ԱՊՊԱ համակարգը Հայաստանում

Ի՞նչ է ԱՊՊԱ-ն (ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Ինչպե՞ս է այն գործում Հայաստանում:
Ապահովագրությունը ռիսկի փոխանցումն է մեկ սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի: Ռիսկի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը՝ ապահովագրական ընկերությունը, հատուցում է երրորդ կողմին, ում վնաս է պատճառել ապահովադիրը: Մեխանիզմը պարզ է. ֆոնդում կուտակվում են ապահովագրավճարները, պատահար տեղի ունենալու դեպքում տուժողին տրամադրվում է հատուցում՝ հավաքված ապահովագրավճարներից: Այլ կերպ ասած՝ շատերը վճարում են քչերին հատուցում տալու համար:
Ապահովագրությունը Հայաստանում դեռևս նոր ոլորտ է, ունի զարգացման ու ընդլայնման լայն ասպեկտներ: Նշենք, որ ներկայումս ոչ մի ապահովագրական ընկերություն չի զբաղվում կյանքի ապահովագրությամբ, բոլոր ընկերություններն ունեն միայն ոչ կյանքի ապահովագրությամբ զբաղվելու լիցենզիա:
Կյանքի ապահովագրություն Հայաստանում չկա և դեռևս ծրագրեր էլ չկան, քանի որ չունենք պարտադիր բժշկական ապահովագրություն, ինչպես նաև ապահովագրական ընկերությունները չեն զբաղվում կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ: Տվյալ համակարգը չի ներդրվում, քանի որ կա մտավախություն, որ ապահովագրական ընկերությունները՝ որպես այդպիսին, չեն ունենա պահանջարկ: Կյանքի ապահովագրությունը զարգացած երկրներում բավականին տարածված է: Պարտադիր բժշկական ապահովագրությունից բացի գործում են նաև հարսանիքի, թաղման և նման այլ ապահովագրատեսակներ, որոնք կապված են կյանքի այս կամ այն իրադարձության հետ: Այս դեպքում ապահովագրական ռիսկը ապահովադրի կյանքում «տեղի ունեցող փոփոխությունն է»:
Հայաստանում ապահովագրական ընկերությունները հիմնականում մրցակցում են պարտադիր ապահովագրատեսակով՝ ԱՊՊԱ-ով, որը շուկա ներմուծվեց 2011 թ.-ին: Մինչ այդ Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության շրջանակը չափազանց նեղ էր: Ապահովագրական ծառայություններից հիմնականում օգտվում էին օտարերկրյա կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունները և բանկերը:
ԱՊՊԱ-ն ապահովագրական պայմանագիր կնքող անձի՝ ապահովադրի կողմից երրորդ անձին վնաս հասցնելու պատասխանատվության փոխանցումն է ապահովագրական ընկերությանը: ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո նվազեցին ճանապարհներին հանդիպող կոնֆլիկտային իրավիճակները, երբ երկու կամ ավելի վարորդ համաձայնության չէին գալիս, թե ով է մեղավոր, ով՝ անմեղ: Անգամ ակնհայտորեն մեղավոր վարորդը չէր ցանկանում ընդունել իր մեղքը, քանի որ գիտակցում էր, որ իր մեքենան վերանորոգելուց բացի պետք է վերանորոգի նաև տուժողի կամ տուժողների մեքենաները, իսկ եթե որևէ մեկը տուժել է վթարի ժամանակ, նաև պետք է հոգա բժշկական ծախսերը:
ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո շուկայում իրավիճակը կտրուկ փոխվեց. ապահովագրական ծառայություններից սկսեց օգտվել բնակչության մեծամասնությունը: Կարճ ժամանակում, սակայն, գործող ապահովագրական ընկերությունների թիվը կրճատվեց, ինչն առաջին հերթին կապված էր Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական գործունեություն ծավալելու համար նվազագույն 1 մլրդ. դրամի չափով կապիտալ ունենալու սահմանափակման հետ:
Ներկայումս շուկայում գործում են 6 ապահովագրական ընկերություններ՝

  1. Ռոսգոսստրախ Արմենիա ԱՓԲԸ,
  2. Ինգո Արմենիա ԱՓԲԸ,
  3. Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ,
  4. Ռեսո ԱՓԲԸ,
  5. Սիլ Ինշուրանս ԱՓԲԸ,
  6. Արմենիա Ինշուրանս ԱՓԲԸ:

Այս 6 ընկերությունների գործունեությունը կարգավորում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն (միայն ԱՊՊԱ պրոդուկտի մասով): Բյուրոն սահմանում է ԱՊՊԱ սակագները, պայմանագրերի կնքման, դադարեցման, հատուցման կարգերը: Ըստ երևույթի՝ ընկերությունների միջև պետք է լիներ միայն ոչ գնային մրցակցություն: Սակայն ընկերությունները, ԿԲ-ի կողմից ներդրված Բոնուս-Մալուս համակարգով տրամադրվող զեղչից բացի, տրամադրում են նաև այլ զեղչեր, ինչն անօրինական է: Զեղչեր տրամադրող ընկերությունները նպատակ են հետապնդում ամեն կերպ ներգրավել նոր հաճախորդներ և դրա համար դիմում են նման քայլերի: Ստեղծված իրավիճակը շտկելու համար 2017 թ.-ի փետրվար ամսից սկսեցին կիրառվել տուգանքներ՝ հավելյալ տրամադրած ամեն զեղչի համար 2 մլն. դրամի չափով:
Ապրիլից ներդրվեց ուղիղ հատուցումների համակարգ: Այսինքն՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքն է հատուցում իր հաճախորդին:
Համեմատության համար, եթե դիտարկենք ընկերությունների հատուցումների ցուցանիշները 2016 և 2017 թթ. հունիս ամսվա համար, կունենանք հետևյալ պատկերը.

Ընկերության անվանումը
Տ/Մ-ներիքանակ, որոնց վերաբերյալ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր
Հաշվեգրված ապ. վճարներ (հազ. դրամ)
Հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակ
Մերժված դիմումների քանակ
Անձնական (մահվան դեպքերի վերաբերյալ դիմումները ներառյալ)
Գույքային
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
125,643
2,577,717
7,876
22
105
«ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
100,162
2,087,636
4,030
18
86
«ՆԱԻՐԻԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ
90,289
1,962,657
4,602
12
105
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ
63,243
1,176,732
3,256
1
71
«ՍԻԼԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ
56,245
1,174,133
3,622
2
61
«ԱՐՄԵՆԻԱԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ
32,034
622,429
1,809
34
46

Աղյուսակ 1. 2017 թվական, հունիս

Ընկերության անվանումը
Տ/Մ-ների քանակ, որոնց վերաբերյալ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր
Հաշվեգրված ապ. վճարներ (հազ. դրամ)
Հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակ
Մերժված դիմումների քանակ
Անձնական (մահվան դեպքերի վերաբերյալ դիմումները ներառյալ)
Գույքային
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
130,472
2,832,160
6,080
72
93
«ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ
90,745
1,946,965
3,855
2
62
«ՆԱԻՐԻԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ
79,761
1,847,394
3,091
10
86
«ՌԵՍՈ» ԱՓԲԸ
56,367
1,075,740
2,303
7
27
«ՍԻԼԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ
52,734
1,139,233
2,500
5
45
«ԱՐՄԵՆԻԱԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊԸ
30,500
618,864
1,409
13
27

Աղյուսակ 2. 2016 թվական, հունիս

Ակնհայտ է, որ ընկերությունների ցուցանիշները մեկ տարում էապես փոխվել են, բայց հատուցման չափերով դիրքերը չեն փոխվել:
Քանի որ արդեն հաճախորդը ինքն է ընտրում, թե որ ընկերությունն իրեն հատուցի, և փոխհատուցման վերաբերյալ վիճակագրական տվյալները հասանելի են բոլորին, սկսվել է հաճախորդների «հոսք» դեպի Ռոսգոսստրախ Արմենիա և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերություններ: Կարծում ենք՝ ներդրված ուղիղ հատուցումների համակարգը մրցակցության նոր որակ կմտցնի ապահովագրական շուկայում:
Անառողջ մրցակցության հիմնական պատճառներից մեկն էլ ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների և դրանց արժեքների մասին քիչ տեղեկացվածությունն է բնակչության/հաճախորդների շրջանում: Բնակչության ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ, որ մատչելի գներով կարող է օգտվել կամավոր ապահովագրատեսակներից և պատահարի դեպքում արդեն կարող է խուսափել ավելորդ ֆինանսական պատասխանատվությունից: Չափազանց կարևոր է մարքեթինգի դերի բարձրացումը: Բնակչությանը հնարավորինս շատ տեղեկատվություն է անհրաժեշտ տրամադրել ապահովագրության մասին: Ընկերությունները պետք է շեշտադրեն հատկապես ծառայությունների մատուցման որակը, քանի որ գնային մրցակցությունն օրենքով արգելվում է:
Եթե մի պահ պատկերացնենք հակառակ դեպքը, երբ շուկայում գները ազատականացված են, կարճ ժամանակի ընթացքում կունենանք մոնոպոլ շուկա:
Եթե գներն ազատականացվեն, հաճախորդները, բնականաբար, կնախընտրեն մատչելի գնով ծառայություններ մատուցող ընկերությունը: Երբ սկսվի հոսք դեպի տվյալ ընկերություն, որոշ ժամանակ անց տվյալ ընկերությունը հնարավոր է, որ կունենա հատուցման խնդիր, քանի որ հավաքված ապահովագրավճարները չեն բավարարի հատուցում տրամադրելու համար: Ընկերությունը կճանաչվի սնանկ, և պարտավորությունները կփոխացվեն այլ ընկերության, որն ի վիճակի է տրամադրել հատուցում: Սակայն տվյալ ընկերությունից էլ հաճախորդները կհրաժարվեն և կօգտվեն մի երրորդ ընկերությունից, որը տվյալ պահին շուկայում առաջարկում է պրոդուկտի ամենամատչելի գինը: Արդյունքում վերջինիս հետ տեղի կունենա նույնը, ինչ առաջին ապահովագրական ընկերության հետ: Ընկերությունները հերթով շուկայից դուրս կմղվեն և կմնա մեկ ապահովագրական ընկերություն, որը կսահմանի իր համար ցանկալի գին ապահովագրական ծառայության համար: Կամ էլ մյուս դեպքում մնացած մի կամ երկու ընկերության հետ հատուցումներով առաջատար ընկերությունը կարող է գալ ներքին համաձայնության, ինչը հաճախորդի տեսանկյունից շահավետ չէ:


Գրականություն

  1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ, www.cba.am
  2. Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո, www.paap.am


Հեղինակ՝ Լիլիթ Օվսյան (Lilit Ovsyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: