28 տարի առաջ հայ ժողովուրդը՝ Հայաստան, Սփյուռք և Արցախ, նվաճեց իր Անկախությունը:
Անկախության նվաճումը Անկախության հռչակագրին «Այո» ասելու պատեհությունը չէր սոսկ:
Հայաստանի Հանրապետության անկախությունը Հայաստանի, Սփյուռքի և Արցախի միասնական ճիգի, միասնական կամքի արդյունքն էր:
1991 թ. սեպտեմբերի 21-ին ծնվեց [իրավականորեն] ՀՀ Անկախության տերն ու երաշխավորը. ծնվեց Հայաստանի Հանրապետության Քաղաքացին: Քաղաքացի, ով պետք է տիրաբար հոգար և թևավորեր այդ Անկախությունը:
2018 թ. ապրիլին ՀՀ Քաղաքացին՝ Հայաստան, Սփյուռք և Արցախ, վերահաստատեց իր՝ Անկախության երաշխավորը լինելու վճիռը և առաքելությունը՝ վերականգնելով ՀՀ կորսվող Անկախությունը:
Իսկ կորսվում էր այդ Անկախությունը, որովհետև ՀՀ Քաղաքացին ըստ արժանվույն չէր գնահատել և արժևորել իր [իր և Անկախությունը նվաճածների] ձեռքբերածը:
Այսօր և վաղը արդեն ՀՀ Քաղաքացին պետք է շարունակ վերախմբագրի ու վերարժևորի նվաճված և վերանվաճված Անկախությունը և հանապազ վերանվաճի այն:
Դա անելու համար ՀՀ Քաղաքացին պետք է լրջագույնս վերաբերվի իր բարեխիղճ աշխատանքին՝ դրանով իսկ կատարելով իր առաքելությունը երկրի և ժողովրդի Անցյալի, Ներկայի և Ապագայի առջև:
Հայաստանի Հանրապետության, ՀՀ Քաղաքացու՝ Հայաստան, Սփյուռք և Արցախ, Անկախությունը հաղթանակների համոզմունք պետք է կրի իր մեջ, քանզի այն ունի գարունների համառություն …
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության, ՀՀ Քաղաքացու, Արցախի և Սփյուռքի 28-ամյա Անկախությունը ~~
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն