Ձևավորված մշակույթը
2008 թ.-ի մարտի դեպքերից հետո քաղաքական մշակույթը և գոյություն ունեցող ռեժիմի դեմ պայքարը Հայաստանում թևակոխեցին ֆորմացիոն նոր փուլ, որում արդեն փաստացի ոչնչացված է ողջ ռեալ արմատական ընդդիմությունը՝ դրա գործիքներով և համակարգերով հանդերձ։ Գոյությունը պահպանած կուսակցություններն էլ կա՛մ հասցվել են քաղաքական տկարության մակարդակի, կա՛մ վերածվել գրպանայինի։
Ավելին՝ ՀՀ շարքային քաղաքացիների բացարձակ մեծամասնության մեջ կոտրվել է հավատը թե՛ ընդդիմադիր կուսակցությունների ու դրանց առաջնորդների գործունեության և թե՛ քաղաքական գործընթացների նկատմամբ ընդհանրապես։ Ցավո՜ք, մեր իրականությունում քաղաքական գործընթացների հանդեպ վերաբերմունքը իր հուսալքությամբ և բացասական վերաբերմունքով հասել է նիհիլիստականի. ինտելեկտուալ և հատկապես երիտասարդական ինտելեկտուալ շրջանակներում որևէ քաղաքական պրոցեսի կամ, առավել ևս, կուսակցական աշխատանքների մեջ ներգրավվելը պիտակավորվում է որպես անպատվաբեր։
Փոփոխությունների հետ կապված հույսը, որը ժամանակ առ ժամանակ փայլատակում է, մեծամասամբ կապված է ոչ թե քաղաքական ինստիտուցիոնալացված կառույցների գործունեության, այլ քաղաքացիական նախաձեռնությունների և մասսայական շարժումների հետ (օրինակ՝ «ԴԵՄ եմ», «Չեմ վճարելու 150 դրամ» շարժումները և այլն)։ Քաղաքական առաջնորդների ու կառույցների հանդեպ բացասական վերաբերմունքը և քամահրանքը է՛լ ավելի մեծացան 2013 թվականի նախագահական ընտրությունների (որոնք շատերը անվանեցին բեմադրված) և լեգիտիմության նոր համակարգի վերջնական կայացումից հետո, համակարգ, որում ռեժիմը իր լեգիտիմությունը քաղում է ոչ թե ՀՀ հասարակ քաղաքացիներից ու ժողովրդից, այլ օլիգարխներից, ուժայիններից և պետպաշտոնյաներից՝ վերջիններիս հասու մարդկային ու նյութական ռեսուրսեներով հանդերձ։ Տրանսֆորմացվել ու այլասերվել են ողջ քաղաքական դաշտն ու դրանում ներգրավված գրեթե բոլոր ինստիտուտները։ Որպես արդյունք՝ ծագող և մարող քաղաքացիական նախաձեռնությունները ամեն գնով փորձում են հեռու մնալ քաղաքական անցուդարձից և ինստիտուտներից, հեռու մնալ քաղաքականացվելուց՝ պայքարող հիմնական ուժի՝ կրթված երիտասարդության աջակցությունը չկորցնելու համար։ Ընդդիմադիր ուժերն էլ, հաճախ գիտակցելով այս հանգամանքը և չցանկանալով խանգարել ծավալվող գործընթացներին, հեռու են մնում դրանցից։ Այսպիսով, հասարակական դաշտում նոր ձևավորված քաղաքական կեղծ մշակույթին հատուկ են փողոցային պայքարը, առաջնորդության տոտալ բացակայությունը և, ինչքան էլ տարօրինակ թվա, քաղաքական գործընթացներից հեռու մնալու անհագուրդ ցանկությունը։ Հենց այսպիսի դաշտի պայմաններում ծագեց ու սկսեց ծավալվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժումը։
Շարժման ծագման դրդապատճառները
2015 թվականի հունիսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի գինը ՀՀ-ում կավելանա 16 տոկոսով. դրա անհրաժեշտության եզրակացությանն էր եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Երեք օր անց այս հարցով լսումներ անցան Ազգային ժողովում։ Որոշումը կայացվեց՝ հաշվի առնելով ՀԷՑ-ի համապատասխան դիմումը, որում վերջինս պահանջում էր բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները՝ ցերեկայինը՝ 40 տոկոսով, իսկ գիշերայինը՝ 53.6։ Սա պատճառաբանվում էր կազմակերպության կուտակած հսկայական պարտքերով, որոնք հասնում էին 250 մլն դոլարի, ինչը առաջացրեց հասարակական խոշոր ընդվզումներ հետևյալ պատճառներով.
- Լրագրողական մի քանի հետաքննություններ հիմնավորապես ապացուցեցին, որ այդ պարտքերն առաջացել են ՀԷՑ-ի (ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ի 100 տոկոսանոց սեփականության) տնօրինության վարած վատ մենեջմենթի, անտեղի շռայլությունների և կոռուպցիոն ռիսկերի արդյունքում։
- Սա Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երրորդ թանկացումն էր։
- Չնայած Հայաստանում տեղ գտած ծանր սոցիալական պայմաններին և անգամ ԱՊՀ չափանիշներով միջին աշխատավարձի ցածր ցուցանիշներին՝ էլեկտրաէներգիայի գները արդեն իսկ բարձր էին` համեմատած ԱՊՀ այլ երկրների հետ, իսկ պահանջված թանկացման դեպքում սպառնում էին դառնալ ամենաբարձրը ԱՊՀ-ում։ Ավելին՝ թանկացման դեպքում էլեկտրաէներգիայի գինը կանցներ ԱՄՆ որոշ նահանգների, Սերբիայի, Լատվիայի գներից ու մոտավորապես կհավասարվեր Լեհաստանի սահմանած գներին։
Այնուամենայնիվ, սույն վերլուծության նպատակը ՀԷՑ-ի պահանջների կամ կառավարության որոշումների հիմնավորվածության աստիճանը կամ դրանց պատճառահետևանքային կապը բացահայտելը չէ, այլ դրան հաջորդած շարժման տրամաբանության վերլուծությունը:
Չնայած որոշմանը զուգահեռ ընթացող հասարակական բողոքներին՝ այն, այնուամենայնիվ, հունիսի 17-ին մասամբ ընդունվեց ՀԾԿՀ-ի կողմից։ Դրան ի պատասխան՝ մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից հիմնականում սոցիալական ցանցերի տված հնարավորությունների օգտագործմամբ ստեղծվում է «Ոչ թալանին» կազմակերպչական խումբը, որն առաջին անգամ հանրահավաք է հարավիրում Ազատության հրապարակում 2015 թվականի հունիսի 17-ին։ Այդպիսով, սկսվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մղվող լայնամասշտաբ շարժումը, որը հայտնվում է հայկական, ռուսական և այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Շարժման ծագումը, վերելքը, ջլատումը և անկումը
Հունիսի 17-ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազատության հրապարակում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվեց պահանջ՝ մինչև հունիսի 22-ը ժամը 16։00-ը չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը (ուշագրավ է, որ ՀՀ նախագահը չուներ նման լիազորություններ)։ Մինչ նշված օրն ու ժամը որոշում կայացվեց հրապարակում կազմակերպել հերթափոխերով նստացույց։ Հունիսի 22-ին, չստանալով հնչեցված պահանջների պատասխանը, ցուցարարները շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ ցանկանալով հանրահավաքը շարունակել նախագահական նստավայրի մոտ, սակայն ոստիկանական հատուկ ջոկատայինները ջրցան և զրահապատ մեքենաների միջոցով կանգնեցրին ցուցարարներին։ Վերջիններս հայտարարեցին նստացույց Հայաստանի գրողների միության շենքի դիմացի ճանապարհահատվածում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության միջոցով դիմեց ցուցարաներին և հայտնեց, որ պատրաստ է նախագահական նստավայրում ընդունել հինգհոգանոց պատվիրակություն։ Այս առաջարկը նստացույցի մասնակիցները մերժեցին՝ մասամբ չգալով ընդհանուր հայտարարի, մասամբ բանակցային գործընթացում արտահայտված առաջնորդներ չունենալու պատճառով և, վերջապես, սեփական պահանջները չափազանց պարզ համարելու և դրանք բանակցությունների առարկա չդարձնելու համոզմամբ։ Հունիսի 23-ին առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանական հատուկ ստորաբաժանումները, կիրառելով անհամաչափ ուժ, ցրեցին Բաղրամյանում կազմակերպված նստացույցը, բերման ենթարկեցին 237 քաղաքացու (այդ թվում՝ լրագրողների): Գործողության արդյունքում ավելի քան 25 մարդ հոսպիտալացվեց։ Նույն օրը՝ երեկոյան, ցուցադրելով տպավորիչ միասնականություն և ինքնակազմակերպման հնարավորութուններ՝ ցուցարարները վերագրավեցին Բաղրամյան պողոտայում իրենց դիրքերը և նորից սկսեցին նստացույցը (մասնակիցների թիվը այս անգամ զգալիորեն ավելի մեծ էր և տարբեր հաշվարկներով հասնում էր 15-20 հազարի): Բաղրամյանում ոստիկանության անակնկալ հարձակումներից խուսափելու համար շրջակա աղբամաններից մայթից մայթ փակող բարիկադներ կառուցվեցին։ Շարժումը ընդունեց տևական բնույթ։ Ցույցեր և բողոքի ակցիաներ սկսվեցին ՀՀ-ի մյուս քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Կապան, Աբովյան, Չարենցավան և այլն։ Հունիսի 25-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փորձելով թուլացնել լարումը, հայտարարեց սոցիալապես անապահով ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կառավարության որոշման մասին, ինչը, սակայն, ցուցարարների վրա որևէ ազդեցություն չթողեց։ Հունիսի 26-27-ը կարելի է բնորոշել իբրև շարժման առավելագույն ծավալման և վերելքի շրջան. ցուցարարները փակեցին նաև Ֆրանսիայի հրապարակը ու Մաշտոցի պողոտայի վերնամասը` դրանով իսկ վերջնականապես կաթվածահար անելով երթևեկությունը Երևանում։ Սակայն արդեն հունիսի 27-ի երեկոյան նախագահը հայտարարեց ՀԾԿՀ-ի որոշման կասեցման, ՀԷՑ-ում միջազգային աուդիտի անցկացման և մինչև վերջինիս ավարտը կառավարութան պահեստային ֆոնդերից թանկացման հետևանքների ֆինանսավորման մասին։ Հունիսի 28-ին ակցիայի կազմակերպիչների մի մասը մի խումբ համախոհների հետ հայտարարեց, թե նախագահի որոշմամբ շարժումը հասավ հաղթական ավարտին, և այլևս անիմաստ է մնալ Բաղրամյան պողոտայում, լքեց դիրքերը և հեռացավ Ազատության հրապարակ, սակայն շարժման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը գերադասեց մնալ Բաղրամյանում՝ չվստահելով նախագահի հայտարարությանը և պահանջելով ոչ թե ՀԾԿՀ-ի որոշման կասեցում, այլ դրա չեղարկում։ Շարժումը ջլատվեց։ Մինչև հուլիսի 4-ը, չնայած ոստիկանության անընդհատ նախազգուշացումներին և սպառնալիքներին, որևէ լուրջ միջադեպ չգրանցվեց։ Սակայն արդեն սկսվեց շարժման նոսրացման ու անկման փուլը։ Հուլիսի 4-ին ցուցարարները առաջ քաշեցին նոր պահանջներ, թեպետ ցուցարարների թիվը ծայրահեղ քիչ էր։ Երկու օր անց ոստիկանությունը առանց դժվարության ցրեց մի քանի տասնյակ մարդկանցից բաղկացած ցույցի մնացորդները, ապամոնտաժեց բարիկադները և վերականգնեց պողոտայի երթևեկությունը։ Հետագայում կազմակերպված բոլոր շարժումները ձախողվում են՝ չգրանցելով կազմակերպչական որևէ շոշափելի հաջողություններ։
ԶԼՄ”ները, մտավորականությունը և այլ տարօրինակություններ. խաբված շարժում
Շարժման վերելքի շրջանում ուշագրավ և անչափ տարօրինակ էր մասնակիցների հանդեպ ոստիկանության ցուցաբերած անհասկանալի մեղմ վերաբերմունքը: Երևանում ոչ միայն ընդունված չէ Բաղրամյան պողոտան փակել, այլև նախկինում պողոտան փակողների համար բանն ավարտվել էր ձերբակալություններով ու արյունահեղությամբ։ Մինչդեռ հատկապես շարժման վերջին օրերը, երբ Բաղրամյանում օրվա որևէ ժամի անգամ 500 հոգի չէր հավաքվում, ոստիկանությունը ցուցաբերում էր աննախադեպ զսպվածություն։ Արդեն այդ օրերին չափազանց կասկածելի էին շարժման որոշ ղեկավարների և ոստիկանապետերի միջև ստեղծված համագործակցային հարաբերությունները, երբ բազմաթիվ հարցերում ոստիկաններն էին տոն տալիս շարժմանը։ Օրինակները շատ են՝ Մաշտոցի պողոտան և Ֆրանսիայի հրապարակը բացելու հրամանը, որն ուղղակիորեն տրվեց կազմակերպիչներին և կատարվեց, Բաղրամյանում առանձին մարդկանց ներկա լինել-չլինելու մասին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշումները, երբ վերջինս պահանջում էր ոչ սթափ մարդկանց հատ առ հատ բերել, իրեն հանձնել, կամ երբ ոստիկանության աշխատակիցները ռեյդեր էին անցկացնում ցուցարարների մեջ, այսպես կոչված, ծայրահեղականներին ու խառնակիչներին հայտնաբերելու համար (հռետորական հարց է առաջանում, թե ովքեր էին այդ խառնակիչները․ սովորաբար դրանք ոստիկանության ուղարկած մարդիկ են լինում, իսկ հիմա, ինչ է, Ադրբեջանի՞ց էին եկել)։ Թերևս նշենք նաև մաքրության և սննդի կազմակերպման գործում ոստիկանության ունեցած ներդրումը, բարիկադների հանդեպ ոստիկանության ցուցաբերած անհասկանալի հանդուրժող մոտեցումը և այլն: Հետագայում փորձը ցույց տվեց, որ դրանք (բարիկադները) կազմակերպչական կամ մարտավարական առումով լուրջ չէին և չէին կարող խաղալ որևէ պաշտպանողական դեր, սակայն հիանալի կադրեր էին հեռուստաեթերի համար, մասնավորապես՝ գիշերվա արհեստական լուսավորության տակ՝ վրան ՀՀ դրոշներ ամրացրած։ Բայց ամենի մասին հերթականությամբ։
Այսպիսով, ՀԷՑ-ը, իր բոլոր կոռուպցիոն սխեմաներով հանդերձ, անշուշտ, իր գործունեության զգալի մասը իրականացնում էր օրենքից դուրս։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռուպցիան հստակորեն բրգաձև է (այսինքն՝ որևէ դիրքի պաշտոնյա կամ գործարար օրենքը խախտելիս պարտադիր ներքին հարկ է վճարում վերադասին)։ ՀԷՑ-ի` տարիներով շարունակվող խախտումներն ու անօրինականությունները չէին կարող անհետևանք մնալ, եթե վերջինս իր մասնաբաժին «սև» հարկը ժամանակին չվճարեր։ Հենց այստեղից էլ սկսվեց պատմության մութ կողմը. ՀԷՑ-ը, որը անօրինական գործունեություն ծավալելով հանդերձ, ամենայն հավանականությամբ ինչ-որ տոկոսային մասնաբաժին փոխանցում էր ռեժիմին, որը իր ներքին բյուջեն (ռեժիմի խնդիրները լուծելու և նպատակները իրականացնելու համար) ընկալում է քրեական աշխարհին բնորոշ «օբշյագ» (համախոհների կամ կազմակերպված հանցավոր խմբերի ընդհանրական ընկերական գումարների ամբողջություն) տերմինով։ Սակայն ինչ-որ մի պահ այդ փոխանցումները չբավականացրին պաշտոնյաների աճող ախորժակին, և ՀԷՑ-ը ավելացված «սև» հարկերը վճարելու առիթով չտուժելու համար որոշեց ավելացնել սակագինը, կամ էլ հենց ՀԷՑ-ի ռուսական տնօրինությունը որոշեց քողարկել իր իրական «սև» շահույթների մի մասը անգամ ընկերներից, և որպես հետևանք՝ քչացրեց նրանց տրվող մասնաբաժինը, որի ավելացումը դարձյալ կապվել էր սակագնի ավելացման հետ։ Հարկ է նկատել, որ էլեկտրաէներգիայի թանկացմանն ուղղված խոսակցությունները և հանրայնացման առաջին քայլը անողները եղան հենց իշխանությունները և նրանց ամբողջական վերահսկողության տակ գտնվող ծառայությունները։ Հետագայում ևս, այսպես թե այնպես, ռեժիմը իր գործիքներով լրջորեն աջակցեց շարժման կայացմանը։ Վառ օրինակ է «Հ1» լրատվականը, որն իր էությամբ և ռեժիմին ցուցաբերած նվիրվածությամբ առանձնապես չի տարբերվում կիսազատ երկրների իշխանական պրոպագանդիստական մեքենաներից։ Բայց հանկարծ վերջինս սկսում է լուսաբանել ոչ միայն շարժման ծագումը և դրա տրամաբանական հիմքերը, այլև աննախադեպ մի բան՝ Երևանում ծավալված փողոցային բողոքի մասսայական շարժումը, այն էլ՝ դրական լույսով։ Եկեղեցու, իրենց իշխանամետությունը երբևէ չթաքցրած մտավորականների, պետպաշտոնյաների ներգրավվածությունն և ակտիվությունն այս օրերին նույնպես հիշարժան էին։ Փաստ է նաև, որ մարզերում ծավալված շարժումը ընթացավ ՏԻՄ ղեկավարների անմիջական հովանավորությամբ։ Օրինակ՝ Սյունիքում ու հատկապես Կապանում առանց Սուրիկ Խաչատրյանի համաձայնության և աջակցության հնարավոր չէր լինի կազմակերպել և մի քանի օր շարունակ հանրահավաք անցկացնել։ Ողջ հանրապետությունում ստեղծվեց բողոքի մեծ ակցիայի և դրա մոտալուտ հաղթանակի տպավորություն։
Իսկ հիմա մի պահ պատկերացնենք, թե այս ամենը ինչպիսի ազդեցություն ունեցավ մեր ստրատեգիական դաշնակիցների վրա. ռուս լրագողները, ժամանելով Հայաստան, ականատես եղան բարիկադների, դրոշների, աղաղակող երիտասարդների և ՀՀ-ի բազմաթիվ քաղաքներում ծավալված շարժումների։ Իրենց հատուկ հապճեպությամբ նրանք շտապ հաղորդումներ պատրաստեցին Հայաստանում հասունացող նոր մայդանի և կատաղած ամբոխի մասին։ Ռուսաստանի Դաշնությունում այս խոսակցությունները պարարտ հող գտնան ուկրաինական մայդանից ու դրա կրկնության հնարավորություններից սարսափած վերլուծաբանների և պաշտոնյաների ուղեղներում։ Ավելին`ռուս փորձագիտական միտքը, որը ամերիկյան պետդեպարտամենտի «երկար ձեռքերի ուրվականը» տեսնելու մեջ հասել էր ծայրահեղությունների, վարվեց բավականին կանխատեսելիորեն. Հայաստանում ընթացող գործընթացները միանգամից որակեցին որպես Արևմուտքի կողմից կազմակերպված ապագա հակառուսական շարժում` դրան տալով «էլեկտրամայդան» անունը։
Ուշագրավ է, որ մեր իշխանություները որևէ տեսանելի քայլ չկատարեցին այս մոլորությունները վերացնելու համար, ավելին՝ նրանք, ըստ երևույթին, ներքին դիվանագիտական խողովակներով նաև հաստատեցին շրջանառվող լուրերը։ Շարժման «մայդանացման» ու ռուսական շրջանակներում հայ ցուցարարների կերպարի դեմոնիզացման դեմ ելույթ ունեցան միայն մի քանի հայ վերլուծաբաններ և մասնագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հաջող։
Այժմ այս ամենի դրդապատճառների մասին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում քաղաքական, տնտեսական կամ որևէ այլ հարցի վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե դասական ինստիտուցիոնալացված և կառավարման փորձ ունեցող երկրների նմանությամբ, այլ հաճախ մեկ մարդու կողմից (ըստ իր պաշտոնի և գործի կարևորության)՝ հաճախ բոլորովին այլ նկատառումներից ելնելով։
Ըստ իս՝ մեր իշխանությունների որդեգրած այս մոտեցումը, պահելաձևը և ձեռնարկումները հետապնդում էին մեկ նպատակ՝ Ռուսաստանում մի որևէ կոնկրետ պաշտոնյայի կամ պաշտոնյաների մոտ համոզմունք ստեղծել, որ Հայաստանում կա սոցիալական ֆոնի վրա ռադիկալիզացիայի վտանգ, և խնդրի լավագույն լուծումը կլինի ՀԷՑ-ի փոխանցումը կա՛մ ՀՀ-ին, կա՛մ ՀՀ-ի կողմից մատնանշված անձանց։ Նման համոզվածության գալով՝ ռուսական կողմի պաշտոնյաները (որոնք միևնույն ժամանակ Ռուսաստանին հատուկ ոճով կա՛մ գործարարներ են, կա՛մ գործարարներին հովանավորողներ) հրահանգ տվեցին գործարքի գնալ հայկական կողմի հետ։ Ամենայն հավանականությամբ իրավիճակը վերջնական հանգուցալուծում ստացավ մոսկովյան ամենավերին կաբինետում բանավոր խոսակցության մակարդակում։ Արդյունքում, շատ չանցած՝ ռուսական «ԻՆՏԵՌՌԱՕԵԷՍ»-ը վաճառեց իր դուստր կազմակերպությունը «Տաշիր հոլդինգ»-ին՝ Սամվել Կարապետյանի ընկերությանը (ով ՀՀԿ-ԲՀԿ պատերազմի օրերին իրեն արդեն դրսևորել էր որպես ռեժիմի մտերիմ դաշնակից)։ Արդյունքում տեղական իշխող վերնախավը ձերբազատվեց ֆինանսական հոսքերի կորուստներից և իր վերահսկողությունը հաստատեց կորսված ոլորտում. փողը նորից սկսեց հոսել նրանց գրպանները։ Բայց պետք է ընկալել ու լավ ընկալել, որ
- Սա արվել է՝ ոչ թե ելնելով ՀՀ պետական շահերից, այլ բացառապես ռեժիմի նեղ շահերից։
- Մենք ականատես եղանք չափազանց ցավալի երևույթի. հանրության քաղաքական ներգրավվածության վերջին մեթոդը՝ փողոցային երիտասարդական պայքարը, կա՛մ հենց սկզբից, կա՛մ շարժման ընթացքում ընկավ ռեժիմի ազդեցության տակ և ռեժիմին ցանկալի հունով։
Սա սպասելի և անխուսափելի արդյունք է պայքարաոճի մի ձևի համար, որը ամեն գնով փորձում է հեռու մնալ քաղաքականացվելուց։ Շարժման առաջնորդները կոմպետենտության պակասի, միամտության, գուցե նաև հանցավոր պայմանավորվածության արդյունքում ոչ միայն քաղաքականապես օգտագործվեցին ռեժիմի կողմից, այլև թույլ տվեցին օգտագործել շարժումը՝ հանուն ռեժիմի շահերի։ Եվ սա միայն նախադեպ է հետագայում նույնպես «քաղաքականացում» բառից խուսափող երիտասարդներից բաղկացած չքաղաքականացվող շարժումները օգտագործելու համար։ Դրանք օգտագործվելու են քաղաքականությամբ զբաղվող և պրոֆեսիոնալ կերպով զբաղվող մարդկանց կողմից։ Ցավո՜ք, մարդկությունը դեռ չի հորինել հասարակական կամ սոցիալական խնդիրները արմատապես լուծելու այլ միջոց, քան քաղաքականությունն է (չհաշված բռնությունը, որը նույնպես կարելի է որակել իբրև քաղաքականություն):
***
Շարժման արդյունքում ռեժիմը հասավ իր բոլոր նպատակներին՝ փոխվեց ՀԷՑ-ի սեփականատերը, իսկ շարժումը առաջին անգամ հնարավոր եղավ սանձել ու ծառայեցնել սեփական նպատակներին։ Մինչդեռ շարժման համար իրավիճակը երկդիմի է. մի կողմից՝ սա որոշ չափով հերթական հաղթանակն էր, որը թույլ տվեց էլ ավելի բարձրացնել երիտասարդության ոգին և վերջինիս ինքնահաստատվել ու վստահել սեփական մոբիլիզացիոն ռեսուրսներին, բայց մյուս կողմից՝ մենք ականատես եղանք, թե ինչպես անփորձ, ավելորդ ինքնավստահ ու քաղաքական գործընթացներից ինքնաբացարկված երիտասարդները օգտագործվեցին ռեժիմի կողմից ճկուն քաղաքականության միջոցով։ Համաձայնեք, որ սա շատ վատ նախադեպ էր։ Ընդդիմությունն էլ հերթական անգամ ուղղակի դուրս մնաց ընթացիկ քաղաքական գործընթացներից, ընդ որում՝ այստեղ էական չէ՝ դա կամովին էր, թե՝ ոչ: Վերջինս ձևավորող ու ղեկավարող մարդիկ՝ որպես ՀՀ քաղաքական դաշտի բաղկացուցիչներ, վերջնականապես սպառել են իրենց։
Ի՞նչ անել
Իրավիճակից, սակայն, կա ելք. այդ ելքը կապված չէ որևէ նոր ճշմարտության հայտնագործման հետ, այն նույնքան հին է, որքան քաղաքակիրթ հասարակությունը, ասել է թե՝ հասարակությանը հուզող խնդիրները պետք է լուծվեն քաղաքական գործընթացների արդյունքում։ Քաղաքական ուժերը (հատկապես ընդդիմադիր ուժերը) պետք է մասնակցեն հասարակական գործընթացներին։ Հասարակությունը պետք է ապրի քաղաքական կյանքով, այլ ոչ թե ինքահեռացվի դրանից։ Չի կարելի հիասթափվել քաղաքականությունից ու հայտարարել, թե դրանով այլևս չես հետաքրքրվելու, դրանից ընդամենը փոխվում է դերդ քաղաքական գործընթացներում, բայց ոչ երբեք՝ ներկայությունդ։ Գործընթացները շարունակում են քեզ վերաբերել՝ արդեն առանց հաշվի առնելու կամքդ կամ մոտեցումներդ։ Ընդդիմության սպառված առաջնորդների փոխարեն պետք է հրապարակ գան նորերը, Հայաստանում պետք է տեղի ունենա քաղաքական ընդդիմության սերնդափոխություն մասսայական շարժումների, երիտասարդ առաջնորդների և երիտասարդ կուսակցականների հաշվին։ Սոցիալական բողոքը կարող է և պետք է վերածվի քաղաքականի. դրա նախադեպերը բազմաթիվ են։ Այդ ուղղությամբ ընդամենը պետք է ինտելեկտուալ խմբերի աշխատանք և դրա լուսաբանում։
***
Հայաստանում սկիզբ առած փողոցային սոցիալական բողոքները՝ որպես քաղաքական երևույթ, սպառել են իրենց: Ավարտվել է դրանց պատմական պահը։ Եկել է քաղաքական պայքարի, ինստիտուտների և գործընթացների պահը, եկել է շարժման ու երիտասարդության ինստիտուցիոնալացման, գաղափարականացման և ակտիվացման պահը, եկել է լրջանալու պահը։
Գրականության ցանկ.
- Electric Yerevan vows comeback, as ‘Moscow’s soft power has been lost’
- Small Electric Yerevan Spark “ A Big Challenge for the Armenian Government
- Armenia’s ‘Electric Yerevan’ protests enter seventh day
- Armenia’s ‘Electric Yerevan’ Protesters Return to Streets Despite Arrests and Water Blasts
- Armenia energy protests: Electric atmosphere in Yerevan
- The Bear in the Room
- #ElectricYerevan: протесты в Армении
- Электромайдан
- «Золотые» киловатты:
- Ոստիկանները հեռացրին ցուցարարներին, Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվեց
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: