Հայաստանյան հետհեղափոխական իրականության մեջ բավականին ակտիվացել ու պարբերական բնույթ են ստացել էպիստոլյար ժանրի դրսևորումները։ Իշխանություններին ուղղված նամակներ են գրվում տարբեր անհատների, քաղաքական ուժերի և կոլեկտիվների կողմից։ Այս ընթացքում երկու հետաքրքրական կոլեկտիվ նամակ – դիմումներ ևս գրվեցին, որոնք կքննենք մի քանի դիտանկյունից։ Դրանք իրենց էության մեջ չափազանց կարևոր, տիպական տեքստեր են` նոր ժամանակների ոգին հասկանալու համար։
Խոսքը խոշոր առևտրային ցանցերի և մեդիա դաշտի ներկայացուցիչների կոլեկտիվի դիմում-նամակների մասին է` ուղղված ՀՀ Կառավարությանը։ Այդ դիմում – նամակներում Կառավարության ուշադրությունն էին հրավիրում մի քանի «կարևոր» խնդիրների, որոնք, փաստացի լինելով հին իշխանությունների ժառանգություն, նոր պայմաններում կյանքի կոչվելու կարողություն չունեն։
Առաջին օրինակը սուպերմարկետների պատասխանատուների դիմում-նամակն էր, որտեղ հեղինակները հորդորում էին Կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վերանայել ՊԵԿ–ի նոր քաղաքականության պայմանները և իրենց ազատել ԱԱՀ-ից՝ այդպիսով պահպանելով նախկին խաղի կանոնները։ Հաղորդագրության մեջ նրանք նաև նշում էին աշխատատեղերը փակելու վտանգի ու պարենային անվտանգության խնդիրների մասին. «Վտանգված է նաև թե՛ առեւտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե՛ աշխատատեղեր ապահովելու խնդիրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10.000 քաղաքացիներ»։
Սրան զուգահեռ և գրեթե միաժամանակ՝ մասնավորապես մի քանի շաբաթ անց, մեկ այլ հետաքրքրական կոլեկտիվ նամակ-դիմում էին հղել առ վարչապետ հայկական առաջատար լրատվական կայքերի և տպագիր մամուլի խմբագիրները։ Այս նամակի ընդհանրական բովանդակությունը նույնպես դժգոհություն էր առ նոր իրողություններ՝ ի հակադրություն նախկին փորձառության և կանոնների։ Ըստ խմբագիրների` կառավարությունը որդեգրել է նոր տեղեկատվական քաղաքականություն՝ դասական մեդիային երկրորդ պլան մղվելու միտումով։ Այսպես, Կառավարության անդամները և ինքը վարչապետը, օգտագործելով սոցիալական ցանցերը, լայվերը և տեսաուղերձները, դրանք ակտիվացրել և առավել կարևոր տեղեկատվական հարթակ են դարձրել՝ ի վնաս դասական մեդիայի։ ԶԼՄ ներկայացուցիչները այսպիսով իրենց բողոքն էին հայտնում կառավարության որդեգրած տեղեկատվական նոր քաղաքականության նկատմամբ և պնդում, որ «տեղեկատվական աղբը» մաքրելը և «հովանավորյալ» լրատվամիջոցներին մրցակցային դաշտ բերելը հենց Կառավարության խնդիրն է, և այդ ամենը ուղիղ վնաս է ազատ խոսքին, մամուլին և տեղեկատվական անվտանգությանը։ Ահա մեկ մեջբերում նրանց դիմումից. «Լրատվական դաշտի հետ հարաբերություններում իշխանությունը պետք է առաջնորդվի բոլոր լրատվամիջոցների համար լիարժեք հավասարության պայմաններ ստեղծելու գաղափարով։ Դա պետք է գործի տեղեկատվություն փոխանցելու, լրագրողների հավատարմագրման, թերթերի վաճառքի, գովազդի, հարկային քաղաքականության և մյուս բոլոր հարցերում»։
Ավելին, լրատվամիջոցները բողոքում են «իշխանության համակիրների» և «հասարակության մի հատվածի» կողմից հատկապես սոցցանցերում «բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներից»։
Հատկապես հետաքրքրական են այս տեքստերի նշանային և բովանդակային ընդհանրությունները քաղաքական ընդդիմության ներկայացուցիչերի այն հայտարարությունների հետ, թե «37 թիվն է» սկսվել։
Տեքստերի բովանդակային և ոճական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երկուսն էլ իրենց էության ու փիլիսոփայության մեջ հանգում են մի քանի առանցքային խնդրի.
- հին գործիքներով նոր խաղին չհարմարվելու իրողություն,
- ավելի շատ պետություն ունենալու հարց (միջամտող, կարգավորող, համակարգող),
- խնդրի միակողմանի դիտարկում,
- սեփական թերությունների իսպառ անտեսում:
Այո, հենց հնի ու նորի հակադրումը, սեփական կարգավիճակի ու գործունեության անտեսումը, կրավորական կեցվածքն են, որ պայմանավորում են նոր պայմանների ու հին փիլիսոփայության բախումը: Եվ հենց այս իրողությունն է, որ միավորում է առաջին հայացքից միմյանցից այսքան հեռու (առևտրային ցանց և ԶԼՄ) ոլորտների և նրանց ֆունկցիոնալ խնդիրների հարցերը:
- Երկուսի դեպքում էլ կա բողոք՝ իշխանություն – մասնավոր սեկտոր հարաբերությունների նոր ֆորմատի վերաբերյալ։
- Երկուսն էլ խոսում են պետության դերակատարության կարևորության և նախաձեռնողականության վատթար հետևանքների մասին։
- Երկուսն էլ նշում են պետության կարևորության մասին՝ նոր խաղի կանոններ ստեղծելու և դրանք մասնավորին ծառայեցնելու հարցում: Երկուսն էլ ընդգծում են, որ պետությունը՝ ի դեմս Կառավարության, պարտավոր է հաշվի նստել հին բարքերի հետ։
Եթե մի պահ կտրվենք իրականությունից և վերադառնանք նախահեղափոխական Հայաստան, կարո՞ղ ենք արդյոք պատկերացնել, որ նույն այս առևտրային ցանցերի ներկայացուցիչները կամ ԶԼՄ ղեկավարները կարող էին նույնաոճ նամակ-դիմում հղել նախորդ իշխանություններին: Նույնիսկ անտեղյակ դիտողը հասկանում է, որ դրանք իրենց բնույթով շանտաժ են առ պետություն, շանտաժ՝ նամակի հասցեատեր կառավարությանը։
Այս երկու նամակները թե՛ իրենց ոճով և թե՛ իրենց բովանդակությամբ նման են այն ֆիլմի հերոսի, որն ապրում է հետհեղափոխական երկրում, սակայն, չունենալով անձնական փորձառություն նոր փոփոխված իրականության և չհարմարվելով այդ նոր իրողություններին, շարունակում է ապրել հին մոդելով։ Ահա այսպիսի վիճակում են հայտնվել առևտրային ցանցերի ներկայացուցիչները ու ԶԼՄ ղեկավարները, երբ հայտարարում են, որ հրաժարվում են ընդունել նոր իրողությունները և էլ ավելին, նոր իշխանություններից պահանջում են իրենց համար բացառություններ անել։ Բացառություններն են, որ խախտում են նոր ոճը, նոր կանոնները ու ստիպում են որոշակի իներցիայի տարրեր պահպանել անցումային այս շրջանում։ Այս նամակ-դիմումների հեղինակները հայտարարում են, որ իրենք հրաժարվում են ադապտացվել նոր պայմաններին, նոր իրողություններին և, դրան հակառակ, պահանջում են վերաբերմունք հին ձևով։
Իրականում խնդիրն այստեղ սուպերմարկետի շահույթի կամ ԶԼՄ վաճառքի և հետևորդների թվի նվազման հարցը չէ. դրանք միշտ լեցուն են պահանջարկով և հնարավորություններով՝ շնորհիվ կապիտալիզմի։ Խնդիրը հնի հանրային պայքարն է նորի դեմ: Հին, որը նույնիսկ չի էլ խուսափում ներկայանալ որպես հին, այլ անթաքույց կերպով պահանջում է պահպանել իր հին կարգից ժառանգված իրավունքները և նոր պայմաններում դրանց իրացման հնարավորություն ստանալ։
Եթե լինում են հակահեղափոխական կամ ռեգրեսիվ տարրեր, որոնք ձգտում են կոնսերվացնել ու վերարտադրել հին համակարգը, ապա այս երկու դիպվածային տեքստերը հենց այդպիսի ընկալումների ցուցիչներ են ու դրանց մարմնացումը։ Իրենց «անմեղության» մեջ, նույնիսկ եթե իրենք էլ չեն գիտակցել, թե ինչ են ակնկալում ու պահանջում իշխանություներից (թեև պետք չէ թերագնահատել դիմացինի ինտելեկտը և նրա ադապտացիոն որակները), սրանք կարևոր ցուցիչներ են ու կարող են հստակ ազդակ ծառայել, որ հնից նորի անցումը դյուրին չի լինելու, առնվազն հետևողականություն ու ջանք է պահանաջելու։
Հեղինակ՝ Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: