Բրիտանացի Չարլի Գարդիի պատմությունը վերջերս տարածվել էր ամբողջ աշխարհով։ 11 ամսական երեխան ուներ գենետիկ այնպիսի հիվանդություն, որի պատճառով չէր կարող խոսել, տեսնել, կուլ տալ, ինքնուրույն շնչել, լացել և այլն։ Բրիտանական Great Ormond Street հիվանդանոցի բժիշկները նշում էին, որ երեխայի կյանքը փրկելու հնարավորություն չկա, ավելին՝ դեղամիջոցներն ուղղակի բարդացնում են երեխայի վիճակը։ Երեխայի ծնողները գումար էին հավաքել նրան ԱՄՆ ուղարկելու համար, որտեղ նրան կենթարկեին էքսպերիմենտալ բուժման, բայց բժիշկները դրական չարձագանքեցին. նրանք առաջարկում էին անջատել շնչառական սարքը, որպեսզի երեխան հանգիստ մահ ունենա։ Ծնողները դիմեցին բրիտանական դատարաններ, որտեղ բացասական պատասխան ստանալուց հետո դիմեցին Եվրոպական դատարան, որը, ևս բժիշկների հետ համակարծիք եղավ։ 2017 թվականի հուլիսի 27-ին ծնողներըորոշում կայացրին համաձայնվել երեխային սնուցող սարքերը անջատելուն։
Ի՞նչ է էվթանազիան, դրա տեսակները
Գրեթե բոլոր աղբյուրներում էվթանազիան բնորոշվում է «բարի մահ» անվանմամբ։ Էվթանազիան անբուժելի հիվանդ կամ շատ ծանր հիվանդությամբ տառապող մարդկանց կյանքից զրկելու միջոցն է։ Կան էվթանազիայի մի քանի տարատեսակներ։ Բժշկական տեսանկյունից այն կարող է լինել պասիվ և ակտիվ։ Պասիվ, երբ ուղղակի անջատվում են սնուցող սարքավորումներն ու հիվանդը մահանում է։ Բժիշկը ոչ թե գործողություններ է իրականացնում, որպեսզի հիվանդը մահանա, այլ պասիվ կերպով ազդում է նրա մահվան վրա, օրինակ՝ դադարեցնում է նրա կյանքը երկարացնող դեղամիջոցների տրամադրումը կամ անջատում է շնչառական սարքավորումները։ Ակտիվի դեպքում կյանքից զրկելու համար միջամտություն են ունենում բժիշկները։ Բժշկի կողմից ներարկվում է դեղամիջոց կամ մեկ ուրիշ ձևով բժիշկը ներգործություն է ունենում հիվանդի մահվան մեջ։ Էվթանազիայի այս երկու տեսակների կիրառությունը վառ նկարագրվում է Ջեք Գևորգյանի օրինակով, ով հայտնի է «Բժիշկ մահ» մականվամբ։ Նա իր ստեղծած մեքենայի միջոցով ծանր կամ անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց իրենց իսկ համաձայնությամբ ենթարկում էր էվթանազիայի։ Ամերիկահայ բժիշկն այս մեթոդով աջակցել է մոտ 130 մարդու մահվան: Բոլոր դեպքերում դեղամիջոցի ներարկումը կատարվում էր հենց մահացողի միջոցով, այսինքն՝ նրանց մահվանը Գևորգյանը միջամտություն չէր ունենում՝ կիրառելով պասիվ էվթանազիա: Ամերիկահայ բժիշկը միայն մի դեպքում դիմեց ակտիվ էֆթանազիայի, երբ հիվանդը ի վիճակի չէր ինքնուրույն սեղմելու կոճակը, ինչի պատճառով նրա փոխարեն դա արեց Գևորգյանը: Արդյունքում նա դատապարտվեց 10-ից 25 տարվա ազատազրկման։
Հիվանդի կամքի տեսանկյունից` գոյություն ունեն էվթանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակներ։ Կամավորն իրենից ենթադրում է վիճակ, երբ հիվանդը գիտակից է, կարող է արտահայտել իր կամքը, կամ անգիտակից վիճակում է, սակայն նախօրոք որևէ գրություն է թողել, ինչն անպայման պետք է իրավաբանական հիմք ունենա, և դրանում նա խնդրել է, որ եթե հայտնվի այնպիսի իրավիճակում, որը կյանք համարել չենք կարող, ուրեմն այդ դեպքում նա նախընտրում է մահանալ։ Այսինքն՝ կամավոր էվթանազիան կիրառվում է նախնական համաձայնության դեպքում։ Ոչ կամավոր էվթանազիան այն վիճակն է, երբ հիվանդն անգիտակից է, ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չունի, այս դեպքում արդեն նրա սուրոգատ անձը (բարեկամ, հարազատ, կին, ամուսին) նրա փոխարեն որոշում է կայացնում։
Էվթանազիայի կիրառման հարցը Հայաստանում
Եթե հիմնվենք միայն այն փաստի վրա, որ էվթանազիան օգնում է տանջվող մարդուն ազատվել ցավերից, կստացվի, որ այն չունի բացասական կողմ: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ հակառակ դեպքում բոլորն ուղղակիորեն կողմ կլինեին էվթանազիային։ Խոսելով էվթանազիայի բացասական կողմերից՝ նշենք, որ այն հակասության մեջ է ապրելու իրավունքի հետ՝ վտանգի տակ դնելով մարդու կյանքը։ Այս պարագայում տեղին է մեջբերել ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածը, համաձայն որի, յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք և ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից։ Ստացվում է, որ էվթանազիան մասամբ օրենքին հակառակ երևույթ է, քանի որ անձը զրկվում է կյանքից ու փաստացի վերանում է նրա ապրելու իրավունքը։ ՀՀ Սահմանադրության այս նորմը քննելիս պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այստեղ խոսքը կյանքից կամայականորեն զրկելու արգելքի մասին է։ Իսկ եթե մեկնաբանենք այս նորմը էվթանազիայի տեսանկյունից, ապա օրենքը չի խախտվի, եթե կիրառվի էվթանազիայի կամավոր տեսակը: Դա պայմանավորված է նրանով, որ ըստ միջազգային տարբեր դաշնագրերի և դատական պրակտիկայի` կյանքի իրավունքը բացարձակ չէ և որոշակի դեպքերում կարող է ենթակա լինել սահմանափակումների։ Ի տարբերություն էվթանազիան օրինականացրած պետությունների` Հայաստանում ոչ միայն չկա էվթանազիան օրինականացնող նորմ, այլև հակառակը. այն իրականացնելու դեպքում անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։ Մասնավորապես՝ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով: Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փաստորեն՝ օրենսդրական մակարդակով էվթանազիան ընդունելի չէ:
Առհասարակ էվթանազիայի կիրառումը և օրինականացումը կախված են տվյալ հասարակությունից, կրոնական հայացքներից, մշակութային արժեքներից, ավանդույթներից և այլ ասպեկտներից։ Օրինակ՝ եթե երկրում որպես պետական կամ գերիշխող կրոն ընդունված է քրիստոնեությունը, որն արգելում է ինքնասպանությունը, ու եթե տվյալ պետությունում առաջնորդվեն այս հիմքով, ապա էվթանազիայի կիրառումն ուղղակիորեն կարգելվի։ Ըստ էության` ինչպես կրոնական, այնպես էլ ավանդութային արժեքները հասարակության վրա ունենում են լուրջ ազդեցություն: Պարզելու համար, թե ի՞նչ վերաբերմունք ունի հայ հասարակությունը էվթանազիայի վերաբերյալ, անցկացրինք սոցիալական հարցում։ Հարցման թիրախային խումբը 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիներն են:
Կո՞ղմ եք Էվթանազիայի կիրառմանը անբուժելի հիվանդությամբ տառապողի նկատմամբ իր իսկ համաձայնությամբ:Գրաֆիկից երևում է, որ կողմ քվեարկողների համար կարևոր փաստ է հանդիսացել անբուժելի հիվանդության հանգամանքը, այսինքն՝ չկա բուժում, հետևաբար մարդուն տանջելու կամ թանկարժեք դեղամիջոցներով կյանքը մի քանի օրով երկարացնելու իմաստ չկա։
Կո՞ղմ եք էվթանազիայի կիրառմանը անբուժելի հիվանդությամբ տառապողի նկատմամբ այլ մարդու՝ ընտանիքի անդամի, հարազատի համաձայնությամբ: Այս դեպքում հաշվի է առնվում մարդու կյանքի, դրա անձեռնմխելիության ու այլ սուբյեկտիվ իրավունքներ։ Հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ մեկ այլ անձի, այդ թվում՝ հարազատի կյանքը իրենց տնօրինման տակ չէ:
Կո՞ղմ եք էվթանազիայի կիրառմանը ծանր հիվանդությամբ տառապողի նկատմամբ իր իսկ համաձայնությամբ Դրական պատասխաների առավելությունը կապված է նրա հետ, որ հարցն իր մեջ ներառում է «անձի համաձայնությամբ» արտահայտությունը, այսինքն՝ երբ մարդու կամքով է իրականացվում՝ պասիվ, կամավոր էվթանազիա:
Կո՞ղմ եք էվթանազիայի կիրառմանը ծանր հիվանդությամբ տառապողի նկատմամբ այլ մարդու՝ ընտանիքի անդամի, հարազատի համաձայնությամբ: Այս հարցին բացասական պատասխանները գերակշռում են։ Հարցին բացասական պատասխանելու հիմնական պատճառը նորից մարդու սուբյեկտիվ իրավունքների խախտման հետ է կապված։
Ինչքանո՞վ եք կողմ էվթանազիայի կիրառմանը կոմայի մեջ գտնվողի նկատմամբ իր ընտանիքի անդամի և/կամ հարազատների համաձայնությամբ:Կոմայի մեջ գտնվող հիվանդին էվթանազիայի ենթարկելը ամենանուրբ և վիճահարույց խնդիրներից է։ Նախ՝ պետք է հասկանալ, թե որ դեպքում է մարդը համարվում անգործունակ, որովհետև հենց անգործունակ անձի դեպքում է նրա նկատմամբ նշանակվում խնամակալ, ով իր փոխարեն կնքում է գործարքներ, տնօրինում է ֆինանսական միջոցները և օրենքով սահմանված այլ իրավունքներ, այսինքն՝ անգործունակ են այն անձինք, ովքեր չեն կարող գիտակցել իրենց արարքներն ու գործողությունները և ղեկավարել դրանք։ Մինչ օրս չկա նորմ, օրենք, որով սահմանված է կոմայի մեջ գտնվող անձի գործունակ կամ անգործունակ լինելու հանգամանքը, ըստ որի օրինական կհամարվի նրա հարազատի համաձայնությամբ էվթանազիայի կիրառումը։ Կոմայի մեջ գտնվող անձի դեպքում երբեք պարզ չէ՝ կլինիկական մահ տանող անձնավորությունը կարթնանա երկու՞ օրից, թե՞ մեկ տարուց, կարթնանա՞ արդյոք, թե՞՝ ոչ։
Կո՞ղմ եք էվթանազիայի օրինականացմանը Հայաստանում:
Հարցվածների մեծամասնությունը կողմ է քվեարկել, ինչը խոսում է այն մասին, որ օրենսդրական դաշտը էվթանազիայի օրինականացման տեսանկյունից ունի փոփոխման կարիք:
Էվթանազիան ներկայումս կիրառելի է ընդամենը մի քանի երկրներում։ Չնայած էվթանազիան ընդունված չէ աշխարհի մեծամասնության կողմից, այնուամենայնիվ, մի շարք դեպքերում, այն կիրառվում է ու դրանով գուցե և «փրկում» մարդուն։ Գլխավոր փաստարկը, որը գործում է ի շահ էվթանազիայի, այն է, որ անձը տառապում է անբուժելի հիվանդությամբ։ Այս մտքով էլ հենց առաջնորդվում են էվթանազիայի կողմնակիցները, քանի որ նրանք, հիմք ընդունելով անձին բուժելու անհնարինությունը, ընտրում են էվթանազիան՝ որպես միակ ու վերջին միջոց։
Էվթանազիայի օրինականացմանը հիմնականում կողմ են հանդես գալիս ապահովագրական ընկերությունները։ Մարդկանց կյանքի ու առողջության ապահովագրության դեպքում ցանկացած պատահարի, հիվանդության կամ նմանատիպ դեպքերում ծախսերը հոգում է ապահովագրական ընկերությունը։ Հաշվարկները ցույց են տալիս, որ այս ծախսերի մի զգալի տոկոսը կապված են հիվանդի կյանքի վերջին օրերի ցավազրկման, դրանց երկարաձգման կամ անբուժելի հիվանդի ցավերի մեղմման ու կյանքի երկարացման հետ։ Այսպիսով` ապահովագրական ընկերությունը պարտավոր է ֆինանսական միջոցներ տրամադրել հիվանդի կյանքի վերջին օրերի համար, երբ արդեն պարզ է, որ նա մահանալու է։ Հետևաբար՝ ապահովագրական ընկերությունները այս հարաբերություններում կողմ են էվթանազիայի կիրառմանը, որպեսզի նման իրավիճակներում խնայեն գումարը։
Ի տարբերություն ապահովագրական ընկերությունների` էվթանազիայի օրինականացմանը դեմ են դեղամիջոցներ արտադրող և ներկրող ընկերությունները։ Եթե էվթանազիան օրինականացվի, հիվանդի կյանքը երկարացնող թանկարժեք դեղամիջոցների պահանջարկը կտրուկ անկում կապրի: Հետևաբար` դեղամիջոցներ արտադրող և ներկրող ընկերությունների եկամուտները զգալիորեն կնվազեն:
Երկու խոսք…
Հաճախ անբուժելի հիվանդությամբ տառապողների համար կատարվում են հանգանակություններ, քանի որ մեծամասամբ նրանց ընտանիքները ի վիճակի չեն լինում վճարել ցավազրկող դեղամիջոցների համար, որոնք չեն էլ բուժում հիվանդին, այլ միայն երկարաձգում անխուսափելին: Փոխարենը այդ ընթացքը բազմաթիվ հոգեբանական ապրումներ և ֆինանսական քաշքշուկներ է առաջ բերում: Այստեղ է, որ դրսևորվում է հարցման մասնակցածների ոչ միանշանակ պատասխանը էվթանազիայի նկատմամբ: Գիտակցելով առաջ եկող դժվարությունները` նրանք կողմ են արտահայտվում պասիվ և կամավոր էվթանազիային, բայց միաժամանակ հանդիսանալով ավանդույթների, սովորույթների, կրոնական արժեքների կրող` նրանք դեմ են արտահայտվում հարազատի կողմից դրա իրականացմանը:
Այս հարցը հաճախ է հանգեցնում տարակարծությունների հայ և արտասահմանյան իրավաբանների շրջանակում: Նրանց մի մասը գտնում է, որ մարդն ունի կյանքի իրավունք, բայց ոչ տառապելու պարտավորություն, ունի ընտրության իրավունք և կարող է տնօրինել իր կյանքը: Իրավաբանների մյուս մասը հակադարձում է այս փաստարկին՝ ապրելու իրավունքով:
Այնուամենայնիվ պետք է նշել, որ խնդիրը միայն իրավաբանական առումով չի սահմանափակվում: Հարցեր են առաջանում նաև բժշկական տեսանկյունից, մասնավորապես՝ ո՞ր հիվանդության դեպքում կիրառել էվթանազիա, արդյոք հայտնաբերված հիվանդությունը անբուժելի՞ է, տարիքային ո՞ր խմբի դեպքում է ընդունելի այն, տարվու՞մ են արդյոք հոգեբանական աշխատանքներ հիվանդի հարազատների հետ և այլն:
Հայ իրավաբան Արման Կիրակոսյանի խոսքերով Հայաստանում էվթանազիայի արգելքը բժշկական սխալից պաշտպանվելու միտում ունի. «Որքանո՞վ է մեր պետությունը կարողանալու ապահովել, որ կամայականություններ չլինեն: Սա դժվար վերահսկվող գոտի է և պետությունները միշտ չէ, որ ողջունում են բժշկական այս միջամտությունը»: Իրավաբանը հստակ բացատրում է երևույթի բազմակողմանիությունը, որ անգամ կիրառելու դեպքում կամայականություներից խուսափելը բավական դժվար է։
Էվթանազիայի կիրառման օրինականացումը, իհարկե, բազմաթիվ դժվարություններ կառաջացնի Հայաստանում։ Սակայն դժվարությունները եթե չեն լուծվում անհրաժեշտ պահի, կարող են առաջ բերել ավելի մասշտաբային խնդիրներ:
Կարծում ենք, որ զարգացած երկրների օրինակին և հասարակության արձագանքներին հետևելով` անհրաժեշտություն կա ՀՀ-ում էվթանազիայի կիրառման հնարավորությանը տալ ավելի լայն ամրագրում՝ դրա պասիվ կամ կամավոր տեսակներն օրինականացնելով։
Բրիտանացի երեխայի դեպքում բժիշկները և դատարանները անիմաստ էին համարում երեխայի բուժման շարունակությունը և առաջարկում էվթանազիայի կիրառում: Չնայած այս և այն հանգամանքին, որ երկրում էվթանազիան օրինականացված է, միևնույն է, այն կիրառվեց միայն այն դեպքում, երբ ծնողները տվեցին իրենց համաձայնությունը։ Նշանակում է` երևույթը, այնուամենայնիվ, կառավարելի է, եթե այն գտնվում է բժիշկների ու իրավապահ մարմիների հսկողության տակ:
Էվթանազիայի ընդունման կամ մերժման հարցը կրում է հիմնարար բնույթ։ Մինչ դրա շուրջ քննարկումների անցկացումը հարկավոր է հասարակության հետ տանել լուսավորչական աշխատանք, բարձրացնել իրազեկվածությունը էվթանազիայի բնույթի ու տեսակների վերաբերյալ, խնդիրը բերել քննարկման, իսկ այնուհետև` օրենսդրական կարգավորման դաշտ։ Էվթանազիայի բացարձակ արգելքը ու անօրինականացումը Հայաստանում, ինչպես հնարավոր էր տեսնել սույն աշխատանքում և հարցման արդյունքներում, չի ելնում ժամանակի ու հասարակության պահանջներից։
Գրականություն
- Էվթանազիա ” http://euthanasia.com/ 13.06.2017
- ՀՀ Սահմանադրություն (հոդված24)
- Հայաստանի Հանրապետության օրենքը բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ” http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1688&lang=arm 13.06.2017
Հեղինակ՝ Ջուլյա Գալստյան (Julya Galstyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են