Մեզնից յուրաքանչյուրն էլ, ամեն անգամ տնից դուրս գալով, հաստատ տեսնում է շուրջբոլորը ցիրուցան եղած պլաստիկ տոպրակներ՝ անկախ նրանից ապրում է մեծ քաղաքում, թե գյուղական ագարակում։
Տոպրակների մի մասը ցաքուցրիվ է լինում ամբողջ փողոցով, իսկ որոշ մասն էլ մխրճված է ծառերի ճյուղերի մեջ։ Մի մասն էլ, առուների ու գետերի մեջ լողալով, ավարտում է իր շրջագայությունը՝ հայտնվելով ծովում։
Մինչդեռ այս պլաստիկ տոպրակներն, անշուշտ, տգեղ երևույթ են, նրանք նաև իրական, շոշափելի վնաս են հասցնում շրջակա միջավայրին ավելի մասշտաբային տեսանկյունից։
Պլաստիկ տոպրակները լրջորեն քայքայում են շրջակա միջավայրը։
Հողի մեջ մտնելով՝ նրանք դանդաղ սկսում են թունաքիմիկատներ արտանետել։ Ի վերջո, հողի մեջ մասնատվում են՝ դժբախտության պատճառ դառնալով կենդանիների համար, որոնք ուտում են դրանք և հաճախ խեղդվում ու սատկում։
Ստորև կուսումնասիրենք պլաստիկ տոպրակների առաջացրած ամենաէական խնդիրներից մի քանիսը և կքննարկենք խնդրի ծավալը։
Պլաստիկ տոպրակների հասցրած վնասը շրջակա միջավայրին
Պլաստիկ տոպրակները տարատեսակ վնասներ կարող են պատճառել, բայց նրանց պատճառած առավել անհանգստացնող խնդիրներից երեքը հետևյալն են․
Վայրի բնությանը հասցրած վնասը
Պլաստիկ տոպրակները մի շարք եղանակներով վնաս են հասցնում կենդանիներին։
Շատ կենդանիներ, այդ թվում և՛ ցամաքային, և՛ ջրային, ուտում են պլաստիկ տոպրակներ և դրա հետևանքով սկսում են տառապել լուրջ առողջական խնդիրներից։
Օրինակ՝ ամեն տարի արոտավայրերում հայտնված պլաստիկ տոպրակներն ուտելուց հետո, սատկում է կովերի մի զգալի մաս։ Սա մասնավորապես մեծ խնդիր է Հնդկաստանում, որտեղ կովերը շատ են, իսկ աղբահավաքությունը՝ հազվադեպ հանդիպող երևույթ։
Վիրահատական փորձաքննությունից հետո այս պլաստիկ ժանտախտի հետևանքով տուժած կովերից շատերի աղեստամոքսային տրակտում հայտնաբերվել է 50-ից ավելի պլաստիկ տոպրակ։
Այն կենդանիները, որոնք կուլ են տալիս պլաստիկ տոպրակները, հաճախ տառապում են աղիքային խցանումներից, որոնց հետևանքը երկար, դանդաղ և ցավոտ մահն է։ Կենդանիները նաև կարող են թունավորվել այն թունաքիմիկատներից, որոնք գտնվում են պլաստիկ տոպրակների բաղադրության մեջ, կամ քիմիկատներից, որոնք պլաստիկը կլանել է շրջակա միջավայրից՝ մինչև տեղանքում հայտնվելը։
Եվ քանի որ կենդանիների օրգանիզմը պլաստիկը հեշտությամբ չի մարսում, հաճախ վքնածություն է առաջանում։ Սրա պատճառով կենդանիներն իրենց կուշտ են զգում, սակայն իրականում սկսում են դանդաղ նիհարել՝ ի վերջո մահանալով թերսնուցումից կամ սովամահ լինելուց։
Բայց մինչ անասուններն ու ընտանի կենդանիները գտնվում են ռիսկի տակ, որոշ կենդանիներ նույնիսկ ավելի մեծ վնաս են կրում պլաստիկ տոպրակների պատճառով։
Բնական միջավայրի ոչնչացման, տասնամյակներ շարունակ որսագողության և կլիմայական փոփոխությունների հետևանքով արդեն իսկ ճնշման ենթարկված ծովային կրիաները առանձնահատուկ ռիսկի տակ են գտնվում, քանի որ նրանք հաճախ շփոթում են պլաստիկ տոպրակները մեդուզաների հետ, որոնք սնունդ են նրանց շատ տեսակների համար։
Վերջերս Քուինսլանդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ աշխարհում ծովային կրիաների մոտավորապես 52%-ը սնվում է պլաստիկ թափոններով, որոնց մեծ մասը, անշուշտ, պլաստիկ տոպրակներն են կազմում։
Խցանված կոյուղիներ
Նույնիսկ քաղաքային շրջաններում, որտեղ վայրի բնությունը մեծ տարածք չի կազմում, պլաստիկ տոպրակները էական վնաս են պատճառում բնությանը։ Կեղտաջրերը հոսքի ընթացքում հավաքում են պլաստիկ տոպրակները և դրանք լցնում հեղեղատար կոյուղիները։
Հայտնվելով կոյուղագծերում՝ այդ տոպրակները հաճախ կուտակումներ են առաջացնում պլաստիկ աղբի այլ մնացորդների հետ միասին և, ի վերջո, խոչընդոտում են ջրի հոսքը։
Սա թույլ չի տալիս, որ կոյուղաջրերն ամբողջությամբ մաքրվեն, ինչն էլ հաճախ անհարմարություններ է ստեղծում տվյալ տարածքի բնակիչների ու աշխատողների համար։
Օրինակ՝ հեղեղատար կոյուղագծերի խցանված լինելու պատճառով հաճախ հեղեղվում են ճանապարհները, ինչի պատճառով մարդիկ ստիպված են լինում փակել դրանք, մինչև ջուրը ցամաքի։
Այս կեղտաջրերը կարող են վնասել ավտոմեքենաներ, շինություններ ու այլ տեսակի գույք: Հոսքի ընթացքում դրանք հավաքում են նաև այլ աղտոտիչներ և տարածում դրանք շրջակա միջավայրում՝ պատճառելով հավելյալ վնասներ։
Խցանված հեղեղատար կոյուղագծերը կարող են խոչընդոտել նաև ջրի հոսքը դեպի տեղի ջրամբարները։ Խցանված խողովակները կարող են պատճառ հանդիսանալ տեղի խոնավ հողատարածքների, առուների ու դրանց անհրաժեշտ հոսող ջրերի ցամաքելուն, ինչը կհանգեցնի զանգվածային, որոշ դեպքերում նաև ամբողջական ոչնչացման։
Գեղագիտական խեղաթյուրում
Քիչ են քննարկումները պլաստիկ տոպրակների՝ շրջակա միջավայրի վրա թողած գեղագիտական ազդեցության մասին։
Մարդկանց ճնշող մեծամասնությունը կհաստատի, որ պլաստիկ տոպրակները փչացնում են ցանկացած բնակավայրի տեսքը՝ անտառներից ու դաշտերից մինչև անապատներ ու խոնավահողեր։
Սակայն գեղագիտական տեսքի խեղաթյուրումը միայն մակերեսային մտահոգության առարկա չէ․ այն իրականում կարող է էական ազդեցություն ունենալ մարդու առողջության, մշակույթի և տնտեսության վրա։
Դեռ հնուց գիտնականները համոզված են եղել, որ բնապատկերները շատ օգտավետ են։
Ի թիվս այլ բաների՝ բնական միջավայրն ու կանաչապատ տարածքները օգնում են կրճատել հիվանդների վերականգնման ժամանակահատվածը և բարելավել նրանց բուժման արդյունքները, զարգացնում են երեխաների ուշադրությունն ու կենտրոնացումը, նվազեցնում են հանցագործությունների թիվը և բարձրացնում գույքի արժեքը։
Բայց երբ այս բանական միջավայրն աղտոտվում է պլաստիկ տոպրակներով և աղբի այլ տեսակներով, այս օգուտները նվազում են։
Հետևաբար՝ պետք է կարևորել բնական միջավայրի գեղագիտական արժեքը, քայլեր ձեռնարկել պլաստիկ տոպրակների աղտոտումը նվազեցնելու համար և անդրադառնալ այս խնդիրներին հանրային քաղաքականություն վարելիս։
Խնդրի ծավալը
Չնայած պլաստիկ տոպրակները տարածված են ամենուրեք՝ դժվար է որոշել խնդրի ծավալը։
Ոչ ոք չի կարող հստակ նշել երկիրն աղտոտող պլաստիկ տոպրակների թիվը, բայց հետազոտողների հաշվարկով՝ մոտավորապես 500 մլրդ պլաստիկ տոպրակ է օգտագործվում ամեն տարի։
Դրանց մի չնչին տոկոսը վերամշակվում է, և որոշ մարդիկ փորձում են հին պլաստիկ տոպրակներն օգտագործել այլ նպատակներով, սակայն ճնշող մեծամասնությունն օգտագործում է միայն մեկ անգամ։ Շատերը պլաստիկ տոպրակներն աղբարկղ են նետում, սակայն զգալի մասն ի վերջո թափանցում է բնական միջավայր՝ դառնալով աղտոտիչ։
Պլաստիկ տոպրակների այդքան խնդրահարույց լինելու պատճառներից մեկը դրանց կյանքի երկարատևությունն է։
Մինչ թղթե անձեռոցիկները քայքայվում են մեկ ամսում, իսկ նրբատախտակի մի կտորը՝ մեկ տարում, պլաստիկ տոպրակները պահպանում են իրենց գոյությունը շատ ավելի երկար՝ սովորաբար մի քանի տասնամյակ, իսկ որոշ դեպքերում նաև մի քանի դար։
Իրականում, պլաստիկ տոպրակները, որոնք ներթափանցում են գետեր, լճեր կամ օվկիանոսներ, երբեք ամբողջությամբ չեն քայքայվում։ Փոխարենը՝ դրանք տարրալուծվում են՝ ի վերջո դառնալով «միկրոպլաստիկներ», որոնք 5 մմ-ից էլ փոքր են։
Չնայած այս միկրոպլաստիկները վիզուալ առումով այնքան էլ տհաճ չեն, ինչպես պլաստիկ տոպրակները, դրանք, այդուհանդերձ, մի շարք խնդիրներ են առաջացնում վայրի բնության և ընդհանրապես էկոհամակարգի համար։
Ամփոփում
Ինչպես տեսնում եք, պլաստիկ տոպրակները զգալի վտանգ են շրջակա միջավայրի համար։
Լինելով բնության մի մասը՝ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք դրանց առաջացրած խնդիրները և փորձենք կիրառել այնպիսի ռազմավարություն, որը, հնարավոր է, նվազեցնի բնությանը պատճառվող վնասի չափը։
Ցանկալի կլիներ լսել ձեր կարծիքները այս խնդրի վերաբերյալ։
Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկենք՝ պլաստիկ տոպրակների հասցրած վնասի չափը նվազեցնելու համար։
Թարգմանիչ, ինֆոգրաֆիկայի հեղինակ՝ Սոնա Սիմոնյան (Sona Simonyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: