Վերլուծության նպատակն է Պուտինի կողմից Ռուսաստանում անցկացվող լայնամասշտաբ բարեփոխումների ու նպատակադրված քաղաքականության միջոցով նոր համակարգի, դրա կերտման, էության և արդյունքների ուսումնասիրությունը: Վերլուծությունը անդրադառնալու է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած բացառապես ներռուսաստանյան իրադարձություններին: Բարձրացվելու են ինչպես տնտեսական առաջընթացի և պետության կայունացման, այնպես էլ Ռուսաստանում տիրող կոռումպացվածության, օլիգարխիկ ու հետամնաց տնտեսական համակարգի և մարդու իրավունքների ոտնահարումների թեմաները:
1999 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Պուտինը նշանակվեց ՌԴ վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում, ապա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Օգոստոսի 16-ին Պետական դումայի պատգամավորների 233 կողմ ձայներով նա հաստատվեց վարչապետի պաշտոնում։ Պուտինի նշանակումը համընկավ Դաղստանում դաշնային ուժերի՝ ահաբեկիչների դեմ լայնամասշտաբ գործողությունների սկզբի հետ։ Նա հանդես եկավ իբրև այս օպերացիայի գլխավոր կազմակերպիչ ու փայլուն հաղթանակ տարավ։ Նրան հաջողվեց բարձրացնել թևաթափ եղած բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը: Պուտինը հանդես եկավ այն մարդու դերում, ով ընդունակ էր հոգեպես և բարոյապես միավորել իր համաքաղաքացիներին ու տանել նրանց դեպի հաղթանակ:
Դեկտեմբերի 31-ին իր ամանորյա ուղերձում ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հայտարարում է իր հրաժարականի մասին. նա նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարում Վ.Վ. Պուտինին: Նույն օրը առավոտյան ժամը 11:00 Պուտինը արդեն իսկ ստանձնել էր ՌԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: 2000 թվականի մարտի 26-ին Պուտինը ընտրվեց ՌԴ նախագահ և այդ պաշտոնը ստանձնեց մայիսի 7-ին:
Իշխանության ամրապնդումը
2003 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Պետական դումայում ձայների մեծամասնությունը ստացավ նախագահին հարող «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցությունը։ Մեկ տարի անց անցում կատարվեց կուսակցական ցուցակներով՝ համամասնական ընտրակարգով, Պետական դումա պատգամավորների ընտրության կարգով։ Այնուհետև Պետդուման ընդունեց դաշնային օրենսդրության մեջ փոփոխություններ, որոնք թույլ էին տալիս տարածքային խորհրդարանի ընտրություններում հաղթած կուսակցություններին Ռուսաստանի նախագահին առաջարկել նահանգապետի պաշտոնում իրենց թեկնածուներին։ Մարզերի ճնշող մեծամասնությունում այդ իրավունքը վերապահված էր «Միացյալ Ռուսաստան»-ին։ Զանգվածային բնույթ սկսեց կրել նահանգապետերի՝ իշխող կուսակցության մեջ մտնելը։ 2007 թվականի սկզբին կուսակցության անդամներ էին համարվում ռուսական 86 նահանգապետերից 70-ը։ «Միացյալ Ռուսաստան»-ի անդամ էին նաև խոշոր արդյունաբերական ընկերությունների կառավարիչները, պետական բուհերի և նրանց ենթակա ստորաբաժանումների ղեկավարները, դաշնային և մարզային իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները։ Այսպիսով, Պուտինին հաջովեց կուսակցական պարզ մոդելի միջոցով իրականում իր շուրջ հավաքել և իրենից անձնական կախման մեջ գցել թե՛ տնտեսական և թե՛ մարզային ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների մեծ մասին։
Նախագահ Պուտինի իշխանության ամրապնդմանն էր նպաստում նաև նրա աշխատակազմի կադրային քաղաքականությունը՝ պատասխանատու պաշտոններում նշանակել Պուտինի ընկերներին և ծանոթներին, որոնք հավատարիմ և պատասխանատու էին անհատապես նրան, այլ ոչ թե պետությանը։
Ուշագրավ են նաև Պուտինի նախագահության շրջանում ստեղծված երիտասարդական կազմակերպությունները, որոնց իրական նպատակն էր գոյություն ունեցող համակարգի լեգետիմության հենքի ավելացումը հատկապես երիտասարդության շրջանակներում և Պուտինի անձի հեղինակության բարձրացումը հասարակության մեջ։
2006 թվականի փետրվարին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովի կողմից առաջ քաշվեց ինքնիշխան ժողովրդավարության հայեցակարգը, համաձայն որի՝ նախագահի քաղաքականությունը առաջին հերթին պետք է վայելի հենց Ռուսաստանի ժողովուրդների աջակցությունը՝ անկախ արտաքին աշխարհի արձագանքներից։ Փաստորեն, առաջ էր քաշվում աշխարհից առանձին «ռուսական ժողովրդավարության» թեզիսը, որում էական էր միայն նախագահի ու նրան շրջապատող վերնախավի, ավելի ճիշտ՝ Պուտինի և նրան շրջապատող էլիտայի լեգիտիմությունը:
Բարեփոխումները առաջին և երկրորդ նախագահական ժամկետներում
2000 թվականի օգոստոսին երկրի սահմանադրական-քաղաքական համակարգում կատարված առաջին խոշոր բարեփոխումը Դաշնային խորհրդի կարգի փոփոխությունն էր, որի արդյունքում նահանգապետերը և մարզերի օրենսդիր իշխանության ղեկավարները, որոնք մինչ այդ ի պաշտոնե էին Դաշնային խորհրդում, փոխվեցին նշանակովի ներկայացուցիչներով. վերջիններս պետք է աշխատեին Դաշնային խորհրդում մշտական և պրոֆեսիոնալ հիմունքներով (ընդ որում՝ նրանցից մեկին նշանակում էր նահանգապետը, որն էլ իր հերթին նշանակվում էր նախագահի կողմից, երկրորդին՝ տեղական օրենսդիր մարմինը)։
Նույն թվականին Պուտինի կողմից ստեղծվեց աշխատանքային խումբ դատական ոլորտում օրենսդրությունը կատարելագործելու նպատակով։ Հաջորդ տարի Պուտինը ստորագրեց մի քանի առանցքային օրենքներ՝ ուղղված դատական համակարգի բարեփոխմանը. 2001 թվականին Պուտինը ստորագրեց ՌԴ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, 2002 թվականին՝ ՌԴ Արբիտրաժային դատավարության օրենսգիրքը, նույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ՌԴ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։
1990-ական թվականներին Ռուսաստանում հարկահանության միջինացված շեմը խիստ բարձրացված էր և անընդունելի էր տնտեսվարողների համար, չնայած հարկային օրենսդրության մշտական խստացմանը՝ տնտեսության հիմնական մասը կազմում էր ստվերային հատվածը, ընկերություններն ու ձեռնարկությունները զանգվածաբար շարունակում էին խուսափել հարկերից: 2000-ականներին Պուտինի կողմից ստորագրվեցին մի շարք օրենքներ, որոնցով լրացումներ կատարվեցին հարկային օրենսդրությունում։ 2001 թվականին հաստատվեց եկամտահարկի հարթ սանդղակը՝ ֆիզիկական անձանց համար 13%: Բացի այդ՝ շահութահարկի գործակիցն իջեցվեց 24%, գործարկվեց միասնական սոցիալական հարկի հետադարձ սանդղակը, հանվեցին շրջանառության հարկերը և վաճառքի հարկերը. հարկերը ընդհանուր առմամբ կրճատվեցին 3,6 անգամ (54-ից մինչև 15 տոկոս): Արմատականորեն փոփոխվեց հումքային հատվածի հարկահանության համակարգը. կատարվեց արտահանության հարկերի մեխանիզմերի վերափոխում, և հարկ մտցվեց օգտակար հանածոների արդյունահանման համար. դա թույլ տվեց ավելացնել նավթագազային վարձակալության բաժինը, որը մտնում էր պետական բյուջե: 2006 թվականին ՌԴ ֆինանսների նախարար Սերգեյ Շատալովը հայտարարեց, որ հարկային բարեփոխումների ընթացքում հարկային բեռը 34-35%-ից նվազել է մինչև 27,5%, ինչպես նաև նավթային հատվածում տեղի է ունեցել հարկային բեռնվածության վերաբաշխում։ Հարկային բարեփոխումները, անշուշտ, նպաստեցին հավաքվող հարկերի մեծացմանը և խթանեցին տնտեսական աճը։ 2001 թվականի հոկտեմբերին Պուտինը ստորագրեց ՌԴ Հողային նոր օրենսգիրքը, որն ամրապնդեց հողի սեփականության իրավունքը (բացի գյուղատնտեսական նշանակության հողերից) և սահմանեց դրա առքուվաճառքի մեխանիզմը։ Հաջորդ տարվա հուլիսին Պուտինի կողմից ստորագրվեց «Գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մասին» դաշնային օրենքը, որը վերահսկում էր նաև գյուղատնտեսական նշանակության հողերի գնման ու վաճառքի մեխանիզմները։ Նույն թվականի վերջին Պուտինը ստորագրեց նոր Աշխատանքային օրենսգիրքը, որն աշխատանքային օրենսդրությունը համապատասխանեցրեց «շուկայական տնտեսության պահանջներին»: Իրականացվեցին մի շարք այլ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ՝ կենսաթոշակային (2002), բանկային (2001-2004) և այլն։
2004 թվականի հունվարի 1-ին ստեղծվեց Կայունացման հիմնադրամը։ Հիմնադրամի հիմնական նպատակն էր ապահովել երկրի կայուն տնտեսական զարգացումը։
Ռուսաստանում նկատվում էր օտարերկրյա ներդրումների զգալի աճ՝ 2000 թվականին 11 միլիարդից 2010 թվականին հասնելով 115 միլիարդ դոլարի։ Կապիտալի արտահոսքը, որը 1990-ական թվականներին կազմում էր միջինը 10-20 միլիարդ դոլար, փոխվեց նրա ներհոսքով և 2007 թվականին կազմեց ռեկորդային 81 միլիարդ դոլար: 2001-2004 թվականներին Ռուսաստանի ՀՆԱ-ում փոքր ձեռնարկությունների բաժինն ավելացավ, իսկ 2007 թվականին նրանց թիվը գերազանցեց մեկ միլիոնը։ Փոքր և միջին ձեռնարկությունների բաժինը ռուսական ՀՆԱ-ի արտադրության մեջ 2009 թվականի դրությամբ կազմեց 21%։
2000-2008 թվերին Ռուսաստանի տնտեսությունում նկատվում է ՀՆԱ-ի աճ (2000 — 10%, 2001 — 5,7%, 2002 — 4,9%, 2003 — 7,3%, 2004 — 7,2%, 2005 — 6,4%, 2006 — 7,7%, 2007 — 8,1%, 2008 — 5,6%), արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության, շինարարության, բնակչության իրական եկամուտների աճ։ Տեղի ունեցավ աղքատության շեմից ցածր ապրող ազգաբնակչության թվի նվազում (2000 թվականի 29%-ից 2004 թվականին 18%), սպառողական վարկավորման ծավալների մեծացում (2000—2006 թվականների ընթացքում աճել է 45 անգամ). 1999 թվականից 2007 թվականը արդյունաբերության արտադրական ճյուղը աճեց 77%-ով:
2006 թվականին Դաշնային խորհրդին ուղղված նախագահական ուղերձում Պուտինը հայտարարեց Ռուսաստանում ծնելիության աճի խթանների մասին՝ մանկական նպաստների ավելացում, մայրական կապիտալի ներդրում և այլն։ 2007 թվականի ուղերձում Պուտինը նանոտեխնոլոգիաները հայտարարեց գիտության և տեխնիկայի զարգացման առաջնային ուղիներից մեկը և առաջարկեց ստեղծել նանոտեխնոլոգիաների ռուսական կորպորացիա, ինչն էլ արվեց 2007 թվականի հուլիսին։
2007 թվականին Պուտինը ստորագրեց 309-րդ օրենքը, որը չեղարկեց միջնակարգ դպրոցներում կրթության տարածաշրջանային տարբերակիչ բաղադրիչը։ Սա փաստացի հերթական քայլն էր բազմազգ ֆեդերատիվ հսկայածավալ պետությունը էլ ավելի կենտրոնաձիգ դարձնելու երկարատև պրոցեսում: Ընդհանրապես, Պուտինի կառավարման գրեթե ողջ շրջանը կարելի է ներկայացնել իբրև անցում կոնֆեդերատիզմից, որում համարյա թե հայտնվել էր Ռուսաստանը Ելցինի կառավարման վերջին տարիներին, դեպի խիստ կենտրոնաձիգ և հիերարխիկ համակարգ: Այս փուլում մենք արդեն տեսնում ենք բազմազգ պետությունում կրթության և մշակույթի ստանդարտացման փորձեր, որոնք սովորաբար հատուկ են խիստ ավտորիտար հասարակություններին:
1999-2008 թվականներին ռուսական տնտեսությունը աճել է ռուբլու արժեզրկման, տնտեսական կարևորագույն բարեփոխումների (հարկային, բանկային, աշխատանքային և հողային), կոշտ բյուջետային-հարկային քաղաքականության, մակրոտնտեսական ճիշտ քաղաքականության, ներքին պահանջարկի աճի, պետական պահուստային-կուտակային մեծ ֆոնդի, աշխարհում ոսկու երրորդ ամենամեծ պաշարների և, որ ամենից կարևորն է, հումքային ապրանքների բարենպաստ գների շնորհիվ: Տնտեսական բնագավառում ոչ միայն վերադարձվեցին 1990-ականներին կորսված բոլոր դիրքերը, այլև ստեղծվեց ծառայությունների գրեթե կենսունակ հատված, որը համարյա գոյություն չուներ խորհրդային շրջանում։ Սակայն չափազանց մեծ էր տնտեսության կախվածությունը ածխաջրածնային էներգակիրներից ու դրանց շահագործմամբ զբաղվող նորաստեղծ գերհսկա կորպորացիաներից՝ «ազգային չեմպիոններ»-ից («national champions»` պետության կողմից վերահսկվող խոշոր ընկերություններ): Վերջիններս տնտեսության մեծ հատվածներ խեղդեցին իրենց անգործության և կաշառակերության մեջ ու անդառնալիորեն վնասեցին ռուսական տնտեսության դիվերսիֆիկացիային։ Դեռ ավելին՝ էներգետիկ ակտիվների ապազգայնացումը (գործընթաց, որը սկսվել էր անգամ մինչև Պուտինի իշխանության գալը) իր հետ բերեց օլիգարխների նոր դասի առաջացում և հասարակության ֆինանսական բևեռացում։ Պուտինի կողմից ստեղծված տնտեսական մոդելը բնորոշելու համար Մարշալ Գոլդմենի կողմից ստեղծվեց «petrostate» («նավթային պետություն») եզրույթը: Ռուսաստանը կորցնում էր տնտեսությունը զարգացնելու և դիվերսիֆիկացնելու պատմական հնարավորությունը։
Վարչապետությունը
Պուտինը, չնայած իրեն ուղղված բազմաթիվ հորդորներին, սահմանադրական փոփոխությունների փաթեթի առաջարկություններով հանդես չեկավ և անընդմեջ երրորդ անգամ չդրեց իր թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ։ Փոխարենը նա իրեն հասանելի բոլոր միջոցներով աջակցեց իր մտերիմներից Դ․ Մեդվեդևի հաղթանակին։ 2008 թվականի մայիսի 8-ին՝ իր ինագուրացիայի հաջորդ օրը, ՌԴ նորընտիր նախագահ Դ. Մեդվեդևը նշանակեց Պուտինին ՌԴ վարչապետի պաշտոնում: Ռուսաստանում սկսվեց խորքային իշխանության շրջանը: Սին են վերլուծությունները, որոնք փորձում են ներկայացնել այս շրջանը իբրև երկիշխանության փուլ. իրական ողջ իշխանությունը շարունակում էր կենտրոնացված մնալ Պուտինի ձեռքում. վերջինս էր կայացնում կարևորագույն հարցերի շուրջ որոշումները: Վարչապետ դառնալով՝ Պուտինը նախագահի աշխատակազմից կառավարություն տեղափոխեց իր ողջ թիմը: Վարչապետության տարիները կապված են ներռուսաստանյան տնտեսական, տարածքային, տեղական, ոլորտային խնդիրների լուծման, ինչպես նաև ֆինանսական մեծ ճգնաժամի հետևանքների վերացման հետ (որը բավականին ծանր հարված էր հասցրել ՌԴ տնտեսությանը):
Այս շրջանից սկսած՝ Պուտինը սկսեց հանդես գալ իբրև Բելառուսի և Ղազախստանի հետ ինտեգրացիոն գործընթացների գաղափարախոս: Նոր կազմավորվող կառույցը կոչվեց Մաքսային միություն: 2015 թվականին այս կազմակերպությունը վերաճեց Եվրասիական տնտեսական միության, որը ԽՍՀՄ փլուզումից հետո մինչ օրս ստեղծված ամենամեծ ու համապարփակ ինտեգրացիոն կառույցն է տարածաշրջանում:
2012 թվականի մարտին տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջադրվելով «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունից՝ Պուտինը հաղթանակ է տանում և ընտրվում ՌԴ նախագահ երրորդ անգամ: ՌԴ վարչապետ է նշանակվում նախկին նախագահ Դ. Մեդվեդևը:
Երրորդ շրջանը և նոր համակարգի էությունը
Պուտինի նախագահության երրորդ շրջանը նշանավորվեց ստեղծված համակարգի վերջնական հաստատմամբ ու ձևավորմամբ, տնտեսական կարճատև հաջողություններով ու մշակութային-սպորտային վերելքով: Սակայն այս ամենին հաջորդեցին ուկրաինական ճգնաժամը, միջազգային մեկուսացումը, միջազգային սանկցիաները և ամենի արդյունքում՝ տնտեսական լրջագույն խնդիրները: Ռուսաստանի և անձամբ Պուտինի դիրքորոշումը այս բոլոր հարցերում ստանում էր հասարակական լայն սատարում: 2014 թվականի մայիսին «Լևադա» կենտրոնի պնդմամբ՝ Պուտինի վարած քաղաքականությունը ստացել էր ՌԴ բնակչության 85,9%-ի աջակցությունը, և, ընդհանրապես, 1999 թվականից սկսած՝ Պուտինը անընդմեջ համարվում է Ռուսաստանի ամենապոպուլյար քաղաքական գործիչը. 14 %-ից նրա վարկանիշը 2015 թվականին հասել է 86 %-ի:
2014 թվականին ուկրաինական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանի տարածքին է միացվում Ուկրաինային պատկանող Ղրիմի Հանրապետությունը, անցումը տեղի է ունենում անարյուն: Ռուսական քաղաքական միտքը գրեթե միաձայն այս հաղթանակը ամբողջովին կապում է Պուտինի անձի հետ:
Պուտինի կառավարման տարիներին տնտեսության խնդիրները ոչ թե լուծվեցին, այլ քողարկվեցին ու սառեցվեցին: 2000-ականներից սկսած՝ Ռուսաստանը սկսեց ստանալ հսկայական եկամուտներ նավթի, գազի և այլ էներգառեսուրսների վաճառքից: Ռուսական պետբյուջեն 50%-ով ձևավորվում է հենց այս ոլորտից, այն 65%-ով կախված է հումքային ռեսուրսների արտահանումից: Այսպիսով՝ ռուսական տնտեսությունը ամբողջովին կախված է էներգառեսուրսների գներից, չկա քիչ թե շատ ձևավորված և այլ երկրների հետ մրցակցելու ունակ մասսայական և որևէ արտադրություն: Այսպես՝ Ռուսաստանն իր նոմինալ ՀՆԱ-ով աշխարհում 8-րդն է՝ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի 2%-ը, (իսկ ԱՄՆ-ի, և դաշնակիցների ՀՆԱ-ն միասին կազմում է համաշխարհայինի 55%-ից ավելին:) Առանց նավթագազային բլոկի արտահանումից գոյացող եկամուտի Ռուսաստանը դուրս է մնում տնտեսական թոփ քսանյակից՝ մոտավորապես հավասարվելով Շվեդիայի ցուցանիշներին: Ռուբլու տարածվածությունը համաշխարհային առևտրում կազմում է 00.2%, իսկ վերջինիս կայունությունը ամբողջովին կապված է գազի և նավթի գների հետ: Դրան գումարած՝ փոքր և միջին բիզնեսը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում (մաքսային և հարկային քաղաքականություն)՝ համեմատած խոշորների հետ: Պատահական չէ, որ 2013 թվականի հոկտեմբերին շվեյցարական «Credit Suisse» բանկի վերլուծաբանները համաշխարհային բարեկեցության վերաբերյալ իրենց ամենամյա հաշվետվության մեջ եկան այն եզրահանգմանը, որ Ռուսաստանում 110 միլիարդատերեր տիրապետում են երկրի ազգային հարստությունների 35%-ին։
Պուտինը լրջագույն խնդիրների բախվեց նաև իր առաջնահերթություններից մեկի՝ անվտանգության ապահովման հարցում: 1999-ից մինչ օրս Ռուսաստանում տեղի է ունեցել ավելի քան 150 ահաբեկչական գործողություն, սակայն դրանցից և ոչ մեկը անգամ կարճաժամկետ տեսլականով չի հասել իր հիմնական նպատակին՝ հասարակության ահաբեկմանը:
Պուտինին հրաշալի բնութագրում է նրա համոզմունքը, որ ռուսական պետականության երկու հիմնասյուներն են ավանդական դավանանքները և միջուկային զենքը՝ դրանք համապատասխանաբար համարելով ներքին և արտաքին վտանգների կանխարգելման գործիքներ:
Նախագահի ամբողջ գործունեությունը վկայում է այն մասին, որ խիստ կենտրոնացված իշանությունը նա համարում է ՌԴ կառավարման միակ ընդունելի տարբերակը: Դա անգամ արտահայտվում է մշակութային, գիտակրթական և լրատվական դաշտերում: Ռուսաստանյան վարչակարգի անբաժան ուղեկիցն է դարձել պետական պրոպագանդան, որը ֆենոմենալ հաջողությունների է հասել՝ 21-րդ դարի հասարակության յուրահատկությունները հաշվի առնելով: Համակարգի խորքային նկարագիրը իրենից ներկայացնում է մեկ անձի շուրջ հավաքված, փոքր միջուկային թիմով երկրի կառավարում: Ամբողջ համակարգն է կառուցված նրա անձի շուրջ, ինչը նրան դարձնում է համակարգային կոնտեքստով անփոխարինելի, և հենց սա է արդի ռուսական պետականության գլխավոր թուլությունը: Համակարգն ունի մեկ գերխնդիր՝ լեգիտիմության անընդհատ ավելացում ու պահպանում. խոսքը այստեղ մեկ անձի իշխանության լեգետիմության մասին է, և հենց այդ կոնտեքստով կարելի է ընկալել արտաքին նացիոնալիստական և ագրեսիվ քաղաքականությունը, տնտեսական ծայրահեղ ծանր վիճակի քողարկումը, ուղղակի ժողովրդավարության՝ Պուտին-ժողովուրդ կապի ընգծումը (բազմաթիվ հեռուստամարաթոններ, «ուղիղ գծեր»)
Մեկ բառով՝ ՌԴ արդի հասարակական-քաղաքական կառավարման ձևը կարելի է բնորոշել իբրև նեոբոնոպարտիստական: Սա համակարգ է, որը կառուցված է մեկ անձի շուրջ, անձ, ով հերոսացված է և կրում է (կամ առնվազն թվում է, թե կրում է) այդ ժողովրդի գաղափարները և բարոյական նկարագիրը:
Գրականության Ցանկ
- Marshall I. Goldman (2008), Petrostate: Putin, Power, and the New Russia, Oxford, Oxford University Press
- Albright M. (2008), Leaders & Revolutionaries. Vladimir Putin, Times.
http://content.time.com/time/specials/2007/article/0,28804,1733748_1733757_1735578,00.html
- Putin, the Kremlin power struggle and the $40bn fortune (2007), The Guardian
http://www.theguardian.com/world/2007/dec/21/russia.topstories3
- Corruption Perceptions Index 2011, Transparency international 2011
http://www.transparency.org/cpi2011/results/
- Kramer A. (2005), $13 billion Sibneft deal fulfills Gazprom quest, The New York Times
- Energy Revenues and Corruption Increase in Russia (2006), Moscow, VOICE OF AMERICA
http://www.voanews.com/content/a-13-2006-07-13-voa25/399688.html
- Bigg (2005), Russia: Bribery Thriving Under Putin, According To New Report, Radio Liberty
http://www.rferl.org/content/article/1060104.html
- Mikhail Khodorkovsky (2012-2015), The Guardian
http://www.theguardian.com/world/mikhail-khodorkovsky
- Reports, Freedom House
https://freedomhouse.org/reports#.VdmQTpfCYfA
- GDP ranking, The World Bank 2014
http://data.worldbank.org/data-catalog/GDP-ranking-table
- Press Freedom Index 2008, Reporters without borders
http://web.archive.org/web/20090607100340/http://www.rsf.org/en-classement794-2008.html
- Russia’s oil industry2008, The Economist
http://www.economist.com/node/11332313/print?story_id=11332313
- Terrorist attacks in Russia (with statistical summary) (2015), Johnston’s Archive
http://www.johnstonsarchive.net/terrorism/terr-russia.html
- Филиппов А. В. (2007), Новейшая история России.1945—2006 гг., Глава 6, 36 Внутренняя политика в начале XXIв. — восстановление государства, Москва, Просвещение.
http://www.prosv.ru/umk/istoriya/6.html
- Могильников В. А. (2011), Восходящее родословие В. В. Путина, Генеалогический вестник, Выпуск 42, с. 70-86.
- Владимир Путин, Личный сайт, kremlin.ru
- Территория Дагестана полностью очищена отбоевиков, 1999, Лента
http://lenta.ru/russia/1999/09/16/dagestan/
- Центральная избирательная комиссия РФ. Официальный сайт (a) http://www.vybory.izbirkom.ru/region/izbirkom/?action=show&global=1&vrn=100100095619®ion=0&prver=0&pronetvd=0
- Центральная избирательная комиссия РФ официальный сайт (b) http://gd2003.cikrf.ru/gd2003/zakonodat_osnovi
- “Единая Россия” побеждает на выборах всех уровней, 2014, Газета «Коммерсантъ» http://www.kommersant.ru/doc/2567326У «Наших» кривые грабли
- Зубков Виктор, lenta.ru
- Движение «Наши» разбрасывает грабли перед Михаилом Касьяновым, 2007, gazeta.ru
http://www.gazeta.ru/politics/2007/08/28_a_2099620.shtml
- Состав и структура, Совет Федерации, официальный сайт, council.gov.ru
http://council.gov.ru/structure/
- Столяров Б. (2000), ТВОРЧЕСТВО НЕФТЯНЫХ БАРОНОВ.
http://2000.novayagazeta.ru/nomer/2000/36n/n36n-s02.shtml
- Послание Федеральному Собранию Российской Федерации (2001), Москва, Кремль, Президент россии официальный сайт
http://archive.kremlin.ru/text/appears/2001/04/28514.shtml
- Эффективность экономики России, Федеральная служба государственной статистики
http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat_main/rosstat/ru/statistics/efficiency/
- Динамика реального объема произведенного ВВП, Федеральная служба государственной статистики
http://www.gks.ru/bgd/free/b01_19/IssWWW.exe/Stg/d000/i000640r.htm
- Федеральный закон Российской Федерации от 1 декабря 2007 г. N 309-ФЗ, Российская газета
http://www.rg.ru/2007/12/05/obrazovanie-stansart-dok.html
- Возрождение России (2001), “The Financial Times”, Великобритания
http://inosmi.ru/untitled/20011030/139565.html
- Документы, Сайт Председателя Правительства
- Председатель Правительства Российской Федерации, Сайт Председателя Правительства
- Путина обвиняют в ущемлении СМИ (2005), BBC Russian
http://news.bbc.co.uk/hi/russian/russia/newsid_4350000/4350801.stm#6248869514071882
- В.Путин утвердил “смертную казнь” для СМИ (2013), Russian business channel (a)
http://top.rbc.ru/politics/08/04/2013/852889.shtml
- Россию отправили в хвост рейтинга свободы прессы (2013), Russian business channel(b)
http://top.rbc.ru/society/30/01/2013/842874.shtml
- Главред “МК” ушел из Общественной палаты из-за статьи о В.Путине (2013), Russian business channel(c)http://top.rbc.ru/politics/27/12/2013/897386.shtml
- Война Путина со свободой слова (2002),СЦИЛЛА, Аналитический и новостной сайт ИИЦ Панорамаhttp://www.scilla.ru/works/uprdem/putin6.html
- Путину присуждена премия «За уничтожение журналистики» (2007),«Эхо Москвы»
http://www.gazeta.ru/news/lastnews/2007/06/17/n_1081921.shtml
- Борьба с олигархами, (2000-2004), История одного Президента
http://запутинавв.рф/200-2004gg/borba-s-oligarxami.html
- Ходорковский готов проспонсировать единороссов (2003), kommersant.ru
http://web.archive.org/web/20090122140426/http://www.kommersant.ru/doc.aspx?newsid=65481
- Важнейшие встречи президентов с олигархами (2003), kommersant.ru
http://www.kommersant.ru/doc/365582
- Независимый экспертный доклад «Путин. итоги»(2008), Москва
http://www.nemtsov.ru/docs/putin-itogi.pdf
- Чума-2005: коррупция (2005), Аргументы и факты
http://gazeta.aif.ru/online/aif/1290/04_01
- Ильичев Г. (2008), Инфляция коррупции , финансовые известия
http://web.archive.org/web/20080511133047/http://www.finiz.ru/cfin/tmpl-art/id_art-937000
- «Диагностика российской коррупции 2005» (2005), Исследование Фонда ИНДЕМ
http://www.anti-corr.ru/awbreport/index.htm
- Козлова Н. (2006), Россия ” в группе против коррупции, Российская газета
http://www.rg.ru/2006/07/27/putin-konvencia.html
- Федосенко В. (2006), Коррупцию впишут в законы, Российская газета
http://www.rg.ru/2006/07/03/konvencia.html
- Путин подписал закон о ратификации Конвенции ООН против коррупции (2006), Комсомольская правда
- Подписан закон оконтроле за соответствием расходов лиц, замещающих государственные должности, и иных лиц их доходам (2012), Официальный сайт президента россии
http://kremlin.ru/events/president/news/17037
- Дума запретила чиновникам иметь счета и активы за рубежом (2013), Российский бизнес канал
http://www.rbc.ru/rbcfreenews/20130424171140.shtml
- Безнаказанная ксенофобия -Заявление Комитета защиты свободы совести (2006), Информационное агентство REGNUM
http://regnum.ru/news/571916.html
- Правонарушения (2012), Федеральная служба государственной статистики
http://www.gks.ru/bgd/regl/b12_01/IssWWW.exe/Stg/d09/3-5.htm
- РФ федеральный закон о некоммерческих организациях (с изменениями на 13 июля 2015 года) (2015), Электронный фонд правовой и нормативно-технической документации
http://docs.cntd.ru/document/9015223
- Всероссийский центр изучения общественного мнения
- “Левада-центр”: Путин остается самым популярным политиком в России (2006), nwww.newsru.com
http://www.newsru.com/russia/24dec2006/putind.html
- Владимир Путин – самый популярный политик России (1999), Фонд Общественное Мнение
http://bd.fom.ru/report/map/projects/finfo/finfo1999/538_11093/of19994201
- УРОВЕНЬ ОДОБРЕНИЯ ДЕЯТЕЛЬНОСТИ В.ПУТИНА НА ПОСТУ ПРЕЗИДЕНТА РОССИИ (2008), Левада центр
https://archive.is/20120716053212/old.levada.ru/prezident.html
- Латухина К. (2015), Рейтинг одобрения Владимира Путина вырос до 86 процентов Российская газета
http://www.rg.ru/2015/02/26/reiting-site-anons.html
58. ВЦИОМ: Путину доверяют почти все россияне (2008), Росбалт.ру
http://www.rosbalt.ru/main/2006/08/29/265393.html
- Как рост цен на нефть влияет на российскую экономику?, Журнал «Финанс.» №46 (232) 03 декабря ” 09 декабря 2007
- Более трети всех богатств РФ принадлежит 110 олигархам (2013),Credit Suisse, Российский бизнес каналhttp://top.rbc.ru/economics/09/10/2013/881394.shtml
- Путин дал интервью AP и Первому каналу2013, Российская газета
http://www.rg.ru/2013/09/04/intervue.html
- Статистика проведения прямых линий c Владимиром Путиным в 2001-2014 гг. (2014), ТАСС информационное агентство России
63. Putin, Vladimir V., Katalog der Deutschen Nationalbibliothek
https://portal.dnb.de/opac.htm?method=simpleSearch&cqlMode=true&query=idn%3D122188926
- Neo-Bonapartism, www.encyclo.co.uk
http://www.encyclo.co.uk/meaning-of-Neo-Bonapartism
- Crimea, Encyclopedia Britannica
http://www.britannica.com/place/Crimea
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև