Համաշխարհային քաղաքականության կարևորագույն դերակատարների հետ ցանկացած երկրի արտաքին քաղաքական հարաբերությունները մշտապես հայեցակարգային վերաիմաստավորում, ինչպես նաև ճշգրտում են պահանջում՝ կախված տարածաշրջանային իրավիճակից և համաշխարհային գլոբալ գործընթացներից։ «Փափուկ ուժ» տերմինը գիտական կիրառության մեջ է մտցրել ամերիկացի քաղաքագետ Ջոզեֆ Նայը[i]։ Նայը հստակ տարբերակում էր «Փափուկ ուժ», «Կոշտ ուժ» և «Խելամիտ ուժ» տերմինները։ «Փափուկ ուժ»-ը քաղաքական ռազմավարություն է, որի կիրառման դեպքում ցանկալի նպատակներին ձգտում են հասնել կամավոր մասնակցության, համակրանքի միջոցով՝ ի տարբերություն «Կոշտ ուժի», որը ենթադրում է պարտադրման տարրեր՝ ընդհուպ մինչև ռազմական ուժի կիրառում։ Իսկ «Խելամիտ ուժ»-ը Նայը մեկնաբանում էր որպես մյուս երկու միջոցների ոսկե միջին, որ չկիրառվի այս մեթոդներից որևէ մեկը, այլ դրանք հմտորեն զուգորդվեն։ Նայը «Խելամիտ ուժ»-ը համարում է մոտեցում, որը ընդգծում է հզոր ռազմական բաղադրիչի առկայության կարևորությունը, սակայն նաև կարևորում հսկայական ներդրումների կատարումը ալյանսների, ինստիտուտների մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել սեփական ազդեցությունը, դրանով սահմանել իր գործողությունների լեգիտիմությունը։ Նայը ոչ միայն հայտնի պրոֆեսոր էր և հետազոտող, այլ նաև երկար ժամանակ զբաղվել է պրակտիկ քաղաքականությամբ՝ զբաղեցնելով առանցքային ռազմական, դիվանագիտական, հետախուզական պաշտոններ ամերիկյան կառավարությունում։ Նայը «Փափուկ ուժ»-ը համարում է պետության ներքին և արտաքին քաղաքական գործոնների ամբողջականություն.
Արտաքին գործոններ՝
- արտաքին քաղաքականություն և հեղինակություն միջազգային գործերում,
- գլոբալ հիերարխիայի իրավիճակ և երկրի աշխարհաքաղաքական կարգավիճակ,
- քաղաքակրթական կարգավիճակ (ամեն երկրում կա ազգային մշակույթ, սակայն ամեն երկիր չէ, որ համարվում է կոնկրետ քաղաքակրթության ժառանգորդ),
- պետության քաղաքական և տնտեսական զարգացման մոդել,
- պետության զարգացման ռազմավարություն և նրա իրացման հնարավորություններ առօրյայում
- երկրի ինֆորմացիոն ներուժ և հաղորդակցական մոբիլություն:
Ներքին գործոններ՝
- գաղափարախոսություն,
- կյանքի որակի մակարդակ և կենսակերպ,
- համակարգային արժեքներ (այդ թվում ազգային գաղափարներ):
Միջազգային հարաբերություններում պետությունների կողմից կիրառվող գործիքակազմի արդիականացման պայմաններում առավել հրատապ է դառնում «Փափուկ ուժ»-ի՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրատարրի դիտարկումը և համակողմանի հետազոտությունը։
«Փափուկ ուժ»-ը որպես ԵՄ արտաքին քաղաքականության հիմնական գործիք (Հարավային Կովկասի օրինակով)
ԵՄ-ի համար «Փափուկ ուժ» հասկացությունը բավական ակտիվ և արդյունավետ կիրառվող մեթոդ է սեփական ազդեցության գոտիների ընդլայնման և խորացման համար։ Վերջին տարիներին ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում նկատելիորեն աճել է: Հարավային Կովկասը՝ որպես սևծովյան-կասպյան էներգետիկ տարածաշրջանի բաղադրիչ և Կենտրոնական Ասիայի հետ կապող բնական միջանցք, ԵՄ-ի համար, հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, ձեռք է բերում ռազմավարական նշանակություն: Այս հանգամանքը, բնականաբար, մեծացնում է ԵՄ-ի ուշադրությունը տարածաշրջանային այնպիսի խնդիրների նկատմամբ, ինչպիսիք են հակամարտությունները, տնտեսական զարգացումն ու քաղաքական համակարգերի արդիականացումը, տարածաշրջանային և միջտարածաշրջանային համագործակցության ծրագրերի խթանումը և այլն: Հարավային Կովկասն աչքի է ընկնում արտաքին դերակատարների առատությամբ, որոնք այստեղ հետապնդում են տարբեր, հաճախ` հակադիր շահեր: Այնպիսի համաշխարհային դերակատարներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և ՌԴ-ը, և տարածաշրջանային ուժային կենտրոններ, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, այս տարածաշրջանում ունեն կարևոր դերակատարում: Նրանց մրցակցությունը տարածաշրջանի հաղորդակցային հնարավորությունների և էներգապաշարների համար ռազմավարական հսկողության նպատակով մեծապես ազդում է ԵՄ-ի հարավկովկասյան քաղաքականության մշակման և իրականացման վրա: Անհնար է անտեսել նաև ԵՄ-ի առաջատար երկրների շահերը տարածաշրջանում, որոնք ևս ոչ միշտ են համընկնում: Սա առաջին պլանի վրա է մղում Հարավային Կովկասի նկատմամբ միասնական ռազմավարություն որդեգրելու և ԵՄ-ի մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում առաջնային խնդիրներից մեկը կապված է ԵՄ-ի առաջատար երկրների և տարածաշրջանում գործող այլ դերակատարների շահերի համադրման կամ մրցակցության հետ: Այս առումով ակնհայտ է նաև Հարավային Կովկասում ԵՄ-ի ռազմավարական ներկայության ապահովման անհրաժեշտությունը՝ մասնավորապես ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողքին տարածաշրջանում անվտանգության պահպանմանն ուղղված ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու միջոցով: ՌԴ-ի և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցապայքարի պայմաններում ԵՄ-ի համար խիստ դժվար է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային մասշտաբով, այդ թվում նաև Հարավային Կովկասում: Դրա համար ԵՄ-ն անհրաժեշտաբար պետք է որդեգրի միասնական դիրքորոշում, որն ուղենիշ կհանդիսանա նաև առանձին անդամ-երկրների հարավկովկասյան քաղաքականության համար: Հարավային Կովկասի մյուս դերակատարներից ԵՄ-ը տարբերվում է նրանով, որ, չնայած տարածաշրջանի նկատմամբ միասնական ռազմավարության բացակայությանը, նա իր քաղաքականությունն իրականացնում է հստակ մշակված ծրագրերի միջոցով` հենվելով, հիմնականում, իր «Փափուկ ուժ»-ի և հարավկովկասյան երկներում ունեցած «ազնիվ միջնորդի» համբավի վրա:
Այս տեսանկյունից ուշադրության և գնահատման արժանի են հատկապես Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ), «Արևելյան գործընկերություն», ՏՐԱՍԵԿԱ, ԻՆՕԳԵՅԹ, ինչպես նաև աջակցության և համագործակցության մյուս ծրագրերը: Ընդհանրապես, ԵՄ-ը բազմիցս քննադատության է արժանացել այս տարածությունում պասիվ դերակատարման, տեղի ունեցող գործընթացներին հաճախ ոչ օպերատիվ արձագանքելու համար:
ԵՄ «Փափուկ ուժի» դրսևորումը ՀՀ-ում
Հետխորհրդային՝ հատկապես հարավկովկասյան երկրները, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մինչ օրս շարունակում են մնալ ԵՄ առանցքային ուշադրության կենտրոնում։ ԵՄ-ը այսօր փաստացի «Փափուկ ուժ»-ի դասական գործիքակազմ է իրականացնում Հայաստանում։ ԵՄ և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում էին հիմնադիր՝ «ԵՄ-ՀՀ գործընկերության և համագործակցության համաձայնագիր» փաստաթղթով, որն ուժի մեջ է մտել 1999 թվականին։ Այն թույլ է տալիս լայնածավալ համագործակցություն իրականացնել քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրինաստեղծ գործընթացների և մշակութային ուղղություններով։ ԵՄ ֆինանսական օժանդակության մեծ մասը հատկացվում է ոլորտային բյուջետային օժանդակության տեսքով, այսինքն՝ գումարը վճարվում է կոնկրետ թիրախային բարեփոխումների բավարարման դեպքում։ ԵՄ-ն ՀՀ-ում «Փափուկ ուժ»-ի դրսևորումները կենտրոնացնում է երեք գերակա ուղղություններում՝
- մասնավոր հատվածի զարգացում,
- հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ,
- արդարադատության ոլորտի բարեփոխումներ[ii]:
ՀՀ-ում ԵՄ «Փափուկ ուժ»-ի օժանդակ գործիք էր հանդիսանում ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակը: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակը, ներկայացնելով ԵԱՀԿ-ը, իր վրա կրում էր նաև ԵՄ որոշակի ազդեցությունը հատկապես այն անդամ երկրների կողմից, որոնք նաև ԵԱՀԿ անդամ են։ Այս գրասենյակը օգնում էր Հայաստանին զարգացնել իր ժողովրդավարական հաստատությունները և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը: Սակայն Ադրբեջանի միջամտությամբ այդ գրասենյակը փակվեց։ Օգտվելով այդ կառույցում ընդունված կոնսենսուսի ընթացակարգից՝ Ադրբեջանը խոչընդոտեց այդ գրասենյակի ծրագրերի իրականացումը Հայաստանում։ Բաքվում այդ գրասենյակի փակումից հետո, փաստացի խոչընդոտելով նաև երևանյան գրասենյակի գործունեությունը՝ Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից։ ԵՄ մյուս կարևոր գործիքը ԵՄ Խորհրդատվական խումբն է Հայաստանում: Այս խմբի կարևորագույն նվաճումներից մեկն է Դիվանագիտական դպրոցի բացումը, որը տեղի է ունեցել 2010թ. փետրվարի 15-ին: Դպրոցը հիմնադրվել է ԵՄ Խորհրդատվական խմբի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵԱՀԿ-ի աջակցությամբ։ Եվրոպական «Փափուկ ուժ»-ի ռազմավարության մեխանիզմներից մեկն է աջակցությունը կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Բոլոնյան գործընթացը, որին Հայաստանը միացել է 2005 թ.-ին, նպատակ է հետապնդում ստեղծել բարձրագույն կրթության միասնական եվրոպական տարածք եվրոպական երկրների կրթական համակարգերի մերձեցման ու ներդաշնակման ճանապարհով: ԵՄ կողմից ՀՀ-ում իրականացվող կրթական ծրագրերից կարելի է առանձնացնել Տեմպուսը և Էրասմուս+-ը։ Հայաստանում գործում է նաև գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը՝ DAAD-ը։ Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվում է նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամը։ Հիմնադրվելով 2007թ.-ին՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամը (ԵՀՀ) 1995թ.-ից Հայաստանում գործած Եվրասիա հիմնադրամի (ԵՀ) ինստիտուցիոնալ հետնորդն է: ԵՀ/ԵՀՀ-ն 2006թ.-ին սկիզբ դրեց իր Հայաստան-Թուրքիա երկխոսության և համագործակցության ծրագիրը, որը նպաստում էր երկկողմ անկախ հետազոտություններին, գիտաժողովներին և քննարկումներին, ինչպես նաև միջսահմանային համագործակցության այլ ծրագրերի անցկացմանը: Սկսած 2007թ.–ից ԵՀՀ-ն աջակցել է մեկ տասնյակից ավել գրանտային ծրագրերի, որի նպատակն է օգնել հայկական կազմակերպություններին միջսահմանային կապեր հաստատել Թուրքիայի իրենց գործընկերների հետ (ԵՀ/ԵՀՀ-ն սկզբում գործում էր այս ոլորտում որպես դոնոր կազմակերպություն, սակայն ավելի ուշ ներգրավվեց նաև ծրագրերի իրականացման մեջ):
2010թ. հոկտեմբերին Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Երևանի մամուլի ակումբ և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ծրագրային համագործակցության քառակողմ հուշագիր էին ստորագրել, շահեցին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) տենդերը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա մերձեցմանը» ծրագրով: Այս ծրագիրը նախատեսում է երեք առաջնային ուղղություններով աշխատանքների իրականացում` բիզնես համագործակցություն, քաղաքացիական հասարակություն և ոչ պաշտոնական մակարդակի միջկառավարական երկխոսություն: Բաց դռների գրանտային փաթեթը հնարավորություն է տալիս աջակցել մերձեցման գործընթացին վերաբերող նոր գաղափարներ պարունակող ծրագրերին[iii]։
2016-2020 թթ. ընթացքում ԵՄ պատվիրակությունը կտրամադրի շուրջ 23 մլն եվրո ֆինանսավորում Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը: Միջոցառումները կընդգրկեն ՓՄՁ քաղաքականությունների իրականացումից մինչև ֆինանսական միջոցների հասանելիությանն ուղղված գործողություններ:
Հայկական ապրանքների արտահանման առաջնահերթ ուղղությունը Եվրամիությունն է, որը հանդիսանում է նաև Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը: Եվրամիությունը Հայաստանից ներմուծում է առավելապես պատրաստի արտադրանք, արտադրական հումք, արդյունաբերական բազմապիսի արտադրանք, ինչպես նաև խմիչք և ծխախոտ: ԵՄ-ից Հայաստան են ներկրվում հիմնականում մեքենաշինական և տրանսպորտային սարքավորում, պատրաստի ապրանքներ, արդյունաբերական արտադրանք և քիմիկատներ: ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP)» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ծավալները 2015 թվականի դրությամբ հասել են 116 մլն եվրոյի՝ գրանցելով աճ 2009 թվականին արձանագրված 61 մլն եվրոյի համեմատությամբ:
«Փափուկ ուժ»-ի վերջին և թերևս ամենախոշոր դրսևորումը ԵՄ-ի կողմից Հայաստանի վրա դրսևորվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին, երբ Հայաստանը Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը (CEPA), որի շուրջ կողմերը բանակցում էին գրեթե 2 տարի[iv]։ Երբ 2015 թվականին Բրյուսելում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին համաձայնության եկան համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ, այդ օրվանից հայտնվեցին մտահոգություններ, որ այն չի ստորագրվի։ Թերահավատությունը հիմնականում պայմանավորված էր 2013թ.-ին գրեթե 3 տարի բանակցելուց հետո Ասոցացման համաձայնագրի, այդ թվում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների տապալմամբ։ Նոր համաձայնագրի նպատակներն են ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, նպաստել ՀՀ-ում ժողովրդավարության կայացմանը, քաղաքական և տնտեսական համագործակցությանը, խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը։ Համաձայնագիրը բավական նման է չստորագրված Ասոցացման համաձայնագրին. այստեղ բացակայում է տնտեսական հատվածը։ Այս փաստաթուղթը բավական լուրջ և հավակնոտ է երևում, բայց տեքստից դեպի կիրառելի դաշտ հասցնելը շատ ավելի դժվար է։ Համաձայնագրով ԵՄ շարունակելու է մնալ ամենախոշոր վարկատուն Հայաստանում կառավարման, մասնավոր սեկտորի աջակցման և հանրային վարչարարության բարեփոխման ոլորտներում։ Այս փաստաթղթի միջոցով ՀՀ հանդիսանում է Արևելյան գործընկերության առաջին երկիրը, որը, միաժամանակ անդամակցելով ԵԱՏՄ-ին, նման համաձայնագիր է ունենում ԵՄ-ի հետ: Այս համաձայնագիրը վերջիվերջո հնարավորություն կտա Հայաստանը չդիտարկել որպես ռուսական քաղաքական պլացդարմ։
Եզրակացություն
Թեպետ «Փափուկ ուժ»-ն ընկալվում է իբրև մանիպուլյատիվ ներգործության միջոց, այնուամենայնիվ այն ավելի նախընտրելի է որպես ազդեցության ընդլայնման միջոց, քան ազդեցության ավելի կոշտ մեթոդները։ «Փափուկ ուժ»-ը ենթադրում է ոչ միայն ներգործություն, այլև գրավչություն, ուստի իբրև ռեսուրս օգտագործում է այն ամենը, ինչ ներշնչում ու գրավում է, վերահսկման և ցանկալի արդյունքին հասնելու հնարավորություն է տալիս։ Թե՛ «Փափուկ ուժ»-ի, և թե՛ «Կոշտ ուժ»-ի համար էլ ընդհանրականը գործողության մյուս մասնակիցների վրա ունեցած ազդեցությամբ սեփական նպատակին հասնելն է. տարբերությունը միջոցներն են. «Կոշտ ուժ»-ը ստիպում ու պարտադրում է, ապա «Փափուկ ուժ»-ի ազդեցությունը ձևավորվում է արտաքին քաղաքական ակցիաների մեխանիզմներով և առավել ընդգրկուն համագործակցությամբ՝ միասնական արժեքների հիմքի վրա։
Այսօր Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը՝ մի կողմից լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով դաշնակցային հարաբերություններ Ռուսատանի հետ, մյուս կողմից խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Տնտեսությունների փոխադարձ համագործակցության և սերտաճման արդյունքում Հայաստանը կկարողանա մասնակիորեն խուսափել տնտեսական վայրիվերումներից, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բոլոր բևեռներում։ ԵՄ այսօր տիրապետում է «Փափուկ ուժ»-ի բավական գրավիչ գործիքակազմի, ինչի շնորհիվ այսօր ցանկալի է դառնում մի շարք երկրների համար, այդ թվում ՝ ՀՀ-ի։ Ներգրավվածությունը պետականակերտման, բարեփոխումների գործընթացներին և ցույց տրվելիք աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը ԵՄ-ին կարևոր դերակատար են դարձնում Հայաստանում։
[i] Най Дж. Гибкая власть. Как добиться успеха в мировой политике. [Текст] – М.: Тренды, 2006. с. 32
[ii] https://eeas.europa.eu/delegations/armenia/10743/node/10743_hy
[iii] «Мягкая сила» ЕС: инструмент создания единственной сверхдержавы
https://moluch.ru/archive/13/1223/
[iv] http://data.consilium.europa.eu/doc/document/ST-12525-2017-ADD-1/en/pdf
Հեղինակ` Ռաֆայել Ավդալյան (Rafayel Avdalyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: