Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 2

Թուրքիայի դերակատարության աճը ԻԿԿ-ում

2002 թ. համամասնական պառլամենտական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Բարօրություն» կուսակցությունից առանձնացած, նորաստեղծ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի հիմնադիրներն էին Աբդուլլահ Գյուլը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Իսլամական գաղափարախոսական դպրոցն անցած այս գործիչների հայացքները էապես ազդեցին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության վրա, ինչը շատ վերլուծաբանների տեղիք տվեց ասելու, որ Թուրքիան աստիճանաբար հեռանում է Արևմուտքից և մերձենում Արևելքի հետ:

Համաձայնելով այս տեսակետի հետ՝ անհրաժեշտ է փաստել այն իրողությունը, որ երկբևեռ աշխարհակարգի փլուզումը և խորհրդային սպառնալիքի վերացումը Թուրքիային հնարավորություն ընձեռեցին հրաժարվել Արևմուտքի պետությունների հետ հարաբերություններում իր սահմանափակ հնարավորություններից և գտնել արտաքին քաղաքականության այլընտրանքային վեկտորներ` ի դեմս իսլամական աշխարհի: Ինչպես նշում է թուրք քաղաքագետ Սամի Կոհենը, Թուրքիան սկսեց շատ հարցերում առաջնորդվել սեփական ազգային շահերից ելնելով: Փորձենք առանձնացնել այդ շահերից բխող առավել տեսանելի այն նպատակները, որոնց հետամուտ է եղել Թուրքիան իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս, այդ թվում նաև` ԻԿԿ շրջանակներում իր գործունեության մեջ:

  1. Նեոօսմանիզմ
  2. «Կամուրջ» Արևմուտքի և Արևելքի միջև
  3. Մուսուլմանական աշխարհի համախմբում` Թուրքիայի առաջնորդությամբ

21-րդ դարում Թուրքիայի Հանրապետությունում առաջ քաշված նոր քաղաքական գաղափարախոսությունը շատ փորձագետներ անվանում են «նեոօսմանիզմ», որը իրենից ենթադրում է թուրքական ազդեցության վերականգնում նախկին օսմանահպատակ տարածքներում: Սրա վերաբերյալ հետաքրքիր դիտարկում ունի թուրք վերլուծաբան լրագրող Քեմալ Օզթյուրքը: Իր՝ «Արդյո՞ք Թուրքիան ունի նեօսմանիզմի երազանք» վերլուծության մեջ վերլուծաբանը անդրադառնում է Թուրքիայի արտաքին քաղաքական փոփոխություններին` նշելով, որ Էրդողանը իր ելույթներով պարբերաբար բորբոքում է հասարակության նեոօսմանյան զգացմունքները և կոչ է անում վերակառուցել Օսմանյան պատմության հետ կապող կամուրջը: Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ Էրդողանը ներդրեց մի ավանդույթ, որով նախագահական պահակախումբը բաղկացած էր լինելու 16 հոգուց, ովքեր խորհրդանշում են Թուրքիայի պատմության ողջ ընթացքում ստեղծված բոլոր 16 մեծ կայսրությունների մարտիկներին: Այդ ռազմիկները, այդուհետ մշտապես ներկա լինելով նախագահական պալատի արարողություններին, արտացոլում են անցյալի հետ կամրջի վերականգնման և Թուրքիայի պատմության հետ համաձայնեցման փորձը:

Դեռևս 15 տարի առաջ Աբդուլլահ Գյուլը, որն այն ժամանակ իսլամական “Բարօրություն” («Refah») կուսակցության անդամ էր, խոստովանել էր մի ամերիկացի լրագրողի, որ իր երազանքն է ստեղծել երկրների մի ընկերակցություն, որում Թուրքիան կկարողանա միավորել Եվրոպան մուսուլմանական աշխարհի հետ1:

2004 թ. ԻԿԿ ֆորումի ժամանակ իր ելույթում Գյուլի այս գաղափարը առավել զարգացրեց Ռ. Էրդողանը: Նրա խոսքերով` աշխարհաքաղաքական առաջնահերթությունների տեղաշարժը դեպի Մերձավոր Արևելք թույլ է տալիս Թուրքիային՝ շնորհիվ իր բացառիկ աշխարհագրական դիրքի և պատմական փորձի, «կամուրջի» դեր խաղալ Արևմուտքի և Արևելքի միջև, դառնալ յուրատեսակ քաղաքական, տնտեսական և մշակութային «բուֆեր», կայունության գործոն տարածաշրջանում: Էրդողանի կարծիքով Թուրքիան այն երկիրն է, որը «հաշտեցման և ազնիվ միջնորդության» մշակույթ կարող է բերել տարածաշրջանի երկրներին2:

Առաջին հայացքից թուրքական այս գործելաոճը ձեռնտու էր նաև ԱՄՆ-ին, քանի որ ի դեմս Թուրքիայի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը տարածաշրջանում կունենան հզոր դաշնակից և ավելի լավ հնարավորություն իրավիճակը փոփոխելու Մերձավոր Արևելքում` ի շահ իրենց։ Հիշեցնենք, որ ԻԿԿ-ի հիմնադիր նպատակներն էին Պաղեստինի խնդրի լուծումը և Երուսաղեմի սրբավայրերի ազատագրումը: Ուստի ԱՄՆ-ի համար Թուրքիան այն միջնորդն էր, որ կարող էր հաշտարար դառնալ ԻԿԿ և ԱՄՆ-Իսրայել դաշնակցության միջև3:

Մինչդեռ Թուրքիայի համար ինչքան էլ գայթակղիչ լինեն Արևմուտքից սպասվող ակնկալիքները, այն չի կարող անտեսել մերձավորարևելյան երկրների հետ հարաբերություններում իր շահերն ու ընձեռնված հնարավորությունները։ Թուրքիայում շատ գիտնականներ և քաղաքական գործիչներ դեմ էին ԱՄՆ-ի՝ «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագրին: Մուսուլմանական աշխարհի համար դա գաղութատիրության նոր ձև էր, ինչը, եթե հաշվի առնենք նրանց ոչ վաղ անցյալի պայքարը՝ ինքնուրույն տնօրինելու սեփական ռեսուրսները, խիստ ցավագին է ընկալվում նրանց կողմից: Բացի այդ, Թուրքիայի համար անընդունելի է ԱՄՆ-ի աջակցությունը քրդական կուսակցություններին, որոնց նպատակն էր անկախ քրդական պետության ստեղծումը: Մյուս կողմից էլ Եվրոպական միության անդամակցության նախապայմաններով պայմանավորված և ձգձգված գործընթացը թուրքական ներքին քաղաքական դժգոհությունների և պառակտումների էր հանգեցնում:

Այս ամենը առիթ հանդիսացավ Թուրքիայի համար ակտիվացնելու իր իսլամամետ քաղաքականությունը: Երկրի քաղաքական շրջանակներում սկսեց շրջանառվել այն տեսակետը, որ Թուրքիան պետք է մեծացնի իր դերակատարությունը ԻԿԿ-ում: Կազմակերպությունում Թուրքիայի հեղինակությունը զգալի աճեց, երբ Թուրքիայի խորհրդարանը մերժեց Իրաք ներխուժելու համար ԱՄՆ-ի զորքերին իր ռազմաբազաները տրամադրելու նախագիծը: Թուրքիայի հեղինակության բարձրացմանը նպաստեցին նաև Էրդողանի հակաիսրայելական կոշտ հայտարարությունները և թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը:

Թուրք դիվանագետը՝ ԻՀԿ առաջնորդ

Թուրքական լայն լոբբիստական գործունեության շնորհիվ 2004 թ. հուլիսի 15-ին` ԻԿԿ-ի արտգործնախարարների կոնֆերանսի 31-րդ նստաշրջանի ժամանակ, թուրք գիտնական և դիվանագետ Էքմելեդդին Իհսանօղլուն ընտրվեց ԻԿԿ-ի գլխավոր քարտուղար:

Իր պաշտոնավարման ընթացքում (2004-2014 թ. հունվարի 31) Իհսանօղլուն կարողացավ փոփոխություններ մտցնել ԻԿԿ-ում՝ ինչ-որ չափով բարձրացնելով իսլամական ամենամեծ կազմակերպության արդյունավետությունը: Կազմակերպության նոր անվանումը, այն է՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն (այսուհետ՝ ԻՀԿ), նպաստեց իսլամական երկրների միջև համագործակցության խորացմանը: Բարեփոխումների ծրագրի թվում էին «21- րդ դարի մարտահրավերներին արձագանքելու համար 10-ամյա ժամկետով գործողության ծրագիր»-ը և ԻՀԿ-ի վերանայված կանոնադրությունը, որն ընդունվեց ԻՀԿ-ի կողմից 2008 թ.: Այս երկու փաստաթղթերով թուրք գործիչը նոր գաղափարներ և սկզբունքներ ներդրեց ԻՀԿ-ում, որոնցից էին, օրինակ՝ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ստեղծումը, մշակութային երկխոսության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների մշակման նախագծերը և այլն:

Ուշագրավ է Իհսանօղլուի գործունեությունը կազմակերպության առևտրատնտեսական բարեփոխումների իրականացման հարցում: Նա կարևորում էր հատկապես կազմակերպության ներսում առևտրային շրջանառության ակտիվացումը: Իսկ նրա ամենակարևոր նախաձեռնությունը ԻՀԿ-ի, այսպես կոչված, «բամբակյա ծրագիրն» է, որի նպատակն է օժանդակել կազմակերպության անդամ երկրների, մասնավորապես՝ արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսության զարգացմանը:

Թուրք դիվանագետի հաջող քայլերից էր Բրյուսելում ԻՀԿ ներկայացուցչության ստեղծումը, որով կազմակերպությունը երկու կարևոր խնդիր էր լուծում: Նախ, մշտական ներկայացուցչության միջոցով ԻՀԿ-ն՝ որպես մուսուլմանական աշխարհի միասնական ձայն, ԵՄ-ի հետ մշտական կապ էր ապահովում և նրա հետ համատեղ գործողությունների մշակման պլատֆորմ ստեղծում: Եվ երկրորդ, դառնում էր եվրոպայի 20 միլիոնանոց մուսուլմանական բնակչության ներկայացուցչությունը, որն անհրաժեշտ պարագայում պետք է պաշտպաներ վերջիններիս շահերը:

2005 թ. հունվարին Իհսանօղլուն հայտարարեց, որ ԻՀԿ նպատակները իրականություն կդառնան «եթե մենք կարողանանք փոխել բանաձևեր ընդունելու մեր մարտավարությունը և գտնենք դրանք իրագործելու մեխանիզմ: Այլապես մեր բանաձևերից շատերը պարզապես կլինեն միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի արտահայտում»: 2006 թ. ԻՀԿ-ն հանդիպում կազմակերպեց Իրաքի սուննի և շիա համայնքների հոգևոր առաջնորդների միջև: Արդյունքում ստորագրվեց հաշտեցման համաձայնագիր, որը կոչ էր անում դադարեցնել արյունահեղությունը Իրաքում: Փաստորեն, նման քայլով Իհսանօղլուն փորձում էր ընդլայնել ԻՀԿ-ի գործունեության շրջանակը՝ վերջինիս վերագրելով հակամարտությունների կարգավորման և խաղաղապահ գործառույթներ:

Վերջին տարիներին ԻՀԿ-ն մեծ ներգրավվածություն ունեցավ «իսլամաֆոբիայի» դեմ գործողությունների քաղաքականության իրականացման հարցում, ինչը մասնավորապես դրսևորվեց դանիական ծաղրանկարների հետ կապված հայտնի միջադեպի4 նկատմամբ սուր արձագանքի տեսքով: Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշումը նպաստեց հարցի միջազգայնացմանը: Այսպես, Իհսանօղլուն հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ էր անում ՄԱԿ-ին կրոնական համոզմունքների նկատմամբ հարձակումները արգելող բանաձև ընդունել: Հետագայում ևս ԻՀԿ-ն դիվանագիտական առաջարկներ էր անում Արևմուտքի պետություններին՝ կիրառել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 16/18 բանաձևը՝ պայքարելու «անհանդուրժողականության, բացասական կարծրատիպերի և կրոնական ստիգմատիզմի դեմ»: Նման քաղաքականության շրջանակներում ԻՀԿ-ն 2013 թ. հունվարին Ստամբուլում կազմակերպեց մարդու իրավունքների գծով իրավագետների հանդիպում, որտեղ վերահաստատվեցին կազմակերպության առաջիկա քայլերը՝ ուսումնասիրելու այն իրավական մեթոդները, որոնցով կարգելվեր մուսուլմանների նկատմամբ կրոնական անհանդուրժողականությունը:

ԻՀԿ-ում Թուրքիայի առաջնորդության շրջանը համընկավ Արաբական գարնան դեպքերի հետ: Ավելին, որպես ԻՀԿ առաջնորդ՝ Է. Իհսանողլին բազմիցս ցույց տվեց իր դրական վերաբերմունքը այդ հեղափոխությունների նկատմամբ: “Brookings Doha center” –ի կազմակերպած խորհրդակցություններից մեկում նա նշեց, որ տեղի ունեցած հեղափոխությունները իրականում դարձան «աշուն արաբ բռնապետների համար», իսկ արաբ բնակչությանը հնարավորություն ընձեռեցին «մտնել պատմության համատեքստի մեջ», քանի որ երկար ժամանակ դուրս են եղել պատմությունից իրենց քաղաքական էլիտայի պատճառով: Իհսանօղլուի դիրքորոշումը չէր կարող չազդել նաև ԻՀԿ քաղաքականության վրա: Օրինակ, լիբիական «գարնան» ժամանակ ԻՀԿ-ն առաջին միջազգային կազմակերպությունն էր, որ հանդես եկավ խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնությունների դատապարտմամբ, ավելին, Եգիպտոսի ու Թունիսի միջոցով աջակցություն ուղարկեց նրանց: Չմանրամասնելով Արաբական գարնան դեպքերը` պարզապես եզրակացնենք, որ արաբական երկրներից հզորագույնների անկումը շահեկան եղավ Թուրքիայի համար: Այսպես, ուժասպառ եղած երկրներից ո՛չ Լիբիան, ո՛չ Եգիպտոսը, ո՛չ Սիրիան հեղափոխություններից հետո չկարողացան վերականգնել իրենց առաջնորդական դիրքերը մուսուլմանական աշխարհում, նաև ԻՀԿ-ում:

ԻՀԿ 13-րդ գագաթնաժողովը, կազմակերպության գործունեության գնահատականը

2014 թ. Իհսանօղլուի պաշտոնավարության ավարտից և Սաուդյան Արաբիայի Մշակույթի և տեղեկատվության նախկին նախարար Իյադ Էմին Մեդենի` ԻՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո էլ Թուրքիան շարունակում է իր ակտիվ գործունեությունը կազմակերպության շրջանակներում: 2016 թ. ապրիլի 14-16-ին ԻՀԿ 13-րդ գագաթնաժողովը հանդիսավոր կերպով անցկացվեց Ստամբուլում: Ընդունված հռչակագրում տեղ գտան կետեր, որոնք անմիջականորեն առնչվում են Թուրքիայի ազգային շահերին, մասնավորապես, Արևմտյան Թրակիայի թուրք ազգաբնակչության իրավունքների պաշտպանությանը (№96), Մծխեթյան թուրքերի հայրենադարձության գործընթացին (№97), ինչպես նաև Ղրիմյան թաթարների անվտանգության, կրոնական, կրթական, մշակութային իրավունքների երաշխավորմանը (№98):

Թուրքական նախաձեռնության մյուս դրսևորումը արտացոլվում է 113-րդ կետում, որով կոնֆերանսը ողջունում է 2016 թ. ապրիլի 13-ին Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի և Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի համատեղ հայտարարությունը իսլամական մերձեցման գործընթաց սկսելու մասին, որի նպատակը կոնֆլիկտների լուծումն է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հարգմամբ:

Հռչակագրում №202 կետով ներառվեց նաև ԻՀԿ արտգործնախարարների խորհրդի 40-րդ նստաշրջանի ժամանակ ընդունված№8/40 բանաձևը, որի նախագծով հանդես էր եկել Թուրքիան: Համաձայն այդ բանաձևի` որոշվեց գործարկել Քաղաքական համագործակցության և կոորդինացման կենտրոնը՝ որպես ԻՀԿ-ի մասնագիտացված ինստիտուտ, որի կենտրոնակայանը գտնվելու է Ստամբուլում:

113 և 202 կետերից կարելի է գալ այն եզրակացության, որ Թուրքիան փորձեր է կատարում ԻՀԿ-ում հանձն առնել քաղաքական ուղղությունների մշակման, ղեկավարման և կոորդինացման գործառույթներ: Սակայն, մեր կանխատեսմամբ տեսանելի ապագայում Թուրքիային չի հաջողվի կազմակերպության գործունեությունը կոնֆլիկտների կարգավորման հարցում դեկլարատիվային բնույթից տեղափոխել առավել գործնական հարթություն:

Այնուամենայնիվ, ամփոփելով այս ամենը` անհրաժեշտ է փաստել, որ Իհսանօղլուի պաշտոնավարումը, ինչպես նաև Թուրքիայի քաղաքականության մեջ իսլամի դերի բարձրացումը նպաստեցին նրան, որ իսլամական երկրների շրջանում վերականգնվեց վստահությունը նախկինում արևմտամետ Թուրքիայի նկատմամբ: Ընդլայնվեցին Թուրքիայի տնտեսական կապերը կազմակերպության անդամ երկրների հետ, առավել համակարգվեցին ոչ մահմեդական երկրներում մուսուլմանների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը: Պարզ է նաև այն, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունից մնացած իր պատմական առաքելությունը և փորձում է օգտագործել ԻՀԿ-ն ողջ իսլամական աշխարհը միավորելու համար: Բայց այսքանով հանդերձ ԻՀԿ-ի միջոցով իսլամական աշխարհի առաջնորդությունը ստանձնելու թուրքական ջանքերի արդյունավետությունը այնքան էլ իրատեսական չէ մի շարք պատճառներով: Իսլամական համագործակցության կազմակերպության մեջ առկա են զգալի թերություններ: Նախևառաջ, կազմակերպության անդամների միջև կան բավականին լուրջ քաղաքական, գաղափարական, սոցիալ-տնտեսական, աշխարհագրական, դեմոգրաֆիական տարբերություններ, որոնք խոչընդոտում են իսլամական աշխարհի լիարժեք համախմբմանը: Այս տարբերություններից բացի կազմակերպության անդամների միջև առկա են հակամարտություններ սահմանային, կրոնական, էթնիկ հարցերի շուրջ: Մինչև ԻՀԿ-ն չհաղթահարի այդ խնդիրները, նրան չի հաջողվի ստանձնել միջազգային ազդեցիկ դերակատարություն: Վերոնշյալ խնդիրները լավ տեսանելի են նաև Թուրքիայի համար, ուստի այն փորձում է ամեն կերպ բարձրացնել ԻՀԿ-ի արդյունավետությունը: Արաբական գարնան դեպքերից հետո Թուրքիան բազմիցս առաջ է քաշում այն տեսակետը, որ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը պետք է գործի տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին համահունչ: Այս մասին տարբեր հարթակներում բարձրաձայնում էր Դավութօղլուն` նշելով, որ Արաբական գարնանը հաջորդող ժամականաշրջանում ԻՀԿ-ն հանդիսանում է մուսուլմանական աշխարհի «միակ հովանի կազմակերպությունը», և այն պետք է իր արդյունավետությունը բարձրացնի տարածաշրջանի տրանսֆորմացիաներին պատշաճ կերպով արձագանքելով5: Թերևս այս հանգամանքով էլ պայմանավորված էր Թուրքիայի կողմից ԻՀԿ 13-րդ գագաթաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցի շահարկումը, որին առավել մանրամասն կանդրադառնանք վերլուծության երրորդ մասում:

Ծանոթագրություն

1Ա. Հովհաննիսյան, «Թուրքիա. ազնիվ միջնորդություն, թե՞ քաղաքական սակարկություն», էջ 347, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ VI, ՀՀԳԱԱ Արևելագիտ ին-տ, Երևան, 2009:

2 Նույն տեղում:

3 Bolukbash Suha. “Behind the Turkish-Israeli Alliance: A Turkish View”, Journal of Palestine studies 113. Autumn 1999.

4 2005թ. Սեպտեմբերին դանիական Jyllands-Posten ամսագրում հրապարակվեց իսլամի հիմնադիր Մուհամադ մարգարեի կերպարի մոտիվներով 12 ծաղրանկար

5 Muhittin Ataman, Ayşe Nur Gökşen, Sembolizm ve Aktivizm Arasında, Islam Işbirliği Teşkilatı, p. 26

Գրականություն

 

  1. Ա. Հովհաննիսյան, «Թուրքիա. Ազնիվ միջնորդություն , թե՞ քաղաքական սակարկություն», էջ 347, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ VI, ՀՀ ԳԱԱ Արևելագիտ. ին-տ, Երևան, 2009:
  2. Ա. Փաշայան, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը, նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Երևան, 2002:
  3. Ս. Բաղդասարյան, «Թուրքիայում արդիականացման ընթացքի և քաղաքական իսլամի դերի հարցի շուրջ (1970-2000-ական թթ.)», էջ 39, Մերձավոր և Միջին Արևելքի Երկրներ և Ժողովուրդներ Հ. 22. ՀՀ ԳԱԱ Արևելագ. Ինստիտուտ, Երևան, 2003:
  4. А. Борисов, Организация политические аспекты, ,,Народы Азии и Африки”, Москва 1983г..
  5. А. Пашаян, Новые тенденции в межисламских отношениях, Ереван 2000 г..
  6. Иванова И.И. «Ближневосточная политика Турции: картина прошлого (1980-2010) и нынешние очертания», стр. 51, Сборник статей. “Ближний Восток и современность”. Выпуск сорок третий. М. , 2011
  7. Н. Жданов, Исламская концепция миропорядка, Москва 1991г..
  8. Aykan, Mahmut B., 1994, “Turkey’s Role In The Organization Of The Islamic Conference: 1960 – 1992”, Vantage Press: New York,
  9. Bolukbash Suha. “Behind the Turkish-Israeli Alliance: A Turkish View”, Journal of Palestine studies 113. Autumn 1999.
  10. Muhittin Ataman, Ayşe Nur Gökşen, Sembolizm ve Aktivizm Arasında, Islam Işbirliği Teşkilatı, www.setav.org
  11. Sahar, Al Bahr, “Reforming the OIC”, Al Ahram Weekly Online, 21-27 July 2005, http://weekly.ahram.org.eg/2005/752/in4.htm
  12. “The Republic of Turkey and The Organization of The Islamic Conference,, http://www.mfa.gov.tr/the-islamic- conference” _oic_.en.mfa
  13. Sami Kohen, “Dış politikada değişen ne?’’, Miliyet. 06.11.2009, http://www.milliyet.com.tr/Yazar.aspx?aType=YazarDetay&ArticleID=1158745&AuthorID=58&Date=06.11.2009
  14. Final Communique of 20 th Session of ICFM http:/oic-un.org.
  15. ԻՀԿ-ի պաշտոնական կայքէջ, http://www.oic-oci.org/.
  16. Բրուկինքս ինստիտուտի կայքէջ, http://www.brookings.edu
  17. Final communique of the 13th Islamic summit conference (PDF)
  18. “Organization of Islamic Conference. Resolutions on Political Affairs Adopted By The Eleventh Session Of The Islamic Summit Conference”  (PDF)
  19. Organization of Islamic Conference. Resolution No. 10/37-Pol On The Aggression Of The Republic Of Armenia Against The Republic Of Azerbaijan” (PDF).

Հեղինակ՝ Արմինե Մուրադյան (Armine Muradyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Ընթերցե՛ք նաև

  1. Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 1 
  2.  Թուրքիան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը | Մաս 3 
Armine Muradyan
Միջազգային հարաբերությունների մագիստրոս, հետաքրքրությունների շրջանակը՝ թուրք-ամերիկյան հարաբերություններ, ցեղասպանագիտություն, համաշխարհային քաղաքական արդի գործընթացներ։