Կիբերհանցագործությունները և դրանց տեսակները

Photo: http://www.informationsecuritybuzz.com
Photo: http://www.informationsecuritybuzz.com

Երկու խոսք

Օրըստօրե համացանցից օգտվողների թիվը աճում է. 2015 թ.-ին այն գերազանցել է  3.2 միլիարդը[i]: Այդպիսի հսկայական չափով օգտագործողների պարագայում կիբերտարածությունը իդեալական վայր է հանցագործների համար: Կիբերհանցագործները կարող են  մնալ անանուն և  ձեռք բերել այն անձնական  տեղեկատվությունը, որը մենք գիտակցաբար կամ պատահաբար թողնում ենք առցանց տիրույթում:
Սույն վերլուծության ընթացքում կքննարկենք, թե ինչ է կիբերհանցագործությունը, որոնք են դրա տեսակները և ինչպես  չդառնալ կիբերհանցագործության զոհ:

Ի՞նչ է կիբերհանցագործությունը

«Կիբերհանցագործությունները» հանցագործություններ են, որոնք ուղղված են  կամ համակարգիչների կամ այլ սարքերի դեմ,[ii]կամ որտեղ հանցագործությունը կատարվում է համակարգչի կամ այլ սարքերի միջոցով[iii]: Կիբերհանցագործությունների առավել տարածված տեսակներից են[iv] համակարգչային ծովահենությունը, առցանց խաբեությունները, համակարգչային համակարգերի դեմ հարձակումները, անձնական տվյալների գողությունը, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածումը: Կիբերհանցագործներին վտանգավոր լիելու համար հաճախ  չի պահանջվում տիրապետել մեծ հմտությունների, քանի որ նրանք հեշտությամբ կարող են գնել առցանց գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տեղադրել բաց մուտքեր և հաղթահարել գաղտնաբառային պաշտպանությունը: Ցավոք տեխնոլոգիական առաջընթացը չի նպաստել իրավախախտներին հեշտությամբ հայտնաբերելուն և  պատասխանատվության ենթարկելուն: Կիբերհանցագործը իրականացնում է իր գործունեությունն անանուն, ինչն էլ բարդացնում է իրավապահ մարմինների կողմից նրա տեղորոշման հարցը:[v] Այսօր կիբերհանցավորությունը վերածվել է բիզնեսի, որը ունի տարեկան 3 տրիլիոն դոլար եկամուտ[vi]:  Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներ չունեն համապատասխան կարգավորումներ և ֆինանսական կարողություններ կիբերհանցագործությունների դեմ պայքարելու համար:Ուստի զարմանալի չէ այն, որ կիբերհանցագործությունները առավել տարածված են զարգացող երկրներում:
Համաձայն պաշտոնական վիճակագրության[vii]՝ Հայաստանում կիբերհանցագործությունները մեծ տարածում չունեն, թեպետ այստեղ էլ թվերը տարեցտարի աճում են: Համակարգչային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով քրեական գործերի քննությունը կատարում են ՀՀ ոստիկանության՝ հետաքննություն և նախաքննություն իրականացնող ստորաբաժանումները: Վարչության տրամադրած տվյալների համաձայն` 2013 թ.-ին կիբերհանցագործության դեպքերով հսկողություն է իրականացվել ԱԱԾ-ում քննվող 130 քրեական գործերով: Նույն ժամանակահատվածում 39 քրեական գործի վարույթ կարճվել է: 38 անձի նկատմամբ հարուցված 31 գործ ուղարկվել է դատարան[viii]:
Ներկայումս Հայաստանում կիբերհանցագործների համար թիրախային են անհատները, էկեկտրոնային առևտուր իրականացնողները և բանկերը: Անհատների դեմ ուղղված կիբերհանցագործություններն ամենահաճախը իրականացվում են  ադրբեջանցիների կողմից: Նրանց համար տուժողի անձը երկրորդային է, առաջնայինը հայ լինելու հանգամանքն է:
Բիզնեսի տեսանկյունից թիրախային են էլեկտրոնային առևտուր իրականացնողները և բանկերը:
Ինչ վերաբերում է մեր պետական կայքերի պաշտպանության մակարդակին, ապա պետական կայքերը բավարար պաշտպանված են, սակայն խնդիրը ոչ թե կայքի, այլ տեղեկատվության պաշտպանությունն է: Վերջինիս պաշտպանության համար պահանջվում է կրթված աշխատակազմ, ինչը  Հայաստանի համար վիճահարույց է :[ix]
2001թ.-ին Հայաստանը ստորագրել է Կոնվենցիա «Կիբերհանցագործությունների մասին», սակայն դա հիմք չէ հայ-ադրբեջանական կիբերպատերազմները իրավական հարթություն տեղափոխելու համար, քանզի թե՛ Հայաստանը,  թե՛ Ադրբեջանը միջոցներ չեն ձեռնարկի թշնամու կայքերը ջարդող սեփական կիբերհանցագործներին հայտնաբերելու համար:

Կիբերհանցագործության տեսակները

Կիբերհանցագործությունների տեսակները սպառիչ ցանկով նշելը անհնարին է: Ուստի, կարծում ենք՝ տարածված տարբեր դասակարգումներից առավել նպատակահարմար է հիմք ընդունել համակարգչային հանցագործությունների տեսակների դասակարգման կրիմինոլոգիական գրականության մեջ առկա մոտեցումը և քննարկել առավել տարածում ստացած տեսակները:
Կրիմինոլոգիական գրականության մեջ տարբերակված են[x]՝

  1. տնտեսական համակարգչային հանցագործություններ,
  2. մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված համակարգչային հանցագործություններ,
  3. հասարակական և պետական անվտանգության դեմ ուղղված համակարգչային հանցագործություններ:

Առավել տարածված տեսակ են տնտեսական համակարգչային հանցագործությունները: Դրանք հանցագործներին բերում են միլիոնավոր ԱՄՆ դոլարների ապօրինի եկամուտ: Ամենատարածվածը  համակարգչային խարդախությունն է: Այն հիմնականում կատարվում է բանկային հաշիվների և բանկային քարտերի միջոցով:
Միջազգային պրակտիկայում բանկային պլաստիկ քարտերով կատարվող հանցագործությունները դրսևորվում են կորցրած կամ գողացված քարտերով, կեղծ վճարային քարտերի պատրաստմամբ կամ օգտագործմամբ, առանց քարտի ներկայացման քարտային հաշվի վերաբերյալ տեղեկատվության ապօրինի օգտագործմամբ և քարտապանի կողմից կատարվող հանցագործություններով:
Հաջորդ տարածված տեսակն, այսպես կոչված, «ֆիշինգ» զեղծարարությունն է[xi]: Այսպես՝ դուք «ֆիշինգ» զոհ եք, եթե ձեր էլեկտրոնային փոստին ստացել եք նամակ հետևյալ բովանդակությամբ՝ «Ես Ուգանդայում ապրող 80-ամյա մեծահարուստ եմ, փնտրում եմ «խելացի» և «գործունյա» երիտասարդի՝ կտակելու իմ 500.000 դոլարը: Ուղարկեք ինձ ձեր բանկային հաշվի, անձնագրի վերաբերյալ տվյալները, և ես կուղարկեմ այն ձեզ», [xii]կամ «Կորել է Ձեր բանկային վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվությունը, խնդրում ենք քարտի վերականգնման նպատակով վերամուտքագրել Ձեր բանկային քարտի տվյալները»:
Նմանօրինակ բովանդակությամբ հաղորդագրություններով հանցագործը հոգեբանական ճնշմամբ, էմոցիոնալ ազդակների գործադրմամբ կամ դրամական միջոցները կորցնելու վախի ազդեցության ստեղծմամբ խուճապ է առաջացնում տուժողի մոտ: Վերջինս  էլ  իր հերթին փորձում է ժամանակ չկորցնել ու, առանց հավաստիանալու իրեն հասցեագրված հաղորդագրության իսկության մեջ, առանց որևէ կասկածի, կամովին կիբերհանցագործին է տրամադրում սեփական բանկային հաշվի վերաբերյալ ողջ գաղտնի տեղեկատվությունը: Արդյունքում, հանցագործը սկսում է տնօրինել ձեր անձնական գումարները:
Համակարգչային հանցագործությունների մյուս տեսակը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործություններն են, որոնցից լայն տարածում ունի «համակարգչային ծովահենությունը։[xiii]: Այս հանցագործությունը դրսևորվում է համակարգչային ծրագրային ապահովման միջոցներն ապօրինի պատճենահանելու, օգտագործելու և տարածելու եղանակով: Այն էական վնաս է հասցնում համակարգչային ծրագրերի և տվյալների բազաների ստեղծման, իրավական պաշտպանության հետ կապված իրավահարաբերություններին (հեղինակային և հարակից իրավահարաբերություններ): Բացի այդ՝ այն խոշոր չափերի ֆինանսական վնաս է պատճառում ծրագրային ապահովման արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ «համակարգչային ծովահենությունից» ծագած կորուստները արտադրողների շրջանում տարեկան կազմում են 66 մլրդ դոլար: Նրա կարծիքով հայ սպառողները խնայում են իրենց ֆինանսական միջոցները և գիտակացաբար գնում են գնային առումով մատչելի ծրագրային ապահովումներ՝ ունենալով վիրուսներով վարակվելու բարձր ռիսկ:[xiv] Կարծում ենք, որ խնդիրը պայմանավորված է նրանով, որ ծրագրերը մատչելի չեն[xv] սպառողների համար: Սպառողը, տեսնելով ծրագրի անվճար տարբերակը, ձեռք է բերում այն: Վերջին տեսակը հասարակական կամ պետական անվտանգության դեմ ուղղված համակարգչային հանցագործություններն են: Դրանց թվին են դասվում հանրորեն վտանգավոր այն արարքները, որոնք ուղղված են պետական կամ հասարակական անվտանգության դեմ և հաճախ կապված են տեղեկատվության փոխանցման կանոնների խախտման, երկրի պաշտպանության համակարգի կամ դրա բաղկացուցիչ մասերի գործունեության կազմալուծման հետ և այլն:
Այսպիսով՝ կիբերհանցագործությունները տեսակների բաժանելը հնարավորություն է տալիս դրանք ուսումնասիրել՝ կախված իրենց առաձնահատկություններից, և նպատակ է հետապնդում բարձրացնել դրանց դեմ պայքարի արդյունավետությունը:

Ինչպես չդառնալ կիբերհանցագործության զոհ

Ներկայումս կիբերհանցագործությունները այնքան լայն տարածում ունեն, որ դրանցից  ամեն վայրկյան տուժում է 14 չափահաս, իսկ ընդհանուր տուժողների թիվը 431 միլիոն է: Այդ հանցագործության դեմ պայքարը պետք է ծավալի յուրաքանչյուրը` օգտվելով անվտանգության կանոններից: Ամենապարզ ուղին սովորելն է՝ ինչպես պաշտպանվել առցանց տիրույթում և ինչպես չլինել կիբերհանցագործության զոհ: Չնայած առցանց գնումներ կատարելը և առցանց բանկային ծառայություններից օգտվելը շատերիս ամենօրյա կյանքի բաղկացուցիչն են դարձել։ Պարզապես՝

  1. անհրաժեշտ է միշտ ստուգել տվյալ կայքի վստահելիությունը,
  2. անհրաժեշտ է խուսափել հանրային համակարգիչների միջոցով վարկային քարտով վճարում կատարելուց,
  3. պարտադիր է հավաստիանալ կայքերի վստահելիության և օրինակարգության մեջ՝ նախքան առցանց գնումներ կատարելը կամ բանկային տվյալները որևէ նպատակով կիրառելը,
  4. պետք է մշտապես թարմացնել համակարգչի ապահովման ծրագրերը,
  5. պետք է ընտրել ուժեղ գաղտնաբառեր և հեռու մնալ անծանոթ մարդկանց կասկածելի նամակներից, «հատուկ առաջարկներից», ձեր անձնական տեղեկությունները չտրամադրել անծանոթ միլիոնատերերի, որոնք պատրաստվում են կտակել ձեզ իրենց ունեցվածքը, կասկածելի մրցույթների կազմակերպիչների և կեղծ բանկերի:

Պահպանելով անվտանգության հետևյալ կանոնները` զերծ կմնանք խաբեությունից, չենք կորցնի մեր դրամական միջոցները և կնվազեցնենք այս հանցագործություններից տուժողների քանակը[xvi]: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից 2014թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերի ամփոփ հաշվետվության մեջ նկատվում է արձանագրված դեպքերի կտրուկ աճ: Վերը նշված ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն կատարելու 5 (Քր. Օրենսգիրք, հոդված 181), համակարգչային սաբոտաժի 4(հոդված 253), համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալու 11 (հոդված 254), պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ տարածելու 4 (հոդված 263) դեպք[xvii]:


Գրականություն

  1. “Население” Интернета оценили в 3.2 милиларда человек , http://hitech.vesti.ru/article/625286/
  2. Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսի հաշվետվություն, Դոհա, ապրիլի 12-15 2015թ.:
  3. Կիբերհանցագործության հետքերով, http://www.jnews.am/cybercrime-in-Armenia%20
  4. am, Ամփոփ հաշվետվություն` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ (2014 թ. չորս ամիսների ընթացքում)
  5. Ֆիշինգ,https://www.youtube.com/watch?v=ovwoBOeiX2w
  6. Н.А. Селиванов Проблемы борьбы с компьютерной преступностью. М. 1998
  7. Learn about cybercrime,http://archive.ankakh.com/?p=300502շ
  8. «Դատական իշխանություն» ամս., Հ. Պալյան «համակարգչային հանցավորության տեսակները» 4-5/93-94, 2007, ապրիլ-մայիս, էջ 76


[i] “Население” Интернета оценили в 3.2 милиларда человек , http://hitech.vesti.ru/article/625286/, 11.10.2017

[ii] Օրինակ՝ համակարգչային ծովահենությունը

[iii] Օրինակ՝ առցանց խաբեությունները, անձնական տվյալների գողությունը:

[iv] Learn about cybercrime, https://www.acorn.gov.au/learn-about-cybercrime ,05.11.2017

[v] Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսի հաշվետվություն, Դոհա, ապրիլի 12-15 2015թ.

[vi] Նույն տեղում

[vii] Ամփոփ հաշվետվություն` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից արձանագրված դեպքերի վերաբերյալ (2014 թ. չորս ամիսների ընթացքում), www.police.am

[viii] Կիբերհանցագործության հետքերով, http://www.jnews.am/cybercrime-in-Armenia%20

[ix] Տվյալները ստացել եմ Սամվել Մարտիրոսյանի հետ ունեցած հարցազրույցիցս

[x] А.И Долговой, Криминология,  М.2005, с. 739

[xi] Անգլերեն «fishing» բառից, որը թարգմանաբար նշանակում է «որսալ»: Բառի «f» տառը փոխարինվել է «ph»-ով և ժամանականից աշխարհում հայտնի է որպես «phising»

[xii] Ֆիշինգ,https://www.youtube.com/watch?v=ovwoBOeiX2w , 17.10.2017

[xiii] Н.А. Селиванов, Проблемы борьбы с компьютерной преступностью. М. 1998, с.8
[xiv] «Պիրատության» դեմ պայքարը՝ համաշխարհային խնդիր. Մասնագետները հորդորում են գնել միայն արտոնագրված ծրագրեր, 16.10.2017, http://archive.ankakh.com/?p=300502


Հեղինակ՝ Նարե Սմբատյան (Nare Smbatyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: