Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 3-րդ

Photo: www.nytimes.com
Photo: www.nytimes.com

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դրվածքը:

Քրդերի բնակության արեալը մի շարք պատճառներով գտնվում է բազմաթիվ համաշխարհային և տարածաշրջանային ուժային կենտրոնների հետաքրքրությունների կիզակետում։ Սակայն հարկավոր է գիտակցել, որ քրդական հարցը կողմերից և ոչ մեկը չի դիտարկում իբրև միասնական խնդիր։   Օրակարգում դրված չէ միասնական Քրդստանի կամ ամբողջ քուրդ էթնոսի հարցի լուծման հրամայական։ Կան առանձին 4 խնդիրներ և դրանց վերաբերյալ առանձին մոտեցումներ, որոնք երբեմն զգալիորեն տարբերվում են։ Օրինակ՝ ԱՄՆ-ի համար սկզբունքորեն տարբեր են իր դաշնակից Թուրքիայի տարածքում բնակվող քրդերի և ավանդապես հակաամերիկյան դիրքորոշում ունեցող Սիրիայի տարածքում բնակվող քրդերի նկատմամբ մոտեցումները։ Ռուսաստանի համար դա մի կողմից Իրաքի՝ ամերիկյան ազդեցության տակ գտնվող քրդերն են, մյուս կողմից՝ իր դաշնակից Սիրիան ներսից քանդել ցանկացող քրդերը։ Այսինքն՝ այս պահի դրությամբ կողմերից գոնե մեկի մոտ չկա և, ըստ էության, չի էլ կարող լինել միասնական մոտեցում ամբողջ քրդական հարցի վերաբերյալ, ինչը բարդացնում է ոչ միայն ուսումնասիրողների, այլև՝ հենց քրդերի գործը։ Քանի որ մեր հետաքրքրությունների շրջանակը ամփոփվում է Քրդստանի ստեղծման տեսլականների շուրջ, ապա առաջնահերթ ուշադրություն կդարձվի Իրաքյան Քրդստանին և դրա խնդիրներին։

Քրդական հարցի նկատմամբ հետաքրքրությունների շրջանակը, վերաբերմունքը և մոտեցումը ձևավորվում է մի քանի հիմքերի վրա.

  1. Աշխարհագրական դիրք և հարևան պետությունների հետ հարաբերություններ. Քրդստանի աշխարհագրական դիրքը տարածաշրջանում դոմինանտության ձգտող ուժերի համար ունի առաջնակարգ ռազմավարական նշանակություն։ Այն գտնվում է տարածաշրջանի ամենաակտիվ և անհանգիստ հատվածի անմիջապես կենտրոնում, ունի բարձրադիր աշխարհագրական դիրք և անհրաժեշտության դեպքում հարևան ցանկացած պետության դեմ ծավալվող գործողություններում կարող է ծառայել որպես ֆորպոստ։ Երկրի աշխարհագրական դիրքը կարևոր է նաև գոյություն ունեցող ու հնարավոր կոմունիկացիաների տեսանկյունից։ Խոսքը հատկապես նավթամուղների մասին է, որոնք կա՛մ պետք է սկզիբ առնեն Քրդստանից, կա՛մ անցնեն դրա տարածքով։
  2. Բնական ռեսուրսներ. Քրդստանի տարածքում է գտնվում Իրաքի բնական ռեսուրսների մեծ մասը, դեռ ավելին՝ Իրաքյան Քրդստանը իր նավթի պաշարներով աշխարհում 6-րդն է: Սրան է գումարվում ջրի, մետաղների և գյուղատնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների առատությունը։ Այս ամենը երկիրը պահում է արևմուտքի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կիզակետում։
  3. Քրդերի արևմտամետություն և ռուսական գործոն. դեռևս 2003 թվականին օկուպացված Իրաքի տարածքում քրդական ինքնավարությունը ունեցավ զգալի նվաճումներ, սակայն այն ժամանակ Բուշի վարչակազմը չգնաց տարածաշրջանի էլ ավելի քաոսացմանը՝ թույլ չտալով անկախ Քրդստանի հռչակումը ու Իրաքի վերջնական կործանումը։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է. ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից հետզհետե ձեռնտու է դառնում Իրաքի կազմից դուրս անկախ քրդական պետության գոյությունը։ Դա նախ և առաջ կապված է քրդերի ընգծված արևմտամետության հետ։ Ուշագրավ է նաև, որ անկախ և ինքնիշխան Քրդստանը վնասում է նաև ռուսական շահերին, ինչին կանդրադառնանք ավելի ուշ:

Այժմ անդրադառնանք քննարկվող հարցի շուրջ տարբեր կողմերի ունեցած մոտեցումներին։

ԱՄՆ և ԵՄ

Արդեն շուրջ 1 դար արևմտյան տերությունների՝ Մերձավոր Արևելքում ունեցած շահերը պայմանավորում են տարածաշրջանի կեցությունը: Վերջին տասնամյակների ընթացքում քրդական հարցի ակտուալացումը և սրումը առաջին հերթին պայմանավորված է հենց արևմտյան պետությունների նախաձեռնություններով։ Հարկավոր է անդրադառնալ այն պարզ ու խորքային պատճառներին, որոնց արդյունքում արևմտյան պետությունները ձգտելու են Իրաքյան Քրդստանի անկախացմանը, որը պետք է ընթանա բացառապես էվոլյուցիոն ճանապարհով՝ առանց որևէ կտրուկ փոփոխությունների (սա մեծապես պայմանավորված  է տարածաշրջանի գերզգայունությամբ)։

Քրդստանի անկախացման ամերիկյան դրդապատճառներն են.

  1. ԻԼԻՊ-ի դեմ պայքարում քրդերի ցուցաբերած մարտունակությունն ու ամերիկամետությունը,
  2. Շիական վարչակարգ ունեցող Իրաքը կործանելու ձգտումը (վերջինս չափազանց մտերմացել է Իրանի հետ),
  3. Անկախ Քրդստանը խնդիր է տարածաշրջանային բոլոր պետությունների համար, ուստի կարող է օգտագործվել որպես հավելյալ խաղաքարտ նրանց բոլորի դեմ,
  4. ԻԼԻՊ-ի դեմ տարված հաղթանակից հետո պատմական հարմար առիթ կառաջանա սահմանների վերաձևման համար, ինչում ԱՄՆ-ին կարող են օգնել հենց քրդերը։
  5. Տարածաշրջանում քրդական պետությունը, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Միացյալ Նահանգների նոր մերձավոր դաշնակցի կարգավիճակում՝ ի նմանություն Իսրայելի։

ԵՄ-ի հետաքրքրությունները տարածաշրջանում սահմանափակվում են սեփական էներգետիկ անվտանգությունը և տարածաշրջանային ստաբիլությունը պահապանելու ձգտումներով։ Դրա իրագործումը ԵՄ-ում տեսնում են հենց անկախ Քրդստանի կառուցմամբ, քանի որ այլ բանաձևերի դեպքում քրդերը չեն դադարեցնի պայքարը, և խնդիրը միայն կքողարկվի։

Արաբական աշխարհ

Արաբական աշխարհը՝ Սաուդյան Արաբիայի և Իրաքի գլխավորությամբ, ավանդապես հանդես է գալիս քրդական պետականության ստեղծման ամենամեծ հակառակորդի դերում։ Դա կապված է մի քանի գործոնների հետ.

  1. Առկա է իրական վտանգ, որ անկախ քրդական պետությունը կդառնա «նոր Իսրայել»՝ ամերիկյան արժեքների և ազդեցության նոր կենտրոն տարածաշրջանում,
  2. Դա կբերի տարածաշրջանի հերթական դեարաբիզացիայի, քանի որ տարածաշրջանում կառաջանա երրորդ ոչ արաբական պետությունը,
  3. Չափազանց կմեծանա ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում՝ կապված նոր պրոտեկտորատի և համակցությունների հետ,
  4. Վերջին տարիներին քրդերը ցուցաբերում են չափազանց մեծ ախորժակ՝ պլանավորելով ստեղծել Մեծ Քրդստան, ինչը չի կարող դուր գալ արաբներին թեկուզ հենց Սիրիայի տարածքային ամբողջականության համատեքստում։
  5. Դա կարող է պայմանավորել միասնական Իրաքի կործանումը և որպես հնարավոր հետևանք՝ Իրաքի շիական մասի անցումը Իրանական ազդեցության գոտի, ինչը սունիական արաբական աշխարհի համար կլինի խոշորագույն պարտություն։

Թուրքիա

Թուրքիան հանդես է գալիս ավելի չափավոր, բայց և ավելի փոփոխական դիրքորոշմամբ։ Բանն այն է, որ Թուրքիայի համար այս ամենը ունի մեդալի երկու կողմ։ Մի կողմից դա հնարավոր տնտեսական ձեռքբերումներն են՝ կապված խողովակաշարերի և տրանսպորտի գծերի կառուցման հետ, ինչպես նաև քրդական շրջանակներում լարման որոշակի նվազումը՝ պայմանավորված անկախ պետականության կառուցմամբ։ Մյուս կողմից՝ դա կարող է հետագայում Թուրքիայի համար լրջագույն խնդիր դառնալ՝ կապված սեփական քրդական համայնքի անկախացման ձգտումների հետ, որոնց, բնականաբար, կփորձեն օգնել արդեն անկախ ցեղակիցները։ Բացի այդ՝ Ազատ Քրդստանը  կարող է հանդես գալ Թուրքիայի՝ տարածաշրջանում ամերիկյան սիրելիի կարգավիճակի նկատմամբ ունեցած հավակնություններով։ Իրաքի տարածքում ձևավորվող քրդական պետականությունը լիովին փոխարինելի է դարձնում Թուրքիային (հատկապես ռազմաբազաների տեղակայման առումով)՝ նրան զրկելով ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու հնարավորությունից։ Այսինքն՝ կարճաժամկետ առումով այս ամենը կարող է ձեռնտու լինել Թուրքիայի  համար, սակայն երկարաժամկետ կտրվածքով՝ խիստ խնդրահարույց։ Սրան գումարվում են նաև ԱՄՆ-Թուրքիա սառը հարաբերությունները, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում հասել են պատմական մինիմումին։

Իրան, Իսրայել

Պարադոքսալ կերպով Իսրայելի և Իրանի շահերը մասամբ համընկնում են։ Երկուսին էլ ձեռնտու չէ գոյություն ունեցող վիճակը, և երկուսն էլ ձգտում են շեշտակի փոփոխությունների։ Եթե իսրայելական կողմի համար խոսքը Մերձավոր Արևելքում համատարած արաբական պետությունների շարքում ևս մեկ ոչ արաբական ուժային կենտրոնի ու հնարավոր դաշնակցի ստեղծման մասին է, ապա Իրանի համար Քրդստանի անջատումով ճանապարհ է բացվում Իրաքի կործանման և շիական գոտիների վրա իր ազդեցության վերջնական հաստատման համար: Բանն այն է, որ թեև ներկայումս նկատվում է որոշակի մերձեցում իրան-իրաքյան հարաբերություններում՝ կապված Իրաքում իշխող շիական վարչակազմի վարած քաղաքականության հետ, այնուամենայնիվ շիաները և պրոիրանական ուժերը այստեղ կազմում են փոքրամասնություն և երբևիցե չեն կարող հասնել կայուն ու երկարաժամկետ իշխանության։ Դա է պատճառը, որ Իրանի համար ավելի ձեռնտու ու կանխատեսելի է Իրաքի շիական հատվածը, քանի որ միասնական Իրաքը դիտարկվում է որպես մշտական գլխացավանք։ Սակայն Իրանի դեպքում առկա են նաև մտավախություններ՝ կապված քրդերի՝ դեպի իրանական քրդաբնակ տարածքներ հնարավոր էքսպանսիայի հետ: Բացի այդ՝ Քրդստանի անկախացումով առաջանում է սեփական սահմանների մոտ նոր ամերկյան բազայի ստեղծման հնարավորություն։ Մինչդեռ Իսրայելի համար Քրդստանը նաև նավթի շուկա է, քանի որ արաբական երկրները, սոլիդարությունից ելնելով, Իսրայելին նավթ չեն վաճառում, մինչդեռ չհաստատված տեղեկություններով՝ Քրդստանը դա արդեն իսկ անում է։ Իսրայելը զբաղեցնում է Քրդստանի անկախացման ամենածայրահեղ կողմնակցի դիրքորոշումը։ Իրանը, ի նմանություն Թուրքիայի, ունի տատանումներ, սակայն լինելով ավելի ինքնավստահ՝ կապված քրդական համայնքի անհամեմատելի պասիվության հետ, ցուցաբերում է ավելի նպաստավոր գործելաոճ։ Իրանում տիրապետող է գոյություն ունեցող շանսը օգտագործելու և ապագայի մասին ապագայում մտածելու միտումը։ Իսրայելի պարագայում առկա է ևս մեկ խնդիր. դա քրդական շրջանակներում ընդգծված հակասեմականության դրսևորումներն են և կրոնակից արաբների հետ սոլիդարության միտումները։ Քրդա-իսրայելական հնարավոր առանցքի կայացումը մեծապես պայմանավորված է այն փաստով, թե արդյոք քրդերը կցուցաբերեն բավականաչափ քաղաքական հասունություն և դիվանագիտական տոկունություն՝ իրենց դաշնակիցներին հակառակորդներից տարբերելու և սենտիմենտներից վեր նայելու համար։

Ռուսաստանի Դաշնություն և ՉԺՀ

Այս երկու ուժային կենտրոնները Իրաքյան Քրդստանի հետ կապված քաղաքական գործընթացներում ունեն հիմնականում դիտորդի կարգավիճակ և ցուցադրում են սպասողական գործելաոճ, մինչդեռ նրանց շահերը այս հարցում հակադրվում են։ Չինաստանին այս տարածաշրջանում հարկավոր է խաղաղություն, քանի որ Իրաքը հանդիսանում է Չինաստանի՝ նավթի երրորդ ամենամեծ մատակարարը, ուստի տարածաշրջանում չափազանց մեծ խժդժությունները կարող են բացասական հետևանքներ ունենալ «Անդրերկնքի» տնտեսության համար։ Մինչդեռ ռուսական կողմին տարածաշրջանի անկայունությունը չափազանց ձեռնտու է, քանի որ դա ռուսական ածխաջրածնային ռեսուրսները ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում իրացնելու հնարավորություն է ստեղծում։ Թե՛ միասնական Իրաքը և թե՛ անկախ Քրդստանը պոտենցիալ հակառակորդ են Ռուսաստանի համար, իսկ ներկայումս գործող անկայուն վիճակը Ռուսաստանի համար հիմնականում ընդունելի է։

Վերաբերմունքը Ազատ Քրդստանի ստեղծման նկատմամբ
Ագրեսիվ դեմ Դեմ Չափավոր կողմ Կողմ Ագրեսիվ Կողմ
Արաբական աշխարհ Թուրքիա, ՌԴ Իրան ԱՄՆ, ԵՄ, Չինաստան Իսրայել, քրդեր

Հնարավոր զարգացումները

Հնարավոր զարգացումների բոլոր տարբերակները վաղ թե ուշ հանգեցնելու են Ազատ Քրդստանի ստեղծմանը, ուստի հիմնական խնդիրը վերաբերում է Քրդստանի ստեղծման ժամկետներին ու սահմաններին։ Կարելի է տարբերակել դեպքերի զարգացման 4 հիմնական սցենարներ, որոնցից առաջին երկուսը այս պահի դրությամբ խիստ անհավանական են։

  1. Ռեգրես ” գոյություն ունեցող վիճակի պահպանում կամ Իրաքի ունիտարացում, ինչի արդյունքում Քրդստանը կշարունակի մնալ իրաքյան սահմաններում։
  2. Խոշոր փոփոխություններ ” Մեծ Քրդստանի ստեղծում, որը կներառի բոլոր քրդաբնակ շրջանները, այսինքն՝ Իրաքի, Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Հայաստանի տարածքների մի մասը։ 
  3. Լոկալ փոփոխություններ, որ կարտահայտվեն բացառապես Իրաքի տարածքում անկախ քրդական պետականության ստեղծմամբ։ 
  4. Էվոլուցիոն փոփոխություններ ” Քրդստանի ստեղծման աստիճանային, առանց ցնցումների և լայնամասշտաբ պատերազմների ուղի, որը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքների աստիճանական միավորման և անկախացման։

Ուշագրավ է, որ ԻԼԻՊ-ի գոյության պայմաններում, երբ միջպետական սահմանները լղոզված են, և երկու երկրների իշխանությունները ի վճակի չեն իրենց տարածքում ապահովել լիարժեք կենսագործունեություն, աննախադեպ հարմար պատմական առիթ է ստեղծվում հենց չորրորդ տարբերակն իրականեցնելու համար։

Հայաստանը և քրդերը

Հայաստանի և քրդերի հարաբությունները կախված են նրանից, թե որ ճանապարհով կընթանա Քրդստանի ստեղծման գործընթացը։ Քրդերը մեզ համար կարող են վերածվել ինչպես հնարավոր դաշնակցի, այնպես էլ՝ հակառակորդի։ Առաջին տարբերակը ավելի ակտուալ է, քանի որ կապված է վերջին երկու հնարավոր սցենարների հետ: Այդ պարագայում Քրդստանը կարող է դառնալ Հայաստանի բնական դաշնակիցը՝ ընդդեմ ընդհանուր հակառակորդ Թուրքիայի, ում հանդեպ քրդերը չեն թաքցնում իրենց տարածքային պահանջները, և որից ակնկալիքներ ունի նաև հայ ժողովուրդը։ Քրդստանի կայացումը որոշ ժամանակ անց իր հետ կբերի թրքաբնակ քրդերի ազատական շարժման ակտիվացման և այստեղ բնակվող ադրբեջանական սեգմենտի ճնշման։ Թուրքիայի ներսում քրդերի ծավալած շարժումը և Քրդստանի՝ ընդդեմ Թուրքիայի ծավալած պայքարը ճիշտ արտաքին քաղաքականության դեպքում կարելի է հրաշալի խաղարկել Հայաստանի համար։ ՀՀ-ն ունի առաջարկությունների մեծ բազա իր հնարավոր դաշնակցի համար: Առաջին հերթին խոսքը գնում է արդեն կայացած և միջազգայնորեն ճանաչված հեղինակավոր պետության դիվանագիտական խողովակների մասին, ինչպես նաև՝ իր զորեղ լոբբիստական մեխանիզմներով հայտնի հայկական Սփյուռքի։ Կրթության, տնտեսության, անվտանգության և բազմաթիվ այլ հարցերում մեթոդական և մասնագիտական աջակցությունն ու համագործակցությունը նոր մակարդակի վրա կարող են դնել երկկողմ հարաբերությունները: Ներկայումս քրդերի համար անգամ մեծ գումարների դիմաց լավ ու ժամանակակից զենքի հայթայթումը  մեծագույն խնդիր է, ուստի Հայաստանը կարող է միջնորդ հանդիսանալ ինչպես զինարտադրութան հսկա ՌԴ-ի և Քրդստանի, այնպես էլ՝ ԵՄ երկրների և Քրդստանի միջև։ Շատ ավելի քիչ հավանական է քրդերի՝ որպես տարածաշրջանում մեր հակառակորդների տրանսֆորմացիան, քանի որ դա կարող է հանդես գալ միայն Մեծ Քրդստանի ստեղծման հետևանքով, ինչը արդի փուլում գրեթե անհնար է։ Այսպիսով, ինչպիս էլ լինեն դեպքերի ու հարաբերությունների հետագա զարգացումները, մի բան պարզ է՝  Հայաստանին հարկավոր է վերանայել իր պասիվ ներգրավվածությունը այս տարածաշրջանում, ակտիվացնել շփումները, ուսումնասիրություններն ու կապերը քրդական միջավայրի հետ և մշակել նոր համապարփակ քաղաքականություն՝ ներգրավելով երկրի բոլոր կարող ուժերը։ Հարկավոր է սպասել, նախապատրաստվել ու պատրաստ լինել տարածարջանի հիմնարար փոփոխություններին և դրանցից օգտվելու պատմական հնարավորություններին։

Ամփոփում

Այսպիսով, մենք ուսումնասիրեցինք աշխարհի՝ պետականություն չունեցող ամենամեծաքանակ էթնիկական միավորի՝ քրդերի անցյալը, ներկան և ապագայի տեսլականները, դրանց շաղկապումները մեզ հետ և դրանց հետ կապված միջազգային աշխարհաքաղաքական դրվածքը։ Քրդերի մեծագույն խնդրի՝ անկախ պետականության կառուցման ճանապարհին առկա բոլոր ձեռքբերումները և խնդիրները, անշուշտ, շատ կարևոր են, բայց դրանք բոլորը խամրում են միասնականության նշանակության կողքին։ Քրդերը դատապարտված են լինել ներկայիս իրավազուրկ և բռնաճնշված ցեղերի ամբողջության կարգավիճակում, քանի դեռ չեն հասունացել և չեն հասել ազգագրական բարձրագույն միավորի՝ ազգության գիտակցական մակարդակին։ Միայն այդ պարագայում է հնարավոր քրդական հարցի լուծումը և դրա ընդհանրացումը մեկ միասնական խնդրի մեջ։ Չնայած այսօրվա ծանր և դժնդակ իրավիճակին, անմիաբանությանը, տեղայնականությանը, երկպառակտչական բախումներին, պրիմիտիվ ցեղայնությանը՝ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել են անկախ պետականության ստեղծման համար բարենպաստ նախադրյալներ։ Չնայած սեփական ուժերի հաճախակի գերագնահատումներին և ազգային ներուժի խիստ ուռճացումներին՝ քրդերի նոր սերունդը, ամենայն հավանականությամբ, ունի պետականաշինության գործընթացը հաղթական ավարտին հասցնելու համար բավարար ներուժ և ռեսուրսներ։ Համենայն դեպս, դրա համար ամեն բան արվել է թե՛ քրդերի,թե՛ այլ ուժերի կողմից, այլ կերպ ասած՝ հասունացվել է պատմական պահը։

Գրականության ցանկ

  1. Mackey, The Reckoning: Iraq and the Legacy of Saddam, 2002.
  2. Romano, The Kurdish Nationalist Movement, 2006.
  3. Barth,Principles of Social Organization in Southern Kurdistan, 1953.
  4. McKiernan, the Kurds, a people in search of their homeland, 2006.
  5. Human rights watch, 2005 Vol. 17, No. 2(D)
  6. http://www.turkishweekly.net/
  7. nytimes.com
  8. https://www.opendemocracy.net
  9. http://www.iranicaonline.org
  10. http://www.itnet.org/
  11. http://www.theguardian.com
  12. http://www.britannica.com
  13. https://www.cia.gov
  14. http://www.institutkurde.org/en/
  15. http://www.kurdistanica.com/
  16. http://www.pen-kurd.org
  17. http://theotheriraq.com/
  18. https://www.ictj.org/
  19. https://www.amnesty.org/en/
  20. http://www.aljazeera.com/

Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև
  1. Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 1֊ին
  2. Քրդերը, աշխարհը և մենք․ մաս 2֊րդ