Նախաբան
Մարդկության պատմության անցումը 21-րդ դար նշանավորվեց համաշխարհային քաղաքական գործընթացներում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործուն ու անմիջական ներգրավմամբ և դրանց խաղացած դերի կտրուկ աճով: Ծայրահեղ իսլամիստական գաղափարներ որդեգրած ահաբեկչական տարաբնույթ խմբավորումները 2000-ականների սկզբից դարձան իսլամական աշխարհում, հատկապես` Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները պայմանավորող և դրանց ընթացքն ու հետևանքները մեծապես որոշող շատ ակտիվ ակտորներ: Տարիների ընթացքում միջազգային ահաբեկչական շարժումը սկսեց ավելի մեծ թափ ստանալ և արդի մարդկային հասարակության համար վերածվեց իրական ու չափազանց մեծ վտանգ ներկայացնող սպառնալիքի: 2015 թ.-ի նոյեմբերի 13-ին հենց Եվրոպայի սրտում` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ծայրահեղ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացվեցին մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց հետևանքով զոհվեցին 130 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Այս տարվա մարտի 22-ին Բելգիայի և Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում «Իսլամական պետության» ծպտյալ մահապարտները ահաբեկչական գործողություններ իրականացրին, որոնց զոհ գնացին 32 և վիրավորվեցին ավելի քան 300 քաղաքացիներ: Ներկայացվող վերլուծության նպատակն է ի ցույց դնել ներկայիս ահաբեկչական շարժման ուղղվածությունն ու ընդգրկումը` ի դեմս Իսլամական պետության, վերհանել դրա ստեղծման պատճառներն ու նպատակները և առաջ բերած սպառնալիքները` արևմուտքի վարած արտաքին քաղաքականության համատեքստում:
Ահաբեկչական շարժման ծավալումը
Աշխարհի համար չարիք դարձած ինչպես այս, այնպես էլ մնացած իսլամիստական ահաբեկչական խմբավորումների (Ալ-Քաիդա, Համաս, Հզբոլլահ և այլն), ծաղկումն ու այսչափ հզորացումը ուղղակիորեն կապված է մերձավորարևելյան տարածաշրջանում արևմտյան ուժերի և մասնավորապես ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի համատեքստում որոշակի տարածաշրջանային խնդիրների քողարկված սպասարկմանը միտված արտաքին քաղաքականության հետ` հանդես գալով որպես վերջինիս անմիջական, բայց և այնպես ոչ այնքան թիրախային (նպատակային) հետևանք: Այսպես, 2003թ. ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք պետական-քաղաքական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու, այն դեմոկրատացնելու ու դրա համար դեմոկրատական ինստիտուտներ հիմնելու նպատակով նախապայմաններ ստեղծեց ռադիկալ սուննիստական խմբավորումների առաջացման համար, ինչպիսին այժմ ԻՊ-ն է: Տապալվեց սուննիստական փոքրամասնությունը ներկայացնող, սակայն իշխանության գլուխ կանգնած և ոչ վաղ անցյալում Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի հովանավորյալ Սադամ Հուսեյնի վարչակարգը, և ձևավորվեց շիիստական գերակշռությամբ կառավարման համակարգ, ինչն աղետալի հետևանքների հանգեցրեց. համատարած գործազրկություն սուննիստական շրջաններում, սոցիալիզմի բացառման ու վերացման ոգով գոյություն ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների փակում այն մտայնությամբ, որ արևմտյան ծնունդ հանդիսացող, արևմտյան առաջադիմական նորմեր ու սկզբունքներ կրող և արևելյան հասարակություններին բավական չափով խորթ ազատ շուկան արդյունավետ կերպով ու հեշտորեն կստեղծի աշխատատեղեր և բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ այլնախապայմաններ: Ամերիկյան հովանավորությամբ շիիստական ղեկավարության ջանքերով սուննիների աշխատավոր դասը զրկվեց աշխատանքից, ունեցած բազմաթիվ այլ արտոնություններից և,ըստ էության, կորցրեց ողջ քաղաքական ազդեցությունը: Երկրի դեմոկրատացումն իրականում կյանքի կոչելու համար ամերիկյան քաղաքականությունը երկրում կրոնական ինտեգրացիան և միասնությունը խթանելու փոխարեն գիտակցված կամ՝ ոչ այնքան, գնաց կրոնական և դրա հետևանքով էլ քաղաքական մասնատման ուղիով, ինչը սուննիների թուլացման ու ամեն կերպ սահմանափակման հետ մեկտեղ պարարտ հող հանդիսացավ ծայրահեղական սուննիզմի ուժգնացման և մասնավորապես՝ Իրաքում Ալ-Քաիդայի հզորացման ու տարածման համար: 2004 թ.-ի հոկտեմբերին դեռևս «Մոնոթեիզմի ու ջիհադի» կազմակերպություն կոչվող այժմյան Իսլամական պետություն խմբավորումը միացավ Ալ-Քաիդային: Մի՞թե դեմոկրատական Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն, ի զորու չէր ընդհանուր ուժերի ու ռեսուրսների մոբիլիզացման միջոցով Իսլամական պետության հզորացման ու տարածման հենց սկզբնական էտապում հասնել դրա կասեցմանն ու ոչնչացմանը և ի հայտ եկող ահաբեկչական տարերային սպառնալիքի վերացմանը: Արդյո՞ք համաշխարհային քաղաքականությունը կառուցող արևմտյան ստրատեգները իրապես չէին գիտակցում ձևավորվող ահաբեկչական խմբավորման հետագա հզորացման ու արմատավորման ամենևին էլ ո՛չ ֆանտաստիկ հեռանկարներն ու դրանից առաջացող լրջագույն սպառնալիքները: Սրանք թերևս անընդհատ շահարկվող, սակայն իրենց արդիականությունն ու կարևորությունը չկորցնող հարցադրումներ են, որոնք խորքային կտրվածքով նախանշում են համընդհանուր բնույթ կրող տարատեսակ քաղաքական գործընթացներ:
Միգրացիան որպես հետևանքային գործընթաց: Արևմտյան ուժերի ինտերվենցիաները և որպես դրանց հետևանք՝ ահաբեկչական շարժման հզորացումն ու ծավալումը, արաբական մի շարք երկրներում (Իրաք, Լիբիա, Սիրիա) հանգեցրին ոչ միայն նշված պետությունների թուլացմանն ու քայքայմանը, այլև դրա հետևանքով տեղի բնակչության տարերային միգրացիային: Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի գրասենյակի տվյալների համաձայն` Սիրիայի Արաբական Հանրապետությունը 2011 թ.-ին երկրում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի հետևանքով 2016 թ.-ի մարտի դրությամբ լքել են ավելի քանի 4,8 մլն փախստականներ, որոնցից ավելի քան 2 միլիոնը ապաստան է գտել եվրոպական տարբեր երկրներում (Գերմանիա, Հունաստան, Բուլղարիա, Մակեդոնիա, Սերբիա, Հունգարիա, Խորվաթիա և այլն): Դեռ ավելին, շուրջ 13,5 մլն քաղաքացիներ, գտնվելով ծանր սոցիալ-կենցաղային պայմաններում, մարդասիրական օգնության մեծ կարիք ունեն, իսկ մոտ 6,6 մլն սիրիացիներ էլ տեղահանվել են ու տարագիր դարձել Սիրիայի տարածքում: Միայն Սիրիայից վերջին 5 տարվա ընթացքում Եվրոպա է արտագաղթել ավելի քան 2 միլիոն փախստական: Ինտենսիվ միգրացիոն հոսքի բացասական ազդեցությունը զգալի է հատկապես տնտեսական շատ ծանր իրադրությունում հայտնված Հունաստանում, որն ընդունել է ավելի քան կես միլիոն փախստական և որոնց ներհոսքը դեռևս շարունակվում է: Այսպիսի քանակությամբ փախստականներ գաղթել են Սիրիայից միայն վերջին շրջանում, իսկ եթե հաշվի առնենք նաև նախորդ տարիներին արաբական այլ երկրներից` Իրաքից, Լիբիայից և այլ տեղերից բնակչության մեծ արտագաղթը, ապա կարող ենք փաստել, որ իսլամիստները լրջագույն սպառնալիք են դարձել Եվրոպայի և եվրոպական քաղաքակրթության համար առհասարակ: Միգրանտների չդադարող հոսքի ու դրա բերած հետևանքների ճնշման տակ եվրոպական պետությունները գնացին Թուրքիայի հետ համագործակցության` մարտի 18-ին հատուկ համաձայնագիր կնքելով վերջինիս հետ, որի համաձայն` մարտի 20-ից սկսած՝ Թուրքիայի տարածքից Հունաստան տեղափոխվող անլեգալ միգրանտները հետ են ուղարկվելու Թուրքիա, իսկ փոխարենը ԵՄ-ն պարտավորվում է ընդունել այնքան լեգալ սիրիացի փախստականներ, որքան որ հետ կուղարկվեն Թուրքիա: Սիրիացի փախստականների հոսքը Հունաստան կանգնեցնելու և նրանց՝ Թուրքիայի տարածքում պահելու դիմաց ԵՄ-ն պարտավորվում է Թուրքիային առաջիկա երկու տարվա համար վճարել շուրջ 3 մլրդ եվրո, ինչը թուրքական կողմը բավական քիչ է համարում միգրանտների խնդիրները լուծելու համար: Նախորդ տարվա նոյեմբերին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր. «Մենք կարող ենք ցանկացած պահի բացել սահմանը Հունաստանի և Բուլղարիայի հետ ու փախստականներին ավտոբուսները նստեցնել: Ի՞նչ եք անելու այդ փախստականների հետ, եթե համաձայնագիրը չկնքվի, գնդակահարելու՞ եք»: Օրեր անց` նոյեմբերի 29-ին, Բրյուսելն ու Անկարան, այնուամենայնիվ, համաձայնության եկան 3 մլրդ եվրոյի տրամադրման վիճահարույց խնդրի շուրջ պայմանագրի կնքմամբ: Տրամադրվող գումարի անբավարար լինելու մասին թուրքական կողմի դժգոհությունները ու չափազանցված պահանջների առաջքաշումը, համաձայնագրի կնքման շուրջ որդեգրած կոշտ ու թելադրող դիրքորոշումը և մասնավորապես՝ Էրդողանի վերոնշյալ հայտարարությունից կարճ ժամանակ անց գումարի չափի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը ակնհայտորեն խոսում են եվրոպական պետությունների համար փախստականների ներհոսքի առաջ բերած լրջագույն խնդիրների ու դրանցով պայմանավորված հեռանկարային սպառնալիքների մասին: Համաձայնագրի կնքումը որոշակիորեն ազատեց Թուրքիայի ձեռքերը` միգրացիոն խնդրի հետ կապված Եվրամիության` Թուրքիայից արդեն իսկ ունեցած կախվածության պատճառով, և արտաքին քաղաքական ոլորտում եվրոպական պետություններն ըստ էության այլևս չունեն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նախկին հնարավորություններն ու ազդեցությունը:
Թուրքական գամբիտ
Իրենից չափազանց հզոր ռազմաքաղաքական ուժ ներկայացնող այս ահաբեկչական կառույցին աջակցելու և հովանավորելու մեջ գերակշռող տեղ է ունեցել, և շարունակում է ունենալ նույն Թուրքիան, որը, տարածաշրջանում մեծ հավակնություններ դրսևորելով, հարևան Սիրիայի թուլացման մեջ բավական մեծ շահագրգռվածություն ունի: Երկրում Թուրքիայի ազդեցության մեծացման ձգտումը առավելապես կարելի է պայմանավորել վերջինիս համար մեծ սպառնալիք հանդիսացող քրդական գործոնով. փորձելով ազդեցությունը մեծացնել Սիրիայի՝ առավելապես քրդաբնակ հյուսիսում` Թուրքիան ձգտում է որոշակիորեն վերահսկողություն սահմանել նաև սիրիական քրդերի վրա` Թուրքիայի և Սիրիայի քրդերի միասնության հեռանկարը բացառելու և քրդական անջատողական սպառնալիքը զսպելու նպատակով, ինչն արտահայտվում էր հակաասադական պայքարի դրսևորմամբ, որում մեծապես շահագրգռված ու ներգրավված էին արևմտյան պետությունները, քանզի Սիրիայի ռուսամետ նախագահ Բաշար Ասադի ղեկավարումը այդտեղ և տարածաշրջանում ռուսական ազդեցության ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներ էր ստեղծում: Հետևյալ հանգամանքները հաշվի առնելով՝ հնարավոր է ուրվագծել Թուրքիայի և ԱՄՆ-ի` այս տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական շահերի համապատասխանությունը` նկատի առնելով ԱՄՆ-ի և Թուրքիայի` մեկ հզոր ռազմաքաղաքական դաշինքի` ՆԱՏՕ-ի անդամ լինելու և ըստ այդմ՝ ռազմաքաղաքական շատ հարցերում փոխհամաձայնեցված գործելու հանգամանքը:
Իսլամական պետության սպառնալիքը
Մի կողմ դնելով Արևմուտքի վարած մերձավորարևելյան քաղաքականության ունեցած ազդեցությունը տարածաշրջանային քաղաքական գործընթացների և ուժերի վերադասավորման վրա` պետք է ընդգծել և գնահատել դրա առաջ բերած հետևանքները բուն Եվրոպայում: Ծայրահեղ ահաբեկչական բնույթ ունեցող այս խմբավորումը արդեն իսկ անկառավարելի ու անվերահսկելի է դարձել բոլորի համար, ինչը կարելի է բացատրել երկու` ռազմա-ֆինանսական և կրոնա-քաղաքական գործոններով։ Առաջին գործոնը այն է, որ ներկայումս Իսլամական պետության վերահսկողության տակ է հայտնվել Սիրիայի և Իրաքի նավթային պաշարների զգալի մասը: Միայն Մոսուլի նավթամշակման 2 գործարանները տալիս են օրական 16000 բարել նավթի արտադրանք, որի հիմնական գնորդը Թուրքիան է: Արդյունահանվող նավթը մաքսանենգների կողմից (մաքսանենգ առևտրի մեջ շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանի անունը) սահմանային գոտուց Թուրքիայի տարածքով տեղափոխվում է թուրքական կառավարության ենթակայության տակ գտնվող միջերկրածովյան Ջեյհանի նավահանգիստ, որտեղից այն նավերով տեղափոխվում է Մալթա, իսկ այնտեղից էլ տեղափոխվում մի քանի ուղղություններով, այդ թվում` Աշդոդ (Իսրայել): Ֆինանսական ոլորտի ամերիկյան մասնագետ Դանիել Գլասերի գնահատմամբ` Իսլամական պետությունը հսկայական քանակությամբ նավթի վաճառքից տարեկան ստանում է շուրջ 500 մլն դոլարի եկամուտ` հիմնվելով այն փաստի վրա, որ 2015 թ.-ին մեկ ամսում նավթի վաճառքից եկամուտը կազմել է մոտ 40 մլն դոլար: Սրա հետ մեկտեղ՝ իսլամիստների վերահսկողության տակ է գտնվում նաև սիրիական գազի պաշարների շուրջ 45%-ը: Նման ահռելի քանակությամբ ռեսուրսների տիրապետելը և դրա շնորհիվ հսկայական ֆինանսական միջոցների կուտակումը չափազանց մեծ հզորություն և դրանով իսկ ինքնուրույն գործելու հնարավորություն է ընձեռում ահաբեկիչներին, իսկ ֆինանսական մեծաքանակ ռեսուրսների միջոցով հնարավորություն ունենալով ապահովել նաև խմբավորման ռազմատեխնիկական արսենալը՝ պարզապես անկաշկանդ կերպով ազատում է Իսլամական պետության ձեռքերը: Կրոնա-քաղաքական տեսանկյունից խնդիրն առավել խորքային ու գաղափարական դրսևորում է ստանում, քանի որ Իսլամական պետությունը, հռչակելով ու առաջնորդվելով ծայրահեղ իսլամիստական գաղափարներով, վաղ թե ուշ պետք է կրոնական մոլեռանդության, իսլամական գաղափարների հիմքի վրա ձևավորեր համապատասխան կրոնական-քաղաքական դոկտրին` ի դեմս խալիֆաթի, ինչը փաստացի հանգեցնում է աշխարհաքաղաքական հավակնությունների դրսևորմանը:
Սակայն Արևմուտքը և հատկապես՝ Եվրոպան մեծապես սխալվեցին իրենց հաշվարկներում` համապատասխան չափով հաշվի չառնելով իրենց վարած քաղաքականության մյուս երեսը, այն է` դրա բերած բացասական հետևանքները իրենց իսկ համար: Վարած արտաքին քաղաքականության ձախողումների մասին են խոսում անգամ իրենք` արևմտյան ղեկավարները: Fox News-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ իր նախագահության ընթացքում կատարած ամենամեծ սխալը Լիբիա ներխուժումն ու Մոհամմար Քադաֆիի իշխող ռեժիմի տապալումն էր, քանզի այն չհանգեցրեց երկրի դեմոկրատացմանն ու այդպիսի ինստիտուտներ հիմնվելուն, և երկիրը հայտնվեց համատարած քաոսի ու ծայրահեղականների սպառնալիքի մեջ: Մարտ ամսին Օբաման անգամ սուր քննադատության էր ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին` Լիբիայում արևմտյան կոալիցիայի իրականացրած ռմբակոծություններում ունեցած նշանակալի դերի համար:
Տասնամյակներ անց ինչպիսի լրջագույն դեմոգրաֆիական և այլ բնույթի խնդիրների առաջ է կանգնելու եվրոպական հասարակությունը` կարելի է պատկերացնել Եվրոպայում փախստականների թվից և նրանց դեմոգրաֆիական աճի կանխատեսելի ցուցանիշներից: Եվրոպական պետություններում հաստատված մահմեդականները կարող են ծանր դեմոգրաֆիական ճգնաժամի առջև կանգնեցնել եվրոպական հասարակությանը, քանի որ անհամադրելի են նրանց և եվրոպացիների բնական աճի տեմպերը. եվրոպական պետությունների մեծ մասում գրանցվում է զրոյական և որոշ դեպքերում էլ բացասական բնական աճ, բնակչության տարիքային կազմում էապես աճում է տարեցների թիվը, և եվրոպական հասարակությունը հաստատուն քայլերով գնում է ծերացման: Տրամագծորեն հակառակ գործընթացն է առկա մահմեդականների շրջանում: Ըստ էության` նրանց բնական աճի տեմպերը առավել բարձր կլինեն Եվրոպայում, քանի որ առկա են ապրելու համար անհամեմատ ավելի բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ, քան իրենց երկրներում: Տասնամյակներ անց նման տեմպերի շարունակման պարագայում ողջ աշխարհում առաջ է գալու հետևյալ հարցը` եվրոպակա՞ն, թե՞ մահմեդական քաղաքակրթություն է արդեն իրենից ներկայացնում Եվրոպան: Արաբական ավանդական հասարակությունները դեմոկրատացնելու փորձերի արդյունքում Եվրոպան լցվում է միլիոնավոր երիտասարդ ու իսլամադավան միգրանտներով, որոնք, հակառակ ծերացող եվրոպական հասարակությանը, շատ ավելի տոկուն ու մարտունակ են և հզոր ուժ են իրենցից ներկայացնում: Տասնամյակներ անց եվրոպացիները պարզապես ի զորու չեն լինելու դիմակայել անընդհատ աճող ու շատացող իսլամադավան զանգվածներին, որոնք կարող են նաև վերջ դնել եվրոպական քաղաքակրթության գոյությանը:
Ամփոփում
Հայտնի ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանդինգթոնն իր «Քաղաքակրթությունների բախում» հոդվածում գրում է, որ հետսառըպատերազմյան աշխարհում կոնֆլիկտները պայմանավորված չեն լինելու գաղափարախոսություններով ու տնտեսական տարաբնույթ խնդիրներով: Մարդկությունը տարանջատող և կոնֆլիկտների մեծ մասի համար հող հանդիսացող սահմանների գերակշռող մասը պայմանավորված են լինելու մշակութային առանձնահատկություններով: Ազգ-պետությունը շարունակելու է մնալ գլխավոր սուբյեկտը համաշխարհային քաղաքական գործընթացներում, սակայն միջազգային քաղաքականության մեջ կոնֆլիկտներ հասունանալու են ազգերի և այնպիսի խմբերի միջև, որոնք պատկանում են տարբեր քաղաքակրթությունների: Որքան էլ միջազգային հարաբերություններում պետությունների փոխհարաբերությունները գլխավորապես պայմանավորվում են աշխարհաքաղաքական շահերով, այնուամենայնիվ, ազգային-էթնիկական, սոցիալ-մշակութային տարբերություններն ու առանձնահատկությունները և դրանցով պայմանավորված տարբեր գործընթացները ունակ են տրանսֆորմացնելու գոյություն ունեցող քաղաքական շահերը, պահանջմունքներն ու դրանով պայմանավորված քաղաքական սուբյեկտների ուժերի հարաբերակցությունը միջազգային արենայում: Խնդիրը դեմոգրաֆիական կտրվածքով դիտարկելիս կարելի է եզրակացնել, որ եվրոպական պետություններում մուսուլմանների թվի զգալի աճը և բնակչության կազմում կայուն դիրք ունենալը կարող է հանգեցնել նշված հասարակություններում էթնոմշակութային փոփոխությունների ի հայտ գալուն, դրանցով իսկ մահմեդականների ազդեցության զգալի աճի և եվրոպական պետությունների ներքին և արտաքին հարաբերություններում առավել ծանրակշիռ դեր ունենալուն: Հենց այս համատեքստում էլ առավել քան արդիական է դառնում քրիստոնեա-իսլամական քաղաքակրթությունների բախումը` դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով:
Օգտագործած գրականության ցանկ
- http://gtmarket.ru/laboratory/expertize/2007/2498
- http://sverigesradio.se/sida/artikel.aspx?programid=2103&artikel=6385104
- http://inosmi.ru/politic/20160307/235635526.html
- http://www.geocurrents.info/wp-content/uploads/2014/10/Syria- Large-Ethnicity- Map.png
- http://nationalinterest.org/commentary/why-stay- the-middle- east-8259
- https://www.cia.gov/library/publications/the-world- factbook/rankorder/2054rank.html
- https://www.cia.gov/library/publications/the-world- factbook/rankorder/2066rank.html
- https://www.stratfor.com/analysis/geopolitics-united- states-part- 1-inevitable- empire
- http://www.unocha.org/syria
Հեղինակ՝ Հայկ Սահակյան (Hayk Sahakyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: