Եվրոպական Միություն և մահմեդական համայնքներ. հարաբերությունների անցյալն ու ներկան

Եվրոպական պետությունների անցյալում և ներկայումս վարած արտաքին քաղաքականությունն իր ազդեցությունն է ունենում ԵՄ անդամ պետությունների և իսլամական աշխարհի փոխհարաբերությունների վրա։ Այս երևույթը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Հարաբերությունների դինամիկայի ուսումնասիրությունը սկսենք եվրոպական երկրների գաղութատիրական պատմությամբ և դրա հետ փոխկապակցված խնդիրներով:

Եվրոպական երկրներում ամենամեծ ներգաղթը նկատվում է հենց այն մահմեդական երկրներից, որոնք ժամանակին եղել են տվյալ եվրոպական երկրի գաղութ: Այս առումով խոշոր եվրոպական երկրների կազմում բացառություն է միայն Գերմանիան, որտեղ ամենամեծ ներգաղթը տեղի է ունենում Թուրքիայից: Եվրոպական նախկին մետրոպոլիա երկրներ մահմեդական ներգաղթյալների ընտրությունը ունի մի շարք պատճառներ, մասնավորապես՝ նախկին գաղութի և մետրոպոլիայի միջև առկա կապերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային, նպաստում են այդ ընտրությանը: Որպես մշակութային կապի օրինակ կարելի է բերել լեզուն. նախկին գաղութներում ազգային լեզվի հետ միաժամանակ հաճախ մետրոպոլիայի լեզուն էր որպես պաշտոնական լեզու տվյալ երկրում, որը նաև բնակչության շրջանում 2-րդ ամենատարածված լեզուն էր[i]: Այս հանգամանքը մեծապես նպաստում է նախկին գաղութների բնակչությանը աշխատանք գտնելու նախկին մետրոպոլիաներում, որոնց լեզվին և մշակույթին որոշակիորեն նրանք արդեն ծանոթ են, և այս ամենը հնարավորություն է ընձեռում առավել հեշտ ինտեգրվել հյուրընկալ երկրի հասարակությունում: Այս երևույթին մենք ականատես ենք լինում դեպի Ֆրանսիա նրա նախկին գաղութներից` Ալժիրից, Թունիսից, Մարոկկոյից, Մալիից, Կամերունից, Սենեգալից և մյուս գաղութներից ներգաղթի պարագայում, դեպի Իտալիա՝ Լիբիայից ներգաղթի պարագայում կամ Հնդկաստանից, Պակիստանից և բրիտանական նախկին այլ գաղութներից դեպի Մեծ Բրիտանիա ներգաղթի պայմաններում:

Եվրոպական նախկին գաղութատեր երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, իրենց նախկին գաղութների հետ փոխհարաբերությունները (հատկապես մշակութային) պահպանելու և զարգացնելու համար ստեղծել են զանազան միջազգային կառույցներ, որոնց հիմնականում անդամակցում են նախկին գաղութ հանդիսացող երկրները: Այսպիսի կազմակերպությունների վառ օրինակ են Ֆրանսիայի ստեղծած Ֆրանկոֆոնիան և Մեծ Բրիտանիայի ստեղծած Ազգերի համագործակցությունը: Այս տեսակ կազմակերպությունների անդամակից երկրների բնակչությունը որոշակիորեն ավելի լավ ներգաղթի և տվյալ երկրում ինտեգրվելու, աշխատանք և քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորություններ կարող է ունենալ:

Սակայն նախկին մետրոպոլիա ներգաղթը ունի նաև բավականին բացասական հետևանքներ: Մասնավորապես՝ հաճախ հյուրընկալ երկրում նախկին գաղութներից ներգաղթյալների հետ խնդիրները առաջանում են ոչ թե ներգաղթյալների առաջին սերնդի հետ, այլ երկրորդ և հաջորդ սերունդների: Ներգաղթյալների առաջին սերունդը կամ հենց բուն ներգաղթյալները, գալով որոշակի եվրոպական երկիր, պատրաստ են լինում կատարել ցածր վարձատրվող ծանր աշխատանք կամ, եթե եկել են իրենց հայրենիքում քաղաքական հետապնդման պատճառով, մեծ մասամբ չեն ստեղծում տարբեր տիպի խնդիրներ հյուրընկալ երկրի համար: Խնդրահարույց են դառնում ներգաղթյալների 2-րդ և հաջորդ սերունդները, որոնք ծնվել և մեծացել են հյուրընկալ եվրոպական երկրում և հաճախ անգամ այդ երկրի քաղաքացիություն ունեն: Այս սերունդները, ի տարբերություն առաջին սերնդի ներգաղթյալների, իրենց հայրենիք են դիտարկում արդեն ոչ թե իրենց պատմական հայրենիքը, այլ այն երկիրը, որտեղ նրանք ապրում են: Իրենց համարելով տվյալ երկրի լիարժեք քաղաքացիներ և տվյալ երկիրն էլ՝ իրենց հայրենիքը՝ ներգաղթյալների  սերունդները փորձում են այդ երկրում հաստատել այնպիսի մշակութային, սոցիալական և կրոնական իրավիճակ, որը հատուկ է իրենց ինքնությանը և որը առկա է իրենց պատմական հայրենիքներում: Հենց այս տրամաբանությամբ են եվրոպական մեծ քաղաքների մահմեդական գետտոներում ստեղծվում այնպիսի իրավիճակներ, որոնք համապատասխանում են տվյալ ներգաղթյալ խմբի մշակույթին և ինքնությանը: Հատկանշական է նաև այն, որ ներգաղթյալների նոր սերունդները, իրենց համարելով տվյալ եվրոպական երկրների լիարժեք քաղաքացիներ և մասնիկներ, այլևս չեն ցանկանում աշխատել այն պայմաններով և վարձատրությամբ, որը իրականացնում էին նրանց նախորդ սերունդները, սակայն կրթական և մասնագիտական ցածր մակարդակը հաճախ նրանց թույլ չի տալիս լավ վարձատրվող և բարձր որակավորում ունեցող աշխատանք ձեռք բերել: Սա հանգեցնում է ներգաղթյալների շրջանում զանգվածային գործազրկության, որն էլ պայմանավորում է  հանցագործության աճը, պետության վրա հավելյալ սոցիալական բեռի ավելացումը և այլ բացասական երևույթները: Հարկ է նշել, որ, օրինակ, գործազրկությունը եվրոպական երկրների ներգաղթյալ մահմեդականների շրջանում կազմում է 45-55 տոկոս, իսկ ընդհանրապես երկրում՝ 5-10 տոկոս[ii]: Սա իր հերթին առաջացնում է սոցիալական արդարության պահանջ, ինչը նույնպես տանում է ներգաղթյալ մահմեդական բնակչության մարգինալացմանը և ծայրահեղական տրամադրությունների աճին: Այս երևույթի վառ ապացույցներն են 2005թ-ին Փարիզում, 2011թ-ին Լոնդոնում և 2013թ-ին Շվեդիայի մի շարք խոշոր քաղաքներում մահմեդական ներգաղթյալների կողմից ձեռնարկված զանգվածային անկարգությունները, որոնք ուղեկցվում էին ներգաղթյալների կողմից ավիրածություններով, հրդեհներով, զանգվածային թալանով և սպանություններով: Անկարգությունների առիթները տվյալ երկրներում ոստիկանության կողմից իրականացվող չարաշահումներն էին, որոնք, ըստ մահմեդական ներգաղթյալների, տեղի էին ունենում իրենց նկատմամբ, սակայն հիմնական պատճառները ավելի խորքային-սոցիալական էին: Շարունակվող ներգաղթը նույնպես ունենում է հետաքրքիր ազդեցություն ներգաղթյալների՝ արդեն գոյություն ունեցող համայնքների վրա: Այսպես՝ հաճախ նոր ներգաղթյալների մեջ նախկին եկածները ավելի շատ կրոնական, մշակութային ընդհանրություններ են տեսնում, քան այն երկրի բնակչության, որտեղ նրանք ապրում են: Սա ինքնին հանգեցնում է ինքնության ճգնաժամի և նոր ինքնության որոնումների: Այս ամենը, իհարկե, նպաստում է ներգաղթյալների նոր սերունդների արմատականացմանը և ծայրահեղացմանը: Եվրոպական երկրներում ծնված և մեծացած շատ երիտասարդ մահմեդականներ իրենց ինքնությունը գտնում են իսլամի ծայրահեղ ուղղությունների մեջ: Սրան գումարվում է ևս մեկ հանգամանք: Գաղութների նախկին բնակչությունը հաճախ գենետիկորեն բավականին բացասական է տրամադրված լինում նախկին գաղութատեր երկրի և դրա բնակչության նկատմամբ` հաշվի առնելով պատմական անցյալը: Սա ինքնին իսլամական ծայրահեղության առկայության պայմաններում պարարտ հող և լավ նախադրյալ է իրավիճակի ընդհանուր ապակայունացման համար:

Աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությունը ԵՄ-իսլամ փոխհարաբերությունների վրա

Աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպայում, մահմեդական բնակչության շրջանում հակաարևմտյան տրամադրությունները՝ կապված Արևմուտքի, մասնավորապես՝ եվրոպական երկրների վարած արտաքին քաղաքականության հետ, ունեն նաև այլ խորքային պատճառներ: Հանգամանքների բերումով Արևմուտքը իսլամական արմատականությունը և ծայրահեղականությունը ծառայեցնում էր իր աշխարհաքաղաքական զանազան նպատակներին հասնելու և Սառը պատերազմի ընթացքում իր հիմնական մրցակցի` ԽՍՀՄ-ի դեմ պայքարելու համար: Այսպես՝ 1979-1989թթ.-ին, երբ խորհրդային զորքերը ներխուժել էին Աֆղանստան, Արևմուտքը ամեն կերպ աջակցություն էր ցուցաբերում աֆղանական մոջահեդներին, որոնք հիմնականում ունեին ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսություն: Սակայն Սառը պատերազմի ավարտից հետո Աֆղանստանում և այլուր ստեղծված իսլամիստական-ծայրահեղական խմբավորումները չվերացան, այլ իրենց պայքարի համար այլ գաղափարական հակառակորդ գտան` ի դեմս Արևմուտքի: Այս երևույթը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ եվրոպական երկրներում ակտուալ դարձավ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ահաբեկչություն իրականացրած ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը իր համար հիմնական գաղափարական հակառակորդ էր հայտարարում Արևմուտքը և արևմտյան լիբերալ արժեքները և նպատակ էր հետապնդում Մերձավոր Արևելքում վահաբիական գաղափարախոսության հիմքի վրա խալիֆայություն ստեղծելը: ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի կոշտ արձագանքը ահաբեկիչներին և իսլամական արմատականությանը 2001թ.-ին Աֆղանստան ներխուժմամբ և Իրաքի 2003թ.-ի օկուպացիայով ունեցան ավելի շատ բացասական հետևանքներ Արևմուտք-իսլամական աշխարհ երկխոսության տեսանկյունից: Ամբողջ աշխարհի մահմեդականների մեծամասնությունը Արևմուտքի այս գործողությունները դիտարկում է որպես իսլամին ուղղված քաղաքակրթական պայքար: Նրանք Մերձավոր Արևելքի և աշխարհի այլ տարածաշրջանների մահմեդական երկրներ ներխուժումը դիտարկում են որպես Արևմուտքի կողմից ձեռնարկված «նոր խաչակրաց արշավանք» և հետևաբար փորձում կոշտ արձագանքել իրենց մեկնաբանմամբ իսլամի դեմ ձեռնարկվող ոտնձգություններին: Դա բերում է մահմեդականների շրջանում հակաարևմտականության աճին, ծայրահեղական և արմատական գաղափարների և խմբերի ցանցային տարածմանը աշխարհի մահմեդական երկրներում և համայնքներում: Այստեղ հարկ է նշել Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախում» աշխատությունը, որտեղ նա Եվրոպան դիտարկում է որպես ավելի լայն հանրույթի` Արևմուտքի մի մաս, որի հարաբերություններն իսլամական աշխարհի հետ մշտապես կրել են կոնֆրոնտացիոն բնույթ և երբեք հեշտ չեն դասավորվել: «Արևմուտքի հիմնական խնդիրն իսլամական արմատականությունը չէ, ոչ էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կամ Կենտրոնական հետախուզական վարչությունն են իսլամական աշխարհի խնդիրները: Խնդիրն առաջացնում է արևմտյան քաղաքակրթությունում տիրող այն մտայնությունը, որ իրենց մշակույթն ունիվերսալ է և այն պարտադիր պետք է տարածվի ամբողջ աշխարհով մեկ»,- գրում է Հանթինգթոնը[iii]:

Արևմտյան և իսլամական աշխարհի գլոբալ առճակատումը իր խորը անդրադարձն է ունենում նաև եվրոպական երկրներում իսլամական համայնքների և դեպի Եվրոպա նոր մահմեդական ներգաղթյալների վրա: Այս ամենը քաղաքական իսլամի ծայրահեղ ուղղությունների, մասնավորապես՝ վահաբիականության և սալաֆիականության ազդեցությամբ ունենում է ոչ ցանկալի հետևանքներ եվրոպական պետությունների համար: Ծայրահեղական տրամադրություններ ունեցող և զանազան իսլամիստական, հաճախ նաև բացահայտ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ կարողանում են եվրոպական երկրների մահմեդական գետտոներում հավաքագրել երիտասարդ մահմեդականների, որոնք կազմում են տվյալ երկրում զանազան ծայրահեղական բջիջներ, ցանցեր և խմբեր: Ինչպես նշվել է՝ դրա համար պայմանները ավելի քան առկա են: Հատկանշական է, որ որպես հավաքագրման և «ուղեղների լվացման» կենտրոններ են հանդես գալիս մզկիթները: Դրանք իդեալական վայր են մահմեդական երիտասարդներին վահաբիական ոգով «բարոյակրթելու» և նրանց իսլամի «ճիշտ ուղու» բերելու համար: Հիրավի, կարելի է փաստել, որ գործազուրկ, կրթության ցածր մակարդակով, ինքնության որոնման մեջ գտնվող, իրեն տվյալ հասարակությունում օտար զգացող հատվածին բավականին հեշտ է արմատականացնել, մարգինալացնել` խաղալով կրոնական նուրբ լարերի վրա: Եվրոպական երկրների համար իսլամական ծայրահեղության աճով պայմանավորված ոչ ցանկալի ազդեցությունները իրենց սպասել չտվեցին: 2004թ.-ի մարտի 11-ին Մադրիդում տեղի ունեցավ ահաբեկչությունների շարք երկաթգծային գնացքներում, որի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ հազարավորները վիրավորվեցին: Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցրել է ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումը։ 2005թ.-ի հուլիսի 7-ին տեղի ունեցավ ահաբեկչությունների շարք Լոնդոնի մետրոյում, որտեղ նույնպես զոհվեցին տասնյակ մարդիկ: Այս անգամ ևս պատասխանատվությունը իր վրա վերցրեց ալ-Քաիդան: Ահաբեկչությունները չէին իրականացվել ինչ-որ կոնկրետ պահանջով, այլ ընդամենը մեկնաբանվեցին ալ-Քաիդայի կողմից որպես Արևմուտքի անհավատների դեմ պայքարի քայլեր: Այս հայտարարություններից պարզ է դառնում, որ խնդիրը կոնկրետ եվրոպական մի կամ մի քանի պետության հետ չէ, խնդիրը ավելի մասշտաբային քաղաքակրթական առճակատման արդյունք է: Իհարկե ահաբեկչական գործողություններից հետո եվրոպական երկրներում տեղի ունեցան և մինչ այժմ շարունակում են իրականացվել որոշակի համալիր գործողություններ, որոնք միտված են կանխելու ահաբեկչական երևույթները, սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ իրականում խնդիրները առավել խորքային են և բարդանալու միտում ունեն և միայն հակաահաբեկչական գործողություններով այն հնարավոր չէ լուծել: Մահմեդական համայնքների առկայությունը թույլ է տալիս ծայրահեղականներին եվրոպական երկրներում մշտապես ունենալ որոշակի սոցիալական հենարան, և ժամանակը ցույց է տալիս, որ այդ հենարանը թե՛ քանակական և թե՛ ցանցային տարածվածության առումով անընդհատ աճում է:

«Արաբական գարուն» և առճակատման հետագա խորացումը

Մահմեդական բնակչության և եվրոպական երկրների փոխհարաբերությունների սրումը և Եվրոպայում իսլամի հետ կապված ամենամասշտաբային հակասությունների և առճակատման ալիքը, մեր խորին համոզմամբ, սկսվեց «արաբական գարուն» կոչվող հեղափոխությունների շարքից հետո: «Արաբական գարնան» հենց սկզբից արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունները ունեին կամ ներկայացվում էին, որ ունեին բավականին ազատական նպատակներ և գաղափարներ: Մասնավորապես՝ նրանք պայքարում էին բռնապետական ռեժիմների դեմ և կոչ էին անում ստեղծել դեմոկրատական պետություններ: Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն և ԵՄ անդամ երկրները, ամեն կերպ աջակցում էին արաբական աշխարհի բոլոր «ազատական» ուժերին: Սակայն ի՞նչ եղավ իրականում հեղափոխություններից հետո. Սիրիայում, Լիբիայում, Եմենում, Իրաքում ընթանում են շարունակական արյունահեղ քաղաքացիական պատերազմներ, Թունիսում իշխանության են եկել իսլամիստները, Եգիպտոսը գտնվում է տնտեսական անկայուն իրավիճակում, ինչպես նաև առկա է իսլամիստների ապստամբության մեծ վտանգ, ինչի լոկալ դրսևորումներն  առկա են Սինայի թերակղզում: Արդյունքում՝ անկայունություն, քաոս, բռնության աճ, տնտեսական և սոցիալական պայմանների ծայրահեղ վատթարացում, միլիոնավոր փախստականներ, և,  ինչպես կարող ենք նկատել, այս ամենը Եվրոպային շատ մոտ: Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի անկայունացման և հատկապես Լիբիայի շարունակվող քաղաքացիական պատերազմի պայմաններում բավականին մեծացել է զանգվածային ներգաղթը այս շրջանից դեպի ԵՄ, մասնավորապես՝ Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա: Ներգաղթյալների այս նոր մեծ ալիքը իր հետ բերում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական խնդիրներ: Որոշ տյալներով միայն 2014թ.-ին Լիբիայից ծովով Իտալիա է ապօրինաբար անցել մոտ 170.000 ներգաղթյալ, որտեղից էլ նրանք տարածվել են եվրոպական մյուս երկրներ[iv]: 2015թ.-ի առաջին 3 ամիսների ընթացքում Լիբիայից և Թունիսից Իտալիա է ապօրինաբար անցել մոտ 140.000 ներգաղթյալ[v], իսկ մոտ 600.000-ն էլ անցել է Եվրոպա ավելի ուշ[vi]: Վերոնշյալ եվրոպական երկրներում առկա մահմեդական բազմամարդ համայնքները համալրվում են նորանոր անդամներով, ինչը ներկայիս պայմաններում ավելի է սրում իրավիճակը: Այս ամենին ավելանում է ևս մեկ փոխկապակցված խնդիր, որը վերը նշված երևույթների տրամաբանական շարունակությունն է: Սիրիայում և Իրաքում ընթացող քաղաքացիական պատերազմին ջիհադիստների և այլ ծայրահեղական իսլամիստների կողմից կռվելու համար Եվրոպայից մեկնում են հազարավոր եվրոպական պետությունների քաղաքացի հանդիսացող մահմեդականներ[vii], որոնք ծնվել և մեծացել են եվրոպական երկրներում և ներգաղթյալների 2-րդ կամ 3-րդ սերունդն են: Սա ինքնին արդեն խոսուն փաստ է առ այն, թե ինչպես է խորացել հակադրությունը եվրոպական հասարակություններում` կապված մահմեդականների հետ: Բացի այն, որ Եվրոպան, փաստորեն, որպես ջիհադիստների աղբյուր է հանդես գալիս, կա նաև ավելի մեծ խնդիր, որը կարող է մեծապես անկայունացնել իրավիճակը եվրոպական երկրներում: Դա մահմեդական երկրներ կռվելու մեկնած ծայրահեղականների դեպի Եվրոպա վերադարձի հարցն է: Քանի որ նրանք եվրոպական երկրների քաղաքացիներ են, ապա շատ դժվար է լինելու հետագայում տարանջատել ջիհադի մեկնածներին արտասահման մեկնած մյուս մահմեդականներից: Այդպիսի մեծ քանակությամբ, այդպիսի ռազմական փորձ ունեցող և այդ տեսակ ծայրահեղական գաղափարներով հագեցած ջիհադիստների վերադարձը կարող է աղետալի հետևանքներ ունենալ եվրոպական երկրների համար: Եվրոպայից մեկնած մահմեդականները ներկայումս ամենաշատը ընդգրկված են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում, որը Իրաքում և Սիրիայում իրականացնում է ոչ վահաբիական մահմեդականների և այլադավան ժողովուրդների ցեղասպանություններ և այլ աննկարագրելի դաժանություններ: Հետաքրքրական է, որ Եվրոպայից գնացած ջիհադիստները շատ հաճախ են հայտնվում ամենադաժան արարքներ իրականացնողների դերերում:

Մեծացող ահաբեկչական վտանգի մասին է խոսում նաև այն, որ եվրոպական պետությունների մեծամասնությունը վերջին շրջանում անընդհատ բարձրացնում է ահաբեկչության վտանգի աստիճանը իրենց երկրներում[viii] [ix] [x] և հայտարարում Իսլամական պետության և ալ-Քաիդայի կողմից նախապատրաստվող բազում ահաբեկչությունների մասին: Իսլամական պետությունն էլ իր հերթին անդադար սպառնում է եվրոպացիներին նորանոր ահաբեկչություններով:

Ընդհանրացնելով եվրոպական պետությունների արտաքին քաղաքականության և այդ ամենի՝ իսլամական համայնքների վրա ունեցած ազդեցության մի քանի ասպեկտներ՝ կարող ենք նշել. 1-ին՝ նախկին գաղութ-մետրոպոլիա փոխհարաբերությունների և դրանից բխող հետևանքների ազդեցությունն է: Այդ հանգամանքը նպաստում է ինչպես մահմեդական աշխարհից դեպի Եվրոպա արտագաղթի աճին, այնպես էլ ժամանակի ընթացքում բերում է մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում կարող են ունենալ խիստ բացասական հետևանքներ: 2-րդը՝ ներկայումս Արևմուտքի, մասնավորապես՝ ԵՄ անդամ պետությունների  վարած արտաքին քաղաքականության ուղղակի անդրադարձն է Եվրոպայում իսլամական համայնքների վրա: Ինչպես նկատեցինք՝ վերջին շրջանում ընթացող քաղաքականությունը հանգեցնում է մահմեդական աշխարհից նոր զանգվածային ներգաղթին, մահմեդական համայնքների ծայրահեղացման աննախադեպ աճին և, այս ամենի հետևանքով, ահաբեկչական վտանգի բազմակի մեծացմանը, ինչը կարող է բերել եվրոպական պետությունների ներսում իրավիճակի առավելագույնս ապակայունացմանը և եվրոպական քաղաքակրթության և իսլամի միջև առկա առճակատման առավել խորացմանը:


Հղումներ

[i] Տե՛ս, Bernard Spolsky, “Language Management”, p. 149

[ii] Стёпкина Н.С. “Проблемы занятости, безработицы и миграции рабочей силы в условиях глобализации” http://www.eduherald.ru/120-11868

[iii] Տե՛ս, Хантингтон С., “Столкновение цивилизаций”, М.: ООО «Издательство АСТ», 2003 г., ст.343.

[iv] У берегов Ливии перевернулся корабль с мигрантами: до 700 погибших http://newsru.com/world/19apr2015/ship700.html

[v]With only a small rucksack and the clothes on their back, hundreds of desperate illegal immigrants pour into an Italian port as families flee their African homelands seeking a better life in Europe http://www.dailymail.co.uk/news/article-2733733/Hundreds-African-immigrants-overwhelm-Italian-port-boat-unloads-desperate-families-seeking-new-life-Europe.html

[vi] 600,000 migrants are lined up along North African coast and ready to enter Europe this summer warns Italy http://www.dailymail.co.uk/news/article-2596907/Army-600-000-migrants-lined-North-African-coast-ready-invade-Europe-summer-warns-Italy.html

[vii] Европейцы на службе ИГИЛ http://kavpolit.com/articles/evropejtsy_na_sluzhbe_igil-8966/

[viii] В Бельгии объявлен 4 уровень террористической угрозы, идёт охота на исламистов из Сирии http://www.mk.ru/incident/2015/01/16/vtoroy-parizh-v-belgii-edva-ne-povtorilis-francuzskie-terakty-povyshen-uroven-ugrozy.html

[ix] В Европе боятся терроризма! В Нидерландах повышен уровень угрозы терактов! http://ant-info.ru/world/1768-v-evrope-boyatsya-terrorizma-v-niderlandakh-povyshen-uroven-ugrozy-teraktov.html

[x] В Испании повышен уровень террористической угрозы http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2015/01/150108_rn_spain_high_alert_charlie


 

Գրականություն

  1. Bernard Spolsky. Language management. Cambridge, New York: Cambridge University Press,. 2009.
  2. Основные тенденции современных алжиро-французских международных отношений http://bibliofond.ru/view.aspx?id=460901
  3. Мирон Боргулев, “Иммиграционная политика Франции: выводы и уроки для России (II)” http://www.antropotok.archipelag.ru/text/ahtm
  4. МИГРАЦИЯ НАСЕЛЕНИЯ ИЗ ЮЖНОЙ АЗИИ В ВЕЛИКОБРИТАНИЮ http://www.kunstkamera.ru/files/lib/978-5-02-025564-7/978-5-02-025564-7_02.pdf
  5. С. А. Греш, “Франкофония в прошлом и настоящем”, Институт Африки РАН, 2007
  6. Нинель Сергеевна Крылова, “Содружество наций: политико-правовые проблемы”, Москва 1991
  7. Интеграция и миграция населения http://repetitora.com/integraciya-i-migraciya-naseleniya
  8. Стёпкина Н.С. “ПРОБЛЕМЫ ЗАНЯТОСТИ, БЕЗРАБОТИЦЫ И МИГРАЦИИ РАБОЧЕЙ СИЛЫ В УСЛОВИЯХ ГЛОБАЛИЗАЦИИ” http://www.eduherald.ru/120-11868
  9. Timeline: French riots http://news.bbc.co.uk/2/hi/europe/4413964.stm
  10. UK riots 2011 http://www.theguardian.com/uk/london-riots
  11. Stockholm riots throw spotlight on Swedish inequality http://www.bbc.com/news/world-europe-22650267
  12. Хантингтон С., “Столкновение цивилизаций”, М.: ООО «Издательство АСТ», 2003 г.
  13. Madrid train attacks http://news.bbc.co.uk/2/shared/spl/hi/guides/457000/457031/html/default.stm
  14. Four suicide bombers struck in central London on Thursday 7 July, killing 52 people and injuring more than 770. http://news.bbc.co.uk/2/shared/spl/hi/uk/05/london_blasts/what_happened/html/
  15. Madrid train bombings of 2004 http://www.britannica.com/EBchecked/topic/1279086/Madrid-train-bombings-of-2004
  16. Arab Uprisings http://www.bbc.com/news/world-middle-east-12813859
  17. The Libyan Revolution, F.B.-17 (February 17th) http://guides.library.cornell.edu/c.php?g=31688&p=200751
  18. Tunisia: Analyzing the Dawn of the Arab Spring http://www.gallup.com/poll/157049/tunisia-analyzing-dawn-arab-spring.aspx
  19. AFTER ARAB SPRING, SURVEILLANCE IN EGYPT INTENSIFIES https://firstlook.org/theintercept/2015/03/09/arab-spring-surveillance-egypt-intensifies/
  20. Syria: The story of the conflict http://www.bbc.com/news/world-middle-east-26116868
  21. “Lessons from Libya: How Not to Intervene” http://belfercenter.ksg.harvard.edu/publication/23387/lessons_from_libya.html
  22. У берегов Ливии перевернулся корабль с мигрантами: до 700 погибших http://newsru.com/world/19apr2015/shiphtml
  23. With only a small rucksack and the clothes on their back, hundreds of desperate illegal immigrants pour into an Italian port as families flee their African homelands seeking a better life in Europe http://www.dailymail.co.uk/news/article-2733733/Hundreds-African-immigrants-overwhelm-Italian-port-boat-unloads-desperate-families-seeking-new-life-Europe.html
  24. 600,000 migrants are lined up along North African coast and ready to enter Europe this summer warns Italy http://www.dailymail.co.uk/news/article-2596907/Army-600-000-migrants-lined-North-African-coast-ready-invade-Europe-summer-warns-Italy.html
  25. Европейцы на службе ИГИЛ http://kavpolit.com/articles/evropejtsy_na_sluzhbe_igil-8966/
  26. В Бельгии объявлен 4 уровень террористической угрозы, идёт охота на исламистов из Сирии http://www.mk.ru/incident/2015/01/16/vtoroy-parizh-v-belgii-edva-ne-povtorilis-francuzskie-terakty-povyshen-uroven-ugrozy.html
  27. В Европе боятся терроризма! В Нидерландах повышен уровень угрозы терактов! http://ant-info.ru/world/1768-v-evrope-boyatsya-terrorizma-v-niderlandakh-povyshen-uroven-ugrozy-teraktov.html
  28. В Испании повышен уровень террористической угрозы http://www.bbc.co.uk/russian/rolling_news/2015/01/150108_rn_spain_high_alert_charlie


Հեղինակ՝ Անդրանիկ Հովհաննիսյան (Andranik Hovhannisyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Andranik Hovhannisyan
ԵՊՀ Միջազգաին հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի բակալավր: ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն եվրոպագիտություն մագիստրատուրա: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և ծրագրերի վարչության կրտսեր աշխատակից: