Մեր վերլուծության նպատակն է էթնիկություն, ռեգիոնալիզմ, երաժշտական ինքնություն զրույթների շրջանակում ներկայացնել և քննել Անդալուսիայում ծնունդ առած արվեստը` ֆլամենկոն: Անդրադառնալով վերջինիս անցած ճանապարհին` ցույց տալ նրա ներկայիս վիճակը և արվեստի այս ճյուղի զարգացմանն ու տարածմանն ուղղված ինչպես պետական, այնպես էլ ռեգիոնալ քաղաքականության հետևանքները: Առանձին ենթագլխով կանդրադառնանք Գրանադայի ֆլամենկոյին, քանի որ ինչպես տեղաբնակների, այնպես էլ որոշ ուսումնասիրողների կարծիքով այս քաղաքի ֆլամենկոն լրիվ առանձին տեսակ է, որ ծագել ու զարգացել է հենց Գրանադայում՝ իր հետ բերելով ինքնության լիովին նոր դրսևորում, որն այսօր կանգնած է անհետացման եզրին:
Իսպանիայի հարավ-արևմուտքում գտնվող Անդալուսիայի ինքնավար համայնքը (մայրաքաղաքը` Սևիլիա) իր աշխարհագրական դիրքի, տարածքի և բնական ռեսուրսների շնորհիվ մշտապես գտնվել է եվրոպական պատմության ամենաբուռն իրադարձությունների կենտրոնում: Այն կրել է փյունիկյան, հին հունական, հռոմեական, գերմանական ցեղերի, բյուզանդական, արաբական մշակույթների ազդեցությունը: 1425 թվականին սկսվեց գնչուների ներգաղթը Պիրենեյան լեռնաշղթայից դեպի Իսպանիա, երբ վերջինս բաժանված էր մի քանի թագավորությունների:
Ֆլամենկո
Ֆլամենկոն ծագել է մավրիտանական երաժշտական մշակույթից։ Դարեր շարունակ, սերնդեսերունդ փոխանցվելով՝ արվեստի այս ճյուղն կրել է հրեական, իսպանական ու ամենամեծ ազդեցությունը թողած գնչուական մշակույթի տարրեր: Շատերն իսպանական գնչուներին համարում են այս ոճի հիմնական ու իրական կրողներ։ Ըստ իրենց սովորության նրանք սկսեցին վերցնել ու նոր իմաստ տալ տեղի երաժշտական ավանդույթներին։ Այս միաձուլման արդյունքում էլ ծնվեց ֆլամենկոն։ Ինչ վերաբերում է անվան ծագումնաբանությանը, ապա ամենատարածված տեսակետն այն է, որ «ֆլամենկո» բառը առաջացել է flamma (հուր, կրակ) բառից իրենց երգերի ու պարերի կրքոտ բնույթի պատճառով: Մեկ այլ մեկնաբանության համաձայն` «ֆլամենկո» բառը վաղ շրջանի իսպանացի կոմպոզիտորների ստեղծագործություններում նշանակում էր «երգիչ»:
Ժամանակի ընթացքում, Իսպանիայում գնչուները սկսեցին նույնականացվել Անդալուսիայում ապրող մարգինալ այլ խմբերի հետ (մորիսկներ և այլն): Այս երկու խմբերը միասին ստեղծեցին ինքնության բարդ մակարդակներ` անդալուսիացու ու իսպանացու, բարձր ու ցածր դասակարգին պատկանող կանանց ու տղամարդկանց, ավանդականի ու արդիականի դրսևորումներով: Իսպանիայում ապրող գնչուների համար ֆլամենկոն դեռևս այդ տարածքում ապրող մյուս էթնիկ խմբերից տարբերվելու, իրենց ինքնությունը պահպանելու և ֆլամենկոյի միջոցով իրենց մշակույթի մի մասը ներկայացնելու կարևոր միջոց է:
2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ֆլամենկոն ստացավ ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ: (Առավել վաղ կատարումներից մեկի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ)
Ֆլամենկոն պարզապես գնչուական երգ կամ պար չէ: Այն մի ամբողջ փիլիսոփայություն է` բաղկացած երեք «բաղադրիչից»` երգ, պար և կիթառ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթատեսակները, ներկայացման ժամանակ յուրաքանչյուրն ունի իր դերը և կանանց ու տղամարդկանց համար դարերի ընթացքում մշակված առանձին երգեցողության մասեր: Գոյություն ունի ֆլամենկոյի ոճական ու երաժշտական երկու ուղղություն` cante jondo, այսինքն՝ խորը, լուրջ, դրամատիկ ոճ, կամ` cante grande՝ վեհ ոճ, և երկրորդը` ավելի ժամանակակից` cante chico՝ թեթևացրած ոճ: Երկուսն իրար հետ ունեն ավելի քան հիսուն ենթատեսակներ: Ֆլամենկոյի կատարման մեջ առաջին տեղում մեղեդին է: Երգիչները կարող են միևնույն երգը կատարել ամենատարբեր ոճերով (palos), որոնք իրենց հերթին բաղկացած են տարբեր բանաստեղծություններից (colpas), և վերջիններիս միջոցով էլ ֆլամենկո կատարողներն արտահայտում են իրենց ուրախ, տխուր, խորը կամ ավելի թեթև տիպի զգացումները: Ֆլամենկոյի կատարման (ինչպես երգերի, այնպես էլ պարերի դեպքում) տարբերությունները նկատելի են Անդալուսիայի բոլոր ութ շրջաններում: Դասական ֆլամենկոյի դեպքում կատարումներն ուղեկցվում են մեկ կիթառահարով: 19-րդ դարի վերջից՝ կիթառահարը սկսեց հանդես գալ նաև սոլո կատարումներով: 1850-ական թվականներից հետո ֆլամենկոն սկսեց ավելի ու ավելի կոմերցիոն բնույթ կրել: Նույն թվականին ֆլամենկոյին սկսեցին անդրադառնալ ֆրանսիացի, ամերիկացի, անգլիացի և ռուս գրողները, արվեստի գործիչները, որոնք գեթ մեկ անգամ ոտք էին դրել ֆլամենկոյի հայրենիք: Նրանցից շատերի համար իրական Իսպանիան հարավն էր` Անդալուսիան, քանի որ հյուսիսային Իսպանիան չափից շատ էր նման Եվրոպայի այլ հատվածներին, և Իսպանիան աստիճանաբար սկսեց ընկալվել այնպիսին, ինչպիսին որ էր հարավային մասում: Բազմաթիվ ճամփորդների համար ֆլամենկոն շարունակում էր լինել էկզոտիկ, կրքոտ իսպանական երևույթ, սակայն տարիների ընթացքում այն ներառեց իսպանական հասարակության էլիտար ու քաղաքային միջին դասակարգին պատկանող մարդկանց, որոնք ընդառաջ եկան այս «ժողովրդի» (գնչուների) մշակութային ավանդույթներին ու աստիճանաբար այն դարձրին իսպանական ազգային երաժշտության մի մաս: Քանի որ այն սկսեց ավելի շատ մասսայական ու ստանդարտացված բնույթ կրել, կատարողները շատացան, առաջ եկավ ավելի շատ ու նոր կատարումների, երգերի անհատականացման ու նոր ոճերի ստեղծման պահանջարկ:
Այսօր բեմում ֆլամենոկոյի կատարման ամբողջական կազմը հետևյալն է` պարողներ, կիթառահարներ, երգիչներ, հարվածայիններ, հատուկ ռիթմով ծափահարողներ: (տես այստեղ)
Ի տարբերություն Կատալոնիայի կամ Բասկերի երկրի՝ Անդալուսիայում տվյալ ռեգիոնին պատկանելիության զգացումն արագորեն չի զարգացել: Անդալուսիական ինքնության մասին կարող ենք խոսել սկսած 1860-ական թվականների շրջանների բաժանումից ու մարդաբանական շարժումներից: Անդալուսիական ռեգիոնալացման համար առկա են բազմաթիվ մշակութային, քաղաքական ու աշխարհագրական պատճառներ: Առաջին հերթին Անդալուսիան ընդգրկում է ահռելի մեծ տարածք: Ողջ 19-րդ դարի ընթացքում այստեղ ռեգիոնալ մակարդակում նկատվում էր կապի միջոցների պակաս, որն իր հերթին տվյալ տարածքում ապրող հանրույթի զարգացվածության կարևոր նախապայման էր: Երկրորդ՝ համաձայն Դևիդ Գիլմորի՝ այս տարածքը չուներ գլխավոր քաղաք, որը կկարգավորեր ռեգիոնի մշակութային կյանքը (ինչպես Բարսելոնան՝ Կատալոնիայում): Եվ երրորդ` չկար ռեգիոնին հատուկ որևէ լեզու (ինչպես օրինակ՝ բասկերի կամ կատալոնացիների լեզուն):
Սթեյնգերսը ֆլամենկոն դիտարկում է սոցիալ-պատմական տեսանկյունից` որպես Անդալուսիայի և անդալուսիացու ինքնության խորհրդանիշ: Իր «Ֆլամենկոն որպես մշակութային ժառանգություն կամ անդալուսիական ինքնության մեկ այլ արտահայտություն» գրքում նա կարևոր տարբերակում է անում` ֆլամենկոն անդալուսիական մշակութային համակարգում ու ֆլամենկոն ռեգիոնալ ինքնության շրջանակներում: Նա պնդում է, որ շատ անդալուսիացիներ կարող են իրենց չնույնականացնել ֆլամենկոյի հետ, եթե անգամ նրանք դա ընդունում են որպես զուտ անդալուսիական երևույթ: Ուիլյամ Ուոշեբոգը քննում է այն գործընթացները, որոնց միջոցով ֆլամենկոն դառնում է անդալուսիական ինքնության մաս. մասնավորապես նա դիտարկում է ԶԼՄ-ները, կրթությունը ու այն փիլիսոփայական մոտեցումները, որոնց շրջանակներում ֆլամենկոն մեկանաբանվում է որպես սոցիալ-մշակութային երևույթ: Ենթադրվում է, որ ֆլամենկոն տարածաշրջանային մակարդակում ապահովում է Անդալուսիայի՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտների մեծ մասը: Շատ հավանական է, որ Անդալուսիայի ներսում առկա ութ շրջաններից յուրաքանչյուրի մոտ հանդիպող ֆլամենկոյի կատարումների յուրահատկությունը կամ էլ Իսպանիայի հյուսիսի ու հարավի միջև առկա՝ ֆլամենկոյի կատարումների տարբերությունները, կարող են պատճառ լինել Իսպանիայի ներսում տարածքային անջատողական նկրտումների (տվյալ դեպքում Անդալուսիայի՝ Իսպանիայից առանձնանալուն), ինչպես նաև ռեգիոնալիզմի սրեցմանը՝ նպատակ ունենալով ստեղծել անկախ պետություն: Այդպիսի գործընթացների դեպքում ինքնությունը դառնում է ազգային քաղաքականության կարևոր բաղադրիչ, և բնականաբար, նման դեպքերում ցանկացած պետության կառավարության համար մտահոգության առարկա կդառնա ռեգիոնալ ինքնությունն ընդդեմ ազգային գիտակցության հարցը: Այս դեպքում առաջին պլան է մղվում ինքնության՝ երաժշտության միջոցով արտահայտելը, որտեղ այդ նույն երաժշտության միջոցով կատարողն ավելի խորն է զգում կապվածությունը տվյալ տարածքի ու շրջանի հետ:
Ֆլամենկոյի պատմությունը ցույց է տալիս, որ դրանով մարդիկ ոչ միայն արտահայտում էին իրենց ուրախությունը կամ վիշտը, այլև շատ դեպքերում` չնայած խոչընդոտների, ցույց տալիս իրենց անհամաձայնությունն այս կամ այն սոցիալ-քաղաքական երևույթին : Այդպես եղավ 1939 թվականին ազգայնական դիկտատոր Ֆրանկոյի իշխանության տարիներին, երբ առաջին պլան մղվեց իսպանական միացյալ ժողովրդի գաղափարն ու կաստիլերենը, և ֆլամենկոն նույնպես դարձավ ցենզուրայի առարկա, քանի որ դրանում տեսան ապաքաղաքական դրսևորումներ (ըմբոստություն, քաղաքական տվյալ ռեժիմի դեմ անհնազանդություն հրահրող դրսևորումներ) և հեղափոխական նկրտումներ: Սահմանափակ բնույթ ստացան հանրային վայրերում ֆլամենկոյի կատարմամբ երեկոյան հավաքները, իսկ Ֆրանկոյի ռեժիմի դեմ բողոքների ընթացքում ֆլամենկոյի կատարումները սկսեցին սովորական բնույթ կրել, որը միևնույն ժամանակ արտահայտում էր դասակարգային պայքարի գաղափարախոսությունն ու սոցիալական անհավասարությունը: Այն արտահայտվեց նաև 1970-80-ական թվականներին՝ անդալուսիական ռեգիոնալացման գործընթացում, ինքնության պահպանման համար և սոցիալական անհավասարության դեմ ուղղված ցույցերի ժամանակ: Երբ անդալուսիական ինքնավարությունն արդեն իրականություն դարձավ, ֆլամենկոն վերջնականապես ամրապնդեց իր դիրքերը՝ որպես ռեգիոնալ ինքնության խորհրդանիշ, որպես տեղական ազգային-մշակութային սիմվոլ:
Սա նոր թափ տվեց անդալուսիական տնտեսության զարգացմանը: Ավելին՝ նույն անդալուսիական կառավարությունը համաձայնեց ստանձնել ֆլամենկոյի պահպանման ու հանրայնացման ողջ պատասխանատվությունը՝ որպես սեփական մշակութային ժառանգության անբաժանելի մաս: Այսօր ֆլամենկոն կարևոր դեր է խաղում տարածաշրջանային գիտակցման մեջ անդալուսիական կառավարության համար: Ֆլամենկոյի հարատևությունն ու զարգացումն ապահովելու նպատակով 2006 թվականին Սևիլիայիում 75% մասնավոր ու 25% պետական միջոցներով բացվեց ֆլամենկոյի թանգարան:
Գրանադա
Իսպանիայի Անդալուսիա ինքնավար մարզի Գրանադա շրջանի նույնանուն կենտրոնն իր յուրահատուկ տեղն ունի ֆլամենկոյի պատմության մեջ: Այստեղ, 20-րդ դարի սկզբին երեխաները ֆլամենկո էին պարում փողոցում, նայելով՝ կրկնօրինակում իրենց ծնողներին, երգում ընտանեկան հավաքներին: Այս քաղաքը հայտնի է նաև կիթառների լայն արտադրությամբ ու հենց կիթառահարներով: Կան կիթառի բազմաթիվ դպրոցներ: Նախորդ դարերում Անդալուսիան ուներ իրեն բնորոշ կիթառի ոճեր, կիթառահարների առանձնահատկություններ, բայց համաշխարհայնացման ալիքն այսօր ամեն բան մեկ է դարձրել: Գրանադան նաև հայտնի “La Plateria”-ի` ֆլամենկոյի սիրահարների ու կատարումների խոշոր կենտրոնի հայրենիքն է, որն առաջին անգամ բացվեց 1950 թվականին։ Այստեղ հիմնականում ելույթներով հանդես են գալիս տեղի կատարողները` այդ թվում և զբոսաշրջիկների համար: Սա կոչված է պահպանելու ու ներկայացնելու իրական, նախասկզբնական ֆլամենկոն: Գրանադայի ֆլամենկոյին հատկանշական է է “zambra gitana” պարի տեսակը, որը ֆլամենկոյի նախասկզբնական ձևն է, ենթադրաբար սկիզբ է առել մավրիտանական վաղ շրջանի պարերից` հնարավոր է պորտապարից. բնորոշ է միայն Գրանադային: Պարին մասնակցում են ամենաշատը վեց հոգի, մեկ կամ երկու կիթառահար: Այն ներառում է նաև երգեր:
1963 թվականի ջրհեղեղը ծանր հարված հասցրեց այս ոճին, դա ըստ Միգել Անպել Գոնսալեսի, “zambra gitana”-ի ավարտն էր: Նրանք դադարեցրին քարանձավային կատարումները, և այժմ` արևմտականացման ու համշխարհայնացման ազդեցության ներքո մնացել են միայն դրա նմանականումները: Մինչ ջրհեղեղն այդ քարանձավներում ապրում էր շուրջ 6000 մարդ: «Նրանք ֆլամենկո պարում ու սովորում էին փողոցում, զբոսաշրջիկները դիտում են ու մասնակցում այդ գեղեցիկ կյանքին: Սակայն ջրհեղեղն ամեն բան ավերեց, ու հիմա շատ դժվար է նույնը կատարել, քանի որ այն մեծ վարպետություն է պահանջում: Ողջ Անդալուսիայի մասշտաբով ֆլամենկոյի նման կատարումները բնորոշ էին միմիայն Գրանադային:
Ի տարբերություն Անդալուսիայի այլ քաղաքների՝ Գրանադայում տեղական ֆլամենկոյի համայնքը ավելի վառ է, , որը նպաստում է անդալուսիական ամբողջական ինքնության արտահայտմանը, և ոմանք ոչ թե իրենց անդալուսիացի են զգում, այլ հենց գրանադացի:
2012 թվականին Մեթյու Մաքհին-Օտենրիտի կատարած ուսումնասիրությունը ներկայացրեցԳրանադայի ֆլամենկոյի առանձնահատուկ կողմերը: Հարցման մասնակցածների գերակշիռ մասը պնդում էր, որ Գրանադայում ոչ միայն կորչում է իրական ֆլամենկոն, որը ծնվել է Սակրոմոնտեյի քարանձավներում (Գրանադայի մոտ գտնվող փոքր բնակավայր) ու տարբերվում Անդալուսիայի մյուս քաղաքների ֆլամենկոյից, այլև տարածաշրջանում վերջինիս հետ կապված ցանկացած փառատոնից ստացված շահույթն ուղղվում է Անդալուսիայի կենտրոն` Սևիլիայի բյուջե: Շրջանում ներսում առաջանում է ռեսուրսների բաշխվածության անհավասարություն: Հարցազրույցների ընթացքում մեկ անգամ ևս հիշատակվեց Արևելյան և Արևմտյան Անդալուսիաների միջև առկա տարաձայնությունը. մասնավորապես Արևելյան Անդալուսիայի որոշ բնակիչներ բողոքում էին, որ բավարար ֆինանսական աջակցություն չեն ստանում շրջկենտրոնից՝ Սևիլիայից։ Ավելին՝ հանրույթի ներսում ձևավորվել է անգամ այնպիսի պատկերացում,համաձայն որի՝ «Եթե դու չես ապրում Սևիլիայում, ապա անդալուսիացի չես: Եվ եթե դարեր առաջ Իսպանիան այս կամ այն կերպ տարբերվում էր աշխարհի մյուս երկրներից, ապա այժմ այս թեմայի շրջանակներում կարելի է ասել, որ հենց Գրանադան է տարբերվում Անդալուսիայից»:
***
Միանշանակ է, որ ֆլամենկոն անդալուսիական էթնիկ պատկանելիության և անդալուսիական ինքնության հիմնական բաղադրիչ է: Միևնույն ժամանակ այն ոչ միայն արդեն անդալուսիական տարածաշրջանային ինքնության արտահայտություն է, այլև՝ օտարերկրացիների համար ողջ Իսպանիայի:
Անդալուսիայում՝ ֆլամենկոյի հայրենիքում, յուրաքանչյուր շրջան ունի ֆլամենկո կատարելու, ներկայացնելու յուրահատկություններ ու տարբերություններ:
Օրինակ՝ Կադիս պրովինիցիայի Խերես դե լա Ֆրոնտերայում գործում է Ֆլամենկոյի անդալուսիական կենտրոն՝ իր գրադարանով ու արխիվով: Այս քաղաքի գնչուական համայնքը դեռևս ամենատարբեր արարողությունները (պսակադրություն, կնունք) նշում է ֆլամենկոյի կատարումներով:
Չնայած այսօր ողջ Իսպանիայով մեկ տարածված ֆլամենկոյի բազմաթիվ դպրոցների՝ այս արվեստը երգի, պարի ու կիթառի նվագակցությամբ արտահայտում է որևէ անձիկամ խմբի ցավը կամ ուրախությունը , և ինչպես ֆլամենկոյի վարպետներն են ասում, այն պետք է բխի սրտից, այն արյան մեջ է, այլ ոչ թե ձեռքբերովի:
Եվ վերջապես, ինչպես գրված է Անդալուսիայի մշակույթի և սպորտի բաժնի կայքում, «Ֆլամենկոն մեր ճշմարիտ ազգային մշակութային յուրահատկության մեծ մասն է. սա մեր հայրենիքի արվեստն է, խորհրդանիշը, որով մենք մեզ ճանաչում ենք որպես անդալուսիացիներ ինչպես մեր սահմանների ներսում, այնպես էլ դրանցից դուրս»:
***
Ինչպես տեսանք, ֆլամենկոն հանդիսանում է անդալուսիական ինքնության ամենավառ դրսևորումներից մեկը, որն արդեն դարեր շարունակ հազարավոր մարդկանց սրտեր է գերում: Ակներև է՝ հանդիսանալով Անդալուսիայի ամենավաղ բնակիչներից մեկը, լինելով ստվար զանգված, գնչուները ստեղծել են իրենց ուրույն մշակույթը, որն էլ դրդում է նրանց անջատվել Իսպանիայից, ստեղծել իրենց ինքնիշխան պետությունն ու շարունակել տարածել ֆլամենկոն՝ որպես ի սկզբանե զուտ գնչուական ինքնության արտահայտություն: Այն ստիպում է Ֆլամենկո կատարողներին ավելի խորն ու ամբողջական զգալ իրենց ով լինելը, իրենց պատկանելությունը տվյալ հողին ու մշակույթին: Այս աշխատանքով փորձեցինք անդալուսիական ինքնությունն արտահայտող ֆլամենկոյի միջոցով՝ մեկ անգամ ևս անդրադառնալ ազգային, մշակութային պատկանելությանն առնչվող հարցերի:
Օգտագործած գրականություն
- William Washabaugh, “Flamenco Music and National Identity in Spain”
- Loren Chuse, “Cantaoras: Music, Gender and Identity in Flamenco Song”
- http://orca.cf.ac.uk/49178/12/ANDALUCIA%20FLAMENCA%20Machin-Autenrieth.pdf
- http://scholarworks.gsu.edu/cgi/viewcontent.cgi?article=1031&context=anthro_theses
- http://spectrum.library.concordia.ca/975430/1/MR34439.pdf
Հեղինակ՝ Հռիփսիմե Դայան (Hripsime Dayan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: