Չինական քաղաքականությունը և դրա փոփոխությունները
Չինաստանը երկիր է Արևելյան Ասիայում, որը մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է և՛ գերտերություն, և՛ գաղութատերերի խառնակիչ: Այս երկիրը տարիներ շարունակ հետևել է «պատի» ուսմունքին, ինչը նշանակում է, որ Չինաստանը քաղաքականություն է իրականացրել Չինական մեծ պարիսպի ներսում: Այն նվազագույնի է հասցրել արտահանումը և ներմուծումը: Այդ ամենի նպատակը ինքնուրույն կարգավիճակն էր՝ առանց հարևան երկրների հետ կապերի: Չինաստանը, սակայն, գլխի ընկավ, որ իր այս քաղաքականությունը նպատակահարմար չէ: Վերլուծությունն ուղղված է ուսումնասիրելու Չինաստանի քաղաքականության փոփակերպումը, ինչի արդյունքում այն սկսեց հարաբերություններ զարգացնել ոչ միայն հարևան երկրների , այլև հեռավոր Աֆրիկայի հետ:
Ճիշտ ընտրված քաղաքականության շնորհիվ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով Չինաստանը աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Էժան աշխատուժի հսկայական քանակը և ամենամեծ բնակչությունը երկիրը դարձնում են այսպես կոչված «աշխարհի գործարան»: Շնորհիվ իրենց էժանության՝ չինական արտադրության ապրանքները գրավում են համաշխարհային շուկաները՝ ստեղծելով համաշխարհային տնտեսական ընդլայման տպավորություն: Այսօր շատ երկրներ ձգտում են համագործակցել Չինաստանի հետ, ինչը հերթական անգամ ապացուցում է Չինաստանի հնարավոր վերածումը տարածաշրջանային գերտերության, որը կկարողանա դառնալ ավելի ազդեցիկ համաշխարհային քաղաքականությունում:
Նման կանխատեսումը ամրապնդվում է Չինաստանի տնտեսական աճի տվյալներով, որոնք ակներև ցուցադրում են Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության (այսուհետ ՝ ՉԺՀ) տնտեսության հզորությունը: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի արդյունքներ կլինեն տասը տարի անց, եթե զարգացումը ընթանա նույն տեմպերով: Դրա հետ կապված` կարևոր է երկրի նման արագ զարգացմանը նպաստող գործոնների բացահայտումը, երկրի, որն ընդամենը տասնյակ տարիներ առաջ շատ հարցերում հետ էր մնում առաջատար երկրներից: Չինաստանը մուտք գործեց 21-րդ հարյուրամյակ որպես պոտենցիալ գերտերություն, այն էլ՝ կոմունիստական հասարակարգով, այն դեպքում, երբ սոցիալիստական ճամբարը արդեն կործանվել էր: Մեր կարծիքով ամեն ինչ թաքնված է չինացիների մտածելակերպի և աշխարհայացքի մեջ, ինչի վրա ուժեղ ազդեցություն է թողել կոնֆուցիականությունը:
Չինական քաղաքականության գաղափարախոսական հիմքերը
Կարճ ներկայացնենք կոնֆուցիականության և ՉԺՀ-ի արտաքին քաղաքականության միջև կապը և, մասնավորապես, դրա աֆրիկական ուղղվածությունը: Կոնֆուցիականության հիմնադիրը Կոնֆուցիոսն է, որը չի թողել գրավոր աշխատություններ: Ավելի ուշ նրա մտքերը գրի են առնվել նրա աշակերտների կողմից «Լուն Յույ» գրիքի մեջ: Կոնֆուցիոսը արտահայտվում էր պարզ՝ շեշտը դնելով հասարակական և քաղաքական ներդաշնակության հասնելու վրա, ինչը իր կարծիքով կհանգեցներ պետության ծաղկման: Իսկ ի՞նչ է ներդաշնակությունը հասարակ մարդկանց համար, եթե ոչ սոցիալական հավասարություն կամ գոնե հավատը դրան:
Հենց այս և մի քանի այլ կոնֆուցիականության կանխադրույթները հետագայում ստեղծեցին բարեբեր հիմք կոմունիզմի գաղափարները տարածելու համար, որը կոչ է անում հավասարության և բացառում է կրոնական պատկերացումները: Այստեղ կարելի է նկատել Չինաստանում կոմունիզմի արմատացման պատճառներից մեկը: Բացի այդ, ներդաշնակության ձգտումը չինացիներին միշտ օգնել է պայքարել և հասնել նպատակներին, նույնիսկ քաոսային իրավիճակում: Նմանատիպ վերաբերմունք էր դրսևորվում նաև հարևան երկրների հետ: Չինաստանի համար գոյություն չուներ ներկայիս սահմաններ հասկացությունը (կային միայն մշակութային սահմաններ), ինչը քաղաքագետ Լուսյեն Փային առիթ տվեց ենթադրել, որ «Չինաստանը քաղաքակրթություն է, որը միայն ձևանում է պետություն»: Եվրոպական պետությունների հետ Չինաստանի հարաբերությունները ևս զարգացել են ներդաշնակորեն: Ժամանակին չինական կայսրերը եվրոպացիների մասին գրել են հետևյալը. «Մենք նրանց ընդունում ենք «ով եկել է համեստությամբ, նրան կճանապարհենք առատաձեռն» սկզբունքով»:
21-րդ դարում ներդաշնակության կոնցեպցիան կրկին ակտուալացվում է Չինաստանի քաղաքականության մեջ: Պատճառն այն է, որ ներկայիս չինական կառավարությունը, ձգտելով կայունության, հիմնվում է կոնֆուցիականության գաղափարների վրա, ինչը հնարավորթյուն է տալիս նմանեցնել կայունությունը և ներդաշնակությունը: Ժամանակին Մաո Ցզեդունը, վկայակոչելով մարքսիզմը, հայտարարում էր, որ զարգացումը հնարավոր է կոնֆլիկտի և դիմադրության դեպքում: Ներկայիս կառավարությունն էլ, հավատարիմ մնալով մարքսիստական սկզբունքներին, առաջին պլան քաշեց կոնֆուցիական գաղափարները, հայտարարելով, որ ներդաշնակությունը հասարակության մեջ հարկավոր է զարգացման համար: Որպես ապացույց, որ կոնֆուցիականությունը և դրանից բխող ներդաշնակությունը գտել են իրենց կիրառությունը Չինաստանի քաղաքականության մեջ և դարձել են հարևան երկրների հետ հարաբերությունների յուրատեսակ առաջնորդվելու ձև, կարելի է առաջ բերել այն փաստը, որ 2009 թվականին, ավելի ստույգ՝ հոկտեմբերի 1-ին, ՉԺՀ-ի 60-ամյակի շքերթի ժամանակ եղել են հետևյալ բովանդակության նշանաբանները. «Կառուցենք ներդաշնակ սոցիալիստական հասարակություն և աջակցենք սոցիալական հավասարությանը և արդարությանը»: Բացի այդ ամենը, աշխարհով մեկ նկատվում է Կոնֆուցիոսի ինստիտուտների քանակի ավելացում:
Բայց ներդաշնակությունը մշտական չէ, և նրա փոխարեն ի հայտ է գալիս պատերազմը: Դա է չինական քաղաքականության գլխավոր պարադոքսը. նույնիսկ պատերազմում Չինաստանը ձգտում է ներդաշնակության: Նման եզրակացության կարելի է գալ՝ վկայակոչելով Սուն Ցզիի «Երկ ռազմարվեստի մասին» գիրքը, որում հեղինակը կոչ է անում խուսափել պատերազամական գործողություններից և ձգտել հաղթանակ տանել քաղաքական ու հոգեբանական մեթոդներով՝ թողնելով պատերազմական քաոսը ծայրահեղ, անելանելի իրավիճակների համար: Այսինքն, այստեղ էլ առաջ է քաշվում հասարակական ներդաշնակությունը:
Չինաստանը և Աֆրիկան
Ընդհանուր առմամբ` հասկանալի է կոնֆուցիականության դերը Չինաստանի ներքին քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է ներդաշնակություն բոլոր ներքին գործերում, հասարակության և երկրի բարգավաճում: Բայց ինչպե՞ս է Չինաստանի՝ Աֆրկայում վարած քաղաքականությունը նպաստում Չինաստանում ներդաշնակության իրականացմանը և պահպանմանը: Ինչո՞վ է պայմանավորված վերջին ժամանակներում Աֆրիկայի նկատմամբ Չինաստանի հետաքրքրվածությունը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել այն երկրները, որոնց հետ Չինաստանը սերտ համագործակցում է: «Բրիքս» տնտեսական ամսագրի տվյալներով Չինաստանի՝ Աֆրիկայում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) հիմնական մասը կենտոնացած է համեմատաբար քիչ քանակությամբ երկրներում: 2003-2007 թվականներին օտարերկրյա ուղղակի ներդրումների 70 տոկոսը բաժին էր ընկնում Նիգերիային, Հարավային Աֆրիկային, Սուդանին, Ալժիրին և Զամբիային: Հիմա էլ ներդրումների զգալի մասն ուղղված է այս երկրներին:Վերջին տարիների ընթացքում նրանց շարքին են միացել Գվինեան, Գանան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը և Եթովպիան: Այսպես, 2010 թվականին Եթովպիայում գրանցված էր մոտ 580 չինական ընկերություն:Այդ նոր ՕՈՒՆ-ների մի մասը մուտք է գործում Չինաստանի ազատ տնտեսական և առևտրային գոտիներով: Չինաստանը համագործակցում է աֆրկյան գործընկերների հետ, որպեսզի բացի 7 սեփական առևտրային գոտի. երկուական՝ Զամբիայում ու Նիգերիայում և մեկական՝ Մավրիկիայում, Եգիպտոսում և Եթովպիայում: Երկրների այս ցուցակը որոշակի պատասխաններ է տալիս այն հարցին, թե ինչի համար է Աֆրիկան հարկավոր Չինաստանին: Նիգերիան նավթի պաշարներով հարուստ երկիր է: 2007 թվականին նավթի արտահանմամբ զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհում: Նիգերիայի քվոտան ՆԱԵԿ-ում կազմում է օրական 2,224 մլն բարել: Հարավային Աֆրիկան մայրցամաքի ամենազարգացած հատվածն է, որը հայտնի է իր ալմաստի, ոսկու և այլ թանկարժեք հանածոների հանքերով: Թվում է, թե Սուդանը վատ համբավ ունեցող աննկատ երկիր է, բայց երկրի ներսում եկամտի հիմնական աղբյուրը նավթն է: Սուդանը սկսել է նավթ արտահանել 1999 թվականից: Չինաստանի և Սուդանի հարաբերությունները քննարկելիս կարևոր է դիտարկել Չինաստանի դիրքը Դարֆուր նահանգում տեղի ունեցած ցեղասպանության հարցում: Այն չի օգտվել իր տնտեսական հզորությունից, որպեսզի կանգնեցնի դաժան վերաբերմունքը Դարֆուրում և ամեն կերպ խոչընդոտել է Սուդանին ներկայացված սանկցիաների հաստատմանը, ինչը, վերջին հաշվով, կապված է տնտեսական շահերի հետ:
Եվ վերջապես, Չինաստանի հինգերորդ դաշնակիցը՝ Զամբիան: Երկիր, որի բնակչությունը գտնվում է ծայրահեղ աղքատ իրավիճակում: Չնայած դրան` Զամբիան հարուստ է բնական ռեսուրսներով, ինչպիսիք են պղինձը, կոբալտը, ցինկը, արճիճը, կապարը, ածուխը, զմրուխտը, ոսկին, արծաթը, ուրանը, հիդրոէներգիական և այլ ռեսուրսները:
ՉԺՀ-ի պահանջները
Տնտեսական համագործակցության տեսանկյունից դիտարկելով ՉԺՀ-ի դաշնակիցներին Աֆրկայում՝ կարելի է եզրակացնել, որ Չինաստանը հավակնություն է տալիս Աֆրիկայի հարուստ ռեսուրսներին: Այդ հետաքրքրվածությունը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Առաջին հերթին կարևոր է հենց Չինաստանի տնտեսական աճի տեմպը: Այսպես, օրինակ, նավթի սպառումը 40 տարվա ընթացքում՝ 1960-ականների սկզբերից սկսած, ավելացել է ավելի քան 25 անգամ: Չինաստանում բացակայում է ռեսուրսային բազան, ինչը աստիճանաբար դարձնում է նրան ավելի ու ավելի կախված ներմուծումից: Հաշվի առնելով շարունակական տնտեսական աճը՝ չինական մասնագետները կանխատեսում են, որ 2025 թվականին ՉԺՀ-ի նավթի սպառումը կհասնի տարեկան 710 մլն տոննայի:
Հետաքրքիր է այն փաստը, որ այդ նույն նավթը և գազը Չինաստանը կարող է ներմուծել հարևան Ռուսաստանից և Ղազախստանից: Սակայն երկրի կառավարությունը գիտակցում է, որ եթե սկսի ներմուծել զարգացող տնտեսության համար այդքան կարևոր բաղադրիչը Ռուսաստանից կամ նրա դաշնակից Ղասախստանից, ապա, ուշ թե շուտ, տնտեսական կախվածությունը կվերածվի քաղաքականի, ինչը չի կարելի ասել Աֆրկայի մասին, որը չունի նման ազդեցություն: Նախ այդ երկրները գտնվում են բավականին հեռու, և հետո նրանք ունեն ռեսուրսներ, բայց ոչ քաղաքական հզորություն, որպեսզի կարողանան ազդեցություն ունենալ Չինաստանի վրա: Երկրորդ ասպեկտը աֆրիկական հումքի էժանությունն է: Եվ վերջապես երրորդը՝ ԱՄՆ-ի դիմադրությունը: Դրա հետ կապված ավելորդ չի լինի դիտարկել ԱՄՆ-ի գործունեությունը Աֆրիկայում: 2013 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելել է աֆրիկյան երեք երկիր՝ Սենեգալ, Հարավաֆրիկյան Հանրապետություն ու Տանզանիա, և հայտարարել է իր քաղաքական նախագծերի մասին. անցկացնել այս տարածքում առաջնորդների գագաթնաժողով: Տնտեսական ոլորտում ԱՄՆ-ի տարեկան առևտրային հաշվեկշիռը մայրցամաքի հետ կազմում է մոտ 85 մլրդ ամերիկյան դոլար, համեմատած Չինաստանի 200 մլրդ դոլարի հետ: Նույն թվականին Բ. Օբաման սկիզբ տվեց «Սնունդ Աֆրկային» ծրագրին, որի նպատակն է հինգ տարվա կտրվածքով Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան բնակչությանը էլեկտրականությունից օգտվելու հնարավորություն ընձեռել: Այսպիսով, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն ամրացնում է իր դիրքերը Աֆրկայում, ինչին Չինաստանը փորձում է հակազդել: Եթե Չինաստանը թուլացնի իր ազդեցությունը Աֆրիկայում, ապա դա կարող է բերել որոշ տնտեսական բարդությունների, իսկ դա իր հերթին կարող է բնակչության որոշ հատվածում աղքատության մակարդակի բարձրացման պատճառ դառնալ:
Չինական պետական աջակցության համակարգը
Վկայակոչելով Կոնֆուցիոսին, որն ասում էր, որ աններդաշնակությունը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ժողովուրդը աղքատ է, կարելի է հասկանալ, թե ինչպես Աֆրիկայի վրա ազդեցության թուլացումը կհանգեցնի «ներդաշնակության քաղաքականության» անկմանը: Գործողությունների նման զարգացման դեպքում Չինաստանը ստիպված կլինի ռեսուրսներ ներմուծել հարևան երկրներից, մասնավորապես` Ռուսաստանից կամ Ղազախստանից կամ էլ, ինչն ավելի բարդ է, Լատինական Ամերիկայից: Սակայն սա իրենից ներկայացնում է առանձին հետազոտման նյութ: Այս ամենը ապացուցում է, որ Չինաստանի համար Աֆրիկա մայրցամաքը կարևոր դեր է խաղում, ինչից էլ բխում է վերջինիս՝ իր ազդեցության տակ պահելու ձգտումը: Այդ նպատակին հասնելու մեթոդներից մեկը պետական աջակցությունն է: Ընդհանուր առմամբ, պետական աջակցության ծրագրի իրականացումը հնարավոր է ինը ուղիներով` բժշկական օգնության տրամադրում, վերապատրաստումների կազմակերպում և կրթաթոշակների հաստատում, հումանիտար օգնություն, կամավորական գործունեություն, պարտքերի տրամադրման տեսքով օգնություն, աջակցություն երկրի բյուջեին, ենթակառույցների և արդյունաբերության ոլորտում պատրաստի նախագծերի ներմուծման տեսքով օգնություն, բարեգործություն և տեխնիկական աջակցություն: Հումանիտար օգնության պատմությունը սկիզբ է առնում 1950 թվականից, երբ չկային ոչ մի պաշտոնական հիմնարկներ, որոնք կվերահսկեին այդ գործընթացը: Միայն 10 տարի անց Չինաստանը հիմնադրեց առաջին պետական մարմինը, որը կոչվեց «Միջազգային տնտեսական հարաբերությունների գրասենյակ»: Այն ցուցաբերում էր տեխնիկական օգնություն և Աֆրիկա էր ներմուծում պատրաստի նախագծեր: 1971 թվականին Չինաստանի առաջնորդները հայտարարեցին, որ բոլոր նահանգները և երկրի գլխավոր ինքնակառավարման մարմինները պետք է ստեղծեն տեխնիկական ու տնտեսական կոոպերացիոն հիմնարկներ: Այսինքն, դեռ 50-60 տարի առաջ, երբ աշխարհի քաղաքական քարտեզը չուներ ներկայիս եզրագծերը, արդեն գոյություն ուներ սոցիալիստական ճամբար: Չինաստանը հաշվարկել էր իր մի քանի տարվա քաղաքականությունը, ինչի արդյունքները ի հայտ եկան ապագայում: Վերոնշյալ նախագծերի իրականացման համար պատասխանատու է Չինաստանի պետական խորհուրդը: Այն հաստատում է միջազգային աջակցությանն ուղղված տարեկան բյուջեն և բաշխում միջոցները Արտաքին գործերի, Առևտրի, Ֆինանսների նախարարությունների և Էքսիմբանկի (արտահանական-ներմուծական բանկի) միջև: Այս ինստիտուտներից յուրաքանչյուրը իր չափով «զբաղվում» է Աֆրիկայով: Այսպիսով, Չինաստանը ոչ միայն քաղաքական և տնտեսական հարաբերություններ է ստեղծում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ, այլև կատարելագործում իր իմիջը և ամրացնում միջազգային դիրքերը:
Աշխարհի և աֆրիկացիների վերաբերմունքը Չինաստանի՝ Աֆրիկայում քաղաքականությանը
Չինաստանի՝ Աֆրիկայում ակտիվությունը անտարբեր չի թողել Ռուսաստանին, Արևմուտքին և աֆրիկացիներին: Նախ դիտարկենք Ռուսաստանի դիրքը: Աֆրիկայի հետ սերտ հարաբերություններ ստեղծվել են դեռ ԽՍՀՄ գոյության տարիներին, ավելի ստույգ՝ 20-րդ դարի 50-ական թվականներին: Այդ ժամանակ ակտիվ համագործակցություն կար աֆրիկյան շատ երկրների հետ, որոնք դեռ նոր էին անկախություն ձեռք բերել: Այսօր Ռուսաստանը ձգտում է վերականգնել ԽՍՀՄ ստեղծած կապերը և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, ինչի մասին վկայում է ՌԴ նախագահ Դ. Ա. Մեդվեդևի այցը Եգիպտոս, Նիգերիա, Անգոլա և Նամիբիա 2009 թվականի հունիսին: Աֆրիկա այցի ժամանակ ՌԴ նախագահը բարձրաձայնեց Ռուսաստանի ռազմավարական ուղղվածությունը Աֆրիկայի նկատմամբ: Այսպես, 2009 թվականի հունիսի 25-ին ելույթ ունենալով Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում՝ նա ասաց. «Մենք առանց խանդի ենք հետևում մեր գործընկերների գործունեությանը Աֆրիկայում, բայց միևնույն ժամանակ մենք ցանկություն ենք հայտնում զարգացնել այստեղ մեր շահերը և ռուսական ընկերությունները: Դա բնական է ցանկացած պետության տեսանկյունից»: Դ. Ա. Մեդվեդևը նկատեց, որ. «Մեր աֆրիկյան գործընկերների հետ աշխատանքները պետք էր շուտ սկսել, առավել ևս այն դեպքում, որ շատերի հետ հարաբերությունները չեն էլ խզվել, տասնյակ տարիներ զարգացել են և դարձել ընկերական»: Այցերի ժամանակ ստորագրվել են զգալի միջպետական և միջգերատեսչական փաստաթղթեր և ռուսական ու աֆրիկական ընկերությունների գծով պայմանագրեր: Դրանց մեջ աչքի են ընկնում բոլոր երեք երկրների հետ կապիտալային ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնությունը, տնտեսական, գիտատեխնիկական և առևտրային համագործակցության 2009-2013 թվականների միջժամկետային ծրագիրը: Իսկ Անգոլայի հետ՝ ԲԲԸ «Գազպրոմ»-ի և Նիգերիայի նավթային կորպորացիայի միջև համատեղ ձեռնարկության կազմավորման և «Անգոսատ» անգոլական ազգային տիեզերական կապի և հեռարձակման համակարգի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը: Վ. Վ. Պուտինը ևս անտարբեր չէ Աֆրիկայի նկատմամբ: Աֆրիկայի օրը՝ 2015 թվականի մայիսի 25-ին, նա հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է աֆրիկյան երկրների հետ երկկողմ և բազմակողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգարցմանը: Կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը նույնպես միանում է Աֆրիկա մայրցամաքում իր ազդեցությունը տարածելու մրցավազքին: Եվ, քանի որ առկա է շահերի բախում, Ռուսաստանը անտարբեր չէ Չինաստանի աֆրիկյան քաղաքականության նկատմամբ:
Մի փոքր այլ է Արևմուտքի վերաբերմունքը Չինաստանի քաղաքականությանը: Ակնհայտ է երկու հիմնական մոտեցում: Առաջինի կողմնակիցները այդ քաղաքականությունը սխալ են համարում, քանի որ այն առաջացել է Չինաստանի էգոիստական նպատակներից և վնասում է Աֆրիկայի փխրուն և ծայրահեղ անկայուն քաղաքական համակարգին՝ չթողնելով տնտեսությանը և քաղաքական կարգին զարգանալ: Դրան հակառակ, երկրորդ մոտեցման համախոհները կարծում են, որ դա մեծագույն առաքինություն է, Չինաստանի կողմից ալտրուիստական քայլ է, որն իր ներդրումներով օգնում է աֆրիկական տնտեսությանը ոտքի կանգնել և դառնալ ավելի մրցունակ: Ներկայացված մոտեցումները իրենց էությամբ հակասող են, ինչը թույլ չի տալիս խոսել դրանց ճիշտ կամ սխալ լինելու մասին: Բնականաբար, այդքան միջոցներ Չինաստանը իր ալտրուիզմից չի հատկացնում: Առաջին տեղում են պետական շահերը, որոնք միշտ ամենից բարձր են: Բայց դա որպես միարժեքորեն չարիք դիտարկելը նույնպես սխալ է: Մեր կարծիքով չինական քաղաքականությունը Արևմուտքի երկու մոտեցումների «ոսկե միջինն է»:
Քիչ կարևոր չէ իրենց՝ աֆրիկացիների վերաբերմունքը այս հարցին: Ներկայացնենք դրա վերաբերյալ հասարակ աֆրիկացիների մի քանի վկայություններ: Նայրոբիից ոմն Էնդրյուն Լոնդոնում Ռուսաստանի ձայնի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանը ճակատագրի պարգև է: Այն կառուցել է արագընթաց ավտոմայրուղի, որի շնորհիվ մարդիկ ժամերով խցանումների մեջ կանգնելու փոխարեն 1-2 ժամում հասնում են աշխատանքի վայր: Աֆրիկյան մեկ այլ քաղաքի բնակիչ «The Economist» ամսագրի հետ հարցազրույցում հայտնել է հակառակ կարծիքը. իրենց երկրում չինացիների քանակի ավելացումը և նրանց ավելի բարձր կարգավիճակը հանգեցնում է նրան, որ կանայք նախընտրում են չինացիներին, ինչը պոտենցիալ կարող է առաջացնել ժողովրդագրական որոշ խնդիրներ: Չինաստանի և չինացիների նկատմամբ վերաբերմունքի վրա ազդում է ևս մեկ գործոն՝ սոցիալական: Եկող չինացիները օտար երկրում ավելի բարձր են վարձատրվում և ապրում են ավելի բարեկեցիկ, ինչը, բնականաբար, առաջացնում է բացասական զգացմունքներ տեղացիների կողմից: Որոշ աֆրիկյան քաղաքագետներ և պատմաբաններ հայտարարում են, որ Չինաստանի քաղաքականությունը Աֆրիկայի երկրորդ գաղութացումն է: Չնայած, այս հայտարարություններին կարելի է հակադրել Զիմբաբվեի նախագահ Լեվի Մվանավասուի հետևյալ խոսքերը. «Չինական կառավարությունը մեր երկիր բերել է այսքան զարգացում, իսկ դուք դրան դե՞մ եք կանգնում»: Եվ դա մասամբ այդպես է: Մի կողմից Չինաստանը ակտիվորեն օգտագործում է տեղացի աֆրիկացիների աշխատուժը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, մյուս կողմից ամեն ինչ անում է, որպեսզի տարածի Աֆրիկայում իր արժեքները:
Ամփոփելով ասվածը՝ կարելի եզրակացնել, որ Աֆրիկայում չինական քաղաքականության նրբությունները ամբողջական են և յուրատեսակ, ինչպես և դա իրականացնող երկիրը: Բայց փաստն այն է, որ Աֆրիկան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մայրցամաք է, որն իր ձեռք չտված ռեսուրսներով կարղ է նպաստել զարգացած պետությունների տնտեսական կայունությանը:
Կարելի է ասել, որ այս պահին Չինաստանի քաղաքականությունը Աֆրիկայում հաջող է իրականացվում, ինչի մասին վկայում են չինական մշակույթի արագ տարածումը, տնտեսության ոլորտում բազմամիլիարդ ներդրումները և Աֆրիկայում պետական աջակցության աճը: Շնորհիվ հաջող քաղաքականության` չինական տնտեսությունը ևս շահում է, ինչը բերում է երկրի արագացված զարգացմանը: Վերոնշյալից ելնելով՝ կարելի է պնդել, որ որոշ ժամանակ անց Չինաստանը լինելու է միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարներից:
Մեր կարծիքով առկա ժամանակակից գլոբալ համակարգը բոլոր երկրները դարձնում է միմյանցից կախված, իսկ լուրջ փոփոխությունները կարող են հանգեցնել համաշխարհային կարգի ամբողջական փլուզման: Աֆրիկան նույնպես տեղ ունի այդ համակարգում: Այն ռեսուրսային բազա է շատ երկրների համար: Բայց այդ ռեսուրսները Աֆրիկային դարձնում են ընդլայնման միջոց՝ չթողնելով աֆրիկյան երկրների անկախացման փխրուն համակարգին զարգանալ: Եթե ինչ-որ երկիր Աֆրիկայում սկսի իրականացնել մենաշնորհային քաղաքականություն և վերացնի բոլոր մրցակիցներին, ապա աֆրիկյան ռեսուրսները մի շարք հզոր երկրների համար կդառնան անհասանելի: Դա կհանգեցնի, մեր կարծիքով, լոկալ պատերազմների, որտեղ զարգացած երկրներն են հարցեր լուծելու, սակայն բնիկ աֆրիկյան բնակչության ձեռքերով: Դա նշանակում է, որ Աֆրիկայի երկրորդ գաղութացումը, հատկապես Չինաստանի կողմից, այսօր շատ երկրների արտաքին քաղաքականության դիսկուրսում կարևոր նշանակություն ունի:
6. Economic Data and Trade Statistics. URL: http://brics.itamaraty.gov.br/about-brics/economic-data URL: https://en.m.wikipedia.org/wiki/Sudan 8. См.: Oil Market Report: 11 March 2016. URL: https://www.iea.org/oilmarketreport/omrpublic/currentreport/ URL: http://mir-politika.ru/256-rossiya-i-afrika-etapy-sotrudnichestva-i-perspektivy.htm 10. См.: China in Africa ” What do Kenyans Think? URL: https://m.youtube.com/watch?v=tIET_fjjnIAԳրականություն
Հեղինակ՝ Րաֆֆի Թադևոսյան: ©Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թարգմանեց՝ Ռաֆֆի Շիրինյան: