«Ինլայթ»-ը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր Պիեռ Ռոզանվալոնի (Pierre Rosanvallón) «Հակաժողովրդավարություն. Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում» [*] հոդվածի հայերեն թարգմանությունը:
Նախորդ մասը՝ Ներածություն
Անվստահության հասարակություն
Իրական ժողովրդավարությունների պատմությունները միշտ ուղեկցվել են լարմամբ և ճգնաժամով: Ժողովրդավարական և ներկայացուցչական կառավարման տեսությունը փորձում էր ընտրական մեխանիզմի միջոցով միմյանց կապակցել լեգիտիմությունը և վստահությունը, բայց այս երևույթները դեռևս գոյություն ունեն առանձին: Ենթադրաբար համաձուլվելով ընտրական զամբյուղում՝ նրանք իրականում տարբեր բնույթ ունեն: Լեգիտիմությունն իրավունքի հատկանիշ է, խիստ գործընթացային փաստ, քվեարկության մաքուր և անհերքելի արդյունքն է: Վստահությունն էլ ավելի բարդ երևույթ է: Այն, եթե օգտագործենք տնտեսագետ Քենեթ Էրոուի հայտնի ձևակերպումը, յուրօրինակ անտեսանելի ինստիտուտ է, որը կատարում է առնվազն 3 գործառույթ[1]: Դրանցից առաջինը լեգիտիմության ընդլայնումն է. վստահությունը գործընթացային ատրիբուտին հաղորդում է բարոյական չափում՝ այն դարձնելով ամբողջական, բառի լայն իմաստով, և բովանդակային չափում՝ կողմնորոշելով այն դեպի ընդհանուր շահին ծառայելուն: Վստահությունը նաև ունի ժամանակային իմաստ. դա ենթադրում է, որ լեգիտիմությունը ձգվում է դեպի ապագա: Դեռևս Գեորգ Զիմմելն էր նշում, որ վստահությունն, ըստ էության, «ապագա վարքի վերաբերյալ ենթադրություն» է [2]: Վերջապես, վստահությունն ապահովում է ինստիտուցիոնալ տնտեսում, ազատում է ստուգման և վերիֆիկացման բոլոր հնարավոր գործընթացների կիրառման անհրաժեշտությունից: Լեգիտիմության և վստահության միջև անդունդը միշտ եղել է ժողովրդավարության պատմության կենտրոնական խնդիրը: Նման վայրիվերումները կանոն էին, իսկ դրանց բացակայությունը՝ բացառություն: (Երբեմն, նկարագրելով ընտրություններին հաջորդող կարճատև ժամանակահատվածը, խոսում են «երանելի վիճակի» մասին, երբ մեզ հետաքրքրող երկու ատրիբուտ միաձուլվում են, բայց սա ատիպիկ դեպք է): Արձագանքելով իրերի նման դասավորությանը՝ ժողովրդավարական համակարգերը զարգանում էին երկու ուղղություններով: Առաջինը ենթադրում էր գործընթացային լեգիտիմության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացում: Օրինակ, ընտրություններն առավել հաճախակի էին դառնում, իսկ ընտրովի մարմինների անկախության սահմանափակման համար օգտագործվում էին ուղիղ ժողովրդավարության տարբեր սխեմաներ: Նմանատիպ բոլոր նախաձեռնություններն ուղղված էին «ընտրական ժողովրդավարության» որակի բարձրացմանը: Միաժամանակ, սակայն, մշակվում և կիրառվում էր գործնական միջոցների, զսպման և հակակշիռների, ֆորմալ և ոչ ֆորմալ սահմանափակումների հարուստ զինանոց, որոնք կոչված էին կոմպենսացնել սպառվող վստահությունը կազմակերպված անվստահության միջոցով: Ավելին, անհնար է մտորել ժողովրդավարության մասին կամ խորանալ նրա պատմության մեջ առանց անվստահության այդ կազմակերպված ձևերը քննարկելու:
Ժողովրդավարական փորձի բազմազանությունը հասկանալու համար մենք պետք է հաշվի առնենք այդ երևույթի երկու տեսակետներն էլ. մի կողմից ընտրովի ներկայացուցչական հաստատությունների ֆունկցիան և դիսֆունկցիան, մյուս կողմից անվստահության կազմակերպված բնույթը: Մինչև հիմա պատմաբաններին և քաղաքագետներին հետաքրքրում էր գլխավորապես առաջին տեսակետը [3]: Բայց հիմա ժամանակն է անդրադառնալ վերը նշված տեսակետներից երկրորդին: Իհարկե, ժողովրդավարական անվստահության արտահայտման բոլոր հնարավոր ուղիներն արդեն իսկ վերլուծվել են անհամար հրապարակումներում: Ի թիվս այլնի՝ մեկ անգամ չի քննարկվել, օրինակ, հանրային իշխանության ընդլայնմանն ուղղված քաղաքացիական դիմադրության պատմությունը և այդ դիմադրության հետևանքները, կամ քաղաքացիական դժգոհության ձևերի սոցիոլոգիան և քաղաքական համակարգի չընդունումը: Այդ ոլորտի հետ առնչվող տարբեր գործողություններ և դիրքորոշումներ, դառնում էին ամենամանրակրկիտ ուսումնասիրության առարկա, բայց երբեք փորձ չէր արվում ներառել դրանք ավելի լայն ենթատեքստում՝ բացառությամբ, երևի, նման երևույթները որպես ավելի ազատ և արդար աշխարհ ունենալու համար պայքարի բաղադրիչներ դիտարկելու բավականին անորոշ փորձերից: Ես, ընդհակառակը, մտադիր եմ ուսումնասիրել անվստահության բազմակողմանի դրսևորումներն ամբողջական համակարգի շրջանակներում՝ դրանով իսկ բացահայտելով նշված ֆենոմենի ամենախորքային բնութագրիչները: Մի խոսքով, ես ցանկանում եմ հասկանալ անվստահության դրսևորումները՝ որպես քաղաքական համակարգի բաղադրիչներ: Հետագայում ստացած գիտելիքները կօգտագործվեն որպես հիմք առավել ամբողջականորեն հասկանալու, թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը, դրա պատմությունն ու տեսությունն ավելի խորն ընկալելու համար:
Խնդիրը համապատասխան ենթատեքստում ներառելու համար հարկավոր է նախևառաջ նշել, որ անվստահության արտահայտումը կարող է վերածվել երկու հիմնական ձևերի՝ լիբերալ և ժողովրդավարական: Իշխանության նկատմամբ լիբերալ անվստահությունը բավականին հաճախ է մեկնաբանվել և քննարկվել: Շառլ Լուի Մոնտեսքյոն առաջարկել է դրա կանոնական սահմանումը [4], իսկ ԱՄՆ-ի «հիմնադիր-հայրերը» դրան սահմանադրական ձև տվեցին: Ամերիկյան Սահմանադրության շուրջ վեճերի պատմության ամբողջ ընթացքում Ջեյմս Մեդիսոնը համակված էր իշխանության կենտրոնացումը զսպելու և սահմանափակելու ձգտումով, և նրա նպատակն ամենևին հասարակության վստահությանն հենվող ուժեղ կառավարությամբ քաղաքական համակարգի ստեղծումն ապահովելը չէր, այլ հակառակը՝ նա երազում էր թույլ կառավարության մասին, որի նկատմամբ անվստահությունը կամրագրվեր ինստիտուցիոնալ: Նրա իդեալն էր ոչ թե քաղաքացու գահակալումը, այլ անհատի պաշտպանությունը հանրային իշխանության ոտնձգություններից:
Ֆրանսիայում այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Բենջամեն Կոնստանը և տնտեսագետ Ժան Սիսմոնդին, որը նաև XIX դարի առաջավոր քաղաքական տեսաբաններից էր, գրավել էին նմանատիպ դիրքեր: Սիսմոնդիի համար ցանկացած լիբերալ ռեժիմի եզրաքար էր ներկայանում «դիմադրությանը մշտական պատրաստակամությունը» [5]: Այս հեղինակների համար որոշիչ նշանակություն ունեին մինչհեղափոխական ancient régime-ի մասին հիշողությունները. նրանք ամբողջ ուժով փորձում էին կանխարգելել երբեմնի բռնակալության վերադարձը: Հետևաբար, ժողովրդավարության ամրապնդումը ենթադրում էր էլ ավելի կասկածելի վերաբերմունք պետական իշխանության նկատմամբ [6]: Կոնստանն ավելի հեռուն գնաց. նրա պնդմամբ՝ ազատություն կա միայն այնտեղ, որտեղ կա հանրության համակարգային դիմադրություն իշխանությունը կրողների նկատմամբ: Նա նույնիսկ հայտարարում էր քաղաքացիների կողմից իրականացվող «ատելության մշտական ստուգումների» և անհրաժեշտության մասին[7]: Սակայն իրականում Կոնստանը օրիգինալ էր մեկ այլ բանում. նա առաջինն առաջարկեց սահմանազատել անվստահության «հին» ձևը, որը բխում է իշխանության կամակայությունների հետ հասարակության համաձայնության հրաժարումից, և դրա «ժամանակակից» ձևը՝ ելնելով այն բանից, որ նույնիսկ նոր քաղաքական ռեժիմները, հիմնված հասարակական պայմանագրի վրա, լիովին կարող են թեքվել ճիշտ ուղուց: Հղում կատարելով Ռոբեսպյերի «սարսափեցնող օրինակին»՝ այս մտածողը նշում է, որ Ֆրանսիան 1793 թ. վերապրեց հզոր ցնցում այն բանի պատճառով, որ քաղաքական գործընթացի նկատմամբ «համատարած վստահությունը» սկզբից «պատվարժան մարդկանց բերեց ադմնիստրատիվ պաշտոնների», իսկ հետո թույլատրեց այդ նույն մարդկանց «չկանխել բացահայտ հանցավոր խմբերի ի հայտ գալը» [8]: Այդ պատճառով, ենթադրում էր Կոնստանը, ժողովրդավարական գործընթացի նկատմամաբ անսահման վստահությունն անթույլատրելի է: 1829 թ.՝ Ֆրանսիայում պառլամենտական «հունիսյան միապետության» հաստատումից կարճ ժամանակ առաջ Կոնստանը, ով միշտ համակրանք էր տածում այդ ռեժիմի նկատմամբ, բարձր գնահատեց նոր ռեժիմի հիմնադիր խարտիան՝ ուղիղ հայտարարելով, որ «ամեն [լավ] սահմադրություն անվստահության ակտ է» [9]: Փոխառելով Բեռտրան դե Ժուվենելի արտահայտությունը՝ լիբերալ անվստահությունը կարելի է անվանել «պրևենտիվ իշխանության» ձև [10]: Հետևաբար, այն քայլում է կողք կողքի ժողովրդավարական ռեժիմի հիասթափեցնող և վատատեսական գնահատականների հետ: Անվստահությունն այստեղ վերածվում է կասկածանքի հենց ժողովրդավարության նկատմամբ, վախի նրա տարբեր դրսևորումների նկատմամբ, համընդհանուր ընտրական իրավունքի նկատմամբ հոռետեսության:
Անվստահության երկրորդ տեսակը կարելի է անվանել ժողովրդավարական: Նրա դերակատարումը համոզվելն է, որ ընտրովի մարմինները պահում են իրենց խոստումները և շարունակ պահանջում են կառավարությունից հասարակական շահերին ծառայել: Այստեղ հիմնական շեշտը կդնենք հենց ժողովրդավարական անվստահության վրա, որը դարձավ անվստահության սկզբնական ձևը հետտոտալիտար դարաշրջանում: Այն արտահայտվում և ցուցաբերվում է տարբեր ձևերով, որոնց մեջ ես կառանձնացնեմ երեք հիմնականը. դա վերահսկման գործառույթն է, պրեվենտիվ գործիքները, դատողությունների և կարծիքների ստուգումը: Ներկառուցված լինելով ընտրական-ներկայացուցչական ժողովրդավարության շրջանակների մեջ՝ հակակշիռների այս եռյակն ուրվագծում է այն, ինչը ես առաջարկում եմ անվանել հակաժողովրդավարություն: Օգտագործելով այդ հասկացությունը՝ ես նկատի ունեմ ոչ թե ժողովրդավարությանն ինչ-որ հակառակ երևույթ, այլ նրա առանձնհատուկ տարատեսակը, որն ամրապնդում է սովորական ընտրովի ժողովրդավարությունը՝ ծառայելով նրան որպես յուրօրինակ հենք. ես նկատի ունեմ անուղղակի իշխանության ժողովրդավարությունը, որը ցրված է սոցիումում, այլ կերպ ասած՝ անվստահության կայուն ժողովրդավարություն, որը լրացնում է ընտրական-ներկայացուցչական ավանդական համակարգի էպիզոդիկ ժողովրդավարությանը: Այսպիսով, հակաժողովրդավարությունը ավելի լայն համակարգի մաս է, որն իր մեջ ներառում է նաև ժողովրդավարական իրավական ինստիտուտներ. նրա նպատակն է լրացնել այդ ինստիտուտները և ընդլայնել դրանց ազդեցությունը: Այդ պատճառով հակաժողովրդավարությունը պետք է հասկանալ և վերլուծել որպես քաղաքական աուտենտիկ ձև, որը և հանդիսանում է այս աշխատանքի նկարագրության և գնահատման օբյեկտը:
Քաղաքական անվստահության ժողովրդավարական ձևը հատկապես կարևորվում է այսօր, երբ սոցիումը վերապրում է վստահության ճգնաժամ: Երեք գործոն՝ գիտական, տնտեսական և սոցիոլոգիական, բացատրում են անվստահության հասարակության առաջացումը: Ուլրիխ Բեկը «ռիսկի հասարակությանը» նվիրված գրքում ցույց է տալիս, թե ինչպես է գիտական առաջընթացը խթանում անվստահությունը [11]: Բեկը սկսում է տարրական մի փաստի հավաստմամբ, որ դեռևս 1960-ականներին մարդիկ դադարեցին լավատեսորեն մոտենալ գիտա-տեխնիակակն առաջընթացին: Աղետների և անորոշությունների արդի դարաշրջանում ժամանակակից արդյունաբերությունը և տեխնոլոգիան ասոցացվում են ավելի շատ ռիսկի հետ, քան առաջընթացի: Ռիսկի հասարակությունը իր բնույթով վախենում է ապագայից, բայց նրա անդամներն, այնուամենայնիվ, ստիպված են վստահել գիտնականներին, քանի որ ինքնուրույն ի վիճակի չեն գլուխ հանել հրատապ խնդիրներից առանց մասնագետների օգնության: Այսպիսով, գիտնականների դերը խնդրահարույց է, չնայած՝ նրանք անփոխարինելի են, և այս հանգամանքը համընդհանուր դժգոհության աղբյուր է դառնում: Քաղաքացիներն այլընտրանք չունեն՝ գիտնականներին իրենց սեփական մտքերի ընթացքը բացատրել պարտադրելուց և սեփական պահվածքը արադրացնելուց բացի: Նման իրավիճակում լավագույն ռազմավարությունը անվստահության դրական ինստիտուցիոնալացումն է, նրա փոխակերպումը պաշտպանական պատնեշի և սեփական շահերը հաշվի առնելու երաշխիքի: Սակայն Բեկին քննադատող մտածողները մատնանշում են այս ռազմավարության պարադոքսալ բնույթը.«Քաղաքացին, ով ցանկանում է լուծել խնդիրները, որոնք մասնագետները չեն կարողացել ոչ կանխատեսել, ոչ խուսափել դրանցից, կրկին ստիպված է հույսը դնել նրանց բարյացակամության վրա: Նրան հասանելի միակ լուծումը դառնում է իշխանության նախկին պատվիրակումը մասնագետներին՝ միաժամանակ նրանց գործունեության վերահսկման նոր ուղիներ փնտրելով» [12]:
Այսպիսով, գիտության և տեխնոլոգիայի առաջընթացը զարգացրեց սոցիալական անվստահության ինքնատիպ ձևեր: Այս դեպքում հաճախ նշում են «վերաապահովագրման սկզբունք» եզրույթը, բայց այն միայն մասամբ է արտահայտում ֆենոմենի բարդությունը, որը բավականին նման է քաղաքական ոլորտում զսպման և հակակշիռների մասին լիբերալ պատկերացումներին:
Մակրոտնտեսական ղեկավարման հանդեպ վստահությունը նույնպես անսասան չէր: Եթե մակրոտնտեսությունը դիտարկենք որպես գիտություն, որը զբաղվում է ապագայում մարդկանց վարքագծի կանխատեսմամբ, ապա չի կարելի հերքել այն փաստը, որ տնտեսական կանխատեսումներ անելու մեր ունակությունը բավականին թուլացել է: Միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների վրա հույս դնել այլևս չի կարելի. դրանց համար պատասխանատու ծառայությունները կամ չեն տիրապետում դրանց կազմման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների, կամ կորցրել են վստահության կրեդիտը՝ անցյալում հաճախ սխալվելով: Ֆրանսիական խորհրդարանը սովորություն ունի գալիք 5 տարվա ցանկալի տնտեսական աճի դրույքը որոշել քվեարկությամբ: Նորմատիվ ակտով նման ցուցիչի որոշման գաղափարը այսօր անհույս հնացած է թվում, չնայած դեռևս երեսուն տարի առաջ, երբ տնտեսական պլանավորումը կառավարության անվիճարկելի արտոնությունն էր՝ գոնե Ֆրանսիայում դա համատարած պրակտիկա էր: Ժամանակակից տնտեսությունը ավելի բաց է աշխարհի համար և ավելի բարդ, քան նախկինում, և առավել քիչ կանխատեսելի: Հետևաբար, տնտեսական կանխատեսման նկատմամբ վերաբերմունքն արտահայտում է նաև աճող անվստահությունը, որն ուժգնանում է այն համոզման տարածման հետ, որ հանրային քաղաքականության ազդեցությունը տնտեսական ոլորտում այդքան էլ տեսանելի չէ:
Լրացնելով անվստահության գիտական և տնտեսական գործոնները՝ սոցիալական փոփոխությունները նույնպես նպաստել են պետական իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքին: «Մասնատվածության հասարակությունում», օգտագործելով Մայքլ Վալցերի արտահայտությունը, սոցիալական վստահության նյութական հիմքերը փլուզվում են: Անհատները գնալով ավելի քիչ են վստահում միմյանց, քանի որ նրանց միջև եղած անձնային կապերը կտրվում են: Համեմատական ուսումնասիրությունների մեծ մասը վկայում է այն մասին, որ այլ մարդկանց նկատմամբ նվազող վստահությունը փոխկապակցված է իշխանության նկատմամբ անվստահության բարձրացման հետ: Բրազիլիան, որն առաջատարն է քաղաքական անվստահության վարկանիշով, միաժամանակ միջանձնային վստահության ամենացածր ցուցանիշով երկիրն է համարվում: Ճիշտ հակառակ պատկեր կարող ենք տեսնել Դանիայում, և այս հակադրությունը վկայում է այն մասին, որ համաքաղաքացիների նկատմամբ վստահության բարձր մակարդակը կարելի է համեմատել պետական կառավարման մարմինների նկատմամբ ավելի ցածր կասկածանքի հետ [13]: Ավելին, հատկանշական է այն փաստը, որ կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականությունը աճում է ժողովրդավարության հանդեպ հիասթափությանը զուգահեռ [14]: Այսպիսով, ժողովրդավարական անվստահությունը ավելանում է կառուցվածքային անվստահությանը և ուժեղացնում է այն: Այս բոլոր գործոնները թույլ են տալիս մեզ բնութագրել ժամանակակից հասարակությունը որպես «բացարձակ անվստահության հասարակություն» [15]: Սոցիումի նման տեսակը տալիս է մի կոնտեքստ, որտեղ տեղի է ունենում ժողովրդավարության տրանսֆորմացիա:
[*] Հատված Rosanvallon P. Counter-Democracy: Politics in an Age of Distrust. Cambridge: Cambridge University Press, 2008. գրքից, էջ՝ 1–27; տե՛ս նաև Անձեռնմխելի պաշար 2012. № 2(82). էջ՝ 264–267. [1] Arrow K.J. The Limits of Organization. New York: Norton, 1974. P. 26. [2] Simmel G. Sociologie: Études sur les formes de la socialization. Paris: Presses Universitaires de France, 1999. էջ՝ 355–356. Նա գրում է. «Պրակտիկ գործելու համար առաջարկելով ամուր հիմք, վստահությունը նաև իրենից ներկայացնում է անցումային վիճակ այլ մարկանց ճանաչելու և չճանաչելու միջև: Այն մարդը, որը ամեն ինչ գիտի, չունի վստահության կարիք: Իսկ նա, ով ոչինչ չգիտի, ուղղակի ի վիճակի չէ վստահել»: [3] Տե՛ս իմ եռապատումը. Le Sacre du citoyen: Histoire du suffrage universel en France. Paris: Gallimard, 1992; Le Peuple introuvable: Histoire de la répresentation démocratique en France. Paris: Gallimard, 1998; La Démocratie inachevée: Histoire de la souveraineté du people en France. Paris: Gallimard, 2000. [4] Հիշենք «Օրենքների ոգու մասին» տրակտատից հատված (1758): «Արդեն պարզ է դարերի փորձով, որ յուրաքանչյուր մարդ, ով իշխանության ունի հակված է չարաշահել այն, և նա գնում է այդ ուղղությամբ, մինչև չհասնի սահմանաչափին: Որպեսզի հնարավորություն չլինի չարաշահել իշխանությունը, սնհրաժեշտ է այնպիսի պայմաններ, որպեսզի տարբեր իշխանություններ կարողանան զսպել միմյանց» (кн. XI, гл. 4) (Մոնտեսքյո Շ.Լ. Օրենքների ոգու մասին // Он же. Избранные произведения. М.: Гослитиздат, 1955). [5] Սիսմոնդի կարծիքով «նման տրամադրվածությունը պետք է տարածվի բոլոր ինստիտուտների վրա» (Sismondi J.Ch.L.S. Études sur les constitutions des peuples libres. Brussels, 1836. էջ՝ 230). [6] Տե՛ս Warren M. Introduction // Warren M. (Ed.). Democracy and Trust. Cambridge: Cambridge University Press, 1999. [7] Constant B. De la force du government actuel de la France et de la nécessité de s’y rallier. Paris, 1796. էջ՝ 66. [8] Ibid. P. 67. [9] Constant B. Recueil d’articles, 1829–1830. Paris: Champion, 1992. էջ՝ 53. [10] Jouvenel B. de. The Means of Contestation // Government and Opposition. 1966. Vol. 1. № 2. [11] Տե՛ս Бек У. Общество риска. На пути к другому модерну. М.: Прогресс-традиция, 2000. [12] Callon M., Lascoumes P., Barthe Y. Agir dans un monde incertain: Essai sur la démocratie technique. Paris: Éditions du Seuil, 2001. Էջ՝ 311. [13] Բրազիլացիների միայն 2,8%-ն է համաձայն, որ «մարդկանց մեծամասնությանը կարելի է վստահել»: Դանիայում նրանց թիվը հասնում է 66,5%-ի, իսկ Ֆրանսիայում՝ 22,2%: Տե՛ս՝ Inglehart R. et al. Human Beliefs and Values: A Cross-Cultural Sourcebook Based on the 1999–2002 Values Surveys. Mexico: Siglo XXI, 2004. [14] Տե՛ս Moreno A. Corruption and Democracy: A Cultural Assessment // Inglehart R. (Ed.). Human Values and Social Change: Findings from the Values Surveys. Leyden; Boston: Brill, 2003. [15] Տե՛ս EuroRSCG ծառայության հարցումը «La Société de defiance généralisée: Enquête sur les nouveaux rapports de forceet le senjeux relationnels dans la sociéte française» (2004 թ. հուլիս): Կասկած չկա, որ համատարած անվստահության աճն է նպաստում անվստահության երևույթի նկատմամբ սոցիոլոգների և փիլիսոփաների ներկայումս աճող հետաքրքրությանը: Այս թեմայով զբաղվող առավել հայտնի հեղինակների շարքում եմ՝ Ռասել Հարդին, Դիեգո Գամբետտան, Մարկ Ուորենը: Տե՛ս նաև՝ Mangematin V., Thuderoz C. Des mondes de confiance: Un concept à l’épreuve de la réalité sociale. Paris: CNRS, 2003; Harrison D., Mangematin V., Thuderoz C. La Confiance: Approches économiques et sociologiques. Montreal: GaëtanMorin, 1999.Հղումներ
Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhsibekyan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: