Բազմաթիվ հոդվածներ կան կորուսյալ հայրենիքի, այնտեղ ապրող հայերի, նրանց կենցաղավարության, ձեռքբերումների և այլնի մասին: Մեր հասարակությունը սակայն քիչ է ուշադրություն դարձնում այնպիսի մի հզոր համայնքի պատմությանն ու գործունեությանը, ինչպիսին Բաքվի հայ համայնքն էր մինչև 1990թ.: Այս հոդվածով մեք նպատակ ենք հետապնդում ներակայացնել հայ համայնքի կյանքը, պատմությունը և ողբերգությունը Բաքվում: Բացի դրանից հույս ունենք նաև, որ այս հոդվածի միջոցով կնպաստենք Բաքվից արտագաղթած մեր հայրենակիցների բարդույթների հաղթահարմանը:
Բաքուն բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, և Բաքվի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել V դարի սկզբնաղբյուրներում: Քաղաքը գտնվում է Ապշերոն թերակղզու հարավային մասում և հարուստ է նավթի ու բնական գազի պաշարներով:
Իսկ ինչպե՞ս են հայերը հայտնվել Բաքվում: Դեռևս 500թ. Արցախի թագավոր Վաչագան Բարեպաշտը հրամայում է կառուցել Բաքվի առաջին հայկական եկեղեցին, որի մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: VII դարի հայ աշխարհագրագետ Անանիա Շիրակացին ի թիվս Փայտակարան նահանգի 12 շրջանների հիշատակում է նաև Ալտի-Բագավանը, որը արևելագետ Քերովբե Պատկանովը նույնացնում է Բաքվի հետ: Արևելագետ-ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը, հղում անելով XIV դարի պարսիկ պատմիչ Համդալլահ Ղազվինիին, խոսում է այստեղ հայկական եկեղեցու հնարավոր գոյության մասին, իսկ XV դարի արաբ ճանապարհորդ Ռաշիդ ալ Բաքուվին գրում է, որ Բաքվի (Բաքույա) բնակչության մեծ մասը քրիստոնյա է: 1789թ. սյունեցիներ Մարկոս և Զոհրաբ Թարումյանների, ինչպես նաև շուշեցիներ Հովհաննես և Կարապետ Թումանյանների ջանքերով Հին Թաղամասում հիմնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Ժամանակի ընթացքում Բաքվի հայերի թիվը ավելի է սվարանում: 1851թ. 7431 բնակիչ ունեցող Բաքվում հայերը կազմում են բնակչության 5,5%-ը, իսկ արդեն 1897թ. մարդահամարի տվյալներով Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 111.904 է, որից հայ` 17%-ը: Հայերն ապրել են առանձին թաղամասերում ու քաղաքի մերձակա բնակավայրերում, լայն մասնակցություն են ունեցել նաև քաղաքի կառավարչական պաշտոններում: 1840-ական թթ. կեսերին Բաքվի քաղաքագլուխն էր Պավել Փարսադանի Արղությանը, ով հետագայում` 1849-50-ական թթ., Շամախիի գավառային վարչությունում աշխատում է որպես երդվյալ-ատենակալ: Քաղաքագլուխ Ստանիսլավ Դեսպոտ-Զենովիչի (1885-1895թթ.) կառավարման տարիներին Բաքվի քաղաքային վարչության անդամ և քաղաքագլխի տեղապահն էր Քրիստափոր Անտոնյանը: Քաղաքի հասարակական ժողովը ղեկավարող Ավագների խորհուրդի 17 անդամներից 13-ը հայեր էին, իսկ նախագահն էր Գրիգոր ովիանյանը: Հավելենք նաև, որ օտար երկրները, որոնք հետաքրքրություններ ունեին Բաքվում, որպես իրենց ներկայացուցիչներ էին նշանակում հայերին: Օրինակ՝ 1908թ. Բելգիայի և Իտալիայի հյուպատոսները ազգությամբ հայեր էին: Հայեր էին նաև ռուսական և եվրոպական ամենատարբեր ընկերությունների լիազոր-ներկայացուցիչները:
Հայերն իրենց ներկայությամբ նպաստում էին քաղաքի առաջընթացին բոլոր ոլորտներում` սկսած մշակույթից և վերջացրած առևտրով: Սրա մասին խոսում են այն հանգամանքները, որ հայերը Բաքվում առաջինն են
- Գիրք տպագրել («Հնդկացվոց անցքը անմարդաբանակ կղզիներում», թարգմանությունը՝ Ավագ Գրիգորյանի (1872թ.)):
- Թերթ տպագրել («Հայկական աշխարհ», Բաքու, 1877-78թթ., խմբագիր-հրատարակիչ՝ Ստեփանոս Ստեփանե):
- Տպարան բացել (1870թ. Բաքվի Մարդասիրական ընկերության գրադարանին կից):
- Ընթերցարան բացել (1880թ. Բաքվի Մարդասիրական ընկերություն):
- Աշխարհում առաջին անգամ 1897-1907թթ. հայ արդյունաբերողների կողմից (Ալեքսանդր Մանթաշյան, Արկադի Տեր-Ակոպով և այլք) կառուցվել է Բաքու-Բաթում նավթամուղը:
- Կառուցվել է շոկոլադի առաջին ֆաբրիկան Փիլիպոսյան եղբայրների կողմից:
- Առաջինը Բաքվում 1891թ. Ա. Խարաջյանը հիմնել է Կովկասի հայելիների ֆաբրիկան:
- Առաջինը Բաքվում դիրիժոր Ա. Իոննիսյանը ստեղծել է ադրբեջանական ժողովրդական գործիքների նվագախումբը:
- Առաջինը Ադրբեջանում 1870-ական թթ. դերասան ամուսիններ Ստեփան և Ալմա Սաֆրազյանները ժամանակի հայտնի դրամատուրգների ստեղծագործությունները թարգմանաբար ներկայացրել են ադրբեջանախոս հասարակությանը:
Այս փաստերը, որոնք այսօր հանգամանորեն թաքցվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, վկայում են, որ Բաքուն մինչև իսկ 1990-ականները ադրբեջանական չի եղել: Ուստի հարց է առաջանում, թե ուր էին մահմեդականները, երբ իրենց մայրաքաղաքը ծաղկեցնում էին հայերը:
Մինչ վերոբերյալ հարցին անդրադառնալը փոքր-ինչ շեղվենք վերնագրից և պարզենք`ինչպես էին հայտնվել մահմեդականները Բաքվում: Բաքուն իր պատմության գրեթե բոլոր փուլերում բնակեցված է եղել տարբեր ազգությունների և դավանանքների ներկայացուցիչներով, որոնց մի ստվար հատվածը կազմել են մահմեդականները` պարսիկները, թաթերը, կովկասյան թյուրքերը և այլք: Գիտականորեն ապացուցված է, որ XI-XVII դդ. ընթացքում Արևելյան Անդրկովկաս (ներառելով նաև Բաքուն) ներթափանցած թյուրքալեզու տարբեր ցեղերը մինչև XX դարի սկիզբը անվանվել են տարբեր ցեղանուններով` փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշիրներ, թյուրքեր, թաթարներ, կովկասյան թյուրքեր և այլն:
«Կովկասյան օրացույցը» 1907թ. գրում է. «Բաքվում, ինչպես նաև առհասարակ Բաքվի նահանգում գերակշռողը Ատրպատականի թաթարներն են: Նրանք պատկանում են մոնղոլոիդ ռասային և թյուրքական սերնդին, խոսում են պարսից լեզվի ազդեցությանը ենթարկված բարբառով»: Դժվար չէ գուշակել, որ այս ազգը, որ դեռևս զուրկ էր նույնիսկ էթնոնիմից, դժվար թե կարողանար ինչ-որ ներդրում կատարել տնտեսության մեջ կամ իր հետևից տանել պրոգրեսը: Հայտնի է, որ մահմեդականները Բաքվում մինչև խորհրդային կարգերի հաստատումը և նույնիսկ դրանից հետո ապրել են համեմատաբար ավելի վատ սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմաններում: Մենք չենք ժխտում հնարավոր հանգամանքը, որ շատ հայեր նույնպես նույնպիսի պայմաններում են եղել: Սակայն անհամեմատ մեծ է եղել այն հայերի թիվը, ովքեր ավելի բարձր դիրքեր են զբաղեցրել հասարակական հիերարխիայում: Հայերի այս դրությանը կարելի է հակադրել մահմեդականների վիճակը, իհարկե, որոշ վերապահումներով (հիշենք Թագիրովին, ով համագործակցում էր հայերի հետ, և նրա նավթաբիզնեսը՝ «Թագիրով և Սարկիսով եղբայրներ»): Իհարկե հարց է առաջանում, թե ինչու ենք մենք շեղվում վերնագրից և ինչու ենք ներկայացնում մահմեդականների սոցիալական վիճակը, քանի որ դա առաջին հայացքից ոչ մի կապ չունի հայերի հետ: Հայտնի է, սակայն, որ առաջին տպավորությունները միշտ խաբուսիկ են: Մահմեդականների սոցիալական այդ բարդ դրությունը, մի շարք այլ պատճառներ իր շուրջը հավաքելով, դառնում է Բաքվի հայերի դժբախտության հիմնաքարը և Բաքու քաղաքը անվանակոչում «3 ջարդերի մարաքաղաք»: Հայերը Բաքվում ջարդի են ենթարկվել 3 անգամ`
- 1905 թվականին (Ռուսական կայսրության կազմում)
- 1918 թվականին (Բաքվի կոմունայում)
- 1990 թվականին (Ադրբեջանական ԽՍՀ-ում)
Սկսենք 1905թ. ջարդերից՝ մինիմալ ուշադրություն դարձնելով պատմական անցքերի խիստ քննարկմանը, և ավելի շատ ներկայացնենք ականատեսների հիշողությունները այս դեպքերի մասին`չմոռանալով գնահատել հայերի կորուստները:
1905 թվականի հունվարի 9-ին Պետերբուրգում տեղի ունեցած ժողովրդական հուզումներն իրենց արձագանք են գտնում Ռուսաստանի մյուս խոշոր արդյունաբերական կենտրոններում: Այդ շարժումների ալիքը տարածվում է նաև Կովկասում, ներառյալ Թիֆլիսը, Բաթումը և Բաքուն: Բաքվում սկսված բանվորական ցույցերն ու գործադուլներն ավարտվում են մի շարք նավթահորերի հրկիզումներով: Այս իրադարձություններն ուղեկցվում են ադրբեջանական թյուրքերի հակահայ քարոզչությամբ: Շուտով թյուրքերի և ռուսների տների պատերին կավճով և ածուխով գրված նախազգուշական բառեր են հայտնվում՝ համապատասխանաբար «Յա Ալլահ» (Աստծու հետ) և «Ուռուս» (սրանով վերջիններս ապահովագրվում են հնարավոր շփոթմունքից և ջարդից): 1905 թվականի փետրվարի 6-ին Պարապետում՝ հայկական եկեղեցու մոտ, միջադեպ է տեղի ունենում. Բաբաև ազգանունով մի թյուրք ատրճանակի կրակոցով հայ զինվորի է վիրավորում: Հայերը Բաբաևին հանձնում են ոստիկանությանը և պահանջում խուզարկել նրան, սակայն վերջինս ընդդիմանում է և ատրճանակի կրակոցների ներքո իջնում ոստիկանական կառքից ու փախչում: Կրիվայա փողոցի մոտ զայրացած ամբոխը հաշվեհարդար է տեսնում նրա հետ: Սայլի վրա դրված Բաբաևի դիակը հավատակիցները պտտեցնում են թյուրքական թաղերով` նպատակ հետապնդելով գրգռել թյուրք ազգաբնակչությանն ընդդեմ հայերի:
1905թ. Բաքվի հայերի կոտորածներն առաջինն էին քաղաքում տեղի ունեցած երեք հակահայկական կոտորածների շարքում: Ողջ XX դարի ընթացքում տեղի ունեցած նոր կոտորածների արդյունքում քաղաքը լքում է շուրջ 200.000 հայ: Թիվը առավել քան խոսուն է: Այս 200.000 հայերը ունեին բնակարաններ, ֆինանսներ, գույք, և Հազարավոր ռուբլիներ ացնում են ադրբեջանցի-թյուրքերին: Քաղաքը զրկվում է նաև հզոր տնտեսական ներուժից, իսկ հայերը՝ օրվա հացից: Բայց և այնպես չպետք է մոռանալ նաև հայերի՝ Նիկոլ Դումանյանի կողմից կառավարվող ինքնապաշտպանությունը, որը կարողանում է ինչ-որ չափով փոքրացնել աղետի չափերը: Հատկանշական է, որ հայերը, չկասկածելով գալիքի մասին, կարողանում են շատ արագ համախմբվել և հակահարված տալ: Փետրվարի վերջերին Բաքվում կայացած խորհրդաժողովում որոշվում է ՀՅԴ կենտրոնական կոմիտեին կից ստեղծել Զինվորական մարմին, որը պետք է զբաղվեր ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրներով: Ընտրվում են Զինվորական մարմնի անդամները` Նիկոլ Դուման, Աբրահամ Գյուլխանդանյան եւ Հովհաննես Քաջազնունի: Բացի դրանից Բաքվի ինքնապաշտպանության մեջ ներգրավվում են նաև որոշ հայդուկային խմբեր: Ինքնապաշտպանության արդյունքները գոհացնող էին: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ փետրվարի 9-ին նահանգապետն իր մոտ է հրավիրում հայ եւ թաթար համայնքների ներկայացուցիչներին, ու կարճատեւ բանակցություններից հետո հայերը համաձայնում են թաթարների արած հաշտության առաջարկին (Հովհաննես Տեր-Մարտիրսյանը, ի դեպ, գրում է. «Երեք օրվա ընթացքում սպանվել էին. հայեր` 205, թուրքեր`111, վիրավորվել էին. հայեր` 121, թուրքեր` 128: 205 սպանված հայերից 7-ը կանայք էին, 20-ը երեխաներ եւ 13-ը ծերունիներ»)
Անցնենք 1918թ.-ի ջարդերին` չշեղվելով վերոնշյալ սխեմայից: Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի ծրագրած և իրականացրած ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում Արևելյան Հայաստանում և Անդրկովկասի հայաբնակ այլ վայրերում, որի իրագործման համար Թուրքիան արշավանք է ձեռնարկում դեպի Անդրկովկաս: Սա հետապնդում էր մի քանի նպատակ , այն է` գերմանացիների հետ տիրանալ Բաքվի նավթին, դուրս մղել Ռուսաստանը Կովկասից, միանալ Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի մահմեդականներին և իրագործել պանթյուրքիզմի քաղաքականությունը, որի մեջ էր մտնում նաև հայերի ոչնչացումը:
Հուլիսի 31-ին «Կովկասի մուսուլմանական բանակը» Նուրի փաշայի գլխավորությամբ անցնում է լայնածավալ հարձակման: Երկու ամիս տևած պաշտպանությունից հետո թուրք-ադրբեջանական զորքերը 1918թ. սեպտեմբերի 15-ին առավոտյան մտնում են Բաքու:
Ազգությամբ հրեա գրող, հրապարակախոս Սերգեյ Ռաֆալովիչը, ով Բաքվի դեպքերի ականատեսն է եղել, նկարագրում է 1918 թվականի սեպտեմբերյան կոտորածները իր հոդվածում: Թուրք հեղինակ Էսսադ Բեյն իր «Արյուն և նավ» գրքում նույնպես անդրադառնում է վերոհիշյալ դեպքերին:
Եվ վերջապես ներկայացնենք 1990թ. ջարդերը, որոնք աննախադեպ էին իրենց հասցրած տնտեսական վնասներով և միակը, որի արդյունքում հարյուրամյակների պատմություն ունեցող Բաքվի հայ համայնքը անվերադարձ կորսվեց:
1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվում տեղի են ունենում հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվում է բռնությունների, կոտորածի ու վտարվում քաղաքից: Դեռ 1988-1989թթ. ընթացքում ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները (հատկապես հեռուստատեսությունը) հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող է նախապատրաստում Ադրբեջանի մայրաքաղաքում՝ Բաքվում, հայ բնակչության ջարդերի համար: Ադրբեջանի «Ժողովրդական ֆրոնտը», որտեղ տիրապետող էր դարձել արմատական թևը, բացեիբաց կոչ էր անում վտարել քաղաքի հայերին եւ զբաղեցնել նրանց բնակարանները: Ամբողջ 1989թ. ընթացքում Բաքվի հայ բնակիչները վախենում էին քաղաք դուրս գալ, քանի որ ազգությամբ հայ քաղաքացիները հարձակումների, ծեծի և թալանի էին ենթարկվում ինչպես քաղաքային տրանսպորտում, այնպես էլ՝ փողոցներում:
Սակայն հարց է ծագում, թե ինչու առնվազն 70 տարի համեմատաբար խաղաղ գոյատևող ազգերի միջև ատելությունը կրկին գլուխ բարձրացրեց: 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ Ազգային խորհուրդն իրենց համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշում: Հայերը որոշ չափով մոտենում են իրենց նպատակի իրագործմանը` ի դեմս այս որոշման: Սակայն ընդունման պահին նրանք թույլ տվեցին մեծ սխալ`լրջությամբ չդիտարկելով 1988թ. Գորբաչովի` Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին ուղղված հետևյալ խոսքը, այն է. «Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվի 207.000 հայերի մասին»: Մեկ այլ հարց է, թե ինչու էին Գորբաչովին անհրաժեշտ նման ճշգրիտ տվյալները:
1990թ. մարտի 29-ին կայանում է ԽՍՀՄ ԳԽ փակ նիստ Բաքվում կատարված դեպքերի առնչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջում է ստեղծել հանձնաժողով զորքը Բաքու մտցնելու եւ նրա գործողությունները հետաքննելու նպատակով: Ի պատասխան հարցապնդման` ԽՍՀՄ ղեկավարությունը՝ պաշտպանության նախարար Դմիտրի. Յազովը, ներքին գործերի նախարար Վ. Բակատինը, Պետանվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Կրյուչկովը, նիստի ներկաներին պատմում են կոտորածների մանրամասների մասին: Սակայն ԽՍՀՄ փլուզման գործընթացի արագացման պատճառով Բաքվի հայ բնակչության ջարդերի վերաբերյալ գործի հետագա քննությունն ավարտին չի հասնում:
1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերը դատապարտվում են Եվրախորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից:
Այս տվյալներին կից ցանկանում ենք ներկայացնել նաև մեր հարցազրույցը Բաքվի նախկին բնակչուհի տիկին Անուշի հետ.
(-Ի՞նչ աշխատանք էիք կատարում Բաքվում):
-Ես կոշիկի արտադրամասում բրիգադիր էի, ամուսինս`վարորդ:
(-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ):
-Սկզբում հեռու լուրեր էին լսվում, թե սրան-նրան աշխատանքից հանել են կամ սպանել են: Հետո ամեն ինչ սկսեց թափ առնել, և ամեն օր արդեն զգացվում էր մոտեցող վտանգը: Վախենում էինք անգամ խանութ գնալ: Մի օր արդեն ամեն ինչ մեզ վրա զգացինք, երբ անհիմն աշխատանքից հեռացրին:
(-Իսկ ինչպե՞ս էին հարաբերությունները ադրբեջանցի հարևանների հետ մինչև 1989-1990թթ. և դրանից հետո):
-Մինչև 1989-1990 թթ. շատ լավ հարաբերություններ ունեինք ադրբեջանցիների հետ: Բայց երբ շարժումը սկսեց, վախի մթնոլորտ էր տիրում: Մենք վախենում էինք նրանցից, նրանք խուսափում էին մեզնից, քանի որ մեզ օգնելու դեպքում հայերին հավասար պատիժ կկրեին:
(-Ինչպե՞ս փրկվեցիք ջարդերից):
” Ամուսինս մի գիշերվա մեջ Բաքվից հասավ Սյունիքի մարզ, լուծեց բնակարանի հարցերը, և հաջորդ գիշեր մենք հեռացանք Բաքվից՝ այնտեղ թողնելով մեր բնակարանը և ունեցվածքի մի մասը:
Հիմա ներկայացնենք համացանցով վերցված հարցազրույցը ազգությամբ ադրբեջանցի և Բաքվի նախկին բնակիչ 50-ամյա պարոն Քյազիմի հետ, ով ցանկացավ գաղտնի թողնել իր ներկայիս բնակության վայրը՝ վախենալով թոռների անվտանգության համար:
(-Ի՞նչ եք մտածում հայերի մասին):
-Հայերը ինձ վատ բան չեն արել, սական վնասել են իմ երկրին: Բայց դա չի նշանակում, որ ես ատում եմ կամ մահ եմ կամենում բոլոր հայերին, առավել ևս նախկին հայ հարևաններիս ու ընկերներիս:
(-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ):
-Մեզ մոտ անընդհատ հակահայ լոզունգներ էին հնչում, հետո էլ անցան գործողությունների: Հիշում եմ Զեյնաբ Խանլարովայի (նշանավոր երգչուհի) ելույթը, որը ոգևորություն տվեց հավաքվածներին և համոզեց իրենց ճշմարտացիության մեջ: Նաև հիշում եմ, որ պատահական մարդկանց դրսում կանգնեցնում էին և ստիպում արտասանել фындых (ընկույզ) բառը, և ով ֆ-ն ճիշտ չէր արտասանում, ծեծում էին, քանի որ ըստ նրանց՝ հայերը ֆ չեն կարողանում արտաբերել:
(-Ովքե՞ր էին ջարդերին մասնակցում):
-Ջարդերին մասնակցում էին երիտասարդ նացիոնալիստները և նրանց գրգռող еразлар (երազները` Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիներն էին): Նրանք էին հիմնական բորբոքողնեը:
(-Ինչպիսի՞ն ՞ էին հարաբերությունները հարևան հայերի հետ մինչև շարժումը և հետո):
-Շատ լավ էին մինչև շարժումը, իսկ շարժման ընթացքում վախենում էինք նրանց հետ շփվել, որովհետև նացիոնալիստները մեզ էլ կջարդեին: Չնայած դրան՝ ես մի քանի անգամ իմ մոտ հարևանի համար հաց եմ գնել ամենածանր պահերին:
Այսպիսով, Բաքվի հայությունը արտաքսվեց` հայերին թշնամի ներկայացնելու և ադրբեջանցիների ազգային արժանապատվությանը դիպչելու պետական քաղաքականության միջոցով, որին հատկապես նպաստում էին Հայաստանից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցիները: Համաձայն “Humans right watch” թերթի լրագրող Ռոբերտ Քուշենի՝ ջարդերը չեն եղել տարերային, քանի որ ջարդարարները նախապես ունեցել են հայերի հասցեները և անվանացանկերը: Գարրի Կասպարովը նույնպես անդրադառնում է այս հարցին ասելով. «Եթե գյուղ լիներ, ինչ-որ տեղ պարզ կլիներ, քանի որ բոլորը կիմանային, որ այ այս տանը հայ է ապրում, մյուսում` հրեա, այնտեղ էլ՝ ադրբեջանցի, բայց խոսքը մեգապոլիսի մասին է, ու երբ դիմացդ 16 հարկանի շենք է, և խուժանը կոնկրետ հայերի բնակարաններն է մտնում, շատ հարցեր են ասպարեզ դուրս գալիս»: Վագիֆ Յունուսովը, ով ջարդերի ժամանակ Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի նախագահն էր, գրում է, որ տեղի են ունեցել հայերի ջարդեր` իրականացված Ադրբեջանի ազգային ֆրոնտի (ԱԱՖ) կողմից:
«Իսկ ի՞նչ է ԱԱՖ-ը»,- կհարցնի ընթերցողը: Դա Բաքվի Գիտնականների ակումբի հիմքի վրա ստեղծված քաղաքական կուսակցություն է, որի շուրջը համախմբված էր ադրբեջանական ինտելիգենցիան: Այս կուսակցությունը պաշտպանում էր գորբաչովյան վերակառուցման քաղաքականությունը, հետևաբար դժվար չէ հասկանալ, որ Գորբաչովն էլ իր հերթին հավանություն էր տալիս և օժանդակում էր այս կուսակցության որդեգրած քաղաքականությանը: Իսկ եթե, հենվելով Վագիֆ Յունուսովի վերոբերյալ մեջբերման վրա, համարենք, որ Բաքվի ջարդերը ԱԱՖ-ի քաղաքականության մաս էին կազմում, և հաշվի առնենք Գորբաչովի սպառնալիքները, միլիցիայի անգործությունը և հեռուստատեսության ամենաթողությունն ատելություն քարոզելու գործում, ապա կարելի է եզրակացնել, որ հայ համայնքի ոչնչացումը Բաքվում ծրագրվել և իրականացվել է ԽՍՀՄ իշխանությունների որոշ ներկայացնուցիչների թե ոչ կողմից, ապա լիակատար տեղեկացվածությամբ և թողտվությամբ:
Վերը ներկայացված իրադարձությունները համաշխարհային պատմություն են մտել «պոգրոմ» ռուսերեն տերմինով: Իսկ ի՞նչ է «պոգրոմ» կամ ջարդ կոչվածը: «Պոգրոմները կրոնական, էթնիկ, դասակարգային կամ ռասայական հողի վրա մասսայական բռնի գործողություններ են` ուղղված բնակչության մի հատվածին»: Ներկայացնենք մի կոնվենցիա, որն ընդունվել է 1951թ. հունվարի 12-ին ՄԱԿ-ի կողմից. «Էթնիկ, կրոնական, ռասայական հատկանիշներով բնակչության առանձին խմբերի սպանությունը, այդ խմբերին մարմնական ծանր վնասվածքներ կամ մտավոր խանգարում պատճառելը, հիշյալ խմբերի ծննդաբերությունն արգելակող միջոցների մշակումն ու կիրառումը, այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հանգեցնում են այդ խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը, ցեղասպանություն է»: Արդյո՞ք պոգրոմ կամ ջարդ կոչվածը այս կոնվենցիայի մասնավոր դեպքը չէ: Միակ տարբերությունը թերևս այն է, որ պոգրոմի նկատմամբ միջազգային հանրությունը նույն վերաբերմունքը չի ցուցաբերում, ինչ ցեղասպանություն տերմինի նկատմամբ: Բացի այդ՝ պատիժները նույնպես ավելի մեղմ են, քան ցեղասպանության դեպքում։ Իսկ ինչ կապերով է այս կոնվենցիան կապված Բաքվի հայերի հետ, թողնում ենք ընթերցողի տրամաբանությանը և հայեցողությանը: Տեղին կլինի այս կոնվենցիայից եկող եզրակացությունը ներկայացնել անդրազգային կազմակերպություններում մեր հարգելի հարևան երկրի «Qara yanvar»-ին (սև հունվար) հակադրելու, ինչպես նաև Բաքվի իրադարձությունները ըստ արժանվույն գնահատելու համար: Չէ որ մեկը մեկի հետևից տարբեր երկրներում բացվում են Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններ (Հաագա, Մեխիկո, Բեռլին, Լիդիցա, Սարաևո, Անկարա), ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարություններ են հնչում (հիշենք Իսրայելի նախագահի ելույթը, որում նա ցեղասպանությունների շարքում հիշատակեց Խոջալուն, ,կամ հիշենք 2001թ.-ի ապրիլի 26-ի ԵԽԽՎ-ի 324-րդ գրավոր դեկլարացիան, որին միացան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 30 անդամներ`պահանջելով ճանաչել հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացվող ցեղասպանությունը, որը շարունակվում է XIXդարից): Սակայն միջազգային հանրությունը լռում է և հիմնականում չի արծարծում Բաքվում տեղի ունեցած ջարդերի թեման: Չկա ոչ մի հուշարձան, որը կհավերժացներ Բաքվի անմեղ զոհերի հիշատակը: Եթե Խոջալուի դեպքերի մասին փաստերի համարյա բացակայությունը և կեղծարարությունը այնուամենայնիվ արժանանում են արձագանքների և նույնիսկ «ճանաչման», ապա Բաքվի հայերի կոտորածների մասին համաշխարհային և խորհրդային մամուլում տեղ գտած փաստերը արհամարհվում են: Սակայն դեռևս կան կենդանի վկաներ, և պետք է նրանց տեսածը որպես մարկության դեմ հանցագործության վառ օրինակ ներկայացնել հանրությանը աշխարհում նմանատիպ երևույթների կրկնությունից խուսափելու համար:
Գրականության ցանկ
- Хачатур Дадаян-“Армяне в Баку”
- Բաքվի պատմությունը
- Azerbaijani blockade imperils Armenia
- Ирина Мосесова-Армяне Баку:Бытие и исход
- Вениамин Арустамян-Город утраченный-город утративший
- Фархад Джаббаров-Армянский «вклад» в развитие нефтяной промышленности Баку
Հեղինակ՝ Րաֆֆի Թադևոսյան (Raffi Tadevosyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: