«Ինլայթ»-ը ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ, Կոլեժ դը Ֆրանսի ժամանակակից քաղաքական պատմության և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի (EHESS) պրոֆեսոր Պիեռ Ռոզանվալոնի (Pierre Rosanvallón) «Հակաժողովրդավարություն. Քաղաքականությունը անվստահության դարաշրջանում» [*] հոդվածի հայերեն թարգմանությունը:

Մեր օրերում ժողովրդավարական իդեալի հաղթանակը դեռևս անվիճարկելի է, սակայն «ժողովրդավարական» կոչմանը հավակնող ռեժիմները ամենուրեք  ենթարկվում են կոշտ քննադատության: Այս պարադոքսում է թաքնված ներկայի կարևորագույն քաղաքական խնդիրը: Առաջնորդների և ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների սպառվող վստահություն, ընտրական աբսենտեիզմ և ընտրություններին մասնակցության  ցածր ցուցանիշը՝ նման երևույթների ենթակա են և՛ հին, և՛ նոր ժողովրդավարությունները: Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը, որը հաճախ նկարագրվում է  որպես «ճգնաժամ», «հիվանդություն», «խանգարում» կամ «քաղաքականության դեգրադացիա»: Ֆրանսիացի փիլիսոփա և քաղաքագետ Պ. Ռոզանվալոնն առաջարկում է այլ մոտեցում ընդհանրապես ժողովրդավարության և մասնավորապես ժամանակակից ժողովրդավարության վերլուծությանը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 


Ներածություն

Ներկայումս ժողովրդավարական իդեալի հաղթանակը դեռևս  անվիճարկելի է, սակայն ռեժիմները, որոնք հավակնում են «ժողովրդավարական» կոչմանը, ամենուրեք ենթարկվում են սուր քննադատության: Այդ պարադոքսում թաքնված է արդի ժամանակների կարևորագույն քաղաքական խնդիրը: Իսկապես, վերջին քսան տարիների ընթացքում քաղաքական առաջնորդների  և ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների սպառվող վստահությունը մնում է քաղաքագետների կողմից առավել մանրամասն ուսումնասիրվող ֆենոմենների շարքում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են ինչպես առանձին երկրներում, այնպես էլ համաշխարհային մասշտաբով, տալիս են ոչ սփոփիչ ախտորոշում: Առանձնապես հարուստ է ընտրական աբսենտեիզմին և ընտություններին մասնակցության ցածր ցուցանիշին նվիրված գրականությունը: Հատկանշական է, որ այս արատն ազդել է նույնիսկ նոր ժողովրդավարություններին, եթե դատենք ըստ նախկին սոցիալիստական ճամբարի արևելաեվրոպական երկրների և ասիական ու լատինաամերիկյան նախկին դիկտատուրաների: Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը, որը տարբերակվում է որպես «ճգնաժամ», «հիվանդություն», «խանգարում», «անկում»: Բացատրությունների մեծ մասը հղում է կատարում գործոնների շարքի, որոնց մեջ է անհատականության ծաղկումը, անցումը մասնավոր կյանքի, քաղաքական կամքի անկումն ու իշխող էլիտայի և զանգվածների միջև ընդլայնվող անդունդը: Մենք ավելի հաճախ ենք լսում «քաղաքականության դեգրադացիայի» մասին, ընդ որում դրա  մեղավորությունը դրվում է ինչպես այն ղեկավարների վրա, որոնք ի վիճակի չեն իրականացնել իրենց պարտականությունները կամ հրաժարվել դրանցից, այնպես էլ ժողովրդի վրա, որը հիասթափվել է քաղաքական կյանքից կամ անտարբեր է դրա նկատմամբ: Մեզ ինչ-որ բան չի հերիքում, մեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Ներկայիս ժողովրդավարություններն ինչ-որ կերպ շեղվել են սկզբնական մոդելից՝ դավաճանելով նրա պատվիրանները: Նմանատիպ դատողություններն այսօր դարձել են կաղապար: Ներկայի տխուր կամ  դառը ընկալումը միախառնվում է բավականին իդեալականացվող քաղաքացիական անցյալի նոստալգիային: Որոշ դեպքերում այդ հիասթափությունից ծնվում է անձայն կամ ընդհանրապես հազիվ թաքնված ատելություն ժողովրդավարական կարգի նկատմամբ:

Ժողովրդավարությունը հասկանալու համար այս աշխատանքում օգտագործվող մոտեցումը սկզբունքորեն այլ է: Մասնավորապես, ես առաջարկում եմ ընդլայնել վերլուծության շրջանակները՝ նրանում ներառելով նաև ներկայացուցչական ռեժիմների ձախողմանը վերաբերող տարբեր հասարակությունների արձագանքման ուսումնասիրությունը: Պատմականորեն ժողովրդավարության առաջընթացը ներառել է ոչ միայն հույս, այլև խնդիր: Հույսը դրվում էր նրա վրա, որ ժողովրդավարական հասարակությունը կարող է համաձայնեցնել  հավասարությունը և ինքնավարությունը, մինչդեռ խնդիրն այն էր, որ այս վեհանձն նկրտումները շատ դժվար էր կյանքի կոչել: Որտեղ էլ որ ժողովրդավարությունը մուտք էր գործում, այն մնում էր անավարտ. մի տեղ նրան կոպիտ կերպով այլասերում էին, մեկ այլ տեղ հմտորեն սահմանափակում էին, իսկ երրորդում՝ պարբերաբար ոտնահարում: Եթե խոսենք եզրույթի բառացի ընկալման մասին, ապա իրական ժողովրդավարական ռեժիմը պատմություն ընդհանրապես չի տեսել: Իրական ժողովրդավարությունները ոչ մի տեղ չեն կարողացել զարգանալ ամբողջությամբ, իսկ որոշներն էլ ընդհանրապես ոչնչացվել են: Բայց այդ հիասթափությունը միշտ կապակցվել են կախվածությունից և բռնապետությունից ազատվելու հույսերի հետ: Գաղափարը, որ քաղաքական լեգիտիմության հիմքում պետք է լինեն ազատ ընտրությունները, գործնականում միշտ քայլում էր կողք կողքի իշխանություն ունեցողների նկատմամբ քաղաքացիների անվստահության հետ: Հանրաճանաչ  «Անգլիայի ազատ ժողովրդի համաձայնագիրը», որը հրապարակվել է Լոնդոնում 1649 թ. մայիսի 1-ին և դարձել ժամանակակից ժողովրդավարական առաջին մանիֆեստը, իր տեքստում ցուցադրում է վստահության և անվստահության դուալիզմը: Քաղաքացիական և հոգևոր ազատությունների, երդվյալ ատենակալների դատարանի, համընդհանուր ընտրական իրավունքի, իշխանական լիազորությունների ժամկետի սահմանափակման, քաղաքացիական իշխանություններին զինվորականների խիստ ենթակայության և պետական ծառայությանը համընդհանուր հասանելիության երաշխիքներ՝ այս բոլոր սկզբունքները, որոնք պաշտպանվում էին XVII և XVIII դարերի հեղափոխություններում, արդեն կարելի է գտնել այստեղ: Հատկանշական է, սակայն, որ դրա հետ միաժամանակ փաստաթուղթը խոսում է «շահադիտական հետաքրքրությունների գերակայության դառը փորձի» մասին և այն մասին, որ երբեմն, չնայած զգուշավորությանը, անհատների շահամոլությունը կարող է գերակայել հանրային շահի նկատմամբ՝ վերածելով ներկայացուցչական ղեկավարումը ճնշման նոր տեսակի: Այսպիսով, նույնիսկ այն ժամանակ, երբ լեգիտիմ իշխանության հիմքերը նոր էին դրվում,  «անվստահության որոշակի պաշարն» արդեն իսկ իրեն հիշեցնել էր տալիս:

Շարունակելի ..

Հղումներ

[*] Հատված Rosanvallon P. Counter-Democracy: Politics in an Age of Distrust. Cambridge: Cambridge University Press, 2008. գրքից, էջ՝ 1–27; տե՛ս նաև Անձեռնմխելի պաշար 2012. № 2(82). էջ՝ 264–267.

Բնօրինակի հեղինակ՝ Андрей Захаров, Перспективы

Թարգմանիչ՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhsibekyan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: