Էլեկտրոնային առևտրի դինամիկան համաշխարհային տնտեսության մեջ

Չնայած այն հանգամանքին, որ էլեկտրոնային առևտրի պատմությունը սկսվեց անցյալ դարի 60-ական թվականներից, վերջինս գլոբալ փոփոխությունների է ենթարկվել մեծամասամբ վերջին երկու տասնամյակում: Էլեկտրոնային առևտուրը ներառում է էլեկտրոնային տեղեկատվության փոխանակում, էլեկտրոնային կապիտալի հոսք, էլեկտրոնային գործարք, էլեկտրոնային շուկայավարում, էլեկտրոնային բանկային և էլեկտրոնային ապահովագրության ծառայություններ[1]։ Էլեկտրոնային առևտրի զարգացումը ներկայումս բավականին արագ և ինտենսիվ է: Գնորդների՝ ժամանակ և գումար խնայելու ցանկությունը հանգեցնում է գործարարների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերումներից օգտվելու անհրաժեշտությանը: Էլեկտրոնային առևտուրը համաշխարհային մասշտաբով բիզնես իրականացնելու միջոց է, և իրականացման տեմպերն ու արդյունքը ցույց են տալիս վաճառքի և գնումների համակարգի արմատական վերափոխման և առևտրի այլ՝ գլոբալ մակարդակի տեղափոխման նախադրյալները: Այս տեսակի առևտրի արագ զարգացումը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ համացանցը հասանելի դարձավ բնակչության լայն զանգվածներին[2]

Առցանց առևտուրը ներկայումս դարձել է համաշխարհային տնտեսության անբաժանելի մասը: Բայց տարբեր տարածաշրջաններում այս ուղղության զարգացումը տարբեր տեմպեր ունի: Էլեկտրոնային առևտրի ոլորտում բացարձակ առաջատարը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է: Էլեկտրոնային առևտրի առումով այն երկու անգամ ավելի արագ է աճում, քան Հյուսիսային Ամերիկան (հիմնականում Չինաստանի շնորհիվ): Այս միտումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ ժողովրդագրական գործոնով և համացանցային հասանելիության շարունակական աճով[3]։ Անցած մի քանի տարիներին ՉԺՀ տնտեսության աճի բարձր տեմպը, ինչպես նաև դրանց պահպանման և հետագա աճի վերաբերյալ փորձագիտական կանխատեսումները վկայում են, որ այն ինչ-որ չափով կապված է համաշխարհային էլեկտրոնային առևտրի ոլորտում Չինաստանի առաջատար դիրքի պահպանման ու աճի հետ:

Գծապատկեր 1. Աշխարհում էլեկտրոնային առևտրի ծավալներով առաջատար 10 երկրները

Էլեկտրոնային առևտրի դինամիկան ներկայացնելիս հարկ է հաշվի առնել նաև հասարակության թվայնացման ընդհանուր գլոբալ միտումը՝ գործարքների զգալի մասի դեպքում ծախսերը հնարավորինս նվազեցնելու համար, եթե դրանք կարող են իրականացվել էլեկտրոնային հարթակներում։ Մինչև 2023 թվականը առցանց մանրածախ առևտրի վաճառքը կանխատեսվում էր 6,5 տրիլիոն ԱՄՆ դոլար, բայց համաճարակի բռնկումից ի վեր առկա կանխատեսումները ենթարկվում են փոփոխության:

Ըստ Եվրոստատի՝ 2019թ․-ի տարեվերջյան տվյալներով Եվրոպայում էլեկտրոնային առևտրի կենտրոնը Մեծ Բրիտանիան է: Առցանց վաճառքն այստեղ երեք անգամ ավելին է, քան Եվրոպայի երկրորդ խոշոր շուկայում` Գերմանիայում[4]: Այստեղ գերիշխող կայքը Amazon-ն է, որին բաժին է ընկնում ամբողջ վաճառքի 54%-ը: Եվրոպայում էլեկտրոնային առևտրի 81.5%-ը բաժին է ընկնում ընդամենը երեք երկրների՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային և Ֆրանսիային: Ավելին, տարեցտարի այս ցուցանիշով դրանք կայուն աճ են ցույց տալիս[5]:

Այս պահին էլեկտրոնային առևտրի շուկայում կան մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են զարգացմանը և կարող են հանգեցնել փորձագետների կողմից անիրատեսական կանխատեսումների: Առցանց մանրածախ շուկայում անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.

  • ապահովել հասարակության համար մատչելի ինտերնետ հասանելիության բարձր տոկոս,
  • կատարելագործել գնորդի անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու և ապրանքների ու փողերի վերադարձի պայմանները։

Թեև ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում փորձ է արվում հնարավորինս նվազեցնել տնտեսությանը պետության միջամտության մակարդակը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ տնտեսության և նրա մի մաս հանդիսացող էլեկտրոնային առևտրի կարգավորումը և ոլորտում առկա խնդիրների լուծումը հնարավոր է միայն պետության հետ փոխգործակցության պայմաններում: Վերոնշյալ խնդիրների լուծմանը պետությունը պետք է մասնակցի ոչ թե ուղղակիորեն, այլ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ և դրանց կիրառմամբ պետք է ապահովի շուկայի սուբյեկտների կողմից հիշյալ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համակարգված և լիարժեք իրականացումը: Անհրաժեշտ է, որ հաճախորդները, իրենց հերթին, կարողանան տիրապետել ցանցային գործիքակազմի կիրառման հմտություններին և զարգացնեն առցանց գնումների մշակույթը[6]

Էլեկտրոնային առևտրի դինամիկայի մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել համաշխարհային տնտեսության մեջ ներկայումս ստեղծված իրավիճակը, քանի որ այն նոր ազդակ է էլեկտրոնային առևտրի ծավալների աճի համար: Խնդիրն այն է, որ սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը դրդում է մարդկանց մնալ տանը և գնումները կատարել էլեկտրոնային տարբերակով, բայց առկա է նաև հետևյալ խնդիրը. որքան երկար են մարդիկ մնում տանը և կորցնում լրացուցիչ գումար վաստակելու հնարավորությունը, այնքան ավելի է դա հանգեցնում էլեկտրոնային առևտրի առանձին սեգմենտների նկատմամբ նախընտրելիության փոփոխության։ Ըստ այդմ, էլեկտրոնային առևտրի առանձին ճյուղերում դինամիկ աճը միաժամանակ հանգեցնում է երկրորդային անհրաժեշտության ճյուղերում առևտրի ծավալների կրճատման։ Ինքնամեկուսացումն ու տնտեսական տարաբնույթ սահմանափակումների կիրառումն անհնարին կլիներ 2000-ականների սկզբին, բայց այսօր մենք ունենք ամենակարևորը՝ տնից գնումներ կատարելու հնարավորություն:

Ներկայումս թվային աշխարհը փոխվում է ավելի արագ, քան իրական աշխարհը: Նույնիսկ Amazon-ի նման էլեկտրոնային առևտրի հսկան պլանավորում է ավելի շատ աշխատողներ վարձել ԱՄՆ-ում սպառողական պահանջարկի անընդհատ աճը բավարարելու նպատակով[7]: Պանդեմիայով պայմանավորված՝ փոխվում են նաև սպառողների նախընտրությունները: Nielsen-ի անցկացրած հարցման արդյունքում բացահայտվել են սպառողների վարքագծի հիմնական փոփոխությունները՝ մթերքներ և կենցաղային ապրանքներ, վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ ախտահանիչ և հիգիենիկ միջոցներ և այլն[8]:

Պանդեմիայի բռնկմանը Չինաստանում առաջինն արձագանքեց Alibaba-ն՝ օգտագործելով իր թվային լոգիստիկ պլատֆորմը: Երկրում բռնկված վիրուսային իրավիճակը դարձավ այն նախադրյալը, որը ստիպեց նրան ոլորտում իրականացվող տեխնոլոգիական փորձարկումները տեղափոխել իրական կյանք՝ այդ կերպ հնարավորինս կրճատելով մարդկային շարժը: Արդյունքում նրանք հնարավորություն ունեցան ապահովել աճող պահանջարկի բավարարումը՝ առանց խախտելու կառավարության կողմից ներկայացված սահմանափակումները:

Գծապատկեր 2. Աշխարհում էլեկտրոնային առևտրի ամենատարածված կայքերը 2020 թ․-ի մարտին 

2020 թվականի երկրորդ եռամսյակում Amazon-ը ակնկալում է մոտ 4 միլիարդ դոլար ներդնել COVID-19-ի հետ կապված ծախսերի համար` հաճախորդներին ապրանքներ մատակարարելու և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Մարտին և ապրիլին ընկերությունը հայտարարեց նոր աշխատողներ ներգրավելու անհրաժեշտության մասին՝ այդ օրվանից մինչ օրս վարձելով 175,000 նոր աշխատող` ի պատասխան հաճախորդների անընդհատ աճող պահանջարկի[9]: Ֆրանսիական և իտալական առցանց վաճառքի կետերը նույնպես փաստում են համավարակի պայմաններում էլեկտրոնային առևտրի ծավալների նշանակալի աճը[10]:

GlobalData-ի կողմից ներկայացվող կանխատեսումների համաձայն՝ էլեկտրոնային առևտրի չինական շուկան կշարունակի աճել նաև հետագայում՝ գերազանցելով մինչ այս եղած բոլոր կանխատեսումները[11]:

Հաշվի առնելով, որ ընդհանուր արտադրությունը համաշխարհային մակարդակով ընդհանուր առմամբ անկում է ապրում, զարմանալի չէ, որ երկրների մեծամասնության համար անկում են ապրում նաև մակրոտնտեսական ցուցանիշները: Քանի որ էլեկտրոնային առևտուրը այս պայմաններում աճող հիմնական ոլորտն է, Globaldata-ն կանխատեսում է, որ հաջորդ տարիներին այն կկազմի ՀՆԱ-ի նշանակալի մասը: Նույն կենտրոնի գնահատմամբ՝ համավարակն էական ազդեցություն կունենա Իտալիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի` որպես COVID-19-ից առավել շատ տուժած երկրների վրա:

Ամփոփելով նշենք, որ ամբողջ աշխարհում էլեկտրոնային առևտրի մասնակիցների մեծամասնության հիմնական մարտահրավերը առցանց խանութների տեխնոլոգիական բաղադրիչի աճող պահանջներն են, բազմակողմանի խթանման անհրաժեշտությունը և հաճախորդների անձնական և վճարային տվյալների անվտանգությունը: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ COVID19-ով պայմանավորված իրավիճակը՝ կարող ենք ասել հետևյալը. պանդեմիայով պայմանավորված՝ զգալիորեն մեծացել է առցանց առևտրի նկատմամբ հասարակության լայն շերտերի հետաքրքրությունը։ Ուստի էլեկտրոնային առևտրով զբաղվողների հիմնական խնդիրը պետք է լինի հաճախորդների դիվերսիֆիկացումը: Այս տեղեկատվությունից օգտվելով՝ առցանց վաճառքի կետերը կարող են իրականացնել անհատականացված և նպատակային արշավներ՝ թիրախավորված յուրաքանչյուր խմբի նախընտրությունները բավարարելու համար։

Չինաստանի փորձը հուշում է, որ էլեկտրոնային առևտրի համակարգի արդյունավետ կիրառումը համավարակի հաղթահարման կարևորագույն ուղիներից է՝ թվային լոգիստիկ հարթակների, առաջադեմ տեխնոլոգիական միջոցների և այլ ոլորտների աշխատանքը կորցրած քաղաքացիներին աշխատանքի ներգրավելու ճանապարհով: Ստեղծված իրավիճակում տնտեսվարող սուբյեկտների եկամտի էական մասն ուղղվում է առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերմանը՝ փոխելով նրանց սպառման կառուցվածքը: Սակայն բնական է, որ համավարակի հաղթահարումից հետո սպառողական պահանջարկի նախկին կառուցվածքն ընդհանուր առմամբ վերականգնվելու է: Միևնույն ժամանակ անխուսափելի է դառնում էլեկտրոնային առևտրի ծավալների աճը: Համավարակի պայմաններում առաջ բերված սահմանափակումները ստիպեցին սպառողներին գնումների և տարաբնույթ գործարքների մեծ մասն իրականացնել էլեկտրոնային հարթակներում՝ հնարավորություն տալով նրանց բացահայտել և գնահատել էլեկտրոնային առևտրի՝ իրենց կողմից մինչ այդ չգնահատված  դրական կողմերը: Ասվածի ապացույցը դեպի հարմարավետություն մարդկանց անընդհատ ձգտումն է, իսկ օնլայն հարթակները տալիս են այդ հնարավորությունը՝ արագ և հարմար տարբերակով ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ` խնայելով ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը: Ուստի էլեկտրոնային առևտրի այդ դրական կողմերը դառնում են այն նախադրյալները, որոնք պայմանավորելու են դրա հետագա աճը նույնիսկ համավարակի հաղթահարումից հետո: Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, շուկան պետության հետ փոխգործակցության պայմաններում հաջողությամբ գտնում է լուծում բոլոր այն խնդիրներին, որոնք ծագում են դրա զարգացման գործընթացում, իսկ առավել արդյունավետ լուծումները արագորեն դառնում են արդի ստանդարտներ տնտեսության մեջ։

 

Հղումներ

[1]Юрасов А.В. «Основы электронной коммерции», Горячая линия-Телеком, Москва, 2014. – 500с.

[2]Климонова А.Н., Трибунская У.Г. Особенности и этапы развития электронного бизнеса в России // Социально-экономические явления и процессы. 2013. № 12 (058).  https://cyberleninka.ru/article/n/osobennosti-i-etapy-razvitiya-elektronnogo-biznesa-v-rossii/viewer

[3]«J’sоn & Partners Consulting», https://json.tv/en/ict_telecom_analytics_view/technologies-equipment-and-services-for-mud-logging-in-russia-and-the-world

[4]https://ec.europa.eu/eurostat/data/database

[5]Statistical data of research agency «Remarkety» [An electronic resource] of URL: https://www.remarkety.com/global-ecommerce-sales-trends-and-statistics-2015

[6]Statistical data of the center of strategic researches of the Enter company [An electronic resource]  of URL: http://www.towave.ru/pub/sovremennye-trendy-razvitiya-rynka-riteila-v-faktakh-i-tsifrakh.html

[7]https://www.digitalcommerce360.com/2020/03/12/coronavirus-affects-online-retailers/

[8]https://internetretailing.net/views/editorial-the-corona-virus-budget-may-be-the-way-to-reset-retail

[9]https://www.forbes.com/sites/shelleykohan/2020/03/06/a-change-in-consumer-behavior-from-coronavirus-fears-may-drive-us-e-commerce-sales-beyond-projections-of-12-of-total-retail-sales-in-2020/#13ee93d87f54

[10]https://www.digitalcommerce360.com/2020/03/12/coronavirus-affects-online-retailers/

[11]https://www.globaldata.com/covid-19/

Գրականություն

  1. Юрасов А.В. «Основы электронной коммерции», Горячая линия-Телеком, Москва, 2014. – 500с.
  2. Климонова А.Н., Трибунская У.Г. Особенности и этапы развития электронного бизнеса в России // Социально-экономические явления и процессы. 2013. № 12 (058). https://cyberleninka.ru/article/n/osobennosti-i-etapy-razvitiya-elektronnogo-biznesa-v-rossii/viewer
  3. Statistical data of research agency «Remarkety» [An electronic resource] of URL: https://www.remarkety.com/global-ecommerce-sales-trends-and-statistics-2015
  4. Statistical data of the center of strategic researches of the Enter company [An electronic resource] of URL: www.towave.ru/pub/sovremennye-trendy-razvitiya-rynka-riteila-v-faktakh-i-tsifrakh.html
  5. «J’sоn & Partners Consulting», https://json.tv/en/ict_telecom_analytics_view/technologies-equipment-and-services-for-mud-logging-in-russia-and-the-world
  6. https://ec.europa.eu/eurostat/data/database
  7. https://www.globaldata.com/covid-19/
  8. https://internetretailing.net/views/editorial-the-corona-virus-budget-may-be-the-way-to-reset-retail
  9. https://www.digitalcommerce360.com/2020/03/12/coronavirus-affects-online-retailers/
  10. https://www.emarketer.com/content/coronavirus-china-us-covid-19-impact-retail-travel
  11. https://www.forbes.com/sites/shelleykohan/2020/03/06/a-change-in-consumer-behavior-from-coronavirus-fears-may-drive-us-e-commerce-sales-beyond-projections-of-12-of-total-retail-sales-in-2020/#13ee93d87f54
  12. https://www.statista.com/statistics/1101844/impact-of-coronavirus-covid-19-on-e-commerce-in-italy/#statisticContainer


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: