Հղիության արհեստական ընդհատումներ՝ աբորտներ.
Տարբեր հասարակություններում, պայմանավորված քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ գործոններով, օրեցօր փոփոխվում են հղիության արհեստական ընդհատումների տեսակարար կշիռը և քարտեզագրությունը (թարգ. լատ.՝ abortus՝ «հղիության արհեստական ընդհատում», «վիժում» բառերից):
Յուրաքանչյուր տարի աշխարհում կատարվող հղիության արհեստական ընդհատումների թիվը շուրջ 50 մլն. է, որը կազմում է աշխարհի բնակչության 0.7%-ը, իսկ հղիության արհեստական ընդհատումների ժամանակ կանանց մահացության տեսակարար կշիռը 70.000 է՝ աշխարհի բնակչության շուրջ 0.001%-ը:
ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրքը փաստում է, որ ի տարբերություն 1990-ական թթ., երբ աբորտների պաշտոնական թիվը 33.158 էր, 2014թ. պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը կազմել է 12.019, որից 6040-ը կատարվել է կնոջ ցանկությամբ, 3640-ը՝ սպոնտան (ինքնաբեր՝ տարբեր հիվանդությունների, թունավորումների հետևանքով), 2212-ը՝ բժշկական ցուցումով, այդ թվում՝ 53-ը՝ դեղորայքային, իսկ 74-ը՝ վիրահատական միջամտության՝ վակուում-ասպիրացիայի միջոցով: Վիճակագրությունը փաստում է, որ անցած 25 տարիների ընթացքում տեղի է ունեցել աբորտների քանակական տվյալների կրճատում, բայց պետք չէ մոռացության մատնել բնակչության թվի՝ արտագաղթով և այլ սոցիալական գործոններով պայմանավորված կրճատումը, ինչպես նաև հղիության տեսակարար կշռի նվազումը:
ՀՀ մարզերում, ըստ համայնքների բնակչության գրագիտության, տեղեկացվածության, սոցիալական ապահովվածության և այլ գործոնների, հղիության արհեստական ընդհատումների պատկերը տարբեր է: Այստեղ աբորտների կատարման հիմնական միջոցը ավանդական եղանակն է, իսկ հղիության ընդհատման վիրահատական տարբերակների մասին մարզերի գյուղական համայնքների բնակչության մեծ մասն անգամ տեղյակ էլ չէ: Մարզերում կատարված աբորտների պատկերը հետևյալն է. Լոռիում՝ 974, Կոտայքում՝ 607, Արմավիրում՝ 354, Արարատում՝ 352, Գեղարքունիքում՝ 240, Սյունիքում՝ 85 և այլն:
Հղիության արհեստական ընդհատումների առկայությունը թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներում պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց շարքում կարելի է առանձնացնել սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, արտաամուսնական կապերը, սեռակրթության (սեռական դաստիարակություն) ցածր մակարդակը, մասնավորապես՝ հղիությունից խուսափելու այլընտրանքային միջոցների մասին անիրազեկվածությունը և այլն: Իրավիճակի հաղթահարման անհրաժեշտ միջոցառումների շարքում կարևորվում են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովումը՝ աշխատատեղերի ստեղծումը, աշխատանքի տեղավորումը, նորաստեղծ ընտանիքին նպաստների, հավելյալ օժանդակության տրամադրումը և այլն: Կրթական համակարգի կարևոր բացերից է նաև սեռակրթության ցածր մակարդակը: Ուստի այստեղ կարևորվում է առանձին դասընթացի տեսքով իրազեկման կուրսերի կազմակերպումը ինչպես սեռական առողջության, սեռահասունացման, այնպես էլ՝ այլընտրանքային միջոցներից օգտվելու և անցանկալի հղիությունից խուսափելու մասին : Այս մոտեցումը թույլ կտա դաստիարակել իրազեկված քաղաքացի՝ հետագայում խուսափելով տարբեր սեռական հիվանդություններից, անցանկալի հղիություններից և աբորտներից:
Հավելենք նաև, որ ՀՀ-ն հղիության արհեստական ընդհատումների թվով 100 երկրների շարքում 26-րդն է:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները.
Խորհրդային Միության անկումից հետո ՀՀ-ում, պայմանավորված քաղաքական վայրիվերումներով, սոցիալ-տնտեսական անկայունությամբ, հասարակության մեջ տեղ գտած կարծրատիպային մտածելակերպով և այլ բարոյահոգեբանական գործոններով, նկատվեցին սեռային հավասարակշռության խախտումներ, որոնք պայմանավորեցին ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրների, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների (սելեկտիվ աբորտ) առաջացումը:
Նորածինների սեռերի հավասարակշռության առաջին խախտումները նկատվեցին դեռևս 1990-ական թթ.-ից, երբ նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմում էր 120 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2000-ական թթ. իրավիճակը մի փոքր մեղմվեց, իսկ 2012թ. տվյալներով՝ նորածին երեխաների սեռերի հարաբերակցությունը կազմել է 114 տղա՝ 100 աղջկա հաշվով, երբ սահմանված դեմոգրաֆիական ցուցանիշների դեպքում այն պետք է լիներ 102-106 տղա՝ 100 աղջկա համեմատությամբ: Որոշ մարզերում, օրինակ՝ Արմավիրում, այս ցուցանիշը սահմանային է. 120 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ:
2011թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հետազոտության տվյալները փաստում են, որ վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է սեռով պայմանավորված շուրջ 7200 հղիության արհեստական ընդհատում, իսկ 1 տարվա կտրվածքով չի ծնվում շուրջ 1400-1500 իգական սեռի ներկայացուցիչ:
Գծապատկեր 2-ում ներկայացվում են տղա-աղջիկ երեխաների բաշխվածությունը 2002-2009 թթ. ընկած ժամանակահատվածում: Համաձայն հետազոտության տվյալների՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում երրորդ և չորրորդ երեխայի դեպքում, մասնավորապես՝ բարձրագույն կրթություն ստացած, կայուն եկամուտ (100.000 դրամից բարձր) ունեցող կանանց շրջանում: Առաջնային ծննդի դեպքում սեռային նախապատվությունը բացակայում է:
Հիմնականում սելեկտիվ աբորտների առկայությունը պայմանավորված է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով, մշակութային (մենթալիտետ, մտածելակերպ), բարոյահոգեբանական և մի շարք այլ գործոններով:
Ստորև ներկայացնենք այն հիմնական ազդեցությունները, գործոնները, որոնք հանդիսանում են սելեկտիվ աբորտին դիմելու պատճառ, և պարզաբանենք սելեկտիվ աբորտների արդյունքում առաջացող դեմոգրաֆիական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական մի շարք լուրջ հիմնախնդիրներ:
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին դիմելու պատճառները.
- Սելեկտիվ աբորտների իրականացման հիմքում, թերևս, ընկած է տղա երեխա ունենալու՝ ազգային մտածելակերպում արմատացած անհագուրդ ցանկությունը, որը պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ժառանգ ունենալու ցանկությամբ և այլն:
- Տղամարդկանց տնտեսական և սոցիալական ակտիվությունն ավելի բարձր է գնահատվում, ինչի հետևանքով առաջանում է խտրական վերաբերմունք աղջիկ նորածինների նկատմամբ:
- Ֆինանսական միջոցների սղության և սոցիալական ծանր պայմանների առկայության պարագայում 1 կամ 2 աղջիկ երեխա ունենալուց հետո ընտանիքը այլևս չի ցանկանում ունենալ երրորդ աղջկան՝ փոխարենը նախապատվությունը տալով տղա երեխային:
- Տղա երեխա ունենալը հայ հասարակության մտածելակերպում ընկալվում է որպես պատվի, ինքնասիրության և հպարտության խնդիր, այսինքն՝ առկա է սոցիալ-հոգեբանական դիսոնանս: Արդյունքում ամուսնու ընտանիքի կողմից կնոջ նկատմամբ իրականացվում է բարոյահոգեբանական ճնշում, ինչի հետևանքով կինը դիմում է սելեկտիվ աբորտի։
- Համապատասխան բժշկական սարքավորումների հասանելիությունը (օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտություն, անալիզների միջոցով սեռի որոշում և այլն) թույլ է տալիս նախօրոք կանխատեսել երեխայի սեռը և կատարել համապատասխան միջամտություն։
- Ներկայումս ամուսնական զույգերը նախապատվությունը տալիս են մեկ կամ երկու երեխա ունենալուն, ինչով էլ պայմանավորված՝ մեծանում է սելեկտիվ աբորտների տեսակարար կշիռը։
Ստորև ներկայացնենք նաև վիճակագրական տվյալների արդյունքները.
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատումների արդյունքում առաջացող հիմնախնդիրները.
Բնակչության վերարտադրման` վերը նշված ցուցանիշները փաստում են, որ ՀՀ-ում առկա են դեմոգրաֆիական լուրջ շեղումներ, որոնցից բխում են ազգագրական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ։
Իհարկե, ժողովրդագրությունը ցիկլիկ, դինամիկ գործընթաց է։ Այսինքն՝ գալիս է մի պահ, երբ բնական աճով պայմանավորված՝ ծնելիության բարձր շեմին հաջորդում է ծնելիության ցածր մակարդակը, և այսպես շարունակ։ Ուստի, պետության հիմնական գործառույթը այդ ցիկլերի մեղմումն է, որպեսզի դրանք չունենան ծայրահեղ դրսևորումներ։ Սակայն մարդու արհեստական միջամտության արդյունքում խաթարվում է ոչ միայն բնական շրջապտույտը, բնականոն հավասարակշռությունը, այլև տեղի է ունենում իգական և արական սեռերի միջև հարաբերակցության խախտում։ Այս խախտումը միգուցե կարճաժամկետ կտրվածքով չհանգեցնի դեմոգրաֆիական լուրջ տեղաշարժերի, սակայն երկարաժամկետ հատվածում մեզ սպասվում է կանանց տեսակարար կշռի նվազման հետևանքով ամուսնությունների թվի կրճատում։ Սրան հավելենք այն, որ տեղի կունենա ամուսնանալու տարիքի հասած տղամարդկանց արտագաղթ՝ ամուսնության նպատակով։ Այս հանգամանքը իր հերթին հանգեցնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և մի շարք այլ հիմնախնդիրների։ Մի կողմից՝ չկա երաշխիք, որ ամուսնության նպատակով արտասահման մեկնած տղամարդը ամուսնանալուց հետո կվերադառնա հայրենիք և չի հաստատվի արտերկրում՝ ելնելով սեփական բարեկեցությունից։ Այսինքն՝ ներկա տնտեսական ճգնաժամի, սուր արտահայտված արտագաղթի պայմաններում մենք հող ենք նախապատրաստում այս իրավիճակի խորացման համար։ Մյուս կողմից՝ եթե անգամ տղամարդը իր օտարազգի կնոջ հետ վերադառնա հայրենիք, ապա տեղի կունենա ազգային մշակութային փոխակերպում՝ հայկական արժեքների դերի զիջումը օտարին, քանզի կինը հանդիսանում է երեխաների, ազգի դաստիարակության և ազգապահպանության հենասյունը։ Բացի այդ՝ մոր հետ հաղորդակցման լեզուն է ձևավորում երեխայի մոտ մայրենիի ընկալումը:
Երկրում առկա դեմոգրաֆիական ծանր ճգնաժամըարդեն իսկ լուրջ սոցիալական հիմնախնդիր է։ Սրան գումարելով սելեկտիվ աբորտների աճը՝ ստացվում է, որ մեր երկրի սոցիալական քաղաքականությունը բռնել է լճացման ուղեգիծը։ Իսկ բնակչության քիչ լինելու հանգամանքը և սելեկտիվ աբորտների առկայությունը սպառնալիք են պետության ներքին և արտաքին անվտանգության համար, քանի որ դրանց արդյունքում մենք տարեկան կորցնում ենք 1400 պոտենցիալ մայրերի։
Հարկ է նշել նաև, որ հղիության արհեստական ընդհատումը իրենից ներկայացնում է խտրական վերաբերմունք չծնված երեխայի նկատմամբ, սակայն այս խնդիրը չի կարող իր լուծումը գտնել օրենսդրաիրավական դաշտի շրջանակներում, քանի որ վերաբերում է ընտանիքի անձնական կյանքին։ Հավելենք, որ այն երկրներում, որտեղ տղամարդկանց տեսակարար կշիռը ավելի մեծ է, քան կանանցը, նկատվում է հանցագործությունների, բռնությունների և այլ արատավոր երևույթների քանակական աճ:
Հիմնախնդիրների շարքում հատկանշական է նաև կնոջ առողջությունը, քանի որ աբորտի ընթացքում կարող են վնասվել մի շարք կենսական նշանակության օրգաններ, որոնք էլ կարող են մի շարք խնդիրների, այդ թվում՝ անպտղության պատճառ դառնալ։
Հիմնախնդրի լուծման և հաղթահարման տարբերակներն ու մեխանիզմները․
Թերևս ուշագրավ է այն հանգամանքը, որ օրենսդրության մեջ դեռևս բացակայում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը։ Բայց արդեն 2015 թ․ հուլիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որոնք պետք է քննարկվեն Ազգային ժողովում։ Ըստ նախագծերի փաթեթի՝ պետք է հստակ ամրագրվի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում անելու արգելքը, որի խախտման դեպքում գործողությունը կդիտարկվի որպես ապօրինի և կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության։ Օրենքի սահմաններում կինը կարող է դիմել հղիության արհեստական ընդհատման, եթե հղիության ժամկետը չի գերազանցում 12 շաբաթականը, և նա նախապես ներկայացրել է գրավոր համաձայնություն։ Իսկ արդեն 12-22 շաբաթական հղիության ժամկետի դեպքում հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է բացառապես բժշկական և սոցիալական (պետության կողմից որդեգրած քաղաքական-ժողովրդագրական կուրսով) ցուցման դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ։ Ու եթե, այնուամենայնիվ, կինը ցանկանում է դիմել աբորտի օրենքով սահմանված նորմերի շրջանակներում, ապա բժիշկը պարտավորվում է իրեն դիմած հղի կնոջը տրամադրել վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված՝ 3 օր։ Ի տարբերություն գործող օրենքի՝ այստեղ հստակ ներկայացվում են աբորտի իրականացման վայրը՝ լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատությունները։
Օրենքի գործադրման հրատապությունը բացատրվում է նրանով, որ օրենսդրական լրացուցիչ կարգավորումներն ու մեխանիզմները միտված կլինեն հստակեցնելու հղիության արհեստական ընդհատումներին ներկայացվող պահանջները, սահմանելու վարչական պատասխանատվություն բժիշկների կողմից հղիության արհեստական ընդհատման օրենքի պահանջների խախտման դեպքում, ինչի արդյունքում կնվազի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների քանակը։
Իհարկե, օրենքի գործադրման անհրաժեշտությունը դարձել է հրամայական, սակայն այն իր հերթին կարող է բախվել որոշակի խոչընդոտների, մասնավորապես՝ ինչպես պետք է բացահայտվեն այն դեպքերը, երբ բժիշկը, առանց ձեռնարկելու համապատասխան բժշկական-խորհրդատվական միջոցառումները, կատարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում՝ խոստացված գումարից ելնելով։ Խնդիր է նաև այն, որ ծրագիրը իրեն կարդարացնի միայն կարճաժամկետ հատվածում, քանզի երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է իրականացնել ընտանիքի սոցիալական և ֆինանսական կայունության ամրապնդման համար անհրաժեշտ քայլեր, տեղեկատվական-կրթական միջոցառումներ, կոտրել հասարակության մեջ առկա՝ երեխայի սեռով պայմանավորված կարծրատիպերը, նպաստել հանրության մտածողության և գիտակցության որակական մակարդակի զարգացմանը։ Սակայն այս միջոցառումներն էլ կարող են լինել չարդարացված, քանի որ ունենք խնդիր՝ պայմանավորված գյուղական և քաղաքային համայնքներում կանանց զարգացվածության և տեղեկացվածության աստիճանով, աբորտի դիմելու դրդապատճառներով, կարծրատիպերով և բարոյահոգեբանական ներազդման լծակներով: Ուստի անհրաժեշտ է նաև տարբեր բնակավայրերի կտրվածքով ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացում և ըստ դրա՝ համապատասխան քայլերի ձեռնարկում:
Այսպիսով, սոցիալական հիմնախնդիրները՝ աղքատություն, արտագաղթ, սելեկտիվ աբորտներ և այլն, նպաստում են ոչ միայն պետության թուլացմանը, այլև խոչընդոտում են հասարակության բնականոն զարգացումը։ Չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, իսկ դեմոգրաֆիական լուրջ հիմնախնդիրներն իրենց ազդեցությունն ու հետևանքներն են թողնում քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտների վրա։ Հետևաբար հիմնախնդրի հաղթահարումը հրատապ է, քանի որ վերջին 20 տարում ՀՀ-ում չի ծնվել մոտ 50.000 աղջիկ երեխա՝ համաձայն պաշտոնական աղբյուրների: Իսկ առաջիկա 50 տարիների ընթացքում, եթե սելեկտիվ աբորտների իրականացման տեմպը չնվազի, այս թիվը կհասնի շուրջ 100.000-ի: Մտահոգիչ է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տոկոսային հարաբերակցության ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Չինաստանին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից է ոչ միայն օրենսդրաիրավական դաշտի կարգավորումն ու հստակեցումը, այլև աղջիկ երեխայի, կնոջ դերի ու նշանակության բարձրացումը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ազգային մտածելակերպում: Կրթական-տեղեկատվական խորհրդատվության տրամադրումը, բարոյահոգեբանական աջակցությունը կնպաստեն կնոջ կոմից սեփական անձի արժևորմանը և գնահատմանը: Այստեղ իր գործուն աջակցությունը կարող է ունենալ եկեղեցին՝ իրականացնելով քարոզչա-դաստիարակչական գործառույթ: Իրազեկման գործում մեծ դեր ունեն նաև ԶԼՄ-ները, տարբեր հասարակական կառույցներ, որոնք կխթանեն անհատի քաղաքացիական կրթվածության և գրագիտության բարձրացումը (անշուշտ, համատեղվելով բուհական կրթության հետ):
Բացի վերը նշվածներից՝ գլխավոր դրույթներից է նաև ընտանիքի համար սոցիալ-տնտեսական նպաստավոր պայմանների ստեղծումը: Այս հանգամանքը կմեղմի ֆինանսական սղության պատճառով առաջացող սելեկտիվ աբորտների տեսակարար կշիռը, կնպաստի ընտանիքի ֆինանսական կայունությանը և ընտանեկան հարաբերությունների ամրապնդմանը: Եվ եթե կարճաժամկետ հատվածում նորածին երեխաներին պետության կողմից սոցիալական նպաստների տրամադրումը համարվում է նվազ արդյունավետություն ունեցող քաղաքականություն, ապա սոցիալ-տնտեսական կայունության ապահովումը՝ արդյունաբերության զարգացում, աշխատատեղերի ստեղծում, զբաղվածության խթանում և այլն, դիտվում է որպես երկարաժամկետ քաղաքականության արդյունավետության ապահովման բաղադրիչներից՝ թե՛ ծնելիության խթանման, թե՛ ընդհանրապես աբորտների կրճատման համար:
Վերլուծությունից ակնհայտ է, որ կառավարության կողմից առաջ քաշվող օրենսդրաիրավական կարգավորումները անհրաժեշտ նախապայման են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդրի լուծման և հաղթահարման համար, սակայն սրան զուգահեռ պետք է իրականացվեն մի շարք հանրային, քաղաքական-տնտեսական, սոցիալ-հոգեբանական միջոցառումներ, որոնք, փոխլրացնելով օրենսդրական բարեփոխումները, կապահովեն քաղաքականության էֆեկտիվության (արդյունք) և արդյունավետության (որակ) բարձրացումը ոչ միայն միջնաժամկետ հատվածում (գործողությունները պլանավորվում են իրականացնել 3 տարվա կտրվածքով):
Այսպիսով, օրենսդրաիրավական դաշտի բարեփոխումները և վերը նշված համալիր միջոցառումների իրականացումը, անխոս, կնպաստեն հղիության արհեստական ընդհատումների քանակական ցուցանիշների կրճատմանը, սակայն անհրաժեշտ է նաև ցուցաբերել քաղաքական կամք, զսպվածություն և հետևողականություն նշված մոտեցումների գործադրման և իրականացման համար:
Գրականության ցանկ
- http://moh.am/uploadfiles/Health_Stat_Book_2015_PDF.pdf
- http://www.moh.am/OrenqMshakum/NAXAGTSERI_PATET.pdf
- http://www.armstat.am/am/?nid=246
- http://www.un.am/hy/agency/UNFPA
- http://www.un.am/up/library/Sex-selective%20abortions_arm.pdf
- http://www.armstat.am/file/article/adhs_2010_arm_g_16.pdf
- http://www.armstat.am/file/article/demo_2000_6.pdf
Հեղինակ՝ Աննա Դանիելյան (Anna Danielyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: