Գրականությունը միշտ էլ սերտ կապեր ու առնչություններ է ունեցել բանահյուսության հետ: Բազմաթիվ գրական երկեր ունեն բանահյուսական, առասպելական տարրեր, կերպարներ, շատերում անգամ ամբողջությամբ վերապատմվում են տարբեր առասպելներ ու ավանդազրույցներ: Մեր վերլուծության նպատակն է ուսումնասիրել գրականության և բանահյուսության այդ սերտ կապի դրսևորումներից մեկը հանդիսացող ֆենթեզի ժանրը, անդրադառնալ Սթեֆանի Մեյերի՝ այդ ժանրով գրած «Մթնշաղ» վիպաշարին, ներկայացնել գրքերում առկա առասպելների տարբեր դրսևորումները և համեմատել դրանք հայ ու համաշխարհային առասպելաբանության հետ: Սույն վերլուծությունում ներկայացված են երկվորյակների, մարդագայլերի, ջրհեղեղի, վամպիրների և տարբեր դիցարանների աստվածությունների մասին վիպաշարում առկա լեգենդները և առասպելները, որոնք տրվում են տարբեր համեմատությունների մեջ:
Հարկ է նշել նաև, որ վերլուծությունը հիմնված է հեղինակի գրքերի շարքի վրա և չի ներառում ֆիլմերի ուսումնասիրությունը, ուստի ուսումնասիրված են նաև այնպիսի փաստեր, որոնք առկա են գրքերում, բայց չկան ֆիլմերում:
Ժանրի պատմական ակնարկ
Գրականության և բանահյուսության վերոհիշյալ կապերը գալիս են դեռևս անտիկ աշխարհից, երբ հեղինակային երկերում մեծ տեղ էր տրվում դիցաբանական երևույթներին. այդ երկերի պարագայում խնդիրը մի փոքր այլ է, քանզի առասպելական կերպարներն այն ժամանակ չէին գիտակցվում որպես առասպելներ, այլ ընկալվում էին որպես իրականություն, կազմում դրա անբաժան մասը: Որպես օրինակ բերենք Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը», որոնցում սովորական մարդկանց կողքին որպես գործող անձինք հանդես են գալիս նաև աստվածները:
Գրականություն-բանահյուսություն կապը շարունակվում է նաև հետագա դարերում, բայց իր վերածնունդն է ապրում ռոմանտիկական գրականության մեջ 18-րդ դարի վերջում: Ամերիկացի գիտնականներ Ջոն Քլութի և Ջոն Գրանտի կողմից կազմված «Ֆենթեզի ժանրի հանրագիտարանում» ռոմանտիզմ գրական ուղղությունն առհասարակ դիտվում է որպես հիմք, որից հետագայում՝ XIX դարի վերջում, զարգանում է ֆենթեզի (անգլ.` fantasy) գրականությունը: Գիտնականների բնորոշմամբ՝ ռոմանտիզմը 18-րդ դարում արդեն փոխկապակցված էր հոգեբանական և գերբնական տարբեր երևույթների հետ, ռոմանտիկական երկերում իրենց ուրույն տեղն ունեին «բանահյուսությունը, միֆակիրառությունը, երազները…», և «երևակայության կարևոր դերն այդ գրականության մեջ ունեցավ հիմնարար նշանակություն ժամանակակից ֆենթեզիի զարգացման համար»:
Իսկ ի՞նչ է ֆենթեզին: Շատերն այն նույնացնում են ֆանտաստիկ գրականության հետ կամ էլ հակադրում դրան, այնինչ ֆենթեզին ֆանտաստիկ գրականության ենթատեսակներից մեկն է, որտեղ առասպելներն իրենց հերոսներով բերվում են իրական կյանք, տեղի է ունենում բախում անցյալի և ներկայի միջև (այդ ներկան, սակայն, ևս որոշակի չէ): Պատկերվում է մեր իրականությունից անկախ մի այլ իրականություն, որտեղ մարդկանց կողքին ապրում են առասպելական էակներ` էլֆեր, թզուկներ, հսկաներ, վամպիրներ:
Ֆանտաստիկ գրականության մեջ հեղինակն իր երևակայությամբ մեր աշխարհի մեջ կերտում է մի ուրիշ աշխարհ, փորձում կապել իրականությունը իր երևակայության հետ, բացատրել գերբնական շատ ու շատ իրողություններ գիտական տեսանկյունից: Ֆանտաստիկ գրականության մեկ այլ ենթատեսակի՝ գիտաֆանտաստիկ գրականության վառ օրինակներ են Ժյուլ Վեռնի երկերը, որտեղ գործողություններն իրական աշխարհում են, մինչդեռ ֆենթեզի ժանրի դեպքում իրականությունն այլ է: Հեղինակը կերտում է իր երևակայական աշխարհը, որտեղ ցանկացած գերբնական երևույթ կազմում է այդ աշխարհի մի մասը: Երկում մարդկանց զուգահեռ ապրում են առասպելական ամենատարբեր կերպարները, որոնց գոյությունը բացատրել անգամ չի ձգտում հեղինակը:
Ֆենթեզի ժանրին բնորոշ մյուս կարևոր հատկանիշը կախարդանքն է: Կախարդանքն ու հրաշքները նույնանում են հերոսի հետ, շատ անգամ էլ իրենք են կերպավորվում, դառնում գործողությունների շարժառիթ, հիմք, լուծում բազում խնդիրներ և հակառակը` ստեղծում դրանք: Կախարդանքն ունի իր սեփական կամքը, ինքն է որոշում` ում օգնել, ում` ոչ և այդ օգնության համար միշտ հատուցում է պահանջում:
Հեղինակն իր աշխարհը կարող է կերտել մեր մոլորակում, ուրիշ համաստեղությունում, անգամ տարբեր զուգահեռ աշխարհներում միաժամանակ: Ֆենթեզի գրականության մեջ խախտվում են ժամանակի ու տարածության և առհասարակ իրականության մասին բոլոր պատկերացումները: Հերոսը կարող է մեր իրականության համար անհնարին ժամանակում անցնել անհնարին ճանապարհ կամ էլ ճանապարհորդել երևակայական ու անբացատրելի ժամանակատարածային լաբիրինթոսներով: Հեղինակը մեր օրեր է բերում անցյալի աստվածներին և նրանց արարչագործությունը կապում ներկայի հետ: Խախտվում են ժամանակի բոլոր հիմքերը, և կերտվում է մի նոր ժամանակ, որը համապատասխանում է իր իրականությանը: Օրը կարող է տարի լինել, տարին` օր, մարդու կյանքը` մի ակնթարթ, անվերջանալի հավերժություն: Հերոսն ապրում է հավերժական կյանքով, բայց ինքն էլ չի գիտակցում այդ հավերժությունը:
Ժանրը ձևավորվում է XIX դարի վերջում, երբ լույս է տեսնում Ուիլիամ Մորիսի «Ջրհորը` աշխարհի ծայրում» գիրքը, և վերելք է ապրում 1954-1956 թվականներին, երբ հրատարակվում է Ջոն Թոլքիենի «Մատանիների տիրակալը»: Գիրքը մեծ հաջողություն է ունենում, ինչից հետո այս ժանրով սկսում են հետաքրքրվել տարբեր հեղինակներ: Այսօր Ամերիկայում և Անգլիայում ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերից շատերը ֆենթեզի են: Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը», Սթեֆանի Մեյերի «Մթնշաղը», Մելիսա դե Կռուզի «Բոշամ ընտանիքը» և այս ժանրի այլ գրքեր գրախանութներում ամենավաճառվողներից են համարվում: Գրականությունից բացի ժանրը մեծ տարածում ունի նաև կինոմատոգրաֆիայում. գրքերի հիման վրա շատ ֆիլմեր են նկարահանվում: Վերոհիշյալ բոլոր գրքերը ունեն համանուն ֆիլմեր, որոնք նույնպես մեծ պահանջարկ են վայելում:
Ֆենթեզին մեծ տարածում ունի ոչ միայն ԱՄՆ-ում և Անգլիայում, այլև տարբեր երկրներում: Այդպիսի գիրք գրելու փորձ է արվել նաև Հայաստանում. 2010 թվականին հրատարակվել է Անինայի «Ֆիան»:
Ժանրի լավագույն գրքերից մեկը Սթեֆանի Մեյերի «Մթնշաղ» քառահատոր վիպաշարն է, որի «Մթնշաղ», «Նորալուսին», «Մայրամուտ», «Արևածագ» գրքերը լույս են տեսել համապատասխանաբար 2005, 2006, 2007, 2008 թվականներին և վաճառվել 9,5 միլիոն օրինակով ԱՄՆ-ում և 3 միլիոն՝ Անգլիայում: Գիրքն արժանացել է տարբեր մրցանակների, իսկ հեղինակը` տարվա լավագույն գրող կոչմանը: Ժանրի օրենքներին համապատասխան այստեղ էլ հեղինակն իրական կյանք է բերում առասպելական հերոսների. երկի գործող կերպարները վամպիրներն ու մարդագայլերն են:
Երկվորյակների առասպելի կիրառությունը «Մթնշաղ» վիպաշարում
Ֆենթեզի ժանրի հիմնական ստեղծագործություններում առկա է տարբեր երկրների առասպելների մեջ մեծ տարածում ունեցող երկվորյակների առասպելը: Երկվորյակները միմյանց լրացնող, բայց միևնույն ժամանակ հակադրվող հերոսներ են, պատկերվում են որպես հակադիր բևեռներ: Նրանց մեջ տեղի է ունենում բախում, բայց մեկը մյուսին չի սպանում, այլ միավորվում են հանուն ընդհանուր նպատակի: Երկվորյակները կարող են լինել հարազատ եղբայրներ, կարող են և ընդհանրապես արյունակից չլինել: «Մթնշաղ» վիպաշարի գլխավոր կերպարներ Էդվարդ Քալլենը և Ջեյքոբ Բլեքը երկվորյակ հերոսներ են:
Ս. Հարությունյանն իր «Հայ առասպելաբանություն» գրքում երկվորյակների առասպելի համար առանձնացնում է յոթ մոտիվ, որոնք մեծամասամբ համապատասխանում են նաև Էդվարդի և Ջեյքոբի կերպարներին:
Ըստ այդ յոթ կետերի ներկայացնենք և զուգահեռներ տանենք հայկական էպոսի Սանասարի ու Բաղդասարի, շումերական էպոսի Գիլգամեշի ու Էնկիդուի և «Մթնշաղի» Էդվարդի ու Ջեյքոբի միջև:
- Երկվորյակների հրաշալի (աստվածային, արքայական) ծագումը կամ ծնունդը.
ա) Սանասարի և եղբոր մայրը հղիանում է սուրբ ջրից կամ կաթողիկոսի տված ցորենի զույգ հատիկներից, ինչից էլ ծնվում են հերոսները:
բ) Եթե Սանասարը և Բաղդասարը երկվորյակներ են, ապա Գիլգամեշը և Էնկիդուն ծնվում են տարբեր ժամանակներում և ոչ նույն ծնողներից: Գիլգամեշը ունի արքայական ու աստվածային ծագում, նա երկու երրորդով անմահ է, մեկ երրորդով` մահկանացու: Էնկիդուն ստեղծվել է աստվածների կողմից` նրանց թքից ու կավից:
գ) Էդվարդը ծնվել է որպես սովորական մարդ, բայց հետագայում դարձել վամպիր` ձեռք բերելով կախարդական կարողություններ: Ջեյքոբն ի ծնե մարդագայլ է, կախարդանքը նրա արյան մեջ է, բայց գլուխ է բարձրացրել միայն Էդվարդին հանդիպելուց հետո: Այսինքն՝ այստեղ հրաշալի ծագումը կամ ծնունդը կապվում է ոչ թե նրանց ծնվելու օրվա, այլ կերպարանափոխության հետ, ինչը կատարվում է միմյանց հետ բախվելուց հետո:
- Կերպարների հակադրություն.
ա) Սանասարը ծնվում է մեկ բուռ ջրից, Բաղդասարը` կես: Սանասարը ավելի հզոր ու ուժեղ է եղբորից:
բ) Գիլգամեշը տանջում է մարդկանց, գործում բազմաթիվ վատ արարքներ, մեղավոր է: Էնկիդուն ծնվում է նրա դեմ պայքարելու համար, սկզբում նա չի էլ ճանաչում մեղքը:
գ) Էդվարդը մարմնավորում է սառույցը, Ջեյքոբը` կրակը: Նրանք հակադրվում են միմյանց անգամ իրենց էություններով` վամպիր և մարդագայլ: Այս երկու գերբնական արարածները հավերժական պայքարի մեջ են միմյանց դեմ:
- Հակադրություն ծնողների և երկվորյակների միջև.
ա) Սանասարի և Բաղդասարի հայրը (հայրացուն) ցանկանում է սպանել որդիներին կամ զոհել կուռքերին: Որոշ պատումներում որդիները սպանում են հորը (հայրացուին):
բ) «Գիլգամեշում» հակառակ պատկերն է. հակադրություն չկա: Էնկիդուն ծնողներ չունի, իսկ Գիլգամեշը տանում է վերջինիս իր մոր մոտ և խնդրում ընդունել նրան որպես հարազատ որդի: Մոր օրհնությամբ նրանք եղբայրանում են:
գ) Վամպիրներին ու մարդագայլերին արգելված էր սիրել մահկանացու մարդկանց, բայց երկու հերոսներն էլ դեմ են դուրս գալիս իրենց ծնողներին և սիրում նույն աղջկան` Իզաբելլա Սվանին:
- Փախուստ – հալածանք հայրենի երկրից, տանից.
ա) Սանասարը և Բաղդասարը փախչում են հայրենի երկրից, հալածվում հորից և ապաստանում օտար երկրում:
բ) Գիլգամեշը և Էնկիդուն չեն հալածվում կամ վտարվում, պարզապես ճանապարհ են ընկնում օտար երկիր` սպանելու անտառի հովանավոր աստծուն` Խումբաբային:
գ) Փորձելով փախչել Բելլայի արգելված սիրուց` երկու հերոսներն էլ հեռանում են երկրից: Ջեյքոբը գայլի կերպարանքով թափառում է ուրիշ երկրներում, իսկ Էդվարդը` ոտքով անցնում գրեթե ողջ մոլորակը:
- Հակասություն երկվորյակների միջև.
ա) Օտար աղջկա կողմից Սանասարին ուղղված նամակի պատճառով վիճում ու կռվում են եղբայրները, առաջ է գալիս հակադրություն:
բ) Էնկիդուն ստեղծվել է Գիլգամեշի դեմ կռվելու համար, և հակասությունն առկա է դեռևս նրա ծննդյան պահից: Նրանց միջև բախում տեղի չի ունենում, բայց Գիլգամեշը երազում տեսնում է իր պարտությունը Էնկիդուից, ինչից հետո էլ ձգտում է բարեկամանալ նրա հետ:
գ) Էդվարդի և Ջեյքոբի հակասությունը թաքնված է նրանց էության մեջ, բայց այն սրվում և թշնամանքի է վերածվում, երբ երկուսն էլ սիրահարվում են նույն աղջկան: Ստեղծվում է սիրային եռանկյունի, որը, ի դեպ, բնորոշ է ֆենթեզի ժանրի շատ երկերին:
- Հաշտություն.
ա) Սանասարին և Բաղդասարին հաշտեցնում է մայրը:
բ) Գիլգամեշին և Էնկիդուին հաշտեցնում է Գիլգամեշի մայրը` ընդունելով Էնկիդուին որպես հարազատ որդի:
գ) Էդվարդի և Ջեյքոբի հաշտեցումը կատարվում է Էդվարդի և Բելլայի երեխայի` Ռենեսմեի ծնունդից հետո, ով էլ դառնում է նրանց հաշտության և բարեկամության եզրը:
- Նոր կարգի (տիեզերական, սոցիալական) հաստատում.
ա) Սանասարը և Բաղդասարը հաստատվում են Սասունում, հիմնում Սասնա բերդը, քաղաքը, իրենց հզոր տոհմը, հիմք դնում Արծրունիների և Գնունիների իշխանական տոհմերին:
բ) Գիլգամեշը և Էնկիդուն կառուցում, շենացնում են իրենց քաղաքը, սպանում Խումբաբային:
գ) Էդվարդը և Ջեյքոբը վերացնում են վամպիրների և մարդագայլերի միջև հավերժական թշնամությունը, սկիզբ դնում բարեկամությանը:
Ս. Հարությունյանի նշած յոթ մոտիվները համապատասխանում են ֆենթեզի ժանրի նաև այլ ստեղծագործություններում առկա երկվորյակների առասպելներին` «Վամպիրների ակադեմիան», «Գերբնականը», «Բոշամ ընտանիքը» և այլն:
Մարդագայլի առասպելը
Մարդագայլ Ջեյքոբ Բլեքը Հյուսիսային Ամերիկայի բնիկ հնդկացիների Քվիլեթ ցեղից է: Իրականում այսօր էլ այդ մարդիկ իրենց համարում են գայլերից սերված և հավատում են գայլ տոտեմին: Նրանք գայլին ընդունում են որպես եղբայր ու խստորեն պատժում են այդ սրբազան էակին սպանել ցանկացողներին: «Մթնշաղում» հեղինակը ներկայացնում է այդ ցեղի տարբեր առասպելները` բերելով դրանք իրական կյանք: Ըստ այդ առասպելներից մեկի` մարդագայլերը սկզբում սովորական մարդիկ են եղել, բայց իրենց ցեղի կյանքը փրկելու, պաշտպանելու համար ձեռք են բերել կախարդական ունակություններ: Սկզբում կախարդանքը նրանց դարձրել է մարտիկ-հոգիներ: Թշնամու հարձակման ժամանակ ցեղի մարտիկների հոգիները դուրս են գալիս մարմիններից և, միավորվելով բնության հետ, պաշտպանում իրենց կանանց ու երեխաներին, իրենց երկիրը: Նրանք մեկ են դառնում բնության ու կենդանական աշխարհի հետ և հաղթանակ տանում: Մարդը կերպարանափոխության է ենթարկվում փրկվելու կամ իր սիրելիին փրկելու համար: Կերպարանափոխության նման օրինակներ կան նաև հայ առասպելներում, երբ աղջիկները, ցանկանալով փրկվել բռնի ամուսնությունից, խնդրում էին Աստծուն իրենց քար, բույս կամ թռչուն դարձնել: Հիշենք նաև Դափնեի առասպելը, ով ծառ է դառնում` մերժելով Ապոլոն աստծու սերը:
Մարտիկ-հոգիների առասպելի շարունակության մեջ Քվիլեթների ցեղապետ Տախա-Ակին յուրայիններից մեկի դավաճանության պատճառով զրկվում է իր մարմնից, և նրա հոգին սկսում է թափառել անհայտության մեջ` զրկված անգամ մահանալու հնարավորությունից: Անորոշ ժամանակի և անորոշ տարածության մեջ թափառելուց հետո հոգին կորցնում է մարդկային բոլոր հատկանիշները, վերածվում քամու: Մի օր էլ այդ քամի-հոգին տեսնում է իր ցեղի տառապանքները և նրան օգնելու մեծ ցանկությունից դրդված միավորվում գայլի հետ, ստանում երկու էություն` մարդ ու գայլ: Մարդը միավորվում է բնության հետ, և դա համարվում է երկնային պարգև, աստվածային շնորհ: Հետագայում այդ շնորհը փոխանցվում է սերնդեսերունդ, մարդագայլերը դառնում են իրենց երկրի պաշտպաններն ու պահապանները:
Մարդագայլի առասպելը կա նաև հայ առասպելաբանության մեջ: Ս. Հարությունյանը իր «Հայ առասպելաբանություն» գրքում նշում է, որ առասպելների համաձայն մարդագայլերը հիմնականում կանայք են: Նրանք առավոտյան մարդ են, գիշերը` գայլ, գայլի կերպարանքով ուտում են իրենց հարազատ երեխաներին, քանդում գերեզմաններ, հոշոտում դիակներ: Հայկական առասպելներում մարդագայլի, գայլի էությունը երկնային անեծք է, որի պատճառով երկնքից մարդու վրա է իջնում գիշատչի մորթին, և վերջինս կերպարանափոխվում է: Անեծքը գործում է միայն գիշերը, իսկ ցերեկը մորթին վայր է ընկնում:
Համեմատենք մարդագայլի հայկական առասպելները հնդկացիների առասպելների հետ: Առաջինում մարդագայլի էությունը երկնային պատիժ է, վնասում է մարդկանց, սպառնում երեխաների կյանքին, իսկ երկրորդում փրկում և պաշտպանում է կյանքը, համարվում օրհնություն:
Քվիլեթ ցեղի առասպելներում մարդագայլի էությունը մարդկանց արյան մեջ է և հավերժական, մարդագայլը ցանկացած պահի կարող է կերպարանափոխվել, իսկ հայկական առասպելներում այդ անեծքը տրվում է միայն յոթ տարով, և մարդը փոխում է իր էությունը միայն գիշերը` անկախ իր կամքից: Յոթ տարին լրանալուն պես մորթին այրվում է: Այստեղ բախվում ենք նաև մեկ այլ տարբերության. քվիլեթների առասպելներում մարդագայլը խորհրդանշում է կրակը, ջերմությունը, իսկ հայկականում` կրակից խուսափելը (եթե նրա մորթին այրվի, կվերանա նաև անեծքը):
Մարդու և գայլի միասնական էությունը արտահայտված է նաև «Տարոնի պատերազմ» հայոց հին վեպի զորավար Գայլ Վահանի կերպարում: Ժողովուրդը իր հերոսին օժտել է գերմարդկային ուժով, որը պարսիկների դեմ կռվում հասնում է անգամ ծայրահեղ դաժանության, երբ վերջինս կտրում է թշնամու զինվորների քթերն ու լցնում մախաղի մեջ, կամ էլ հանում Միհրան զորավարի լյարդն ու դնում նրա բերանը:
Քվիլեթների մարդագայլերի նման Գայլ Վահանը նույնպես մարտնչում է իր երկրի, իր ազգի համար: Նա հզոր է, ուժեղ և ունի գայլին բնորոշ շատ գծեր, ինչի համար էլ հայ ժողովուրդը կնքել է նրան Գայլ անվամբ: Խորամանկությամբ և խելքով նա պաշտպանում է իր երկիրը, դաժանաբար սպանում ու տանջում բոլոր նրանց, ովքեր վտանգի են ենթարկում այն:
Իսկական գայլի նման Գայլ Վահանն էլ չի ընկրկում, չի փախչում և «աղբ ճաշակող խոճկորների ցեղից սերվածների հետ» հաշտություն չի կնքում, այլ մարտնչում ու հաղթում է նրանց:
Գայլ Վահանի կերպարում արտահայտված գիշատչի էությունը չի համարվում անեծք, այլ հզոր ուժ է, որը պաշտպանում է երկիրը:
Ջրհեղեղի առասպելը
Համաշխարհային ջրհեղեղի առասպելը առկա է տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ: Քվիլեթների մեկ այլ առասպելում, որը պատմվում է «Մթնշաղ» գրքում, ասվում է հետևյալը. «Լեգենդները շատ են, որոշներում պատմվում է` ինչպես ջրհեղեղի ժամանակ հին քվիլեթները (այդպես էր իրեն անվանում ցեղը) կապեցին իրենց կանոեները ամենաբարձր սոճիներից, որպեսզի փրկեն իրենց և երեխաներին, ինչպես` Նոյը»:
Աստվածաշնչի Նոյի պատմության նման շումերական «Գիլգամեշում» նույնպես պատմվում է Ուբար Տուտուի որդի Ուտնապիշտիի մասին, ով Լուսակն Էա աստվածուհու խոհրդով նավ է կառուցում և փրկվում ջրհեղեղից (էջ 156-162):
Համաշխարհային ջրհեղեղի առասպելը կա նաև հունական դիցաբանության մեջ: Ամպրոպային Զևսը զայրանում է պղնձի դարի մարդկանց կատարած չարագործություններից և որոշում վերացնել ողջ աշխարհը, այն ողողել ջրով: Փրկվում են միայն Պրոմեթևսի որդին` Դևկալիոնը և նրա կինը` Պիրրան, ովքեր մտնում են մի վիթխարի արկղի մեջ և ինը օր, ինը գիշեր լողում ալիքների վրայով:
Այս առասպելը առհասարակ տարածված է շատ ժողովուրդների մոտ: Որոշները նման են Նոյի պատմությանը, մյուսները` ոչ, բայց բոլորում էլ կան ընդհանուր մոտիվներ` բարկացած աստված, աշխարհը ծածկող ջրհեղեղ, նավ կամ փրկության փայտե միջոց և վերջում աստծո ու փրկվածների միջև հաստատվող դաշինք:
Օլիմպոսի աստվածները
«Մթնշաղ» վիպաշարում մեծ դեր ունեն նաև վամպիրները: Նրանցից յուրաքանչյուրը օժտված է գերբնական, կախարդական ուժով, ինչով նմանվում է հունական կամ հայկական դիցաբանության մի աստծո:
Վեպի կենտրոնում վամպիրների Քալլեն ընտանիքն է, որը զուգահեռվում է Օլիմպոսի աստվածների ընտանիքին:
Ընտանիքի հայրը Քարլայլ Քալլենն է, ով զուգահեռվում է հունական Զևսին և հայկական Արամազդին: Բացի բոլորի հայրը և ընտանիքի գլուխը լինելուց նա օժտված է նաև արարչագործության շնորհով: Ինքն է ստեղծել իր ընտանիքը, վամպիր դարձրել կնոջն ու որդեգիր երեխաներին (հիշենք, որ վամպիրների կյանքը սկսվում է ոչ թե ծննդյան, այլ փոխակերպման օրից):
Էսմե Քալլենը ընտանիքի մայրն է: Նրա յուրահատուկ էությունը հենց մայր լինելն է, ընտանիքը, օջախը պահելը: Նա ընտանիքի հովանավորն է, ինչով զուգահեռվում է հունական Հերային և հայկական Անահիտին:
Էմմեթ Քալլենը Արեսն է (Վահագն), ով ունի հզոր ուժ, սիրում է կռվել, հաճույք է ստանում ուրիշների մարտերից, մարմնավորում է ուժը: Ինչպես դիցաբանության մեջ, այնպես էլ այստեղ նա ամուսնացած է Ռոզալիի հետ (Աֆրոդիտե, Աստղիկ), ով պատկերվում է որպես աշխարհի ամենագեղեցիկ էակ:
Էդվարդ Քալլենը Ապոլոնն է: Նա լուսավորում է ամեն բան, Ապոլոնի նման կարդում է ուրիշների մտքերը, գուշակում: Ապոլոնի կիթառը Էդվարդը փոխարինել է դաշնամուրով և դրա գեղեցիկ հնչյուններով գերում ու գրավում է բոլորին:
Էլիս Քալլենը Ապոլոնի քույր Արտեմիսն է, ով սիրում է եղբորն ու նրա կողքին է անընդհատ, օգնում ու օժանդակում է նրան, նուրբ է ու քնքուշ, բայց միևնույն ժամանակ հզոր և մարտնչող, որսի սիրահար:
Ջասպեր Հեյլը Հերկուլեսն է: Նա ուշ է միացել ընտանիքին և մինչ այդ բազմաթիվ փորձությունների ու դժվարությունների միջով է անցել: Այդ փորձությունները զուգահեռվում են Հերկուլեսի տասներկու սխրագործություններին, որոնք հաղթահարելուց հետո է միայն նրան հաջողվում հասնել անմահությանը և Օլիմպոսին, ինչպես Ջասպերը` Քալլենների ընտանիքին:
Բացի Քալլեններից կան նաև ուրիշ վամպիրներ, ովքեր ունեն տարբեր կախարդական շնորհներ, որոնցով զուգահեռվում են այս կամ այն աստվածությանը: Նրանցից մեկը մարմնով կայծակ է արձակում, շանթահարում է, մյուսը կարողանում է փոխել միջավայրը, կարդալ մտքեր, տեսնել ապագան, ղեկավարել չորս տարերքները և այլն:
Խոսելով վամպիրների մասին՝ հարկ ենք համարում անդրադառնալ նաև այն փաստին, որ հայ առասպելաբանության մեջ ևս կա վամպիրի մասին առասպել: «Հայ վամպիրը» կոչվում է Դախանավար կամ Դաժանավար (հայերեն դաժան բառից): Չնայած անվան ստուգաբանությանը՝ Դախանավարը չունի դաժան հատկանիշներ: Եթե հայկական առասպելներում մարդագայլերը բնութագրվում են որպես դաժան արարածներ, իսկ քվիլեթների առասպելներում՝ որպես երկիրը պաշտպանողներ, ապա հայ առասպելաբանության մեջ հայոց երկրի և հայ ժողովրդի պաշտպանը վամպիր Դախանավարն է: Լեգենդի համաձայն նա ապրում էր հայոց լեռներում և պաշտպանում իր տարածքներում ապրող հայ ժողովրդին: Դախանավարը երբեք չէր սպանում մարդկանց, նա գիշերները հարձակվում էր իր երկիր ներխուժած օտարների վրա և արյուն խմում նրանց սրունքներից: Լեգենդի համաձայն հայ երկրի պաշտպանը խաբվում է Հայաստան եկած երկու ճանապարհորդի կողմից, ովքեր գիշերը քնում են՝ իրենց ոտքերը միմյանց գլխի տակ դնելով: Երկու գլխով և առանց ոտքերի մարդ տեսնելուց հետո Դախանավարը թողնում է հայոց երկիրն ու հեռանում:
Այսպիսով, Սթեֆանի Մեյերի «Մթնշաղ» վիպաշարը հարուստ է առասպելական, դիցաբանական և առհասարակ բանահյուսական տարրերով, որոնք սերտ կապեր և աղերսներ ունեն հայ ու համաշխարհային առասպելաբանության հետ: Երկում տեղ են գտել հայտնի դիցաբանական մոտիվների, հայտնի առասպելների վերաարժևորված, վերաիմաստավորված պատումները, ընդունված պատմությունների նոր մոտեցումները:
Գրականության ցանկ
- Խորենացի Մ., Հայոց պատմություն, Երևան, 1990:
- Կուն Ն., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Երևան, 1979:
- Հարությունյան Ս., Հայ առասպելաբանություն, Բեյրութ, 2000:
- Հարությունյան Ս., Հայ հին վիպաշխարհը, Երևան, 1987:
- Հին Արևելքի պոեզիա, Երևան, 1982:
- Սասունցի Դավիթ, Երևան, 1961:
- Мифы энциклопедия, Москва, 2005:
- Clute J., Grant J., The Encyclopedia of Fantasy, New York, 1999:
- Meyer St., Twilight, New York, 2005:
- Meyer St., New Moon, New York, 2006:
- Meyer St., Eclipse, New York, 2007:
- Meyer St., Breaking Dawn, New York, 2008:
- http://www.native-languages.org/quileute-legends.htm
- http://www.ianyanmag.com/dakhanavar-the-armenian-vampire/
Հեղինակ՝ Աստղիկ Սողոյան (Astghik Soghoyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: