Հազարամյակներ շանրունակ նուկլեար (միջուկային) ընտանիքը[i] որպես գլխավոր սոցիալական ինստիտուտ, իր մի շարք առանձնահատկություններով, իրեն բնորոշ գործառույթներով (վերարտադրողական, դաստիարակչական, սոցիալ-դասակարգային, հոգևոր-արժեքային, ռեկրեացիոն`մարդու ֆիզիկական, մտավոր կարողությունների վերականգնման, տնտեսական), կայուն կառուցվածքով մի համակարգ է, որում երկու և ավելի մարդիկ կապված են արյունակցական կապերով, ամուսնությամբ կամ որդեգրման միջոցով, այդ ընտանիքի ներսում իրենք իսկ ստեղծում են միջանձնային հաղորդակցման մշակույթ, կյանքի մի շարք երևույթների շուրջ ունենում ընդհանուր արժեհամակարգային դիրքորոշում: Ընտանիքը մարդու առաջնային սոցիալականացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որը դարեր շարունակ հենք է հանդիսացել սոցիալական աշխարհի մյուս ինտիտուտների, առաջին հերթին՝ պետության, իրավունքի ինստիտուտի, հանրային կարծիքի, կրոնի, կրթության ու մշակույթի ինստիտուտների հետ հարաբերվելու համար և ապահովել ընտանիքի ինստիտուտի հետագա գոյությունը: Այստեղ ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, երբ ընտանիքը հայտնվում է ամենախոցելի դիրքում:
Հասարակական ցանկացած, նույնիսկ ամենաանշան փոփոխություն, առաջին հերթին անդրադառնում է ընտանիքի ինստիտուտի վրա, որը, պետք է փաստել, արդի ժամանակներում ոչ այնքան փոփոխվում (դեռևս 1960-ականներից ֆրանսիացի սոցիոլոգները հայտարարեցին, որ ընտանիքի դասական մոդելն այլևս գոյություն չունի), որքան մտնում է լիովին մի նոր վիճակ` հղի հիմնովին խաթարելու այս ինստիտուտի վերաբերյալ մեզ հայտնի բոլոր ավանդական պատկերացումները: Ընտանիքի սոցիոլոգիան ուսումնասիրում է ընտանիքի՝ որպես հասարակական ինստիտուտի գործառնությունը, ընտանիքի կառուցվածքն ու գործառույթները, ամունսա-ընտանեկան հարաբերությունները, այս կամ այն մշակութային տիպին կամ սոցիալական խմբին հատուկ ընտանեկան վարքի օրինակները: Այն չի դիտարկում ընտանիքը որպես քարացած, անփոփոխ մի ինստիտուտ, այլ հակառակը` հասարակության պատմական, սոցիալ-մշակութային դինամիկ փոփոխությունների ներքո:
Վերջին ժամանակներում նկատելի են այս ինստիտուտում տեղի ունեցող մի շարք ակներև փոփոխություններ, որոնք առաջացնում են որոշ հարցեր: Մասնավորապես.
” արդյոք մեր օրերում հասարակության համար ընտանիքն ունի այն նույն նշանակությունը, ինչ, օրինակ, մի քանի հարյուր տարի առաջ,
” արդյոք տեխնոլոգիական նվաճումներն անմիջականորեն չեն վնասում ընտանիքի ինստիտուտի հետագա գործառնությանը,
” ճիշտ է արդյոք այն պնդումը, որ այս կամ այն երկրի զարգացվածությունն առաջին հերթին վնասում է ընտանիքի ինստիտուտի գործառույթներին:
Հաշվի առնենք, որ աշխարհի առավելապես զարգացած երկրներում ամուսնությունն ընտանիք կազմելու պարտադիր պայման չէ, կամ էլ` ավելանում են ապահարզաններն ու պակասում ամուսնությունները։
(Հայաստանի պարագայում՝ 2004-2014 թվականների վիճակագրական տվյալներով ամուսնություններն արձանագրել են անկում, իսկ ամուսնալուծությունները՝ աճ. մասնավորապես՝ 2012 թվականի տվյալներով ամուսնությունների թիվը կազմել է 19063, 2014 թվականին` 18912, ամուսնալուծությունների թիվը 2012 թվականին կազմել է 3250, իսկ 2014 թվին՝ 4496):: Կա վարկած,համաձայն որի՝ տեխնոկրատ հասարակարգի պայմաններում միայնակ մարդկանց տոկոսն ամբողջ աշխարհում աճման միտում է արձանագրում: Ստացվում է, որ ընտանիքի ինստիտուտը, մեղմ ասած, այլևս շահեկան դիրքերում չի գտնվում:
Այժմ անդրադարձ կկատարվի Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Շվեդիայի ժողովրդագրական պատկերին ու ընտանիքի ինստիտուտի ներսում տեղի ունեցած փոփոխություններին:
Ճապոնիա
Ընտանիքի ինստիտուտն ուսումնասիրող մի շարք փորձագետների կանխատեսումների համաձայն՝ որոշ զարգացած երկրներում ամուսնությունն աստիճանաբար սոցիալական հարաբերություններում պակաս տեղ կգրավի և իրավական դաշտում կպահանջվեն լրացուցիչ փոփոխություններ: Նախ և առաջ կցանկանայի ներկայացնել աշխարհում երրորդ տնտեսությունն ունեցող երկրի` Ճապոնիայի ընտանիքի ինստիտուտը, որտեղ թվում է թե երիտասարդությունը հիմնովին ժխտում է Զ. Ֆրեյդի այն պնդումը, որ մեր բոլոր գործողությունների հիմքում ընկած է երկու դրդապատճառ` հայտնի դառնալու ցանկությունն ու սեռական պահանջմունքների բավարարումը:
Դեռևս երրորդ հազարամյակի շեմին որոշ արևմտյան, ճապոնացի ու ռուս գիտնականներ կատարեցին մի շարք հետազոտություններ Ճապոնիայի երիտասարդության` նրանց հետաքրքությունների, կենսակերպի, միջսերնդային ու միջանձնային հարաբերությունների, ինչպես նաև կյանքի, ընտանիքի, ամուսնության վերաբերյալ: Պետք է նշել, որ արդեն իսկ 1990-ական թվականներին պատկերն անհանգստացնող էր, իսկ 2000-ական թվականներին ուսումնասիրողները վստահաբար փաստեցին, որ իրավիճակն աստիճանաբար ավելի մտահոգիչ կարող է դառնալ: Խոսելով Ճապոնիայի երիտասարդության մասին, որի ուսերին է դրված ավագ սերնդի սոցիալական ապահովման հարցը, վերարտադրողական գործառույթի իրականացումը ու ավանդականի և մոդեռնի զարմանալի համադրության շնորհիվ ճապոնացիներին բնորոշ յուրօրինակության պահպանումը՝ ի զարմանս բոլորի, ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ թվում է, թե Ճապոնիայի երիտասարդությունը վերցնում է արևմտականացման ամենաբացասական կողմերը:
Ճապոնիայում ընտանիքի ինստիտուտը բավական երկար ժամանակ գործառնել է Կոնֆուցիոսի բարոյագիտական կանոնների հիման վրա, սակայն, ժամանակի ընթացքում, այն աստիճանաբար դարձավ պակաս արդիական, և այժմ եռասերունդ ընտանիք, կրտսեր սերնդի կողմից ավագ սերնդի սոցիալական ապահովում, խնամք, հոգատարություն հասկացություններն աստիճանաբար դուրս են մղվում ինչպես տեսական, այնպես էլ առօրյա պրակտիկ գործածությունից:
Վերջին տասնամյակում այս երկրի երիտասարդության լեզվամտածողության մեջ տեղ են գտել արևմտյան աշխարհին, մասնավորապես ամերիկյան խոսակցական անգլերենին բնորոշ բազմաթիվ արտահայտություններ ու բառեր, որոնք նույն այդ երիտասարդության կողմից ենթարկվել են հնչյունաբանական վերափոխման` հարմարեցվելով ճապոնական արտասանությանը: Արդյունքում՝ հաղորդակցման մակարդակում միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչների համար հաճախ դժվար է լինում հասկանալ այս «նորարարություններով»-ով համեմված լեզուն:
Առաջադեմ երիտասարդության մյուս խնդիրն անմիջականորեն կապված է ապագայի, իրենց սեփական կյանքի կառուցման, ընտանիք ստեղծելու, ծնելիության գոնե նվազագույն շեմը պահելու, վերարտադրողական գործառույթի իրականացման հետ: Բանն այն է, որ այնտեղի երիտասարդությունն այլևս չի ցանկանում գնալ սիրելիի հետ հանդիպման, ամուսնանալ, անգամ սեքսով զբաղվել. նրանց դա պարզապես հետաքրքիր չէ(սա ստացել է «կուսակրոնության սինդրոմ» անունը), և դա այն դեպքում, երբ այդ երկրում տարեցների թիվն ավելին է, քան երիտասարդներինը, որոնք պետք է իրենց հարկերով ապահովեն նրանց ծերությունը: Սրա գլխավոր պատճառներից մեկը իրականության զգացման կորուստն է. տեխնիկական առաջընթացին զուգահեռ ճապոնացի երիտասարդությունն ավելի ու ավելի է կապվում վիրտուալ աշխարհի ամենատարբեր հերոսների ու խաղերի հետ:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի Ճապոնիայի ժողովրդագրական պատկերը. համաձայն փորձագետների՝ 2020 թվականին Ճապոնիայի բնակչությունը կլինի ամենածերն աշխարհում: Եթե 20-րդ դարի 70-ական թվականներին ճապոնացիները թոշակի էին անցնում 55 տարեկանում, ապա այժմ դա անում են 60 տարեկանում:
2006 թվականի տվյալներով Ճապոնիան իններորդ տեղում է 20-44 տարեկան տղամարդկանց ինքնասպանության ցուցանիշով, իսկ 2009 թվականին այս ցուցանիշն աճեց 2%-ով` գրավելով երրորդ տեղը (պատճառները` գործազրկություն, դեպրեսիա ու հասարակական ճնշում) (2011 թվականի տվյալներով առաջին տեղում Հարավային Կորեան է): Ներկայումս Ճապոնիայի ժողովրդագրական անմխիթար պատկերն ավելի մտահոգիչ է դառնում: Մասնավորապես`
- Ճապոնացի տղամարդիկ այլևս չեն ցանկանում կազմել ընտանիք և իրենց վրա վերցնել վերջինիս պատասխանատվությունը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ավելի շատ հետաքրքված են անիմեներով ու ռոբոտներով, քան կանանցով, և որ գրեթե որևէ նախաձեռնություն չեն ցուցաբերում ընտանիք կազմելու համար:
- Ունենալով կայուն աշխատանք ու ապահովագրություն, բայց ոչ ընտանիք՝ նրանք շարունակում են ապրել ծնողների հետ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է երկրում ծնելիության ցուցանիշների անկման գլխավոր պատճառը, որից էլ իր հերթին բխում է (դեռևս 2003-2004 թվականներին արդեն նկատելի) ճապոնական հասարակության սպառողական պահանջարկի նվազումը (չեն գնում անշարժ գույք և կենցաղային տեխնիկա, կահույք), ինչը շոշափելի վնաս է հասցնում երկրի տնտեսությանը:
Անդրադառնալով 30-40 տարեկան ճապոնացի տղամարդկանց շրջանում նկատվող ինֆանտիլության, անպատասխանատվության, իրական աշխարհից կտրվելու փորձերին՝ ճապոնացի փորձագետները փաստում են, որ նրանք ոչ թե ձգտում են պլաններ կազմել, ապագայում ստեղծել ընտանիք կամ գոնե մտածել դրա սստեղծման շուրջ, այլ ուրախանում ու հպարտանում են վիրտուալ աշխարհում իրենց սիրելի հերոսի հաջողություններով և կիսվում դրանցով իրական ու վիրտուալ ընկերների հետ:
Ինչ վերաբերում է ճապոնացի կանանց, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինչպես մի շարք երկրներ, այնպես էլ Ճապոնիա ներթափանցեց կնոջ ազատականացման հարցը, և եթե նախկինում կնոջ պարտավորությունները սահմանափակվում էին տան ու ընտանիքի շրջանակներով և կնոջ վերաբերյալ ավանդական պատկերացումներով, ապա 1960-70-ական թվականներից սկսած ճապոնացի կանայք սկսեցին ոչ միայն ամուսնու հետ միասին մասնակցել ընտանեկան բիզնեսի կառավարմանը, այլև իրենց տեղը գրավեցին երկրի սոցիալ-քաղաքական կյանքում: Սակայն 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած փոփոխությունները ցույց են տալիս, որ շատ ճապոնացի կանայք պատրաստ չեն և վախենում են, որ չեն կարողանա միաժամանակ լինել և՛ ընտանիքի հոգատար մայր, և՛ սիրելի կին ու միևնույն հաջողությամբ իրենց դրսևորել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Այլ կերպ ասած` ժամանակակից ճապոնացի կինը առավել նախընտրում է ստեղծել կարիերա, քան նվիրվել ընտանիքին: Ճապոնացի կանանց ուշ ամուսնանալու կամ ընդհանրապես չամուսնանալու պատճառն է նաև այն գիտակցումը, որ երիտասարդ ամուսինները չեն կարող նրանց ապահովել այնչափ, ինչ չափով որ ծնողներն են ապահովում։ Նման մտավախությունը հանգեցրել է նրան, որ երիտասարդ աղջիկները սկսել են կապ հաստատել իրենցից տարիքով շատ ավելի մեծ տղամարդկանց հետ, որը հնարավոր է ավարտվի ամուսնությամբ՝ բնականաբար հաշվի առնելով ֆինանսական ապահովվածության հանգամանքը:
Ճապոնական ընտանիքի հաջորդ խնդիրը առ այսօր միայնակների թվով աշխարհում իր առաջատար դիրքի պահպանումն է գերազանցապես տարեց մարդկանց շրջանում, որոնց մահվան մասին հատուկ ծառայություններն իմանում են միայն մահվանից օրեր կամ շաբաթներ անց։ Այս երևույթը ստացել է կոդոկուշի` <<միայնակ մահ>> անվանումը: Սա ինքնըստինքյան կարող է բերել դարեր շարունակ ճապոնական հոգեբանության անբաժան մասը կազմող ինքնասպանության, բայց եթե դարեր առաջ դա արժանապատվության, վսեմ գաղափարների տեր մարդու արարք էր` հասարակության կողմից գովելի, ապա այսօր դա միայնակության ու ժողովրդագրական մտահոգիչ պատկերի արտացոլումն է:
20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի սկզբին հասարակությունն ավելի հանդուրժող է դարձել այնպիսի ընտանիքների նկատմամբ, որտեղ անպայման չէ երկու ծնողների առկայությունը, և կինը կարող է միայնակ մեծացնել իր երեխային: Հայտնի է՝ որքան հասարակությունը զարգացած է, այնքան գենդերային դերերը դառնում են ավելի ու ավելի «լղոզված», «ընդհանուր», և թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ավելի են հեռանում «զուտ տղամարդկային», «զուտ կանացի» դասական հասկացություններից. առաջանում են տարբեր ոլորտներում ինքնառեալիզացվելու ավելի շատ հնարավորություններ: Անշուշտ այս գործում իր առյուծի բաժինն ունեն 20-րդ դարի սկզբներին կանանց ազատականացման շարժումները (աշխարհի որոշ երկրներում այն դեռևս շարունակվում է): Արդյո՞ք գենդերային դերերի նման փոփոխությունը հարված է հասցնում ընտանիքի ինտիտուտին: Միանշանակ այո, եթե հարցին նայում ենք ավանդական ընտանիքի տեսանկյունից (հայր, մայր, երեխա/ երեխաներ), և ոչ պոստինդուստրիալ հասարակության տեսանկյունից (յուրաքանչյուրն իրավունք ունի տնօրինել իր կյանքն այնպես, ինչպես գտնում է ճիշտ, և հասարակությունը պետք է առավելագույնս հանդուրժող լինի, անհրաժեշտության դեպքում՝ ողջունի և սատարի, բայց չխառնվի որևէ մեկի անձնական կյանքին): Ակներև է դառնում, որ խոսքը գնում է ընտանիքի մի նոր ձևի մասին, որի ժամանակ, (հատկապես սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում) գտնվող պետությունների դեպքում, արտագնա աշխատանքի միջոցով ապրուստ հայթայթող նույն ավանդական ընտանիքներում որոշ ժամանակ անց, այսպես թե այնպես, փոխվում է սեռերի դերային բաշխումը (կինը դառնում է ընտանիքի գլխավոր աշխատուժը), որը հետագայում որոշակի հետևանքներ է ունենում սերունդների` ընտանիքի՝ որպես սոցիալական ինստիտուտի գործառնման և ընտանիքի կյանքի որակի մասին պատկերացումներում: Չէ որ ընտանիքն իրենից ներկայացնում է ինքնիշխան փոքր պետություն, որում երեխան պետք է սովորի հարմարվել սոցիալական այն պայմաններին, որում ապրում է, այսինքն` անհատի ադապտացիա սոցիալական միջավայրին, հասարակությանը բնորոշ նորմերի, արժեքների, վարքի մոդելների յուրացում: Ընտանիքի ինստիտուտի ճգնաժամը և ցածր ծնելիության մակարդակը լրջագույն փոփոխությունների են տանում հասարակական արժեհամակարգը, որը մի կողմից փորձում է փոփոխել այս ինտիտուտի համար ավանդական դարձած մեխանիզմները, ցույց տալ, որ պոստինդուստրիալ հասարակության շրջանակներում կան «առավել կարևոր» երևույթներ (գլխավորապես տնտեսական բնույթի), բայց և մյուս կողմից՝ պահպանել վերարտադրողականությունը՝ որպես տվյալ հասարակության հետագա գոյության պարտադիր պայման:
Օգտագործված գրականություն
- Զրույցներ Ջիովաննի Գաույտայի հետ, Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ս. Էջմիածին, 2001
- Оксана Железняк, “ПАРАСАЙТО СИНГУРУ. Почему японская молодежь не спешит
расставаться с родительским домом?”
- В.Молодяков “Японская молодежь накануне третьего тысячелетия”
- Гуров, С.В.Япония в поисках новой идентичности. М.: Вост. лит. РАН, 2010. С. 254.
- Прасол, А.Modern Japan. Origins of the Mind: Japanese Traditions and Approaches to Contemporary Life. Singapore, 2010. 352 p.; Прасол, А. Япония: Лики времени. М.: Наталис, 2009. 414 с.
- Kamo, Y. (1990). “Husbands and Wives Living in Nuclear and Stem Family Households in Japan”.Sociological Perspectives 33 (3)
- Tasha R. How “Marriages and Families in the 21st Century: A Bioecological Approach”
- Bahira Trask “Changing american families”, an article
- ULLA BJÖRNBERG & MAI HEIDE OTTOSEN “Challenges for future family policies in the Nordic countries”, The Danish National Centre for Social Research, Copenhagen 2013
- http://e-notabene.ru/lr/article_9007.html
- http://www.bbc.com/news/world-16500768
- http://elibrary.ru/item.asp?id=11737294
- http://www.zaxodi-v-internet.ru/swedish-family.html
- https://disser.spbu.ru/files/disser2/490/aftoreferat/avtoref_Lashchenko.pdf
[i] Նուկլեար ընտանիք` կազմված ծնողից/ծնողներից ու երեխաներից կամ միայն ամուսիններից, որտեղ առաջին պլան է մղվում վերջիններիս հարաբերությունները։ Հակադրվում է ավանդական տիպի բարդ ու նահապետական ընտանիքներին:
Հեղինակ՝ Հռիփսիմե Դայան (Hripsime Dayan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ընթերցեք նաև
Ընտանիքի` որպես 21-րդ դարի սոցիալական ինստիտուտի մարտահրավերները․ մաս 2֊րդ