Արդյոք աշխարհն առավել ապահով է դառնում

Սպառազինությունների վերահսկաման ասոցիացիան (Arms Control Association, ACA) ամեն տարի առաջադրում է անհատների և կազմակերպությունների` սպառազինությունների վերահսկման «Տարվա անձ» կոչման համար: Տարվա սպառազինությունների անձ որակավորելու համար պետք է «աջակցել զենքի արդյունավետ վերահսկմանը, ոչնչացմանը և զինաթափման լուծումներին», ինչպես նաև «բարձրացնել տեղեկացվածությունը զանգվածային ոչնչացման զենքի կողմից առաջ բերված սպառնալիքների մասին»[1]: 2019-ին Արեգ Դանագուլյանը և նրա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գործընկերները ստացան այդ կոչումը միջուկային զենքի զինաթափման ստուգման նոր մեթոդի մշակման համար: Ասոցիացիայի` համաշխարհային անվտանգության և կայունության համար բարձրացրած մտահոգությունները կիսվում են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ինչպես նաև միջազգային հանրության կողմից: Այս նկատառումներից ելնելով` ստեղծվել են խաղաղության պահպանման և կոնֆլիկտների վերահսկաման մի շարք մեխանիզմներ, որոնք, սակայն, բավարար չեն եղել կանտյան «հավերժական խաղաղության» նվաճման համար: 

Փորձենք հասկանալ, թե  վերջին տասնամյակների ընթացքում ինչպիսի զարգացում է եղել աշխարհում խաղաղության և անվտանգության տեսանկյունից: Որպես առանցքային կետ կվերցնենք Սառը պատերազմի ավարտը` փորձելով հասկանալ, թե ինչպես է Սառը պատերազմից հետո աշխարհում հակամարտության դինամիկան համեմատվում Սառը պատերազմի իրողությունների հետ: Սառը պատերազմի ավարտի՝  որպես ջրբաժանի ընտրությունը հիմնավորված է համաշխարհային քաղաքականության մեջ դրա բերած կառուցվածքային փոփոխություններով և միջազգային հարաբերությունների մասնագետների միջև առկա գիտական ​​բանավեճով: Որոշ գիտնականներ, ինչպիսիք են կառուցվածքային ռեալիստները, պնդում են, որ երկբևեռ համակարգը միջազգային հարաբերությունների ամենակայուն համակարգն է[2]: Հետևաբար Սառը պատերազմը, իր երկբևեռ բնույթով պայմանավորված, հակված էր կայունության, և դրա ավարտը վտանգում էր աշխարհի կայունությունը: Այլք, ինչպիսիք են լիբերալները, կարծում են, որ լիբերալ գաղափարախոսության, ժողովրդավարացման և աճող տնտեսական փոխկախվածության հաղթանակը բերրի հիմքեր են, որոնց հիման վրա հնարավոր է հասնել միջազգային կայունության[3]: 

Հետսառըպատերազմյան աշխարհը

Սառը պատերազմի ավարտից հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հուսադրող չէին միջազգային կայունության համար: Ծոցի պատերազմը, էթնիկական զտումները և պատերազմը նախկին Հարավսլավիայում, Ռուանդայի ցեղասպանությունը, կռիվները Սուդանում, Կոնգոյում և Սոմալիում, ահաբեկչական հարձակումները և ռազմական գործողությունները Իրաքում և Աֆղանստանում, էթնիկ կոնֆլիկտները հետխորհրդային տարածաշրջանում և այլ իրադարձություններ կարծես թե հաստատում են կառուցվածքային ռեալիստների  այն պնդումը, որ միջազգային համակարգի կառուցվածքային փոփոխությունները աղետալի հետևանքներ կարող են ունենալ: Սակայն արդյո՞ք այս իրադարձությունները համակարգային փոփոխությունների հետ գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ, և արդյո՞ք սա նշանակում է, որ դուրս գալով երկբևեռային կայունությունից՝աշխարհը շարժվում է  քաոսայնորեն:

Թերևս կարծում ենք՝  իրավիճակն իրականում շատ ավելի հուսադրող է, քան կարող է թվալ: Փորձենք մի շարք չափանիշների հիման վրա հասկանալ, թե վերջին տասնամյակների ընթացքում ինչպիսի փոխություններ են եղել համաշխարհային խաղաղության և անվտանգության ոլորտում/համակարգում: Գնահատումը հիմնված է մի քանի չափանիշների վրա ՝ 

  • զինված կոնֆլիկտների քանակ, 
  • զոհերի թիվ, 
  • ռազմական ծախսեր, զանգվածային ոչնչացման զենքեր,
  • միջազգային համակարգի կառուցվածքային փոփոխություններ[4]:
Զինված կոնֆլիկտների քանակը

Ինչպես ցույց է տալիս Օսլոյի Խաղաղության հետազոտության ինստիտուտի (PRIO) դիագրամը, զինված բախումների քանակը կտրուկ աճել է: Ներքին հակամարտությունները և դրանց միջազգայնացումն են պայմանավորում աճող զինված հակամարտությունների մեծ մասը: Որոշ օրինակներ ներառում են Իսլամական պետությունը և «Ալ Քաիդա» խմբակցության գործողությունները գլոբալ մակարդակով,  ինչպես նաև այլ իսլամական ծայրահեղական խմբավորումների գործունեությունը Իրաքում, Աֆղանստանում, Սոմալիում, Լիբիայում և ԱՄՆ-ի արձագանքը այդ խմբավորումներին՝ ուղղակի ռազմական ներգրավմամբ: Ավելի բարդ օրինակ է Սիրիան, որտեղ ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Ռուսաստանը, Թուրքիան ունեցել են (ունեն) անմիջական ռազմական ներգրավվածություն, ինչպես նաև Իրանը՝ իրեն ենթակա կազմակերպությունների միջոցով: 

Իրավիճակը կարելի է բացատրել աշխարհում Սառը պատերազմով պայմանավորված հավասարակշռության թուլացմամբ: Սառը պատերազմի ժամանակ, երբ աշխարհը բաժանված էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի կողմից ազդեցության ոլորտների, ներպետական ​​բռնությունների վերահսկումը հեշտ էր գերտերություններից մեկի կողմից վերահսկվող տարածքներում: Օրինակ՝ ամբողջ Արևելյան Եվրոպան մաս էր կազմում  Վարշավայի պակտին, որտեղ Խորհրդային Միությունը լիակատար վերահսկողություն ուներ, իսկ ներպետական բռնությունների բռնկումը քիչ հավանական էր: Ներպետական հակամարտությունները առավել հավանական էին ծայրամասերում, որոնք բաժանված չէին ազդեցության գոտիների: Երբեմն ծայրամասերը վերածվում էին երկու գերտերությունների միջև մրցակցության թեժ կետերի, որոնք հետագայում վերածվում էին արտաքին և ներսի դերակատարների միջև բազմակողմանի բախումների կիզակետի: Վառ օրինակ է Վիետնամի պատերազմը, որն իր մեջ ներառում էր ինչպես ներպետական, միջպետական, այնպես էլ միջազգայնացված հակամարտությունների տարրեր:

Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, և որոշ տարածաշրջաններում կան ավելի քան երկու ունակ դերակատարներ, ներպետական հակամարտությունները այնքան էլ հեշտ չեն վերահսկվում, որքան նախկինում: Այն շրջանները, որոնք նախկինում գերտերություններից մեկի համար ազդեցության ոլորտներ էին, ներկայումս չունեն հստակ հովանավորներ, և, հետևաբար, այս շրջաններում ավելի հավանական են ներպետական հակամարտությունները: Որոշ օրինակներ ներառում են Արևելյան Եվրոպան (նախկին Վարշավայի պակտ), Աֆրիկան (Սառը պատերազմի ժամանակ աֆրիկյան երկրներից շատերը հավատարմություն էին հայտնում Խորհրդային Միությանը կամ ԱՄՆ-ին), Մերձավոր Արևելքի որոշ երկրներ: Եթե այս տարածաշրջանները որոշակիորեն  կայուն էին Սառը պատերազմի ժամանակ, ապա Սառը պատերազմից հետո դրանք դարձան ռազմական կոնֆլիկտի օջախներ[5]: 

Զոհերի քանակը

Ըստ տարբեր աղբյուրների՝ Սառը պատերազմից հետո մարտական զոհերի թիվը կտրուկ նվազել է[6]: Սա մասամբ կարող է բացատրվել միջպետական հակամարտությունների ընդհանուր անկմամբ: Գաղտնիք չէ, որ պետություններն ամենամեծ ռազմական դերակատարներն են ռազմական դաշինքներից ու կազմակերպություններից հետո, ուստի միջպետական հակամարտություններն ավելի կործանարար հետևանքներ ունեն, քան ներպետական հակամարտությունները: Նույնիսկ միջազգայնացված հակամարտությունների դեպքում շատ հաճախ միջազգային դերակատարների ներգրավվածությունը ոչ թե տվյալ պետության դեմ է, այլ այդ պետությունում գտնվող որոշակի քաղաքական կամ ռազմական կազմակերպության կամ երկրի քաղաքական ռեժիմի դեմ, ինչպես օրինակ ԱՄՆ ռազմական ներկայությունը Աֆղանստանում: Այսպիսով, չնայած Սառը պատերազմի ժամանակաշրջանի համեմատ զինված բախումների թիվն աճել է, դրանց ոչ միջպետական բնույթը և հետևաբար դրանց փոքր մասշտաբայնությունը բերել է հակամարտությունների զոհերի թվի կտրուկ նվազմանը: 

Ռազմական ծախսեր

Համաշխարհային ռազմական ծախսերը ՀՆԱ-ի տեսակարար կշռում կտրուկ նվազել են Սառը պատերազմից հետո: 2017-ի դրությամբ միայն Սաուդյան Արաբիան և Օմանը  ծախսում են իրենց ՀՆԱ-ի ավելի քան 10 տոկոսը: Եվ միայն երեք երկիր՝ Ալժիրը, Կոնգոն և Քուվեյթը, ծախսում են 5-ից 10 տոկոսի սահմաններում: Մնացած երկրները 5 տոկոսից պակաս են ծախսում բանակի վրա[7], ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աշխարհի համար աննախադեպ ցածր ցուցանիշ  է[8]:

Այս տեղեկատվությունը, սակայն, երկկողմանի է: Առաջին հերթին այս իրավիճակը բացատրվում է հիմնականում միջպետական ​​ռազմական հակամարտությունների քանակի նվազմամբ: Մյուս կողմից սա խոսում է այն մասին, որ պետությունների զգալի հատվածը թերահավատորեն է մոտենում մոտ ապագայում խոշոր ռազմական բախումների հնարավորություններին:

Սակայն ներկայումս ռազմական ծախսերը չեն կարող այնքան լավ ցուցադրել միջազգային հարաբերությունների խաղաղությունը, որքան նախկինում: Ինչպես վերը նշված PRIO գծապատկերը ցույց է տալիս, ժամանակակից կոնֆլիկտների մեծ մասը քաղաքացիական պատերազմներն են և ներպետական հակամարտությունների այլ տեսակները՝ նախաձեռնված ներպետական կամ համաշխարհային ​​այլ դերակատարների կողմից: Հնարավոր է  հաշվել միայն պետությունների ռազմական ծախսերը, բայց համակարգված տվյալներ  ոչ պետական միավորումների ռազմական ծախսերի վերաբերյալ չկան: Սա նշանակում է, որ ռազմական ծախսերի ցուցանիշը բացարձակ չէ և գործում է միայն պետությունների դեպքում՝ չտարածվելով ոչ պետական դերակատարների վրա: 

Զանգվածային ոչնչացման զենքեր (ԶՈԶ)

ԶՈԶ-ի հետ կապված իրավիճակը կայունորեն բարելավվել է 90-ականներից սկսած: Ավելի ու ավելի շատ պետություններ են միանում ԶՈԶ-ի արտադրությունը և տարածումը կանխելու համար նախատեսված պայմանագրերին, ինչպիսիք են Կենսաբանական զենքի կոնվենցիան, Քիմիական զենքի կոնվենցիան և, ամենակարևորը, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների քանակը կտրուկ նվազել է, և միջազգային հանրությունը կերտել է ԶՈԶ չօգտագործելու իրավական և հոգեբանական (nuclear taboo) շրջանակներ[9]:

Սակայն այս զսպող մեխանիզմները երբեմն փորձարկման են ենթարկվում: Օրինակ, տագնապալի իրադարձություն էր ԱՄՆ-ի դուրս գալը Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից (INF): Նախագահ Թրամփը պնդել է, որ Ռուսաստանը խախտել է Պակտը՝ որոշակի նավարկվող հրթիռներ զարգացնելով: Չնայած Ռուսաստանը հերքեց այդ մեղադրանքները, ԱՄՆ-ն դուրս եկավ պայմանագրից: Մեկ այլ մեծ հարված էր Իրանի միջուկային գործարքի ձախողումը և Իրանի` ուրանի հարստացումը 3,67%-ից ավելին հասցնելու սպառնալիքները: Թրամփի պաշտոնում պաշտոնավարման և նրա վերընտրվելու հեռանկարի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջերս առճակատման հետ կապված՝ Իրանի հետ ցանկացած միջուկային գործարքի ապագան շատ մշուշոտ է:

Առաջիկայում կլինեն ավելի շատ միջուկային գերտերություններ, թե ոչ, դժվար է կանխատեսել: Եթե մենք հավատանք նեոռեալիստներին, ապա միջուկային զենքը ավելի շատ ծառայում է որպես զսպող, քան հարձակողական հանգամանք[10]: Առաջին միջուկային զենքի օգտագործման պատմությունը հաստատում է նրանց տեսակետը. 75 տարվա պատմության ընթացքում դրանք օգտագործվել են միայն մեկ անգամ[11]

Ոչ միջուկային պետություններ, որոնք սկսել և դադարեցրել են միջուկային զենքի հետազոտումը, 1945-2010 թթ.
Միջազգային համակարգի հնարավոր կառուցվածքային փոփոխությունները կամ քաղաքական վերադասավորումներն աշխարհում

Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհը հիմնականում համարվում էր միաբևեռ, ընդ որում՝ ԱՄՆ-ն միակ գերտերությունն էր: Շատ մասնագետներ կարծում են, որ աշխարհում կառուցվածքային փոփոխությունները անխուսափելի են նոր երկրների հզորացման լույսի ներքո: Վառ օրինակ է Չինաստանը, որը 2000-ական թվականներից թեժ թեմա է եղել միջազգային հարաբերությունների գիտնականների համար: Նրա վերելքը առաջնային մարտահրավերներից մեկն էր այսպես կոչված Pax Americana-ի և «պատմության ավարտը» գաղափարների համար: Չնայած ԱՄՆ իշխանությունը չի նվազել բացարձակ իմաստով, և շատ ոլորտներում Չինաստանը դեռ շատ հետ է մնում ԱՄՆ-ից, կարծես թե ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն արդեն իսկ ամենակարևոր միջպետական ​​հարաբերություններն են աշխարհում, հատկապես տնտեսական առումով: Անկախ այն բանից՝ Չինաստանը արագ կաճի՝ դառնալով ԱՄՆ-ին հավասար և ստեղծելով երկբևեռ կարգ, թե այլ դերակատարներ, օրինակ՝ Հնդկաստանը, կհավասարվեն նրանց, և մենք կապրենք բազմաբևեռ աշխարհում, աշխարհի ստատուս-քվոն արդեն փոխվում է՝ պայմանավորված ոչ միայն Չինաստանի վերելքով: Փոփոխություններ են նկատվում ինչպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կուրսում, այնպես էլ ԵՄ-ի և Ռուսաստանի քաղաքականության մեջ. մի կողմից  Միացյալ Թագավորության դուրս  գալը ԵՄ-ից, մյուս կողմից ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում նկատվող որոշակի վատթարացումը, և ապա Ռուսաստանը, որ սկսել է ինտեգրացիոն քաղաքականություն հետխորհրդային շրջանում  (ԵՏՄ, ՀԱՊԿ):

Այս փոփոխություններից անմասն չէ նաև Մերձավոր Արևելքը (ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները): 

Ամփոփելով վերոնշյալ գործոնները՝ վերջիններիս ցուցանիշների մեծ մասը խոստումնալից է ապագա խաղաղության և անվտանգության համար: Պետությունների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի տոկոսային մասով ավելի ու ավելի են նվազել, ռազմական բախումները ավելի քիչ մահացու են, և ԶՈԶ-երի հետ կապված իրավիճակը համեմատաբար բարելավվել է՝ չնայած մնալով փխրուն: Գլխավոր մտահոգիչ ցուցանիշը ներպետական և միջազգայնացված կոնֆլիկտների  աճող թիվն է, որն էլ իր հերթին պայմանավորված է աշխարհաքաղաքական որոշակի վերադասավորումներով: 

Իսկ աշխարհաքաղաքական այս վերադասավորումները կամ միջազգային համակարգի հնարավոր կառուցվածքային փոփոխությունները  միշտ էլ հղի են հնարավոր կոնֆլիկտներով, այդ թվում՝ ռազմական։ Սակայն հուսադրող հանգամանք է այն, որ այդ փոփոխություններն արդեն ընթանում են մոտ երկու տասնամյակ, և մենք խոշոր ռազմական կոնֆլիկտներ գերտերությունների միջև չենք ունեցել: Մյուս կողմից, տարիների ընթացքում ձևավորված փոխկախվածությունը վեճերի խաղաղ կարգավորման խթան կարող է դառնալ:

Հղումներ

[1] 2019 Arms Control Person(s) of the Year Nominees Announced. https://www.armscontrol.org/ pressroom/2019-12/2019-arms-control-persons-year-nominees-announced

[2] Kenneth Waltz, Theory of International Politics. McGraw-Hill, 1979. գլուխ 8

[3] Robert O. Keohane, After Hegemony: Cooperation and Discord in the World Political Economy. Princeton University Press, 1984.

[4] Trends in Armed Conflict, 1946–2017. PRIO. https://reliefweb.int/sites/reliefweb.int/files/resources /Dupuy%2C%20Rustad-%20Trends%20in%20Armed%20Conflict%2C%201946%E2%80%932017%2C%20Conflict%20Trends%205-2018.pdf

[5] Trends in Armed Conflict, 1946–2017. PRIO. https://reliefweb.int/sites/reliefweb.int/files/resources /Dupuy%2C%20Rustad-%20Trends%20in%20Armed%20Conflict%2C%201946%E2%80%932017%2C%20Conflict%20Trends%205-2018.pdf

[6] Max Roser (2020)-“War and Peace”. Published online at OurWorldInData.org. Retrieved from: ‘https://ourworldindata.org/war-and-peace’ [Online Resource]

[7] Max Roser and Mohamed Nagdy (2020)-“Military Spending”. Published online at OurWorldInData.org. Retrieved from: ‘https://ourworldindata.org/military-spending’ [Online Resource]

[8] Նույն տեղում։ 

[9] Max Roser and Mohamed Nagdy (2020)-“Nuclear Weapons”. Published online at OurWorldInData.org. Retrieved from: ‘https://ourworldindata.org/nuclear-weapons’ [Online Resource]

[10] Kenneth Waltz (2012) Why Iran should get the bomb. Nuclear Balancing would mean stability. Foreign Affairs;91 (4): 2–5.

[11] Pinker, Steven. The Better Angels of Our Nature: Why Violence Has Declined. Figure 5-22. Penguin, 2011.

Գրականություն

  1. 2019 Arms Control Person(s) of the Year Nominees Announced. https://www.armscontrol.org/pressroom/2019-12/2019-arms-control-persons-year-nominees-announced
  2. Kenneth Waltz (2012) Why Iran should get the bomb. Nuclear Balancing would mean stability. Foreign Affairs;91 (4): 2–5.
  3. Kenneth Waltz, Theory of International Politics. McGraw-Hill, 1979.
  4. Max Roser (2020)-“War and Peace”. Published online at OurWorldInData.org. Retrieved from: ‘https://ourworldindata.org/war-and-peace’ [Online Resource]
  5. Max Roser and Mohamed Nagdy (2020)-“Military Spending”. Published online at OurWorldInData.org. Retrieved from: ‘https://ourworldindata.org/military-spending’ [Online Resource]
  6. Max Roser and Mohamed Nagdy (2020)-“Nuclear Weapons”. Published online at OurWorldInData.org. Retrieved from: ‘https://ourworldindata.org/nuclear-weapons’ [Online Resource]
  7. Robert O. Keohane, After Hegemony: Cooperation and Discord in the World Political Economy. Princeton University Press, 1984.
  8. Trends in Armed Conflict, 1946–2017. PRIO https://reliefweb.int/sites/reliefweb.int/files/resources/Dupuy%2C%20Rustad-%20Trends%20in%20Armed%20Conflict%2C%201946%E2%80%932017%2C%20Conflict%20Trends%205-2018.pdf


Հեղինակ՝ Գևորգ Գասպարյան (Gevorg Gasparyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: