Բանախոսություն «Իրավաբանական գրագիտություն» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Հունիսի 24-ին վերլուծական պրակտիկայի շրջանակներում տեղի ունեցավ «Ինլայթ»-ի խորհրդի քարտուղար, վերլուծաբան, մասնագիտությամբ իրավաբան Լուսինե Հովհաննիսյանի «Իրավաբանական գրագիտություն» թեմայով բանախոսությունը: Վերջինիս նախաձեռնությամբ բանախոսությանը միացել էր նաև իրավաբան Անուշ Պողոսյանը: Բանախոսը առաջին հերթին շեշտեց իրավաբանական գրագիտության արդիականությունը և նշեց, որ իրավաբանական գրագիտություն ասվածի էությունը բանախոսության մասնակիցները փորձելու են պատկերացնել մի քանի իրավիճակներ քննարկելու արդյունքում: Դրանք խիստ պայմանական և երկընտրանք առաջացնող իրավիճակներ են։

Իրավիճակ 1-ին. տեխնիկական խնդիրներ ունեցող գնացքի գնացքավարը գնացքը աջ կողմ շրջելու դեպքում սպանելու է այդ պահին ռելսերի վրա գտնվող 10, իսկ ձախ կողմ շրջվելու դեպքում՝ 1 մարդու:

Իրավիճակ 2-րդ. 6 ծանր վիրավորների կյանքը բժիշկը կարող է փրկել 1 համեմատաբար թեթև վիճակում գտնվող հիվանդի օրգանները օգտագործելու միջոցով:

Թվում է, թե երկու նմանատիպ իրավիճակներ են, որտեղ երկու դեպքում էլ պետք է ընտրություն կատարել շատ կամ քիչ թվով կյանքեր փրկելու միջև: Սակայն կան նրբություններ, որոնք նման թվացող այս իրավիճակների շուրջ ձևավորում են տարբեր տեսակետներ։

Առաջին դեպքում մասնակիցների նախապատվությունը 1-ին զոհելու միջոցով 10-ին փրկելու կողմն էր: Բանախոսը նշեց, որ այս ընտրության դեպքում գործում է greater good սկզբունքը, այսինքն՝ առաջին տեղում է դրվում մեծամասնության շահը։ Իսկ իրավունքը հենց ստեղծված է հասարակական համակեցությունը հնարավորինս բոլորին տանելի դարձնելու նպատակով:

Երկրորդ դեպքում մասնակիցները դեմ արտահայտվեցին մեկին զոհելու և օրգանները օգտագործելու միջոցով մյուս 6-ին փրկելու գաղափարին: Ընտրությունը մի դեպքում հիմնավորվեց մարդու կյանքի իրավունքով, մեկ այլ դեպքում առաջ քաշվեց այդ մարդկանց հավասար իրավիճակներում չգտնվելու հանգամանքը:

Բանախոսը նշեց, որ սա նմանատիպ մի ընտրություն է, որն իրավաբանը կատարում է ամեն օր, և իրավաբանական գրագիտություն ասվածը հենց այն է, թե այդ ընտրությունը ինչպես ու ինչ սկզբունքներից ելնելով է կատարվում:

Թեմայի շրջանակում մասնակիցները քննարկեցին նաև 1884 թվականի հայտնի դատական ակտը, որը կոչվում է «Թագուհին ընդդեմ Տոմ Դադլիի և Էդվին Սթիվենսի»։ Այս պատմության հետ կապված մասնակիցների հետ քննարկում ծավալվեց իրավունքի սկզբունքի և օրենքի հարաբերակցության շուրջ։

Լուսինեն խոսեց նաև հանցակազմի բացակայության դեպքում պատասխանատվության բացակայության մասին։ Իբրև բացառություն` նա բերեց նացիստներին դատելու օրինակը՝ այդ ժամանակ ցեղասպանության հանցակազմի բացակայության պարագայում։ Նա նաև կարևորեց այն, թե ինչ սկզբունքով է աշխատում իրավունքը, որը ինչ-որ մարդկանց կողմից ստեղծված մեխանիկական շարադրանք չէ, այլ կենդանի մեխանիզմ, որն ունի իր աշխատանքի սկզբունքները։ Մեկնաբանելով իրավաբանական մտածողության և գրագիտության էությունը՝ նա նշեց, որ թեև իրավունքը ընդհանուր առմամբ հակված է ընդհանուրի շահին, սակայն բոլոր կանոները չէ, որ կիրառելի են բոլոր դեպքերի համար, որովհետև փաստական հանգամանքները կարող են լինել բազմազան և անկանխատեսելի։

Մեկնաբանելով իրավունքի էությունը՝ բանախոսը նշեց, որ իրավունքը ծագել է հասարակական հարաբերությունների բարդացման արդյունքում և հանդես է գալիս որպես այդ հարաբերությունները համակարգող։ Իրավունքի կարևոր գործառույթներից մեկը հավասարակշռման գործառույթն է. իրավունքն է հասարակության մեջ հավասարակշռում զանազան հարաբերություններ և շահեր։

Այնուհետև Լուսինեն խոսեց ՀՀ-ում իրավական համակարգի կառուցվածքի մասին։ Նա նշեց, որ այն, ինչ որ քննարկվեց, գտնվում է ողջ իրավական համակարգի հիմքում։ Այսինքն՝ ճանաչելով իրավունքի սկզբունքները՝ կարելի է ճիշտ կողմնորոշվել իրավունքի տարբեր ոլորտներում։ Ամփոփելով կարելի է ասել՝ իրավաբանական գրագիտության հիմքը հասկանալն է այն հիմնական տրամաբանությունը, որով առհասարակ առաջնորդվում է օրենսդիրը։

Լուսինեն նաև հավելեց, որ ՀՀ օրենքները կարելի է գտնել arlis.am կայքում, իսկ դատական ակտերը՝ datalex.am կայքում։ Իրավաբանական գրագիտության տեսանկյունից նա կարևորեց նաև ցանկացած իրավական տեքստի կառուցվածքը իմանալը, այն է՝ փաստեր, իրավունք, վերլուծություն և եզրակացություն։ 

Բանախոսության այս հատվածում մասնակիցները ստացան հանձնարարություն՝ 1-2 էջի սահմաններում հիմնավորել քննարկված իրավիճակների վերաբերյալ իրենց արտահայտած տեսակետներին հակառակ տեսակետը։

Հանդիպման վերջին մասում Լուսինեն պատասխանեց մասնակիցների հարցերին։ Դրանք վերաբերում էին arlis.am կայքի ու իրավական ակտերի կառուցվածքին, իրավախախտումների վաղեմության ժամկետին, անչափահասների ազատազրկման առանձնահատկություններին։ Անուշ Պողոսյանը մեկնաբանեց հակադարձ ուժի ինստիտուտը, խոսեց հանցակցության երևույթի և միջնորդավորված հանցագործության մասին։ Բանախոսությունը ամփոփվեց ազատազրկման ժամկետների հաշվարկման կարգի մասին հարցով, որը Լուսինեն պատճառաբանեց երկրների՝ տարբեր իրավաբանական ընտանիքների պատկանելու հանգամանքով։


Լուսինե Հովհաննիսյանի հեղինակած վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: