Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 1

Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ իսլամական գործոնն էական ազդեցություն ունի միջպետական հարաբերություններում և համաշխարհային քաղաքականության սկզբունքների մշակման գործում: Խնդիրը հատկապես մեծ նշանակություն է ստանում այն ժամանակ, երբ իսլամական երկրները փորձում են միջազգային հարաբերությունների հարթակում պարտադրել իրենց խաղի կանոնները, իսկ հաճախ էլ նրանց միջև առկա կոնֆլիկտները սպառնում են գլոբալ անվտանգությանը: Այս ամենը գիտակցելով՝ Թուրքիայի Հանրապետությունը այսօր փորձում է ստանձնել իսլամական աշխարհի առաջնորդի գործառույթները, լուծել առկա կոնֆլիկտները և համաշխարհային գլխավոր դերակատարների հետ խոսել «իսլամական գերտերության» դիրքերից: Նման ծրագրերի հասնելու գործիքներից մեկը Թուրքիայի համար Իսլամական կոնֆերանս կազմակերպությունն է, որում ընդգրկված է մուսուլմանական երկրների գերակշիռ մասը:

Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Թուրքիայի անցած քաղաքական ճանապարհը ԻԿԿ-ում, պարզել, թե ինչով էր պայմանավորված նրա քաղաքական ուղեգծի փոփոխությունը դեպի Արևելք: Վերլուծության երկրորդ և երրորդ մասերում կլուսաբանվեն Թուրքիայի այժմյան շահերը ու նպատակները տվյալ կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև Իսլամական 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում ապրիլյան քառօրյա պատերազմի արծարծումները:

ԻԿԿ ստեղծման շարժառիթը և նպատակները

20-րդ դարի 60-ական թթ. նշանավորվեցին իսլամի աննախադեպ աշխուժացմամբ, որը ստացել է «իսլամական բում» կամ «իսլամի վերածնունդ» անվանումը: Դա մի շրջան էր, երբ իսլամը վերածվեց հզոր սոցիալ-քաղաքական ուժի: Մի շարք պետություններում կառավարող վարչակարգերը սկսեցին իսլամն ընդգրկել իրենց պաշտոնական գաղափարախոսությունների ու քաղաքական կառույցների գործունեության մեջ1: Այդ կրոնական վերածննդի սկիզբ է համարվում 1967 թ. արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմը, որի ընթացքում Իսրայելը, ներխուժելով Եգիպտոս, Հորդանան, Սիրիա, գրավեց մի շարք արաբական տարածքներ: Իսլամական աշխարհի համար ծանր հարված էր Երուսաղեմի գրավումը և իսլամի երեք գլխավոր սրբատեղիներից մեկի՝ ալ-Ակսա մզկիթի հրկիզումը: Այդուհետ պայքարը մուսուլմանների միասնության համար հանուն Դողսի՝ Երուսաղեմի ազատագրման հանդիսանում է իսլամական երկրների արտաքին քաղաքական գերխնդիրը: Վերոնշյալ իրադարձությունները պարարտ հող ստեղծեցին նաև իսլամական չափանիշներով միջազգային կազմակերպության ստեղծման համար2:

Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ներկայումս կոչվում է Իսլամական համերաշխություն կազմակերպություն) հիմնադիր համագումարը տեղի ունեցավ 1969 թ. սեպտեմբերի 25-ին Ռաբաթում (Մարոկկո)` իսլամական երկրների ղեկավարների կոնֆերանսում, որին հրավիրված 35 երկրներից մասնակցեցին 24-ը3: Հիմնադիր անդամների թվում էր նաև Թուրքիան, որի մասնակցությունը կարևորվում էր իսլամական աշխարհի համախմբման տեսանկյունից:

Մինչ ԻԿԿ-ում Թուրքիայի գործունեությունը ներկայացնելը նախ լուսաբանենք Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԿ) հիմնական խնդիրներն ու նպատակները: Համաձայն 1972 թ. ընդունված կանոնադրության՝ ԻԿԿ-ի նպատակների շարքին են դասվում հետևյալ խնդիրները.

  • Ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխությունը: Եթե ուսումնասիրենք վերջին տասնամյակներում Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցած իրադարձությունները, ապա կարող ենք արձանագրել, որ կազմակերպությունը չի կարողացել լիովին իրագործել իր առջև դրված այս առաջնային խնդիրը: Իսլամական երկրները դեռևս հակամարտության մեջ են միմյանց հետ (օր.՝ Սաուդյան Արաբիա և Իրան ): Քաղաքացիական պատերազմների և հեղաշրջումների հետևանքով (Լիբիա, Եգիպտոս, այժմ՝ Սիրիա) հենց իսլամական բնակչությունն է մնում պառակտված: Իսլամական երկրների միջև առկա տարաձայնությունները չեն վերացել, ինչի ապացույցն է նաև այն, որ արաբական գարնան ժամանակ ԻԿԿ անդամ պետությունները չկարողացան ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով կպաշտպանեն մյուս անդամ երկրների դեմ ոտնձգությունները:
  • Խթանել անդամ պետությունների համագործակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, կենսական և այլ բնագավառներում, խորհրդակցություններ անցկացնել անդամ պետությունների միջև: Այս տեսանկյունից ԻԿԿ-ն բազմաթիվ հաջողություններ է գրանցել՝ հիմնադրելով վերոնշյալ բնագավառներում մասնագիտացված հատուկ հանձնաժողովներ (COMIAC, COMSTECH, COMCEC)4, որոնց արդյունավետ գործունեությունը դրսևորվում է անդամ պետությունների առօրյա կյանքում:
  • Կոորդինացնել բոլոր մուսուլմանական ժողովուրդների պայքարը հանուն արժանապատվության, անկախության և ազգային իրավունքների պահպանման: Իրաքի ամերիկյան օկուպացիային ըստ արժանվույն չպատասխանելը ԻԿԿ-ի՝ խնդրի իրականացման ձախողման ամենավառ ապացույցն է:
  • Միջոցներ ձեռնարկել երաշխավորելու Սրբազան վայրերի անվտանգությունը: Սակայն գաղտնիք չէ, որ մուսուլմանների համար Սուրբ վայրերը (մասնավորապես՝ Երուսաղեմը) դեռևս օկուպացված են մնում, իսկ ԻԿԿ անդամ շատ երկրներ (այդ թվում նաև Թուրքիան) ճանաչում են Իսրայել պետությունը, ինչը հակասում է կազմակերպության կրոնական ոգուն:
  • Աջակցել Պաղեստինի ժողովրդի պայքարին և օգնել նրանց վերականգնելու իրենց իրավունքները և ազատագրելու գրավյալ տարածքները: Սա ևս վիճահարույց է, քանի որ իսրայելապաղեստինյան հակամարտության գոյությունից ի վեր հաշտեցման բանակցությունների ժամանակ ոչ մի մուսուլմանական երկիր Պաղեստինը չի ներգրավել որպես հակամարտության կողմ5, ինչը փաստում է այն տեսությունը, որ իսլամական երկրները ևս առաջնային են համարում ոչ թե կրոնը, այլ իրենց պետական շահերը:

Այնուամենայնիվ, այս կազմակերպությունը իր վրա սևեռեց իսլամական բոլոր երկրների ուշադրությունը, որոնք մեկը մյուսի հետևից սկսեցին անդամակցել ԻԿԿ-ին: Այդ քայլով իսլամական երկրները հավաստում էին, որ իրենք պատկանում են իսլամական աշխարհին և ցույց էին տալիս քաղաքական, տնտեսական, մշակութային ինքնուրույն կյանք վարելու իրենց ընդհանուր ձգտումը: Կարծում ենք, որ ԻԿԿ-ի հեղինակության բարձրացմանը նպաստեց նաև այդ ժամանակաշրջանում Արաբական պետությունների լիգայում առաջ եկած պառակտվածությունը, ինչի առիթ էր դարձել այն հանգամանքը, որ վերջինս ստեղծվել էր Անգլիայի կողմից՝ Մերձավոր Արևելքում հենարան ունենալու համար: Բացի այդ՝ ԱՊԼ-ն միայն քաղաքական նպատակներ հետապնդող կառույց էր, մինչդեռ նորաստեղծ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը հնարավորություն էր տալիս անդամներին լուծել ինչպես արտաքին և ներքին քաղաքականության խնդիրները, այնպես էլ տնտեսական և որ ամենակարևորն է՝ իսլամական (ոչ միայն արաբական) միասնության խնդիրը: Նշենք, որ ներկայումս աշխարհի գրեթե բոլոր իսլամական երկրները, այն է՝ 57 երկիր` 1,2 մլրդ բնակչությամբ, հանդիսանում են այս կազմակերպության անդամ: ԻԿԿ-ն ունի երեք գլխավոր մարմիններ` պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով, արտաքին գործերի նախարարների կոնֆերանս և գլխավոր քարտուղարություն6: Կազմակերպությունում քաղաքական, կրոնական, տնտեսական առումով առավել ազդեցիկ երկրներն են Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալազիան, Թուրքիան և Իրանը: Շնորհիվ բյուջետային ներդրումների՝ էական ազդեցություն ունեն նաև Քուվեյթը, ԱՄԷ-ն և Լիբիան:

Թուրքիայի մուտքը կազմակերպություն

1981 թ. ԻԿԿ-ն պաշտոնապես հռչակեց «իսլամական ազգի» տեսությունը, որի վերջնանպատակն է հայտարարվում աշխարհում գոյություն ունեցող ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ իսլամի կամ առնվազն գլոբալ կամ տարածաշրջանային առումով այնպիսի վիճակի ապահովումը, որ նախկին գաղութային կամ կախյալ երկրները դառնան ժամանակակից միջազգային հարաբերությունների իրավահավասար գործընկերներ: Այդ տեսության գաղափարախոսները ձգտում են ստեղծել կրոնական սկզբունքների վրա հիմնված ներփակ մի համագործակցություն, իսլամական աշխարհը վերածել ինքնուրույն միջազգային տարածաշրջանի, որի իրականացման դեպքում իսլամական աշխարհը կհակադրվի մնացյալ աշխարհին: Սա «մահմեդական միասնության» ծրագրի իրականացման նախագիծ է, որի հիմքում ընկած է «բոլոր մահմեդականները եղբայրներ են» կարգախոսը: Բոլոր երկրների մահմեդականները, անկախ իրենց էթնիկական, ռասսայական և այլ տարբերություններից, նույնն են և կազմում են մեկ միասնական ընդհանրություն կամ համայնք՝ «ումմա»: Կարելի է նրանց գաղափարախոսությունը որակել որպես պանիսլամիզմ, որը քարոզում է աշխարհի բոլոր մահմեդականների միավորման գաղափարը կա՛մ մեկ միասնական պետության, կա՛մ տարբեր պետությունների համադաշնության մեջ7: Հարկ է ընդգծել, որ պանիսլամիզմը՝ որպես քաղաքական վարդապետություն, ներդրվեց հենց Օսմանյան կայսրության քաղաքական հայեցակարգում 1860-ականների սկզբներին մամուլի միջոցով: Պանիսլամիզմի հիմնական նպատակը օսմանյան կայսրության և սուլթանի՝ որպես մահմեդական ժողովուրդների հոգևոր և քաղաքական առաջնորդի իշխանության ամրապնդումն էր ոչ միայն թյուրքալեզու ժողովուրդների, այլև համամահմեդական մի կայսրության շրջանակներում: Ահա թե ինչու ԻԿԿ-ի ստեղծմանը նախորդող շրջանում Թուրքիայի դերը կարևորվում էր իսլամական համերաշխության և միասնության շարժման մեջ: Օսմանյան կայսրությունը խորհրդանշում էր թեոկրատ մահմեդական պետության՝ խալիֆայության գաղափարը, իսկ թուրք սուլթանը համարվում էր սուննիների խալիֆան: Ուստի Օսմանյան կայսրության՝ իսլամական վերջին խալիֆայության վերացումը8 դժգոհության ալիք առաջացրեց պանիսլամիզմի կողմնակիցների և արմատական մահմեդականության շրջանում: Թուրքիայի պետական գաղափարախոսության մեջ մեկընդմիշտ ամրագրվեցին ազգայնականության (կամ թյուրքիզմի) և լաիցիզմի9 սկզբունքները: Կրոնն անջատվեց պետությունից, կազմալուծվեցին շեյխ ուլ-իսլամի և վակֆերի նախարարության ինստիտուտները, իսլամն այլևս պետական կրոն ու գաղափարախոսություն չէր: Նկատենք, որ այս ամենը էական ազդեցություն ունեցավ իսլամական միասնության վրա ու զգալիորեն պառակտեց համերաշխության ու միասնության շարժման գործունեությունը:

Մուսուլման աշխարհը վերստին միավորվեց միայն այդ պառակտվածության հետևանքը սեփական մաշկի վրա զգալուց հետո, և 1969 թ. հիմնադրեց ԻԿԿ-ն: Ուշագրավ է Թուրքիայի՝ Արևմուտքի ռազմաքաղաքական կարևոր դաշնակցի մասնակցության հարցը կոնֆերանսին, ինչի պատճառով երկրի իշխանությունները հայտնվել էին քաղաքական երկընտրանքի առջև: Ներքին հակասություններով հանդերձ Թուրքիան այնուամենայնիվ մասնակցեց Ռաբաթի գագաթնաժողովին, իսկ երկրի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հանդիպումը որակեց ոչ թե կրոնական, այլ քաղաքական, ուր Թուրքիան քննարկելու էր միայն ալ-Ակսա մզկիթի և Երուսաղեմի հարցերը: Հանդիպման ժամանակ վարչապետը ընդգծեց, որ իր նպատակը Իսլամական աշխարհում նոր դաշնակիցներ գտնելն է, բարիդրացիական կապերի հաստատումը, մինչդեռ Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղությունը չի փոխվելու10: Դրա հետ մեկտեղ Դեմիրելը նշեց, որ Թուրքիայի անդամությունը չպետք է հակադրվի երկրի պետական կարգի աշխարհիկ հիմքերին11:

Թուրքիայի նման խուսափողական դիրքորոշման պատճառն այն էր, որ իսլամական աշխարհի հետ սերտ համագործակցությունը հակասում էր աշխարհիկ պետության սկզբունքներին, որոնք ամրագրել էր Քեմալ Աթաթուրքը: Բայց կազմակերպության աշխատանքներին չմասնակցելը ևս կտրուկ կվատթարացներ Թուրքիայի հարաբերությունները իսլամական աշխարհի հետ, ինչը որոշակիորեն կմեկուսացներ նրան մերձավորարևելյան տարածաշրջանից: Ահա այս երկընտրանքը առկա էր Թուրքիայի ներհասարակական կյանքում այնքան ժամանակ, մինչ երկրում նորից սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել իսլամիստական գաղափարների ներքո գտնվող խմբավորումներն ու կուսակցությունները:

Մինչև 70-ական թվականների կեսերը ԻԿԿ-ի գագաթնաժողովներին Թուրքիան ներկայանում էր արտաքին գործերի նախարարի, իսկ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների իսլամական կոնֆերանսում՝ արտգործնախարարի առաջին տեղակալի մակարդակով: Ավելին՝ թուրքական կառավարությունում մուսուլմանական ֆորումներին մասնակցելու նպատակահարմարության հարց էր դրված:

Այնուհետև նրա արևմտամետ (ամենից առաջ ամերիկամետ) կուրսի որոշակի թուլացման արդյունքում տեղի ունեցավ նշանակալի մերձեցում Մերձավոր Արևելքի պետությունների հետ: Մասնավորապես 70-ական և 80-ական թվականների սկզբներին Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ վատթարացան՝ կապված 1974 թ. թուրքական զորքերի՝ Կիպրոս ներխուժելու հետ, ինչին հաջորդեց այն, որ 1975 թ. Վաշինգտոնը էմբարգո դրեց Թուրքիային զենք մատակարարելու վրա: Կղզին գրավելուց հետո Թուրքիան ձեռնամուխ եղավ դիվանագիտական ճանապարհով խնդրի օրինականացմանը: Թուրքիան պահը ճիշտ օգտագործեց՝ հասկանալով, որ մուսուլման ժողովուրդների շահերի պաշտպան կարող է լինել ԻԿԿ-ն, որն աջակցություն ցույց տվեց Կիպրոսում թուրքական ներխուժմանը: Այդ ժամանակից ի վեր Անկարան մշտապես կիպրոսյան հարցը ԻԿԿ-ի հանդիպումների ժամանակ քաղաքական հարցերի օրակարգ է դնում: Փաստորեն Թուրքիայի կողմից այս կազմակերպությանը սիրաշահելու քաղաքականության և Պաղեստինի հետ հարաբերությունների զարգացման պատճառներից մեկը Կիպրոսի հիմնախնդիրն էր: Արդյունքում 1978 թ. Անկարայում բացվեց Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության ներկայացուցչությունը, իսկ 1988 թ. Թուրքիան ճանաչեց Պաղեստինի անկախությունը:

Ճիշտ է՝ ԻԿԿ-ն, չանտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը, բացահայտորեն խուսափում է ճանաչել «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», սակայն Կիպրոսի մասին ընդունած բանաձևերի ենթատեքստից կարելի է հասկանալ, որ կազմակերպությունն իր անթաքույց համակրանքն է արտահայտում «ՀԿԹՀ» անկախությանը: Նշենք նաև, որ 1979 թ-ից մինչև օրս էլ Կիպրոսի թուրքական համայնքը դիտորդի կարգավիճակով մասնակցում է ԻԿԿ աշխատանքներին՝ հավակնելով մի օր դառնալ կազմակերպության անդամ:

Մյուս հանգամանքը, որ կարևոր դեր խաղաց ԻԿԿ անդամ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացման գործում, տնտեսական գործոնն էր: Կազմակերպության հզորությունն ու ազդեցիկությունը պայմանավորված են նրանով, որ դրա անդամ պետությունները իրենց տրամադրության տակ ունեն բնական ռեսուրսների (հատկապես նավթի, գազի) վիթխարի պաշարներ, ինչպես նաև մարդկային ու ֆինանսական մեծ միջոցներ: Առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու ամրապնդումը Թուրքիայի և մուսուլմանական երկրների միջև նպաստեց Անկարայի և այդ երկրների դիրքորոշումների մերձեցմանը մի շարք հարցերի շուրջ: Այսպես, Մարոկկոյում ԻԿԿ-ի՝ Երուսաղեմի խնդրի կապակցությամբ հրավիրված կոնֆերանսի ժամանակ (1980 թ. սեպտեմբեր), Թուրքիայի արտգործնախարար Ի. Թյուրքմենը աջակցեց Թել Ավիվի գործողությունների դեմ ուղղված ԻԿԿ-ի բոլոր որոշումներին: Ավելին՝ Թուրքիայի կառավարությունը նվազեցրեց Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ Իսրայելում թուրքական դեսպանի ռանգը իջեցնելով մինչև երկրորդ քարտուղարի մակարդակի12: Թուրքական արտադրանքի համար սպառման նոր շուկայի փնտրումը և յուրացումը դարձան երկրի արտաքին տնտեսական քաղաքականության կարևոր ուղղություն: Թուրքայի` ԻԿԿ-ի հետ կապերի ընդլայնման և խորացման ուղին որոշակի չափով հակասում էր երկրի ավանդական ուղղվածությանը դեպի Արևմուտք, սակայն նրա տնտեսական շահերի տեսանկյունից այն նպատակահարմար էր և արդարացված: Միևնույն ժամանակ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում ԻԿԿ-ի արտաքին առևտրային, ֆինանսական և արդյունաբերական-առևտրային նախաձեռնությունների ապահովման մեջ: Այս առնչությամբ նշենք, որ 1981 թ.-ից ի վեր Թուրքիայի նախագահը հանդիսանում է Առևտրատնտեսական համագործակցության մշտական կոմիտեի (СОМСЕС) ղեկավարը:

ԻԿԿ-ում Թուրքիան որոշակի ազդեցություն ունի նաև քաղաքական համագործակցության ապահովման գործում։ Այսպես՝ 1992 թ. Թուրքիայի ջանքերով հրավիրվեց ԻԿԿ-ի 5-րդ արտակարգ նիստ, որի օրակարգն էր Բոսնիա և Հերցեգովինայում տիրող իրավիճակը: ԻԿԿ-ն իր աջակցությունը հայտնեց տեղի մուսուլման բնակչությանը, որը բռնության էր ենթարկվում սերբական ուժերի կողմից: Երկու ամիս անց Թուրքիան դիմեց ՄԱԿ-ին՝ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ քննարկվելու էր «էթնիկ զտմանը» վերջ դնելուն ուղղված միջոցների հարցը:

Ինչպես տեսնում ենք, Իսլամական կոնֆերանս կազմակերպության նշանակությունը Թուրքիայի համար թեև ի սկզբանե չի եղել առաջնային, սակայն չի էլ անտեսվել: Թուրքական դիվանագիտությունը փորձել է ժամանակի ընթացքում գտնել այս կազմակերպությունը իր քաղաքական շահերին ծառայացնելու մեթոդներ: Եթե մինչև 21-րդ դարը Թուրքիան սահմանափակում էր ԻԿԿ-ում իր ակտիվությունը՝ ելնելով աշխարհիկ պետության հայեցակարգից, ապա այդուհետ փոխում է իր գործելակերպը:

Վերլուծության երկրորդ մասում կանդրադառնանք այս փոփոխությունները պայմանավորող գործոններին, կլուսաբանենք ԻԿԿ-ում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, նաև կներկայացնենք Իսլամական 13-րդ գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ մեր գնահատականը:

Ծանոթագրություն

1 Բայբուրդյան Վ., «Իսլամը և նրա գաղափարական-քաղաքական դրսևորումները մահմեդական պետությունների քաղաքականության մեջ և միջազգային հարաբերություններում», էջ 26:

2 Նման առաջարկով հանդես էր եկել Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալը 1969թ. օգոստոսի 25-ին Կահիրեում տեղի ունեցած արաբական 14 երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ժամանակ:

3 1970թ. մարտին տեղի ունեցավ իսլամական պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Որոշվեց, որ գլխավոր քարտուղարության նստավայրը ժամանակավորապես պետք է գտնվի Ջիդդայում՝ «մինչև Երուսաղեմի ազատագրումը»:

4 Ա. Փաշայան, էջ 65:

5 Իսրայելապաղեստինյան հակամարտության մասին տե՛ս А.Д. Эпштейн “Израильтяне и палестинцы: от конфронтации – к переговорам и обратно”, Мосты культуры/Гешарим, 2008.

6 А. Пашаян, Новые тенденции в межисламских отношениях, Ереван 2000г., стр. 36.

7 Բայբուրդյան Վ., «Իսլամը և նրա գաղափարական-քաղաքական դրսևորումները մահմեդական պետությունների քաղաքականության մեջ և միջազգային հարաբերություններում», էջ 42:

8 1924թ. մարտի 3-ին Թուրքիայում ընդունվեց խալիֆայության վերացման և Օսմանյան դինաստիան Թուրքիայից արտաքսելու մասին օրենքները, իսկ ապրիլին՝ երկրի սահմանադրությունը: Թուրքիայի Հանրապետությունը դարձավ Մերձավոր Արևելքի առաջին աշխարհիկ, ազգային պետություններից մեկը: Տե՛ս՝ Ս. Բաղդասարյան, Թուրքիայի քաղաքական համակարգը 1920-1930-ական թթ., Եր., 2001:

9 Լաիցիզմ (թուրք.՝ laiklik)-աշխարհականություն, պետության աշխարհիկ բնույթ, պետության և կրոնի տարանջատում:

10 Aykan, Mahmut B., 1994, “Turkey’s Role in The Organization of the Islamic Conference: 1960 – 1992”, Vantage Press: New York, pg 65.

11 Կազմակերպության անդամ երկրներից շատերը ներկայումս ունեն աշխարհիկ կառավարման հիմունքներ, ինչից մեծապես օգտվում է Թուրքիան՝ որպես առաջին աշխարհիկ իսլամական երկիր:

12 Иванова И.И., «Ближневосточная политика Турции: картина прошлого (1980-2010) и нынешние очертания», стр. 51, Сборник статей. “Ближний Восток и современность”. Выпуск сорок третий. М. , 2011.

Օգտագործած գրականության ցանկ

  1. Ա. Փաշայան, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Երևան, 2002թ.:
  2. Վ. Բայբուրդյան, «Իսլամը և նրա գաղափարական-քաղաքական դրսևորումները մահմեդական պետությունների քաղաքականության մեջ և միջազգային հարաբերություններում», էջ 26-54, Մերձավոր և Միջին Արևելքի Երկրներ և Ժողովուրդներ, Հ. 25, ՀՀ ԳԱԱ Արևելագ. Ինստիտուտ, Երևան, 2006:
  3. Ս. Բաղդասարյան, Թուրքիայի քաղաքական համակարգը 1920-1930-ական թթ., Եր., 2001:
  4. Ա. Հովհաննիսյան, «Թուրքիա. ազնիվ միջնորդություն, թե՞ քաղաքական սակարկություն», էջ 347, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ VI, ՀՀ ԳԱԱ Արևելագիտ. ին-տ, Երևան, 2009:
  5. Ս. Բաղդասարյան, «Թուրքիայում արդիականացման ընթացքի և քաղաքական իսլամի դերի հարցի շուրջ (1970-2000-ական թթ.)», էջ 39, Մերձավոր և Միջին Արևելքի Երկրներ և Ժողովուրդներ Հ. 22. ՀՀ ԳԱԱ Արևելագ. Ինստիտուտ, Երևան, 2003:
  6. А. Пашаян, Новые тенденции в межисламских отношениях, Ереван 2000г..
  7. Иванова И.И. «Ближневосточная политика Турции: картина прошлого (1980-2010) и нынешние очертания», стр. 51, Сборник статей. “Ближний Восток и современность”. Выпуск сорок третий. М. , 2011
  8. А.Борисов, Организация политические аспекты, ,,Народы Азии и Африки”, Москва 1983г..
  9. Н.Жданов, Исламская концепция миропорядка, Москва 1991г..
  10. Aykan, Mahmut B., 1994, “Turkey’s Role In The Organization Of The Islamic Conference: 1960 – 1992”, Vantage Press: New York.
  11. Bolukbash Suha. “Behind the Turkish-Israeli Alliance: A Turkish View”, Journal of Palestine studies 113. Autumn 1999.
  12. Sahar, Al Bahr, “Reforming the OIC”, Al Ahram Weekly Online, 21-27 July 2005, http://weekly.ahram.org.eg/2005/752/in4.htm
  13. Sami Kohen, “Dış politikada değişen ne?’’, Miliyet. 06.11.2009, http://www.milliyet.com.tr/Yazar.aspx?aType=YazarDetay&ArticleID=1158745&AuthorID=58&Date=06.11.2009
  14. “The Republic of Turkey and The Organization of The Islamic Conference,, http://www.mfa.gov.tr/the-islamic- conference” _oic_.en.mfa
  15. Final Communique of 20 th Session of ICFM
  16. ԻՀԿ-ի պաշտոնական կայքէջ, http://www.oic-oci.org/.


Հեղինակ՝ Արմինե Մուրադյան (Armine Muradyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցե՛ք նաև

  1.  Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 2 
  2.  Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 3 
Armine Muradyan
Միջազգային հարաբերությունների մագիստրոս, հետաքրքրությունների շրջանակը՝ թուրք-ամերիկյան հարաբերություններ, ցեղասպանագիտություն, համաշխարհային քաղաքական արդի գործընթացներ։