդեռ, եթե հիմնվենք նրա վրա, որ կանայք բարձրագույն կրթություն ստացած անձանց շարքերում մեծամասնություն են կազմում (55,3%), աշխատաշուկայում ևս նրանք պետք է իշխող դիրք ունենային։ Գործադիր իշխանության մարմիններում 18 նախարարներից միայն երկուսն են կին (11%): Նախորդ տարիներին կառավարության կազմում երբեք երեքից ավելի կին նախարար չի եղել։
ՀՀ արդարադատություն իրականացնող մարմիններում՝ դատարաններում, կանանց թիվը, գործադիր իշխանության մարմինների հետ համեմատած, ավելի շատ է. առաջին ատյանի դատարաններից յուրաքանչյուրում առնվազն 1 կին դատավոր կա, վճռաբեկ դատարանում՝ 5, վարչական դատարանում՝ 6 և այլն։
Ինչ վերաբերում է քաղաքական պաշտոններին, ապա այս տեսանկյունից խնդիրն այն չէ, որ կնոջը պաշտոն տան միայն նրա համար, որ նա կին է։ Կարծում ենք, որ ճիշտ կլինի, եթե պաշտոնին համապատասխանող ու արժանի գիտելիքներ ունեցող մարդիկ զբաղեցնեն պաշտոններ՝ անկախ իրենց սեռից։ Խնդիրն այն է, որ հաճախ կանանց չեն ընկալում որպես ինքնուրույն կողմ կամ քաղաքականությամբ զբաղվելու և որոշումներ կայացնելու ունակ անձ, մինչդեռ այս տեսակետը հեռու է հիմնավորված լինելուց։i
Վերոհիշյալից ելնելով՝ կարող ենք առաջարկել
-
Հարավորինս շատ հրապարակել հաջողության հասած կանանց պատմությունները՝ անկախ նրանից, թե ինչ ոլորտում է այն կատարվել՝ կլինի քաղաքականություն, մշակույթ, բիզնես, թե մեկ այլ ոլորտ։ Սա կնպաստի նրան, որ կանանց մեջ զարգանա այն միտքը, որ իրենք էլ այդ կանանց պես կարող են հասնել հաջողության։
-
Կրթական ոլորտում պետք է հաշվի առնվի այն միտքը, որ բարձրագույն կրթություն ստացած անձանց մեծ մասը հենց կանայք են, իսկ աշխատանք ունեն նրանցից շատ քչերը, այսինքն՝ ստեղծվեն միջոցներ կին շրջանավարտներին աշխատանք տրամադրելու հարցում։ Օրինակ՝ պրակտիկ գիտելիքների զարգացման համար տեղին կլիներ կազմակերպել սեմինարներ, որտեղ թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություն կտրվեր ու կանայք էլ մինչ ուսման ավարտը արդեն կարող էին փորձել իրենց այդ աշխատավայրերում՝ կամավորական հիմունքներով կամ ստեղծել կին աշխատողների իրավունքների պաշտպանության որևէ հասարակական միավորում, որը կզբաղվեր նման խնդիրների բարձրաձայնմամբ և ուժերի համախմբմամբ։
-
Քանի որ ներկայումս պետական պաշտոններում հիմնականում տղամարդիկ են, իսկ կանանց հաճախ չի տրվում նման հնարավորություն, քաղաքական մակարդակով առաջարկն այն է, որ օգնություն ցուցաբերվի այն կանանց, ովքեր ցանկանում են մտնել քաղաքական դաշտ։ Կարելի է զարգացնել կին քաղաքական գործիչների միջև համագործակցությունը, որը կհանգեցնի աշխատանքի բարելավմանն ու կարիերայի ստեղծմանը։ Միևնույն ժամանակ ճիշտ կլիներ, եթե պետական պաշտոններում անձանց նշանակելիս հաշվի չառնվեր նրանց սեռը։
-
Կանանց օգնելու, նրանց հասարակության մեջ տղամարդկանց հավասար տեղ տալու համար տեղին կլիներ ստեղծել կանանց միություններ, ակումբներ, որտեղ կանայք կարող էին ծանոթանալ հաջողության հասած կանանց պատմություններին, մեթոդներին, որոնցով նրանք հասել են դրանց, ստեղծել համագործակցության և փոխօգնության ցանցեր և այլն։ Ինչպես նաև՝ կանանց իրավունքների պաշտպանության նոր գրասենյակներ։
Եթե ամբողջացնենք իրավիճակը, ապա խնդիրների հիմնական աղբյուրն այն է, որ, ի հակառակ աշխարհի տարբեր երկրների, Հայաստանում կա տարածված կարծրատիպ, որ ավելի լավ է կինը լինի գործազուրկ, քան տղամարդը։ Սակայն կրթական համակարգում կանայք քանակական (և հաճախ որակական) գերիշխող դիրք ունեն։ Փաստորեն՝ կորցնում ենք կարևոր մասնագիտական ռեսուրսներ։ Այս իրավիճակի բարելավման համար շատ կարևոր է մտածելակերպի փոփոխությունը։ Պետք է կոտրվի այն կարծրատիպը, թե կինը, մայրը, անգամ կերակրող մայրը չեն կարող աշխատել։ Հակառակը՝ նրանք պետք է աշխատեն ու կարող են լավ կադրեր լինել թե՛ պետության և թե՛ մասնավոր սեկտորի համար։
Առաջարկների իմաստն այն չէ, որ աշխատանքը վերցվի տղամարդկանցից ու տրվի կանանց: Խնդիրն իրականում ունի երկու բնույթ՝ սոցիալական և անարդարության, այսինքն ՀՀ-ում առկա է աշխատատեղերի զգալի պակաս, և դրանք չեն հերիքում բոլոր կարող կադրերի համար։ Սակայն եղածներն էլ բաշխվում են անարդար, և այս անարդարությունը առաջին հերթին աչք է զարնում հենց այն ժամանակ, երբ կանայք, որոնք անհամեմատ ավելի մեծ մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ ունեն, ետին պլան են մղվում զուտ իրենց սեռի պատճառով։
Հայաստանն, անկասկած, ունի զգալի ձեռքբերումներ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն եղած թերությունների վերացումը՝ կապված քաղաքական կամքի և, ինչ որ չափով, քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության հետ, որակապես կբարելավի Հայաստանի դիրքերը կանանց, և ընդհանրապես՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Գրականություն
-
Վիճակագրական տվյալներ, http://www.armstat.am/file/article/gender_2016_6.pdf, 10.04.2017.
-
ՄԱԿ-ի կոնվենցիան «Կանանց քաղաքական իրավունքների մասին»,
-
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75463, 10.04.2017.
-
ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես՝ կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրություն, http://www.un.am/res/UN%20Treaties/XI_7.pdf, 10.04.2017.
-
ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիր, http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=18500, 10.04.2017:
i Պատմության մեջ կան կին քաղաքական գործիչների վառ օրինակներ։ Եթե ասում են կին քաղաքական գործիչ, ապա շատերի մոտ միանգամից պատկերվում է Անգելա Մերկելի կերպարը՝ ուժեղ, խիստ ու պահանջկոտ։ Գերմանիայի առաջին կին կանցլերին շատերը համարում են աշխարհի ամենաազդեցիկ կինը։ Հաջողության հասած կանանցից է նաև Մարգարետ Թետչերը՝ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը, որը հայտնի է որպես «Երկաթե տիկին»։ Ազդեցիկ կանանց շարքին կարելի է դասել նաև «Սև մայրցամաքի» պատմության մեջ առաջին անգամ 2005 թվականին Լիբերիայի նախագահ ընտրված Էլեն Ջոնսոն-Սերլիֆին (Նա Նոբելյան մրցանակակիր է): Ազդեցիկ կանանց այլ օրինակներ են նաև Խելլե Տորնինգ Շմիտին, (Դանիայի առաջին կին նախագահը), Ատիֆետե Յախյագան (Կոսովոյի նախագահը) և մի շարք այլ կանայք։ Հայաստանը երբեք կին նախագահ չի ունեցել, չնայած որ ՀՀ-ում կանայք ընտրական իրավունք ունեն 1921 թվականից։
Հեղինակ՝ Ջուլյա Գալստյան (Julya Galstyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: