Արևելք թե արևմուտք. քաղաքակա՞ն, թե՞ քաղաքակրթական ընտրություն

Photo: http://www.panarmenian.net
Photo: http://www.panarmenian.net

Մարդկության զարգացումն անընդհատ ուղեկցվել է տարբեր հասարակությունների մշակութային, արժեքային-գաղափարական ինքնատիպության ձևավորման գործընթացներով, ինչի արդյունքում ի հայտ են եկել պետության ու հասարակության կառուցման տարբեր մոդելներ: Մասնավորապես՝ ելնելով պատմական զարգացման առանձնահատկություններից՝ ժամանակի ընթացքում ձևավորվել են արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունների մասին պատկերացումներն ու դրանց միջև ընտրություն կատարելու օրակարգերը: Քանի որ մենք երկար դադարից հետո անկախություն ձեռք ենք բերել ընդամենը 26 տարի առաջ, հասարակության կառուցման արևմտյան կամ արևելյան մոդելների միջև ընտրություն կատարելու խնդիրը հենց դրանից ի վեր կարելի է օրակարգային ու արդիական համարել, քանի որ պետականության բացակայության պայմաններում նման նպատակ հետապնդելը ժամանակավրեպ է: Մեզ համար այս հարցի քննարկումն արդիական է հատկապես ինտեգրացիոն գործընթացներում ՀՀ-ի ներգրավվածության խնդիրները քննարկելիս, քանի որ ներկայումս պետությունների արտաքին քաղաքական կողմնորոշմամբ պայմանավորված որոշ վերպետական ինտեգրացիոն կազմակերպությունների միանալը պետության ներսում սոցիալ-քաղաքական որոշակի զարգացումների է հանգեցնում: Բացի այդ, մաս կազմելով քաղաքական որևէ վերպետական միավորման՝ պետությունները զգալիորեն կրում են դրանում առկա հավաքական սոցիալական, քաղաքական յուրահատկությունների ազդեցությունը, իսկ նշված քաղաքակրթական ընտանիքներ տանող ճանապարհներն արդի աշխարհաքաղաքականության մեջ անցնում են հենց այդ վերպետական միավորումներով: Սույն վերլուծության մեջ կփորձենք ներկայացնել, թե որքանով են արևմուտք-արևելք տարանջատումն ու դրանց միջև ընտրություն կատարելու օրակարգերն արդարացված, ինչպիսի խնդրահարույց կողմեր ունի ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը այս համատեքստում, և կփորձենք հասկանալ՝ արդյոք արևմուտք կամ արևելք գնալը քաղաքակա՞ն ընտրություն է, թե՞ քաղաքակրթական:

Պատմական ակնարկ

Հայոց պետականության առաջ արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը դրվել է դեռևս դարեր առաջ՝ հայոց պետականության գոյության շրջաններում, երբ անընդհատ գտնվելով տարբեր քաղաքակրթությունների ու աշխարհակալ տերությունների բախման խաչմերուկում ու կարևոր ստրատեգիական դիրք զբաղեցնելով հյուսիսը հարավին ու արևելքն արևմուտքին կապող կետում՝ ստիպված է եղել հստակեցնել իր կողմնորոշումը դեպի այս կամ այն ուժային բևեռը: Արտաշեսյանների դինաստիայի և, մասնավորապես, Արտաշես I-ի ու Տիգրան Մեծի օրոք, սակայն, հայկական պետությունը, ունենալով զգալի պոտենցիալ ու ռազմաքաղաքական ազդեցություն տարածաշրջանում, ոչ միայն իր օրակարգում չուներ այս կամ այն տերությանը հարելով սեփական անվտանգությունն ապահովելու խնդիր, այլև ինքն էր հանդես գալիս աշխարհակալական նկրտումներով ու լուրջ խնդիրներ առաջացնում Արևելք ձգտող Հռոմի ու Պարսկաստանի հեգեմոնիայի հաստատման ճանապարհին: Արշակունիների օրոք արդեն, երբ 3-րդ դարի առաջին կեսից Սասանյան Պարսկաստանը ամեն կերպ ձգտում էր հպատակեցնել հայոց թագավորությունը, որտեղ իշխում էր հայկական ժառանգական դինաստիայի վերածված Սասանյանների հակառակորդ պարթև Արշակունիների մի ճյուղը, Հայաստանը ստիպված էր հայացքն ուղղել դեպի արևմուտք՝ Հռոմ, որը կարող էր այդ ժամանակ միակ դաշնակիցը լինել ընդդեմ պարսկական վտանգի: Նպատակ ունենալով սույն պատմական անդրադարձով ներկայացնել հնում հայոց պետության արտաքին կողմնորոշման որոշ կարևոր ասպեկտներ՝ հարկ ենք համարում նշել, որ կախված տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից ու հայկական պետության հզորությունից՝ այն տարբեր դրսևորումներ է ունեցել: Ավելին, դրանում հաճախ քաղաքակրթական համապատասխանությունը երկրորդական դեր է խաղացել, քանի որ կենսական խնդիր հայոց պետության համար եղել է անկախության պահպանումը, իսկ որպես արտաքին դաշնակիցներ կարող էին հանդես գալ նաև կրոնական, մշակութային քիչ ընդհանրություններ ունեցող երկրները, երբ, դիցուք, քրիստոնյա Հռոմն ու ավելի ուշ՝ Բագրատունիների շրջանում Բյուզանդական կայսրությունը փորձում էին վերացնել հայոց պետականությունը: Այսինքն՝ աշխարհաքաղաքական իրադրությունն ու պետությունների նվաճողական նկրտումները ստիպում էին համագործակցել այն ուժերի հետ, որոնք կարող են ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել, իսկ քաղաքակրթական ընդհանրությունները կրոնի, մշակույթի և մյուս գործոնների առումով այդքան էլ չէին սահմանում պետությունների արտաքին քաղաքական օրակարգերը: Ուստի կարող ենք եզրակացնել, որ հնում փոքր պետությունները, որոնց համար կենսական են եղել պետականության պահպանման խնդիրները, ձգտել են արտաքին հարաբերություններում կողմնորոշվել ոչ այնքան քաղաքակրթական ընդհանրություններով ու նախընտրություններով, այլ առկա այլընտրանքներով:

Արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունների բնութագիրը

Իսկ ինչ են իրենցից ներկայացնում արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները, որն է սրանց միջև ջրբաժանն ու տարբերակիչ հատկանիշները: Որպես նման տարանջատման հիմք ծառայել են ոչ միայն աշխարհագրական դետերմինանտներն ու ժողովուրդների զբաղեցրած արեալները, այլև այդ ժողովուրդների՝ միմյանցից տարբերվող մենթալիտետները, այսինքն՝ աշխարհի ու գիտական, կրոնական, գեղարվեստական, էսթետիկ ու հոգևոր արժեքների ճանաչողության առանձնահատկությունները, աշխարհայացքների, հասարակության սոցիալ-տնտեսական ու քաղաքական կառուցվածքի յուրահատկությունները: Արևմտյան մենթալիտետը հակված է առավել դինամիկ կենսակերպին, գիտատեխնիկական առաջընթացին, հասարակության ու մշակույթի կատարելագործմանը, մարդկային գործունեության բոլոր ոլորտների մշտական զարգացմանը: Անհատի կարևորության գաղափարը, նրա ստեղծագործական զարգացումն ընկած են արևմտյան հասարակության հիմքում: Անցումը հնից դեպի նորը ընկալվում է որպես հնացած արժեքների, սոցիալ-տնտեսական ու քաղաքական համակարգերի վերափոխում, քանի որ դրանից է կախված հասարակության հետագա առաջընթացը: Արևելյան մտածողությանն ու կենցաղավարությանն առավել բնորոշ են կրոնական ու բարոյական ավանդույթների ու նորմերի առաջնայնությունը, հակառակ արևմուտքում առկա ռիթմիկ կենսակերպին ու անընդհատ փոփոխվող ու կատարելագործվող հասարակական հարաբերություններին՝ կոնսերվատիզմը, ընդունված վարքագծի նորմերի խիստ պահպանումը, պասիվությունը, հարգանքն ու լոյալությունը ավանդույթների ու սովորույթների հանդեպ: Ի տարբերություն արևմտյան անհատակենտրոնությանը՝ արևելյան մենթալիտետին բնութագրական է մարդու ընկալումը որպես հավաքականության ներկայացուցիչ, ում գլխավոր խնդիրը ընդհանուրին ծառայելն է:
Ըստ էության՝ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միմյանց չեն բացառում՝ չնայած դրանցում առկա հակադիր երևույթներին, քանի որ երկուսն էլ մարդկային քաղաքակրթության տարբեր դրսևորումներ են՝ հասարակական կազմակերպման ուրույն համակարգերով ու սկզբունքներով: Արևմուտքում առկա անընդհատ փոփոխվող ու առաջ գնացող կենսակերպը, մարդկային գործունեության սկզբունքների ու նորմերի պերմանենտ էվոլյուցիան հանգեցրեց առավել ճկուն ու ֆունկցիոնալ հասարակական համակարգի հաստատմանը, ինչը արժեքային-գաղափարական ու գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ արևմտյան հասարակություններին հասցրեց քաղաքակրթական զարգացման ավելի բարձր մակարդակի: Ի հակադրություն դրան՝ արևելքում արմատացած իներտությունը, արժեքային ու նորմատիվ կայունությունը, ինչպես նաև մարդու՝ որպես առանձին սուբյեկտի ընկալման բացակայությունը հանգեցրին բավականին հիերարխիկացված ու ավանդական հասարակությունների ձևավորմանը, որոնք հասարակական կյանքի առաջընթացով էապես հետ են մնում: Արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունների համառոտ նկարագիրը տալուց հետո փորձենք հասկանալ՝ արդյոք հայերը պատկանու՞մ են նշված քաղաքակրթություններից որևիցե մեկին, թե՞ ոչ:

Հայերը՝ քաղաքակրթությունների խաչմերուկում

Դարեր շարունակ հայ ժողովուրդը գտնվել է տարբեր քաղաքակրթությունների, տարբեր մշակույթ ու ավանդույթներ ունեցող ժողովուրդների ներգործության ոլորտում, ինչը խորքային ազդեցություն է ունեցել հայկական արժեհամակարգի ու մտածողության ձևավորման վրա: Հելլենիզմի ժամանակաշրջանից սկսած հայկական արժեհամակարգը, ենթարկվելով մի կողմից հունա-հռոմեական, իսկ մյուս կողմից՝ պարսկական, ապա՝ արաբական, մոնղոլական, թյուրքական (օսմանյան) մշակույթների ահռելի ազդեցությանը, էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե պետականության գոյության ժամանակ հնարավոր էր դիմակայել արտաքին սպառնալիքներին ու պահպանել սեփական արժեհամակարգն ու դիմագիծը, ապա Արշակունիների դինաստիայի անկումից հետո պարսկա-բյուզանդական, ապա արաբական տիրապետության օրոք հայ ժողովուրդն ընկած էր օտար նվաճողների տիրապետության ներքո՝ մշտապես ձուլելու ու անդեմ հպատակի վերածելու սպառնալիքի տակ լինելով: Նույն գործընթացը շարունակվել է նաև 11-րդ դարից ի վեր՝ շուրջ 9 դար: Չձուլվելով և այլ ժողովուրդների պես պատմության թատերաբեմից չանհետանալով՝ հայերը, այնուամենայնիվ, էապես կրել են արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունների ազդեցությունը: Եվ եթե փորձենք հայացք գցել դրանց բնութագրական հատկանիշներին և առանձնացնել հայկական մենթալիտետի բնորոշ կողմերը, ապա կնկատենք ընդհանուր հատկանիշներ երկու քաղաքակրթություններից էլ. օրինակ՝ ավանդապաշտ, առկա սովորույթներին ու արժեքներին հավատարմությունը արևելյան քաղաքակրթության գործուն ազդեցության հետևանք է, միաժամանակ անհատակենտրոնությունն ու ազգի հավաքականության, կոլեկտիվիզմի բացակայությունը կարելի է արևմտյան ներգործության հետևանք համարել: Անգլիացի անվանի գիտնական Ա. Թոյնբին, ով հայտնի է քաղաքակրթությունների տիպաբանության ներկայացմամբ, առաջ է քաշել «լոկալ քաղաքակրթություններ» եզրույթը, որի համատեքստում էլ որոշ հեղինակներ[i]խոսում են առանձին հայկական քաղաքակրթության մասին: Մեր խորին համոզմամբ՝ հայ ժողովուրդը, անընդհատ գտնվելով այլ քաղաքակրթությունների հատման կետում, ավելի շատ կամուրջ է հանդիսացել դրանց միջև, մշտապես կրել վերջիններիս ազդեցությունը, և որ հայկական մշակույթը, ավանդույթները, կենցաղավարությունն ու աշխարհայացքն ընդհանրապես նշված քաղաքակրթությունների տարբեր կողմերի սինթեզ են, մի համադրություն, որը մեզ տանում է և՛ դեպի արևելք, և՛դեպի արևմուտք: Ուստի, մեր կարծիքով, հայերս ոչ թե եվրոպական կամ էլ ասիական ժողովուրդ ենք, այլ կրելով դրանց յուրահատկությունները՝ իրավամբ կարող ենք համարվել եվրասիական ժողովուրդ: Այս պարագայում արդեն ուրույն հայկական քաղաքակրթության մասին խոսելը, կարծում ենք, այդքան էլ հիմնավոր չէ, քանի որ ամեն մի քաղաքակրթություն պետք է աչքի ընկնի մյուսների համեմատ իր հստակ տարբերակիչ առանձնահատկություններով, որոնք էլ հենց այդ սոցիալ-մշակութային համակարգերին դարձնում են քաղաքակրթություն: Հայ ժողովրդի հոգևոր, մշակութային, գաղափարական դարավոր համակարգը կարելի է համարել արևմտյան ու արևելյան քաղաքակրթական բաղադրիչների սինթեզը, և միայն հնդեվրոպական լեզվաընտանիքում հայերենի առանձին ճյուղ լինելը, քրիստոնեությունն առաջինը ընդունելն ու առանձին ուղղության կրող լինելը հայկական քաղաքակրթության մասին դեռևս չեն վկայում: Ավելին՝ Ա. Թոյնբին կենդանի 7 քաղաքակրթություններից բացի հիշատակում է ևս 14 մեռյալ քաղաքակրթություններ՝ շումերական, բաբելոնյան, անդյան և այլն: Սրանք գոյություն չունեն այժմ և կորել են պատմության թատերաբեմից, սակայն զգալի ներդրում են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ, և եթե որպես հայկական առանձին քաղաքակրթության գոյության հիմք համարենք հայ ժողովրդի գոյատևումը մինչև օրս ու չոչնչանալն այլ ժողովուրդների պես, ապա դա թույլ փաստարկ է՝ վերոնշվածը հաշվի առնելով:

ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն ու քաղաքակրթական առանձնահատկությունները

Այժմ արդեն փորձենք անդրադառնալ ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրներին՝ ներկայացված պատմական փաստերն ու եզրահանգումները հիմք ընդունելով: Անկախացումից հետո մեր առջև դրված կարևորագույն խնդիրը եղել և շարունակում է մնալ հասարակության արդիականացումն ու արդար, բարեկեցիկ, ժողովրդավարական պետության ստեղծումը: Թե ինչու ենք մենք ու, մասնավորապես, իշխանությունները ձախողել սրա իրականացումը՝ երկար կարելի է խոսել, ինչը սույն վերլուծության համար նախատեսված չէ: Հայաստանը անկախացման ուղին բռնել է որպես հետխորհրդային պետություն, և որքան էլ խոսենք արևմուտքի հետ հաստատված հարաբերություններից ու համագործակցության հեռանկարներից, միևնույն է, արտաքին հարաբերություններում ի սկզբանե առաջնային վեկտորն ուղղվել է դեպի Ռուսաստան: Սրա ցայտուն վկայությունը 1997 թ. օգոստոսի 29-ին կնքված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրն է, որը մեծապես կանխորոշեց երկկողմ հարաբերությունների ու ՀՀ արտաքին քաղաքական կուրսի՝ մեզ համար անբարենպաստ ապագան: 2000-ականների սկզբներից, երբ Ռուսաստանում Վ.Պուտինի իշխանության գալուց հետո խնդիր դրվեց վերականգնելու երկրի դերն ու կշիռը աշխարհաքաղաքական գործընթացներում ու վերափոխել առկա միաբևեռ աշխարհակարգը՝ սկսվեց հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացման հետևողական մի գործընթաց, որն իր պտուղները սկսեց տալ արդեն մի քանի տարի անց: Լինելով նախկին ԽՍՀՄ լոկոմոտիվ պետությունը՝ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը հետխորհրդային պետությունների վրա սրանց իր ազդեցության գոտում պահելու ու իր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար: Խորհրդային միության փլուզումը ուղեկցվեց դրանում առկա բազմաթիվ տարածքային ու էթնիկ սառեցված հակամարտությունների բռնկմամբ, քանի որ միությունը կազմավորվել էր բռնակցման ճանապարհով, և դրա մաս կազմող հանրապետությունների սահմանները գծելիս էթնիկական ու տարածքային պատկանելության շատ բաղադրիչներ անտեսվել էին կամայականորեն: Ռուսաստանը հետխորհրդային տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար որպես գործուն լծակ օգտագործում է հենց այդ առկա սառեցված հակամարտությունները՝ ըստ իրադրության դրանց սառեցման ու էսկալացման միջոցով մշտական ճնշում գործադրելով այդ պետությունների վրա ու նրանց իր քաղաքական ուղեծրում պահելով: Եվ քանի որ Ռուսաստանը այս տարածաշրջանում շատ ավելի մեծ կշիռ ունի, քան արևմուտքը, ապա նրա հետ հաշվի չնստելը ու ինքնաբավ քաղաքականություն վարելը փաստացի հնարավոր չէ: Եթե այս ամենը տեղայնացնենք ՀՀ-ի վրա, ապա ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան հակամարտության սառեցման ու պարբերական էսկալացմամբ ուժային կենտրոններից շահագրգիռ է մեծապես Ռուսաստանը, քանի որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար կարևոր այս խնդիրը նման կերպ օգտագործելով ու դրա վրա մեծ ազդեցություն գործելով՝ Ռուսաստանը կաշկանդում է մասնավորապես Հայաստանին իր վարած արտաքին քաղաքականության մեջ՝ անվտանգության սպառնալիքներից ելնելով: Ակնհայտ է այն փաստը, որ երբ պետությունը չունի բավարար տնտեսական, սոցիալական, ռազմական պոտենցիալ, չի կարող վարել ինքնաբավ արտաքին քաղաքականություն և ստիպված է իր պաշտպանական ու անվտանգության խնդիրները լուծելու համար հարել այս կամ այն ուժային բևեռի աջակցությանը: Հաշվի առնելով թե՛ ղարաբաղյան հակամարտության առկայությունը, թե՛ փակ սահմաններն ու ոչ բարյացկամ հարևանների առկայությունը և թե՛ բազմաթիվ ներքին սոցիալական ու տնտեսական սպառնալիքներ՝ հանգում ենք եզրակացության, որ Հայաստանը ներկայումս կաշկանդված է իր արտաքին քաղաքական օրակարգը ինքնուրույն սահմանելիս: Սակայն մի կողմից մենք չենք կարող ցանկության դեպքում պոկվել Ռուսաստանից և գնալ արևմուտքի հետ սերտ համագործակցության բոլոր ոլորտներում, և մյուս կողմից՝ չի կարելի հայտնվել Ռուսաստանի տոտալ վերահսկողության ներքո, ինչը բազմապիսի սպառնալիքներ է իրենից ենթադրում: Լինելով թե արևմտյան, և թե արևելյան քաղաքակրթությունների կրող, կարող ենք գնալ պետության կառուցման արևմտյան մոդելով, քանի որ եթե արևմտյան (եվրոպական) արժեքներ ասելով հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, սոցիալական արդարությունը, հասարակության բարեկեցությունը և այլն, ապա սրանց կայացումը հնարավոր է այնքանով, որքանով որ սրանք մեզ խորթ արժեքներ չեն: Անկախացումից հետո հասարակության մեջ առկա սոցիալ-քաղաքական մշակույթը, հանրային մենթալիտետի որոշ կարևոր տարրեր անհրաժեշտ բարեփոխման չենթարկվեցին, և նման պայմաններում վերոնշյալ առաջընթացն ապահովելը պրակտիկորեն հնարավոր չէր:  Տեսական մակարդակում ցանկանում ենք ունենալ եվրոպական տիպի պետություն, ունենալ բարեկեցիկ ու արդար հասարակություն, սակայն կենցաղավարության մեջ շարունակում ենք առաջնորդվել այն արմատացած կարծրատիպերով ու սովորույթներով, որոնք մեր պատկերացրած արժեքների հաստատմանը տրամագծորեն հակառակ են, և արդյունքում հայտնվում ենք տեղապտույտի մեջ ու չենք կողմնորոշվում ո՛չ մեր ցանկությունների հստակեցման, և ո՛չ էլ պրակտիկայի վերափոխման հարցում: Եթե խնդիրը դիտարկում ենք ԵՄ-ի հետ ասոցացման համապատասխան համաձայնագրերի ստորագրման ու այդ կերպ եվրոպական ինտեգրմանը գնալու տեսանկյունից, ապա ամեն բան այստեղ հարթ չէ ոչ միայն տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության ու Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով, այլև առավել սոցիալ-մշակութային կտրվածքով: Եվրոպական արժեքներ կոչվածը ինքնին արհեստական ու թյուրընկալվող հասկացություն է, քանի որ շատերը դրա տակ հասկանում են սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, միասեռական ամուսնությունների օրինականացումը ու հայ հասարակության մենթալիտետին ու արժեքներին հակասող նմանատիպ այլ երևույթներ: Մեր խորին համոզմամբ՝ մենք, լինելով ավանդական հասարակություն ու ամուր կրելով մեր արմատացած մի շարք ավանդույթներ ու արժեքներ, պատրաստ չենք հասարակությանը վերափոխել այն աստիճանի, որ նշված խորթ համարվող երևույթները նորմալ ընկալվեն մարդկանց կողմից: Ընդ որում՝ դա անհրաժեշտ չէ այնքանով, որքանով որ հնարավոր է այդ երևույթների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը հասցնել հանդուրժողականության մակարդակի՝ սակայն միաժամանակ նաև դրանք չվերածելով բնականոն ու համընդհանուր աջակցության և խրախուսման արժանացող երևույթների՝ իբրև մարդկանց անօտարելի իրավունքների ու ազատությունների դրսևորում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզնում առկա են շատ էլեմենտներ թե՛ արևմտյան ու թե՛ արևելյան արժեհամակարգերից, անհրաժեշտ է մշակել պետության ու հասարակության կառուցման ուրույն մի մոդել, որը չպետք է տիպիկ ձևով կրկնօրինակի արևմտյանը կամ արևելյանը: Պետք է կարողանանք արևմուտքից վերցնել այն, ինչն իրոք անհրաժեշտ է մեզանում սոցիալական, տնտեսական ու քաղաքական լուրջ մարտահրավերները լուծելու համար, բայց միաժամանակ մենք պետք է կարողանանք պահպանել նաև մեր ավանդապաշտության որոշ կարևոր էլեմենտներ, քանի որ ավանդապաշտությունն ինքնին դեռ չի հակասում հասարակական էվոլյուցիային:
Արդի միջազգային հարաբերություններում շատ հաճախ աշխարհագրական դիրքից, տարածաշրջանային քաղաքական իրադրությունից և այլ գործոններից ելնելով՝ պետությունները պարտադրված ընտրություն են կատարում արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում: Առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ իրողությունները ստիպում են առաջնորդվել ոչ թե արժեհամակարգային, սոցիալ-մշակութային և այլ բնույթի նախընտրություններով, այլ առկա քաղաքական իրադրությունն ու մարտահրավերները հաշվի առնելով՝ ցանկալիի ու հնարավորի միջև խիստ հակասություն է ի հայտ գալիս: Դիցուք՝ Հայաստանը կարող է սոցիալ-քաղաքական, տնտեսական, արժեքային վերափոխման հրամայականից ելնելով՝ ձգտել ինտեգրվել եվրոպական ընտանիքին, սակայն տարածաշրջանային ռազմաքաղաքական մարտահրավերները, Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների բնույթն ու դրա հետ շաղկապված այլ խնդիրներ Հայաստանին, միևնույն է, պահում են Ռուսաստանի քաղաքական ուղեծրում: Գալով այն եզրահանգմանը, որ Հայաստանը մի շարք պատճառներով չի կարող ինքնաբավ արտաքին քաղաքականություն վարել, բայց և դրա հետևանքով չպետք է ընկնել Ռուսաստանի տոտալ վերահսկողության ներքո ու զրկվել սուվերենության իրացման ու ինքնուրույն արտաքին քաղաքական որոշումներ կայացնելու իրավունքից. Հայաստանը պետք է կարողանա հավասարակշռություն պահել երկու ուժային կենտրոնների միջև՝ համակցելով ու խորացնելով համագործակցությունը թե Արևմուտքի, և թե եվրասիական տարածաշրջանի խաղացողների հետ: Սրան հնարավոր է հասնել միայն այն պարագայում, երբ Հայաստանը կարողանա հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանել այն գիծը, որտեղ արդեն ռուսական հավակնությունները հատվում են մեր ազգային ու պետական շահերի հետ: Կովկասյան տարածաշրջանում Հայաստանը չափազանց կարևոր ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի համար, ուստի այդ հանգամանքը պետք է հնարավորին չափ օգտագործվի երկկողմ հարաբերություններում որոշակի հավասարակշռություն պահպանելու համար, իսկ Ռուսաստանը չդիտարկվի Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության գրավական ու երաշխավոր:



[i] http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2480&sphrase_id=63986


Հեղինակ՝ՀայկՍահակյան (Hayk Sahakyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Hayk Sahakyan
Քաղաքագետ, լրագրող։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը՝ ժողովրդավարացումը հետավտորիտար հասարակություններում, անցումային գործընթացներ, տարածաշրջանային քաղաքականություն։