Պատմության ընթացքում ստեղծված յուրաքանչյուր աշխարհակարգ բնորոշվել է իրեն ներհատուկ խնդիրներով և առանձնահատկություններով, սակայն դրանք բոլորը կարելի է միավորել մեկ ընդհանրությամբ. Վեստֆալյան աշխարհակարգից սկսած՝ աշխարհ-համակարգերը ստեղծվել են պատերազմները կանխելու համար և փոխվել այլ համակարգերով իրենց առջև դրված խնդիրը լիարժեք չլուծելու պատճառով: Թվում էր, թե Յալթապոտսդամյան համակարգը կարողացավ հասնել երրորդ՝ միջուկային աշխարհամարտի չեզոքացմանը, և արդեն դրան հաջորդած հետսառըպատերազմյան աշխարհակարգը խնդիր էր ունենալու ամրապնդելու լիբերալ դեմոկրատիայի հաղթանակը և ապահովելու աշխարհի խաղաղ զարգացումը: Սակայն սոցիալիստական ճամբարի փլուզումը ցույց տվեց, որ ստեղծվող աշխարհակարգը ևս զերծ չէ պատերազմների վտանգից, և որ պետությունների դեմոկրատական դառնալը ուղիղ համեմատական չէ պատերազմների նվազեցմանը: Թեպետ արմատապես չեն փոխվել պատերազմների, զինված հակամարտությունների բռնկման պատճառները, էապես փոխվել են դրանց տրամաբանությունն ու ռազմավարությունը: Եթե 20-րդ դարում հաղթանակի գրավական էր համարվում ատոմային տերության կարգավիճակ ունենալը, ապա արդի տեղեկատվական հասարակությունը պատերազմական տեխնոլոգիաների հասկացութային ապարատի և մեթոդաբանության առջև դրել է նոր խնդիրներ: Զանգվածային լրատվության միջոցների տարածումը, համացանցի ընձեռած հսկայածավալ տեղեկատվական դաշտը ստեղծում են տեղեկատվական հոսքերի որոշակի անկառավարելիություն կամ գոնե դրա պատրանք, ինչի արդյունքում պետություններն իրենց պետական անվտանգության հայեցակարգերում մեծ տեղ են հատկացնում տեղեկատվական անվտանգության խնդիրներին: Սակայն ակնհայտ է, որ ցանկացած հասարակության համար տեղեկատվական անվտանգությունը կենսական է դառնում հատկապես արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ, ինչն էլ պատճառ է դարձել ժամանակակից պետություններում մամուլի ազատության որոշակի սահմանափակումների սահմանադրական ամրագրմանը: Սույն վերլուծությամբ կանդրադառնանք պատերազմական իրավիճակներում տեղեկատվության հետ տարվող աշխատանքների բնույթին՝ ներկայացնելով պատերազմող կողմերի առջև դրված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Խնդրի ուսումնասիրումը մեզ համար արդիական և խիստ անհրաժեշտ է դառնում ոչ միայն տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցների զարգացման առումով, այլև հաճախ «տեղեկատվական հարձակվողական պատերազմներ» մղելու անհրաժեշտությամբ: Մեր առջև կան դրված բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սեփական լսարանի հետ տարվող աշխատանք, որը մի կողմից պետք է միտված լինի թշնամու ապատեղեկատվությունից զերծ պահելուն, մյուս կողմից՝ ավելորդ լարվածությունը, ագրեսիան, պանիկան վանելուն, հայոց բանակի և դրա գործողությունների լեգիտիմությունը բարձրացնելուն: Կա նաև թշնամու բանակի և լսարանի հետ անուղղակի կերպով աշխատելու խնդիր: Հարկ է նշել, որ մեր պետության համար կենսական կարևորություն ունեցող այս գործառույթներն իրականացվում են բավականին արդյունավետ կերպով՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի «գերպրոպագանդայի»:
Նախ անդրադառնանք հիմնականում ԱՄՆ ռազմական մարմինների կողմից մշակված հայեցակարգերին, որոնք կազմում են սույն վերլուծության կմախքը:
Վերջին տասնամյակների ընթացքում ռազմական հարաբերությունների հեղափոխության (Revolution of Military Affairs) մասին խոսելիս մեծ տեղ է հատկացվում «տեղեկատվական պատերազմը հաղթելուն»: Այս ընթացքում է ձևավորվել «տեղեկատվական պատերազմի» (Information Warfare) դոկտրինը, որն առավել հաճախ անվանվում է «տեղեկատվական օպերացիաների» (Information Operations) հայեցակարգ: Վերջինս Պենտագոնի կողմից սահմանվում է որպես «ձեռնարկված գործողություններ՝ ազդելու «թշնամական» տեղեկատվության և տեղեկատվական համակարգերի վրա սեփական տեղեկատվությունը և տեղեկատվական համակարգերը պաշտպանելու ժամանակ»: Սկզբնական շրջանում ասվածը վերաբերում էր հիմնականում տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովմանը, սակայն հետագայում ներառվեցին նաև տեղեկատվության ֆիլտրման, հասարակության մանիպուլացման, ագիտացիայի և պրոպագանդայի գործուն մեխանիզմներ, որոնք թույլ էին տալիս աննկատ ներգործություն ունենալ ժամանակակից «ազատ մամուլի» դարաշրջանում: Այս առումով «տեղեկատվական պատերազմների» առաջին հաջողված օրինակը 2003 թ. իրաքյան պատերազմն է համարվում: Թեպետ դեռևս վաղնջական ժամանակներից օգտագործվել են «տեղեկատվական պատերազմների» ռազմավարության որոշ օղակներ, սակայն դրանք մեծամասամբ կրել են ապատեղեկատվության, պրոպագանդայի բնույթ, ինչպես օրինակ՝ հակառակորդի բանակի շրջանում կեղծ լուրերի տարածումը պատերազմական գործողությունների մասին:
«Պատերազմը և հակապատերազմը» գրքում Ալվին և Հեյդի Թոֆլերն առանձնացնում են պատերազմների երեք ալիքներ՝ ագրարային, ինդուստրիալ և տեղեկատվական: 1970-ականներից ինդուստրիալ պատերազմներին փոխարինած տեղեկատվական պատերազմներին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
- Նման պատերազմները չեն պահանջում լայն զանգվածների մոբիլիզացիա: Բավարար է մասնագիտական խմբերի, «գիտելիքի մարտիկների» առկայություն և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:
- Պատերազմները դառնում են ավելի կարճաժամկետ, կիրառվում են արագ իրականացվող մարտական օպերացիաներ, ինչպես օրինակ՝ «Փոթորիկ անապատում»-ը՝ ի տարբերություն իրան-իրաքյան 8-ամյա պատերազմին:
- Տեղեկատվական պատերազմները պահանջում են մարտական գործողությունների ճկունություն, արագ արձագանքելու մեծ պատրաստականություն, ինչը կապված է տեղեկատվության ստացման արագության մեծացման հետ:
- Նկատվում է քաղաքացիների հեռացում ռազմական ուղղակի գործողություններից և ներգրավում պատերազմի մեջ ԶԼՄ միջոցով: Թեպետ պատերազմները հաճախ տեղի են ունենում ժողովուրդների անունից, սակայն ներկայումս քաղաքացիները տեղեկատվություն են ստանում իրենց բնակավայրում ընթացող գործողությունների մասին ոչ թե անձնական փորձից, այլ լրահոսից, հաճախ՝ միջազգային մամուլի՝ իրադարձությունների թիրախավորված ներկայացումից: Պատահական չէ, որ ռազմական գործողությունների առաջնային թիրախ են դառնում ազգային հեռուստաալիքները, ռադիոկայանները, որոնց նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս կառավարել նաև բնակչության վարքը: Այսպես օրինակ՝ Կոսովոյի պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի կիզակետում էր Սերբիայի ռադիո-հեռուստատեսությունը: Հետագայում Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալն իր զեկույցում ընդունել է, որ դա նպատակ է ունեցել վերացնելու Միլոշևիչի պրոպագանդայի գլխավոր միջոցը: Բացի նշված նպատակից՝ դաշնակիցները փաստորեն դաշտ էին բացել սերբ բնակչությանը միակողմանի՝ միայն սեփական շահերից բխող տեղեկատվության հաղորդման համար:
Աֆղանստանում թալիբները կարողանում էին իրենց իշխանությունը պահել ահաբեկման միջոցով, սակայն նրանց օգնում էր նաև տեղական ռադիոկայանի միջոցով ամեն օր բնակչության համար հատուկ հաղորդումների թողարկումը: Հատկանշական է, որ անգամ դեսպոտիկ մեթոդներով առաջնորդվող խմբավորումը գիտակցում էր հպատակներին «ճիշտ» տեղեկատվության փոխանցման կարևորությունը: Իրենց հերթին դաշնակիցները ստեղծել էին տեղեկատվության «այլընտրանքային» աղբյուր, որով աֆղանական բնակչությանը պարբերաբար կոչեր էին արվում հանգիստ լինել, քանի որ ազատվելու են թալիբանի բռնապետությունից: Հաղորդագրությունը տարածելու համար բնակիչներին բաժանվում էին ռադիոընդունիչներ: Ընդ որում՝ հաղորդագրությունների տեսքով սպառնալիքներ էին հղվում նաև թալիբանին՝ շեշտելով դաշնակիցների հզորությունը, այսպիսով՝ հոգեբանորեն ճնշում գործադրելով թալիբանի շարքերում կռվողների վրա:
Պատահական չէ, որ Իսլամական պետության պրոպագանդայի մեքենան օգտագործում է արևմտյան պրոպագանդայի բոլոր միջոցները՝ սկսած սոցիալական ցանցերից, «Twitter»-ից ու «YouTube»-ից մինչև բազմաթիվ բլոգեր: Նման պրոպագանդայի օրինակ էր «Al Hayat Media Center»-ի կողմից լրագրողների մահապատժի հոլովակի ստեղծումն ու տարածումը: Տեղեկատվական հարթակում նման ակտիվությունն ունի երկու նպատակ՝ պրովոկացիայի ենթարկել հակառակորդ համարվող երկրներին և նոր կադրեր հավաքագրել: Ելնելով ԻՊ-ի ունեցած հաջողություններից՝ կարելի է ենթադրել, որ ահաբեկչական կազմակերպության կողմից պատմության մեջ առաջին անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների նման մասշտաբի օգտագործումն ունենում է իր պտուղները:
- Մեծ ուշադրություն է դարձվում ընկալման կառավարմանը (perception management), ընդ որում՝ թիրախ են դառնում թե՛ սեփական երկրի, և թե՛ հակառակորդ երկրի առանձին խմբերը՝ բնակչությունից սկսած մինչև զինվորականները և երկրի քաղաքական էլիտան: Սա հատկապես կարևոր է ժամանակակից դեմոկրատական երկրներում. կա անհրաժեշտություն ապացուցելու սեփական ժողովրդին, որ պատերազմ սկսելը բխում է տվյալ երկրի շահերից, քանի որ քաղաքական կամ ռազմական էլիտայի առջև դրված է սեփական լեգիտիմությունը պահելու, ընդդիմության, հաճախ՝ ողջ պառլամենտի աջակցությունը ստանալու և երկրի զինված ուժերը օգտագործելու հնարավորություն ստանալու խնդիր: Այս առումով գերարդյունավետ են աշխատում ԱՄՆ և Միացյալ Թագավորության համապատասխան մարմինները: Օրինակ՝ 1991 թ. իրաքյան ներխուժումից առաջ՝ 1990 թ., ԱՄՆ Կոնգրեսում 15-ամյա քուվեյթցի աղջկա հուզիչ պատմությունը, որ լայնորեն լուսաբանվում էր ամերիկյան բոլոր ԶԼՄ-ներով, իրականում կեղծ վկայություն էր, սակայն այն օգնեց Բուշի ադմինիստրացիայի գործողությունները լեգիտիմացնելուն՝ մեծ ազդեցություն թողնելով ԱՄՆ լսարանի վրա: Իրենց հերթին 2003 թ. իրաքյան ներխուժմանն առավել կողմնակից քաղաքացիները սխալմամբ կարծում էին, թե Սադամ Հուսեյնը կապված է Ալ-Քաիդայի հետ, ինչը 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո նրանց հիմնավոր պատճառ էր թվում Իրաք ներխուժելու համար: Պատահական չէ, որ իրաքյան պատերազմի սկզբնական շրջանում Բուշի գործողությունները վայելում էին բնակչության աջակցությունը: Ինչպես նշում է լրագրող Վալթեր Լիպմանը, մարդիկ հրաժարվում են հավատալ, որ այն, ինչ իրենք փաստ են համարում, իրականում երկու երես ունի: Հետաքրքրական էր նաև ԱՄՆ լրատվամիջոցների կողմից իրաքյան ներխուժմանն ուղղված ակտիվ պրոպագանդան և տեղեկատվության միակողմանի ներկայացումը (առավել մանրամասն տե՛ս տեսանյութում), ինչը ևս թելադրված էր իշխանությունների կողմից:
21-րդ դարի սկզբում շատ էր խոսվում հատկապես «CNN-ի էֆեկտի» մասին այն առումով, որ պատերազմական գործողություններն առաջին անգամ սկսել էին ուղիղ հեռարձակել (օր.՝ Սոմալիի պատերազմի ժամանակ), ինչը ևս լսարանի վրա ներգործելու արդյունավետ միջոց էր: Նման տեխնոլոգիաներ սկսում է կիրառել նաև Ռուսաստանը: Եթե 2008 թ. ռուս-վրացական պատերազմի օրերին ռուսական կողմն ակնհայտ պարտվում էր տեղեկատվական «ճակատում», ապա ուկրաինական ճգնաժամի ամիսներին ռուսական լրատվամիջոցներն աշխատում էին բավականին արդյունավետ: Համաձայն «BBC»-ի թղթակցի՝ «Ռուսաստանի պետական հեռուստաալիքները ուկրաինական ճգնաժամը ոչ միայն լուսաբանում էին միակողմանի ձևով և օգտագործում ապակողմնորոշող պրոպագանդա, այլև հոգեբանական ներգործության տեխնիկաներ էին կիրառվում՝ միտված հեռուստադիտողի մոտ ագրեսիայի և ատելության էմոցիաների առաջացմանը, ինչն ունենում էր սպասվող արդյունքը»:
Հաջորդ հասկացությունը՝ «հոգեբանական գործողություններ» (Psychological Operations), որի մասին խոսվեց նաև վերոնշյալ օրինակում, սահմանվում է որպես «ծրագրված գործողություններ, որ կոչված են արտաքին լսարանին ընտրված տեղեկատվություն և ինդիկատորներ փոխանցելուն՝ ազդելու նրանց էմոցիաների, շարժառիթների, օբյեկտիվ փաստարկման, և, ի վերջո, օտարերկրյա իշխանությունների, կազմակերպությունների, խմբերի, անհատների վարքագծի վրա»: Այս առումով կիրառվել են ինչպես հին մեթոդներ, օրինակ՝ բնակչությանն ուղղված տարբեր կոչերով թռուցիկների տարածում 1991 թ. իրաքյան կամ 1999 թ. Կոսովոյի պատերազմների ժամանակ, այնպես էլ թաքծնված տեխնոլոգիաներ: Վերջինս փաստենք Լիբիայի օրինակով:
2010 թ. դեկտեմբերից Թունիսի հեղափոխությամբ արաբական աշխարհում դոմինոյի էֆեկտով տարածված «Արաբական գարուն» անվամբ իրադարձությունների մասն է կազմում Լիբիայում 2011 թ. սկսված քաղաքացիական պատերազմը, որի արդյունքում երկրում տապալվեց Մուամար Քադաֆիի վարչակարգը: «Արաբական գարնան» շարունակվող իրադարձությունները, որ գտնվում են ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, հետաքրքրական են նրանով, որ, ի տարբերություն 20-րդ դարի հեղափոխական շարժումների, այս դեպքում հեղափոխությունների համար կարևորագույն դեր են խաղացել ԶԼՄ-ները: Սակայն ակնհայտ է, որ բոլոր դեպքերում հակամարտող կողմերը օգտագործում էին լրատվամիջոցները սեփական գործողությունները լեգիտմիացնելու, հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով: Երբեմն էլ ԶԼՄ-ները դառնում էին ոչ միայն ագիտացիայի խողովակ, այլև կողմերից մեկի կոնկրետ գործողության ձեռնարկման պատճառ:
Արևմտյան լրատվամիջոցներն ի սկզբանե ներկայանում էին որպես Քադաֆիի դեմ պրոպագանդայի հարթակ: Դեռևս մարտից ամերիկյան լրատվամիջոցները սկսել էին հրապարակել Քադաֆիի և նրա ընտանիքի հսկայական ունեցվածքի վերաբերյալ հոդվածներ, բարձրաձայնել մի քանի տարվա վաղեմության կոռուպցիոն դեպքերի մասին: Կարելի է ենթադրել, որ սրանով նրանք փորձում էին լեգիտիմացնել Օբամայի վարչակարգի կողմից Լիբիա ռազմական ներխուժում կատարելու մասին որոշման ընդունումը, ինչը լուրջ ընդվզում էր առաջացրել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների շրջանում, Կոնգրեսում, հատկապես Ներկայացուցիչների պալատում լուրջ քննարկումների տեղիք տվել: Ուստի ամերիկյան լրատվամիջոցների նպատակն էր Քադաֆիի ռեժիմը բացասական լույսի ներքո ներկայացնելը, դրանց ու ամերիկյան արժեքների հակասությունը ապացուցելը: Թեպետ ԱՄՆ-ում չկա ԶԼՄ նկատմամբ օրինական վերահսկողություն իրականացնելու իրավական շրջանակ (բացառությամբ՝ «Federal Communication Commission»-ի, որ վերահսկում է միայն հեռարձակվող մեդիան), սակայն ամերիկյան առաջատար լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տալիս, որ իրադարձությունների լուսաբանումը տեղի էր ունենում կողմնակալ կերպով, տպավորություն է ստեղծվում, թե դրանք առաջնորդվում էին միևնույն մեխանիզմով՝ ընտրել լուսաբանման այնպիսի շրջանակ, որ ամերիկյան ընթերցողը միանգամից բացասական վերաբերմունք ձևավորի Քադաֆիի ռեժիմի նկատմամբ: Իր հերթին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը ռազմական առաքելության մեկնած զինվորների հետ ապահովել էր նաև լրագրողների ներկայություն: Այս մարտավարությունը կիրառվել էր նաև նախորդ ռազմական առաքելությունների, օրինակ՝ իրաքյանի ժամանակ, ինչն ապահովել էր լրագրողների կողմից իրադարձությունների ներկայացումը ամերիկյան զինվորականների տեսանկյունից. սա լսարանի մոտ առաջացնում է իրական գործընթացին, իրադարձություններին ականատես լինելու զգացում. այսպես ավելի դյուրին է քաղաքացիների շրջանում ցանկալի վերաբերմունք ձևավորել:
Արևմտյան լրատվամիջոցների կողմից լայնորեն օգտագործվել է առանձին լրագրողական հետաքննությունների հիման վրա անձնական պատմությունների վերհանումը, ինչը պատերազմը դարձրել է ավելի անձնավորված ու հանրության համար ավելի ընկալելի զգացական առումով՝ առաջացնելով կարեկցանք մարդկային ճակատագրերի նկատմամբ: Օրինակ՝ լրատվամիջոցները հնչեցնում էին Քադաֆիի կողմից վարձկանների կռվելու մասին, բայց այս ինֆորմացիան անհրաժեշտ էր օգտագործել՝ հանրության մոտ հակաքադաֆիական տրամադրություններ առաջացնելու համար, ուստի հայտնվեցին առանձին անձանց (սովորաբար խոցելի խավերից) մասին լրագրողական հետաքննություններ, որտեղ ներկայացնում էին, թե ինչպես են Քադաֆիի կողմնակիցները օգտագործում երեխաների, խաբեությամբ Լիբիա բերում աղջիկ դիպուկահարների, աֆրիկյան հանրապետություններից անչափահասների՝ այս ամենը անձնավորված անհատների պատմություններով: Քադաֆիի ռեժիմի նկատմամբ հանրության անհանդուրժողականությունը մեծացնելու նպատակով նրա զինակիցներին վերագրում էին լսարանի համար անընդունելի հանցանքներ, ինչպես օրինակ՝ ցուցարարների, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնություններ կիրառելու մասին վկայություններ, ինչը պատճառ դարձավ ՄԱԿ-ի դիվանագետների միջև այս հարցի քննարկումների, հետագայում նաև Միջազգային քրեական դատարանի դատախազի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Լիբիայում պատվիրված մասսայական բռնաբարությունների մասին մտահոգության արտահայտմանը:
Այսպիսով՝ պատերազմական իրավիճակներում անհրաժեշտ է տեղեկատվական աշխատանքներ իրականացնել հետևյալ ուղղություններով.
- բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին,
- հոգեբանական ճնշում գործադրել հակառակորդի զինված ուժերի նկատմամբ,
- ստանալ սեփական բնակչության աջակցությունը,
- փորձել ստանալ հակառակորդ ուժի բնակչության աջակցությունը, նրանց ներկայանալ որպես բարեկամ և ոչ թշնամի,
- վերահսկել միջազգային տեղեկատվական հոսքերը շահեկան դիրքորոշում ներկայացնելու համար:
Արդի աշխարհում տեղեկատվության այսպիսի օգտագործումը դիտվում է որպես «փափուկ ուժ», որը անկառավարելի թվացող իրավիճակներում երբեմն կարող է լինել ավելի արդյունավետ, քան ներգործության տնտեսական կամ ռազմական մեխանիզմները: Իր հերթին տեղեկատվական մանիպուլյացիաները ավանդական ռազմական ուժի հետ համադրելով՝ հետսառըպատերազմյան շրջանում ստեղծվել են այնպիսի կատեգորիաներ, ինչպես օր.՝ «հումանիտար ինտերվենցիա», «պայքար համաշխարհային ահաբեկչության դեմ», «Պաշտպանելու պատասխանատվություն» (R2P) և այլն, որոնք միջազգային իրավունքը դարձնում են առավել հեղհեղուկ, իսկ «ազատ» մամուլը ու մարդկանց գիտակցությունը՝ առավել խոցելի:
Օգտագործված գրականություն
- Joint Doctrine for Command and Control Warfare (C2W), February 7 1996
- The American Democracy, Tenth edition, Thomas E. Patterson, NY, 2011
- War and the Media, edited by Daya Kishan Thussu and Des Freedman, SAGE publications, 2003
- Information Warfare, An Introduction, Reto E. Haeni, The George Washington University, 1997
- www.bbc.com
- www.telegraph.co.uk
- www.aljazeera.com
- www.theguardian.com
- www.independent.co.uk
- www.wikipedia.org
- www.icty.org
Հեղինակ՝ Վիկտորյա Այդինյան (Victorya Aydinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: