Grotian Moment․ մաս 1-ին

Photo credit: AK
Photo credit: AK

«Grotian Moment» հայեցակարգը և պետականության իրավական տեսության նոր ըմբռնումը

Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան աշխարհում XX դարի 80–ականների վերջին և 90–ականների սկզբին, արմատապես փոխեցին միջազգային հարաբերությունների զարգացման պայմանները: Համաշխարհային համակարգերից մեկի՝ սոցիալիզմի  փլուզումը և Արևելյան Եվրոպայի ու Խորհրդային Միության սոցիալիստական հանրապետությունների քայքայումը հանգեցրին հակասությունների կտրուկ սրման, քաղաքական անկայունության աճի և տեղական կոնֆլիկտների առաջացման:  Առաջին հերթին դա վերաբերում էր այն երկրներին և տարածաշրջաններին, որոնք ունեին բազմաէթնիկ բնակչություն և դարձել էին տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային դերակատարների աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ շահերի բախման հանգուցակետ:

Արդյունքում, վերջին տասնամյակների ընթացքում միջազգային իրավունքը ևս ենթարկվել է հիմնարար փոփոխությունների: Այն ձևավորվել է միջպետական հարաբերությունները կառավարող մի շարք օրենքներից, որտեղ պետությունները միակ դերակատարներն էին, և դարձել է օրենքների, պայմանագրերի, կանոնակարգերի, վարքագծի կանոնների համալիր ցանց, որը կարգավորվում է մի շարք պետական և ոչ պետական դերակատարների կողմից: Գլոբալիզացիայի պայմաններում պետությունները կորցրել են իրենց ինքնիշխանության որոշ հատկանիշներ, իսկ նրանց ինքնավարության իրավունքների մի ամբողջ փաթեթ միահյուսվել է տարածաշրջանային և գլոբալ նորմերի հետ, որոնք հաճախ դուրս են մղում պետությունների՝ որոշում կայացնելու ուժը: Եթե պետությունները անտեսում են գործող միջազգային կարգը և անկախ որոշումներ են կայացնում այն բնագավառներում, որտեղ գործում են միայն միջազգային օրենքները, ապա նրանք այլ պետությունների կողմից միջամտության այնպիսի ռիսկերի են ենթարկվում, ինչպիսիք են պատժամիջոցները, մեկուսացվածությունը և հնարավոր ռազմական միջամտությունը: Աշխարհում գոյություն ունեցող կարգի նման արմատական փոփոխությունը պետության իրավական տեսության վերաբերյալ ստեղծել է նոր կանոններ: Մասնագետներից ոմանք պնդում են, որ պետականությունն այլևս չի սահմանափակվում Մոնտեվիդեոյի կոնվենցիայի չորս ավանդական չափորոշիչներով՝ սահմանված տարածք, մշտական բնակչություն, կառավարության գոյություն և այլ պետությունների հետ միջազգային հարաբերությունների մեջ մտնելու ունակություն: Դրա փոխարեն, եթե սուբյեկտները ցանկանում են համաշխարհային ասպարեզում որակվել որպես պետություն, նրանք պետք է բավարարեն լրացուցիչ չափորոշիչների: Այս լրացուցիչ չափորոշիչներն իրականում համարվում են պետականության չորրորդ չափորոշիչի ենթաբաժինները, այն է՝ միջազգային հարաբերությունների մեջ ներգրավվելու կարողությունը,  որը ներառում է տարածաշրջանային գործընկերների, ինչպես նաև մեծ տերությունների (Great Powers) կողմից ճանաչվելու անհրաժեշտությունը, փոքրամասնությունների իրավունքների հանդեպ ցուցաբերած հարգանքը, միջազգային կազմերպություններում մասնակցություն ցուցաբերելու և համաշխարհային կարգին հետևելու հանձնառությունը: Միջազգային իրավունքի զարգացման նման տեսակը, որի հետևանքով հայտնվում են միջազգային իրավունքի նոր նորմեր և տեսություններ, բնորոշվում է որպես «Grotian Moment»:

«Grotian Moment» հասկացությունը կարևոր է այնքանով, որքանով այն թույլ է տալիս գիտնականներին և միջազգային իրավունքի մասնագետներին ավելի հստակորեն նկարագրել պետականության նշանակությունն այսօր, ինչպես նաև սահմանել, թե որոնք են այն պետությունները, որոնք միջազգային ասպարեզում գործում կամ չեն գործում առանց հետևանքների:

Ի՞նչ է «Grotian Moment»

«Grotian Moment»-ը տերմին է, որը նշանակում է ավանդական միջազգային իրավունքի տեսական հիմքերի տեղաշարժ, որտեղ նոր օրենքներն ու տեսություններն առաջանում և ընդունվում են անսովոր արագությամբ: Այլ կերպ ասած՝ «Grotian Moment»-ը մի օրինակ է, որն արմատական փոփոխություն է առաջացնում գոյություն ունեցող միջազգային համակարգում՝ այդպիսով տեղի տալով միջազգային ավանդական իրավունքի նոր սկզբունքի բացառիկ արագությամբ զարգանալուն: G.M. տերմինն առաջին անգամ հնչել է 1985թ.-ին պրոֆեսոր Ռիչարդ Ֆոլքի կողմից: Այդ ժամանակից սկսած՝ այն տարբեր իմաստներով է գործածվել փորձագետների կողմից:

Հասկացությունն իր անվանումը ստացել է ի պատիվ 17-րդ դարի նշանավոր քաղաքական մտածող և իրավաբան Հուգո Գրոցիոսի, ով համարվում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմնադիրը: Գրոցիոսն իր ազդեցիկ աշխատություններից մեկում՝ «De Jure Belli ac Pacis»-ում («Պատերազմի և խաղաղության իրավունքի մասին»), առաջարկեց միջազգային իրավունքի նոր հայեցակարգ, որը նպատակ ուներ արտացոլելու եվրոպական իրականությունը Վեստֆալյան հաշտությունից հետո  ՝ նոր ձևավորվող ազգ-պետությունների համատեքստում:

Բազմաթիվ մեկնաբաններ համարում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Նյուրնբերգյան դատարանի ստեղծումը հենց նույն G.M. էր (պրոֆ. Լեյլա Սադատն): Ավելին, ՄԱԿ-ի կանոնադրության ստեղծումը դիտարկվում է որպես դրա մեկ այլ օրինակ (պրոֆ. Բարդո Գասսբենդեր և Ջեննի Մարտինես): Գիտնականները ողջունեցին նաև Միջազգային քրեական դատարանի՝ G.M.- ի մեկ այլ օրինակի հինադրումը:

G.M. հայեցակարգի գաղափարը բացատրելու համար գիտնականներն օգտագործում են մի շարք այլ տերմիններ: Պրոֆեսորներ Աննա Մարի Սլոտերը և Վիլյամ Բուրկետ-Վայթը հիշատակում են «սահմանադրական մոմենտ» տերմինը, երբ պնդում են, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ԱՄՆ-ի համար դարձավ  նոր տեսակի սպառնալիք,  որի հետ առնչվում է միջազգային հանրությունը և որը հիմնված է նոր իրավական նորմերի վերաձևակերպման վրա:

Վերջին իրադարձություններից մի քանիսը ևս կարող են բնորոշվել որպես  G.M.-ի դրսևորումներ. 20-րդ դարի վերջին մարդասիրական միջամտության զարգացումը դրա վառ օրինակներից մեկն է: 1999 թ. ՆԱՏՕ-ի ուժերը մտան Սերբիա՝ պաշտպանելու Կոսովոյի էթնիկ ալբանացիներին Հարավսլավիայի կառավարության կողմից իրականացվող էթնիկակակ զտումներից: ՆԱՏՕ-ի այս քայլը չէր լիազորվել ՄԱԿ-ի կողմից, բայց այս միջամտության վերաբերյալ գլոբալ կոնսենսուսի (լատ. consensus համաձայնություն, միաձայնություն) արդյունքում այն որակվեց «անօրինական, սակայն լեգիտիմ»: Ստացվում է՝ ՄԱԿ-ը վերածվել է պետությունների գործողությունները, այդ թվում՝ նրանց անօրինական դրսևորումները լեգիտիմացնող օրգանի:

Միջազգային հանրությունը միջամտությանը  արձագանքում է նոր դոկտրինայով, որը կոչվում է «Պաշտպանության պարտավորություն», ինչը լիազորվում է մարդասիրական միջամտության սահմանափակ հանգամանքներում: Նման պայմաններում մարդասիրական միջամտություն հասկացությունը, գիտնականների մեծ մասի կարծիքով, կարող է սահմանվել որպես G.M.:

Երկրորդը Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի վրա ահաբեկչական ակտն էր 2001 թ. սեպտեմբերի 11-ին, ինչը խոր ազդեցություն թողեց միջազգային հանրության կողմից պատերազմական օրենքների ընկալման վրա: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց №1368 բանաձևը, որն ամրագրեց ուժի կիրառման իրավունքը Աֆղանստանում Ալ-Քաիդայի դեմ ինքնապաշտպանության համար՝ դրանով իսկ հաստատելով այն գաղափարը, որ միջազգային իրավունքի շրջանակում պետությունները կարող են ինքնապաշտպանության նպատակով  ուժ կիրառել ընդդեմ ոչ պետական դերակատարների:

Փաստորեն, գլոբալիզացիայի պայմաններում պետականության իրավական տեսությունը վերջին տասնամյակների ընթաքում ենթարկվել է խորը դե ֆակտո փոփոխությունների:

 

Պետականության իրավական տեսությունը

Համաձայն միջազգային իրավունքի՝ ցանկացած սուբյեկտ, որ ցանկանում է դիտարկվել որպես պետություն, պետք է բավարարի պետականության վերաբերյալ այն չորս չափանիշներին, որոնք բխում են 1933 թ. Մոնտեվիդոյի կոնվենցիայից: Պետականությունն, ըստ այս չափանիշների, իրավական տեսություն է, ըստ որի՝ հեշտությամբ կարելի է որոշել՝ արդյո՞ք տվյալ սուբյեկտը որակվում է որպես պետություն, թե՝ ոչ: Այլ կերպ ասած` Մոնտեվիդեոյի կոնվենցիայի բնորոշմամբ պետականությունը դրական իրավական տեսություն է, որն ընդհանուր առմամբ առանձնացված է պետության ճանաչման քաղաքական ակտերից:

Այն բանից հետո, երբ սուբյեկտը մտնում է միջազգային ասպարեզ և ներկայացվում է որպես պետություն, արտաքին դերակատարները ազատ են այն ճանաչել կամ չճանաչել որպես այդպիսին: Ճանաչման որոշումը զուտ քաղաքական ակտ է և ամբողջությամբ կախված է իշխող վարչակարգի դիրքորոշումից: Այսպիսով, արտաքին դերակատարները կարող են ընդունել տվյալ միավորին որպես պետություն, թեև այն կարող է չհամապատասխանել անհրաժեշտ չափանիշներին, և ընդհակառակը, չընդունել որպես սուբյեկտ՝ չնայած չորս չափանիշներին հստակ համապատասխանությանը: Մոնտեվիդեոյի կոնվենցիան, որը հենվում է պետականության իրավական չափանիշների վրա, նպատակաուղղված է անտեսել ճանաչման քաղաքական վայրիվերումները:

Այսպիսով, տեսականորեն սուբյեկտը կարող է որակվել որպես պետություն, թեպետ շատ պետություններ կարող են այն չճանաչել որպես այդպիսին: Ավելին, կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` «պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից դրա ճանաչումից: Նույնիսկ մինչև ճանաչումը պետությունն իրավունք ունի պաշտպանել իր ամբողջականությունը և անկախությունը, այն է՝ ինքնակազմակերպվել այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում»:

Այնուամենայնիվ, ոմանք պաշտպանում են, այսպես կոչված, «ճանաչման սահմանադրական դրույթը», և հենց արտաքին դերակատարների կողմից ճանաչումը ներկայացվում է որպես պետականության հիմնական տարր: Այսպիսով, այս տեսակետի համաձայն՝ սուբյեկտը չի կարող որակվել որպես պետություն, եթե արտաքին դերակատարները նրան չեն ընդունում որպես այդպիսին: Սահմանադրական տեսակետը չի պաշտպանվում ակադեմիկների կողմից, թեև գործնականում այն առավել իրատեսական է: Արդ՝  պետականության իրավական տեսությունն էլ տարակերպ դրսևորումներ է գտնում:

Պետականությունը յուրահատուկ «վահան» է, որը կատարում է պաշտպանական գործառույթ և որպես պետություն ընկալված սուբյեկտներին ապահովում նրանց ինքնիշխանությանը սպառնացող հարձակումներից:

Ինչո՞ւ է կարևոր պետականությունը: Որո՞նք են նրա հիմնական հատկանիշները, և ինչպե՞ս է այն պաշտպանում պետության ինքնիշխանությունը:

Ինչպես վերը նշվեց, պետականությունը հանդես է գալիս որպես «ինքնիշխանության վահան»: Սուբյեկտը, որը դիտվում է որպես պետություն, ուղղակիորեն բխեցվում է իր իսկ պետականությունից:

Առաջին, ցանկացած ժամանակ, երբ անբարյացակամ հարևանը կամ պետությունների մի խումբ որոշում է հատել պետության սահմանը ռազմական եղանակով, պետությունը կարող է հայտարարել զինված հարձակման մասին՝ վկայակոչելով «ինքնապաշտպանության իրավական տեսությունը»: Այն կարող է նաև աջակցություն խնդրել մյուս բարյացակամ երկրներից՝ կոլեկտիվ ինքնապաշտպանության անվան տակ: Ոչ պետական սուբյեկտները չեն կարող այս ամենը անել նույնպիսի հեշտությամբ: Ոչ պետական սուբյեկտը ոչ մեկի հողը չէ (Terra nullius):

Երկրորդ, պետականությունը պաշտպանում է պետության ինքնիշխանությունը, որը, անդամակցելով կամ մասնակցելով միջազգային տարբեր  կազմակերպությունների, պարտավորվում է իրականացնել դրանց հիմնական իրավական և քաղաքական որոշումները: Ոչ պետական սուբյեկտներն իրենց իրավասություններով սահմանափակ են, ուստի չեն կարող ազդեցություն գործել միջազգային նորմերի զարգացման վրա, բողոք հայտնել գործող միջազգային իրավական նորմերի դեմ կամ հզոր երկրների նկատմամբ լոբբինգ իրականացնել՝ ստիպելով վերջիններիս միջազգային ասպարեզում հետևել վարքագծի որոշակի կանոնների:

Վերոհիշյալ երկու կետերն, իհարկե, հաստատում են պետականության դերի կարևորությունը, բայց արդյո՞ք նաև համոզում են տեսակետի ճշմարտացիության մեջ: Այս հարցադրումն առավել մեծ կարևորություն է ձեռք բերում ներկա աշխարհաքաղաքական պայմաններում, երբ այս թեզը աչքի չի ընկնում իր կայունությամբ. ոչ պետական սուբյեկտներն իրենց իրավասություններով ոչ միայն այդքան էլ կաշկանդված չեն, այլև առաջադրում են  իրենց նորմերը, և ասել, թե միջազգային հարաբերությունների ասպարեզում սրանք ստորադրյալ կարգավիճակ ունեն, մեղմ ասած «ազնիվ» չէ:


Գրականության ցանկ

  1. Anne-Marie Slaughter & William Burke-White, An International Constitutional Moment, 43 Harv. Int’l L. J. 1, 2 (2002).
  2. Milena Sterio, The Kosovo Declaration of Independence: Botching the Balkans or Respecting International Law?, 37 Georgia J. Int’l & Comp. L. (2009).
  3. Milena Sterio, The Evolution of International Law, 31 Boston College Int. & Comp. L. Rev. (2008).
  4. Milena Sterio, A Grotian Moment: Changes in the Legal Theory of Statehood. Research Paper 10-200. Cleveland State University.(October 2010).
  5. Michael J. Kelly, Pulling at the Threads of Westphalia: “Involuntary Sovereignty Waiver”? Revolutionary International Legal Theory or Return to Rule by the Great Powers?, 10 Ucla J. Int’l. & For. Aff. (2005).
  6. Michael P. Scharf, Seizing the “Grotian Moment”Accelerated Formation of Customary International Law In time of Fundamental Change, 43 Cornell Int. L. J. 1(2010).
  7. Grotian Moments and Accelerated Formation of Customary International Law https://www.youtube.com/watch?v=Cg-KqXovOF0
  8. N. Charter http://www.un.org/en/sections/un-charter/chapter-vii/index.html


Հեղինակ՝ Աննա Խաչյան: © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցեք նաև

Grotian Moment. մաս 2-րդ