Չին-ամերիկյան տնտեսական հարաբերությունների առանցքային հակասությունները

Photo: www.huffingtonpost.com
Photo: www.huffingtonpost.com

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները առևտրատնտեսական ոլորտում տարբերվում են իրենց երկակի ստանդարտներով և բնորոշվում ինչպես լայն համագործակցությամբ, այնպես էլ դրանում առկա խորը հակասություններով: Զարգացած և զարգացող երկրների մեջ առաջնորդ այս երկրները իրենց տնտեսությամբ եթե ոչ ուղղորդում, ապա էապես ազդում են միջազգային հարաբերությունների գեոպոլիտիկ և գեոէկոնոմիկ զարգացումների վրա, ինչից էլ բխում է սույն վերլուծության արդիականությունն ու կարևորությունը:
Չին-ամերիկյան տնտեսական հարաբերությունների առաջին բնութագրիչը նրանց փոխկապվածությունն է[i]: Սակայն որքան խորանում է կապվածությունը, այնքան մեծանում է շահերի բախման շրջանակը: Առևտրատնտեսական հակասությունների մի ամբողջ շարք (առևտրային դեֆիցիտ, արժութային վեճեր, արտաքին պարտք, տնտեսական ազատականացում, տեխնոլոգիաների արտահոսք) պայմանավորված է խորը քաղաքական դրդապատճառներով, քանի որ երկու կողմն էլ այդ հակասությունները հաճախ օգտագործում են միմյանց նկատմամբ ճնշում գործադրելու և զսպելու նպատակով:
Չին-ամերիկյան տնտեսական հարաբերություններում առկա խնդիրներից առանձնացնենք հետևյալները.

  • երկկողմ առևտրային դիսբալանս
  • արժութային խնդիրներ
  • ներդրումային քաղաքականություն
  • Չինաստանի վառելիքաէներգետիկ պահանջարկի աճ
  • տարածաշրջանային մրցակցություն

Առևտրային պակասուրդի և ավելցուկի խնդիրները

ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտուրը կտրուկ աճ գրանցեց, երբ Չինաստանը անդամակցեց ԱՀԿ-ին 2001թ. դեկտեմբերին: Դրան զուգահեռ աճեց նաև ԱՄՆ-ի առևտրային պակասուրդը (դեֆիցիտը):  Ամերիկյան շատ վերլուծաբաններ գտնում են, որ երկու երկրների առևտրային դիսբալանսի պատճառը Չինաստանի կողմից իրականացվող ոչ արդար տնտեսական և արժութային քաղաքականությունն է, ինչն իր ազդեցությունն է ունենում ԱՄՆ-ի տնտեսության վրա:

ԱՄՆ-ի ապրանքային առևտուրը ՉԺՀ-ի հետ

Տարի Ներկրումը Չինաստանից Արտահանումը Չինաստան ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը ՉԺՀ-ի հետ
1995

2000

2005

2010

2012

2014

$46 մլրդ

$100 մլրդ

$243 մլրդ

$365 մլրդ

$426 մլրդ

$466 մլրդ

$12 մլրդ

$16 մլրդ

$41 մլրդ

$92 մլրդ

$111 մլրդ

$124 մլրդ

$34 մլրդ

$84 մլրդ

$202 մլրդ

$273 մլրդ

$315 մլրդ

$342 մլրդ

2016 $463 մլրդ $116 մլրդ $347 մլրդ

Աղբյուրը` U.S. International Trade Commision. URL: http://dataweb.usitc.gov/scripts/cy_m3_run.asp

Աղյուսակը չի ներառում ծառայությունների առևտուր, որտեղ ԱՄՆ-ը ՉԺՀ-ի հանդեպ ունի ավելցուկ[ii]:

ԱՄՆ-ում մտահոգություններ կան առ այն, որ առևտրային դեֆիցիտը հանգեցնում է ԱՄՆ-ում աշխատատեղերի կորստին։ Ամերիկացի միջին որակի աշխատողը 1 ժամի դիմաց վաստակում է $12.16, իսկ չինացի աշխատողը՝ $1.36: Ամերիկյան թանկ աշխատուժի պատճառով այն ընկերությունները, որոնք չեն կարողանում աշխատեցնել իրենց գործարանները ԱՄՆ-ում, դա անում են Չինաստանում։ Չինացիների դիրքորոշումն այս հարցում այն է, որ աշխատատեղերի կրճատման վրա էականորեն ազդում է տեխնոլոգիական առաջընթացը և ոչ թե առևտրային դեֆիցիտը։
Մյուս մտահոգությունն այն է, որ ԱՄՆ սպառողները աջակցում են այլ երկրների աշխատուժին։ Ապրանքային առևտրի դեֆիցիտի պարագայում ԱՄՆ-ը արտասահմանից է ձեռք բերում գործարանային ապրանքները։ Չինացի գործարանային աշխատողի արտադրանքը դեպի ԱՄՆ արտահանման դեպքում, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր արժեք կունենա, քան Չինաստանի ներքին շուկայում։
Նման խնդիրների համար չինական կողմը մեղադրում է ԱՄՆ-ին՝ նշելով, որ առևտրային հավասարակշռության ուղղությամբ Չինաստանը աշխատանքներ է տանում, սակայն դրանք միակողմանի են։ Բացի այդ՝ ԱՄՆ արտահանվող «Made in China» պիտակով շատ ապրանքների բաղադրիչներ արտադրվում են այլ երկրներում, ուստի Չինաստանը շատ չի շահում այդ արտահանումից[iii]: Բայց առևտրային վիճակագրություններում անգամ նման ապրանքների ամբողջական արժեքը հաշվվում է Չինաստանի հաշվին:
ՉԺՀ առևտրի նախարարության զեկույցում նշվում է, որ Չինաստանը երբեք չի ձգտել ունենալ առևտրային ավելցուկ և տարիներ ի վեր ակտիվ քայլեր է ձեռնարկում մեծացնելու ներկրումները ԱՄՆ-ից[iv]։ Այսօր արդեն այն ամերիկյան ապրանքների 3-րդ խոշորագույն ներկրողն է՝ իր տեղը զիջելով Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրում (NAFTA) ԱՄՆ-ի գործընկերներին: Դեռևս 2010թ. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կանխատեսումները, որ այդ տարի դեպի Չինաստան ամերիկյան արտահանման ծավալը  36%-ով աճ է գրանցելու 2009 թ.-ի համեմատ, իրականացան. 2010 թ. ամերիկյան արտահանումը Չինաստան հասավ ռեկորդային 32%-ի, իսկ չինական արտահանումը ԱՄՆ` 23%-ի[v]:
Չինացիները մեղադրում են ամերիկյան կողմին նաև նրա համար, որ վերջինս վերահսկողություն է սահմանում բարձր տեխնոլոգիաների արտահանման վրա և հորդորում են ամերիկյան կողմին թողնել սառըպատերազմյան մտածելակերպը, թուլացնել վերահսկողությունը դեպի Չինաստան արտահանումների նկատմամբ և մեծացնել բարձր տեխնոլոգիաների արտահանման ծավալները։ ԱՄՆ-ն էլ իր հերթին, հասկանալով Չինաստանի հսկայական ներուժը և ցանկանալով որոշակի առավելություն պահպանել այդ երկրի նկատմամբ, չի մեծացնում արտահանման ծավալները, ինչը բնական մոտեցում է։

Արժութային վեճ

1994թ. Չինաստանը սահմանեց յուանի փոխարժեքը դոլլարի նկատմամբ 8.3:1 գործակցով: Զարգացող երկրների դեպքում այս քայլը պատճառաբանված և սովորական էր: Սկզբնական շրջանում նման փոխարժեքով Չինաստանում առևտրային բալանսը մոտ էր զրոյականին և խնդիրներ չէր առաջացնում: Սակայն հարցն այն էր, որ Չինաստանը ուներ արտադրության կտրուկ աճ, ինչը ժամանակին համընթաց պետք է կարգավորվեր: Չինաստանը գնալով ավելի մրցունակ էր դառնում ապրանքային առևտրում, այդուհանդերձ ընդդիմանում էր փոխարժեքի կարգավորմանն ուղղված կոչերին: Ահա այս ժամանակ է, որ Չինաստանի առևտրային ավելցուկը 10%-ով գերազանցում է ՀՆԱ-ին։ Առևտրային ավելցուկի պատճառով դոլլարի նկատմամբ փոխարժեքի գործակցի բարձրացման պարագայում կենտրոնական բանկը կուտակում է պահուստները, ինչի արդյունքում Չինաստանի պահուստային ֆոնդը դարձավ աշխարհում ամենամեծը՝ հասնելով $4 մլրդ.-ի:
2005-ից Չինաստանն իրականացնում է յուանի դանդաղ և վերահսկվող ռեվալվացիայի քաղաքականություն, որը, սակայն, 2008թ. դադարեցվել էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով: Արևելյան Ասիայում, ըստ էության, ստեղծվել է երկրների մի բլոկ (Հարավային Կորեա, Ինդոնեզիա, Մալայզիա, Ֆիլիպիններ, Թայվան, Սինգապուր և Թաիլանդ), որոնց ազգային արժույթները կախված են յուանից: Ամերիկյան կողմը պնդում է, որ չինական արժույթի փոխարժեքն ավելի ցածր է շուկայական պայմաններով թելադրված փոխարժեքից, ինչը Չինաստանին առավելություն է տալիս առևտրային փոխանակման մեջ:  Արժութային վեճերի պատճառով 2009թ. ԱՄՆ-ը չինական ապրանքների 35%-ի վրա սահմանեց մաքսատուրքեր, ինչը ՉԺՀ-ն համարեց ամերիկյան պրոտեկցիոնալիստական քաղաքականության դրսևորում: Նշենք, որ Չինաստանը հերքում է յուանի փոխարժեքի հետ կատարվող խաղերի առնչությամբ բոլոր մեղադրանքները: Յուանի փոխարժեքի լուրջ բարձրացման համար հիմքեր չկան: Չինաստանի հետ առևտրում ԱՄՆ-ի պակասուրդի գլխավոր պատճառը ոչ թե յուանի փոխարժեքն է, այլ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների կառուցվածքը: Չինաստանը իր արժույթի ցածր լինելը հիմնավորում է՝ պնդելով, որ դրա բարձրացումը իր երկրի քաղաքացիներին և գործարարներին կդնի ծանր դրության մեջ և չինական տնտեսությունը կոլապս կապրի, իսկ վերջինիս անկման դեպքում զգալիորեն կտուժի թե՛ ամերիկյան, թե՛ համաշխարհային տնտեսությունը:
2008թ. տնտեսական ճգնաժամից ի վեր Միացյալ Նահանգների բյուջետային պակասուրդը սկսեց աճել: Չինաստանը, տիրապետելով 3.3 տրլն դոլլարի, իր արտասահմանյան արժութային ռեզերվում դարձել է ԱՄՆ-ի ամենախոշոր պարտատերը: 2013թ. մարտին Չինաստանը իր պահուստում ուներ ԱՄՆ-ի գանձապետարանի արժեթղթերից $1.32 տրլն.: Այսօր ԱՄՆ-ի պարտքը Չինաստանին կազմում է $600 մլրդ: ԱՄՆ-ի որոշ վերլուծաբաններ մտահոգված են, որ Չինաստանը կարող է արժեզրկել ամերիկյան դոլլարները: Սակայն Չինաստանի ֆինանսական համակարգին առավել մոտ գտնվող աղբյուրները գտնում են, որ Չինաստանը կարող է այդ դոլլարները օգտագործել երկրից դուրս[vi]: Չինաստանը հաջող կերպով կարողանում է շահարկել ԱՄՆ-ի պարտքը և իր մոտ եղած պահուստային դոլլարները, եթե ԱՄՆ-ին զսպելու առիթ է լինում այնպիսի հարցերում, ինչպես, օրինակ, մարդու իրավունքների խնդիրը, սահմանափակումներ դնելը Չինաստան արտահանվող տեխնոլոգիաների վրա, Թայվանի հարցերը և այլն: ԱՄՆ-ն էլ իր հերթին չի վճարում պարտքը, որպեսզի կարողանա Չինաստանին կախման մեջ պահել։
Փեթերսոնի միջազգային տնտեսագիտության ինստիտուտի տնտեսագետների կանխատեսումներով՝ մինչև 2030թ. յուանը դոլլարի հետ կկիսի բազային արժույթի գլխավոր հորիզոնականը (այսինքն` համաշխարհային արժույթների փոխարժեքները կախված են լինելու Չինաստանի և ԱՄՆ-ի ազգային արժույթներից), իսկ մինչև 2037թ. վերջնականապես կձևավորվի յուանից կախված արժույթներ ունեցող երկրների բլոկը[vii]:
Հատկապես զգալի է յուանի ազդեցությունը Արևելյան Ասիայում, որտեղ այն առաջ է անցել նույնիսկ դոլլարից: 2005-2008 թթ. այս տարածաշրջանի տասը երկրներից երեքում յուանը համարվում էր գերիշխող բազային արժույթ (մնացած վեցի արժույթները կապված էին դոլլարի, իսկ մեկինն էլ` եվրոյի հետ), այնուհետև 2010-2012թթ. այդ երկրների թիվը երեքից աճեց յոթի: Ներկայում դոլլարի գերիշխանության տարածքը Ասիայում սահմանափակվում է միայն Հոնկոնգով, Մոնղոլիայով և Վիետնամով: Հատկանշական է, որ դոլլարի դերն առավել որոշիչ է ոչ մեծ երկրներում, մինչդեռ յուանը գերակշռում է խոշոր տնտեսություններում:
Ի պատասխան Չինաստանի տնտեսական էքսպանսիային՝ ԱՄՆ-ն կատարեց հայտնի «Ասիական շրջադարձ»-ը (Pivot to Asia), որպեսզի իր՝ արևելաասիական տարածաշրջանում դիվանագիտական, տնտեսական, ռազմավարական ներգրավվածությամբ զսպի Չինաստանի տնտեսական և ռազմական աճը։ Միևնույն ժամանակ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովում Բ․Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ը և ութ այլ երկրներ ստորագրել են Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագիր՝ ազատ առևտրին վերաբերող, որից Չինաստանը դուրս էր մնում:
Սակայն 2017թ. հունվարին Թրամփի նախագահական հուշագրով ԱՄՆ-ը դուրս եկավ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից, որում ընդգրկված երկրները՝ ԱՄՆ առաջնորդությամբ, մեծ ներուժ ունեին խոչընդոտելու Չինաստանի տարածաշրջանային դիրքերի ուժեղացմանը։ Չինաստանը իր հերթին ակտիվ աշխատանքներ է տանում Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության և Ասիախաղաղօվկիանոսյան ազատ առևտրի գոտու շրջանակներում, որոնք համարվում են Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության հակակշիռ կառույցները։ Արտաքուստ Թրամփի հուշագիրը ավելի լայն հնարավորություններ է տալիս Չինաստանին տարածաշրջանում առաջնորդություն ստանձնելու համար: Այնուամենայնիվ, մեր համոզմամբ, ԱՄՆ-ն կպահպանի իր ազդեցությունը այստեղ արևելաասիական երկրների հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափով:

Օտարերկրյա ներդրումների անհամաչափ քաղաքականություն

Չինաստանի քաղաքականությունը օտարերկյա ուղղակի ներդրումների նկատմամբ խիստ անհամաչափ է: Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ներդրումների սահմանափակվածության չափորոշիչների՝ Չինաստանը խոշոր տնտեսություններից ամենափակն է (հատկապես արդի այնպիսի ծառայությունների սեկտորում, ինչպիսիք են ֆինանսները, հեռահաղորդակցությունը, մեդիան և լոգիստիկան): Անգամ այն ոլորտներում, որոնք համեմատաբար բաց են, ամերիկյան ընկերությունները խնդիրներ են ունենում Չինաստանում, քանի որ սեփականության իրավունքները թույլ են պաշտպանված:
Նման պարագայում չինական ընկերությունները շահում են ներքին շուկայում իրենց պաշտպանվածության շնորհիվ և այնուհետև գնում են իրենց մրցակիցներին ԱՄՆ-ում և Եվրոպայում: Վերջին տարիներին հետազոտությունները հաստատեցին Smithfield Foods-ի (խոզի մսի արտադրական ձեռնարկություն ԱՄՆ-ում) և Syngenta (շվեյցարական գյուղատնտեսական քիմիական ընկերություն ԱՄՆ-ի մեծաքանակ գործառնություններով) գնումները Չինաստանի կողմից[viii]:
2015 թ.-ից իվեր Չինաստանը սկսեց վաճառել իր խնայողությունները իր դրամական միավորի արժեքը բարձր պահելու համար, և նրա 4 տրլն․-անոց պահուստային ռեզերվը հասավ $3.1տրլն.-ի: Սակայն այժմ այն նորից սկսել է աճել, ինչի պատճառը առաջին հերթին պետությանը պատկանող գործընկերությունների ներդրումներն են արտասահմանում:

Չինաստանի վառելիքաէներգետիկ քաղաքականությունը և տարածաշրջանային ազդեցության մեծացումը

Չինաստանի վառելիքաէներգետիկ քաղաքականությունը ևս չին-ամերիկյան հարաբերությունների քննարկման առարկա է: Չինաստանին է բաժին ընկնում համաշխարհային նավթի պահանջարկի 40%-ը[ix], ինչը նշանակում է, որ այս հանգամանքը այսօր նավթի գնի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի:
2013թ. սեպտեմբերին Միջին Ասիայի երկրներ կատարած իր այցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ջինպինը հանդես եկավ 2 առաջարկությամբ.[x]

  • վերստեղծել մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին,
  • ստեղծել մետաքսի ճանապարհի ծովային գոտի։

Այս ծրագրերը նպատակ ունեն ամրապնդել Չինաստանի, Միջին Ասիայի, Եվրոպայի միջև տնտեսական կապերը և կնպաստեն Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի բնական ռեսուրսների դյուրին տեղափոխմանը[xi]:
Վերջին տարիների ընթացքում Չինաստանը ստեղծեց Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկը (Asian Infrastructure Investment Bank) և շատ ավելի հավակնոտ և հեռանկարային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ ուղղված տրանսպորտային հսկայածավալ ցանցի ստեղծմանը[xii]:
Թրամփի ադմինիստրացիայի սկեպտիկ դիրքորոշումը միջազգային վերպետական կառույցների նկատմամբ (IMF, WTO) և դրանցում գործունեության սառեցումը թույլ է տալիս Չինաստանին լցնել ստեղծվող բացը: Կայուն և հեռանկարային ծրագրեր առաջ քաշելով՝ Չինաստանը սպառնում է ԱՄՆ-ի ազդեցության թուլացմանը տարածաշրջաններում: Ասվածը վերաբերում է նաև առանձին պետությունների հետ հարաբերություններին: Ֆիլիպինների նախագահի անսպասելի և կտրուկ մերձեցումը Չինաստանի հետ ամենաակնառու օրինակն է, թե ինչպես է ԱՄՆ նախկին դաշնակիցը տեղ տալիս Չինաստանի տարածաշրջանային կշռին[xiii]։
Չին-ամերիկյան հարաբերություններում հակասություններ է առաջացնում նաև Չինաստանի ռազմական ներուժի հզորացումը, ինչը նկատելի է գլխավորապես արևելաասիական տարածաշրջանում: Անհիմն չեն ամերիկյան մտավախությունները, որ Չինաստանի հետ  արտաքին առևտրի ընդլայնումը, հատկապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, խթանում է վերջինիս ռազմական ներուժի հզորացմանը: Նրանք մատնանշում են, որ տնտեսական ոլորտում վերջին 25 տարվա նվաճումները Չինաստանը ի զորու է օգտագործել ԱՄՆ-ի դեմ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտման ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute) տվյալներով Չինաստանի ռազմական ծախսերը 2014թ. կազմել են $188 մլրդ, իսկ ԱՄՆ-ինը` 640 մլրդ: Սակայն ամերիկյան ներքին շուկայում չինական արտադրանքի իրացման արդյունքում ստացվող եկամուտը Չինաստանն ուղղում է իր ռազմական ներուժի հզորացմանը, ինչը տարեցտարի ավելանում է: Վաշինգտոնը մտահոգված է նաև այն պատճառով, որ Չինաստանը տարբեր ճանապարհներով ձեռք է բերում ամերիկյան տեխնոլոգիական նորամուծությունները և արդիականացնում իր ռազմական ներուժը:

Ամփոփում

Դեռևս իր նախագահական ընտրարշավի ժամանակ Թրամփը խոստանում էր մեծացնել մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ։ «Պրոտեկցիոնիստական» որակավորում ստացած նրա դիրքորոշման պատճառը, կարծում ենք, ԱՄՆ քաղաքացիների, հատկապես գործազուրկ հատվածի վստահության շահումն էր և հույսեր արթնացնելը, որ ամերիկյան շուկան կպաշտպանվի չինական ապրանքների էսպանսիայից, իսկ աշխատատեղերի թիվը կշատանա։
Սակայն 1 տարվա նախագահության շրջանում դեռ չի իրագործվել Թրամփի այս խոստումը և, ամենայն հավանականությամբ, չի էլ իրագործվի։ Չինաստանի՝ նման հզոր տնտեսական մրցակից դառնալու պատճառն այն էր, որ Դեն Սյաոպինը սկսեց արտաքին տնտեսական բաց քաղաքականությունը 1980-ականներից, և երկիրը մեծապես շահեց ամերիկյան ներդրումներից և տեխնոլոգիական տրանսֆերներից: Արդյունքում չինական արտահանման մաքուր արժեքի մեծ մասը, որոշ չափումներով՝ 55%-ը, բաժին է ընկնում ամերիկյան ընկերություններին և աշխատողներին: Տնտեսական սանկցիաներ դնելուց խուսափելու բացատրությունն այն է, որ դրանց կիրառվելու պարագայում ԱՄՆ-ը նույնքան ուժեղ հարված կկրի։ Ավելին, հնարավոր է, որ մաքսատուրքերից Չինաստանը այսօր ավելի քիչ կտուժի, քան, օրինակ, 10 տարի առաջ, քանի որ այն ապրանքային ու նաև արտաքին ներդրումների արտահանմամբ այլևս չի սահմանափակվում ԱՄՆ շուկայով։

Գրականություն

  1. CRS Report R41108, S.-China Relations: An Overview of Policy Issues, Susan V. Lawrence. , August 1 2013
  2. CRS Report RL33536, China-US trade issues, by Wayne M. Morrison
  3. Guangkai X., International Situation and Security Strategy, China Institute for International Strategic Studies, Beijing, 2009
  4. https://www.brookings.edu/- Brookings հետազոտական ինստիտուտի պաշտոնական կայք
  5. Lio Zongyi, China’s Economic Relations with SAARC: Prospects and Hurdles, China International Studies, September/Octember 2014
  6. Research Report on China-US Economic and Trade Relations, Ministry of Commerce of the People’s Republic of China, May 25th , 2017, http://images.mofcom.gov.cn/www/201705/20170525093626470.pdf
  7. Timothy F. Geitner. China’s Currency Policies and the U.S.-China economic relationship


[i] Թե որքանով են փոխկապակցված այս երկրների տնտեսությունները, ցուցադրում է այն փաստը, որ ԱՄՆ-ում ՀՆԱ-ի 1% անկման դեպքում չինական էքսպորտը ամերիկյան շուկայում անկում է ապրում 4-5%-ով, տե՛ս՝ Guangkai X., International Situation and Security Strategy, China Institute for International Strategic Studies, Beijing, 2009, P. 66
[ii] Մանրամանս տես` CRS Report RL33536, China-US trade issues, by Wayne M. Morrison
[iii] Զեկույցում բերվում է Apple Iphone-ի օրինակը, http://images.mofcom.gov.cn/www/201705/20170525093626470.pdf
[iv] http://images.mofcom.gov.cn/www/201705/20170525093626470.pdf , p. 71
[v] Timothy F. Geitner. China’s Currency Policies and the U.S.-China economic relationship. September 16. 2010 http://www.treas.gov/press/releases/tg858.htm
[vi] CRS Report R41108, U.S.-China Relations: An Overview of Policy Issues, Susan V. Lawrence. , August 1 2013, p. 41
[vii] http://armef.com/news/category/comment/article/article_1377676743
[viii]  https://www.brookings.edu/research/the-future-of-u-s-china-trade-ties/
[ix] International Energy Agency, Key World Energy Statistics, 2012, 2012, p .45, http://www.iea.org/publications/freepublications/publication/name,31287,en.html.
[x] Xi Jinping, President of the Peoples Republic of China, Speech at the Indian Council of World Affairs, New Delhi, 18 September 2014
[xi] Lio Zongyi, China’s Economic Relations with SAARC: Prospects and Hurdles, China International Studies, September/Octember 2014, p.127
[xii] https://www.academia.edu/34495264/Trump_and_the_Asia-Pacific_Do_the_Ties_Still_Bind
[xiii] https://www.academia.edu/34495264/Trump_and_the_Asia-Pacific_Do_the_Ties_Still_Bind


Հեղինակ` Արմինե Մուրադյան (Armine Muradyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Armine Muradyan
Միջազգային հարաբերությունների մագիստրոս, հետաքրքրությունների շրջանակը՝ թուրք-ամերիկյան հարաբերություններ, ցեղասպանագիտություն, համաշխարհային քաղաքական արդի գործընթացներ։