Ժամանակակից Արվեստը[i]՝ որպես զարգացած կենցաղավարության զոհ
Ինչպես և խոստացել էի առաջին մասում, այժմ փորձեմ մանրամասնորեն ներկայացնել կամքի մոդուլի թուլացման պատճառները՝ միաժամանակ ներկայացնելով արարման կամքի առավել վառ արտահայտման ձևի՝ արվեստի ընկալման ճգնաժամը: [ii] Բայց մինչ այդ փորձենք մի քանի հասկացությունների շուրջ գալ ընդհանուր հայտարարի։
1750 թվականին Դիժոնյան ակադեմիան հայտարարել էր. «Նպաստե՞լ է արդյոք գիտության ու արվեստի վերելքը բարոյականության հաստատմանը և ընդհանրապես առաջընթացին» թեմայով փիլիսոփայական աշխատությունների մրցույթի անցկացման մասին, որին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաև մեծագույն մտածող Ժան Ժակ Ռուսոն։ Նա առաջիններից էր, որ փորձեց գիտության[iii] և արվեստի զարգացումը քննել որպես մարդկային քաղաքակրթության զարգացման վրա ազդեցություն ունեցող ինքնուրույն երևույթ, ինչպես քաղաքականությունը կամ տնտեսությունը։ Տեղ գտած բազմաթիվ եզրահանգումներից թեմայի շրջանակներում կարևորում եմ ևս մեկը` թե՛ գիտությունը, և թե՛ արվեստը հեղինակը փաստացի համարում է պայքարի միջոցներ բնության, պետության, ճնշումների, վախի և այլնի դեմ։ Այսինքն՝ արարման և ընկալման ակտը (արվեստի շրջանակներում) Ռուսոն ընկալում է որպես պայքարի դրսևորում։ Ինչպես արդեն նշվել է (առաջին մասում), դրական կամքի ձև հանդիսացող արարման կամքի արտահայտման բազմաթիվ ձևերից երկուսն էլ գիտությունն ու արվեստն են։ Սակայն, նմանություններով հանդերձ, դրանք նաև լրջորեն տարբերվում են։ Ֆուկույաման իր «Պատմության ավարտը և վերջին մարդը» գրքում առանձին անդրադառնում է գիտությանը և արվեստին մարդկության ընդհանրական պատմության դիտակետից՝ դրանք, սակայն, լիովին տարանջատելով միմյանցից։ Ֆուկույաման գտնում է, որ եթե անհերքելի է բնական գիտությունների հետզհետե ու շարունակական առաջընթացը, որը երևի թե պատմության մեջ միակ շարունակական ու համընդհանուր երևույթներից է, ապա չի կարելի նույնը ասել արվեստի մասին. «Պարթենոնը», Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, Միքելանջելոյի «Դավիթը», «Թաջ Մահալը», «Մոնա Լիզան» կատարելություններ են՝ ստեղծված մեզանից հարյուրամյակներ առաջ և որևէ կերպ առաջընթացի կամ հետագա զարգացման կարիքը չունեն։ Մինչդեռ այն ամենը, ինչը ժամանակին հասանելի էր լոկ Գ. Գալիլեյին կամ Լ. դա Վինչիին, այժմ գիտի և կիրառում է յուրաքանչյուր դպրոցական։ Ավելին՝ մեր գիտելիքները նրանց ուսումնասիրության առարկաներում անհամեմատ ավելի կատարյալ են։ Այսինքն, եթե գիտությունը ենթակա է անընդհատ առաջընթացի ու դրա պտուղների մասսայականացման և երբևիցե չի հասնի կատարելության, ապա արվեստը ունի զարգացման այլ ճանապարհ ու տրամաբանություն։ Արվեստը, ըստ իս, բավականին հաճախ է հասել կատարելության, (ավելին, իմ խորին համոզմամբ, կրոնադավանաբանական սկզբունքները թողնելով մի կողմ, արվեստը մարդու կատարելության հասնելու ձգտման, նրա արարման կամքի գագաթնակետն է՝ մարդկային կատարսիսը)։ Տարբերվել են դրա դրսևորումները, ուղղվածությունը, արտահայտչաձևերը, բայց դրանով հանդերձ, չի կարելի ասել, թե այն զարգացել է: Օրինակ՝ ոչ մի օբյեկտիվ չափանիշով Հոմերոսի ստեղծագործությունները չեն զիջում Վ. Շեքսպիրին, իսկ վերջինս էլ չի զիջում Լ. Տոլստոյին, ավելին՝ համեմատությունն ինքնին անտեղի է ու սխալ։ Մինչդեռ կոնկրետ գիտական դիսցիպլինների (գիտակարգ) մեջ համեմատությունները երբեմն անգամ անհրաժեշտություն են։
Այնուամենայնիվ պատմության մեջ եղել են առանձին դրվագներ, երբ արվեստը, իսկ ավելի կոնկրետ՝ դրա ընկալումը, եղել են ճգնաժամի մեջ՝ կապված կամքի վեկտորի փոփոխմամբ կամ մոդուլի թուլացմամբ։ Մութ միջնադարի եղելությունները (մշակույթի, գիտության, լուսավորության, արվեստի համընդհանուր անկում) կարելի է բացատրել հենց կամքի վեկտորի փոփոխություններով։
Արվեստի ընկալումը, ըստ իս, գտնվում է ճգնաժամային վիճակում նաև մեր օրերում։ Սակայն մեր օրերի ճգնաժամը արդեն կապված է ոչ թե կամքի վեկտորի փոփոխման հետ, այլ ընդհանրապես կամքի մոդուլի թուլացման։ 21-րդ դարը իր հետ բերեց գիտության, տեխնիկայի, հասարակական-քաղաքական մտքի աննախադեպ զարգացում, ու այս ամենի հետևանքով նաև անճանաչելիորեն փոխվեց մեր կենցաղը։ Մարդկության պատմության ընթացքում մարդկային բազմությունները դեռևս երբեք չեն ապրել նման բարեկեցիկ, խաղաղ ու ապահովված կյանքով, ինչպես այսօր։ Մարդկային կենցաղը դեռևս երբեք այնքան հարմարավետ, բարձրորակ ու սպասարկվող չի եղել, ինչպես այսօր։ Մարդու շրջապատը այսօր աննախադեպ գեղեցիկ, ապահով ու մաքուր է։ Ինֆորմացիոն կրիչների նոր սերնդի մուտքով նաև սկսվեց գեղեցիկի մասսայական կիրառումը, սպառումը։ Մարդկանց մեծ մասի համար այսօր ոչինչ չարժե լավագույն բեմադրությունները, ներկայացումները, արվեստի բոլոր նմուշները իրենց բնակարանից տեսնելը, լսելն ու բավարարվելը։
Այս ամենը իր հետ բերեց գեղեցիկի ու ներդաշնակի զգացողության բավարարում անհրաժեշտ չափաբաժնով։ Մարդկանց մի մասի մոտ բավարարման արդյունքում վրա հասավ խաղաղեցում, իսկ մյուսների մոտ՝ ավելի քմաճաշակ սպասելիքներ, որոնք արդեն այնքան էլ կապ չունեն գեղեցիկի մասին դասական պատկերացումների հետ։ Պարզ ասած՝ մարդն այսօր իր շրջապատում, իրեն պարուրող աշխարհում չունի գեղեցիկի պակաս և հետևաբար չունի նոր գեղեցիկը յուրացնելու ձգտում։ Մինչդեռ արվեստի յուրացումը սովորաբար ունենում է 4 պատճառ.
- Գեղեցիկի պակաս և, հետևաբար, գեղեցիկը յուրացնելու ձգտում:
- Բողոքի արտահայտում, երբ հասարակական կյանքում գոյություն ունեցող երևույթների դեմ ապստամբումը, դրանց դեմ բողոքը արտահայտվում է արվեստով:
- Ինքնահաստատում, սեփական եսի որոնում ու ձևավորում:
- Ներքին էներգիայի, հույզերի ժայթքում՝ լիցքաթափում:
Առաջինի դեպքում գործը, ինչպես արդեն նշվեց, զգալիորեն հեշտացել է, և այսօր ոչ այդ կարիքներն են նախկինի պես ակտուալ, ու ոչ էլ դրանք բավարարելն է խնդրահարույց։ Էլ ավելի հետաքրքիր են երկրորդի նվազման պատճառները. ներկայումս աշխարհում լիբերալ դեմոկրատական արժեքների մասսայականացման ու դեմոկրատիայի շքահանդեսի հետևանքով ռեալ չի մնացել անգամ մեկ ամբողջատիրական համակարգ։ Գոյություն ունեցող ավտորիտարներն էլ իրենց հզորությամբ, հետևաբար և հանրությանը բռնաճնշելու հնարավորություններով նախկինում եղած հրեշավոր վարչակարգերի շողքն են միայն։ Եվ, ի վերջո, աշխարհն այսօր այնքան է բացվել, ճանապարհներն ու երթևեկության մյուս ուղիները (նախկինի հետ համեմատած) այնքան ապահով ու սահմաններն այնքան պայմանական են դարձել, որ բռնության ենթարկվողների բացարձակ մեծամասնությունը պարզապես նախընտրում է ու կարող է հեռանալ բռնության գոտուց։ Չկա մեծ մասսայական համակարգային չարչարանք, չկա մեծ մասսայական անարդարություն և այդ անարդարությունները միջազգայնորեն գործադրող որևէ ինստիտուտ (ինչպիսին կաթոլիկ եկեղեցին էր, օրինակ, ինկվիզիցիայի տարիներին)։ Փաստորեն այսօրվա հասարակական մտքի ազատականացման և լիբերալ դեմոկրատական արժեքների տարածումը վնասաբեր է արվեստի ընկալման համար, քանի որ բողոքի արտահայտումը չունի առաջվա գոյապահպան նշանակությունը, ու ոչ էլ դրա արտահայտությունն է սովորաբար պահանջում այլաբանական մոտեցումներ, երբ կարելի է ամեն բանի հետ չհամաձայնել ու քննադատել բաց տեքստով։ Դե՜, իսկ երրորդ և չորրորդ կետերի դերի նվազումը վերը նշված բոլոր գործընթացների համատեղ ազդեցության արդյունք է (կարգերի ազատականացում, ինֆորմացիոն անսահման հոսքեր, գեղեցիկի գերավելցուկ)։ Կցանկանայի հավելել նաև, որ արդի իրականության պայմաններում[iv] չկա նաև մեծ, կենսական պայքար, ինչը ունենում է ծանրագույն հետևանքներ ոչ միայն արվեստի, այլև կամքի վրա ընդհանրապես, բայց դրա մասին ավելի մանրամասն հաջորդիվ։
Կան նաև մի քանի այլ՝ նվազ սիստեմատիկ պատճառներ.
Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կերպ էր դիտարկվում կյանքի իմաստը ժամանակի կրոնական կամ քաղաքական-մշակութային հոսանքների ազդեցությամբ։ Եթե հռոմեացիների մոտ այն ռոմանականությունն էր՝ կյանքը հանուն հասարակական բարիքի և մեծ գործերի իրականացման անցկացնելը, իսկ քրիստոնեության մեջ՝ հոգու փրկությանը հասնելը, ապա այժմ կա մեկ ուրիշը՝ երջանկության ձգտումը, ամեն ինչից վեր, ամեն ինչի անկյունում դրվում է ձգտումը առ երջանկություն։[v] Եթե նախկինում երջանկությունը լոկ արդյունք էր, այլ ոչ նպատակակետ, դիցուք՝ հռոմեացին չէր ձգտում երջանկության, նա ձգտում էր պատմության մեջ հավերժանալուն և հասնելով դրան՝ երջանկանում էր, ապա այժմ ինքը՝ երջանկությունն է նպատակը։ Ընդ որում, էական չէ, թե այդ երջանկությունն ինչի արդյունք է, էական է հենց ինքը՝ երջանկությունը։ Նման պարզեցված բանաձևը ենթարկվեց մասսայականացման ու անխուսափելիորեն հանգեց պարզունակության՝ երջանկությունը ասոցացնելով մատերիալիստական բարեկեցության հետ։ Այս ֆոնի վրա խոսք անգամ չի կարող լինել մեծ արարչությունների կամ պայքարի մասին, եթե, իհարկե, անհատի համար դա չէ երջանկության աղբյուրը, ինչը, սակայն, քիչ է հանդիպում, քանի որ մեծ արարչությունը և պայքարը հիմնականում կապված են չարչարանքի հետ։
Մասսայական մշակույթը, որը արևմտյան քաղաքակրթության համեմատաբար նոր ձեռքբերումներից է, նույնպես բացասական ազդեցություն է ունենում ժամանակակից արվեստի վրա։ Ընկալունակության շեմը (հետևաբար և, որպես կանոն, որակը) քանակապես հնարավորինս լայն լսարան ներգրավելու համար մշտապես իջեցվում է։ Կարևոր է հասկանալ մասսայական մշակույթի առաջացման երկու կարևորագույն պատճառները.
- Հասարակական լայն շերտերին պարզ ու ընկալելի ճանապարհով նյութի մատուցումը, որպես կանոն, վերջինիս վրա այս կամ այն կերպ ազդեցություն ունենալու համար։
- Արվեստի ստեղծման ակտի արդյունաբերականացումը և շահույթի աղբյուրի վերածումը։
Նշված բոլոր խնդիրները, որոնք իրենց ճգնաժամային արտահայտությունն ունեն արվեստում, իրականում ունենում են նաև ավելի խորքային ազդեցություն. նկատի ունեմ կամքի մոդուլի թուլացումը, քանի որ վերոնշյալ բոլոր երևույթները՝ բավարարումը, ապահովվածությունը, ռեսուրսների հասանելիությունը, քաղաքական ու հասարակական գործընթացներում ավտոմատ մասնակցության հնարավորությունը, պայքարի թմրեցումը, ունենալով որոշակի ազդեցություն արվեստի ընկալման վրա, բացասաբար են ազդում նաև կամքի մոդուլի վրա (որն ավելի կարևոր է)։
Խնդրի մտապատկերումը և առաջարկվող ելքերը փորձել եմ ձևակերպել արդեն երրորդ մասում։
Գրականության ցանկ
- Жан-Жак Руссо, Избранные сочинения в трех томах, Т.1, Москва, ГИХЛ, 1961
- Ф. Фукуяма, Конец истории и последний человек, Москва, АСТ, 2015
- Основные направления и течения философии с их представителями, http://studme.org/1667011917702/filosofiya/osnovnye_napravleniya_techeniya_filosofii_predstavitelyami
- Encyclopaedia Britannica, http://www.britannica.com
[i] Հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստի իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։
[ii] Ընդհանրապես ամբողջ տեքստում ենթադրվում է արվեստի ընկալման ճգնաժամը, ընդ որում ճգնաժամ բառը օգտագործվում է որպես միջազգային «կրիզիս» բառի հայերեն համարժեք (կրիզիս, հին հունարեն՝ κρίσις — բեկումնային պահ, վիճակ որում նպատակներին հասնելու միջոցները դառնում են ոչ ադեկվատ, սակայն դրանց օգտագործման շարունակման հետևանքով առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։
[iii] Ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների յուրացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր, և որպես հետևանք՝ կատարել կանխատեսում։
[iv] Այստեղ և ընդհանրապես տեքստում հիմնականում նկատի ունենք արևմտյան աշխարհը։
[v]Հանուն արդարության պետք է նշել, որ այն ժամանակները, երբ տիրապետող էր ռոմանականությունը, որպես կանոն, դիտարկվում էին արվեստի ճյուղերի վերելքները՝ անտիկ շրջանը, վերածնունդը և այլն։
Հեղինակ՝ Արեգ Քոչինյան (Areg Kochinyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև