Երաժշտության առաջացման հստակ ժամանակաշրջան դժվար է նշել, սակայն ավտոնոմ երաժշտությունը (այն է, երբ առաջ է գալիս երգահանի առաջնային դերը, անկախությունը ընդունված մեղեդիներից) ըստ մեզ առավել նկատելի է դառնում 15-րդ դարից սկսած: Երաժշտություն ինչպես լսելը, այնպես էլ ստեղծելը բարձր, ապահով խավին բնորոշ գծից աստիճանաբար դառնում է համընդհանուր: Տեխնիկական առաջընթացի շնորհիվ շատ շատերը հնարավորություն ունեն գրպանում տեղավորվող սարքերում մշտապես ունենալ նախընտրած մեղեդիները: Բացի լսելուց, ավելի հասանելի է դառնում նաև երաժշտություն ստեղծելը՝ ոչ միայն դասական եղանակով, այլև տեխնիկական միջոցների կիրառմամբ: Երաժշտությունն անցել է զարգացման երկար ճանապարհ, և հիրավի դեռ շարունակում է անցնել: Այդ ընթացքում այն ենթարկվել է մի շարք փոփոխությունների, ճյուղավորվել է՝ առաջացնելով նոր ժանրեր՝ մեծi և փոքր: Տարածված, պահանջված, զարգացման երկար ուղի անցած ժանրերից մեկն էլ փոփն է, որի օրինակը թույլ կտա բռնել զարգացման զարկերակը, վեր հանել հիմնական միտումները և հասկանալ՝ ինչ ասել է փոփ երաժշտությունii: Որոնք են տարիներ շարունակ եղել դրան բնորոշ գծերը, որ նորամուծություններն են արժանանում հանդիսատեսի համակրանքին և ինչ էական փոփոխությունների է ենթարկվել փոփ երաժշտությունը վերջին 60 տարիների ընթացքում: Վերջում կփորձենք ներկայացնել ժամանակակից փոփին բնորոշ հատկանիշներ պարունակող երաժշտության մեր տարբերակը:
Փոփի ծագումը, զարգացումը, փոխհարաբերությունն այլ ժանրերի հետ. Ընդհանուր բնութագիր
Փոփ երաժշտությունը մասսայական մշակույթի տարատեսակներից է: Փոփի ծագման ժամանակաշրջան կարելի է համարել 1950-ական թվականները, սակայն ըստ մեզ` սա այն շրջանն էր, երբ փոփը չէր զարգանում որպես ինքնուրույն ուղղություն, չուներ հիմնականում իրեն բնորոշ հատկանիշներ: 1950-ականները նաև ռոք երաժշտության ձևավորման տարիներն էին, և եթե այսօր հայտնի հատկանիշների տեսանկյունից փորձենք նայել նշված ժամանակաշրջանի երաժշտությանը, ապա դժվար կլինի տարանջատել ռոքն ու փոփըiii:
Կարծում ենք, որ փոփ երաժշտությունը իր սկզբնական շրջանում առավելապես կրել է փողոցային երաժշտական ռոմանսների ազդեցությունը, հանդիսանում է դրանց փոփոխված, ինչու ոչ՝ կատարելագործված տեսակը:
1960-ականներին փոփն իհարկե ավելի հարստացավ, սկսեց ուրվագծվել ժանրի տեսքը, սակայն սա այն շրջանն էր, երբ այսօր փոփ աստղեր համարվող արտիստների գործերում հստակ զգացվում էր առավել ռոքնռոլին և ռոքին մոտ աստղերի ազդեցությունը, մասնավորապես ՝ Բիթլզի, Էլվիս Պրեսլիի: Անգամ Բի Ջիս ( Bee Gees) հայտնի փոփ խմբի այս տարիներին գրված գործերը ավելի շատ ռոքային տարրեր էին պարունակում: 60-ականների փոփում հաճախ կարելի էր նկատել նաև ջազի տարրեր, որի ամենալավ օրինակը թերևս լեգենդար Ֆրենկ Սինատրան է:
Երաժշտությունը քարացած երևույթ չէ, ժանրերը հստակ տարանջատել իրարից երբեմն անհնար է լինում, դրանք փոխառում են միմյանցից տարբեր էլեմենտներ, փոխներթափանցում են, բայց կան որոշակի գծեր, որոնք առավելապես կարելի է հանդիպել կոնկրետ ժանրում, և ըստ մեզ՝ փոփին այդպես բնորոշող գծերը ի հայտ եկան և ամրապնդվեցին 70-ական թվականներին: Այս տարիները հեղափոխական եղան փոփ երաժշտության պատմության մեջ:
Փոփ երաժշտության վերելքը սկսվեց 1970-ական թվականներին, սրան մեծապես նպաստեց դիսկո ոճի լայն տարածումը, երբ քայլ առ քայլ ռոքնռոլը դադարում էր լինել պարային երգերի ամենատարածված ժանրը: Բայց 70-ականների փոփը, որը գուցե իր որակով շարունակում է մնալ չգերազանցված, չէր սահմանափակվում միայն պարային, ռիթմիկ երաժշտությամբ: Այս տարիներին ստեղծագործած փոփ խմբերից առանձնանում էր շվեդական ԱԲԲԱ-ն, որը, ժանրի օրինաչափություններին հետևելով, ներկայացնում էր թե պարային, խորը իմաստ պարունակող տեքստերով չառանձնացող, թե տեքստային մասն առավել շեշտած երգեր: 70-ականները փոփի «ամենամաքուր» տարիներն էին, քանի որ սա մի շրջան էր, երբ փոփը ձևավորեց իրեն բնորոշ գծերը, և համեմատաբար քիչ տարրեր էին ներթափանցում այլ ժանրերից:
80-ականները փոփի համար շարունակեցին մնալ ոսկե տարիներ: Ասվածը պայմանավորող հանգամանքներից էր նաև այն, որ հեռուստատեսության հասանելիության աստիճանը բարձրացել էր, երաժշտությունը տարածվում էր նաև այս միջոցով: Հետաքրքիր գաղափարների շարքին է պատկանում տեսահոլովակների նկարահանումը, որը թույլ տվեց փոփ աստղերին «մտնել» մարդկանց առօրյա, լինել ոչ թե հեքիաթային, հեռավոր կերպարներ, այլ հասանելի սեփական բնակարանից: Անհամեմատ ավելի բարձրացավ ձայնի որակը, որի շնորհիվ շատացավ համերգների թիվը: Համերգների ձայնագրություններից էլ զգացվում է տիրող մթնոլորտը: Թեպետ տեխնիկական առաջընթացը մեծ դեր ունեցավ, այնուամենայնիվ, մեծագույն վաստակը արտիստներինն էր՝ Մադոննա, Մայքլ Ջեքսոն և այլք: Եթե 70-ականներին փոփը ավելի «մաքուր» էր, 80-ականներին արդեն զգացվում է R&B, soul, electro ոճերի ազդեցությունը, սակայն համեմատելով 60-ականների ռոք–փոփ ազդեցության հետ՝ սա ավելի թույլ էր և հանդես էր գալիս ընդհանուր էլեմենտների տեսքով:
90-ականներին տեղի ունեցած ամենաէական փոփոխությունը երգերի բևեռացումն էր: Եթե նախկինում հանդիպում էին փոփոխական տրամադրությամբ երգերiv, և այդ փոփոխությունը վերաբերում էր երգի ընդհանուր տրամադրությանը, այսինքն՝ տեքստ ու երաժշտություն, ապա 90-ականներին բաժանումն ավելի պարզ էր՝ պարայինv (ուրախ) և բալլադայինvi (տխուր):
2000-ականները նշանավորվեցին hip-hop, rap ժանրերի հետ հարաբերությունների սերտացմամբ, բացի այդ, ամենահայտնի արտիստների գործերում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում techno, dubstep ոճերի երաժշտություն:
Փոփ երգերի հիմնական բնութագրերը
Նշենք, որ այս ժանրը գրեթե չունի խիստ արտահայտված, միայն իրեն բնորոշ և երգն անպայմանորեն փոփ դարձնող գծեր: Ասվածը ավելի պարզ կդառնա, երբ փոփը համեմատենք մեծ, բազմաթիվ ենթաժանրերից կազմված այլ ժանրերի հետ, օրինակ՝ ռոք, ջազ և այլն: Փոփի առանձնահատկությունների մի մասը թելադրվել է ռադիոյի, ապա նաև հեռուստատեսության կողմից և սերտ կապի մեջ է վերջիններիս նպատակահարմարության հետ:
Տեքստ
Փոփ երգերի մեծամասնությունը ունի բավականին պարզ կառուցվածք: Տեքստային առումով երգերն ունեն 2 տուն: Առաջին տունը երկրորդից առանձնացած է կրկներգով, որտեղ էլ կուտակված են ամենատպավորիչ արտահայտությունները: Կրկներգում շատ են կրկնությունները, հանգերը, որոնք ավելի հեշտ հիշվող են դարձնում երգը: Կրկներգը ընդհանուր գծերով, իմաստային առումով կարող է անգամ չկապվել տներից և ոչ մեկի հետ, կամ պարզապես փոքր-ինչ այլ ռիթմով վերարտադրել այնտեղ արդեն հնչած տողերը: Երկրորդ տունը իմաստային առումով շարունակում է առաջին տանը հնչած միտքը: Երկրորդ տնից հետո նորից հնչում է կրկներգը, սակայն հայտնի հնարք է անցումային մաս (bridge) մտցնելը երկրորդ տնից դեպի երկրորդ կրկներգ, որը կարող է և չտարբերվել առաջինից, օրինակ՝ երկտող, որի տեքստը կապվում է մտքի հետ, բայց այլ մասերում չի հանդիպել, կամ ձայնի հզորությունը ցույց տալուն հարմար ձայնավորներ: Երգը ավարտվում է կամ երգի անունը պարունակող տողով կամ կրկներգի հետաքրքիր տողերից մեկով:
Փոփ տեքստերի հիմնական թեման անձնական ապրումներն են՝ սեր, ատելություն, դավաճանություն, հիասթափություն, ուրախություն և այլն: Երբեմն նկատվում է հետաքրքիր տարբերություն տեքստի թեմայի և մեղեդու ռիթմի միջևvii: Ավելի վաղ շրջանի փոփ երգերում կարելի էր հանդիպել կոնկրետ արտաքինի նկարագրություններ (աչքի գույն, հասակ և այլն), անուններ: 2000-ականներին նման տեքստերը փոխարինվեցին առավել ընդհանրական նկարագրություններով (ընդհանրապես աչքեր), որը ավելի հեշտ է դարձնում երգը որոշակի անձանց վրա պրոյեկտելը:
2000-2010-ականներում ի հայտ եկած ամենաէական տեքստային փոփոխությունը թերևս փոփ երգերում ռեպ մասերի առկայությունն է, որը փոխարինում է ավելի վաղ շրջանի երգերի անցումային մասերին: Ռեպին հաջորդում է կամ կրկներգ, կամ անցումային մաս, ավելի հազվադեպ՝ նոր տուն: Փոփ երգերի տեքստերում կարելի է նկատել նմանություն, որը պայմանավորված է ոչ միայն ժանրային առանձնահատկություններով, այլև այն փաստով, որ ժամանակակից փոփ արտիստների երգերի մի զգալի զանգված գրվում է նույն հեղինակների կողմից:
Ուսումնասիրելով շուրջ 100 արտիստների 350 երգեր՝ առանձնացրել ենք այն բառերը, որոնք առավել շատ են հանդիպում հայտնի ու սիրված փոփ երգերում ՝ I, feel, yeah, love, life, world, never, time, baby, you, get, like, lonely, go, sorry, bad, good, lips, sun, free.
Երաժշտություն
Դասական իմաստով փոփ երգերում շեշտը դրված չէ երաժշտության վրա, հարուստ ինստրումենտալ մաս ունեցող ստեղծագործություններ քիչ են հանդիպում: Այսպիսով՝ հիմնական շեշտն ընկնում է տեքստային մասի վրա: Այնուամենայնիվ, երգերը հիմնականում սկսվում են մի քանի տակտ հնչող երաժշտությամբ, ապա կամ նույն ռիթմին միանում է վոկալը, կամ կարճատև դադարից հետո հնչած երաժշտությունից որոշակիորեն տարբերվող, սակայն ընդհանուր առմամբ դրան նման (օրինակ՝ ակորդները նույնը, ռիթմը տարբեր) երաժշտության ներքո միանում է վոկալը: Տնից կրկներգ անցումը կարող է ուղեկցվել զուտ գործիքային մասով, երբեմն հանդիպում են նաև սոլո հատվածներ (դաշնամուր, կիթառ և այլն): Եթե երգն ունի երկրորդ տնից երկրորդ կրկներգ անցումային մաս, ապա այդ մասում փոխվում է նաև երաժշտությունը (վարիացիա): Մեղեդին հիշվող է դառնում նաև բիթերի շնորհիվ, որոնք նույնն են թե տների, թե կրկներգի ժամանակ:
Մեղեդային առումով զգալի կառուցվածքային փոփոխություն չկա, սակայն առկա է տեխնիկականը: Եթե համեմատաբար հին ձայնագրություններ լսելիս կարող ենք տարանջատել երաժշտական գործիքները, զգալ կենդանի հնչողությունը, երբեմն անգամ ձայնագրման ստուդիաներում թույլ տրված փոքր սխալները, ապա հիմա տեխնո, դաբստեպ և նմանատիպ ոճերի տարածման և փոփում ավելի ու ավելի մեծ դեր ունենալու հետևանքով՝ գրեթե անհնար է դառնում առանձին գործիքի ձայնը վայելելը, ձայնը լսվում է իբրև միասնություն: Երգերը տարիների ընթացքում կորուստներ են ունեցել նաև մեղեդայնւթյան մեջ: Այս փաստը իբրև դրական կամ բացասական փոփոխություն որակելը կախված է երաժշտական ճաշակից և ոլորտի հետ առկա կապի սերտությունից, սակայն պետք է նշել, որ այն ընդունվել ու սիրվել է փոփ երաժշտության սիրահարների կողմից: Համակարգչային հնչյունների ներհոսքը փոփ ժանր ազդել է նաև ստեղծագործական գործընթացի վրա: Եթե առաջ գործիքների համադրությունը ստուգելու համար խմբերը, մենակատարները ստիպված էին ժամեր շարունակ փորձեր անել, և դա բավականին երկարատև ու դժվար գործընթաց էր, ապա այժմ բավական է լսել արդյունքը համակարգչով, առանց որևէ գործիք ձայնագրելու: Այսպիսով՝ շատ ավելի հեշտ ու հասանելի է դարձել երաժշտություն գրելը, որը ազդել է որակի վրա:
Ճիշտ է, վերջին տասնամյակում փոփի մեղեդային մասի վրա մեծ է տեխնո երաժշտության ազդեցությունը, այնուամենայնիվ, վերոնշյալ մոտ 100 արտիստների 350 երգերիviii ուսումնասիրությունը թույլ տվեց վեր հանել այն հիմնական ակորդները, որոնք օգտագործվել են առավել սիրված փոփ երգերում, և որոնք օգտագործելուց խուսափել են: Ամենահաճախ օգտագործվող ակկորդներն են՝ G, F, C, Am, ավելի քիչ հանդիպում են Dm, E,D ակորդներըix:
Սա այն հավաքակազմն է, որ առկա է գրեթե յուրաքանչյուր փոփ երգում կամ ամբողջությամբ, կամ որոշակի փոփոխություններով: Ամենաքիչ օգտագործված ակորդներից է A-ն, որը հաճախ կարելի է հանդիպել ռոքում, բլյուզում: Այս ակորդը կարող ենք անվանել առավել <<ռիսկային>>, <<պահաջկոտ>>, որն իրենից հետո չի ընդունում պատահական կապակցություններ, երբեմն պահանջում է սոլո մասեր և այլն: Եթե երգը սկսվում է Am ակորդով, ապա հավանականությունը մեծ է, որ հաջորդ ակորդները կլինեն C-ն, G-ն, F-ը: Կամ C-ին ավելի հաճախ շարունակում են G կամ F ակորդները: Ակորդների հերթականությունը փոխելը ազդում է նաև երգի տրամադրության վրա, օրինակ, եթե երգը սկսվեց C-ով, ապա շարունակվեց G – ով, այն ավելի մեծ շանսեր ունի ուրախ երգ լինելու, քան Am-ով, F -ով սկսվածը: Այս չորսը տարբեր ռիթմերով շարունակաբար նվագելը բավարար է փոփ երգի երաժշտական հիմնական մասը ապահովելու համար:
Այլ բնութագրեր
Փոփ երգերի տևողությունը հիմնականում 3:00-5:00 րոպե է: Սա այն տևողությունն է, որն առավել հարմար է ռադիոյի և հեռուստատեսության համար: Անգամ 60-70-ականներին, երբ առկա էին տեխնիկական խնդիրներ և երկար երգեր ձայնագրելը ու միաժամանակ որակը պահելը խնդիր էր, ռոք, ջազզ, բլյուզ շատ արտիստներ իրենք էին որոշում երգի տևողությունը, նրանց համար սահմանափակումները քիչ էին, հետևաբար սա առավելապես փոփին բնորոշ գիծ է:
Փոփ արտիստներին բնորոշ են վառ, հիշվող կերպարներըx, տպավորիչ հագուստը, բեմական պարագաները, շպարը: Ամենահայտնի փոփ աստղերին բնորոշ արտաքին տվյալները, հագուստի պարագաները դառնում են թրենդային, ինչ-որ տեղ նաև թելադրում են նորաձևություն: Կարող ենք ասել, որ փոփում երաժշտական կատարումից պակաս կարևոր չէ բեմական կերպարը:
Ի մի բերելով թվարկված հատկություները և դրանց փոփոխությունները տարիների ընթացքում՝ ասենք, որ կառուցվածքային առումով երգերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել, տեքստերը շարունակում են մեծ մասամբ վերաբերել անձնական ապրումներին: Ավելի մեծ փոփոխությունների ենթարկվել է երաժշտությունը, ավելացել են տեխնո, դաբստեպ տարրեր, որոնք ինտեգրվել են ժանրին, առանձին երաժշտական ուղեկցում է պահանջում նաև շատ երգերում հանդիպող ռեպ հատվածը: Նշենք նաև, որ փոփ երաժշտությունը դառնում է ոչ թե ավելի լավը կամ վատը, այլ փոփոխվում է, և այդ փոփոխության պատճառներից մեկն էլ տեխնիկական առաջընթացն է: Ստորև փորձենք ներկայացնել ժամանակակից թրենդերովxi հարուստ փոփ երաժշտության մեր տարբերակը:
Հղումներ
iԺանրեր, որոնք իրենց հերթին բաժանվում են ենթաժանրերի, ընկած են այլ ոճերի ձևավորման հիմքում:
iiՎերլուծության ընթացքում վեր են հանված փոփի ընդհանուր օրինաչափությունները, ամենահայտնի արտիստների գործերի հիման վրա: Ժանրի բազմազանության պատճառով հնարավոր չէ ուսումնասիրել բոլոր ստեղծագործողներին: Բացառություններ իհարկե կան:
iiiJohnnie Ray, The Four Lads և այլք:
ivEurythmics – Sweet Dreams
vSantana – Smooth ft. Rob Thomas
viSavage Garden – Truly Madly Deeply
viiՕրինակ ՝ Passion Pit – Take
viiiԱյս արտիստները մեծ մասամբ եվրոպական և ամերիկյան են, երգերը ՝ չարթերում բարձր տեղեր զբաղեցրած:
ixՆշված ակկորդների մեծ մասը առկա է այս օրինակում, կայքը հնարավորություն է տալիս նաև լսել ՝ ինչպես են հնչում դրանք : https://tabs.ultimate-guitar.com/j/john_legend/all_of_me_crd.htm
xԼավագույն օրինակներից մեկը Մայքլ Ջեքսոնն է:
xiՄուտքային երաժշտություն, անցում, փոփոխված, սակայն մուտքից որոշակի մոտիվներ պահած հիմնական մասեր տների և կրկներգի համար, նորից անցում կամ ռեպային մաս, ելք:
Գրականություն
- Jon Pareles ” Orchestral Pop, the way it was ( more or less) ” , 2016
- Richard Middleton ” Studying Popular Music” 1990, Open Univrsity Press
- Donald Clarke ” The Rise and Fall of Popular Music” 1995, St Martin’s Press
Հեղինակ՝ Լուսինե Հովհաննիսյան (Lusine Hovhannisyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: